Մեղքի քաղցր շշունջը
Գուրգեն Միքայելյան Մեղքի քաղցր շշունջը Դրամա մեկ գործողությամբ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ ՕՁ ՍՈՆԱ ԱՐԱ - Սոնայի ամուսինը ԱՐԻՍ ԱՆԻ – Արիսի կինը ԴՐՎԱԳՆԵՐՈՒՄ` Աստված, հրեշտակ, սատանա, Եվա, Ադամ, Աննա Հնչում է երաժշտություն: Վարագույրը բացվում է: Դիմակահանդես է: Մեկ-երկու րոպե հետո բոլորը գնում են՝ բացի մի կնոջից` Սոնայից: Վերջինս, որը միջին տարիքի է, գեղեցիկ կազմվածքով, մոտենում է հայելուն, հանում դիմակը և ինքնահիաց իրեն զննում: Վարսերը ուղղում է, աջ ու ձախ կողմերից իրեն դիտում, վերնաշապիկը հանում... Լսվում է ինչ-որ մեկի ձայնը: ՁԱՅՆ– Շապի՛կդ էլ հանիր: ՍՈՆԱ– (Վախեցած) Ի՞նչ: (Այս ու այն կողմ նայելով՝ վերնաշապիկը արագ հագնում է): ՁԱՅՆ– Մի՛ վախեցիր: ՍՈՆԱ– Դու ո՞վ ես: Որտե՞ղ ես: ՁԱՅՆ– Դարերը ոչինչ չեն փոխել: Դու նույն հրաշքն ես: ՍՈՆԱ– Դարե՞րը: ՁԱՅՆ– Այո՛: Բազում դարերը: ՍՈՆԱ– Կատակ մի՛ արա: Դուրս եկ: Ո՞վ ես: ՁԱՅՆ– Փորձիր հիշել: ՍՈՆԱ– Քեզ չեմ տեսնում: ՁԱՅՆ– Ձայնս պիտի որ հիշես: ՍՈՆԱ– Շատ ինքնատիպ ձայն է: ՁԱՅՆ– Ուրեմն հիշիր... ՍՈՆԱ– Ինչքա՞ն հետ գնամ: ՁԱՅՆ– Դարեր: ՍՈՆԱ– Խելառի տեղ մի՛ դիր: ՁԱՅՆ– Արյունը հիշողություն ունի... ՍՈՆԱ– Ծանոթ երանգներ զգում եմ: ՁԱՅՆ– Դրախտը հիշո՞ւմ ես: ՍՈՆԱ– Լսել եմ: ՁԱՅՆ– Խնձորը... ՍՈՆԱ– Ի՞նչ ես ուզում ասել: ՁԱՅՆ– Ես դրախտի օձն եմ: (Գալիս է շողշողուն շապիկով մի օձ): ՍՈՆԱ– (Վախեցած) Սա երևի երազ է կամ ներկայացում: ՕՁ– Մի՛ վախեցիր: Ես բարի մտքով եմ եկել: ՍՈՆԱ– (Հեգնանքով) Խնձո՞րն ես հետ ուզում: ՕՁ– Խնձորը հիմա ինձ ոչ ոք չի տա: ՍՈՆԱ– Ուրե՞մն... ՕՁ– Կարոտել եմ քեզ, հրե՛ արարած: Չեմ ուզում՝ լուսե մարմինդ թորշնի կույր հայացքի տակ: ՍՈՆԱ– Չհասկացա: ՕՁ– Եկել եմ, որ քեզ մի խորհուրդ էլ տամ: ՍՈՆԱ– (Փոքր-ինչ սեթևեթելով) Հին կերածս դեռ չեն թողնում մարսել: Շնորհակալ եմ քո բարությունից: |
ՕՁ– Ով երախտամո՜ռ... ՍՈՆԱ– (Վարսերն ուղղելով և հայելուն նայելով) Էլ լափ չմնաց՝ գլխիս թափեցին: ՕՁ– Պի՛ղծ արարածնե՜ր: (Երկու-երեք քայլի չափով մոտենում է կնոջը) Դու իսկապես որ գլուխգործոց ես: ՍՈՆԱ– Ի՞նչ է մտքինդ: ՕՁ– Ափսոս է այս չքնաղ մարմինը: ՍՈՆԱ– Չեմ հասկանում: ՕՁ– Ասում եմ՝ ափսոս է այս գեղեցկությունը: (Կինը հարցական հայացքով նայում է օձին) Ինչի՞ համար է այն: ՍՈՆԱ– (Ծիծաղելով) Խնձոր կեր, կիմանաս: ՕՁ– Չարաճճի կին: Մի՞թե դեռ չես զգացել, որ խնձորը հիմա նրան է պետք: ՍՈՆԱ– Ո՞ւմ: ՕՁ– Չե՞ս հասկանում: ՍՈՆԱ– Ինչ շատ ես սիրում անհայտներով խոսել: ՕՁ– Կյանքն է այդպիսին: ՍՈՆԱ– Այդպիսի մարդու ես չեմ ճանաչում: ՕՁ– Ճիշտ չէ: ՍՈՆԱ– Երբ քիչ առաջ ինձ տեսար, ի՞նչ ասացիր: Առաջին խոսքդ ի՞նչ էր: ՕՁ– «Շապի՛կդ էլ հանիր»,- ասացի: ՍՈՆԱ– Այո՛: Ցանկացար տեսնել ավելին: ՕՁ– Ճիշտ է: Նույնն են ցանկանում հիմա բոլորը՝ բացի նրանից: ՍՈՆԱ– Թքած՝ այդ մեկի վրա: ՕՁ– Այդպես դյուրին չէ: ՍՈՆԱ– Ինչո՞ւ: Իմ ի՞նչ պետքն է այդ մեկը: Ի դեպ, դու ինձ անառակի տեղ մի՛ դիր. ես հավատարիմ ամուսին եմ: Մինչև հիմա միայն մեկ տղամարդ եմ տեսել, և միայն մեկ տղամարդ է, որ ինձ տեսնում է: ՕՁ– Գիտեմ, դրա համար էլ ասում եմ, որ դյուրին չէ: ՍՈՆԱ– Ինչո՞ւ: ՕՁ– Որովհետև հիմա այդ մեկն է, որ քեզ... չի տեսնում: ՍՈՆԱ– (Ապշահար) Ի՜նչ: ՕՁ– Մի՞թե չես զգացել, որ նրա հայացքը այլևս այն չէ: Հիշո՞ւմ ես՝ մի ժամանակ որքան հրայրքոտ էր նա: Օձիքդ մի քիչ բացվում էր թե չէ, աչքերից կրակ էր թափվում: Գիշեր թե ցերեկ դու էիր մտքում, և քո համբույրն էր նա միայն տենչում: ՍՈՆԱ– (Ինչ-որ հուշերով տարված) Հիշում եմ: (Բեմի ձախ կողմում վառվում է կապույտ լուսարձակ: Շղարշի հետևում գրեթե ստվերի պես ուրվագծվում են մի կին և մի տղամարդ: Նրանց շարժումներից երևում է, որ անում են այն, ինչ պատմում է օձը): ՕՁ– Առջևդ ծնկած՝ հրե շուրթերով լիզում էր զիստերդ: Մարմինդ ի վեր դանդաղ սողում էր... ՍՈՆԱ– Այո, այդպես էր: ՕՁ– Մե՛րթ զեփյուռի պես շոյում էր կոնքերդ, մե՛րթ կրծքերիդ լույսը խմում: ՍՈՆԱ– Ճիշտ է: Այդպես էր: ՕՁ– Իսկ դու, հիշո՞ւմ ես, ինչպես էիր նույնը տենչում: Դառնում էիր հուր, բոցավառվում: Քեզ թվում էր, թե ուր որ է այրվող կիրքդ հրաբխի պես կժայթքի... Եվ օր չկար, որ դուք նույնը չտենչայիք: ՍՈՆԱ– (Երանությամբ) Հիշում եմ: ՕՁ– Երանելի ժամանակներ, երազ օրեր... (Ձախ կողմի լուսարձակը մարում է): ՍՈՆԱ– Ի՞նչ ես ուզում ասել: ՕՁ– Հուշե՜ր, հուշե՜ր, հուշե՜ր... Այդ օրերի հրից հիմա միայն մոխիր է մնացել, և ձեր կիրքը չունի այլևս այն հմայքը: ՍՈՆԱ– Եվ ի՞նչ: ՕՁ– Ձեր սերը հիմա սովորական մի պահանջ է՝ առօրեակա՜ն, կենցաղայի՜ն: ՍՈՆԱ– Կյանքի օրենքն է այդպիսին: ՕՁ– Փո՛ւչ գաղափար: (Կնոջ շուրջը պտտվելով` հիացագին նայում է նրան) Մի՞թե այս վսեմ մարմինը պիտի այլևս չիմաստավորվի: ՍՈՆԱ– Հերիք է լեզվիդ տաղանդը փորձես: Ի՞նչ է ուզածդ: ՕՁ– Ես ուզում եմ քո... աչքերը բացել: Անցած օրերը վերադարձնել: ՍՈՆԱ– Լսի՛ր. ես այն միամիտ Եվան հիմա չեմ: Չեմ սիրում դատարկ կատակներ անել: ՕՁ– Բնավ կատակ չէ: Ես քո անցյալը կվերադարձնեմ: ՍՈՆԱ– Ուրախ կլինեմ: ՕՁ– Եվ դու ցանկալի նորից կդառնաս նախկինի նման: ՍՈՆԱ– (Լրջացած) Իսկապե՞ս: Սուտ չէ՞: ՕՁ– Քո կրծքերի մեջ թեժ ու մոլեգին կրքի կրակը կրկին կվառվի, և կգան նորից ժամանակները այն երանելի: ՍՈՆԱ– (Փոքր-ինչ մտածելուց հետո) Ասա խորհուրդդ: Ի՞նչ պետք է անեմ: |
ՕՁ– Հասարակ մի բան: (Հնչում է դռան զանգը) Ահա, եկավ նա՝ քո ամուսինը: ՍՈՆԱ– Ոչինչ: Կսպասի: ՕՁ– Այսօրվա համար բավ է այսքանը: (Ուզում է գնալ): ՍՈՆԱ– Դեռ կա՛ց: Սպասի՛ր: Ասա՝ երբ կգաս: ՕՁ– Շուտով, շատ շուտով... չքնաղ արարած: Օձը հեռանում է: Զանգը հնչում է նորից: Կինը գնում է դռան կողմը և վերադառնում ամուսնու` Արայի հետ: ԱՐԱ– Ի՞նչ ես եփել: Տաքացրո՛ւ: ՍՈՆԱ– Տաք է: Ես արդեն դուրս եմ գալիս: ԱՐԱ– Շորերս արդուկեցի՞ր: ՍՈՆԱ– (Հայելու առաջ հարդարվելով) Քանի՞ կտոր լինեմ: Թող մնա վաղը: ԱՐԱ– (Բազկաթոռին նստելով, փոքր-ինչ հրամայական տոնով) Շո՛ւտ կգաս: Սոնան դուրս է գալիս: Արան, գլուխը հետ գցած, ուզում է մի պահ հանգստանալ: Գալիս է օձը: ՕՁ– Հոգնե՞լ ես: (Արան, անակնկալի եկած, վեր է թռչում և նայում օձին) Չե՞ս ճանաչում: ԱՐԱ– Չէ՛: ՕՁ– Քո բարերարն եմ... (Խոսքը մի փոքր երկարաձգելով՝ նայում է տղամարդու աչքերին) դրախտի օձը: (Տղամարդը սթափվելու համար գլուխը թափահարում է) Ես եմ: Երազ չէ, և դարձյալ գալուստս բարի է: ԱՐԱ– Նո՞ր բան ես մոգոնել: ՕՁ– Երախտամո՛ռ: Գոնե դու պիտի շնորհակալ լինեիր: ԱՐԱ– Դրախտից քշվելու համա՞ր: ՕՁ– Մի՞թե դու էլ չհասկացար, թե որն է իսկական դրախտը: Մի՞թե չհասկացար, թե ես քեզ ի՛նչ պարգևեցի: ԱՐԱ– Հասկացա, ինչո՞ւ չէ: ՕՁ– (Գլուխը տարուբերելով) Ապերա՛խտ: Մեկ այլ արարած ինձ կուռք կդարձներ... ԱՐԱ– Հատուցո՞ւմ ես ուզում: ՕՁ– Ես օձ եմ, օձ և ոչ թե մարդ... ԱՐԱ– Ասացիր, որ գալուստդ բարի է: ՕՁ– Ճիշտ է: Եկել եմ՝ սրտիդ անթեղը խառնեմ և առջևդ նոր մի աշխարհ բացեմ: ԱՐԱ– Ավելի պա՞րզ: ՕՁ– Քեզ կպարգևեմ մի այնպիսի կին, որ էլ չես փնտրի դրախտի ուղին: ԱՐԱ– Ես ունեցել եմ այդպիսի մեկին: ՕՁ– Գիտեմ: Նա լավն էր: Բայց հիմա այն չէ: ԱՐԱ– Հետո՞: Շարունակիր: ՕՁ– Նոր կին է քեզ պետք: ԱՐԱ– Կուզես բաժանե՞լ: ՕՁ– Ասացի՝ նոր կին և ոչ՝ ամուսին: (Տղամարդը մի պահ լռում է, ընկնում մտածմունքների մեջ) Ի՞նչ ես մտորում: Մի՞թե չես ուզում: ԱՐԱ– Բայց դա կոչվում է... դավաճանություն: ՕՁ– Ո՛չ: Դա կոչվում է սեր: Դա կոչվում է կյանք: Կոչվում է դրա՜խտ, որի դռները ինքդ կարող ես բացել քո առաջ: ԱՐԱ– Գնով նենգությա՞ն: ՕՁ– (Հեգնանքով) Օ՜, դու հողեղեն հավատարմությո՜ւն... ԱՐԱ– Ինչո՞ւ ես հեգնում: ՕՁ– Չեմ ուզում՝ կյանքդ զոհի մի ինչ-որ ունայն գաղափար: Մի՞թե չես ուզում կնոջ հրաշքը վայելել կրկին: ԱՐԱ– Կին ունեմ, ասի: ՕՁ– Ճիշտ է. ունեիր: Բայց նա դարձել է արդեն ամուսին... ԱՐԱ– Ասա, թե իրականում ինչ է մտքինդ: ՕՁ– Կասկածամի՛տ այր: Քեզ մի նոր կյանք եմ ուզում պարգևել: Սրտիդ հրայրքը նորից բորբոքել: Խոստովանիր, որ քո սիրտն էլ հաճախ հենց այդ է ուզում: ԱՐԱ– Ասենք` ուզում է: ՕՁ– Ինչո՞ւ ես հապա իզուր վարանում: Գետն ամեն անգամ գերան չի բերում... ԱՐԱ– (Մի պահ լռելուց ու մտորելուց հետո) Ասացիր, թե ինձ... |
ՕՁ– Այո՛, ասացի: ԱՐԱ– Ոչ թե ամուսին, այլ կին, ասացիր: ՕՁ– Այդպես ասացի, սակայն ուզում եմ մի փոքր ճշտել. այն հին, խելագար օրերը կրկին ապրելու համար քեզ նորություն է հիմա հարկավոր: ԱՐԱ– Նոր կին, այսինքն: ՕՁ– Նորության մեջ է կրքի գաղտնիքը: ԱՐԱ– Եվ նորի՞ց սիրտս կվառի սիրո այն հրաշք հուրը: ՕՁ– Ինձ նայիր հապա: (Տղամարդը նայում է: Օձը նրան անմիջապես հիպնոսում է) Իսկ հիմա՝ սրան: (Երազի պես հայտնվում է գրեթե մերկ մի կին: Ցածրաձայն հնչում է երաժշտություն: Կինը բարեմասնությունները ցուցադրող շարժումներով պարում է) Տես, թե ինչպիսի՜ ստինքներ ունի: Ինչ չքնաղ կոնքե՜ր: Շուրթերից հիմա կրակ կթափվի: Հապա շողացող զիստերին նայիր: Եթե իմանաս, թե ինչ կրքոտ է լինում անկողնո՜ւմ... (Տղամարդը, իրենից անկախ, ուզում է գնալ դեպի կինը, բայց օձը չի թողնում) Սպասի՛ր: Այդ ո՞ւր. նա դեռ քոնը չէ: Կինը շարունակում է պարել: Արան հմայված նայում է: Հնչում է այլ երաժշտություն, և դիմակահանդեսը շարունակվում է: Օձն ու տղամարդը միանում են բեմ եկածներին: Օձը հերթով մոտենում է պարողներին և ականջներին ինչ-որ բան շշնջում: Քիչ անց բոլորը գնում են: Մնում են մի տղամարդ` Արիսը, և մի կին: Թեև նրանք դիմակներով են, բայց պարզ զգացվում է, որ կինը ծանոթ հերոսուհին է՝ Սոնան: ԱՐԻՍ– Հանիր դիմակդ, խնդրում եմ: Ես ուզում եմ տեսնել քո չնաշխարհիկ դեմքը: ՍՈՆԱ– Ի՞նչ գիտես` չնաշխարհիկ է: Չէ՞ որ չես տեսել: ԱՐԻՍ– Զգում եմ: Դիմակն ընդամենը ծածկում է քո հմայքը. թաքցնել անկարող է: ՍՈՆԱ– (Շոյված) Օ՜... ԱՐԻՍ– Ընծայիր ինձ քո անունը, գեղեցկուհի: ՍՈՆԱ– Եվ ի՞նչ կտա դա քեզ... ԱՐԻՍ– Անմար մի լույս... ՍՈՆԱ– Թե այդքանով կգոհանաս... ԱՐԻՍ– Որպես սկիզբ... ՍՈՆԱ– (Փոքր-ինչ սեթևեթելուց հետո) Ասենք, Սոնա: ԱՐԻՍ– Սոնա... Հույս ունեմ, որ չխաբեցիր: ՍՈՆԱ– Չխաբեցի: Բայց ավելին` հույս չունենաս: (Ձևացնում է, թե ուզում է գնալ): ԱՐԻՍ– Սպասի՛ր, Սոնա: (Կինը կանգ է առնում) Հանի՛ր դիմակդ, խնդրում եմ: ՍՈՆԱ– Ես ասացի՝ հույս չունենաս: ԱՐԻՍ– (Մոտենում է կնոջը և նայում աչքերին) Խնդրում եմ, Սոնա: ՍՈՆԱ– Իսկ ինչո՞ւ չես հանում նախ ինքդ: (Տղամարդը դիմակը հանում է) Անո՛ւնդ: ԱՐԻՍ– Արի՛ս: (Մի քանի վայրկյան լուռ նայում են իրար աչքերի): ՍՈՆԱ– Իմ հետևից էլ մի՛ գա, Արիս: (Դանդաղ հեռանում է): ԱՐԻՍ– Ես քեզ կսպասեմ, Սոնա՛: ՍՈՆԱ– Էլ մի՛ գա, Արի՛ս: ԱՐԻՍ– Ես կսպասեմ, Սոնա՛... Լույսը դանդաղ մարում և քիչ անց վառվում է: Բեմում Սոնան է, որը, բազմոցին նստած, ներկում է եղունգները: Գալիս է օձը: ՕՁ– Ի՞նձ ես սպասում: ՍՈՆԱ– (Օձին նայելով. սառը) Չէ՛: ՕՁ– Նախորդ անգամ չէիր ուզում, որ գնամ: (Կինը, առանց ուշադրություն դարձնելու, շարունակում է եղունգները ներկել) Քեզ ի՞նչ պատահեց: ՍՈՆԱ– Ոչինչ: Ինձ հանգիստ թող: ՕՁ– Քեզ խորհուրդներ պիտի տայի: ՍՈՆԱ– Մի՛ տուր: Շնորհակալ եմ: ՕՁ– Չե՞ս ուզում, որ... ՍՈՆԱ– (Ընդհատելով) Չէ՛: ՕՁ– Տարօրինակ է: Մի՞թե չես ուզում... ՍՈՆԱ– (Դարձյալ` ընդհատելով) Չէ՛: ՕՁ– Զարմանալի է: Ես պիտի վերադարձնեի քո... ՍՈՆԱ– Մի՛ վերադարձրու: ՕՁ– Ինչ դժվար է ձեզ հետ: Արդեն ես էլ գլուխ չեմ հանում: ՍՈՆԱ– Ավելի լավ է՝ գնաս: ՕՁ– (Ֆշշացնելով) Երախտամո՜ռ: ՍՈՆԱ– Ի՞նչ ես ուզում ինձնից: |
ՕՁ– Ոչի՜նչ: Ես կգնամ, միայն ասա՝ ինչ պատահեց: ՍՈՆԱ– Ոչինչ չի պատահել: Գնա՛: Չե՛մ ուզում: ՕՁ– Միամիտի տեղ ինձ մի՛ դիր, Եվա՛: ՍՈՆԱ– Ես Եվան չեմ: ՕՁ– Գիտեմ: Քեզ հիմա ուրիշ անունով են կոչում, բայց, միևնույնն է, դու նույն Եվան ես: ՍՈՆԱ– Ասենք թե այդպես է: Հետո՞: ՕՁ– Հետո՝ ոչի՜նչ... Ես կգնամ: (Մի փոքր հեռանում է) Միայն թե ինձ ասա, Եվա՛, դու ինչո՞ւ չհանեցիր դիմակդ... ՍՈՆԱ– (Անակնկալի եկած. ապշահար) Ի՞նչ... ՕՁ– Ոչի՜նչ... Սոնան մնում է քարացած-կանգնած: Հնչում է երաժշտություն: Դանդաղ քայլերով Սոնան հեռանում է: Քիչ անց գալիս է Արան: ՕՁ– (Վերջինիս նայելով) Ինչո՞ւ ես եկել: ԱՐԱ– Ո՞ւր գնաց նա: ՕՁ– Նա չկա: Նա տեսիլք էր: ԱՐԱ– Սո՛ւտ է: Ես նրան տեսա: ՕՁ– Ու գիշերները չես քնում: ԱՐԱ– Ասա ինձ նրա տեղը: ՕՁ– Չեմ ասի: ԱՐԱ– Ինչո՞ւ: ՕՁ– Որովհետև դու կին ունես: ԱՐԱ– Բայց դու ինքդ նրան ինձ մոտ բերիր: Դո՛ւ այս կրակը սրտիս մեջ վառեցիր: ՕՁ– Դժգո՞հ ես: ԱՐԱ– (Հապաղելով) Չգիտեմ: ՕՁ– Օ՜, չգե՜տ հավատարմություն... ԱՐԱ– Ինչո՞ւ դա արեցիր: ՕՁ– Քեզ փորձելու համար: ԱՐԱ– Եվ ի՞նչ: ՕՁ– Դու չդիմացար: Քո հավատարմությունը փուչիկ էր. պայթեց: ԱՐԱ– Ճիշտ է: Դիմանալ անհնար է: Դա ինձանից անկախ է լինում: Ես ցանկանում եմ նրան մտքիցս հանել, բայց մի անկասելի ուժ երազի պես ինձ մոտ է բերում: Կնոջս գրկելիս ես նրան եմ պատկերացնում: ՕՁ– Մի՞թե քո կինը նրանից վատն է: ԱՐԱ– Չէ, վատը չէ: Բայց իմ աչքերը, չգիտեմ ինչու, մի նոր պարտեզ են կամենում տեսնել: Ձեռքերս ուզում են նոր ծաղիկների թփեր գուրգուրել: Ինձ թվում է, թե մի նոր, մի ուրի՜շ բույր եմ զգալու, մի նոր հրաշք եմ տեսնելու: ՕՁ– Հապա քո կի՞նը… ԱՐԱ– Նա էլի թող մնա իմը: Նա հիմա էլ այնպես քնքուշ է, ինչպես առաջ էր, պարզապես... Հասկացիր ինձ. սիրտս այնպես է նորություն ուզում, որ ինքս իմ առաջ արդեն անզոր եմ: ՕՁ– Լա՜վ: ԱՐԱ– Օգնիր ինձ: Այսպես ապրել ես անկարող եմ: ՕՁ– Բարի՜: Ես քեզ կօգնեմ, Ադամ: Բայց դու պիտի սպասես: ԱՐԱ– Ես Ադամը չեմ: Իմ անունը Արա է: ՕՁ– Նշանակություն չունի: Պիտի սպասես: ԱՐԱ– Ինչքա՞ն: ՕՁ– Մինչև նրան համոզեմ: ԱՐԱ– Երկա՞ր կտևի: ՕՁ– Չգիտեմ: Կինը համոզել է սիրում: ԱՐԱ– Իսկ եթե չհամոզվի՞: ՕՁ– Այդ դեպքում ոչինչ դուրս չի գա: Բայց հիշիր, որ չհամոզվող կին չկա: Դա նուրբ գործ է, Ադամ: Երբեմն էլ՝ վտանգավոր: ԱՐԱ– Ո՞րն է վտանգը: ՕՁ– Հոնքն ուղղելիս կարող է դուրս գալ աչքը: ԱՐԱ– Միայն թե ոչ այդ, Տե՛ր Աստված: |
Միասին գնում են: Գալիս են Արիսը և Սոնան: ԱՐԻՍ– Դու աստվածային ես, Սոնա: Մեղք կլինի, եթե միայն մեկինը լինես: ՍՈՆԱ– Կնոջդ անունը ի՞նչ է: ԱՐԻՍ– Անի: (Նայում է Սոնային): Ես քեզ խանդում եմ: ՍՈՆԱ– (Ծիծաղում է) Նա իմ ամուսինն է: ԱՐԻՍ– Նշանակություն չունի: Ես ուզում եմ, որ դու միմիայն իմը լինես: ՍՈՆԱ– (Նորից` ծիծաղելով) Մի՞թե մեղք չէ, որ ես միայն մեկինը լինեմ... ԱՐԻՍ– (Մոտենում է և, Սոնայի աչքերին նայելով, ձեռքերը դնում ուսերին) Ես էլ չեմ դիմանում, Սոնա: Քեզանով ամբողջովին կախարդված եմ: ՍՈՆԱ– (Թեթևակիորեն փորձելով հրել) Թո՛ղ, Արիս... ԱՐԻՍ– Նվիրիր ինձ քո գեղեցկությունը, Սոնա: Տուր ինձ քո եդեմական մերկությունը: Սոնան հայացքը բարձրացնում, նայում է Արիսի աչքերին և, այլևս դիմադրելու անզոր, հանձնվում է: Նրանք գրկված համբուրվում են: Վառվում է կապույտ լույս: Իջնում է շղարշե վարագույր: Սոնան և Արիսը գրեթե չեն երևում: ԱՐԻՍ– Դու հրաշք ես, Սոնա... ՍՈՆԱ– Մի՛ շտապիր, Արիս... ԱՐԻՍ– Ինձ թվում է՝ առաջին անգամ եմ տեսնելու կնոջ մերկություն: Սիրտս այնպե՜ս է թրթռում... ՍՈՆԱ– Սպասիր, Արիս... ԱՐԻՍ– Կարծես պատանի լինեմ: Աստված իմ... ՍՈՆԱ– Քո շուրթերը այրում են իմ մերկությունը... Սա իսկապես որ վերադարձ է… Վարագույրի հետևում լույսը մարում է: Նախաբեմ են գալիս Անին և օձը: ՕՁ– Եթե իմանաս, թե քեզ ինչպես է տենչո՜ւմ... Թե ինչ հաճույք կպարգևի՜... ԱՆԻ– Հետո՞ ինչ: ՕՁ– Երբեք չես զղջա: ԱՆԻ– Ես ամուսին ունեմ: Բարոյական կին եմ: ՕՁ– Բոլոր կանայք էլ բարոյական են, և շատերը ամուսին ունեն... ԱՆԻ– Ի՞նչ ես ակնարկում: ՕՁ– Ափսոս ես, Եվա: ԱՆԻ– Ասի, որ ես Եվան չեմ: ՕՁ– (Անիի շուրջը պտտվելով) Ի՜նչ սքանչելի մարմին... (Աչքերին նայելով) Ինչպիսի՜ աչքեր... ԱՆԻ– Դու, ինչ է, Էրոսի դե՞րն ես ստանձնել: ՕՁ– Ես չեմ ասում՝ սիրիր: ԱՆԻ– Ի՞նչ է հապա ուզածդ: ՕՁ– Տրվի՛ր նրան, Եվա: Հանձնվի՛ր: ԱՆԻ– Լռի՛ր: Անպատկա՛ռ: ՕՁ– Երախտամո՛ռ... ԱՆԻ– Ի՞նչ է նպատակդ: ՕՁ– Ինչ որ առաջ էր՝ դրախտում: ԱՆԻ– Ես դա էլ չհասկացա: ՕՁ– Ափսո՜ս: (Անիի շուրջը նորից պտտվելով) Անկրկնելի կերտվածք... ԱՆԻ– Լեզվիդ վաղուց եմ ծանոթ: ՕՁ– Դա ես չեմ ասում, այլ նա՜... ԱՆԻ– Ինչո՞ւ ինձ հանգիստ չես թողնում: «Ո՛չ, ո՛չ»-, ասում եմ: Գնա՛: ՕՁ– Կզղջաս, Եվա: Մտածի՛ր: (Անին գնում է): Ես դեռ կգամ: Վարագույրը բացվում է: Արան նստած է բազկաթոռին: Օձը մոտենում է նրան: ՕՁ– Նա վաղը կսպասի քեզ: |
ԱՐԱ– Իսկապե՞ս: Ե՞րբ: Որտե՞ղ: ՕՁ– Կեսգիշերին: Քո ննջարանում: ԱՐԱ– Բայց... Բայց... Ես վաղը քաղաքում չեմ լինելու: Եվ ինչո՞ւ իմ ննջարանում: Հապա կի՞նս: ՕՁ– Նրան կուղարկես մոր մոտ, իսկ ինքդ քաղաքից չես գնա: ԱՐԱ– (Տարակուսած) Բայց ինչո՞ւ ի՛մ ննջարանում: ՕՁ– Դա է իմ կամքը: ԱՐԱ– (Քիչ անց) Լավ: Թող այդպես լինի: Ուրեմն, վաղը՝ կեսգիշերին: ՕՁ– Եվս մի պայման. դու ոչ թե կսպասես տանը, այլ կվերադառնաս ուղիղ կեսգիշերին: ԱՐԱ– Թող քո կամքը լինի: ՕՁ– Այդ գիշեր դու չպիտի ասես ոչ մի բառ ու չպիտի լինես քեզ նման: ԱՐԱ– Կձգտեմ: ՕՁ– Պիտի ջանաս նորություն լինել: Նորություն՝ ինքդ քեզ համար: ԱՐԱ– Կփորձեմ: ՕՁ– Եվս մի կարևոր մանրուք. ննջարանում պիտի լինի թանձր խավար: ԱՐԱ– Այդպես կանեմ: Սակայն ասա, թե ինչու: ՕՁ– Որովհետև դա է նրա կամքը: ԱՐԱ– Թող այդպես լինի: ՕՁ– Ու երբ հագենաս, կհեռանաս այնպես, ինչպես ներս ես մտել: Հիշիր՝ միայն խավարի մեջ, անձայն: ԱՐԱ– Խորհրդավոր ինչ-որ վախ ես սիրտս ձգում: ՕՁ– Հաճույքների կեսը, տղա՛ս, խորհրդավոր դողն է բերում: ԱՐԱ– Լավ, թող լինի քո ասածով. վաղը՝ ուղիղ կեսգիշերին. խենթության պես: ՕՁ– Եվ՝ հեքիաթի: ԱՐԱ– Եվ՝ հեքիաթի: Օ՜, Տե՛ր Աստված, իրակա՞ն է սա, թե երազ... Մթնում ու լուսավորվում է: Բեմում են օձը և Սոնան: Վերջինս պառկած է բազմոցին: Օձը նստած է բազկաթոռի վրա: ՍՈՆԱ– Պատմիր առաջին կնոջ մասին: Նա իսկապե՞ս գեղեցիկ էր: ՕՁ– Օ՜, Եվա: Նա հրաշք էր: Նրա գեղեցկությունն էր, որ Երկիրն իր ուղուց շեղեց... ՍՈՆԱ– Ի՞նչ եղավ հետո, երբ Աստված նրան արարեց: Պատմիր մի քիչ: ՕՁ– Այդ պատմությունը շատ է ծեծվել: ՍՈՆԱ– Ոչինչ: Ես ուզում եմ լսել, այսպես ասած, ականատեսից: ՕՁ– Լավ: Քեզ համար կպատմեմ այն, ինչը հաճախ թաքցնում են: ՍՈՆԱ– Դեռ թաքցնելու բա՞ն կա: ՕՁ– Չկա՛: Պարզապես ոմանք դա չեն ուզում ասել և չեն ուզում լսել: ՍՈՆԱ– (Դերասանաբար) Ես սիրով կլսեմ: ՕՁ– (Մի քանի վայրկյան դադարից հետո) Դա այսպես եղավ, Եվա: Նրան տեսնելուն պես միանգամից երեք հոգի սիրահարվեցին: ՍՈՆԱ– (Ծիծաղելով) Ի՞նչ: ՕՁ– Այո՛, Եվա: Երեք հոգի: ՍՈՆԱ– (Մտերմիկ կատակով) Դե վերջ տուր, փչա՛ն: ՕՁ– Ես լուրջ եմ ասում: ՍՈՆԱ– Մյուս երկուսի՞ն որտեղից գտար: Մոռացա՞ր, որ այն ժամանակ աշխարհում միայն Ադամն էր: ՕՁ– Ճիշտ է. միայն Ադամն էր: Եվ Եվան արարվեց միայն Ադամի համար, բայց նրան սիրահարվեցին երեք հոգի. Ադամը... ՍՈՆԱ– Դա իմացա: ՕՁ– Սատանան... ՍՈՆԱ– Իսկապե՞ս: Տե՛ր Աստված... ՕՁ– Այո՛, Եվա: ՍՈՆԱ– Իսկ մյուսը՝ երրո՞րդն ով էր: ՕՁ– Երրորդը, Եվա, հենց ինքն էր՝ Աստված: ՍՈՆԱ– (Անհամբերությամբ) Հետո՞, հետո՞: ՕՁ– Եվ այդ պահից էլ աշխարհում ամեն ինչ իրար խառնվեց: |
ՍՈՆԱ– Շարունակի՛ր: Ի՞նչ եղավ հետո: ՕՁ– Աստված իրեն կորցրեց: (Վառվում է բեմի ձախ կողմի լույսը: Կատարվում է այն, ինչ պատմում է օձը: Այնտեղ են Արարիչը և մի հրեշտակ): ԱՍՏՎԱԾ– (Ինքն իրեն) Եվ մի՞թե դա կլինի սրբապղծություն: ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչը, Հայր Արարիչ: ԱՍՏՎԱԾ– (Մտամոլոր) Ինքս ինձ հետ եմ խոսում: Ոչինչ: ՀՐԵՇՏԱԿ– Ինչ-որ բան է քեզ պատահել, Տեր: ԱՍՏՎԱԾ– (Քիչ անց) Ես երևի սխալ արեցի: ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչը: ԱՍՏՎԱԾ– Նրան ես իզուր ստեղծեցի այդպես գեղեցիկ: ՀՐԵՇՏԱԿ– Կնո՞ջը: ԱՍՏՎԱԾ– Անունն իսկ լսելիս սիրտս դողում է: ՀՐԵՇՏԱԿ– (Լսածին կարծես չհավատալով) Ի՞նչ ես ասում, Տեր: ԱՍՏՎԱԾ– Բայց բանը միայն գեղեցկությունը չէ: Գերբնական կախարդանք կա նրա մեջ, ինչ-որ առեղծված: Զարթնեցնում է անզսպելի մի ցանկություն: ՀՐԵՇՏԱԿ– Նա քո ստեղծածն է, Տեր: ԱՍՏՎԱԾ– Ես ուզում եմ նրան տեսնել: ՀՐԵՇՏԱԿ– Կարող եմ հենց հիմա կանչել: (Ուզում է գնալ): ԱՍՏՎԱԾ– Սպասի՛ր: Մի՛ գնա: Ասենք, տեսա... (Բեմի ձախ կողմի լույսը մարում է: Վառվում է աջ կողմի լույսը, որտեղ Սոնան և օձն են): ՍՈՆԱ– Մի՞թե Եվան իսկապես այդքան գեղեցիկ էր: ՕՁ– Չլսեցի՞ր. բանը միայն գեղեցկությունը չէր: Նրա մեջ կախարդա՛նք կար, առեղծվա՜ծ: Աստված նրան ստեղծել էր իր ողջ հանճարի ուժով: Արարչության իր ողջ փորձն էր նա ընդերել: Արարչության գագաթն էր կինը: ՍՈՆԱ– Իսկ Ադա՞մը: Ինչպե՞ս նրան ընդունեց Ադամը: ՕՁ– Համբերություն չունես: Աստված չէր ուզում կնոջը տալ Ադամին և մոլորված էր... (Վառվում է ձախ կողմի լույսը): ԱՍՏՎԱԾ– Խանդից իմ սիրտը կկանգնի: Առայժմ թող անբիծ մնա, կուսակա՛ն: (Հրեշտակին) Ասա նրանց, որ արգելում եմ ուտել պտուղն այն... (Վառվում է աջ կողմի լույսը): ՍՈՆԱ– Դու ասացիր, որ կնոջը նաև սատանան էր սիրահարված: ՕՁ– Այո՛: Բայց կինը նրան մոտենալ չէր թողնում, և սատանան այրվում էր: ՍՈՆԱ– Հետո՞: ՕՁ– Մի օր սատանան եկավ ինձ մոտ: (Գալիս է սատանան: Օձը դիմում է նրան) Ի՞նչն է քեզ բերել այստեղ, չար ոգի: ՍԱՏԱՆԱ– Էլ չեմ դիմանում: ՕՁ– Ի՞նչ է պատահել: ՍԱՏԱՆԱ– Միամիտ մի՛ ձևացիր: ՕՁ– Ասելիքդ ասա: ՍԱՏԱՆԱ– Համոզի՛ր նրան: ՕՁ– Որ ի՞նչ անի: ՍԱՏԱՆԱ– Ուտի արգելված պտուղը: (Ժամացույցը սկսում է զարկել: Ձախ կողմի լույսը հանգչում է, աջ կողմինը` վառվում): ՍՈՆԱ– (Ժամացույցի կողմը նայելով) Արդեն ժամն է: Պատմությունը մնաց անավարտ: ՕՁ– Ո՛չ: Պատմությունը մնաց շարունակելի... ՍՈՆԱ– (Փոքր-ինչ վախեցած) Անկեղծ ասա. դու ինձ չե՞ս խաբում: ՕՁ– Նայիր աչքերիս, Եվա: (Սոնան նայում է օձի աչքերին) Նա քո անհաս, վաղեմի տենչն է… Չիրականացած երազը… Եվ այս գիշեր նա քոնն է… Ամբողջովին քոնը… (Զգացվում է, որ Սոնան հիպնոսված է) Հիշիր. միայն մթության մեջ և անսահման ազատ… Կիսամշուշում հնչում է երաժշտություն: Դիմակահանդեսը շարունակվում է… Բոլորը գնում են: Մնում են Արան և օձը: ՕՁ– Ինչո՞ւ դիմակդ չես հանում: ԱՐԱ– (Փոքր-ինչ անակնկալի եկած) Ի՞նչ: ՕՁ– Ասում եմ` դիմակդ հիմա հարկավոր չէ: ԱՐԱ– Հա՛: Ճիշտ ես: Մոռացել եմ: (Դիմակը հանում է): ՕՁ– Ինչպե՞ս անցկացրիր գիշերը, Ադամ: ԱՐԱ– Ասացի, որ իմ անունը Արա է: ՕՁ– Տարբերություն չկա: ԱՐԱ– Գիշե՜րը... Այս գիշերը հրաշալի էր: Հեքիաթի պես էր ու խենթության: ՕՁ– Նա լա՞վն էր: |
ԱՐԱ– Ոչ թե լավն էր, այլ՝ հրաշք: ՕՁ– Մեղրալուսնիդ կնոջ նման: ԱՐԱ– Ասա, ինչպես կուզես. նա պարզապես հիասքանչ էր: ՕՁ– Համը շուրթերիդ է: ԱՐԱ– Այդ համը ես վաղուց չէի զգում: ՕՁ– Բնական է: Այլ կերպ չի լինում: ԱՐԱ– Կարծես դա լիներ առաջին անգամ: ՕՁ– Եվ, անշուշտ, չես ուզում, որ լինի վերջինը: ԱՐԱ– Եթե ուզեմ էլ, անզոր կլինեմ... ՕՁ– Գիտե՜մ: Ես ձեզ լա՜վ գիտեմ: ԱՐԱ– Դու ե՞րբ նրան կբերես նորից: ՕՁ– Ինչպե՞ս է կինդ՝ քո ամուսինը: ԱՐԱ– Լավ է: Փառք Աստծո: (Հայացքը փախցնում է): ՕՁ– Ամաչում ես աչքերիս նայել: Օ՜, հողեղեն հավատարմություն: ԱՐԱ– Ասա՛, թե երբ կբերես: ՕՁ– Համբերիր: ԱՐԱ– Ինչքա՞ն: ՕՁ– Մեկ ամիս: ԱՐԱ– Ինչո՞ւ այդքան երկար: ՕՁ– Այդպես է պահանջում... սիրո կախարդուհին: ԱՐԱ– Եվ ինչո՞ւ է նրան պետք այդ ժամանակը: ՕՁ– Այդ ժամանակը պետք է, որ քո սիրտը մնա պապակ: ԱՐԱ– Ինչ դաժանն եք դուք: ՕՁ– Երախտամո՜ռ: ԱՐԱ– Ուրեմն՝ ե՞րբ: ՕՁ– (Հեռանալով) Ուղիղ մեկ ամսից: Կեսգիշերին: Մթության մեջ... (Կարճատև դադարից հետո) Չմոռանաս դիմակ դնել... Կրկին մթնում ու լուսավորվում է: Բեմում են Արիսը և Սոնան: Վերջինս նստած է Արիսի ծնկներին: ԱՐԻՍ– Ուր որ է կինս կգա: ՍՈՆԱ– Հասկացա. ուզում ես՝ գնամ: ԱՐԻՍ– Չեմ ուզում, բայց... (Համբուրում է): ՍՈՆԱ– (Կանգնելով) Լավ: Այսօր էլ թող այսպես լինի: (Հագուստներն ուղղում է, շուրթերի ներկը՝ թարմացնում): ԱՐԻՍ– Ե՞րբ կգաս: ՍՈՆԱ– Եթե այսպես սառը հարցնես, երբե՛ք: (Պատրաստվում է գնալու): ԱՐԻՍ– Սառը չեմ հարցնում: ՍՈՆԱ– Ես բո՛ւթ եմ ու չե՛մ հասկանում: ԱՐԻՍ– Ի՞նչ ասացի, որ վիրավորվեցիր: ՍՈՆԱ– (Հեռանալով) Ցե՛, սիրելիս... Սոնան գնում է: Քիչ անց գալիս է օձը: ՕՁ– Եթե վերադառնա, այլևս չընդունես: ԱՐԻՍ– Ինչո՞ւ: ՕՁ– Ինչքա՞ն ժամանակ է, որ հանդիպում եք: ԱՐԻՍ– Երկար: ՕՁ– Չե՞ս զգում, որ նա այլևս այն հմայքը չունի: ԱՐԻՍ– Ճիշտն ասած, ինձ թվում է, թե ես եմ փոխվել: ՕՁ– Ո՛չ: Դու նույնն ես: Պարզապես քեզ արդեն նորություն է պետք: |
ԱՐԻՍ– Այսինքն: ՕՁ– Իբր չհասկացա՞ր: ԱՐԻՍ– Բայց դա, ախր… ՕՁ– Օ՜, հողեղեն իմաստնություն... Ձեր ամբողջ բարոյախոսությունն ընդամենը փչոց է: ԱՐԻՍ– Ի՞նչ է մտքինդ: ՕՁ– (Պատուհանի կողմը ցույց տալով) Նայիր հապա դիմացի պատշգամբին: (Արիսը նայում է ցույց տված ուղղությամբ) Տեսնո՞ւմ ես այն աղջկան: ԱՐԻՍ– Տեսնում եմ: ՕՁ– Ես կուզեի նրա զիստերն ի վեր գալարվել... ԱՐԻՍ– Ճաշակդ վատը չէ: ՕՁ– Խոստովանիր, որ կուզեիր նրան գրկել: ԱՐԻՍ– Դեմ չէի լինի: ՕՁ– Կուզեիր մերկությունը տեսնել: ԱՐԻՍ– Կուզեի: ՕՁ– Դու մերկություն շատ ես տեսել, բայց... Խոստովանիր. քեզ թվում է, թե նա ուրիշ է: ԱՐԻՍ– Գուցե և այդպես է: ՕՁ– Եվ հետաքրքիր է այդ նորությունը: Այդ նորությունը, օ՜... (Նայում է Արիսի աչքերին): ԱՐԻՍ– Ի՞նչ է նրա անունը: ՕՁ– Եվա: ԱՐԻՍ– (Կախարդված) Նա կրքո՞տ է: ՕՁ– Ո՛չ: Նա հրեղե՛ն է: ԱՐԻՍ– Այդ հուրը անզուսպ ու մոլեգի՞ն է: ՕՁ– Մե՛րթ` զեփյուռի պես ու մե՛րթ՝ սամումի: ԱՐԻՍ– Մութ սենյակի մեջ նրան կտեսնե՞մ: ՕՁ– Երբ որ նա մերկ է, մթությունն անգամ լույս է արձակում: ԱՐԻՍ– (Վերև նայելով) Օ՜, Տեր Երկնավոր, ասա, ես ինչպե՞ս հիմա դիմանամ... Վարագույրը փակվում է: Քիչ անց նախաբեմ են գալիս Անին և օձը: ԱՆԻ– Դու ի՞նչ ես ինձանից ուզում: ՕՁ– Խոստովանիր, որ այդ հարցը դու հիմա նաև քո սրտին ես տալիս: ԱՆԻ– Ի՞նչ գիտես: ՕՁ– Միայն դու չես, որ այդպիսին ես, Եվա: Բոլորի մեջ է այդ գենը: Այդ գենը արգելված պտուղի մեջ էր... Դու հիմա ուրիշի ոչ թե չես ուզում, այլ ընդամենը ջանում ես չուզել: Դու քո դեմ կռիվ ես տալիս, քեզ զսպում ու տանջում ես, որ չհանձնվես, ուրիշի չտրվե՛ս: Իրողությունը սա է, իսկ մնացածը հեքիաթ է, սո՛ւտ, հողեղեն հավատարմություն... ԱՆԻ– Լա՛վ ես ասում: ՕՁ– Ուզո՞ւմ ես, քեզ համար պատմեմ, թե ինչ եղավ հետո, երբ Եվան կերավ արգելված պտուղը: ԱՆԻ– Հարկավոր չէ. գիտեմ: ՕՁ– Ո՜չ: Իսկությունը չգիտես: Երևի լսել ես, որ նրան նաև ինքը՝ Արարիչն էր սիրահարված: ԱՆԻ– (Զարմացած) Արարի՞չը: ՕՁ– Ինչո՞ւ ես զարմանում: Այո՛, կինը ստեղծված էր Ադամի համար, բայց նրան սիրահարված էր նաև Արարիչը: Եվ ի՞նչ ես կարծում. նա ո՞ւմ առաջինը տրվեց: ԱՆԻ– (Կարկամած) Մի՞-թե... ՕՁ– Ի՞նչ, մի՞թե... ԱՆԻ– Մի՞թե... Արարչին... ՕՁ– Ո՜չ: Դա կլիներ չարյաց փոքրագույնը: Արարիչն էլ երկար տառապելուց հետո ի վերջո հասկացավ, որ անզոր է դիմանալ սիրո կրքին, և հրեշտակ ուղարկեց, որ կնոջը կանչի իր մոտ, բայց հրեշտակը նրան գտավ... ԱՆԻ– Որտե՞ղ: ՕՁ– Երևի հասկացար, որ Ադամի՛ գրկում չգտավ: ԱՆԻ– Հասկացա... Բայց որտե՞ղ էր կինը: (Վառվում է բեմի ձախ կողմի լուսարձակը: Երևում են Աստված և հրեշտակը): ՀՐԵՇՏԱԿ– Լեզուս չի պտտվում ասել, Տեր: Նա… Նա սատանայի գրկում էր: ԱՍՏՎԱԾ– (Ուժեղ զայրույթով) Ի՜նչ... (Իրար հետևից մի քանի անգամ զարկում է կայծակ, լսվում է խլացուցիչ որոտ): ՕՁ– Այո՛, կինը` Աստծո ամենաչքնաղ արարչությունը, առաջինը տրվեց սատանային: ՀՐԵՇՏԱԿ– Երբ ես հասա, արդեն ուշ էր... ԱՍՏՎԱԾ– (Աչքերից կարծես կրակ է ժայթքում) Նա բռնությա՞մբ էր տիրել Եվային: |
ՀՐԵՇՏԱԿ– Ո՛չ: Եվան հանձնվել էր կամովին: ԱՍՏՎԱԾ– Իսկ Ադա՞մը: Ո՞ւր էր Ադամը: ՀՐԵՇՏԱԿ– Խնձորենու տակ նա անկողին էր հյուսել Եվայի համար... ԱՍՏՎԱԾ– Ո՜վ, դժոխքի՛ զավակներ... (Վառվում է աջ կողմի լույսը): ԱՆԻ– Հետո՞: Ի՞նչ եղավ հետո: ՕՁ– Եվան վերադարձավ Ադամի մոտ: (Վառվում է ձախ կողմի լույսը: Այժմ այնտեղ Եվան և Ադամն են: Կինը մեղավորության զգացումով, գլուղը` կախ, կանգնած է Ադամի առաջ…) Եվ սա սկիզբն էր: Միայն սկիզբը... ԱՆԻ– Իսկ Աստվա՞ծ: Մի՞թե նա չէր կարողանում սաստել Եվային: ՕՁ– Եվա՛ն... Մի մոռացիր, որ նա արդեն կերել էր արգելված պտուղը... Գնում են: Մի կարճ ժամանակ հնչում է դիմակահանդեսի երաժշտություն… Վարագույրը բացվում է: Բեմում են Արիսը և մի գեղեցիկ կին` Անան, որոնք դիմակները պահել են ձեռքներին: Գրեթե կրկնվում է համանման դրվագը: ԱՐԻՍ– Ընծայիր ինձ քո անունը, գեղեցկուհի: ԱՆՆԱ– Եթե չասե՞մ: ԱՐԻՍ– Շատ կտխրեմ: ԱՆՆԱ– (Շոյված) Օ՜... ԱՐԻՍ– Դե, մի՛ տանջիր: ԱՆՆԱ– Ասենք՝ Աննա: ԱՐԻՍ– Աննա... Չքնա՛ղ կախարդուհի... ԱՆՆԱ– (Ձևացնում է, թե ուզում է գնալ) Ցտեսություն, Արիս: ԱՐԻՍ– Սպասի՛ր, Աննա: Մի՛ հեռացիր: (Մոտենում է և, Աննայի աչքերին նայելով, ցանկանում համբուրել): ԱՆՆԱ– (Խուսափելով) Իմ հետևից էլ մի՛ գա, Արի՛ս: ԱՐԻՍ– Ես քեզ կսպասեմ, Աննա՛: ԱՆՆԱ– (Հեռանալով) Էլ մի՛ գա, Արի՛ս: ԱՐԻՍ– Ես կսպասեմ, Աննա՛: (Հեռանում է հակառակ կողմով): Գալիս են Արան և օձը: ՕՁ– Գիտեմ. այս գիշեր էլ նա այնքան հրաշալի էր, ինչքան նախորդ անգամ: ԱՐԱ– Այո՛, այդպես էր: Համը շուրթերիս է: ՕՁ– Կարծես դա լիներ առաջին անգամ: ԱՐԱ– Գրեթե այդպես էր. ինչպես որ կինս՝ առաջին գիշերը: ՕՁ– Հրաշալի՜ է: ԱՐԱ– Այսքան տարի կին սիրելուց հետո, պատկերացնո՞ւմ ես, նա նորություն էր: ՕՁ– Պատկերացնում եմ: ԱՐԱ– Ասա՛, ուրեմն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը: ՕՁ– Երբ դու ցանկանաս: ԱՐԱ– (Ուրախացած ու զարմացած) Իսկապե՞ս: ՕՁ– Կատակներ ես չեմ անում, թեև երբեմն սիրում եմ ձեռ առնել: ԱՐԱ– (Տարակուսած) Չհասկացա: ՕՁ– Չհասկանալու ի՞նչ կա: Ասացի՝ երբ ուզես: ԱՐԱ– Տարօրինակ է: ՕՁ– Դու կարող ես նրան սիրել ամեն օր, ինչպես սիրել ես մինչև հիմա: ԱՐԱ– (Ապշած) Բայց ես նրան ընդամենը երկրորդ անգամ է, որ սիրում եմ: ՕՁ– Երկրո՜րդ... Քեզ է թվում՝ երկրորդ: ԱՐԱ– Իսկապես ես ինչ-որ բան չեմ հասկանում: ՕՁ– Քանի՞ տարի է, որ ամուսնացել ես: ԱՐԱ– Տասը: ՕՁ– Արդեն տասը տարի դու նրան սիրում ես: |
ԱՐԱ– Ո՞ւմ... Անիի՞ն: ՕՁ– Անիին, խելո՛ք, դու չես սիրել դեռ ոչ մի անգամ: ԱՐԱ– (Շանթահար) Ինչպե՜ս... ՕՁ– Մի՛ զարմացիր. այդպես լինում է: Նա ոչ թե ձեր ասած Անին էր, այլ… քո կինը: ԱՐԱ– (Իրեն կորցրած) Օ՜... Սատանա՛: Բեմը մթնում ու լուսավորվում է: Օձ և Սոնա: ՕՁ– Նա ուրի՜շ է, Եվա՛: Եվ, հավատա, այնպիսին, ինչպիսին նա էր` քո երազը: ՍՈՆԱ– Հետո՞ ինչ: ՕՁ– Դու մի՞թե էլ չես ուզում նրան: Մի՞թե նա իսկապես հրաշք չԷր: ՍՈՆԱ– Հրաշք էր, ցնորք էր: Ես վայելեցի այդ գիշերները, ինչպես իմ մեղրամիսը, բայց… ՕՁ– Էլ ի՞նչ բայց: Տրվի՛ր նրան: ՍՈՆԱ– Անպատկա՛ռ: Ես մի պահ թույլ եղա, և դու ինձ արդեն լրբի տեղ ես դնում: ՕՁ– Այդպիսի բարոյականություն չի՛ լինում, Եվա՛: ՍՈՆԱ– Ինչպիսի՞: ՕՁ– Գիտեմ, դու քեզ փորձում ես համոզել, թե չես ուզում, թե նա քեզ չի հետաքրքրում, բայց ինձ չես խաբի: ՍՈՆԱ– Ենթադրենք, թե ուզում եմ: Հետո՞: ՕՁ– Դու հո գիտես, ինքը` Տերն էլ տարբերություն չի դնում. միևնույնն է՝ տրվում ես մտքում, թե իրականում: ՍՈՆԱ– Բայց ես ուզում եմ բարոյական լինել: ՕՁ– Ցանկանալ, բայց չանե՞լ: Չկա՛ այդպիսի բարոյականություն: Ասացի, չէ՞, որ միևնույնն է: Ես հո գիտեմ, թե դու քանի անգամ ես մտքում ցանկացել: Եվ կարո՞ղ ես չցանկանալ: ՍՈՆԱ– (Վերև նայելով) Տեր Աստված, սա ի՞նչ է ինձանից ուզում: Ի՞նչ անեմ: ՕՁ– Տրվի՛ր, Եվա՛: Տիրի՛ր: Աստված ինքը անգամ չդիմացավ այդ կրքին: ՍՈՆԱ– Աստված... Նրա մասին դու ինչ-որ հեքիաթ էիր պատմում: ՕՁ– Դա հեքիաթ չէր (Սոնայի շուրջը պտտվելով), հրեղե՛ն արարած... Աստված ինքն էլ մի օր հանձնվեց: ՍՈՆԱ– Ո՞ւմ: ՕՁ– Կրքի՛ն, Եվա: Կրքի՛ն: ՍՈՆԱ– Քեզ համար ամեն ինչ կիրք է: Իսկ սե՞րը: ՕՁ– Լա՛վ: Այդպես անվանենք. Աստված ինքը անգամ սիրուն չդիմացավ և հանձնվեց: Մի օր հանձնվեց... Վառվում է բեմի ձախ կողմի լուսարձակը: Երևում է Եվան՝ հագին ծաղկե զգեստ: Լսվում է Աստծո ձայնը: ՁԱՅՆ– Մի՛ գնա, Եվա: (Եվան, փոքր-ինչ վախեցած և այս ու այն կողմ նայելով, ուզում է ավելի արագ հեռանալ) Ասում եմ՝ մի՛ գնա: ԵՎԱ– Ո՞վ ես դու: Ինչո՞ւ քեզ չեմ տեսնում: ՁԱՅՆ– Ինքս չեմ ուզում, որ տեսնես: ԵՎԱ– Տարօրինակ է: Ինչո՞ւ ես, ուրեմն, եկել: ՁԱՅՆ– Որ քեզ տեսնեմ: (Փչում է քամի և Եվայի մարմինը տեղ-տեղ բացում: Եվան փորձում է իրեն ծածկել) Մի՛ ծածկիր, Եվա: Քո մերկությունը ավելի գեղեցիկ է, քան դրախտի բոլոր ծաղիկները միասին: ԵՎԱ– Ի՞նչ գիտես: Դու տեսե՞լ ես իմ մերկությունը: Ճանա՞չ ես դրախտի բոլոր ծաղիկներին: ՁԱՅՆ– Եթե իմանաս՝ ես որքա՜ն ծաղիկներից նեկտար առա... ԵՎԱ– Ինչի՞ համար: ՁԱՅՆ– Որքա՜ն չարչարվեցի, որ լույսը թանձրացնեմ… ԵՎԱ– Քեզ չեմ հասկանում: ՁԱՅՆ– Ես քո աչքերին տվեցի չտեսնված մի կախարդանք: ԵՎԱ– Դո՞ւ: (Դարձյալ փչում է քամի: Եվան ուղղում է կրծքերի տերևները): ՁԱՅՆ– Քեզ համար ես մի նոր տեսակի կրակ ստեղծեցի, ու հիմա ինքս էլ չգիտեմ, թե այդ տերևներն ու ծաղիկները ինչո՛ւ չեն վառվում քո մարմնի կրակից: ԵՎԱ– Դու ինչ-որ խորհրդավոր ես: ՁԱՅՆ– Վերցրո՛ւ գլխիդ պսակը, թող հուրհրան վարսերդ: ԵՎԱ– Չէ՛: Այս պսակը ինձ նվիրել է Աստծո հրեշտակը: ՁԱՅՆ– Նա այդպե՞ս է իրեն կոչել: |
ԵՎԱ– Դու գիտես՝ նա ո՛վ է: ՁԱՅՆ– Նա ոչ թե Աստծո հրեշտակը, այլ սատանա՛ն է: ԵՎԱ– Ի՞նչ: Սո՛ւտ է: Չեմ հավատում: ՁԱՅՆ– Դե՛ն նետիր այդ պսակը: ԵՎԱ– Չէ՛: Սա նրա նվերն է: ՁԱՅՆ– Եվա՛: ԵՎԱ– Դու շատ տարօրինակ ես... (Ձայն է տալիս) Ադա՜մ... Ադա՜մ... (Վառվում է աջ կողմի լույսը): ՍՈՆԱ– Հետո՞: Դու ասում էիր... ՕՁ– Անհամբեր ես, Եվա, անհամբեր: Սա առավոտյան էր, բայց եղավ երեկո... ՍՈՆԱ– Եվ Արարիչը... ՕՁ– Այո: Ե՛վ Արարիչը: ՍՈՆԱ– Եվ Եվան կամովին նրան հանձնվե՞ց: ՕՁ– Օ՜, կին: Երբ խոսքը սատանայի մասին էր, դու այդպիսի հարց չտվիր... ՍՈՆԱ– Բայց նա, նա չէ՞ որ Արարիչն էր: ՕՁ– Հետո՞ ինչ: ՍՈՆԱ– Չգիտեմ: Մի տեսակ... Ինչ-որ բան... ՕՁ– Օ՜, զազրելի փիլիսոփայություն: Եվ դժգոհում եք, թե ինչու ամեն գեղեցիկ բան նախ սատանայի բաժին է դառնում... ՍՈՆԱ– Ուրեմն... ՕՁ– Այո՛, կամովին, առանց հմայանքի: ՍՈՆԱ– Այսինքն՝ կարող էր նաև հմայա՞նք լինել: ՕՁ– Հմայանք եղավ մեկ ուրիշ անգամ: Այդ պատմությունը դուք դարձրիք լեգենդ և կապեցիք Զևսի հետ: ՍՈՆԱ– Հետաքրքիր է: ՕՁ– Իրականում դա եղավ այսպես: Կնոջը մի օր լոգանքի պահին տեսավ հրեշտակներից մեկը... (Վառվում է ձախ կողմի լույսը: Մի հրեշտակ կլանված նայում է հեռուն): ՀՐԵՇՏԱԿ– Օ՜, իգական գեղեցկություն... Ի՜նչ հանճարեղ արարչություն: (Մնում է քարացած): ՍՈՆԱ– Ու նա էլ քուն ու դադարը կորցրեց: ՕՁ– Այո՛: Ինչպես ամեն մի զգայական արարած: ՍՈՆԱ– Հետո՞: ՕՁ– Նրա մտքում արդեն միայն կինն էր, բայց կինը նրան մոտիկ չէր թողնում: Չգիտեմ, ուզում էր տանջի, թե իսկապե՛ս չէր սիրում: Եվ մի օր, երբ հրեշտակը դարձյալ նայում էր լողացող կնոջը... (Օձը մոտենում է հրեշտակին) Չե՞ս դիմանում: ՀՐԵՇՏԱԿ– Դիմանալու չէ: ՕՁ– Գիտեմ: ՀՐԵՇՏԱԿ– Տես, թե ինչ գեղեցկություն է: ՕՁ– Տեսնում եմ, որ լավ մերկություն է: ՀՐԵՇՏԱԿ– Չեմ հասկանում, թե ինչից է Աստված նրան ստեղծել: ՕՁ– Դա կմնա հավերժական առեղծված: Ես գիտեմ միայն մի բան. արարչանյութին նա կախարդանք է խառնել: Մի անհատակ կախարդանք: Կնոջ գաղտնիքը դա է: ՀՐԵՇՏԱԿ– Ինչո՞ւ ինձ մոտիկ չի թողնում այդ կախարդանքը: ՕՁ– Դա՛ էլ առեղծված է, բայց ես կօգնեմ քեզ: ՀՐԵՇՏԱԿ– Միշտ կմնամ երախտապարտ: (Նայում է օձին): ՕՁ– Կախարդանքին կարելի է միայն կախարդանքով հաղթել: ՀՐԵՇՏԱԿ– Ինչպե՞ս: ՕՁ– Դու պիտի կերպափոխվես: ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ դառնամ: ՕՁ– Տես՝ ի՛նչ կա նրա շրջապատում: ՀՐԵՇՏԱԿ– Նախանձում եմ ամեն ինչին: ՕՁ– Իսկ ամենից շա՞տ: ՀՐԵՇՏԱԿ– Ջրին, որ գրկել է նրան: ՕՁ– Ուրիշ: ՀՐԵՇՏԱԿ– Ծաղիկներին, որոնք այնքան մոտ են: ՕՁ– Է՛լ: ՀՐԵՇՏԱԿ– Կարապներին, որ լողում են շուրջը: |
ՕՁ– Կարապների՜ն... ՀՐԵՇՏԱԿ– Կարապների՛ն, այո՛: ՕՁ– Կարապների՜ն... (Նայում է հրեշտակին): ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ ես ուզում ասել: ՕՁ– Արդեն ասացի: ՀՐԵՇՏԱԿ– Դու ուզում ես, որ ես կարապի՞ փոխարկվեմ: ՕՁ– Դա ե՛ս չեմ ուզում: Դա ուզում ես... դո՛ւ: ՀՐԵՇՏԱԿ– (Վերև նայելով) Ո՜վ, Ամենազոր, մի՞թե չկա ուրիշ միջոց: ՕՁ– Քո պարագայում դա միակ ելքն է: Ինքդ որոշիր` ուզում ես, թե չէ: ՀՐԵՇՏԱԿ– (Հեռուն նայելով) Նա այնպես է ինձ հմայել, որ ես, ավա՜ղ... (Վառվում է աջ կողմի լույսը: Օձը գալիս է Սոնայի մոտ): ՍՈՆԱ– Եվ նա համաձայնե՞ց: ՕՁ– Ում սրտում էլ այդպիսի կրակ վառվեր, անկարող կլիներ չհամաձայնել: ՍՈՆԱ– Հետո՞: (Վառվում է ձախ կողմի լույսը: Այժմ այնտեղ են կարապի փոխակերպված հրեշտակն ու Եվան, որը նստած է լճակի ափին): ԿԱՐԱՊ– Արևը քո մարմինը կայրի: Թող, իմ ստվերով ծածկեմ այն: (Թևը բացում է և կնոջ մարմինը ստվերում): ԵՎԱ– Օ՜, ինչ ճերմակ են քո փետուրները, ինչ մաքո՜ւր: (Կարապի պարանոցը շոյում է): ԿԱՐԱՊ– Քո մարմինը չքնաղ է իմ տեսած բոլոր ծաղկաստաններից: Թող, քաղեմ քո ծաղիկները: ԵՎԱ– Քո խոսքերը հաճելի են իմ լսած բոլոր խոսքերից... ԿԱՐԱՊ– Դու երևի շոգում ես: Ես կհովհարեմ քո վճիտ մարմինը: (Թևով հովհարում է): ԵՎԱ– Օ՜, ի՜նչ սքանչելի է: (Պառկում է) Որքա՜ն հաճելի զովք: (Զգացվում է, որ ուզում է նիրհել): ԿԱՐԱՊ– Եվ ինչպիսի՜ երջանկություն... (Կինը քնում է: Գալիս է օձը): ՕՁ– (Կնոջը նայելով) Ի՜նչ չքնաղ պատկեր... Իսկապես որ անհնար է դիմանալ: ԿԱՐԱՊ– Ինչի՞ն: ՕՁ– (Հեգնանքով) Հովհարելու ցանկությանը: (Կարապը նայում է նրան) Ժամանակ մի՛ կորցրու... ԿԱՐԱՊ– Ի՞նչ անեմ: ՕՁ– Ապո՛ւշ: Դու երևի մոռացել ես, որ կարապ չես: ԿԱՐԱՊ– Չեմ մոռացել, բայց... սիրտս մի տեսակ: ՕՁ– Ի՞նչ: ԿԱՐԱՊ– Դա, ախր, կլինի... ՕՁ– Դո՛ւ գիտես, հիմա՛ր: Բայց իմացիր, որ քեզ մնացել է ընդամենը մեկ ժամ: (Օձը հեռանում է: Վառվում է աջ կողմի լույսը: Սոնա և օձ): ՍՈՆԱ– Եվ կարապը... ՕՁ– Այո՛: Կարապը կնոջն առավ թևերի մեջ, և կինը երազում իրեն տեսավ ամպերի գրկում: Կարապը օրորեց նրան իր ձյունե փետուրների մեջ, և կինը իրեն զգաց ալիքների վրա: Այդ օրը կինը երազների մեջ հեքիաթներ տեսավ, իրական հեքիաթներ… Լույսերը մարում են: Այս անգամ բեմը լուսավորվում է սովորականից ուշ: Բեմում Սոնան է: Նա, հայելու մոտ իրեն հարդարելով, պատրաստվում է տնից գնալու: Լսվում է ձայն: ՁԱՅՆ– Նրա մո՞տ ես գնում: ՍՈՆԱ– Այո՛, նրա մոտ: ՁԱՅՆ– Մի՛ գնա: ՍՈՆԱ– Չեմ կարող: ՁԱՅՆ– Կարող ես, Սոնա: Մի՛ գնա: ՍՈՆԱ– Ինչո՞ւ: ՁԱՅՆ– Որովհետև բարոյական չէ: Դու ամուսին ունես: Հավատարիմ եղիր նրան: ՍՈՆԱ– Մի ժամանակ հավատարիմ էի: Հետո... ՁԱՅՆ– Գիտեմ: Ես դա գիտեմ: ՍՈՆԱ– Ախր, մարմինս ձգում է: ՁԱՅՆ– Մի՞թե նա լավն է քո ամուսնուց: ՍՈՆԱ– Չգիտեմ: Գուցե լավը չէ, բայց սիրտս ինչ-որ նորություն է անձկում: ՁԱՅՆ– Ընդամենը՝ այդքա՞ն: ՍՈՆԱ– Հավանաբար: ՁԱՅՆ – Իրականում դու նրանց չես սիրել, Սոնա: ՍՈՆԱ– Գիտեմ: |
ՁԱՅՆ– Քո ուզածն ընդամենը նորություն է եղել, ու երբ գտել ես այն, այդ նորությունը կորցրել է հմայքը, և դու, ի վերջո, համոզվել ես, որ գրեթե նույնն են բոլոր տղամարդիկ: ՍՈՆԱ– Դու ասացիր՝ գրեթե: Տարբերություն ուրեմն կա: Իսկ գիտե՞ս, թե ինչպես է խելքահան անում այդ նորությունը: Ու եթե դա նորություն էլ չէ, միևնույնն է, թվում է, թե նորություն է լինելու: ՁԱՅՆ– Բայց դրա համար արժի՞... ՍՈՆԱ– Դու դա չես հասկանա: Ով չի ապրել այդ զգացումը, նա չի հասկանա: Իմ ամուսինը, այո՛, գուցե և լավն է նրանց բոլորից, բայց ես անզոր եմ, հասկանո՞ւմ ես: Այդ ցանկությունը իմ մեջ ծնվում է ինձանից անկախ, ու ես չեմ կարողանում այն խեղդել: Երբեմն ինձ զսպում եմ: Երդվում եմ, որ դա լինելու է վերջին անգամ, բայց... չգիտեմ որտեղից, ականջիս տակ հայտնվում է օձը... ՁԱՅՆ– Իսկ մտածե՞լ ես, թե դու ուր ես այսպես գնում… Որքա՞ն է շարունակվելու այս դիմակահանդեսը: ՍՈՆԱ– Իսկ դու մտածե՞լ ես, թե ինչ կլինի, եթե բոլորս հիմա հանենք մեր դիմակները... ՁԱՅՆ– Ասված է՝ մի՛ շնացիր: ՍՈՆԱ– Ու նաև ասված է, որ մտքում ցանկանալն իսկ արդեն շնանալ է: Ասված է՝ ուրիշի մի՛ ցանկացիր: Բայց դա անհնար է, հասկանո՞ւմ ես, անհնա՛ր: Սոնան գնում է: Գալիս է Արիսը, նստում բազկաթոռին, վերցնում հեռախոսը և համար հավաքում: ԱՐԻՍ– (Հեռախոսով) Վերջապես ավարտեցի. կարող եմ գալ... Ե՞րբ... Ավելի լավ է՝ երեկոյան... Ոչինչ, թող լինի մեկ ժամով: (Հեռախոսը դնում է): Հնչում է ձայն: ՁԱՅՆ– Էլ մի՛ արա, Արիս: ԱՐԻՍ– Անկարող եմ: ՁԱՅՆ– Դու գիտե՞ս՝ որքան տղամարդ է երազում, որ քո կինը գեթ մեկ անգամ լինի իրենը: ԱՐԻՍ– Գիտեմ: ՁԱՅՆ– Եվ, այդուհանդերձ, նա քեզ համար չունի այն գինը: ԱՐԻՍ– Ես մեղավոր եմ: Ես ինձ չեմ ներում, բայց իրողությունը դա է: Այլևս չունի... ՁԱՅՆ– Ինչո՞ւ: ԱՐԻՍ– Պատասխանը բոլորը գիտեն: Դա բնական է. այլ կերպ լինել չի կարող... Ուրիշ կերպ մտածելը ինքնախաբեություն է: ՁԱՅՆ– Ուրեմն, դուք բոլորդ գիտեք, որ դիմակահանդեսի մեջ եք, և խաղում եք ձեր խաղը: ԱՐԻՍ– Ավելի լավ է, դու ասա ելքը... Արիսը գնում է: Գալիս են Անին և օձը: ՕՁ– Դու հիմա՛ր ես, հիմա՛ր, Եվա: Կյանքդ անցնում է: Կզղջաս: ԱՆԻ– Քանի՜ անգամ ասեմ, որ չե՛մ ուզում դավաճանել: Ես հետո ինձ չեմ ների: Չեմ կարողանա նայել նրա աչքերին: ՕՁ– Քո արածը նույնպես խաղ է: Նույնպես դիմակահանդես է: Չէ՞ որ դու իրականում այլ տղամարդու տենչում ես: ԱՆԻ– Ասենք, այդպես է: Բայց ես իմ մեջ խեղդում եմ այդ զգացմունքը: Ես մնում եմ հավատարիմ: ՕՁ– Սո՛ւտ է: Սխա՛լ է: Դա նույն մեղքն է: Եվ դա ե՛ս չեմ ասում, այլ ինքը՝ Արարիչը: ԱՆԻ– Գիտեմ: Այդպես է ասված: Բայց ես չեմ կարող ընդունել, որ դրանք նույնն են: Չե՛մ կարող: ՕՁ– Քո ընդունելով չէ: Քո կամենալով չէ: ԱՆԻ– Բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ կա մի մեծ սխալ... Ես ունեմ բարոյականության ի՛մ օրենքները: ՕՁ– Ծիծաղելի բաներ մի՛ ասա. բարոյականության օրենքը մեկն է: ԱՆԻ– Բայց որը չի գործում և չի՛ կարող գործել: ՕՁ– Ճի՛շտ է: ԱՆԻ– Ուրեմն ճիշտ է նաև, որ ես ընդունել եմ իմ չափանիշը... Գնում են: Գալիս է Արան: Կրկին հնչում է նույն ձայնը: ՁԱՅՆ– Գիտեմ, այն գիշերների մասին դու մինչև հիմա էլ ամոթով ես հիշում: ԱՐԱ– Այո՛: Ամաչում եմ: ՁԱՅՆ– Համոզվեցի՞ր, որ նրանց մեջ չկար տարբերություն: (Արան ամոթահար լռում է) Թեև, եթե ճշմարիտն ասենք, կար. քո կինը ավելի հմայիչ էր ու ավելի հեքիաթային, քան... քո կինը: Եվ նա ավելի լավն էր միայն ու միայն այն պատճառով, որովհետև քո կինը չէր: ԱՐԱ– Այդպես էր, ճիշտ է: Բայց ո՞րն է իմ մեղքը: Ես իմ կնոջից, այո՛, իսկապես ստացա ավելին, քան... իմ կնոջից: ՁԱՅՆ– Եվ գիտե՞ս՝ ինչու չզգացիր, որ նա քո հեքիաթայինը չէ: ԱՐԱ– Չէ՛: Չգիտեմ: ՁԱՅՆ– Որովհետև դու նրա նկատմամբ ընդամենը կիրք ունեիր: Այրող, կուրացնող կիրք և ոչ թե սեր: |
ԱՐԱ– Թեկուզ և` այդպես: Իրողությունը, սակայն, իրողություն է. ես իմ կնոջից ստացա ավելին, քան... իմ կնոջից: ՁԱՅՆ– Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ արդեն դարձել եք անուղղելի: ԱՐԱ– Եթե խոսում ես դատելու համար և իսկապես դու արդարամիտ ես, դատելուց առաջ մեզ ցույց տուր ելքը... Գնում է: Զրուցելով գալիս են Սոնան և օձը: ՍՈՆԱ– Իսկ Ադամը այդ մասին չգիտե՞ր: ՕՁ– Ադամը սկզբում կարծում էր, թե կինը սատանայի հետ չի լինի, որովհետև... նա սատանա է: Եվ կարծում էր, թե Աստված կնոջ հետ չի լինի, որովհետև... նա Աստված է: ԱՐԱ– Եվ ինչո՞ւ էր կինը տրվում իրարից այդպես տարբեր էությունների: ՕՁ– Որովհետև Աստծուց նա ստանում էր աստվածայինը, իսկ սատանայից... Տարօրինակ է, բայց նրա համար նույնքան հաճելի էր նաև սատանան: Հաճելի էր ուժով իրեն գիրկն առնելու նրա վարքը: Գրավիչ էր՝ ինչ չէր գտնում Արարչի մեջ և Ադամի: ՍՈՆԱ– (Փոքր-ինչ կատակով) Խե՜ղճ Ադամի: Վառվում է բեմի ձախ կողմի լուսարձակը: Եվա և Ադամ: ԱԴԱՄ– (Մոտենում է Եվային և ուզում փաղաքշել, բայց, ինչ-որ բույր առնելով, անհանգստանում է) Որտե՞ղ ես դու օծվել, Եվա: Այս ի՞նչ բույր է: ԵՎԱ– Դա մեռոնի բույր է, Ադամ: Այդ բույրը ինձ դուր եկավ, և ես նրանով օծվեցի: Գիտեի, որ քեզ հաճելի կլինի: ԱԴԱՄ– Մեռոնի՞: Որտեղի՞ց քեզ մեռոն: Մեռոն լինում է միայն Աստծո մոտ: ԵՎԱ– Ճիշտ է: Միայն Աստծո մոտ է լինում: Նա մեզ մի սրվակ ուղարկել է: Ահա՛: (Զգացվում է, որ ստում է) Ինձ տվեց նրա հրեշտակը:: ԱԴԱՄ– (Թերահավատորեն) Տարօրինակ է: ԵՎԱ– (Իբր՝ վիրավորված) Քեզ համար ամեն ինչ տարօրինակ է: ԱԴԱՄ– (Եվայի թևին ինչ-որ բան տեսնելով ու շոշոփելով) Այս ի՞նչ կապույտ հետք է: ԵՎԱ– Ինչ կասկածամիտն ես, Ադամ: Ճյուղ է դիպել: ԱԴԱՄ– Սա մատնահետքերի նման է, Եվա: Եվ շատ նման է սատանայի մատնահետքերին... Ձախ կողմի լուսարձակը մարում է: Վառվում է աջ կողմի լույսը: ՍՈՆԱ– (Օձին) Եվ ի՞նչ արեց Ադամը, երբ իմացավ: ՕՁ– Ադամը մահու չափ վշտացավ, սիրտը կոտրվեց, և մշտական կսկիծը պատեց նրան: Նա օրերով Եվայի հետ չէր խոսում, շաբաթներով հեռանում էր: Որոշում էր այլևս չներել, սակայն... ԱՐԱ– Եվ հանդուրժե՞ց նրա վարքը: ՕՁ– Ուրիշ ելք չուներ: ՍՈՆԱ– Իսկ Ադամը հավատարի՞մ մնաց Եվային: ԱՐԱ– (Ծիծաղելով) Այդ ժամանակ ուրիշ կին չկար: ՕՁ– Դա կարևոր չէ: Օրերից մի օր Ադամն էլ տարվեց: ԱՐԱ– (Զարմացած) Ումո՞վ: ՕՁ– Եթերային հրեշտակով: ՍՈՆԱ– Արդեն պարզ է, և ամեն բան ընկավ տեղը: ԱՐԱ– Ինչպե՞ս դա եղավ: ՕՁ– Մի օր Ադամը տեսավ ոգեղեն, անհաս այդ էակին, և սիրտը բռնկվեց: ՍՈՆԱ– Եվ նա հասա՞վ այդ անհասին: ՕՁ– Ո՛չ: Նա միշտ մնաց երազային: ՍՈՆԱ– Եվ այդ խաղը շարունակվում է մինչև օրս: ՕՁ– Եվ այդ խաղը շարունակվելու է հավիտյանս... Բեմ են գալիս ներկայացման բոլոր կերպարները: Հնչում է երաժշտություն: Բոլորը դնում են դիմակներ: Դիմակահանդեսը շարունակվում է: Օձը մոտենում է նրանցից մի քանիսին և ականջներին ինչ-որ բան շշնջում: Հասկանալի է, որ ասում է գայթակղիչ խոսքեր: Երաժշտությունը դադարում է: Հնչում է նույն ձայնը: ՁԱՅՆ– Քողարկվելն արդեն անիմաստ է: Հանե՛ք դիմակները: (Մի քանի վայրկյան տիրում է լռություն): ԱՆԻ– (Դիմակը հանելով) Դիմակի կարիք ես չունեմ: Եվ չեմ համարում, թե մեղք եմ գործել: ԱՐԱ– (Նայելով ձայնի կողմը) Ու քեզ թվում է՝ մենք չգիտեի՞նք այս դիմակների ու դիմակահանդեսի մասին: Գիտեինք վաղուց: Պարզապես, մենք ընդունել ենք այս խաղը, այս ինքնախաբեությունը, որովհետև... |
ԱՆՆԱ– Եվ ի՞նչ. դուրս եկավ, որ բոլորս… ԱՐԻՍ– Ո՛չ: Ամենևի՛ն: Ընդամենը դուրս եկավ, որ այդպիսին կարող ենք լինել բոլորս: Կարող ենք լինել՝ անկախ մեզանից, որովհետև...(Անմիջապես իր ներկայությունն զգալ է տալիս օձը, որը, մի քանիսի շուրջը պտտվելով, ականջներին դարձյալ շշնջում է ինչ-որ խոսքեր): ՍՈՆԱ– Այս դիմակահանդեսը մենք ընտրել ենք որպես միակ միջոց: Մի՛ հանեք, խնդրում եմ, դիմակները: ԱՆԻ– Եվ սա եղավ լուծո՞ւմ: ԱՆՆԱ– Ո՛չ: Սա լուծում չէ: (Վերև նայելով) Ես լուծո՛ւմ եմ ուզում: Արդա՛ր լուծում: Ձայն հանեք: Ո՞վ գիտի այդ լուծումը: (Նորից տիրում է լռություն): ԱՅԼ ՁԱՅՆ ՎԵՐԵՎԻՑ– Ե՛ս... (Բոլորը նայում են վերև) Ե՛ս գիտեմ լուծումը: ԱՐԱ– Դե խոսի՛ր, ասա՛: ՎԵՐԵՎԻ ՁԱՅՆԸ– Լուծումը մեկն է: Միմիայն մեկը. խնդիրն այս չունի, չի ունենալու ընդհանուր լուծում... Թող ձեզանից ամեն մեկը ինքը գտնի լուծման իր տարբերակը... Տիրում է երկարատև լռություն: Վարագույրը դանդաղ փակվում է: |