Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերա անվտանգության ծառայության թունավորված սպայի մասին

04.30.2019


Մեծ Բրիտանիայում նախապատրաստում են մի օպերա, որը անդրադառնում է թունավորման հետևանքով վախճանված Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի կյանքին և մահվանը: Բեմադրությունն իրականացնում է «Grange Park Opera» թատերախումբը: Պրեմիերան նախատեսված է 2020թ.-ին: Այդ մասին «The Times»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Թատերախմբի հիմնադիր և ղեկավար Վասֆի Կանին տեղեկացրել է, որ այդ թեմայով օպերա բեմադրելու համաձայնություն է ստացել Լիտվինենկոյի այրի Մարինայից, որը նույնիսկ ներկայացման հեղինակներին է տրամադրել ընտանեկան արխիվից տեսագրություններ, որոնք կցուցադրվեն էկրանին օպերայի կատարման ընթացքում:

«Ալեքսանդր Լիտվինենկոյի կյանքը և մահը» օպերայի երաժշտությունը գրել է բրիտանացի ներդրող Էնթընի Բոլթոնը, որը վերջին տարիներին նաև երաժշտական ստեղծագործություններ է հեղինակում: Լիբրետոյի հեղինակը Քիթ Հեսքեթ-Հարվին է, որը տեքստեր է գրել նաև Լոնդոնի արքայական օպերայի և Անգլիական ազգային օպերայի համար: Օպերայում բացի Ալեքսանդր Լիտվինենկոյի ու նրա տիկնոջ կերպարներից, հանդես են գալիս նաև այնպիսի հերոսներ, ինչպիսիք են օլիգարխ Բորիս Բերեզովսկին ու ռուսաստանցի Անդրեյ Լուգովոյը, որին վերապահված է Լիտվինենկոյին թունավորողի դերը:

Լիտվինենկոյի թեման, ըստ ամենայնի, հրապուրում է ոչ միայն երաժշտական բեմադրություններ իրականացնողներին: Պարզվում է, որ այս տարի Լոնդոնի «The Old Vic» թատրոնը նույնպես նախատեսել է պատրաստել Լիտվինենկոյի մասին ներկայացում: «Շատ թանկ թույն» վերնագրով բեմադրությունն իրականացվում է «The Guardian»-ի լրագրող Լյուք Հարդինգի նույնանուն գրքի հիման վրա:

Բրիտանիայում ապաստան գտած Լիտվինենկոն մահացել է Լոնդոնում՝ 2006թ.-ի նոյեմբերի 23-ին: Փորձաքննության տվյալներով նրա մահը վրա է հասել ռադիոակտիվ պոլոնիումից թունավորվելու հետևանքով: Սակայն այս դեպքը մինչև այժմ էլ հստակ պարզաբանված չէ և մնում է վիճելի թեմա ռուսական և բրիտանական համապատասխան կառույցների համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 891 անգամ