Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իր դռներն է բացել ատամնանիվ հիշեցնող հատակագծով թատրոնի շենքը՝ «Լույսի տունը»

Մոսկվայում, Ստրոմինկա փողոցում հանդիսատեսի առջև իր դռներն է բացել վերջին երեք տարիներին հիմնանորոգման դժվար ճանապարհ անցած Ռոման Վիկտյուկի թատրոնի շենքը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Դա Ռուսաստանի մայրաքաղաքում շատ հայտնի, 1929 թ.-ին կառուցված Ռուսակովի անվան մշակույթի տան շենքն է, որը 1996 թ.-ին փոխանցվել է Վիկտյուկի թատրոնին: Հիմնանորագման աշխատանքների ողջ ժամանակահատվածում թատրոնը հանդես է եկել և մոսկովյան տարբեր բեմահարթակներում, և մեկնել է հյուրախաղերի:

Թատրոնի շենքը իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է հսկայական ատամնանիվ: Սա աշխարհում առաջին կառույցն է, որի հանդիսասրահի պատշգամբները տեղադրված են հիմնական տարածքից դուրս և գտնվում են երեք արտաքին «ատամների»՝ ելուստների վրա: Հատակագծային բոլոր կառուցվածքները, շենքի բոլոր ծավալները հարմարեցված են գլխավոր դահլիճի նկարագիրը տրոնսֆորմացնելու համար: Ի դեպ, դահլիճը զբաղեցնում է ամբողջ կառույցի 70 տոկոսը: Իր հատակագծային լուծումներով ավանգարդիստական շինությունը լիարժեք կարող է ծառայել հենց հատկապես այս թատրոնին, որի գեղարվեստական ղեկավարը միշտ էլ աչքի է ընկել իր ավանգարդիստական մտահղացումներով:

«Այս հարթակը կարծես, իրոք, ստեղծված լինի հատկապես մեր համար: Ես այս տարածությունը տեսել եմ բոլոր երեք կետերից: Ես ոչնչից չեմ վախենում: Ես այն պաշտում եմ: Այն իմ հետ զրուցում է: Ուշ երեկոյան և գիշերը այստեղ լսելի են ձայներ, աղմուկներ: Սա կենդանի էակ է և արձագանքում է միայն այն մարդկանց, ովքեր սիրում են թատրոնը, սիրում են Մելնիկովին (Կոնստանտին Մելնիկով- շենքի ճարտարապետը-խմբ.) և սիրում են կյանքը»,- ասել է Ռոման Վիկտյուկը:

«Երբ բացեցինք պատուհանները, մենք տեսանք ողջ հեղինակային գաղափարը: Ինչպես ասում է Ռոման Վիկտյուկը. «Արևը ընթանում է ողջ շրջանով մեկ՝ օրվա ցանկացած պահի լուսավորելով այս շենքը»: Ինքը՝ Մելնիկովը այն անվանել է «Լույսի տուն»»,- նշել է վերակառուցման աշխատանքները ղեկավարած ճարտարապետը՝ Սերգեյ Լեսնիկովը:

«Լույսի տուն»-ը նախատեսված է 450 հանդիսատեսի համար, այդ թվում նաև նրանց, ովքեր շարժվում են սայլակներով:

Ասենք, որ թատրոնի շենքը իր ճարտարապետական նոր նկարագրից բացի նաև հագեցվել է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով, իսկ առաջին ներկայացումը, որը կպատրաստվի հիմնանորոգված շենքում, կլինի ռուս մեծ բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի «Ֆեդրա» ողբերգությունը:
    Դիտվել է 993 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների