Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մինոտավրոսը դեռ ապրում է Ալեքսանդրինյանի լաբիրինթոսում

11.13.2013

2010-ի աշնանը բեմադրված Եվգենի Սաֆոնովի «Թագավորներ» պիեսը, պրեմիերայից 3 տարի անց, կրկին մնում է ամենապահանջարկվածներից մեկը, տեղեկացնում է, Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի պաշտոնական կայքը:

Ներկայացման հիմքում 20-րդ դարի գրականության դասական, արգենտինացի Խուլիո Կորտասարի ստեղծագործությունն է, ինչն էլ իր հերթին հյուսված է մեկ այլ դասական թեմայի՝ հին հունական Մինոտավրոսի մասին լեգենդի հիման վրա:

«Դասականը» հեղինակ է, որին այլևս չեն կարդում, բայց ցիտում են»,- մի առիթով նշել է 20-րդ դարի կինոյի և թատրոնի խոշորագույն գործիչներից մեկը՝ արտիստ և ռեժիսոր, «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր Լոուրենս Օլիվյեն:

Պետերբուրգյան թատրոնի ներկայացման առանցքը Մինոտավրոսն է: Հին հունական լեգենդի այդ կերպարը մարդու մարմնով և ցլի գլխով հրեշ էր: Նա ապրում էր Կրետե կղզու լաբիրինթոսում և սնվում էր իր մոտ ուղարկված Աթենացի պատանիներով և աղջիկներով:

Հենց այս հրեշի կերպարն էլ բեմադրության մեջ օգտագործվում է որպես օժանդակ սիմվոլ «արքայական» իշխանության և վախի երկմիասնության մասին մտորելու համար:

Ենթադրելով, թե ով կարող է լինել, լաբիրինթոսի ներսում` արքաները, ակամա, թվացյալ հրեշին օժտում են իրենց բնորոշ վախերով, թուլություններով, ցանկություններով` դրանով իսկ իրենց ներսում ստեղծելով «փոքրիկ մինոտավրոսներ» և պայքարելով նաև դրանց դեմ:

Այդ պայքարն, ի վերջո, վերաճում է սեփական «Էգոյի», սեփական «ես»-ի ազատագրման համար մղվող պայքարի: Սյուժեի ինտրիգը ողջ ընթացքում բաձրացվող հարցն է` ունա ՞կ է արդյոք մարդը բացահայտել իր իրական ցանկությունները, սանձահարել սեփական «հրեշներին»` դրանով իսկ ձեռք բերելով խաղաղություն, թե՞ պայքարն անիմաստ է:

Ավանդության հետ հարազատությունը պահպանելու համար ներկայացման հեղինակները լաբիրինթոսը բեմ բարձրացնելու յուրահատուկ լուծում են գտել` օգտագործելով քառակուսի հայելապատ դեկորացիա, որտեղ հայտնվելով՝ արքաները հանդիպում են այնքան քննարկված սարսափելի հրեշներին` հանձինս իրենց:
    Դիտվել է 1108 անգամ