Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աճել է թատրոնում, բայց չի «հասկանում թե ինչու՞ են ոմանք այդքան քնքշորեն վերաբերում նրան»

10.13.2015


«Ազնիվ խոսք, չեմ հասկանում, թե ինչու են ոմանք այդքան քնքշորեն վերաբերում նրան (թատրոնին-խմբ.): Մեր ինչի՞ն է պետք 400-ամյա հնության այս ամբողջ թատրոնը: Ու՞մ է այն հարկավոր: Փռեք այն ասֆալտին: Տեսեք, տեսեք, աղետ է»,- այսպես է արտահայտվել հոլլիվուդյան կինոյի հանրահռչակ աստղ Էնթոնի Հոփքինսը թատրոնի մասին՝ համոզված լինելով, որ թատրոնը ծերացել է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թեև թատրոնի կենսունակության մասին այսպիսի անբարենպաստ կարծիք է հայտնել, բայց ինքը՝ Հոփքինսը, կինո է մուտք գործել հենց թատրոնից:

Նա ծնվել և դաստիարակվել է ոչ այնքան ապահով բրիտանացի բանվորի ընտանիքում: Սովորել է Ուելսի երաժշտության և դրամայի արքայական քոլեջում, երկու տարի ծառայել է բանակում, ապա անցել աշխատանքի Մանչեստրի թատրոններից մեկում:

«Երբ ես խաղում էի Մանչեստերում, ռեժիսորն ինձ ազատեց աշխատանքից, որովհետև ես, քիչ էր մնում, ջարդեի մի դերասանի ողնաշարը: Նա ասաց, որ շատ վտանգավոր է իմ նմանին բեմ բարձրանալու թույլտվություն տալը: Բայց արդյունքում բախտս բերեց, որովհետև նա խորհուրդ տվեց գնալ այն մոդայիկ թատերական դպրոցներից մեկը, որոնց ինքն անձամբ չէր հավանում»: Այդ մասին Հոփքինսը շատ տարիներ անց պատմել է «Esquire» հանդեսին:

Այնուամենայնիվ նա հետևել է այդ խորհրդին և տեղ ու թոշակ ստացել դրամատիկական արվեստների Արքայական ակադեմիայում սովորելու համար, որտեղ էլ դարձել է լուրջ դերասան:

Սըր Ֆիլիպ Էնթոնի Հոփքինսը առաջին խոշոր դերերը խաղացել է «Swansea՝s Palace Theatre»-ում, որը այսօր գտնվում է շատ աղետալի վիճակում (այն ուղղակի սկսել է աստիճանաբար փլվել) և 1888 թին կառուցված շենքը փրկելու կողմնակիցները հարցի դրական լուծման փաստարկներում նշում են նաև այն իրողությունը, որ այստեղ է իր առաջին դերերը խաղացել Հոլլիվուդի փառապանծ արտիստներից մեկը:

1965թ-ից Հոփքինսն աշխատանքի է անցնում Մեծ Բրիտանիայի գլխավոր թատրոններից մեկում՝ Արքայական ազգային թատրոնում, որն այդ ժամանակ ղեկավարում էր նշանավոր Լոուրենս Օլիվյեն: Այստեղ Հոփքինսն աշխատեց 7 տարի, որի ընթացքում հասցրեց խաղալ ավելի քան 10 բեմադրություններում, որոնցից 5-ը՝ Շեքսպիրի պիեսներում:

Ասենք, որ հոլլիվուդյան կինոաշխարհի ապագա աստղը միայն այդ թատրոնում չի որ աշխատել է: Մինչև կինոխցիկի առջև կանգնելը նա հանդես է եկել էլի մի շարք բրիտանական բեմերում:
    Դիտվել է 1010 անգամ