Ծագումով հունարեն բառ է: Նշանակում է տեսարաններ դիտելու վայր, տեսարան (հունարեն՝ տեսնում եմ, դիտում եմ բառերից է):
Թատրոնը բնույթով սինթետիկ արվեստ է և իր մեջ է ներառում մշակութային ամենազանազան ոլորտներ՝ գրականություն, երաժշտություն, պարարվեստ, նկարչություն և այլն:
Թատրոն բառն ինքնին համահավաք բովանդակություն ունի և իր տիրույթների մեջ է ներառում բեմական կամ կամայական միջավայրը որպես բեմ դիտարկող արվեստի ամենատարբեր ձևեր՝ դրամատիկական թատրոն, օպերա, բալետ, մնջախաղ, տիկնիկային թատրոն, ստվերների թատրոն և այլն:
Բոլոր դեպքերում թատրոնը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է և թատերական միջոցներով ցանկացած գաղափարի իրականացում ենթադրում է ամենատարբեր մասնագետների ուժերի համատեղում:
Թատրոնը, թերևս, համահավաք, միացյալ ուժերով միևնույն նպատակին ծառայելու կոչված մշակութային որակներ ստանալու այն ապացույցներից է, որը հերքում է միասնական ուժ դառնալու հայի անկարողության տխրահռչակ թեզը: Եվ դրա համար ապացույցներն առավել քան շատ են:
Հայ իրականությունը համահավաք ուժերով իմաստունն ու գեղեցիկն արարելու այս երևույթին մասնակից ու ականատես է դարձել հնագույն ժամանակներից: Ընդունված է ասել, որ հայ իրականության մեջ թատրոնն սկսվել է մ.թ.ա. 1-ին դարից, երբ Արտավազդ Մեծի արքունիկում բեմադրվում էին հույն հեղինակների և այդ ստեղծարար հայ թագավորի հեղինակած դրամատիկական գործերը:
Սակայն այդ սահմանանիշը հայ իրականության համար ամրագրել որպես թատրոնի կամ ամենայն թատերականի սկիզբ, պետք է ընկալել պատմական փաստերի ժամանակագրության հարաբերական լինելու տրամաբանությամբ: Իսկ ինչու՞ թատրոն պատմական երևույթը չդիտարկել հնագույն հայկական բանահյուսության համատեքստում, որը կաշկանդված չէ արարման ժամանակաշրջանի ստույգությամբ.
Վահագնի ծնունդը
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկնի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
(Ապա թէ) Բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք :
կամ
Հեծաւ արի արքայն Արտաշէս իւր Սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկեօղ շիկափոկ պարանն
Եւ անցեալ որպես զարծուի սրաթեւ ընդ գետն
Եւ ձգեալ զոսկեօղ շիկափոկ պարանն՝
Ընկեց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։
Եթե այս բանահյուսական գոհարները չեն հաստատում հնագույն հայերի միջավայրում թատրոնի ինքնին գոյությունն , ապա միանգամայն օրինաչափորեն, այնուամենայնիվ, հաստատում են թատրոնի կամ թատերական արվեստի սինթետիկ մտածողության առկայությունը այդ պատկերաշարերում: Ունենալով հոմերոսյան լեզվամտածողությունից ոչ պակաս հեթանոս բնութագիր և հավաստի ծագումնաբանություն, պատմիչ Խորենացու կողմից սերունդներին գրավոր փոխանցած այդ քերթվածքները վկայում են հայ իրականության մեջ մ.թ.ա. 1-ին դարից էլ շատ ավելի հնագույն դրամատիկական մտածողության ակունքների առկայությունը: