Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն

Ծագումով հունարեն բառ է: Նշանակում է տեսարաններ դիտելու վայր, տեսարան (հունարեն՝ տեսնում եմ, դիտում եմ բառերից է):


Թատրոնը բնույթով սինթետիկ արվեստ է և իր մեջ է ներառում մշակութային ամենազանազան ոլորտներ, որոնք նրա համար վերածվում են, անուններն իսկ հնչեցնելիս պատկառանք առաջացնող, արարման գործիքների` գրականություն, երաժշտություն, պարարվեստ, նկարչություն և այլն:


Թատրոն բառն ինքնին համահավաք բովանդակություն ունի: Այն իր տիրույթների մեջ է ներառում բեմական կամ կամայական միջավայրը որպես բեմ դիտարկող արվեստի ամենատարբեր ձևերը՝ դրամատիկական թատրոն, օպերա, բալետ, մնջախաղ, տիկնիկային թատրոն, ստվերների թատրոն և այլն:


Բոլոր դեպքերում թատրոնը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է և թատերական միջոցներով ցանկացած գաղափարի իրականացում ենթադրում է ամենատարբեր մասնագետների ուժերի համատեղում:



Սա թերևս համահավաք, միացյալ ուժերով միևնույն նպատակին ծառայելու ունակության հոյակապ և հնագույն դրսևորման լավագույն ապացույց է, որը գալիս է ժխտելու միասնական ուժ դառնալու հայի անկարողության մասին այսօր ակտիվությամբ շրջանառվող մտայնությունները:


Հայ իրականությունը համահավաք ուժերով գեղեցիկն արարելու այս երևույթին մասնակից ու ականատես է դարձել հնագույն ժամանակներից: Ընդունված է ասել, որ դա սկսվել է մ.թ.ա. 1-ին դարից, երբ Արտավազդ Մեծի արքունիկում բեմադրվում էին հույն հեղինակների և այդ ստեղծարար հայ թագավորի հեղինակած դրամատիկական գործերը:

Սակայն այդ սահմանանիշը հայ իրականության համար ամրագրել որպես թատրոնի կամ ամենայն թատերականի սկիզբ, պետք է ընկալել պատմական փաստերի ժամանակագրության հարաբերական լինելու տրամաբանությամբ: Իսկ այդ պարագայում ինչու թատրոն պատմական երևույթը չդիտարկել հնագույն հայկական բանահյուսության համատեքստում, որը կաշկանդված չէ արարման ժամանակաշրջանի ստույգությամբ.


Վահագնի ծնունդը


Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի,

Երկնի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.


Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,


Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

(Ապա թէ) Բոց ունէր մորուս,

Եւ աչկունքն էին արեգակունք :


կամ


Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկեօղ շիկափոկ պարանն

Եւ անցեալ որպես զարծուի սրաթեւ ընդ գետն

Եւ ձգեալ զոսկեօղ շիկափոկ պարանն՝

Ընկեց ի մէջք օրիորդին Ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր։



Ունենալով հոմերոսյան լեզվամտածողությունից ոչ պակաս հեթանոս, անկաշկանդ բնութագիր և հավաստի ծագումնաբանություն, բանավոր մտքի այդ և բազմաթիվ մյուս գոհարները վկայում են հայ իրականության մեջ մ.թ.ա. 1-ին դարից շատ ավելի հնագույն դրամատիկական մտածողության և պատումի ակունքների գոյությունը: