«Հայֆեստը» շարունակում է պահպանել կատարողական արվեստի գաղափարը
10.01.2014

Այս տարի երևանյան յուրահատուկ ստուգատեսում իրենց նոր ստեղծագործական ձեռքբերումները կներկայացնեն 18 երկրներից ժամանած 200 մասնակիցներ, այդ թվում ոլորտում հեղինակություն վայելող արվեստագետներ, արթմենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ, թատերագետներ:
Երևանի 10 բեմահարթակներում կցուցադրվի 50 ներկայացում:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, որին կհետևի «Լիվինգ փիքչրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը::
«Փառատոնն իր բնույթով և բովանդակությամբ համընկնում է Հայաստանի կառավարության մշակութային քաղաքականության կանոներին և սկզբունքներին: Այն ապահովում է մեր հանրապետության մշակութային բազմազանությունը» ,- միջոցառման մեկնարկից մի քանի ժամ առաջ կայացած մամլո ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արամ Գյուրջյանը: Նա հատկապես կարևորեց «Հայֆեստի» կրթական բաղադրիչի կարևորությունը, քանի որ հանդիսատեսը ոչ միայն կհաղորդակցվի ժամանակակից հետաքրքիր թատերական մտահղացումների հետ, այլև կմասնակցի միջոցառման շրջանակներում կազմակերպվող բովանդակալից և ուսանելի վարպետության դասընթացների, ինչն, անշուշտ, նպաստում է մասնագիտական հարթության մեջ համապատասխան ստեղծագործական մթնոլորտի ձևավորմանը;
«Մենք փառատոնում շարունակում ենք պահպանել կատարողական արվեստների գաղափարը: Այսինքն մենք ոչ միայն թատրոն ենք ներկայացնում, այլ նաև կատարողական արվեստի տարբեր ճյուղեր՝ պար, երաժշտություն և այլն: Այս ամենը նպաստում է, որ հայկական թատրոններում փոփոխություններ լինեն»,- ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Նա ընդգծեց, որ փառատոնում ցուցադրվում են բեմարվեստի այնպիսի նմուշներ, որոնք կայանում են տարավա ընթացքում, իսկ մասնագետները և հանդիսատեսները ինչ-ինչ պատճառներով չեն կարող տեսնել: Ըստ «Հայֆեստի» նախագահի հայկական ժամանակակից թատրոնը իր որակներով միանշանակ հարթության մեջ չի հարաբերվում «եվրոպական թատրոն» հասկացության հետ: Եվրոպայում կան երկրներ, որոնք ավանդաբար առաջատար են թատերական մշակույթի ասպարեզում (Անգլիա, Գերմանիա, Լեհաստան և այլն), և կան այնպիսիները, որոնց համեմատությամբ Հայաստանն է գտնվում նախապատվելի մակարդակի վրա (Ալբանիա, Սլովակիա): Այս երևույթը Ղուկասյանը համարում է օրինաչափ, քանի որ երկիրը դեռևս չունի համապատասխան ռեսուրսներ: Սակայն Փառատոնը այդ հանգամանքը փորձում է հարթել տարվա ընթացքում արտասահմանում աչքի ընկած ներկայացումները իր հարթակում ընդգրկելով և Հայաստանում ցուցադրելով: Իսկ ներկա, 12-րդ փառատոնը, ըստ նրա, թե ժանրային բազմազանությամբ և թե նորարական նյութի հագեցվածությամբ ոչնչով չի զիջում այլ երկրներում կազմակերպվող համանման միջոցառումներին::
ՀԵՂ.՝ ԹԱԳԼՈՒՐ