Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չեղյալ հայտարարվող համերգներ Նովոսիբիրսկում և Թայլանդում

01.15.2024

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում չեղարկել են հայտնի էստրադային արտիստուհի Լոլիտայի ապրիլի 2֊ին հայտարարված համերգը, թեև բոլոր տոմսերը վաճառված են եղել։ Այդ մասին տեղեկացրել է «ngs.ru»֊ն։

Համերգը Լոլիտայի համար հոբելյանական էր։ Լրանում է նրա 60֊ամյակը։

Հետաքրքիր է, որ Լոլիտայի մեկ ելույթ էլ նախատեսված է մարտի 31֊ին՝ Նովոսիբիրսկի Ակադեմքաղաքում և դրա տոմսերի վաճառքը շարունակվում է․․․

Հիշեցնենք, որ ռուսական էստրադայի բազմաթիվ աստղերի, այդ թվում նաև Լոլիտայի մասնակցությամբ, Մոսկվայի Mutabor ակումբում դեկտեմբերին հեռուստահաղորդավար և բլոգեր Նաստյա Իվլեևայի կազմակերպած աղմկահարույց երեկոյից հետո, շարունակաբար չեղարկվում են այդ միջոցառման մասնակիցների տոնական և ծրագրային շոուները։

Ռուսաստանում այսօր գործող էստրադային արտիստների անհաջողությունների այս ալիքը տարածվել է նաև նրա սահմաններից շատ հեռու։ «ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացնում է, որ Թայլանդում չեղարկվել է ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինի հունվարի 24֊ին և 25֊ին նախատեսված համերգը։ Ռուսաստանում օտարերկրյա գործակալ հայտարարված և այժմ այլ երկրում բնակվող Գալկինը տեղի իշխանությունների մեջ անհանգստություն է առաջացրել այն առումով, որ Թայլանդում շատ կոշտ են արձագանքում, եթե արտիստները բեմից թույլ են տալիս քաղաքական արտահայտություններ։

Ասենք, որ ավելի վաղ Թայլանդում չեղյալ էր համարվել մոսկովյան Comedy Club հայտնի կատակերգական ակումբի արտիստ Ռուսլան Բելիի համերգը, որը Ռուսաստանում հայտարարված է օտարերկրյա գործակալ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 139 անգամ