Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է պատանեկան տարիներին «SS»-ին անդամագրված Նոբելյան մրցանակակիրը

Կյանքի 87-րդ տարում Լյուբեկ քաղաքում վախճանվել է գերմանացի նշանավոր գրող Գյունտեր Գրասսը:

Նա ծնվել է Գդանսկ քաղաքում, դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ականատես, «ճաշակել» է օտար երկրներում տարագրվածի դառնությունները:

Գրականության մեջ իր նորամուտը Գրասսը կատարել է գերմանալեզու գրողների «Խումբ 47» միավորումում, որի գլխավոր խնդիրներից մեկը եղել է նացիոնալ-սոցիալիզմի փորձի իմաստավորումը: Գյունտեր Գրասի գրչին պատկանող առավել հայտնի գործը «Թիթեղյա թմբուկ» վեպն է, որը էկրանավորվել է գերմանացի կինոռեժիսոր Ֆոլկեր Շլենդորֆի կողմից և արժանացել «Օսկար» մրցանակի:

Պատերազմին հաջորդած ողջ ժամանակահատվածում գրողը պարբերաբար հրատարակել է գրքեր, որոնք հիմնականում անդրադարձել են Հոլոքոստի հանդեպ գերմանացիների անհատական և կոլեկտիվ պատասխանատվության խնդիրներին, տարագրության թեմաներին:

Ընդհանուր առմամբ, Գրասսը 15 վեպի և պատմվածքների ժողովածուների հեղինակ է: Նա, որպես ինքնահաստատված արվեստագետ, հեղինակել է նաև նկարչական և քանդակագործական աշխատանքներ:

Գյունտեր Գրասսին հաճախ անվանում էին «ազգի խիղճ»: 1999 թ.-ին նա դարձավ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր:

Նշենք, որ դրանից հետո նրա բարի համբավի վրա ստվեր գցեց 2006թ.-ին կատարած խոստովանությունն այն մասին, որ պատանեկան տարիներին կամավորագրվել է նացիստական «SS»-ի շարքերին:
    Դիտվել է 187 անգամ