Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Կուլյաբինի, վհուկներ չկան, բայց նրանք կան Մակբեթի ներսում

04.17.2023

Անցած շաբաթվա վերջին աշխատանքային օրը, ապրիլի 14֊ին, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի դրամատիկական թատրոնում (Schauspiel Frankfurt) կայացել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմի պատճառով Եվրոպա տարագրված ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի բեմադրած «Մակբեթի» պրեմիերան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur,am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ռեժիսորը երկու դրամատուրգների հետ համագործակցելով Շեքսպիրի հայտնի պիեսը վերամշակել է, որոշակի փոփոխություններ կատարել սյուժեում։

Մասնավորապես, նա կրճատել է գործող անձանց թիվը; Նրա «Մակբեթում» մասնակցում են 10 դերասան, որոնք հիմնականում կատարում են մեկ դեր։ Կուլյաբինը շեքսպիրյան պիեսից հանել է նաև երեք վհուկներին և նրանց խոսքը, կարծես ի միջի այլոց հնչում է մանկական ձայներով։

«Հասկանալի է, որ վհուկնները գլխավոր հերոսներից են,֊ նշել է Կուլյաբինը,֊ բայց միևնույնն է, դրանք այլաշխարհային ուժեր են, որոնք միջամտում են այս պատմությանը, այլ կերպ են խառնում խաղաթղթերը, ինչ֊որ մի բան են փոխում իրադարձությունների բնականոն ընթացքի մեջ։ Նրանք սյուժեի շարժիչ ուժն են, բայց, միևնույնն է, այս աշխարհից չեն։ Իսկ մեր պատմության մեջ վհուկները ճիշտ չէ ասել, որ անհետանում են։ Ավելի ճիշտ, նրանք փոխակերպվում են՝ դառնալով Մակբեթի ենթագիտակցությունը»։

Կուլյաբինը նշել է, որ անգլիացի դասականի ստեղծագործության իրենց ընթերցման տարբերակում Մակբեթին ուղղորդող ձայները հենց նրա մեջ են ապրում։ Նրան հարկավոր չեն այլ աշխարհների ուժեր։ Նա հենց ինքն է իրեն պատմում, թե որքան ամենակարող պետք է դառնա ինքը։ Դա այն է, ինչպիսին ինքն իրեն տեսնում է Մակբեթը։

Ըստ Կուլյաբինի ընթերցման, Բանկոն, Մակդուֆը և Մակբեթը եղբայրներ են՝ Դունկանի որդիները։ Ռեժիսորը նշել է, որ այս փոփոխությունները կարևոր են երկու պատճառով։ 1. նա կարծում է, որ այդպես մեծանում է հանցագործության մասշտաբը։ Մակբեթի կատարածը դադարում է միայն քաղաքական արյունոտ գործողություն լինելուց՝ դառնալով նաև հայրասպանություն և եղբայրասպանություն։ Թագի գինը բարձրանում է։ 2, Մակբեթը որպես Դունկանի որդի ի սկզբանե ունի անհամեմատելի մեծ շանսեր զբաղեցնելու գահը, քան այն մեծատոհմիկ Մակբեթը, որը ներկայացված է Շեքսպիրի պիեսում։ Այսպիսով, բեմադրության մեջ Կուլյաբինը շեշտը դրել է Մակբեթի ընտրությամբ արյունոտ և ավելի արագ դեպի գահ տանող ճանապարհ անցնելու գաղափարի վրա։

«Նա ծրագրված է սպանության համար։ Այդ սպանությունն ապրում է նրա ներսում։ Շեքսպիրի պիեսի երկրորդ կեսի մեջ կա կարծես թե բացատրող տեսարան, որտեղ մահվան ու կախարդության աստվածուհի Հեկատան Մակբեթին ասում է, որ բոլոր դեպքերում նա պիտի հասներ այնտեղ, որտեղ հասել է։ Այսինքն, եթե տեղի է ունենում սպանության օրինականացում, ապա, կարծես, բացվում են դարպասները․․․ Սակայն, բոլոր հանգամանքներում, դա դրված է Մակբեթի ներսում։ Եվ, թեև, Շեքսպիրը գրել է պատմություն բռնակալի մասին, բայց, ըստ Կուլյաբինի, Մակբեթն, առաջին հերթին, մարդասպան է․․․

Ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը Ռուսաստանից Եվրոպա է տարագրվել 2022թ․ ապրիլին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Նովոսիբիրսկ քաղաքի «Կրասնի ֆակել» թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 329 անգամ