Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բյուրեղապակե գլոբուսի» համար կպայքարեն 12 ֆիլմ

06.30.2018


Նախօրեին, հունիսի 29-ին, Չեխիայի Կարլովի Վար հանգստավայրում բացվել է 53-րդ միջազգային կինոփառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը:

Այս տարի կինոփառատոնի ծրագրում ընդգրկվել են 180 լիամետրաժ գեղարվեստական և վավերագրական կինոնկարներ, որոնք առանձնացվել են 1800 մրցույթին մասնակցելու հայտերից: Իսկ գլխավոր մրցանակի՝ «Բյուրեղապակե գլոբուսի» համար կպայքարեն 12 ֆիլմ, որոնցից 10-ի դեպքում մրցութային ցուցադրությունը համաշխարհային պրեմիերա է:

Փառատոնը մեկնարկել է 1965թ.-ի արտադրության «Սպիտակահեր գեղեցկուհու արկածները» ֆիլմով, որը դարձել է յուրահատուկ տուրք ռեժիսոր Միլոշ Ֆորմանի հիշատակին: Ասենք, որ փառատոնն նվիրված է չեխական կինոյի այս նշանավոր գործչին, որը կյանքից հեռացել է 2018թ.-ի ապրիլի 13-ին:

Կինոփառատոնի պատվավոր մրցանակներից երկուսը՝ կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ մեծ ավանդ ունենալու համար, կտրվի «Անձրևի մարդը» հայտնի ֆիլմի հեղինակ ամերիկացի Բարրի Լևինսոնին և չեխ դերասան Յարոմիր Հանզլիկին:
    Դիտվել է 677 անգամ