Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրիտանիան ինքն իրեն զրկել է Հունական գանձերը իր մոտ պահելու հիմնավորումից

12.05.2014


Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ Պարթենոնի մարմարը, բրիտանացիների կողմից գողացված է և Պետերբուրգում հունական ճարտարապետական հուշարձանի քանդակներից մեկի «պարտքով» ցուցադրելու մասին որոշումը զայրացուցիչ է: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բրիտանական թանգարանը պատմության մեջ առաջին անգամ, ի պատիվ պետերբուրգյան Էրմիտաժի 250-ամյակի, Պարթենոնի մարմարակերտ քանդակների իր մոտ եղած ցուցանմուշներից մեկը ցուցադրելու նպատակով փոխանցել է արտասահմանյան մշակութային հաստատության: Քանդակը ներկայացնում է հին հունական գետերի աստված Իլիսսոսին: Կիսապառկած, առանց գլխի քանդակը դեկտեմբերի 6-ից պետք է ցուցադրվի Էրմիտաժում և այնտեղ է մնալու մինչև հունվարի 18-ը:

«Բրիտանական թանգարանի կողմից «պարտքով» քանդակներից մեկը Սանկտ-Պետերբուրգի ցուցահանդեսին փոխանցելու մասին որոշումը զայրացուցիչ է հույն ժողովրդի համար»,- ասված է Սամարասի հայտարարության մեջ:

Սակայն Սամարասը կարծում է, որ այժմ, արդեն, Բրիտանական թանգարանի համար չի մնացել որևէ հիմնավորում քանդակները իսկական տիրոջը՝ Հունաստանին վերադարձնելուց խուսափելու համար:

«Վերջին բրիտանական փաստարկը, որ Պարթենոնի մարմարակերտ քանդակները «չեն տեղաշարժվում իրենց տեղից» այլևս չի գործում»,- նշվում է Սամարասի հայտարարության մեջ: Նա հիշեցնում է, որ ավելի վաղ Ակրոպոլիսի թանգարանի բացումը հերքել է բրիտանական կողմի մյուս «փաստարկները», որոնց համաձայն իբր թե տեղ չկար, որտեղ տեղադրվեն քանդակները:

«Պարթենոնը և նրա քանդակները դարձել են թալանի առարկաներ: Քանդակները անգին են: Մենք, հույներս մեզ նույնականացնում ենք պատմության և մեր մշակույթի հետ, որոնք հնարավոր չի ոչ բաժանել, ոչպարտքով տալ, ոչ տեղաշարժել»,- նշված է հայտարարության մեջ:

Հին հունական արվեստի գլուխգործոցները Հունաստանից դուրս են տարվել լորդ Էլգինի կողմից՝ 10 տարվա ընթացքում, 1802-1812 թթ.-երին:

Հունաստանը իր պետականության վերածննդից անմիջապես հետո Բրիտանիայից պահանջել է իր մշակութային արժեքները ետ վերադարձնել, քանի որ դրանք հանդիսանում են ազգային արժեհամակարգի անբաժանելի մասը:

Այժմ այս հարցը Հունաստանը փորձում է լուծել UNESCO-ի միջնորդությամբ: Եթե Մեծ Բրիտանիան չհամաձայնվի, ապա հավանական է, որ հարցը բարձրացվի դատական հարթություն:

    Դիտվել է 726 անգամ