Թե ինչպես Խրտվիլակը դարձավ Ձնե մարդ
Սամվել Մարտիրոսյան Թե ինչպես Խրտվիլակը դարձավ Ձնե մարդ (Մանկական պիես` 2 գործողությամբ ) Գործող անձինք. Խրտվիլակ Ճնճղուկ Չանկր Կատու Շանել Աղվես 1-ին տղամարդ 2-րդ տղամարդ Ճնճղուկների բազմություն ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ Պատկեր 1-ին Արևածաղիկների դաշտ: Բերքահավաքն արդեն մոտենում է ավարտին: Դաշտի հարևանությամբ կանգնած են մոտեցող աշնան հետ կռիվ տվող մի քանի ծառ: Ծառերի մեջ՝ բերքահավաք անողներից թաքնված բարձր ու գեղեցիկ մի արևածաղիկ: Փչում է երբեմն ուժեղացող, երբեմն թուլացող քամի: Մթնշաղը վախվորած դիպչում է ծառերին ու արևածաղկին: Լռությունը հանկարծ խախտվում է պահածոյի դատարկ տուփերի աղմուկով: (Լսվում են 1-ին և 2-րդ տղամարդու ձայները): 1-ին ձայն - Այս խրտվիլակը մեզ այլևս պետք չէ: 2-րդ ձայն( ծիծաղելով ) - Այո, նա իր գործը կատարեց: Նետիր մի կողմ: 1-ին ձայն - Գուցե եկող տարի է՞լ մեզ պետք գար: 2-րդ ձայն - Նորը կպատրաստենք: Ես ավելի մեծ պահածոների տուփեր կկախեմ նրա պարանոցից ու թևերից, որպեսզի առաջացած աղմուկից ոչ միայն ճնճղուկները, այլև գայլերը վախենան: 1-ին ձայն -Բայց քեզ ասեմ. այս խրտվիլակը շատ լավ պահպանեց մեր արևածաղիկները: Ի՞նչ է մնում մեզ անելու: Ոչինչ; Ամբողջ ձմեռ նստիր պատուհանի մոտ ու չրթիր… 2-րդ ձայն - Այո, ինչ-ինչ , բայց ձմռանը իսկական սառնամիք է լինելու… 1-ին ձայն - Ինչ ճիշտ է, ճիշտ է: Ցուրտ է լինելու: Ու.., պատկերացնելիս մարմինսդող է ընկնում: 2-րդ ձայն -Դե , նետիր, այդ անիծյալ խրտվիլակը և մեր գործը համարենք ավարտված: (Լսվում է ընկնող պահածոյի դատարկ տուփերի ու փայտի աղմուկ) 2-րդ ձայն- Ասում ես գործն ավարտեցի՞նք: Իսկ այս մե՞կը: Նայիր, ինչ գեղեցկուհի է : (Արևածաղիկին մոտեցած ձեռքերը դժվարությամբ պոկում են գլխիկը ) : Ու ոնց է թաքնվել ծառերի հետևում: Սիրունիկս, ես քեզ կպահեմ ու կչրթեմ միայն Ամանորին, երբ ձյունը գա ու ծածկի այս դաշտը … ( մարդիկ հեռանում են ) Պատկեր 2-րդ (Լուսինը դուրս է գալիս: Ծառապատ բացատում ընկած է խրտվիլակը: Նրանից քիչ հեռու ընկած է լայնեզր գլխարկը: Խրտվիլակ - Վու¯յ, վա¯խ, վա¯խ … օ¯ֆ, ոտքս, իմ միակ ոտքս: Օֆ, ձեռքերս, իմ զանգուլազարդ ձեռքերս … Երախտամոռ մարդիկ: Սա՞ է ձեր շնորհակալությունը: Ախր, առանց ինձ դուք արևածաղիկ չէիք ունենա: Չէիք կարող ունենալ: Չէ՞ որ դա շատ տրամաբանական է: Հիմա բոլորը թռցրած կլինեին: Ինձ մի կողմ եք նետում … որպես փայտի խռիվ … օֆ, օֆ … : Ու՞ր է գլխարկս: Քեզ ի՞նչ եղավ, իմ լայնեզր: Չէ՞ որ նրանք քեզ մատով, անգամ, չդիպան: (Տնքտնքալով փորձում է հասնել մի կողմ ընկած գլխարկին) Դու ինձնից հեռու լինելու իրավունք չունես: Առանց լայնեզրի ի՞նչ խրտվիլակ… Մարդիկ իմ լեզուն չեն հասկանում և կարծում են, թե ճնճղուկները ինձնից վախենում են: Բայց աշխարհի բոլոր ճնճղուկներն իմ ընկերներն են: Իմ զանգուլակների ձայնը նրանց ոչ թե վախեցնում, այլ ավելի հեռուն թռչելու ուժ է տալիս … Չէ՞ որ դա տրամաբանական է: (Վերջապես վերցնում է գլխարկը և դնում գլխին ):Ահա, ահա, ես հասա իմ գլխարկին: Իսկ հիմա ոտքի …, պետք է ոտքի ելնել: (Ոտքի ելնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում): Օհ, դժվար է մեկ ոտք ունեցողների կյանքը: Ընկնելուց հետո, լավագույն դեպքում, նրանց վիճակված է ահա, այսպես … նստել … Ախ, ախ, ոտքս, ախ ձեռքս …(Մի կերպ ծուռ նստում է ու սկսում երգել). Ախ, տխուր է ապագաս, Եթե ոտքի չելնեմ: Թող սա լինի ինձ լավ դաս, Որ իմ գործը շուտ փոխեմ … |
Չէ, ես պիտի փոխեմ մասնագիտությունս: Ես այլևս խրտվիլակ չեմ ուզում լինել ( լալիս է ) : Իսկ իմ ընկերը՝ ճնճղուկը, արևածաղիկների բերքահավաքից հետո չի երևում: Հեյ ճնճղուկ, հասիր օգնության, քո ընկերը ոտքի ելնել է ուզում, հեյ ճնճղուկ … (Լսվում է ճնճղուկի ծլվլոցը, ապա նա գալիս է) Պատկեր 3-րդ (Ճնճղուկը և խրտվիլակը) Խրտվիլակ - Բարև Ճնճղուկ, իմ ընկեր: Ճնճղուկ ( Թռչելով այս ու այն կողմ ) -Իմ ընկերը … Օգնության է կանչում … Իմ ընկերը … Խրտվիլակ - Այո, այո, քո ընկերը: (Ձեռքերը պարզում է դեպի Ճնճղուկը: Պահածոյի տուփերը աղմկում են և Ճնճղուկը վախեցած մի կողմ է թռչում): Օհ, ինչ դժբախտն եմ ես … Բայց և շատ մեծահոգի եմ: Հենց տեսնում եմ իմ ընկեր ճնճղուկին, ձեռքերս, անկախ ամեն ինչից, ահա այսպես, պարզում եմ ու զանգուլակներով բարձր ու գեղեցիկ նվագում …(Պահածոյի տուփերը աներևակայելի աղմուկ են բարձրացնում ) և նրանց թևերը ուժ են ստանում, այնքան շատ ուժ, որ, եթե ցանկանան, մի անգամից, առանց հոգնելու կարող են թռչել թեկուզ մինչև աշխարհի ծայրը … Ճնճղուկ (վախեցած) - Խրտ…Խրտվիլակ… Դու, երբեմն, շատ տարօրինակ բաներ ես ասում: Ինչի՞ս է պետք աշխարհի ծայրը: Ես այստեղ էլ ինձ վատ չեմ զգում: Խրտվիլակ - Օ, սիրելի Ճնճղուկ, հենց քեզ տեսնում եմ, ընկերասիրությունս հորդում է ինչպես գարնան գետակ: Ես ուղղակի խեղդվում եմ իմ երգով քո թևերին ուժ տալու ցանկությունից: Ախր, Ճնճղուկ, դու չես կարող հասկանալ, թե ինչպիսի մեծ հաճույք է քո թռիչքին … հետևելը…. Ճնճղուկ - Հասկացա: Ով թռչել չի կարողանում, նրան ուրիշների թռիչքը գեղեցիկ զբաղմունք է թվում: Իսկ դա իմ ամենօրյա աշխատանքն է և ես շատ քրտինք եմ թափում: Խրտվիլակ - Գեղեցիկ է, երբ քրտինք ես թափում, կապույտ երկնքով սուրալու համար: Ճնճղուկ - Իսկ ինձ համար գեղեցիկ է, երբ աշխատանքդ գնահատում է ընկերդ: Խրտվիլակ - Այո, այո, ընկերդ… ( երգում է ) Երբ ընկերդ հեռուներից Գալիս է քեզ օգնության, Մի թնկթնկա քո ցավերից Այլ ջերմ ժպտա դու նրան: Երգիր երգեր ձեր անցյալից, Հիշիր օրերը պայծառ, Մտքում ասա. նա հասավ ինձ, Մենք կհաղթենք անպատճառ: Խրտվիլակ - Լավ երգ է, ճնճղուկ: Բայց նման դեպքերում վատ չեր լինի ոտքի կանգնել …. Ճնճղուկ - Այո, ոտքի վրա ավելի լավ կհնչեր: Խրտվիլակ - Ուհ, Ինչքան շատ երգեր կան, որ պիտի երգես ընկերոջդ հետ, այն էլ՝ ոտքի կանգնած: Դե, օգնիր ինձ , սիրելի ճնճղուկ , օգնիր ոտքի կանգնեմ: Ճնճղուկ - Հիմա, հիմա ,( Ճնճղուկը թռչկոտում է խրտվիլակի չորս բոլորը, փորձում է օգնել, բայց ոչինչ չի ստացվում ) դե, խրտվիլակ, ուժ տուր ոտքիդ , հիմա ծունկդ ծալիր…. Խրտվիլակ - Ես ծունկ չունեմ: Ճնճղուկ - Մեջքդ ծալիր, մեջքդ… (Խրտվիլակը փորձում է մեջքը ծալել : Բայց մեջքը չի ծալվում ) Խրտվիլակ - Ես, ես… կարծես թե մեջք էլ չունեմ…. (Այդ փորձերի ժամանակ պահածոյի տուփերը կրկին աղմկում են: Ճնճղուկը մի կողմ է ցատկում ): Ճնճղուկ - Իսկ պահածոյի տուփերը կրկին աղմկում են: Ես նման իրավիճակում չեմ կարող աշխատել, չեմ կարող ( նեղացած քաշվում է մի կողմ ) : Խրտվիլակ - Իսկ ես կար՞ող եմ : Ես էլ չեմ կարող: Աշխարհում չկա մեկը , որ կարողանա զսպել խրտվիլակի երգելու ցանկությունը, երբ նրան օգնության է եկել ընկերը: Ինչու՞ չեմ կարողանում զսպել իմ ուրախությունը: Հը՞, ինչու՞… Ճնճղուկ - Ես, ես… Չգիտեմ… Գուցե այն պատճառով, որ խրտվիլակներն անզու՞սպ են: (Երկուսով սկսում են լացել) Խրտվիլակ – Սովորաբար պարզ , արևոտ ու առանց քամի օրերին ես ինձ լավ եմ զգում: Միայն անձայն հորանջելու ցանկություններ են առաջանում: Ուրիշ ոչ մի ծպտուն ինձնից չես լսի: Իսկ այսօր, ես լցված եմ բողոքի թեմաներով:Այ, օրինակ, ահաբեկիչներ, մի պայթեցրեք ինքներդ ձեզ, դա վտանգավոր է առողջության համար: Այո, լցված եմ, շատ եմ լցված, բայց չեմ ուզում ընկերոջ մոտ խոսել իմ ցավերից: Մի՞թե դա զուսպ լինելու վկայություն չէ: Ճնճղուկ - Այո, համոզեցիր, վկայություն է: ՈՒրեմն, եկ ավարտենք մեր լաց ու կոծը : Մանավանդ, որ արտասուքներս էլ, կարծես, վերջանում են: Խրտվիլակ - Իսկ իմ աչքերում, նայիր , դեռ շատ կաթիլներ կան: (Հեգնանքով ծիծաղում է) Նույնիսկ կարող եմ մի քանի կաթիլ փոխարինաբար նվիրաբերել: Ահա, ահա մեկ, երկու…(արագ, արագ հաշվում է աչքերի խորքից դուրս հորդալու պատրաստ արտասուքները ): |
Ճնճղուկ –Շնորհակալ եմ: Չեմ ուզում: Լաց լինելով գործն առաջ չի գնա: Խրտվիլակ -Ճիշտ է: Տրամաբանական է: Ահա, ահա երկու կաթիլ էլ վայր ընկավ: Մնաց՝ ութ կաթիլ ….. Ճնճղուկ - Լաց լինել՝ նշանակում է խոստովանել սեփական անզորությունդ: (Խրտվիլակը լացը միանգամից կտրում է) Խրտվիլակ - Իսկ ես սխալ էի հաշվել: Այն երկու կաթիլները նախավերջինն էին: Մնացել է երկու կաթիլ: Դրանք էլ վայր կընկնեն և ես այլևս լաց չեմ լինի: Ահա՝ մեկն ընկավ ….(կրկին բարձրաձայն լալիս ու միանգամից` կտրում ձայնը) Ահա և վերջ: Արտասուք այլևս չկա: Ճնճղուկ - Դե, ուրեմն, սկսեցինք: Խրտվիլակ - Ի՞նչը… Ճնճղուկ - Պետք է գտնենք մեր լացի պատճառը: Խրտվիլակ - Տրամաբանական է: Ճնճղուկ - Եվ այսպես, ես այսպես. ինչու՞ եմ լալիս: Խրտվիլակ - … Եվ ես…. Ճնճղուկ - Ես լալիս եմ, որովհետև չեմ կարողանում քեզ օգնել: Խրտվիլակ - Ես էլ լալիս եմ, որովհետև չեմ կարողանում քեզ օգնել: Ճնճղուկ - Իսկ ինչու՞ չենք կարողանում մենք մեզ օգնել: Խրտվիլակ - Տրամաբանական է: Ճնճղուկ - Որովհետև քո զանգուլակները ինձ խանգարում են: Խրտվիլակ - Տրամաբա… Ինչպե՞ս: Ինչու՞: Այո, ես հասկացա: Նրանց գեղեցիկ զնգզնգոցը քո թևերին շատ ավելի է ուժ տալիս, քան հարկավոր է, և դու չես կարողանում զսպել հեռու , շատ հեռու թռչելու քո մեջ առաջացած ցանկությունը: Իսկ հեռվից ինձ օգնել չի լինի… Ճնճղուկ - Ուրեմն …. Խրտվիլակ - Այո, ուրեմն…. Ճնճղուկ - Ուրեմն պիտի ազատվենք քո այդ…. այդ…… զանգուլակներից: Խրտվիլակ - Ես, ես շատ, շատ եմ ափսոսում, բայց դա տրամաբանական է: Եվ հետո, չէ՞ որ աշխարհում կա այսպիսի երգ. Ախ, տխուր է ապագաս, Եթե ոտքի չելնեմ, Թող սա լինի ինձ լավ դաս, Որ իմ գործը շուտ փոխեմ: Ճնճղուկ - Այդ երգը, այդ երգը… Երևի դա աշխարհի բոլոր խրտվիլակների ամենալավ երգն է… Խրտվիյակ - Դե, սիրելի ճնճղուկ, անցիր գործի: Ճնճղուկ - Դե, խրտվիլակ, պարզիր ձեռքերդ: (Խրտվիլակը պարզում է ձեռքերը) Խրտվիլակ - Ահա: Ճնճղուկ - Դու չե՞ս լացի: Խրտվիլակ - Այսօր արտասուքներս արդեն վերջացել են: Ճնճղուկ – Չե՞ս ափսոսա: Խրտվիյակ - Մի քիչ կափսոսամ , բայց դու սկսիր: Ճնճղուկ - ՈՒրեմն սկսե՞նք… Խրտվիլակ - Սկսենք… (ճնճղուկը սկսում է կտցահարել և մեկիկ մեկիկ վայր է գցում պահածոյի տուփերը խրտվիլակի վրայից) Խրտվիլակ - Ես ուզում եմ բարձրաձայն ափսոսալ, բայց դու բանի տեղ չդնես: Ճնճղուկ -Դու բարձրաձայն ափսոսա: Ես կձևացնեմ, թե ոչինչ չեմ լսում: Խրտվիլակ - Դե , ես սկսում եմ: Ճնճղուկ - Սկսիր… Խրտվիլակ - Օ, իմ հնչեղ զանգուլակ մնաս բարով: Օ , իմ փայլուն զանգուլակիկ, քեզ բարի ճանապարհ: Հերթը հասավ կանաչ տուփիկին: Նրա ձայնը ինձ մի°շտ հիշեցնում էր գարնան վերջին օրը, երբ արևածաղիկները հանել էին իրենց գլխիկները և զարմացած նայում էին դեպի արևը սլացող ճնճղուկների թռիչքին: ճնճղուկ, այ ճնճղուկ, քո կտուցը սուր է ինչպես վարսավիրի մկրատը և ես ինձ զգում եմ ինչպես վարսավիրանոցում: Դու նախկինում պատահաբար, վարսավիր չե՞ս աշխատել: |
Ճնճղուկ- ճնճղուկները ի ծնե օդաչուներ են: Նրանք վարսավիր լինելու ժամանակ չունեն: Խրտվիլակ - ՈՒրեմն դու այն օդաչուներից ես, որոնք ցանկության դեպքում կարող են նաև վարսավիր լինել: Ճնճղուկ - Ես վերջացրի: Հիմա փորձենք ոտքի կանգնել: Սկսեցինք… Ճնճղուկ և Խրտվիլակ (միասին) - Մեկ , երկու , երեք… նորից… (փորձերը հաջողություն չեն բերում) Խրտվիլակ - Չի ստացվում: Մենք հոգնեցինք: Օֆ… Ճնճղուկ - Ահ, ահ… Այո… շատ հոգնեցինք… Խռտվիլակ- Եվ ոչնչի չհասանք…Շուտով ձյուն կգա: Ես այսպես գետնին ընկած կծածկվեմ սառն ու խոնավ վերմակով: Ափսոս, արտասուքս սպառվեց, թե չէ ես լաց կլինեի և կասեի. «Օ , ինչ տխուր է խրտվիլակի ճակատագիրը … »: ( երգում է ) Հիմա պետք չեմ ոչ մեկի, Եկավ պահը տխրության, Խրտվիլակը ի՞նչ երգի, Երբ, որ մոտ է ժամը ձյան: Ախ , տխուր է ապագաս , Եթե ոտքի չելնեմ, Թող սա լինի ինձ լավ դաս , Որ իմ գործը շուտ փոխեմ… Ճնճղուկ - Թող ինչքան ուզում է ձյուն գա ու սառնամանիք լինի: Ես հիմա կթռչեմ և օգնության կկանչեմ իմ ճնճղուկ եղբայրներին ու քույրերին: Նրանք կհավաքվեն այս դաշտում հազարներով, միլիոններով և քեզ կօգնեն , սիրելի խրտվիլակ: Նրանք քեզ ոտքի կկանգնեցնեն: Եվ դու աշխարհին կնայես նորովի, բոլորովին այլ հայացքով:Դու սպասիր: Միայն համբերությամբ սպասիր… (Ճնճղուկը թռչում է: Խրտվիլակը նրա ետևից բարձր կանչում է). Խրտվիլակ - Գնա , իմ ընկեր: Գնա նրանց ետևից: Երբ ինձ ցած նետեցին որպես փայտի խռիվ, համբերությունս ավելի հեռու ընկավ, քան գլխարկս: Ախր, դա շատ տրամաբանական է: Ո՞ր մի համբերությունը կդիմանար այդպիսի անարդարության: Իսկ հիմա այս տխուր ու դատարկ աշնան երկնքում, հապա մի տեսեք, թե որքան բարձր ու արագ է թռչում իմ ընկեր ճնճղուկը: Դա այնքան գեղեցիկ է, որ նման է բոլոր կորած համբերությունների վերադարձին: Լսու՞մ ես , ճնճղուկ ես և համբերությունս սպասում ենք… ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ Պատկեր առաջին Արևածաղիկների դաշտը £ Անօգնական ընկած խրտվիլակը անշարժ նայում է հեռու հորիզոնին: Չորս կողմն ուսումնասիրելով գալիս են Չանկր կատուն և Շանել աղվեսը: Չանկր կատվի ձեռքին հրացան կա , որը նա հաճախ օգտագործում է որպես ձեռնափայտ: Շանել աղվես - Եկ այստեղ , սիրելի Չանկր, եկ այս կողմ: Որքան երկար ենք քայլում , այնքան քո մորթին ավելի է գեղեցկանում: Նայիր, նայիր , տեղ-տեղ, հատկապես մեջքիդ ու պոչիդ, նույնիսկ, աստղափայլ է իջել: Օ, ինչ գեղեցիկ աստղափայլ է: Իսկ հապա մորթիդ բուրմունքը: Այն ինձ գրեթե ֆրանսիկան օծանելիքի բուրմունք է հիշեցնում: (Հոտոտում է կատվին , գողտուկ զզվանք է արտահայտում ) Ֆո ւ …. Օհ , գրեթե ֆրանսիական օծանելիք է … Չանկր կատու -Ես հոգնել եմ, ես քաղցած եմ: Լավ կլիներ այդ ֆրանսիական օծանելիքը մի փոքրիկ, թեկուզ շատ նիհարիկ ճնճղուկի վերածվեր… Մռռ… Շանել աղվես -Ահա, ահա, հասնում ենք: Այստեղ է արևածաղիկների դաշտը: Ճիշտ է մարդիկ բոլորը քաղել և տարել են, բայց հողին շատ սերմեր են թափվել: Ճնճղուկներն ուր որ է կգան, կհայտնվեն և կսկսեն քուջուջ անել, ինչպես հավիկները: Ախ, միայն տեսնել է պետք: Երբ նրանք սերմեր են փնտրում, ամեն ինչ մոռանում են: Հենց այդ ժամանակ դու քո հրացանով բում, բում… Չանկր կատու - Հա, հա… բում, բում… Շանել աղվես - Ախ, բում, բում… Որքան հեշտ էր բերքահավաքից առաջ: Ինչ բում, ինչ բում-բում: Դրա կարիքը բոլորովին չէր զգացվում: Պարզապես զբոսանքի էի գալիս և թաթիկս, այ, այսպես տանում աջ, կամ ձախ: Ճնճղուկերը իրենք իրենց ցանկությամբ, ահ, գրեթե կամավոր, մոտենում էին դնչիկիս: Ինձ մնում էր միայն հափ անելը… Չանկր կատու - Հափ, հափ, հափ… Մյաու, դա գրեթե նման է բում, բումի: Շանել աղվես - Իսկ նիհար ճնճղուկներին, այ այսպես, դնչիկիս մոտից հեռու էի քշում: Չանկր կատու - Գնացեք, քշա… նիհար ճնճղուկեր: Թմբլիկացեք, հետո համեցեք Շանել աղվեսի դնչիկի մոտ, հափ, հափ… Շանել աղվես - Նրանք ինձնից խիստ վիրավորվում էին, այո, այո սիրելի Չանկր: Ես նրանց նույնիսկ չէի հոտոտում: Չանկր կատու - Մյաու… Տես է, Շանել աղվեսը նույնիսկ չէր հոտոտում նիհար ճնճղուկներին£ Եփած հավի ծիծաղը կգա… Շանել աղվես - Չես հավատում: Ես էլ լինեի քո տեղը` չէի հավատա: Բայց հիմա, երբ հրացան ունես, ես համաձայն եմ քեզ հետ և, անգամ, ինքս ինձ չեմ հավատում: Այո, այո, ես` Շանել աղվեսս, հիմա միայն քեզ եմ հավատում, իսկ մնացյալը երազ է, քաղցր երազ… ( շողոքորթ ծիծաղում է ) Չանկր կատու - Բավական է£ Հասկացար: Ես ուզում եմ իմ հրացանով մեկի վրա նշան բռնել ու կրակել: Ինձ քո երազները չեն կշտացնում£ Դե, արագ քայլիր, լուսաբացը մոտենում է: Ցույց տուր ճնճղուկների հավաքատեղին: Գոնե մեկ ճնճղուկ … Բում, հափ… Շանել աղվես - Ինչ մեկ, ինչ մեկ… Ես ասեմ հարյուր, դու հասկացիր՝ հազար, ես ասեմ հազար… |
Չանկր կատու - Հա, հա, մռռ… Ես հիմա, մի անգամից, հազար ճնճղուկ կուտեի… Շանել աղվես - Հիանալի է: ՈՒրեմն կորսանք վեց հազար ճնճղուկ… Չանկր կատու - Ինչու վեց հազար, գուցե յոթ… կամ ութ, չէ, ավելի լավ է, տասը հազար… Շանել աղվես - Սկզբի համար ես կբավարարվեմ երեք հազարով… Չանկր կատու - Տես հա, պայմանը պայման է, ավելին չուզես: Շանել աղվես - Իհարկե, չեմ ուզի: Դու միայն քո հրացանը պատրաստ պահիր, սիրելի Չանկր: Ես հանուն քեզ կբավարարվեմ անգամ երկու հազար ինը հարյուր իննսուն ինը ճնճղուկով… (Աղվեսը երգում է, կատուն կրկներգին միանում է նրան) Օ, աղվեսը կատվի հետ Որսորդներ են առհավետ, Հոպ լե, հոպ լե Որսորդներ են առհավետ: Ճնճղուկները խատուտիկ, Շատ համեղ են, բայց` պստիկ, Հոպ լե, հոպ լե, Շատ համեղ են, բայց` պստիկ: Մեզնից հեռու չեն թռչի, Հրացանը կատակ չի, Հոպ լե, հոպ լե, Հրացանը կատակ չի: Չանկր բռնիր նշանը Զգույշ քաշիր ձգանը Հոպ լե, հոպ լե, Զգույշ քաշիր ձգանը: Շանել աղվես - Գնանք, իմ սիրելի Չանկր: Նրանք այս կողմերում շատ-շատ են: Այնքան շատ են, այնքան շատ, որ եթե թաթդ պարզես կդիպչես կտուցներին: Չանկր կատու - Գնանք, իմ հարազատ Շանել: Մռռ… Ես հրացանս կպարզեմ ու… Շանել աղվես - ՈՒ, բում, բում… երգելով գնում են) Ճնճղուկները խատուտիկ… Շատ համեղ են, բայց` պստիկ, Հոպ լե, հոպ լե, Շատ համեղ են, բայց` պստիկ: ՊԱԿՏԵՐ ԵՐԿՐՈՐԴ (Արևածաղիկների դաշտը: Գետնին փռված խրտվիլակը մենակ է) Խրտվիլակ - Այ քեզ, դժբախտություն: Այ քեզ, մեծ դժբախտություն: Այ քեզ, շատ մեծ դժբախտություն: Հիմա, ուր որ է, իմ ընկեր ճնճղուկը կգա: Նրա հետ կգան հարյուրավոր, չէ, միլիոնավոր ճնճղուկներ: Նրանք իմ պատճառով, սեփական ոտքի վրա կանգնել չկարողացող խռտվիլակի պատճառով, աղվեսի ու կատվի զոհը կդառնան: Հրացանը, բում, կպայթի ու ճնճղուկները, իմ բարի ընկերները … Օ, ոչ; Ես դա չեմ կարող թույլ տալ: Հեյ, հեյ, իմ ընկեր ճնճղուկներ: ՈՒ՛ր են զանգուլակներս… Հիմա ես աղմուկ կբարձրացնեմ, մեծ աղմուկ… Վայ ինձ… Ահա նրանք… Դրանք այլևս զանգուլակներ չեն: Դրանք անպետք ու դատարկ պահածոյի տուփերի պես ընկած են այս ու այնտեղ և միայն համր ու բաց բերաններով երկինք են նայում : (Լսվում է ճնճղուկի ծլվլոցը, ապա` նրա ծլվլոցին գումարվում են այլ ճնճղուկների ձայներ) Ես լսում եմ ճնճղուկի ծլվլոցը: Ես զգում եմ նրա թևերի թափահարումը: Օ, ոչ, նա մենակ չէ, նրա հետ են հարյուրավոր, չէ ինչ հարյուրավոր, միլիոնավոր ճնճղուկներ: Նրանք գալիս են ինձ ոտքի կանգնեցնելու… Ես չեմ ուզում ոտքի կանգնել: Չեմ ուզում: Փախեք , թռեք, հեռացեք այս վտանգավոր դաշտից, սիրելիներս: (Գալիս է մեր ծանոթ ճնճղուկը) Ճնճղուկ -Խրտվիլակ, խրտվիլակ, մենք եկանք: Իմ եղբայրներն ու քույրերը քեզ ոտքի կկանգնեցնեն: Խրտվիլակ - Չեմ ուզում: Հեռացեք , շուտ հեռացեք, այս վտանգավոր դաշտից: Ես չեմ ուզում ձեր դժբախտության պատճառը դառնալ: Չանկր կատուն, Չանկր կատուն ու Շանել աղվեսը: Ճնճղուկ - Ի՞նչ, ի՞նչ: Խրտվիլակ - Նրանք ձեր հետքերն են փնտրում£ |
Ճնճղուկ - Չանկր կատուն, Շանել աղվեսը: Խրտվիլակ - Նրանք հրացան ունեն: Ճնճղուկ - Սարսափելի է: Խրտվիլակ -Դե, հեռացիր: Թող քո եղբայրներն ու քույրերն էլ հեռանան: Ճնճղուկ - Իսկ դու: Իսկ, իսկ իմ ճնճղուկյան պատիվը: Օ, ոչ, իմ ընկեր Խրտվիլակ , իսկական ընկերը երևում է վտանգի ժամանակ: Ես չեմ թողնի քեզ մենակ: Մենք քեզ ոտքի կկանգնեցնենք: Խրտվիլակ - Դա հիմա անհնար է: Մեզ խանգարում են£ Քաղցած կատուն ու աղվեսը շատ վտանգավոր են: Հեռացեք , նրանք հիմա կնկատեն ձեզ: Ճնճղուկ ( ընդհանուրին դիմելով ) - Հեյ, հեյ, ոչ ոք խուճապի չմատնվի£ Քանի դեռ նրանք մեզ չեն նկատել , ես այս պարանները կգցեմ խրտվիլակի թևերի տակով, իսկ ծայրերը կհասցնեմ ծառերի մեջ թաքնված ընկերներիս: (Ճնճղուկը պարանները անցկացնում է Խրտվիլակի թևերի տակով և ծայրերը տանում իր ընկերների մոտ: Հեռվից լսվում է աղվեսի ու կատվի շշնջյունով կատարվող երգը): Խրտվիլակ - Արագ, ճնճղուկ, սիրելիս: Ես չեմ ուզում, որ դու զոհվես: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով որևէ ճնճղուկի փետուր վայր ընկնի: ճնճղուկ - Ահա, մնաց վերջին պարանը: Խրտվիլակ - Աղվեսի ականջները: Չանկր կատուն: Նրանք մոտենում են: Արագ, ճնճղուկ, առջևից աղվեսն է վազում, իսկ հետևից Չանկրն է` հրացանը ձեռքին, արագ: (Աղվեսը վազելով մոտենում է ճնճղուկին ու փորձում է բռնել) Աղվես - Հափ, հափ, հափ: Չանկր կրակիր, Չանկր: (Ճնճղուկը աղվեսից խույս է տալիս ու սուրում երկինք): Ճնճղուկ - Հոպ-պա… Խրտվիլակ, մենք քեզ հիմա օդ կբարձրացնենք, իսկ դու ոտքով մի լավ հարվածիր այդ հիմարի գլխին: Խրտվիլակ - Ես ամուր բռնել եմ պարանները£ Դե, ես բարձրանում եմ, հո, հո, հո… Ես թռչում եմ ինչպես ինքնաթիռ: Ես Խրտվիլակն եմ, որ կարող է ինքնաթիռ դառնալ: ՈՒ… ( օդից հարձակվում է աղվեսի վրա ու մի լավ հարվածում ) առ քեզ, դե, առ քեզ… Աղվես – Ա… Չանկր Օդային հարձակում: Սպանում են: Ա… (Աղվեսը փախչում է: Գալիս է կատուն, որը փորձում է կրակել): Չանկր կատու - Հիմա ձեզ ցույց կտամ անպետք ճնճղուկներ ( նկատում է թռչող խրտվիլակին ու սարսափահար կանգնում ) Այ, վույ, դայ, դայ: Վայ, խրտվիլակը թռչում է: Ես, ես: Չեմ ուզում թռչող խրտվիլակ տեսնել: (Խրտվիլակը հարձակվում է որսորդի վրա: Սա հրացանը մի կողմ է նետում ու գլուխը բռնած` փախչում): Խրտվիլակ - Մենք հաղթեցինք նրանց: ճնճղուկ նրանք փախչում են: ճնճղուկ - Այո, այո, մենք հաղթեցինք: Իսկ հիմա պատրաստ եղիր: Դու վայրէջք ես կատարելու: Մենք քեզ կկանգնեցնենք ամուր հողի վրա: Պատրաստ ես: Խրտվիլակ - Պատրաստ եմ: ճնճղուկ - Դե , սկսում ենք վայրէջքը: Մեկ, երկու, երեք… (Խրտվիլակը կանգնում է գետնին) Խրտվիլակ - Ես կրկին ամուր կանգնած եմ: Լսում եք, ճնճղուկներ: (Հնչում է ,,Երբ ընկերը հեռուներից,, երգը) ճնճղուկ - Լսում ենք: Քեզ բոլորը շատ լավ են լսում, սիրելի խրտվիլակ: Իսկ հիմա հրահանգ բոլոր ճնճղուկներին: Պարանները հանել խրտվիլակի թևատակերից: Կտուցները վեր պարզել: Թևերի բացվածքը` ամենալայնը:Պատրաստվել թռիչքի: Բարձրությունն` առավելագույն: Մեկնարկ… Սիրելի բարեկամ խրտվիլակ, նայիր երկինք: Տես թե ինչ են բերել ճնճղուկներն իրենց կտուցներին: Խրտվիլակ - (վերև է նայում ու հիանում): Ձյան փաթիլներ: Իսկական ձյան փաթիլներ: Ձյուն է գալիս: Հեյ-հեյ ձյուն է գալիս, փաթիլներն իջնում են իմ վրա: Նրանք նստում են ձեռքերիս, ուսերիս, գլխիս,ոտքիս տակ: (Խրտվիլակը աստիճանաբար փոխվում է Ձնե մարդու) Ճնճղուկ - Դու Ձնե մարդու ես վերափոխվում: Դու Ձնե մարդ ես: (Հնչում է երգը) |
Եթե ձյունը փաթիլ-փաթիլ, Իջնի իմ կամ քո վրա, Ճնճղուկներն ու բարի մարդիկ Կասեն Ձնե մարդ է նա: Մանուկները` կծիծաղեն, Թռչունները` կերգեն, Այս աշխարհում և ամենուր Բոլորն իրար ընկեր են: Վ Ե Ր Ջ |