Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումներում գլխավոր դերեր կատարող շատ արտիստներ հեռացել են կյանքից

09.29.2016


Մոսկվայի Տագանկայի թատրոնի տնօրենի հրամանով նոր թատերաշրջանում խաղացանկից կհանվի 21 ներկայացում: Դերասանների արհմիության կողմից տարածված հայտարարության մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մասնավորապես այլևս այդ լեգենդար թատրոնի ազդագրերում չեն լինի Յուրի Լյուբիմովի կողմից բեմադրված այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Կարամազով եղբայրները», «Մեդեան», «Մինչև և հետոն», «Ժիվագոն», «Թատերական սիրավեպը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ դա կապված է «ներկայացումների մաշվածության, դերասանների՝ գլխավոր դերակատարների, հեռանալու, ներկայացումները վերականգնելու և Յուրի Լյուբիմովի բեմադրությունների գեղարվեստական անհրաժեշտ մակարդակը պահպանելու անհնարինության, ինչպես նաև խաղացանկը թարմացնելու հետ»:

Ըստ ռուսական լրատվամիջոցների խաղացանկից հանված ներկայացումների մեջ կան նաև այլ ռեժիսորների աշխատանքներ նույնպես:

Թատրոնի տնօրեն Իրինա Ալեքսիմովայի ասելով, իրենք բոլոր քայլերը հաշվի են առել: Մասնավորապես նա շեշտել է այն հանգամանքը, որ թատրոնի առաջատար և հանված ներկայացումներում գլխավոր դերեր կատարող շատ արտիստներ հեռացել են կյանքից կամ արդեն առողջական նկատառումներով ի վիճակի չեն բեմ բարձրանալ: Տնօրենը շեշտել է, որ Լյուբիմովի այն ներկայացումները, որոնց հանգուցային դերասանները ողջ են, կմնան խաղացանկում:

Այս հարցը Յուրի Լյուբիմովի այրին չի մեկնաբանել: «Իմ համար դա անցած փուլ է: Ես ոչ կողմ եմ, ոչ էլ՝ դեմ»,-ասել է Կատալին Լյուբիմովան:
    Դիտվել է 966 անգամ