Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լենինականի 1988-ի դեկտեմբերյան ցավի մասին ֆիլմը նկարահանվում է Մոսկվայի լքյալ գործարանում

10.29.2015


Ռուսական «Մարս մեդիա» ընկերությում ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սկսել է 1988թ.-ի Լենինականի աղետալի երկրաշարժի մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Կինոնկարի համար նկարահանման տաղավար է դարձել Մոսկվայի անտերության մատնված և կիսաքանդված գործարաններից մեկի տարածքը, որն, ընդհանուր առմամբ, զբաղեցնում է 50 հազար քառակուսի մետր մակերես: Ըստ ռեժիսորի այս տարածքը, անշուշտ որոշ լրացուցիչ դեկորատիվ միջամտություններից հետո, շատ լավ համապատասխանեցվել է այն ավերակված տեսարաններին, որոնք երկրաշարժից հետո ներկայացնում էր Լենինականի համայնապատկերը (այսօր՝ Գյումրին):
Ֆիլմի բեմադրող-նկարիչ Դավիդ Դադունաշվիլին ներկայացնելով իրենց նախապատրաստական աշխատանքներն, ասել է, որ խումբն ավելի քան մեկ ամիս է կորցրել գործարանի տարածքն աղբից մաքրելու և անհրաժեշտ դեկորացիաներով այն համալրելու համար:

«Մեկ ու կես տարի առաջ, երբ զբաղվում էի այս թեմայոով և եկա Գյումրի, ես շփվեցի մարդկանց հետ: Սկզբունքորեն, այնտեղ բոլորը վերապրել են երկրաշարժը կամ բոլորն էլ ունեն հարազատներ, ովքեր վերապրել են այն: Եվ, երբ հաղորդակցվում ես նրանց հետ, նրանք անմիջապես սկսում են լացել: Եվ ես մտածեցի, որ եթե սկսենք վերստին ստեղծել ավերակներ, դագաղներ, դիակներ և այդ ամենը տեղադրել քաղաքի տարածքում, մեզ դա չեն ների, դա կոռեկտ չէր դիտվի բնակչության կողմից: Եվ այդ ժամանակ էլ որոշեցինք, որ ամեն ինչ պետք է անենք այստեղ»,- նշել է Սարիկ Անդրեասյանը:
«Երկրաշարժ» ֆիլմը կինովարձույթի կհանվի 2016 թ.-ի վերջին: Ենթադրվում է, որ Սարիկ Անդրեասյանի այս ստեղծագործությունը Հայաստանի կողմից կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ավելացնենք, որ ֆիլմի ֆինանսավորմանը Ռուսաստանի հետ միասին մասնակցում է նաև Հայաստանը:
    Դիտվել է 771 անգամ