Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոսսինիի հերոսները սելֆի են անում, իսկ ազնվականները ոչ պակաս մանրախնդիր են, քան օլիգարխները

05.30.2019

Նախօրեին, Մայիսի 29-ին, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Գերմանիայում ապրող և ստեղծագործող հայ ռեժիսոր և դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը ներկայացրել է Ջոակինո Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի բեմականացված համերգային տարբերակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը:

Համաշխարհային երաժշտական բեմարվեստում ասես երկրորդ ծնունդն ապրող այս ստեղծագործությունը հանճարեղ կոմպոզիտորը գրել է 1825թ.-ին, Ֆրանսիայի գահ բարձրացած Կառլոս 10-րդ թագավորի պատվին և նվիրված է նրա թագադրության արարողությանը:

Օպերան ներկայացնում է Եվրոպայի տարբեր երկրներից առողջարանային Պլոմբիեր քաղաքում հավաքված բարձր դասի մի շարք ներկայացուցիչների կյանքը, որոնք ոգևորված են նոր միապետի գահ բարձրանալու փաստով, բայց դրան զուգահեռ ունեն իրենց նեղ անձնական մտահոգությունները, խնդիրները, առօրյա հարցերը:

«Ոսկյա շուշան» հյուրանոցը որտեղ հանգրվանել են ազնվազարմ հյուրերը, իր տիրուհով ու սպասարկող անձնակազմով ջանք չեն խնայում թանկարժեք հյուրերի պահանջներն ու բոլոր քմհաճույքները բավարարելու համար: Իսկ հյուրերն էլ հաճախ իրենց հետ կատարված աննշան որևէ դեպքի կամ իրադարձության միջոցով ասես միաձայն փորձում են ներկայացնել աշխարհացունց և դարակազմիկ նշանակության հոգեկան ալեկոծումներ: Եվ դա միանգամայն հաջող ներկայացվում է համերգային բեմադրության կատարման սուղ շրջանակները ռեժիսորական հնարքներով և տեսաշարերով ընդարձակելու, երգիչների բարձր մասնագիտական որակները լիովին բացահայտելու միջոցով:

Անշուշտ ներկայացման հիմքում անսահման ծավալներ ու բարձրություններ ընդգրկելու ներուժով օժտված մեծն Ռոսսինիի երաժշտությունն է, որը կարծես ունկնդրին վերստին հիշեցնում է, որ մարդկային կյանքի և երջանկության տիրույթը գեղեցիկն է: Ռոսսինին դա արտահայտել է այնպիսի իրավիճակի երաժշտական մեկնաբանմամբ, ինչպիսին կարող է լինել, օրինակ.... կոմսուհու հագուստները բերող կառքի վթարը, որի հետևանքով տիկինը կորցնում է իր ողջ հանդերձարանը:

Ազնվականուհու այդ «մեծագույն» կորուստը Ռոսինի-երգչուհի մեկնաբանությամբ այնպիսի զգայացունց հնչյունների է վերածվում, որ ունկնդրի մեջ ակամա ձևավորում է բարձրագույն արժեքների և դրանց ժամանակավորության ենթագիտակցական զգացողությունը, որը առավել առարկայանում և ամրապնդվում է ազնվական տիկնոջ միակ փրկված ունեցվածքի՝ մոդայիկ լայնեզր գլխարկի ի հայտ գալով:

«Ոսկյա շուշան» հյուրանոցում ծավալվող իրադարձությունները թեթև, գեղեցիկ և ընկալելի հաջորդում են միմյանց: Կարծես երկրորդական պլան է մղվում նույնիսկ այն շարժառիթը, որը ի մի է բերել բոլորին՝ ուղևորությունը դեպի Ռեյմս, որտեղ կայանալու է Կառլոս 10-րդի թագադրությունը: Այս մտայնությունը ավելի է ամրապնդվում, երբ պարզվում է, որ ճանապարհորդությունն իրականացնելու համար խումբն, անգամ, դեռ ձիեր չի կարողացել ձեռք բերել...

Սակայն, այս իրավիճակում նույնպես նորընծա թագավորին իրենց վերաբերմունքը արտահայտելու ձևն ազնվականներն, այնուամենայնիվ, կարողանում են գտնել: Նրանցից յուրաքանչյուրը իր երկրին ու մշակույթին բնորոշ ոճով ձոներգ է հղում առ ի Ֆրանսիայի թագավոր...

Ավելացնենք, որ օպերայի համերգային բեմադրությունը ներկայացվում է որպես մեր օրերում կատարվող իրադարձություն: Ժամանակակից են արտիստների հագուստները, այն շքեղ և հարուստ հյուրանոցային միջավայրը, որը տեսաշարերով ցուցադրվում է բեմի դիմահայաց պատին և, իհարկե, բարձրաշխարհիկ տիկնանց և պարոնների սմարթֆոնները, որոնցով նրանք սելֆիներ են անում:





Լուսանկարը՝ «Թագլուրի»

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 986 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների