Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խաչատրյանական վալսով ուղեկցվող ձյան, կրակի, փայլաթղթերի հրավառություն Նեապոլում

01.30.2018

Հունվարի 27 և 28-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի «Teatro Stabile di Napoli Mercadante» թատրոնի բեմում լերմոնտովյան նշանավոր «Դիմակահանդեսի» ցուցադրությունից առաջ արտակարգ իրավիճակում է հայտնվել Մոսկվայի Վախթանգովի անվան թատերախումբը: Այդ մասին ներկայացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ներկայացման ցուցադրության նախորդ օրը, հունվարի 26-ին հյուրանոցի գեղատեսիլ ճանապարհին ոլորվել է իշխան Զվեզդիչի դերակատար՝ Լեոնիդ Բիչևինի ոտքը: Քանի որ նրա հերոսը, որին դերասանը առաջնակարգ մարմնավորում է ոչ առաջին տարին, շատ շարժուն է և դինամիկ և չի կարող խուսափել կտրուկ շարժումներ կատարելուց, ապա բժիշկների միահամուռ կարծիքով պետք է բեմ չբարձրանա:

Արագ կարգով պետք էր նրան գտնել փոխարինող: Ներկայացումից ժամեր առաջ, կաղացող Լեոնիդ Բիչևինը իր դերի մեջ է մտցրել Վլադիմիր Բալդիյանին, որը ինչ-որ ժամանակ փորձել էր Զվեզդիչի կերպարը:

Նեապոլում հյուրախաղերի ժամանած մոսկովյան թատրոնի դերասանական խումբը այս որոշումը կայացրել և իրագործել է առանց Թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրող ռեժիսոր Ռիմաս Տումինասի գիտության:

Իսկ երբ հունվարի 27-ին ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել և վախթանգովցիները իրենց ծափերի ու «բրավոների» առատ չափաքանակն են ստացել իտալացի հանդիսատեսներից, զանգել են Մոսկվայում մնացած Ռիմաս Տումինասին և տեղեկացրել արտակարգ իրավիճակի մասին:

Գեղարվեստական ղեկավարը մի պահ լռել է և զրուցակցին խնդրել արտիստներին փոխանցել, որ նրանք մոռանան թե ինչպես են երեկ խաղացել և բեմադրությանը վերաբերվեն ինչպես նոր ներկայացման: «Խաղացեք ազատ: Երեկ բոլորդ հուզվել եք... սակայն ծանր փուլը հաղթահարվել է: Եկեք տրամադրվենք լավագույնին և մի վայրկյան լուռ մնանք...»,- ասել է Տումինասը:

Երբ հյուրախաղերը հաջողությամբ ավարտվել են, դերասանները խոստովանել են, որ փաստորեն միայն մեկ («մի հուզվեք, խաղացեք ազատ») միտքը իրենց ներշնչել է, որպեսզի երկրորդ ներկայացումը խաղան առավել ոգևորված և ներշնչանքով:

Այս ներկայացման մեջ լերմոնտովյան ողբերգությունը Տումինասը վերածել է խաչատրյանական վալսով ուղեկցվող ձյան, կրակի, փայլաթղթերի հրավառության: Պտտվում է սպիտակ պտտահողմը, և մարդիկ, որոնք երևում են այս տեսարանում, նման են հեռացող և կիսով չափ մոռացված ժամանակաշրջանի ուրվականների: Եվ նեապոլյան հանդիսատեսը, որի բնակավայրում հունվարին մթնոլորտի ջերմաստիճանը +16 է, ուղղակի, հիացմունքով է դիտել ձմեռային այդ տեսարանները:

Ասենք, որ «Դիմակահանդեսի տոմսերը Նեապոլում վաճառվել են 50 եվրոյով և հիմնականում լրիվ սպառվել են:
    Դիտվել է 1049 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների