Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կներկայացվի այն պիեսը, որը գրաքննության պահանջով հանվել է խաղացանկից

06.20.2019


Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ) 2019թ.-ի ամռան առաջին օրը մեկնարկեց «Տեղի հիշողություն» նոր նախագիծը՝ նվիրված մշակութային հաստատության պատմությանը և ավանդույթներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նախագիծը մեկնարկել է հունիսի 1-ին՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ցար Ֆյոդոր Իվանովիչ» պիեսի բեմական ընթերցանությամբ: Սա ռուս դասականի այն պիեսն է, որի բեմադրությամբ 1898թ.-ին բացվել է МХТ-ն: Իսկ առաջիկայում այս ձևաչափով հանդիսատեսին սպասում է ևս մեկ հետաքրքիր անակնկալ. Հունիսի 23-ին արտիստները նրանց համար կընթերցեն 19-20-րդ դարերի գերմանացի դրամատուրգ Գերհարդ Հաուպտմանի «Գաննելե» պիեսը:

Հաուպտմանի այդ ստեղծագործությունը պետք է դառնար 1898թ.-ին МХТ-ի բացման առթիվ ներկայացվող երկրորդ բեմադրությունը, որը միստիկական պատմություն է մի աղքատ աղջկա մասին: Պիեսի հերոսուհին սպասում է մահվանը՝ որպես երկրային տանջանքներից ազատվելու ուրախության և տոնի:

Այս բեմադրության հետ թատրոնը մեծ հույսեր էր կապում, սակայն բառացիորեն գլխավոր փորձի օրը, եկեղեցական գրաքննության պահանջով, արդեն պատրաստի ներկայացումը հանվեց խաղացանկից: Սրանից հետո Հաուպտմանի շատ գործեր են բեմադրվել МХТ-ում, բայց «Գաննելե» պիեսին թատրոնը, հետագայում, այդպես էլ երբևէ չի անդրադարձել:

«Տեղի հիշողություն» նոր նախագիծը՝ ձևաչափով թատերականացված ընթերցում է: Հիմնականում ներկայացվում են МХТ-ի համար նշանակալից համարվող այն պիեսները, որոնք ինչ-որ ձևով կապված են հաստատության պատմության այս կամ այն փուլի հետ:

«Սա փորձ է դիտարկելու և պարզելու, թե ինչպես է նորարարությունը վերածվում ավանդության»,- նշել է նախագծի հեղինակ և ռեժիսոր Մարինա Բրուսնիկինան:

Վերջին տարիներին МХТ-ը թատերականացված ընթերցումներով ներկայացրել է ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունները: Իսկ հիմա այստեղ մտածել են, որ թատերասերներին, և հատկապես երիտասարդներին, նույն ձևաչափով կարող են ներկայացնել նաև գործեր, որոնք էական դեր են ունեցել իրենց թատրոնի կայացման մեջ:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 893 անգամ