Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջոն Մալկովիչ. « Թատրոնը վաղանցիկ կենդանի օրգանիզմ է»

02.16.2016

Թագլուրը ներկայացնում է «teatral-online.ru»-ի Լոս-անջելոսի թղթակից Նատալյա Հիգգինսոնի հարցազրույցից մի հատված ամերիկյան թատրոնի և կինոյի աստղ Ջոն Մալկովիչի հետ:


Հարց – Ի՞նչ դեր է խաղում ձեր կյանքում թատրոնը:

Ջոն Մալկովիչ – Թատրոնը վաղանցիկ կենդանի օրգանիզմ է: Դա մի վայր է ու վիճակ , որտեղ դու գտնվում ես միայն հիմա, ժամանակի այս պահին: Ես թատրոնը համեմատում եմ սերֆինգի (ալիքների վրա սահելու) հետ, թեև ոմանց այս համեմատությունը կոպիտ է թվում: Բայց ես կբացատրեմ, թե ես ինչու ունեմ այդպիսի ներզգացողություն: Այն ամենը, ինչ դու անում ես բեմում, դա վազող ալիքի վրայով պարզ սահք է, բայց դու ալիքը չես: Ալիքը, որի վրայով սահում է դերասանը, իմ պատկերացմամբ դա պիեսի նյութի և հանդիսատեսի բախումն է: Այդ բախումը ծնում է ալիք, որի վրա դու պետք է ոչ միայն կանգնած մնաս, այլև շարժվես նրա հետ միասին: Երբեմն դա քեզ հաջողվում է և դու հաղթանակած հասնում ես վերջին, երբ կարելի է պարզապես սուզվել ծափերի ալիքների մեջ:: Սակայն երբեմն քեզ անհասկանալի է թե ու՞ր է քշում, և դու ի վիճակի չես կանգ առնել և փոխել ուղղությունդ: Իսկ երբեմն դու պարզապես ընկնում ես և խեղդվում: Դա ամենասարսափելին է, որը ներկայացման ժամանակ կարող է քեզ հետ պատահել: Բավական չի, որ դու տառապում ես, դու նաև ստիպում ես, որ հանդիսատեսը տառապի՝ նայելով վերև սողալու համար արվող քո խղճուկ ճիգերին: Իսկ նա, հանդիսատեսը, ի միջի այլոց, տոմսի համար վճարել է:

Հարց – Դուք կինոյում հայտնվել եք թատրոնի շնորհիվ:

Ջոն Մալկովիչ – Դա շատ պատահական է եղել: 1983թ.-ին ես «Steppenwolf » անունը կրող մեր թատերախմբի հետ հյուրախաղերով գտնվում է Նյու-Յորքում: Ռոբերտ Դյուվալը, ով պատրաստվում էր նկարահանվել Միքելանջելո Անտոնիոնիի մոտ, ցանկանում էր, որ ես էլ մասնակցեմ այդ կինոնկարի նկարահանմանը: Նա վարպետին հրավիրեց իմ մասնակցությամբ ներկայացմանը և... շուտով վարպետն ինձ առաջարկեց նկարահանվել կինոյում: Նախկինում ես այդպիսի առաջարկություններ երբեք չէի ստացել: Ճիշտ է, մեր պլանները իրականացվեցին ոչ այդքան արագ (Անտոնիոնին կաթված էր ստացել) սակայն, այնուամենայնիվ, մեր առաջին հանդիպումը իմ վրա խոր հետք թողեց: Ես ինձ համար բացահայտել էի մի ֆենոմենալ մարդու: Անմոռաց փորձ է: Ես նույնիսկ հիշում եմ այդ տաք գարնանային օրվա եղանակը և հյուրանոցը, որտեղ մենք հանդիպեցինք: Դրանից հետո ես սկսեցի հրավերներ ստանալ կինոյում աշխատելու համար և իմ կինոդեբյուտը կայացավ «Տեղ սրտում» ֆիլմում:

Հարց – Այդ աշխատանքի համար դուք առաջադրվեցիք «Օսկարի»: Այնուհետև Ձեզ մասսայականություն բերեց Սթիվեն Ֆրիրզի «Վտանգավոր կապեր» ֆիլմը: Իսկ երկրորդ անգամ «Օսկարի» առաջադրվեցիք «Կրակի գծում» կինոնկարի համար: Այդ հաղթանակների համար, թերևս, ձեզ թատերական փորձը օգտակար է եղել:

Ջոն Մալկովիչ – Ես չէի համեմատի թատրոնը և կինոն: Դրանք տարբեր գազաններ են: Նրանք նույնիսկ մոտ բարեկամներ չեն: Կինոյում քեզնից պահանջվում է միայն մի քանի գերազանց մշակված վայրկյան: Քեզնից չեն պահանջվում դերասանական լուրջ կարողություններ, ինչը պահանջվում է թատրոնում: Երբեմն ամենահիանալի տեսարանները, պարզվում է, կարող են խաղալ, նույնիսկ, ոչ պրոֆեսիոնալ դերասանները: Քեզ բավական է հասկանալ խնդիրը ևարձագանքել : Ընդ որում ես դույզն իսկ չեմ փոքրացնում դերասանի տաղանդի նշանակությունը կինոյում: Ես պարզապես փորձում եմ բացատրել այն տարբերությունը, որն ակնհայտ է ինձ, որպես թատերական փորձ ունեցող դերասանի:

    Դիտվել է 1434 անգամ
    12345678910
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների