Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոնսերվատորիայի ուսանող է դարձել առանց նախնական երաժշտական կրթության

09.18.2017


Օպերային երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զուրաբ Սոտկիլավայի հուղարկավորությունը, որի մահվան մասին տեղեկատվությունը այսօր՝ սեպտեմբերի 18-ին տարածել են ռուսական լրատվական ծառայությունները, կկայանա Վրաստանում: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Ցմահ Մեծ թատրոնի մեներգիչ» յուրահատուկ կարգավիճակն ունեցող Զուրաբ Սոտկիլավան մահացել է ծանր հիվանդությունից հետո, Մոսկվա քաղաքում:

Երգչի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին ցավակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մանկության տարիներին հրապուրվել է ֆուտբոլով, եղել է Վրաստանի երիտասարդական հավաքականի կապիտանը, բայց ստանալով մի քանի վնասվածք, ավարտել է սպորտային կարիերան և ամբողջովին նվիրվել երաժշտությանը:

Նա Թբիլիսիի կոնսերվատորիա է ընդունվել 23 տարեկանում: Կոնսերվատորիայի ուսանող է դարձել առանց նախնական երաժշտական կրթություն ունենալու: Հաշվի են առել բացառիկ երաժշտական և վոկալ ընդունակությունները: Կոնսերվատորիան հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի է անցել Թբիլիսիի Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում: Վերապատրաստվել է Լա Սկալայում: 1973թ.-ին առաջին անգամ ելույթ է ունեցել Մեծ թատրոնում՝ Բիզեի «Կարմեն» օպերայում, Խոզեի դերակատարմամբ:

Երգչի տաղանդը առավել ամբողջությամբ բացահայտվել է Վերդի օպերաներում («Տրուբադուր», «Օթելլո», և այլն): Այդ խոր մեկնաբանությունների համար նրան արվեստների Բոլոնիայի ակադեմիան շնորհել է պատվավոր ակադեմիկոսի կոչում:

«Հեռացավ ոչ թե պարզապես երգիչ: Հեռացավ անհատականություն: Հեռացավ անուն, որի հետ կապված է ոչ միայն Մեծ թատրոնի կյանքը, այլ երկար տարիներ ձգվող ռուսաստանյան օպերան և մշակույթը»,- այսպես է բնութագրել Զուրաբ Սոտկիլավայի մահը Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Տիտելը:
    Դիտվել է 700 անգամ