Գնացքի երկու տոմս
Սամվել Խալաթյան Գնացքի երկու տոմս (Աբսուրդ պատմություն` մեկ գործողությամբ) Գործող անձինք ՏՂԱՄԱՐԴ ԿԻՆ ԳՆՈՐԴ, ՈՒՂԵԿՑՈՂ, ՈՍՏԻԿԱՆ` նույն դերակատարով Գործողության տարածքը փոքր է և, երբեմն, ընկալվում է որպես գնացքի կու¬պե: Դիմացում սենյակի պատ` վարագուրված լուսամուտով: Պատուհանի առջև` սեղանիկ, վրան` ծաղկաման, որից ձգվում է մի քանի տերևներ ունե¬ցող, երկար ցողունով ծաղիկը: Սեղանի աջ և ձախ կողմերում, հնամաշ աթոռների վրա, նստած են Տղամարդն ուԿինը (Տղամարդը` ձախում), ձեռքները ծնկներին դրած, դեմքով` հանդիսատեսը: Նրանց հարևանությամբ մեկական ճամպրուկ կա: Նրանք ակնդետ դահլիճին են նայում: Կին.- (ոչ ոքի չդիմելով): Մենք հաղթեցինք: Տղամարդ.- (չի շտապում պատասխանել: Ոչ ոքի չդիմելով): Երբ մարդն ինքն իր դեմ է կռվում` հաղթող չի լինում: Կին.- Մենք հաղթեցինք: Տղամարդ.- Երբ մարդն ինքն իր դեմ է կռվում` հաղթող չի լինում: Կին.- (աղերսանքով): Մենք հաղթեցինք… Տղամարդ.- Երբ մարդն ինքն իր դեմ է կռվում` հաղթող չի լինում: Կին.- (հեծկլտոցը զսպելով, ուսերը ցնցելով խուլ արտասվում է): Մենք հաղ-թե-ցի՜նք… Տղամարդ.- Մենք պարտված ենք: Պատից, մինչև գոտկատեղը, հայտնվում է ուղեկցողը` համա¬պա-տաս խան համազգեստով: Ուղեկցող.- Ուշադրություն: Գնացք համար իքս-իգրեկը մեկնում է երկրորդ գծից: Կր¬¬կնե՞մ: Տղամարդ.-(անտարբեր): Պետք չէ: Ուղեկցող.- Կրկնում եմ. գնացք համար իքս-իգրեկը մեկնում է երկրորդ գծից: (Ետ է քաշվում): Տղամարդ.- (աղոթելու պես, ինքն` իրեն): Անունդ չմոռանաս: Կին.- (աղոթելու պես, ինքն` իրեն): Չմոռանաս անունդ: Տղամարդն ու Կինը շրջվում, նստում են դեմքով դեմ-դիմաց, ձեռքերի ափերը դնելով սեղանին` ինչպես եգիպտական սֆինքսը` խոր ու անթա¬¬փանց հայացքով: Տղամարդ.-(Կնոջը): Անունդ չմոռանաս: Կին.- (Տղամարդուն): Չմոռանաս անունդ: Տղամարդ.-(աղոթելու պես, ինքն իրեն): Անունդ չմոռանաս: Կին.- (աղոթելու պես, ինքն իրեն): Չմոռանաս անունդ: Կին.- (փոքր դադարից հետո): Մենք հաղթեցինք: Տղամարդ.- Ինքդ քո դեմ տարած հաղթանակը` քո պարտությունն է: Կին.- Մենք մեկնում ենք: Տղամարդ.- Մենք նահանջում ենք: Դադար: Լռությունը խզում է Կինը` ափով դանդաղ ռիթմով խփելով սեղանին: Մի քանի հարվածներից հետո ամուսինը վարվում է նույն կերպ` սեղանին խփելով կնոջ հարվածների միջնադադարի ժամանակ: Նրանք երկու ձեռքով սկսում են թմբկահարել` նմանեցնելով արագություն վերցնող գնացքի անիվների թրխկոցի: Գնացքի սուլոց: Միանգամից` դադար. մնում են սֆինքսի քարացածությամբ: Կին.- (տխրամած): Մենք մեկնո՞ւմ ենք: Տղամարդ.- Լուսամուտից դուրս նայիր, եթե ծառերն ու սյուները դեպի քեզ են գալիս, ուրեմն մեկնում ենք: Կին.- (ծերպում է վարագույրը): Ծառերն ու սյուները դեպի ինձ են գալիս: Մենք մեկնում ենք: Տղամարդ.- (ծերպում է վարագույրը): Ծառերն ու սյուներն ինձնից հեռանում են: Մենք վերադառնում ենք: Դռան թակոց: Թակոցը կրկնվում է և դրսից լսվում է Գնորդի ձայնը` ,Հեյ, մարդ չկա՞ այստեղե: Ավելի ուժգին է թակում: |
Պատից հայտնվում է Գնորդը: (Նրա ձեռքին ռետինե փոքր գնդակ կա, որը նա մատների մեջ անընդհատ խաղացնում է, ձեռնածուի պես ափից-ափ գցում կամ խփելով հատակին` որսում է ): Գնորդ.- Հե՜յ, մարդ չկա՞ այս տանը…(Նկատում պատուհանի մոտ նստածներին:) Օ՜, ներեցեք… Ես սեղմեցի զանգի կոճակը, բայց կոճակը չէր աշխատում… Ես թակեցի դուռը, պատասխանող չեղավ ու ես ստիպված… Տղամարդ.- (նրան չնայելով): Կոճակն աշխատում է: Գնորդ.- Ես սեղմեցի զանգի կոճակը, կոճակն աշխատում է, բայց զանգն անսարք է, ես թակեցի դուռը, պատասխանող չեղավ ու ես ստիպված… Տղամարդ.- Զանգը սարքին է: Գնորդ.- Կոճակն աշխատում է, զանգը սարքին է, ես կոճակը սեղմեցի, բայց զանգը չհնչեց, ես թակեցի դուռը, պատասխանող չեղավ ու ես ստիպված… Կին.- (առանց շրջվելու): Էլեկտրականություն չկա: Գնորդ.-Ես սեղմեցի զանգի կոճակը, կոճակն աշխատում է, զանգը սարքին է, բայց էլեկտրականություն չկա և զանգը չհնչեց, ես թակեցի դուռը, պատասխանող չեղավ ու ես ստիպված ներս մտա… Բարև ձեզ: Դո՞ւք եք հայտարարություն տվել բնակարանը վաճառելու համար: Տղամարդ.- (արդեն նրան նայելով, զուսպ քաղաքավարությամբ): Օ՜, բարև ձեզ, պարոն: Այո, մենք հայտարարություն ենք փակցրել քաղաքի 2013 էլեկտրասյուների վրա: Գնորդ.- Ձեր հայտարարությունը ես կարդացել եմ 1915 կամ, գուցե, 1920-րդ սյան վրա` կենտրոնական խաչմերուկում, ձախից` երկրորդ սյունը: Տղամարդ.- Դա 1992-րդն է: Գնորդ.- (չորս կողմը զննելով): Սա՞ է վաճառվող բնակարանը: Տղամարդ.- Այո, պարոն: Բայց դուք ներս համեցեք: Գնորդ.- Ես արդեն տուն եմ մտել: Տղամարդ.- Եթե մտել եք, ուրեմն` նստեք խնդրեմ: Գնորդ.- Ես ցանկանում եմ զննել բնակարանը, իսկ նստած հարմար չէ: Տղամարդ.- Այս ճամպրուկների վրա նստելը շատ հարմար է, բազկաթոռից հարմար: Գնորդ.- Ես ցանկանում եմ զննել բնակարանը, իսկ նստած հարմար չէ: : (Սկսում է զննել շուրջբոլորը, հրել պատը, ամրությունը ստուգելու համար հրվում է հատակին և այլն): Երբ նստում ես` թիկունքիդ կողմը չի երևում: Դու տեսնում ես բնակարանի կեսը, բայց հետո ստիպված ես վճարել ամբողջ բնակարանի համար: Տղամարդ.- Դուք կարող եք նստել ու հետո փոխել ձեր դիրքը: Գնորդ.- Տրամաբանական է: Բայց դա ժամանակ կպահանջի, իսկ ես շտապում եմ Սպիվակովի համերգին, որը նշանակված է վաղը` լուսադեմին, բայց հետաձգվել է երեկ չէ` նախորդ օրը` կեսգիշերին: Կին.- (նրան չնայելով, անկիրք): Իսկ դուք կարողացա՞ք տոմս ձեռք բերել: Գնորդ.- Իհարկե: Նույնիսկ` երկու տոմս: Դրանք ես գնեցի մսավաճառից: Նրա մոտ ապրանքը միշտ թարմ է լինում: Ես միշտ երկու տոմս եմ գնում համերգի համար, իսկ թատրոն գնալիս` անպայման վերցնում եմ երեք տոմս: Հաճելի է, երբ դահլիճում մենակ ես: Տղամարդ.- Անշուշտ, անշուշտ: Կին.- Երևի դուք մեծահարու՞ստ եք: Գնորդ.- Օ՜ ոչ: Ընդամենը մի քանի ագարակ ունեմ, նույնքան ոսկու հանք և երկու այդքան գործարան: Եթե մեծահարուստ լինեի, մի՞թե ընդամենը երեք տոմս կգնեի,մանավանդ` Շեքսպիրի ողբերգության համար… Կին.- Շեքսպիրի՞… Նրան ողբերգությո՞ւն է պատահել… Գնորդ.- Օ՜, ներեցեք, ներեցեք… Ես անունը շփոթեցի, պետք է ասեի` Մոլիեր : Դե իհարկե` Մոլիեր: Ախր շատ են այդ դրամատուրգները: Երկո՜ւ դրամատուրգ` մեկ հանդիսատեսի համար: Համաձայնվեք, որ շատ-շատ են: Տղամարդ.- Համաձայնվեցի: Իսկապես շատ են նրանք: Մինչդեռ կարելի էր դրամա-տուրգի փոխարեն կոշկակար ունենալ: Գնորդ.- Դուք միանգամայն ճիշտ եք: Մեր օրերում, երբ ոչ ոք կոշիկ չի հագնում, կոշկակարի կարիք շատ է զգացվում… Կին.- Ես ձեզ սուրճ կամ թեյ եմ առաջարկում, բայց քանի որ էլեկտրականություն և գազ չկա, չեմ կարող տաքացնել: Գնորդ.- Մի անհանգստացեք: Տղամարդ.- Սուրճ էլ չունենք: Գնորդ.- Մի անհանգստացեք: Տղամարդ.-Շաքարն էլ է վերջացել: Գնորդ.- Մի անհանգստացեք: Տղամարդ.- Եվ ջուր էլ չկա: Գնորդ.- Հրաշալի՜է:Ես չեմ ուզում խմել սուրճ կամ թեյ և իմ ցանկությունը կատարվեց: Կին.- (վերջապես շրջվում է դեպի գնորդը): Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ արժի մեր բնակարանը: Գնորդ.- Մի՞թե դա կարևոր է: Կին.- Կարևոր չէ: Ուղղակի սովորություն է, ավանդույթ… Իսկ մենք ավանդապաշտ ընտանիք ենք: Գնորդ.- Այդ դեպքում ես հաճույքով կուզեի տեղեկանալ , թե ի՞նչ արժի բնակարանը: (Դարձյալ զննում է շուրջբոլորը): Կին.- Նկատի ունեցեք, որ բնակարանի հետ կա նաև պտղատու այգի: Գնորդ.- Իսկապե՞ս… Հայտարարության մեջ այդ մասին նշված չէր: Կին.- Մենք դա չենք նշել, որովհետև ցանկանում ենք անակնկալ մատուցել ապագա տանտիրոջը: Տղամարդ.- (անկիրք): Մանավանդ ձեր նման ազնվաբարո մարդուն: Գնորդ.- Զգացված եմ, պարոն: (Կնոջը:) Եվ ի՞նչ պտղատու ծառեր կան ձեր այգում: Տղամարդ.- (կարծես` մեկուսի): Դա արդեն չափից դուրս է: Գնորդ.- Ներեցեք… Ես անհամե՞ստ եղա: Կին.- Օ՜, ոչ, ոչ: Մի անհանգստացեք: Ամուսինս նկատի ունի, որ այգում չափից դուրս շատ մրգատու ծառատեսակներ կան և միայն դրանց թվարկումը կարող է մի քանի օր տևել: Գնորդ.- Ուրեմն կարիք չկա բոլորը թվարկել, մանավանդ, որ ես համերգից ուշանում եմ: |
Տղամարդ.- (Կնոջը): Այնուամենայնիվ նրան ասել է պետք: Կին.- Իհարկե, կթվարկեմ մի քանիսը` խնձոր, տանձ, կեռաս, նուռ… Գնորդ.- Օ՜… Կին.-…բանան, նարինջ, արքայախնձոր… Գնորդ.- Օ օ՜… Կին.- … անանաս, կոկոս, կիտրոն… Գնորդ .- Օ օ օ՜… Կին.- … սալոր, սերկևիլ, թութ, ադամաթուզ… Գնորդ.- Ադամաթո՞ւզ… Կին.- Այո, ի՞նչ կա զարմանալու: Գնորդ.- Ես չզարմացա, տիկին, պարզապես առաջին անգամ եմ լսում այդ պտղի անունը: Կցանկանայի տեսնել այդ ծառը: Տղամարդ.- Այդ ծառն անհնար է տեսնել: Գնորդ.- Կտրել ե՞ք… Կին.- (վրա տալով): Ո’չ, ո՜չ… ո՞ւմ ձեռքը կգնա` կտրել ադամաթզենին… Ամուսինս ուզում էր ասել, որ այգում այնքա՜ն շատ ծառ կա, որ դրանց խիտ շարքերում անհնար է տեսնել միայն մեկը: Դուք ստիպված եք բազմաթիվ ծառեր տեսնել և, իհարկե, դրանց թվում` ադամաթզենին: Ներեցեք, պարոն, բայց ամենամեծ հրճվանքն ապրելու համար անգամ, չարժե այդ ծառն առանձնացնել մյուսներից, քանզի այգին գեղեցիկ է իր համայնապատկերով: Դուք համաձա՞յն եք ինձ հետ: Գնորդ.- Լիովին համաձայն եմ: Ես պատրաստ եմ տեսնել խիտ շարքերով շատ ու շատ պտղատու ծառեր, դրանց թվում, իհարկե, ադամաթզենին… Դե, ի՞նչ, գնա՞նք այգի: Տղամարդ.- Ծառերը տեսնելու համար պարտադիր չէ այգի գնալ: Գնորդ.- Տրամաբանական է: Պատրաստ եմ ընդառաջել ձեր առաջարկին: Տղամարդը և Կինը ոտքի ելնելով մոտենում են գնորդին, կանգնում նրա աջ ու ահյակ կողմերում: Տղամարդ.- (հանդիսավոր): Համեցեք, պարոն, մոտեցեք պատուհանին, ետ քաշեք վարագույրը և հիացեք պտղատու այգով: Ձախից՝ 5-րդ շարքի 14-րդը ադամաթզենին է: Գնորդ.- Դուք շատ բարի եք: (Մոտենում, ետ է քաշում վարագույրը` ի հայտ բերելով, որ պատուհանը քարապատված է:) Իսկապես, լավ այգի է; Միայն պատն է շատ և` ամուր քարերով: Տղամարդ.- Այո, այդ պատը մեր հպարտությունն է, քանզի դա շարել է, մեր քաղաքի հանրահա՜յտ, բոլորի կողմից խորապես հարգված նշանավոր պարոնը, ով զավթեց մեր այգին ու պարսպապատեց այն: Գնորդ.- (ակնածանքով): Օ՜, մի՞թե հենց նա: Տղամարդ.- Այո պարոն: Դա մեծ պատիվ է մեզ համար, այդ մասին նույնիսկ թերթերում գրեցին: Գնորդ.- Պարսպապատելո՞ւ մասին: Տղամարդ.- Ոչ, իհարկե, մեզ տրված մեծ պատվի մասին: Գնորդ.- Տրամաբանական է: Տղամարդ.- (Կնոջը): Սիրելիս, փակիր պատուհանը, այգուց սառը օդ է փչում: (Կինը շտապում է վարագուրել պատուհանը: Գնորդին:) Քանի դեռ տիկինը ոտքի վրա է, խնդրեմ` նստեք նրա աթոռին: Մենք մեր ողջ կահ-կարասին վաճառեցինք և, ինչպես տեսնում եք, երրորդ աթոռը պահելու կարիք բոլորովին չկար: (Նստում է իր տեղում` ձեռքով ցույց տալով դիմացի աթոռը:) Համեցեք, համեցեք նստեք: Գնորդ.- (տատանվում է): Սակայն, տիկինը կցանկանա՞ նստել ճամպրուկին… Տղամարդ.- Մի անհանգստացեք: Եթե նա ցանկանա նստել աթոռին ` ես կզիջեմ իմ տեղը: Գնորդ.- Սակայն, դուք կցանկանա՞ք նստել ճամպրուկին… Տղամարդ.- Մի անհանգստացեք, եթե ես ցանկանամ նստել, դուք կզիջեք ինձ ձեր տեղը… Մեր երկրում կարևորը սոցիալական արդարությունը պահպանելն է, այնպես չէ՞: Գնորդ.- Տրամաբանական է: (Նստում է:) Կին.- Իսկ բնակարանը ձեզ դո՞ւր եկավ: Գնորդ.- Խոստովանեմ, սա իսկ և իսկ իմ երազածն է: Տղամարդ.- (տխրամած): Ես այս տանն եմ ծնվել: Գնորդ.- Օ՜: Կին.- Մեր հայրերն էլ են այս տանը ծնվել ու պապերն էլ: Գնորդ.- Օ օ՜… Տղամարդ.- Եվ նրանց պապն ու նրանց պապը և պապի պապը և նրանց պապը… Կին.- Եվ նույնիսկ մեր շունը` Ալֆան, և նրա մայրը, նրա մոր մայրը և նրա մոր մայրը… Տղամարդ.- (ինքն իրեն, ինքնաբերաբար շարունակում է)… և պապի պապը և պապի պապը… Գնորդ.- Եվ դուք ուզում եք վաճառե՞լ այս պատմական բնակարանը: Կին.- Մենք այդ մասին երկար ենք մտածել… մաքառել ենք, ինքներս մեր դեմ կռիվ տվել… Եվ, ի վերջո, մենք հաղթեցինք… Տղամարդ.- Մենք պարտվեցինք: Կին.- Վճռված է` մենք մեկնում ենք: Տղամարդ.- Մենք նահանջում ենք: Կին.- Մենք վաճառել ենք ողջ կահ-կարասին, մնացել է միայն բնակարանը, որը թեև շատ թանկ է մեզ համար… Գնորդ.- Թա՞նկ է… Այնուամենայնիվ, գուցե գնի հարցում մենք փոխզիջմա՞ն գանք… Մանավանդ, որ այս տունը, որքան հասկացա, շատ հին է, գուցե` հնադարյան: |
Տղամարդ.- Անպատմելի հին: Այստեղ գիշերել է Հաննիբալը: Գնորդ.- Հուսով եմ, որ այն չեք վաճառում որպես պատմական հուշարձան: Կին.-(ինքն իրեն):Այս տունն արդեն պատմություն չունի:Միայն հիշողություններ են: Գնորդ.- Այնուամենայնիվ, կուզեի գինն իմանալ: Տղամարդ.- (կարճ դադարից հետո): Ոչինչ: Գնորդ.- (չընկալելով): Ներեցե՞ք… Տղամարդ.- Տունը ոչինչ չարժի: Մենք այն նվիրում ենք: Գնորդ.- Ինչպե՜ս…այսքան հին պատմություն ունեցող, բոլոր հարմարություններով, կենտրոնում և… նվիրո՞ւմ եք: Կին.- (անհարմար զգալով): Բանն այն է, պարոն…ըմմ… բանն այն է, որ… Ինչպե՞ս ասեմ, որ հասկանալի լինի: Մենք, իրապես, տունն անվճար կտանք նրան, ով կգնի… Գնորդ.- Ես ցանկանում եմ գնել… Բայց ինչպե՞ս գնեմ, երբ դա տրվում է անվճար… Կին.- Բանն այն է պարոն…ըմմ… Բանն այն է, որ…Ինչպե՞ս ասեմ, որ ավելի հասկանալի լինի…Նա, ով կդառնա այս տան տերը…ըմմ…Նա, ով կհամաձայնի… Տղամարդ.- (կնոջն օգնության հասնելով): Մենք կուտակված պարտքեր ունենք, պարոն… ջրի վարձ, գազի, էլեկտրականության… Կին.- Հեռախոսի վարձ… Խանութից ապառիկ մթերք ենք վերցրել… Տղամարդ.- …Աղբաթափման վարձ, գույքահարկ… Մի խոսքով այդ բոլորը գրանցվում է նոր տանտիրոջ հաշվին, քանի որ դրանք արձանագրված են այս տան հասցեով… Իսկ տունը… Տունը, բնականաբար, նվիրաբերվում է … Կարծում եմ բարոյական չի լինի, որ այդքանից հետո տան համար փող պահանջենք… Գնորդ.- (թաշկինակով սրբում է քրտնած ճակատը): Գրողը տանի, դուք վախեցրիք ինձ… Ախր, ո՞վ հիմա կոմունալ վարձերի պարտք կամ ապառիկ չունի… Դա վաղուց նորմալ երևույթ է և տրամաբանական է, որ դրանք արձանագրվում են տան հասցեով: Այնուամենայնիվ, պարոն, ես կցանկանայի վերջնականապես ճշտել` տան համար ես ոչինչ չպե՞տք է վճարեմ… Կին.- Տան համար` ոչինչ: Արդեն ասացինք` մենք նվիրում ենք տունը: Դուք պետք է գնեք մեր պարտքերը… Տղամարդ.- Եվ , անպայմանորեն` բոլոր հիշողությունները, որոնք կապված տան հետ, քանի որ դրանք նույնպես արձանագրված են այս տան հասցեով: Կին.- Նաև` Ալֆայի հուշը: Տղամարդ.- Եվ մեր ապուպապերի … Կին.- Չմոռանամ ասել, որ Ալֆան սովից մեռավ… Մենք ի վիճակի չէինք նրան կերակրել… Տղամարդ.- Չմոռանամ ասել, որ իմ ապուպապերի երազանքն էր մրգատու ծառերով այգի ունենալ և ամուր տուն: Նրանք այգի են հիմնել ու կառուցել են այս տունը: Կին.- Նրանք սերնդե-սերունդ կառուցել են այս տունը և սերնդե-սերունդ խնամել են այգին… Տղամարդ.- Նրանք սերնդե-սերունդ անընդհատ կառուցել են այս տունը և սերնդե-սերունդ անընդհատ խնամել են այգու շիվերը: Կին.- Տան կառուցումն ավարտելու և այգու առաջին բերքը վայելելու երջան¬կութ-յունը մենք ունեցանք: Տղամարդ.- Բացի արգելված պտղից: Գնորդ.- (իբր թե՝զարմացած): Այգում արգելված պտու՞ղ կա: Տղամարդ.- Այո: Իմ ապուպապը պատգամել էր, որ դրանից չուտենք: Գնորդ.- Թերևս դուք չեք դիմացել գայթակղությանը և կերել եք արգելված պտուղը: Տղամարդ.- Ոչ, չենք կերել: Կին.- Ոչ, չենք կերել: Գնորդ.- Ես խոստանում եմ, որ ինքս էլ չեմ ուտի դրանից: Տղամարդ.- Այդպես խոստացավ նաև հանրահայտ Նշանավորը, ով հյուր էր եկել մեզ և ցանկություն հայտնեց զբոսնել այգում: Կին.- Մենք նրան ուղեկցեցինք այգի: Տղամարդ.- Մենք նրան ուղեկցեցինք այգի ու ցույց տվեցինք արգելված պտղի ծառը: Կին.- Մենք զգուշացրեցինք նրան, որ արգելված պտղից չուտի: Տղամարդ.- Բայց նա, օգտվելով, որ իր կողմը չենք նայում, ծածուկ քաղեց արգելված պտուղն ու կերավ: Գնորդ.- Նա թունավորվե՞ց: Կին.- Ավելի վատ բան տեղի ունեցավ: Գնորդ.- Կուրացա՞վ: Կին.- Ավելի վատ բան տեղի ունեցավ: Գնորդ.- Խելագարվե՞ց: Կին.- Ավելի վատ բան տեղի ունեցավ: Գնորդ.- Մահացա՞վ: Կին.- Ավելի վատ բան տեղի ունեցավ: Նա ձեռք բերեց անբուժելի հիվանդություն` Բուլիմիա, Դժոխորովայն… Տղամարդ.- Դա ագահ, շատակեր- անկշտության ախտ է, հոգեկան հիվանդություն: Գնորդ.- Ես չեմ լսել այդ մասին, բայց կարծում եմ, որ դա սարսափելի է: Տղամարդ.- Այո, մանավանդ՝ շրջապատի համար: Բուլիմիաով տառապողները ամայացնում են շրջապատը: Դադար, որի ընթացքում Գնորդը, ամուսինների սևեռուն հայացքի տակ, թաշկինակով սրբում է քրտնած ճակատը, պարանոցը, ապա վճռականորեն թափահարելով գլուխը, գրպանից հանում է հաշվիչը, սկսում է հաշվարկներ անել: Կին.- Նա թվեր է գրում: |
Տղամարդ.- Նա բազմապատկում է: Կին.- Նա կշռում է: Տղամարդ.- Նա չափում է: Գնորդ.- (հաշվիչը գրպանը դնելով): Վճռված է: Ես գնում եմ այս տան վրա արձանագրված բոլոր պարտքերը և բոլոր հիշողությունները: (Գրպանից հանում է դրամապանակը:) Ինչքա՞ն պիտի վճարեմ: Կին.- Մեզ վճարել պետք չէ… Ըմմ… ինչպես ասեմ, որ հասկանալի լինի… Դուք պարտքերի և տան հետ կապված հիշողությունների դիմաց մեզ պետք է տաք… երկու տոմս… Գնորդ.- (ոտքի է ցատկում): Օ՜, ոչ, ես անպայման պետք է լսեմ Սպիվակովին… Դա արժանապատվության խնդիր է… Ես պարտավոր եմ բարձրաշխարհիկ երևալ… Տղամարդ.- Դուք սխալ հասկացաք… (Գլխահակ, դժվարությամբ:) Գնացքի երկու տոմս… Գնորդ.- (փլվում է աթոռին, թաշկինակով սրբում է ճակատը): Աստված իմ, դուք արդեն չորրորդ անգամ վախեցրիք ինձ: Տղամարդ.- (անկիրք): Հինգերորդ: Կին.- Իմ կարծիքով, դուք երկուսդ էլ սխալվում եք: (Գնորդին:) Երբ ամուսինս թվարկում էր մեր պարտքերը, դուք ամեն մեկի մասին լսելով ցնցվում և վախենում էիք:ՈՒստի դուք վախեցել եք քսաներկու անգամ: Գնորդ.- Ամենևին: Կին.- Քսա՞ն: Գնորդ.- Ամենևին: Կին.- Գուցե՝ ավելի՞ քիչ… Գնորդ.- Ամենևին: Կին.- Ամուր նյարդեր ունեք: Գնորդ.- (տղամարդուն): Թող լինի ձեր ասածը, համաձայն եմ` ինձ վախեցրիք երրորդ անգամ: Սակայն, կցանկանայի ճշտել, թե ո՞ւր եք մեկնելու, որպեսզի տոմս պատվիրեմ: Կին.- Երկու տոմս: Գնորդ.- Սակայն, կցանկանայի ճշտել, թե ո՞ւր եք մեկնելու, որպեսզի երկու տոմս պատվիրեմ: Տղամարդ.- (գլխահակ, հոգոցով): Աստված գիտե: Գնորդ.- Այդքան մո՞տ: (Տղամարդը գլխով է անում): Բարձրախոսից լսվում է Ուղեկցողի ձայնը. ,Ուշադրություն: Գնացք համար իքս-իգրեկը մեկնում է երկրորդ գծից: Ճանապարհողներին խնդրվում է հրաժեշտ տալ ուղևորներին և դուրս գալ վագոններից: Ուշադրություն: Երկրորդ անգամ չեմ կրկնումե: Գնորդ.- (ոտքի է կանգնում): Ժամանակն է, գնամ: Կարող եք չանհանգստանալ, այսօր իսկ կպատվիրեմ ձեր տոմսերը: Կին.- Դուք անչափ բարի եք, պարոն: Գնորդ.- Ցտեսություն ձեզ: (Դուրս է գնում՝ ձուլվելով պատին): Դադար, որի ընթացքում կինը զբաղեցնում է իր տեղը: Կին.- Նրա դեմքն ինձ ծանոթ թվաց: Տղամարդ.- Նրանք բոլորն էլ նույն դեմքն ունեն: Կին.- Ովքե՞ր: Տղամարդ.- Նրանք: Դադար: Լռությունը խզում է Կինը` ափով դանդաղ ռիթմով խփելով սեղանին: Մի քանի հարվածներից հետո ամուսինը վարվում է նույն կերպ` սեղանին խփելով կնոջ հարվածների միջնադադարի ժամանակ: Նրանք երկու ձեռքով սկսում են թմբկահարել` նմանեցնելով արագություն վերցնող գնացքի անիվների թրխկոցի: Աստիճանաբար ավելի ուժգին են խփում , էլ ավելի ուժգին, առավել ուժգին, արագ ու նյարդային` ստեղծելով ծայր աստիճան աղմուկ , որն ուղեկցվում է գնացքի երկար ու զիլ սուլոցով: Միանգամից` դադար: Մնում են սֆինքսի քարացածությամբ: Տղամարդ.-(խնդրանքով): Անունդ չմոռանաս: Կին.- (խնդրանքով): Չմոռանաս անունդ: Տղամարդ.-(ինքն իրեն): Անունդ չմոռանաս: Կին.- (ինքն իրեն): Չմոռանաս անունդ: Հեռվից, շատ հեռվից լսվում է ուղեկցողի բարձրախոսով արված հայտա¬¬րա¬րությունը` ,Գնացք համար իքս-իգրեկը մեկնում է երկրորդ գծիցե: Պատից հայտնվում է ուղեկցողը: Ուղեկցող.- Բարև ձեզ տիկին, բարև ձեզ պարոն: Հուսով եմ հարմար եք տեղավորվել: Տղամարդ.- Ձեր հույսն արդարացված է: Ուղեկցող.- (նրանց առջև թղթեր դնելով): Մինչև սահմանն անցնելը դուք պարտավոր եք լրացնել այս թերթիկները, պատասխանել հարցերին անկեղծորեն, առանց որևէ բան թաքցնելու: Տղամարդ.- (նայելով առջևը դրված թղթին): Բայց…պատասխաններն արդեն գրված են… |
Ուղեկցող.-Այո, պարոն, դա արվում է ձեր ժամանակը խնայելու համար: Դուք միայն ստուգեք` անկե՞ղծ է լրացված, որևէ փաստ չե՞ք թաքցրել: Եթե այդպես է, ձեզ մնում է միայն ստորագրել: Կին.-(նայելով առջևը դրված թղթին): Բայց… արդեն ստորագրված է… Ուղեկցող.-Այո, տիկին, դա արվում է ձեզ նեղություն չպատճառելու համար: Տղամարդ.-(նայելով առջևը դրված թղթին): Իմ անունը փոխված է… Կին.-(նայելով առջևը դրված թղթին): Իմ անունը` նույնպես… Ուղեկցող.-Դա արվում է ձեր հարմարավետության համար, որպեսզի օտար երկրում խորթություն չզգաք: Տղամարդ.- Այս թերթիկը պարտադի՞ր է… Ուղեկցող.-Դա արվում է ձեր ապահովության համար (անմիջապես վերցնում է թղթերը): Իսկ այժմ, խնդրում եմ ներկայացնել ձեր տոմսերը: (Կինը ձախ թևքից հանում, նրան է մեկնում խնամքով ծալված թաշկինակը: Ուղեկցողը բացելով դրա ծալքերը` ուշադիր զննում է): Օ՜, որքան թաց է… Կին.- Մեկնելիս մենք արտասվեցինք: Ուղեկցող.- (շարունակում է զննել): Հասկանում եմ… (Ասես` կարդում է թաշկինակը:) Դուք վաճառել եք ձեր տունը… Կին.- Այո: Ուղեկցող.-… տան հետ կապված բոլոր հուշերն ու պատմությունը… Տղամարդ.- Այո: Ուղեկցող.-…նաև` ձեր պարտքերը… Տղամարդ.- Այո: Ուղեկցող.-…գործազուրկ եք… Տղամարդ.- (ամոթով, գլխահակ): Այո: Ուղեկցող.- (ծալելով թաշկինակը ետ է վերադարձնում): Ամեն ինչ կարգին է: Թե՞յ, սո՞ւրճ: Տղամարդ.- Անշուշտ: Կին.- Ջրո՞վ: Ուղեկցող.- Նաև` կաթով: Կին.- Շաքարո՞վ: Ուղեկցող.- Նաև` մեղրով: Տղամարդ.- Ի՞նչ արժե երկու բաժակ թեյը: Ուղեկցող.- Անվճար է, պարոն: Կին.- (ցավակցող): Դուք կոմունալ վարձերի պա՞րտք ունեք… Ուղեկցող.- Ամենևին, տիկին: Կին.- Սննդամթերքի խանութում ապառի՞կ… Ուղեկցող.- Ամենևին, տիկին: Տղամարդ.- Գործազու՞րկ եք… Ուղեկցող.- Ոչ պարոն: Ես աշխատում եմ 21-րդ դարում և գոհ եմ իմ վաստակից: Թե՞յ, սո՞ւրճ: Տղամարդ.- Սակայն, ինչո՞ւ է անվճար: Ուղեկցող.- Հյուրասիրության գինը մտնում է տոմսի արժեքի մեջ: Տղամարդ.- Դուք վստա՞հ եք, որ 21-րդ դարում եք աշխատում: Ուղեկցող.- Անկասկած: Տղամարդ.- Այդ դեպքում` թեյ: Կին.- Հնդկական: Ուղեկցող.- Խնդրեմ, տիկին: Կին.- Շաքարով: Ուղեկցող.- Խնդրեմ, տիկին: Կին.- Տաք: Ուղեկցող.- Խնդրեմ, տիկին: (Խոնարհվելով դուրս է գնում՝ ձուլվելով պատին): Կարճ դադար: Կին.-Նրա դեմքն ինձ ծանոթ թվաց: Տղամարդ.- Նրանք բոլորը նույն դեմքն ունեն: Կին.- Ովքե՞ր: Տղամարդ.- Նրանք: Կին.- (ոչ ոքի չդիմելով): Չմոռանաս անունդ: Տղամարդ.- (ոչ ոքի չդիմելով): Անունդ չմոռանաս: Կարճ դադար: |
Տղամարդն ու Կինը ոչ բարձր, բայց նյարդային թմբկահարում են սեղանը՝ գնացքի անիվների ռիթմով: Թմբկահարելու ավարտն ու պատից Ոստիկանի հայտնվելը միաժամանակ է կատարվում: Ոստիկան.- (պատվի առնելով): Ձեր փաստաթղթերը, խնդրեմ: Կին.- Մենք արդեն սահմանի վրա ե՞նք: Ոստիկան.- Դուք արդեն սահմանն անցնելու վրա եք: Ձեր փաստաթղթերը, խնդրեմ: Կին.- (թևքից հանում է թաշկինակը): Խնդրեմ` իմ մահվան վկայականը: Ուղեկցող.- (բացելով դրա ծալքերը` զննում է): Օ՜, մահկանացուն կնքել 4504 տարեկանում… Փառավոր տարիք է: (Ծալելով թաշկինակը վերադարձնում է Կնոջը: Տղամարդուն:) Ձեր վկայականը, պարոն: Տղամարդ.- Բարի եղեք, այդ վկայականը համարեք նաև իմը: Ոստիկան.- Ինչպես կկամենաք: (Պատվի է առնում:) Բարի ճանապարհ: (Դուրս է գնում՝ ձուլվելով պատին): Կարճ դադար: Կին.- Նրա դեմքն ինձ ծանոթ թվաց: Տղամարդ.- Նրանք բոլորը նույն դեմքն ունեն: Կին.- Ովքե՞ր: Տղամարդ.- Նրանք: Կարճ դադար: Տղամարդն ու Կինը թմբկահարում են սեղանը սլացող գնացքի անիվների ռիթմով: Թմբկահարելու ավարտն ու պատից Ուղեկցողի հայտնվելը միաժա¬¬¬մանակ է կատարվում: Ուղեկցող.- (թեյի բաժակներով սկուտեղը դնում է սեղանին): Վայելեցեք, խնդրեմ: Կին.- Շնորհակալություն: Տղամարդ.- Մենք շո՞ւտ կհասնենք: Ուղեկցող.- Նայած ո՞ւր եք մեկնում՝ հարա՞վ, հյուսիս, թե՞ արևմուտք: Տղամարդ.- Արևմուտք: Ուղեկցող.- Եթե խցանումներ չլինեն` երկար կգնաք: Կին.- Իսկ խցանումներ հաճա՞խ են լինում: Ուղեկցող.- Նայած թե ինչ պատճառով եք մեկնում. քաղաքակա՞ն շարժառիթով, թե՞ քրեական, գործազրկությա՞ն, թե՞ բիզնեսի, պատերազմի՞, թե՞ խաղաղության, առաջընթացի՞, թե՞ հետմնացության… Տղամարդ.- (ընդհատում է): Շնորհակալություն տեղեկության համար: Ուղեկցող.- Խնդրեմ: Դա իմ պարտականությունն է: Թեյը հավանեցի՞ք: Կին.- Հաճելի բուրմունք ուներ: Տղամարդ.- Եվ քաղցր էր: Կին.- Եվ չափավոր տաք: Ուղեկցող.- Եթե դուք ինձ այլ հարցեր չունեք, թույլ տվեք գնալ: Ճապոնիա մեկնող ուղևորների համար խորոված եմ տանելու: Կին.- Նրանք ճապոնացի՞ են: Ուղեկցող.- Զտարյո՛ւն: Տղամարդ.- (կնոջը): Դու այլ հարցեր չունե՞ս: Կին.-Ոչ: Իսկ դո՞ւ: Տղամարդ.- Ես էլ չունեմ: Ուղեկցող.- Այդ դեպքում` ցտեսություն: (Չխմված թեյի բաժակները սկուտեղով վերցնում, դուրս է գնում՝ ձուլվելով պատին): Կինն ու տղամարդը, դարձյալ, դեմ-դիմաց նստում, միմյանց են հառում անթափանց հայացքները: Կարճ դադար: Կին.- Զարմանալի է, չէ՞, որ ճապոնացիները Ճապոնիա են մեկնում: (Տղամարդը չի պատասխանում:) Զարմանալի է, չէ՞, որ ճապոնացիները Ճապոնիա են մեկնում: (Տղամարդը չի պատասխանում:) Զարմանալի է, չէ՞, որ ճապոնացիները Ճապոնիա են մեկնում: Դադար: Կին.- Զարմանալի է, չէ՞, որ Ճապոնիայում ճապոնացիներ են ապրում: Դադար: Տղամարդ.- (ինքն` իրեն): Հուդան համբուրեց Հիսուսին: Կին.- (ինքն` իրեն): Ամբոխը ընտրեց Բարաբբային: Տղամարդ.- (ինքն` իրեն): Բրուտոսը սպանեց Կեսարին: |
Կին.- (ինքն` իրեն): Սոդոմը և Գոմորը կործանվեցին: Տղամարդ.- (ինքն` իրեն): Կայենը սպանեց Աբելին: Կին.- (ինքն` իրեն): Պիղատոսը լվաց ձեռքերը: Տղամարդ.- (ինքն` իրեն): Պոմպեյի ավերակների մեջ պեղեցին երեք կմախք: Երկուսը` շղթայակապ ստրուկներ էին, մեկը` նրանց տերն էր: Կին.- (ինքն` իրեն): Բաբելոնի աշտարակը կիսակառույց մնաց: Տղամարդ.- (ինքն` իրեն): Մեր այգին պարսպապատվեց: Որոտի պես ուժգին ու անսպասելի հնչում է սլացող գնացքի աղմուկն ու հանկարծակի դադարում է: Դադար: Լսվում է ուղեկցողի բարձրախոսով արված հայտարարությունը. ,ՈՒշադրություն, գնացքը մոտենում է երկրի սահմանին: Նախապատրաստվեք լռության րոպեինե, և անմիջապես հայտնվում է Ուղեկցողը: Ուղեկցող.- Դուք նախապատրաստվե՞լ եք լռության րոպեին: Տղամարդ.- Մենք կարող ենք լռել: Կին.- Մենք կարողանում ենք լռել: Ուղեկցող.- Կարևորն այն չէ, որ դուք կարողանում եք լռել, այլ այն, որ լռե’ք, երբ դա պահանջվում է: Տղամարդ.- Դա պարտադի՞ր է: Ուղեկցող.- Դա պարտք է: Կին.- Բայց մենք լռելյայն մարել ենք մեր բոլոր պարտքերը: Ուղեկցող.- Այո, տիկին, դուք ամեն ինչ եք մարել: Դեպարտամենտին դա հայտնի է ձեր կողմից լրացված և ստորագրված հարցաթերթիկներից: Սակայն մինչև սահմանն անցնելը դուք պարտավոր եք լռելու ձեր պարտքը տալ: Կին.-(Տղամարդուն): Դու լռելու պա՞րտք ես ունեցել: Տղամարդ.- Ոչ: Իսկ դու՞… Ուղեկցող.-Դա բարոյական պարտք է: Մինչև սահմանն անցնելը դուք բարոյական պարտք ունեք` հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում: Տղամարդ.- (հնազանդորեն): Մենք հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում: Ուղեկցող.-Չմոռանաք ոտքի կանգնել: Տղամարդ.- Մենք հուշարձանի մոտ, հոտնկայս, մեկ րոպե լռությամբ կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում: Ուղեկցող.- Աջ ձեռքը ձախ կրծքին հպած: Տղամարդ.- Մենք հուշարձանի մոտ, հոտնկայս, մեկ րոպե լռությամբ, աջ ձեռքը ձախ կրծքին հպած կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում: Ողեկցողը կտրուկ շրջվում, դուրս է գնում` ձուլվելով պատին: Դադար: Կին.- Դու այդ ու՞մ հետ էիր խոսում: Տղամարդ.- (չի շտապում պատասխանել): Մի՞թե ես խոսել եմ: Կին.- Ինձ թվաց, թե դու խոսում ես ինչ-որ լռության րոպեի մասին: Տղամարդ.- Քեզ թվացել է: Կին.-(ոչ ոքի չդիմելով): Ի՞նչ բան է լռությունը: Տղամարդ.-(ոչ ոքի չպատասխանելով): Լռությունն այն է, որի մասին խոսում են: Կին.-(ոչ ոքի չդիմելով): Ի՞նչ բան է մեկ րոպե լռությունը: Տղամարդ.-(ոչ ոքի չպատասխանելով): Մեկ րոպե լռությունն այն է, որի մասին խոսում են դարերով : Լսվում է Ուղեկցողի ձայնը բարձրախոսից`,Ուշադրություն, հայտա¬րարվում է լռության րոպեե: Տղամարդը և Կինը, դիմահայաց նստած, չեն շարժվում: Բարձրախոսից` պահանջկոտ. ,Ուշադրություն, հայտարարվում է լռության րոպեե: Տղամարդը և Կինը չեն շարժվում: Բարձրախոսից` սպառնալից. ,Ուշադրություն, հայտարարվում է լռության րոպեե : Տղամարդը և Կինը ոտքի են կանգնում, աջ ձեռքը հպում ձախ կրծքին, և նույն վայրկյանին չարագույժ հնչում է շչակը`տագնապի ազդանշանով: Շչակի լռելուն պես` բարձրախոսից, հանդիսավորապես, հայտա¬րարվում է. ,Լռության րոպեի ավարտըե: Տղամարդը և Կինը նստում են: Պատից հայտնվում է Գնորդը: Գնորդ.- Բարև ձեզ: Քանի որ կոճակն աշխատում է, զանգը սարքին է, էլեկտրա¬- կանություն չկա և հետևաբար ես պետք է թակեի դուռը, դուք չպետք է պատասխանեիք ու ես ստիպված ներս պետք է մտնեի, ես չընկա ձևականությունների ետևից և ներս մտա: Տղամարդ.- (անկիրք, նրան չնայելով): Բարև ձեզ, պարոն, խնդրեմ, նստեք: Գնորդ.- Օ՜ ոչ: Կարևոր գործեր ունեմ, շտապում եմ հանդիպել Սպիվակովի համերգի ունկնդիրներին, ովքեր երկու օր առաջ չէին կարողացել համերգի տոմս ձեռք բերել, որովհետև համերգը չեղյալ էր հայտարարվել: Կին.- Ափսոս, ինչից են զրկվել: Գնորդ.- Այո, մանավանդ, որ մեծ երաժիշտը հանդես է եկել բոլորովին դատարկ դահլիճում: (Նկատելով ծաղկամանը` վերցնում, զննում է): Չմոռանամ հիշեցնել, որ դուք ինձ չեք նախազգուշացրել, թե քանի՞ օրը մեկ պետք է ջրել այս ծաղիկը: Տղամարդ.- Նեղություն մի քաշեք, այդ ծաղկամանը մենք վերցնում ենք մեր հետ: |
Գնորդ.- Ձեր հե՞տ: Մի՞թե սա տան հետ չի վաճառվում: Կին.- Բայց տունը մենք չենք վաճառել, նվիրել ենք: Տղամարդ.- Դուք գնել եք միայն մեր պարտքերը: Գնորդ.- :(ծաղկամանը տեղը դնելով): Ինչ արած…ափսոս… Տղամարդ.- Դուք փոշմանե՞լ եք… Կին.- Դուք զղջացե՞լ եք… Գնորդ.- Ամենևին: Ես ծաղիկն եմ ափսոսում: Չե՞ք վաճառի: Կին.- Ոչ, պարոն, այն չի վաճառվում: Գնորդ.- Ես պատրաստ եմ մեծ գումար վճարել: Տղամարդ.- Մեզ փող պետք չէ, մեզ միայն երկու տոմս է անհրաժեշտ: Կին.- Գնացքի: Գնորդ.- Ես կարող եմ գնացքի ևս երկու տոմս առաջարկել: Կին.- Ծաղիկը չի վաճառվում: Գնորդ.-Ի”նչ արած: (Աչքը ծաղկամանից չկտրելով` սեղանին է դնում տոմսերը): Ահա, խնդրեմ, ձեր երկու տոմսը` պատվիրված ուղղությամբ: Խնդրում եմ հաշվել: Տոմսը հաշվել է սիրում: Տղամարդ.- Այո, անշուշտ: Գնորդ.- Կարո՞ղ եմ բարձրաձայն ասել, որ այս տունն արդեն իմն է: Տղամարդ.- Խնդրում եմ, մեր մեկնելուց հետո: Գնորդ.- Ձեր մեկնելուց հետո կարո՞ղ եմ բարձրաձայն ասել, որ այս տունն արդեն իմն է: Կին.- Բայց լավ կլինի, որ այդ մասին մենք նախօրոք չիմանանք: Գնորդ.- Տրամաբանական է: Իսկ հիմա քաղաքավարությունը պահանջում է, որ ձեզ բարի ճանապարհ մաղթեմ: Տղամարդ.- Մաղթեք: Գնորդ.- Բարի ճանապարհ: Կին.- Չմոռանաք Ալֆային կերակրել: Գնորդ.- Իհարկե, իհարկե, ես չեմ մոռացել, որ նա սովից սատկել է երկու տարի առաջ: Երկրորդ անգամ դա թույլ չեմ տա:(Թեթև խոնարհումով:) Պատիվ ունեմ: (Արագ դուրս է գնում՝ ձուլվելով պատին): Դադար: Կին.- (ինքն` իրեն): Ե՞րբ են պարում մարդիկ: Տղամարդ.- (ինքն` իրեն): Մարդիկ չեն պարում: Կին.- (ինքն` իրեն): Ես հիշում եմ, թե ինչպես էինք մենք պարում: (Տեղից ելնելով դանդաղ գալիս է սեղանի դիմաց): Տղամարդ.-(ինքն` իրեն): Մի՞թե մենք երբևէ պարել ենք: (Դանդաղ մոտենում է կնոջը, կանգնում նրա դիմաց): Մեղմ հնչում է տանգոն: Կին.- Դու գրկեցիր իմ իրանը: (Տղամարդը գրկում է նրա իրանը:) Ես աջ ձեռքս դրեցի քո ձախ ափի մեջ: (Տանգոյի դիրք են ընդունում:) Մենք պարեցինք երկա՜ր- երկար… Երաժշտության ձայնը բարձրանում է:Նրանք, տանգոյի դիրքով, անշարժ կանգնած են: Մթություն: Լուսավորվում է. նրանք նույն դիրքով կանգնած են ձախ կողմում: Մթություն: Լուսավորվում է. նրանք նույն դիրքով կանգնած են աջ կողմում: Մթություն: Լուսավորվում է. նրանք նույն դիրքով կանգնած են սկզբնական տեղում: Մթություն: Լուսավորվում է. նրանք սեղանի մոտ նստած են դեմ-դիմաց: Կարճ դադար: Կին.- Գնորդի դեմքն ինձ ծանոթ թվաց: Տղամարդ.- Նրանք բոլորն էլ նույն դեմքն ունեն: Կին.- Ուղեկցողի դեմքն ինձ ծանոթ թվաց: Տղամարդ.- Նրանք բոլորն էլ նույն դեմքն ունեն: Կին.- Ոստիկանի դեմքն ինձ ծանոթ թվաց: Տղամարդ.- Նրանք բոլորն էլ նույն դեմքն ունեն: Կին.-(ինքն` իրեն): Անունդ չմոռանաս… Տղամարդ.- (ինքն` իրեն): Չմոռանաս անունդ… Տղամարդն ու Կինը, միասին, անընդհատ կրկնում են այդ խոսքերը` |
աստիճանաբար ձայնը ցածրացնելով, շշուկի հասցնելով: Լսվում է Ուղեկցողի բարձրախոսով արված հայտարարությունը. ,ՈՒշադրություն, նախապատրաստվեք լռության րոպեիե, և անմիջապես հայտնվում է Ուղեկցողը: Ուղեկցող.- Հուսով եմ, որ դուք նախապատրաստվել եք լռության րոպեին: Տղամարդ և Կին.- (միաձայն, անհույզ): Մենք արդեն լռել ենք: Տղամարդ.- Մենք արդեն լռել ենք` հոտնկայս, աջ ձեռքը ձախ կրծքին հպած: Ուղեկցող.- Դուք, հոտնկայս, աջ ձեռքը ձախ կրծքին հպած, մեկ րոպե լռությամբ հարգել եք նախորդ երկրի հերոսների հիշատակը: Սահմանն անցել ենք, և դուք պարտավոր եք հարգել նաև հարևան երկրի հերոսների հիշատակը, ովքեր զոհվեցին պատերազմում: Կին.- Նու՞յն պատերազմում: Ուղեկցող.- Նույն պատերազմում: Կին.- Նրանք սպանել են միմյա՞նց… Ուղեկցող.- Նրանք մարդասպաններ չեն: Նրանք իրենց հայրենիքների պաշտպան-ներն են և հերոս նահատակներ: Կին.-Նրանք ինչու՞ կռվեցին: Ուղեկցող.- Հանուն հայրենյայց: Հուշարձանին այդ մասին գրված է: Տղամարդ.- Հնարավոր չէ՞ր, արդյոք, սահմանի վրա մեկ հուշարձան կանգնեցնել ի պատիվ հանուն հայրենյայց զոհված երկու երկրների հերոսների և հարգել ընդհանուր հիշատակը մեկ րոպե լռությամբ: Ուղեկցող.- Այդ դեպքում յուրաքանչյուր երկրի հերոսներին կընկներ լռության կես րոպե, մինչդեռ ընդունված է, որ հերոսների հիշատակը պետք է հարգել ամբողջական րոպեով: Տղամարդ.- Մենք կարող էինք լռել երկու րոպե, յուրաքանչյուր երկրի հերոսների հիշատակի համար` մեկական: Ուղեկցող.- Հնարավոր է, սակայն երկրի օրենքները նպատակաուղղված են մարդու բարօրության և հարմարավետության համար: Երկու րոպեի լռություն պահանջել քաղաքացուց և մեկը զիջել օտար երկրին, խոստովանենք` անարդար կլինի: Դուք անարդարությու՞ն եք ուզում: Կին.- (երկյուղած): Մենք անարդարություն չենք ուզում: Տղամարդ.- (հաստատում է): Մենք անարդարություն չենք ուզում: Ուղեկցող.- Դեպարտամենտը դա հաշվի կառնի, մնում է գործով ապացուցեք: Կին.- Ինչպե՞ս: Տղամարդ.- Ինչպե՞ս: Ուղեկցող.- Հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ հարգելով այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում: Տղամարդ.- Մենք հուշարձանի մոտ մեկ րոպե լռությամբ կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում: Ուղեկցող.- Չմոռանաք ոտքի կանգնել: Տղամարդ.- Մենք հուշարձանի մոտ, հոտնկայս, մեկ րոպե լռությամբ կհարգենք այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են հարևան երկրի հետ պատերազմում: Ուղեկցող.- Ձախ ձեռքը աջ կրծքին հպած: Կին.- Ձախ ձեռքը աջ կրծքին հպա՞ծ: Ուղեկցող.- Այո, ձախ ձեռքը աջ կրծքին հպած: Կին.- (երկյուղած): Տեր Աստված… մենք սխալ ենք գործել… Քիչ առաջ, նախորդ հուշարձանի մոտով անցանք աջ ձեռքը ձախ կրծքին հպած… Տղամարդ.- (Ուղեկցողին): Մենք սխա՞լ ենք գործել… Քիչ առաջ, նախորդ հուշարձանի մոտով անցանք աջ ձեռքը ձախ կրծքին հպած: Ուղեկցող.- Մի անհանգստացեք, պարոն, մի անհանգստացեք, տիկին: Հարևան երկրի օրենքով, հանուն հայրենյայց զոհված հերոսների հիշատակը պետք է հարգել հոտնկայս, մեկ րոպե լռությամբ, աջ ձեռքը ձախ կրծքին հպած: Իսկ այս երկրում, հանուն հայրենյայց զոհված հերոսների հիշատակը պետք է հարգել հոտնկայս, մեկ րոպե լռությամբ, ձախ ձեռքը աջ կրծքին հպած: Օրենքների հսկայական տարբերություն կա, այնպես չէ՞: Տղամարդ.- Այդպես է, օրենքների հսկայական տարբերություն կա: Ուղեկցող.- Պատիվ ունեմ:(Կտրուկ շրջվում, դուրս է գնում` ձուլվելով պատին): Կարճ դադար: Կին.-Ի՞նչ է օրենքը…(Տղամարդը չի պատասխանում): Ի՞նչ է օրենքը…Ի՞նչ են օրենքները… Տղամարդ.-(ոչ մեկի չդիմելով): Օրենքները…բարոյական սահմանումներ են` անբարոյության մասին: Կին.-(ինքն` իրեն): Եթե սահմաններ չլինեին` պատերազմ չէր լինի: Տղամարդ.- (ինքն` իրեն): Եթե պատերազմ չլիներ` սահմաններ չէին լինի: Կարճ դադար: Կին.-(ինքն` իրեն): Ի՞նչ բան է ժամանակը: Տղամարդ.- (ինքն` իրեն): Ժամանակը հիշողության մայրն է: Կին.-(ինքն` իրեն): Անունդ չմոռանաս…Անունդ չմոռանաս… Անունդ չմոռանաս… Տղամարդ.- (ինքն`իրեն): Չմոռանաս անունդ… Չմոռանաս անունդ…Չմոռանաս անունդ… Անընդհատ կրկնելով այս խոսքերը Տղամարդն ու Կինը սկզբում մեղմ, իսկ հետո ավելի ու ավելի ուժգին թմբկահարում են սեղանը սլացող գնացքի անիվների ռիթմով` խլացնելով իրենց իսկ ձայնը: Թմբկահարելու ավարտն ու պատից Ոստիկանի հայտնվելը միաժամանակ է կատարվում: Ոստիկան.- (պատվի առնելով): Հարգարժան տիկին, հարգարժան պարոն, հենց նոր Ուղեկցողից իմացա, որ դուք ձեզ հետ ծաղկաման եք տանում: Տղամարդ.- Այո, պարոն Ոստիկան, այս ծաղկամանը մերն է: Ոստիկան.- Ծաղկամանի մեջ հող կա՞: Կին.- Այո: Մեր այգու հողից եմ լցրել: Ոստիկան.- Դատելով ձեր պատասխաններից, ծաղկամանը ձերն է: |
Տղամարդ.- Այո, պարոն: Ոստիկան.- Դատելով ձեր պատասխաններից, ծաղկամանի մեջ հող կա և այն այգուց եք վերցրել: Կին.- Այո, պարոն: Ոստիկան.- Դատելով ձեր պատասխաններից, հողով լցված ծաղկամանը դուք վերցրել եք ձեր հետ: Տղամարդ.- Այո, պարոն: Ոստիկան.-Ես ստիպված եմ բռնագրավել ծաղկամանը: Դուք խախտել եք սեփականության իրավունքի մասին օրենքը: Կին.- Այդ ինչպե՞ս: Ոստիկան.-Մեր տեղեկություններով այգին պատկանում է հանրահայտ , նշանավոր մի պարոնի, հետևաբար դուք վերցրել եք ուրիշի հողը: Ես բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ սա հենց այն գողացված հողն է, որի համար միջազգային հետախուզում է հայտարարված: Տղամարդ.- Միջազգային հետախուզո՞ւմ: Ոստիկան.- Այո, պարոն: Դեռ լավ է, որ դուք և այգու տերը պետություններ չեք, այլապես ուրիշի հողը զավթելու համար պատերազմ կսկսվեր: Կին.- Աստված մի արասցե: Ոստիկան.- Դատելով ձեր պատասխանից, դուք դեմ եք պատերազմին: Կին.- Այո: Ոստիկան.- Իսկ ձեր ամուսի՞նը: Կին.- (ամուսնուն): Սիրելիս, դու դե՞մ ես պատերազմին: Տղամարդ.- Այո: Ոստիկան.- Այդ դեպքում ձեր հանցանքը որակվում է այլ հոդվածով` օկուպացիա: Ուստի ես ստիպված եմ բռնագրավել հողը և վերադարձնել օրինական տիրոջը: (Վերցնում է ծաղկամանը): Կին.- Իսկ ծաղկամանը՞… ծաղիկը՞… Ոստիկան.- Բոլոր հանգամանքները պարզելուց հետո դրանք ձեզ կվերադարձվեն: (Պատվի է առնում:) Պատիվ ունեմ: (Դուրս է գնում՝ ձուլվելով պատին): Կարճ դադար: Տղամարդն ու Կինը նստած են դեմ-դիմաց, ձեռքի ափերը սեղանին, միմյանց հառված սֆինքսի հայացքով: Կին.- Այնուամենայնիվ, նրա դեմքն ինձ ծանոթ է: Տղամարդ.- (չի շտապում պատասխանել): Այդ նա է, որ զավթել է մեր այգին: Կին.- ՈՒղեկցողի դեմքն էլ Է ծանոթ ... Տղամարդ.- (չի շտապում պատասխանել): Այդ նա է, որ զավթել է մեր այգին, տիրացել է մեր տանը: Կին.- Գնորդի դեմքն էլ է ծանոթ … Տղամարդ.- (չի շտապում պատասխանել): Այդ նա է, որ զավթել է մեր այգին, տիրացել է մեր տանը, գնել է մեր տան պատմությունն ու հուշերը` գնացքի երկու տոմսով: Կին.- Մենք մեկնո՞ւմ ենք: Տղամարդ.- Մենք նահանջում ենք: Կարճ դադար: Կին.- Ինձ անընդհատ թվում է, թե մենք ինչ որ մի կարևոր բան ենք թողել մեր տանը: Տղամարդ.- Քեզ չի թվում: Դա այդպես է: Կին.- Նամակ գրենք Գնորդին, թող նա ուղարկի մեզ: Տղամարդ.- Անհնար է: Կին.- Նա կուղարկի, եթե մենք խնդրենք: Տղամարդ.- Անհնար է: Մենք հասցե չունենք: Կին.- Նա կուղարկի ցպահանջ: Տղամարդ.- Անհնար է: Կին.- Ես կարդացել եմ, եթե քո ինքնությունն ապացուցում ես` կարող ես ստանալ ցպահանջ ուղարկածը: Տղամարդ.- Անհնար է առանց հոգու ինքնություն ունենալ: Կին.- Իսկ ինչո՞ւ առանց հոգու: Տղամարդ.- Որովհետև մենք տանն ենք թողել մեր հոգին, որի մեջ մեր տունն էր ու այգին, մեր պատմությունն էր ու մեր հուշերը, մեր ինքնությու՜նը…(Ոտքի կանգնելով, հայացքը հեռուներում քայլում է դեպի բեմառաջ` աստիճանաբար բորբոքվելով:) Այդ բոլորի դիմաց` գնացքի երկու տոմս…Գնացքի երկու տոմս…Գնացքի երկու տոմս… (ավելի արագ ու նյարդային` գնացքի անիվների ռիթմով:) Գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս -գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս …(Նույն` արագ ռիթմով լսվում է գնացքի անիվների աղմուկը. երկուստեք ավելի ու ավելի բարձր, միաժամանակ` մթնում է, ասես գնացքը թունել է մտել, որի լամպերի լույսը, ստեպ-ստեպ, ձախից` աջ, լուսավորում են նրա դեմքը:)… Գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս- գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս - գնացքի երկու տոմս … (խելացնոր գոռում է, որը համընկնում է գնացքի երկար ու զիլ սուլոցին)… Գնացքի երկու տոոոոո՜մս… Միանգամից` մթություն, լռություն : Երբ լուսավորվում է, Տղամարդն ու Կինը կանգնած են բացարձակ դատարկ բեմում` դեմքով դեպի հանդիսատեսը, ճամպրուկները նրանց կողքին են, Կնոջ ձեռքում ծաղկի ցողունն է` բաց արմատներով: Կարճ դադար: Կին.- (ոչ ոքի չդիմելով): Մենք տեղ հասանք: Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել: Կին.- Վերջապես մենք տեղ հասանք: Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել: Կին.- Մենք վերջապես տեղ հասանք: |
Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել: Կին.- Բայց ես հիշում եմ գնացքը… Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել: Կին.- Բայց ես հիշում եմ գնացքը, Գնորդին… Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել: Կին.- Բայց ես հիշում եմ գնացքը, Գնորդին, Ուղեկցողին… Տղամարդ.- Մենք ոչ մի տեղ չէինք մեկնել: Կին.- Բայց ես հիշում եմ գնացքը, Գնորդին, Ուղեկցողին, Ոստիկանին… Տղամարդ.- (կարճ դադարից հետո): Մեզ դուրս էին նետել ժամանակից: Կին.- (սթափվելով չորս կողմն է նայում): Բայց… Բայց որտե՞ղ է մեր տունը, այգին… Այս ի՞նչ ամայություն է… Տղամարդ.- (կարճ դադարից հետո): Մենք դուրս ենք նետվել ժամանակից: Կին.- Բայց… Բայց որտե՞ղ է մեր տունը, այգին… Այս ի՞նչ ամայություն է… Տղամարդ.- Սա մեր մեղքերի հատուցումն է: Կին.- Մենք մե՞ղք ենք գործել… Տղամարդ.- Մենք չպահպանեցինք արգելված պտուղը: Կին.- (ասես` ցրտից սառսռալով): Սարսափելի ամայություն է` մեր տան, մեր այգու տեղում… Տղամարդ.- Ծաղիկը տնկիր հողում: Կին.- Ես վախենում եմ ամայությունից… Տղամարդ.- (շրջվում է դեպի կինը, գրկում է նրա ուսերը:) Ծաղիկը տնկիր հողում: Մենք այգի ենք հիմնելու: Կինը, ինքնաբերաբար, ծնկում է, սկսում է տնկել ծաղիկը: Վ Ա Ր Ա Գ Ո Ւ Յ Ր |