Ա մ ե ր ի կ յ ա ն խ ա ռ ն ա շ փ ո թ
Գուրգեն Միքայելյան Ա մ ե ր ի կ յ ա ն խ ա ռ ն ա շ փ ո թ* Կատակերգություն երկու գործողությամբ *Ինչո՞ւ ամերիկյան: Ինչո՞ւ ոչ թե Կարեն, Գրիգոր, Շահեն, այլ Ջեկ, Ջոնի, Մարկ… Ասեմ միանգամից. ոչ թե ամերիկյան մակարդակ «ապահովելու» համար, այլ որովհետև սա հայկական միջավայրին բնորոշ, հայկական միջավայրում «կատարվող» կատակերգություն չէ: Այս ամենը եթե ներկայացվի որպես մեր կողքին կատարվող, կթվա շինծու, կանցնի թատերայնությանը բնորոշ «արհեստա¬կանության» սահմանը: Վերջին հաշվով, խոսքը այստեղ ոչ թե ամերի¬կա¬ցու, եվրոպացու կամ ասիացու մասին է, այլ, պարզապես, մարդու… Գործող անձինք Ջեկ Հարդի ─ բանկերի ընկերության նախագահ Ջոնի Ջեքսոն ─ Ջեկ Հարդիի նմանակը Քիմ Հարդի ─ Ջեկ Հարդիի կինը Տոտի Հարդի─ Ջեկ Հարդիի որդին (5-6 տարեկան) Քեթրին ─ Հարդիի տան սպասուհին Մարի Հադսոն ─ Հարդիի սիրուհին Էմմա Սմիթ ─ Հարդիի քարտուղարուհին, բավական տգեղ կին Սառա Փիթ ─ ընկերության աշխատակցուհի Էդի Մոմսեն Սթիվ Մարկ Մայքլ Գործողություն առաջին Բանկերի ընկերության նախագահ Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Հարդին` միջին տարիքի սևամորթ տղամարդ, գրասեղանի մոտ նստած` աշխատում է: Ներս է մտնում Սառա Փիթը` ձեռքին թղթապանակ: ՍԱՌԱ─ Օ՜, միստր Հարդի, որքա՜ն պայծառ տեսք ունեք այսօր, որքան լուսավո՜ր… ՀԱՐԴԻ─ (Շողոքորթությունն անմիջապես զգալով) Նկատի ունես «լուսավոր» հաստի՞քը, Փիթ: ՍԱՌԱ─ Ո՜չ, ո՜չ, միստր Հարդի: Ձեր տեսքն այսօր իսկապես շքեղ է, լուս… (զգալով ասածի անհեթեթությունը) եղ… եղ… ե՜ն… ՀԱՐԴԻ─ (Սև ձեռքերին նայելով) Այո՜… Լուսեղեն… (Հեգնանքով) Ինչպես որ լուսնկա գիշերը… ՍԱՌԱ─ (Հարդիին մոտենալով` փորձում է հնարավորինս գայթակղել): Ստորագրեք այստեղ, խնդրում եմ… Այստեղ… Այստեղ: (Բռնում է Հարդիի ձեռքը, նայում աչքերին և խոսում հուզված կնոջ տոնայնությամբ, բայց դերասանաբար): Դուք կատարյալ տղամարդ եք, միստր… ՀԱՐԴԻ─ (Նույնպես կեղծ տոնայնությամբ) Իսկապե՞ս, Սառա… (Վերջինս, իբր ցանկությանը չդիմանալով, ընկնում է նրա գիրկը): ՍԱՌԱ─ Օ՜, Հարդի… Ներս է մտնում Էմմա Սմիթը և այնպես հանգիստ մոտենում Հարդիի աշխատասեղանին, կարծես սենյակում սովորական աշխատանքային մթնոլորտ է: ԷՄՄԱ─ (Սեղանին թղթապանակ դնելով) Դիտարկման փաստաթղթերն են, միստր: ՍԱՌԱ─ (Հարդիի գրկից հանգիստ բարձրանալով՝ թշնամանքով նայում է Էմմային): Դիտարկման փաստաթղթերը… ԷՄՄԱ ─ Այո՜, Սառա, դիտարկմա՜ն: ՍԱՌԱ ─ Լավ բան չէ, Էմմա՜, դիտարկում անցկացնել դռան հետևից: ԷՄՄԱ ─ Առավել ևս` անմիջապես նետվել թափուր հաստիքի վրա… ՀԱՐԴԻ─ Դե՜, դե՜… ԷՄՄԱ─ Այսուհանդերձ, Սառա Փիթ, բնավ համոզիչ չէր… (Դուրս է գալիս): ՍԱՌԱ─ (Նրա հետևից) Հրեղեն փերի, որ միշտ կպարծենա իր կուսությամբ… Դուք որտե՞ղ եք գտել այս գեղեցկուհուն, միստր: ՀԱՐԴԻ─ Ես չեմ գտել: Գտել է կինս: Իմ քարտուղարուհիներին նա է ընտրում: Սա արդեն երրորդն է: ՍԱՌԱ─ Որքա՜ն մոլեգին խանդ: Ասում են, որ այսպիսիներին եթե աշխատանքի չեն ընդունում, ուրեմն պատճառն արտաքինն է: Իսկ եթե ընդունել են, ուրեմն… կրկին արտաքինն է, որովհետև դրանով ցանկացել են ինչ-որ բան թաքցնել… Ի դեպ՝ միստր Հարդի, այսօր սենյակներում տարօրինակ լուրեր են շրջում: (Հարդին նայում է նրան): Ասում են, թե հերթապահն այս գիշեր տեսել է մի ուրվական: ՀԱՐԴԻ─ Հնարավոր է. հալյուցինացիա… ՍԱՌԱ─ Եվ պնդում է, որ նա եղել է ճիշտ ու ճիշտ… Ձեզ նման: «Տեսել եմ անձամբ,- ասում է,- դա ուրվականն էր միստր Հարդիի»: ՀԱՐԴԻ─ Եվ նա կեսգիշերին, ինչպես հանգուցյալ հայրը Համլետի, դուրս է եկել գերեզմանից և ահազդու խորհրդավորությամբ քայլել: ՍԱՌԱ─ Ո´չ: Դուրս է եկել զուգարանից ու արագ փախել… (Հարդին խեթ նայում է Սառային): Երդվում է: ՀԱՐԴԻ─ Ա՜խ, ուրեմն նա արդեն մամուլի ասուլիս է տալիս: |
ՍԱՌԱ─ Նման մի բան, բայց հոգեբույժների մոտ… Նա վախից ցնորվել է: ՀԱՐԴԻ─ Պարզ է, պարզ է: ՍԱՌԱ─ Այսպիսի բաներ, միստր: (Բերած փաստաթղթերը վերցնելով) Դե, ես գնացի: Ես հիմա ոչ մի րոպե ժամանակ չունեմ այդ թափուր հաստիքի պատճառով: Մտածեք, միստր… Եվ նկատի ունեցեք, որ ես արդեն միայնակ կին եմ: Այլ կերպ ասած` նույնպես թափուր հաստիք… (Գնում է): ՀԱՐԴԻ─ (Աթոռի թիկնակին հոգնած հենվելով) Օ՜ֆ… Սառա´, Էմմա´, Մարի´… Հետին դռնից գալիս են Էդին և Սթիվը` բերելով անվավոր մի արկղ: ԷԴԻ─ Ձեզ համար մենք մեծ անակնկալ ունենք, միստր: ՍԹԻՎ─ Նվե´ր: ԷԴԻ─ Տեսնեք իսկ, չեք հավատա: ՀԱՐԴԻ─ (Հետաքրքրությամբ) Եվ որտե՞ղ է այն: ԷԴԻ─ (Արկղը ցույց տալով) Այստեղ, ահա: ՍԹԻՎ─ Ձեր երազանքը… Գիշերն ենք բերել, գաղտնի: Թաքցրել էինք, որ ոչ ոք չտեսնի: (Սկսում են արկղը բացել): ԷԴԻ─ Դուք հիմա պարզապես ապշելու եք: Սթիվը կափարիչը դնում է մի կողմ, և բոլորն ուշադրությամբ նայում են արկղին… Մեկ-երկու վայրկյան անց գլուխը դանդաղ բարձրացնում ու զարմացած, հետաքրքրական հայացքով շուրջբոլորն է նայում մի տղամարդ, որը խիստ նման է Հարդիին: Մի պահ տիրում է լռություն: ՍԹԻՎ─ Դուրս եկ, Ջոնի: Մի´ վախեցիր: ՀԱՐԴԻ─ (Ապշած): Ախ, ուրեմն դա ճի՞շտ է… Ուրեմն դուք… բռնե՞լ եք նրան… ԷԴԻ─ Գտել ենք, միստր: Բոլորովին պատահաբար: ՍԹԻՎ─ Տեսանք թե չէ, անմիջապես մտածեցինք, որ Ձեզ համար կլինի լավ նվեր: ԷԴԻ─ Ընդամենը մի քիչ վրան աշխատել ենք, մշակել: ՀԱՐԴԻ─ (Ուշքի չեկած) Իսկ սա ի՞նչ է. խամաճի՞կ, ուրվակա՞ն… ՍԹԻՎ─ Սա Ձեր… նմանակն է, միստր: (Ջեքսոնը արկղից դուրս է գալիս և անմիջապես դիմում Հարդիին: Խոսում է արագ-արագ): ՋԵՔՍՈՆ─ Միստր, միստր, օգնեցե´ք ինձ: Սրանք գիժ են, ավազակ: Ինձ առևանգել են: Տեսեք, թե ինչ են հագցրել: (Տարօրինակ հայացքով նայում է Հարդիին, որն իրենից ոչնչով չի տարբերվում: Մատն ուղղում է նրա կողմը): Միստր… ԷԴԻ─ Հարդի´: ՋԵՔՍՈՆ─ (Կրկնում է): Միստր Հարդի… ՍԹԻՎ─ (Մատնացույց է անում Ջեքսոնին) Միստր… ՋԵՔՍՈՆ─ Ջեքսոն… ԷԴԻ─ Ո´չ: Ասացինք` դու այլևս Ջեքսոնը չես: ՍԹԻՎ─ Այսուհետև դու կոչվելու ես Հարդի: ՋԵՔՍՈՆ─ (Հարդիին) Միստր… Միստր… Փրկեք ինձ: Սրանք գիժ են: Կատարյալ գիժ… Բոլորը գիտեն, որ ես Ջեքսոնն եմ, Ջոնին, իսկ սրանք ասում են Հարդի: Ես շրջմոլիկ եմ: Զանգեք ոստիկանություն, միստր… ԷԴԻ─ Մենք քեզանից, Ջոնի, սարքելու ենք Հարդի, Միստր Հարդի… ՋԵՔՍՈՆ─ (Վախեցած) Ի՞նչ… (Վազում, վերցնում է բազմաթիվ հեռախոսներից մեկի լսափողը, սեղմում կոճակները և արագ-արագ խոսում): Ալո´, ալո´, ոստիկանություն: Ինձ առևանգել են, ինձ սպառնում են: Ինձնից ուզում են Հարդի սարքել: Երդվում եմ. ես Ջոնին եմ: (Էդին և Սթիվը նայում են Հարդիին` սպասելով հրահանգի): ՀԱՐԴԻ─ Այդ հեռախոսը չի աշխատում: ՍԹԻՎ─ Մի´ անհանգստացիր, Ջոնի: Քեզ ոչ մի վտանգ չի սպառնում: Դու հիմա կապրես ավելի լավ, ավելի հետաքրքիր կյանքով: ՋԵՔՍՈՆ─ Չի սպառնում վտա՞նգ: Իսկ ինչի՞ համար էր (արկղը ցույց տալով) Նոյյան տապանով այս ուղևորությունը: (Վազում է դռան կողմը և փորձում բախել): Հե՛յ, օգնեցե´ք… Հե՛յ… ԷԴԻ─ (Սթիվի հետ փորձում են արգելել): Հանգստացիր, Ջոնի: Ոչ ոք այստեղ քեզ չի լսի: ՋԵՔՍՈՆ─ Իսկ ինչո՞ւ չի լսի: Բոլորը խեղդվե՞լ են: Եվ որտե՞ղ է իմ տապանն իջել: Գուցե աղունի՞կ բաց թողնեմ: ՍԹԻՎ─ Ջոնի´… Սթիվը չի հասցնում խոսքն ավարտել, քանի որ Ջոնին ճարպիկ շարժումով նրա և Էդիի ոտքերից քաշում, գցում է հատակին և գլուխները խփում իրար: Մինչ նրանք ուշքի կգան, հարձակվում է նաև Հարդիի վրա, գցում է արկղը, կափարիչը ամրացնում ու մտնում նրա դերի մեջ: ՋԵՔՍՈՆ─ (Էդիին և Սթիվին) Հաց չե՞ք կերել, ինչ է: (Հարդին պոկում է կափարիչը և դուրս գալիս): Հապա կապոտեք սրան… ԷԴԻ─ (Ջեքսոնին) Ներեցեք, միստր Հարդի: ՀԱՐԴԻ─ Տխմա´ր, ե´ս եմ Հարդին: ՋԵՔՍՈՆ─ Ստում է: Հարդին ես եմ: (Էդին և Սթիվը նայում են իրար` չկարողանալով կողմնորոշվել): ՀԱՐԴԻ─ Սա ապուշ ձևացող կատարյալ դերասան է, Էդի´: ՋԵՔՍՈՆ─ (Նույն տոնայնությամբ կրկնում է): Սա ապուշ ձևացող կատարյալ դերասան է: ԷԴԻ─ Հոգեբանական հատուկ մեթոդներով հնարավոր է մարդուն վերափոխել ամբողջովին, միստր: Ես խոստանում եմ… |
Ջոնի, դու այսօրվանից կլինես ոչ թե Ջեքսոն, այլ հարդի: Միստր Հարդի: ՍԹԻՎ─ Որպես երբեմնի ոստիկան` կարող եմ ասել, միստր, որ ձեզ սատանան իսկ չի տարբերի: ԷԴԻ─ Հիշո՞ւմ եք, որքան էիք ցանկանում ունենալ նմանակ: Ահա´, գտնվեց վերջապես: ՍԹԻՎ─ Տվյալները շատ հարմար են: Ճիշտ է, ուղեղը մի քիչ կաղում է, բայց §բուժել¦, թաքցնել հնարավոր է: ԷԴԻ─ Մեծացել է մանկատանը: Տուն չի ունեցել: Չի ամուսնացել: Մի ժամանակ աշխատել է ինչ-որ ընկերությունում, սակայն հաստիքների կրճատման պատճառով ազատվել է ու մնացել փողոցում: ՋԵՔՍՈՆ─ Մի գիշեր էլ՝ արկղում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե չկարողանայի կափարիչը բացել … ԷԴԻ─ Ի՞նչ: Ուրեմն դու… ՋԵՔՍՈՆ─ Այո: Ու քիչ մնաց, որ զուգարանում բռնեն: (Հարդիին): Բաց թողեք ինձ, միստր: Խնդրում եմ: ՀԱՐԴԻ─ Ոչ, Ջոնի: Դա արդեն անհնարին է: Ես միշտ երազել եմ ունենալ քեզ նման մեկին: Դու այսուհետև Հարդի ես, միստր Հարդի… Նոր պատկեր: Էդին և Սթիվը Ջեքսոնին սովորեցնում են, թե ինչպես պետք է նմանակի Հարդիին: ՍԹԻՎ─ Թե ի´նչ և ինչպես ես խոսելու Մարիի հետ, երևի արդեն պարզ է: ՋԵՔՍՈՆ─ (Քունքը քորելով): Այո, սըր: Մի շաբաթ է` սերտում եմ: ՍԹԻՎ─ Միստրը ժամացույցին հաճախ նայելու սովորություն ունի: Դա նկատի ունեցիր: ԷԴԻ─ Նստած ժամանակ հաճախ ոտքը գցում է ոտքին և ճոճում: Փորձիր հապա: (Ջեքսոնը փորձում է): Շատ կոպիտ է ստացվում: Շարժիր մի քիչ դանդաղ, հանգիստ… ՍԹԻՎ─ Լավ: Հետո էլի կփորձենք: ԷԴԻ─ Միստրը սովորություն ունի նաև մատներով սեղանի վրա տկտկացնելու: ՋԵՔՍՈՆ─ Բանից պարզվում է, որ ձեր միստրը մենակ մի ամբողջ գնդի ժեստեր է անում: ՍԹԻՎ─ Նա հաճախ ասում է ապուշ, հիմար: Եվ դա երբեմն ոչ թե վիրավորելու համար, այլ պարզապես, որպես կոչական: ԷԴԻ─ Որպես հոգեբան` քեզ ասեմ, Ջոնի, որ հիմա բոլորը կարծում են, թե, իրենցից բացի, բոլորն ապուշ են: ՍԹԻՎ─ Մարիին նա հաճախ ասում է փիսիկս, վագրիկս… ՋԵՔՍՈՆ─ Գրողը տանի, իսկ ո՞ւմ վրա ենք պարպելու դերասանական այս ամբողջ զինանոցը: ԷԴԻ─ Միստրը, հասկանո՞ւմ ես, չի կարող միաժամանակ լինել երկու տեղ: Բայց արի ու տես, որ դրա անհրաժեշտությունը խիստ է զգացվում: Եվ, ահա, նա որոշել է, որ այնտեղ, որտեղ իր ներկայությունը շատ կարևոր չէ, երբեմն կարելի է փոխարինել: ՋԵՔՍՈՆ─ (Դերի մեջ մտած` ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում): Եվ որտե՞ղ նրա ներկայությունը շատ կարևոր չէ: ՍԹԻՎ─ Գիտե՞ս, Ջոնի, երբեմն լինում են պաշտոնական ոչ կարևոր գործեր: Բացի այս` միստրը ունի և´ կին, և´ սիրուհի ու չի կարող միաժամանակ երկուսի մոտ լինել: Ահա այստեղ է, որ դու նրան պիտի օգնես: ՋԵՔՍՈՆ─ (Ապշահար) Ի՛նչ… ԷԴԻ─ Այնպես որ, քո աշխատանքն այնքան էլ շատ չէ: ՋԵՔՍՈՆ─ («Դերը» փորձելով) Ապո՛ւշ… Ուրեմն միստրը որոշել է, որ կնոջ ու սիրուհու մոտ իր ներկայությունը շատ էլ կարևոր չէ՞: ՍԹԻՎ─ Այո´: Միստրը այդպես է որոշել: ՋԵՔՍՈՆ─ Մի խոսքով` ես լինելու եմ նրա սիրուհու սիրեկանը և կնոջ ամուսինը: ԷԴԻ─ Հիմնականում` այո, պահելով, սակայն, մի շարք սահմանափակումներ: ՍԹԻՎ─ Նրա կնոջ հետ դու երբեք չպիտի´ քնես: ԷԴԻ─ Չպիտի´ նայես այն ժամանակ, երբ կսկսի հանվել: ՋԵՔՍՈՆ─ Իսկ երբ կսկսի հագնվե՞լ… ՍԹԻՎ─ Եվ ա´յն ժամանակ, երբ կսկսի հագնվել: ԷԴԻ─ Երբ նա ինքը կցանկանա սեր անել, պիտի որևէ պատրվակով հրաժարվես: ՍԹԻՎ─ Պլյուս-մինուս մի քիչ այս կողմ, այն կողմը` ոչինչ: ՋԵՔՍՈՆ─ (Դարձյալ ոտքը գցում է ոտքին և սեղանի վրա տկտկացնում): Բայց ինչո՞վ է միստրը համոզված, որ դա հնարավոր է: ԷԴԻ─ Հասկանո՞ւմ ես, Ջոնի, միստրը ստիպված է… ՍԹԻՎ─ Նկատի ունեցիր. դու նրան փոխարինելու ես միայն ծայրահեղ դեպքերում: Կսկսենք կարճ հանդիպումներով: Շրջմոլիկից դու միանգամից դառնում ես միլիոնատեր: Միստրը մեծ գումարներ է խոստանում: ՋԵՔՍՈՆ─ Միլիոնատե՛ր… ԷԴԻ─ Գուցե արդեն փորձե՞նք մի հատված: Նախնական… ՍԹԻՎ─ Զանգիր Մարիին: Ասա, որ մի քանի օրից կարճ ժամանակով, ասենք` կես ժամով, կլինես իր մոտ: ՋԵՔՍՈՆ─ Կես ժամո՞վ… Այսինքն` կես ժամ… (Սիրահետելու շարժումներ է անում): ՍԹԻՎ─ Այո´, այո´: Դու ե՞րբ ես վերջին անգամ կին սիրել: (Ջեքսոնն առյուծի մռնչյուն է արձակում, բայց զգացվում է, որ չի համարձակվում զանգել): ԷԴԻ─ Մի´ վախեցիր, դե… (Համար է հավաքում և հեռախոսը մեկնում Ջեքսոնին): Համարձակ խոսիր: Ինչպես միստրը: ՍԹԻՎ─ (Հուշում է, թե ինչ պիտի ասի) Փիսիկս… վագրիկս… (Լսվում է Մարիի ձայնը): ՄԱՐԻ─ Ալո… (Ջեքսոնը շփոթմունքից մնում է լուռ): Դե, խոսիր, շլդիկս… |
ՋԵՔՍՈՆ─ (Էդիին և Սթիվին) Ասում է` շլդիկս… ԷԴԻ─ Ասա` փիսիկս… ՋԵՔՍՈՆ─ Դու… դու… դո՞ւ ես, փիսիկս: ՄԱՐԻ─ Դե էլ ո՞վ պիտի լինի, նապաստակս: Իսկ դու, ինչ է, ի՞նձ չես զանգել: ՋԵՔՍՈՆ─ Ես… Ես Մարիին եմ զանգել… ՄԱՐԻ─ Է՛, Հարդի´, ճագարիկ, քո թեժ կրակից սև ծուխն է միայն մնացել… ՋԵՔՍՈՆ─ Ի՞նչ: ՄԱՐԻ─ Դու ոնց որ էլի նստել ես, հա՞, Ջեկ: ՋԵՔՍՈՆ─ Ո՛չ: Ես կանգնած եմ: ՄԱՐԻ─ Իսկ մինչ ա՞յդ… Ասեղի ծայրի՞ն… ՋԵՔՍՈՆ─ Ես… (իրեն սկսում է տիրապետել) պարզապես զանգեցի, Մարի´, որ խոսեմ քեզ հետ… ՄԱՐԻ─ Ընդամենը` խոսե՞լ: Իսկ ե՞րբ ես գալու: ՋԵՔՍՈՆ─ Քո ձայնը լսելուց հետո ուզում եմ հենց հիմա վազել… ԷԴԻ─ Հիմա, չէ: Հետո: ՄԱՐԻ─ Օ՛, վերջապե՞ս, Ջեկ: ՍԹԻՎ─ Ասա, որ հետո ես գնալու: Մի քանի օրից: ՄԱՐԻ─ Դու, ինչ է, մենակ չե՞ս: ՋԵՔՍՈՆ─ Չէ, փիսիկս, մենակ չեմ, և ինձ ասում են, որ հիմա քեզ մոտ գալ չեմ կարող: Մի քանի օրից: ՄԱՐԻ─ Այդ ո՞վ է սկսել քեզ կարգադրություններ անել: ԷԴԻ─ Ապուշ… Հիմար… ՋԵՔՍՈՆ─ (Մեքենայաբար կրկնում է): Ապուշ… Հիմար… (Զգալով, որ սխալվեց) Թո´ւ… Ես դա հենց այնպես, Մարի, որպես կոչական ասացի: Այդպիսի սովորություն ունեմ: ՍԹԻՎ─ Ասա, որ մի քանի օրից կգնաս, և վերջացրու: ՄԱՐԻ─ Այդ ո՞վ է ցուցումներ տալիս, Ջեկ: Քեզ ի՞նչ է պատահել, որ մի տեսակ ես: Ինչո՞ւ մի քանի օրից և ոչ թե հիմա: (Էդին և Սթիվը փորձում են կրկին ինչ-որ բան հուշել, բայց Ջոնին հասկացնում է, որ չմիջամտեն, և զրույցի թելը վերցնում է իր ձեռքը): ՋԵՔՍՈՆ─ Գիտե՞ս` բանն ինչ է, Մարի: Նրանք ինձ հետ պարապում են: Ասում են, որ ես դեռևս տարբերվում եմ իսկական Հարդիից: Ես փորձեր եմ անում, որ դառնամ իսկական Հարդին: Լսո՞ւմ ես… ՄԱՐԻ─ Ի՞նչ… (Ծիծաղում է): Օ՛, իմ հանգած հրաբուխ: Ուրեմն դու նորից ուզում ես դառնալ իսկական Հարդի՞ն: ՋԵՔՍՈՆ─ Հա´, գժի պես: (Կրկին մռնչում է): ՄԱՐԻ─ (Ծիծաղելով) Ջե´կ, նապաստակս, դու այսօր հաբեր հո չե՞ս ընդունել: ՋԵՔՍՈՆ─ Հաբե՞ր: Ո´չ: Ես ամեն օր արդեն դուշ եմ ընդունում ու վարժություններ անում: ՄԱՐԻ─ Ի՞նչ վարժություններ, խենթո´ւկ: ՍԹԻՎ─ Դասական գիժ… ԷԴԻ─ Ապո´ւշ… ՋԵՔՍՈՆ─ Դասական, գժական… ՄԱՐԻ─ Եվ ի՞նչ… Ստացվո՞ւմ է: Դու երևի հատուկ սարքերի վրա ես պարապում, հա՞: Ոտնիվեր, գլխիվայր… ՋԵՔՍՈՆ─ Չէ, դեռևս ինչ-որ բառեր եմ կրկնում, ոտքս գցում ոտքիս ու մատներով տկտկացնում: (Մարին ծիծաղում է): Ուրեմն դեռ պիտի սովորեմ նաև գլխիվայր շրջվե՞լ: (Սթիվին և Էդիին նայելով) Բանից պարզվում է, որ ես ոչ թե ֆինանսիստ եմ, այլ ծաղրածո՞ւ… ՍԹԻՎ─ Այսօր բավական է: Ասա, որ հետո էլի կզանգես ու վերջացրու: ՋԵՔՍՈՆ─ Այսօր բավական է: Հետո էլի կզանգեմ: ԷԴԻ─ (Հուշում է): Գուդբայ: ՋԵՔՍՈՆ─ Գուդբայ, վագրիկս: ՄԱՐԻ─ Ցտեսություն, նապաստակ: Բայց այսօր դու մի տեսակ ավելի լավն էիր, Ջեկ… Համբուրում եմ: Ջեքսոնը խոսակցությունն ավարտում է: Էդին և Սթիվը, լարվածությունից թուլանալով, ազատ շունչ են քաշում: ՋԵՔՍՈՆ─ Ես միշտ ասել եմ, որ ճշմարտությունը հաճախ լինում է անհավատալի, իսկ սուտը` ավելի քան համոզիչ… (Անդրավարտիքի փողքը բարձրացնում է ու ոտքը քորում): ՍԹԻՎ─ Որպես սկիզբ` տանելի էր: ԷԴԻ─ Եթե նկատի ունենանք վերջնական արդյունքը, նույնիսկ լավ էր, բայց դու քեզ պիտի լուրջ պահես, Ջոնի: Միստրը նման կատակներ չի անում: ՍԹԻՎ─ Վաղը կարճ ժամանակով քեզ ուզում ենք, այսպես ասած, ներկայացնել նրա ընտանիքին: Ի՞նչ կասես: ՋԵՔՍՈՆ─ (Վախեցած) Ի՞նձ… ԷԴԻ─ Մի´ վախեցիր, Ջոնի: Մենք լինելու ենք քեզ հետ: Մտնելու ենք տուն և դուրս գանք: Որպես փորձ, քննություն: Հիշիր, որ դու արդեն ոչ թե Ջեքսոնն ես, այլ Հարդին: Քեզ ամենուր պիտի պահես այնպես, ինչպես իրեն պահում է Հարդին: ՍԹԻՎ─ Նկատի կունենաս, որ նրա կինը` Քիմ Հարդին, տնօրենն է օծանելիքի հայտնի ֆիրմայի: ԷԴԻ─ Միշտ հիշիր, թե ինչպես է Հարդին շարժվում, ինչ ժեստեր է անում, ինչ բառեր գործածում: (Ջեքսոնը Հարդիի նման նայում է ժամացույցին…) |
Նոր պատկեր Ջեկ Հարդիի բնակարանը: Ներս է մտնում սպասուհին` Քեթրինը: ՔԵԹՐԻՆ─ Տի-տո´… Տիտո´, որտե՞ղ ես… (Նայում է սենյակի չորս կողմը): Ա´յ թե չարաճճին ես դու: Ես արդեն քո հայրիկին կբողոքեմ: Լսվում է դռան զանգի ձայն: Քեթրինը գնում է բացելու: Տիտոն` ավտոմատը ձեռքին, բազկաթոռի հետևից դուրս է գալիս, աթոռը շրջելով` նրա հետևում դիրք բռնում և փողն ուղղում դռան կողմը: Լսվում է Քեթրինի ձայնը: ՔԵԹՐԻՆ─ Օ՛, միստր Էդի, միստր Սթիվ, համեցեք: (Հենց երևում են Էդին, Սթիվն ու Ջեքսոնը, Տիտոն ճայթռուկներ է նետում): ԷԴԻ─ (Փորձելով կատակի տալ) Տիտո… Տիտո… Տե´ս, մենք արդեն զոհվեցինք: Հերիք է, Տիտո… ՏԻՏՈ─ Չէ´, դուք դեռ չեք մեռել: (Կրակում է ավտոմատով, որի փողից «բոց» է դուրս գալիս: Ջեքսոնը սարսափահար ուզում է հետ դառնալ, բայց Սթիվը չի թողնում): ՔԵԹՐԻՆ─ Ինչպե՞ս չես ամաչում, Տիտո: Չէ՞ որ արդեն մեծ տղա ես… ՏԻՏՈ─ Պառկե´լ… (Նետում է «նռնակ»: Ջեքսոնն անմիջապես պառկում է): ՍԹԻՎ─ Տեսնո՞ւմ ես, Տիտո, քո հայրիկն արդեն սպանված է: ՏԻՏՈ─ Ձեռքներդ վե´ր: ԷԴԻ─ Լավ, լավ, հանձնվում ենք: (Ջեքսոնին հասկացնում է, որ «դերի» մեջ մտնելու ժամանակն է: Ջեքսոնը ցույց է տալիս, որ չգիտի ինչ անել: Քեթրինը, Տիտոյի գլուխը շոյելով, փորձում է նրան համոզել, որ խաղը դադարեցնի): ՔԵԹՐԻՆ─ Ինչ լավ տղա է, չէ՞, Տիտոն: (Ջեքսոնը գնում, նստում է աթոռին, ոտքը գցում ոտքին և սեղանի վրա տկտկացնում): ՏԻՏՈ─ Ասում եմ` ձեռքներդ վե´ր: ՋԵՔՍՈՆ─ Ապո´ւշ… Հիմա´ր… (Մի պահ բոլորը զարմացած նայում են իրար: Ջեքսոնը ձայնն ավելի է բարձրացնում): Հիմա´ր… (Ներս է մտնում Ջեկի կինը` Քիմ Հարդին): ՔԻՄ─ Ի՞նչ է այստեղ կատարվում: ՍԹԻՎ─ Տիկին Հարդի… Մենք պարզապես Տիտոյի հետ զվարճացանք: Բայց դու մեզ լավ վախեցրիր, չէ՞, Տիտո: (Ջեքսոնը դարձյալ չկողմնորոշվելով, թե ինչ պիտի անի, ավելի ցուցադրաբար է նայում ժամացույցին): ՔԻՄ─ Ջե՞կ… Քեզ ի՞նչ է պատահել: Դու այսօր քեզ նման չես: ՋԵՔՍՈՆ─ (Անակնկալի գալով) Ի՞նչ… (Էդիին ու Սթիվին) Ասում էի, չէ՞: (Քիմին) Այդ մասին դու ասա ոչ թե ինձ, այլ սրանց: ԷԴԻ─ Տիկին Հարդի, պարզապես միստրն այսօր անտրամադիր է: ՋԵՔՍՈՆ─ (Էդիին) Տեսա՞ք… Համոզվեցի՞ք… Ես ասում էի, իսկ դուք… (Նրանց նմանակելով) Փիսի՛կս, վագրի՛կս… ՔԻՄ─ (Զարմացած) Չեմ հասկանում: ՍԹԻՎ─ Տիկին Հարդի, միստրն այսօր մի քիչ ընկճված է: ՏԻՏՈ─ (Մոտենալով Ջեքսոնին) Հայրի´կ, ինչո՞ւ ես ընկճված: ՋԵՔՍՈՆ─ (Տիտոյի գլխին թեթևակի խփելով) Որովհետև դու տխմար ու խելառ լակոտ ես: (Տիտոն լացելով վազում է մոր մոտ): ԷԴԻ─ Տիկին Հարդի, մենք միայն մի քանի րոպեով… Պարզապես… Արդեն գնալու ժամն է: Միստրն ուշանում է: (Ջեքսոնին) Երևի արդեն գնա՞նք, միստր Հարդի: ՋԵՔՍՈՆ─ Միստր Հարդի՞… (Հասկանալով, որ վիճակն այնքան էլ անհուսալի չէ): Այո´, Էդի´, գնանք: (Կրկին նայում է ժամացույցին): Ես այսօր իրոք անտրամադիր եմ: Ինձ կներես, չէ՞, Տիտո: ՔԻՄ─ Դու խմա՞ծ ես, Ջեկ: ՋԵՔՍՈՆ─ Խմա՞ծ: Այո´, մի քիչ: Բայց դա ոչինչ: Կարևորն այն է, որ դու ինձ Ջեկ անվանեցիր: Կարևորն այն է, որ ես Ջեկն եմ, Ջեկ Հարդին: (Լսվում է հեռախոսազանգ: Ջեքսոնը, ինքնավստահություն ձեռք բերած, վերցնում է լսափողը): Ջեկ Հարդին լսում է: (Հանդիսատեսների համար լսելի է դառնում նաև զրուցակցի` Հարդիի ձայնը): ՀԱՐԴԻ─ Ապո´ւշ, այդ ես եմ Ջեկ Հարդին: ՋԵՔՍՈՆ─ (Ներկաներին) Լսո՞ւմ եք: Ասում է. «Ջեկ Հարդին ես եմ»: Եթե Ջեկ Հարդին դու ես, այդ դեպքում ո՞վ է օծանելիքների հանրահայտ ֆիրմայի տնօրեն Մարի Հարդիի ամուսինը: ՀԱՐԴԻ─ Դու կատարյալ գիժ ես… Դու վաղուց այդտեղ չպիտի լինեիր: Ինչո՞ւ ես այդտեղ: ՋԵՔՍՈՆ─ Որովհետև դուռն ականապատված է: Չեմ կարող դուրս գալ: ՀԱՐԴԻ─ Ես քեզ հետ դեռ կխոսեմ, տխմա´ր: Հաղորդիր Էդիին և Սթիվին, որ գան ինձ մոտ: ՋԵՔՍՈՆ─ Լսում եմ, միստր… (Անմիջապես զգալով, որ սխալվել է): Միստր… Հար… հիմա´ր… (Լսափողը դնում է): ՍԹԻՎ─ (Դադարից անմիջապես օգտվելով) Դե ի՞նչ, գնա՞նք, Ջե… Ջե… Միստր Հարդի: ՋԵՔՍՈՆ─ Գնանք, Սթիվ: (Հրամանատարի դեր ստանձնելով) Հառա՛ջ… ՏԻՏՈ─ (Ավտոմատը վերցնելով` կրակում է): Հառա՛ջ… Ջեքսոնը, Էդին, Սթիվը և Տիտոն գնում են: Նոր պատկեր: Հարդիի մոտ են Էդին և Սթիվը: ՍԹԻՎ─ Չնայած որոշ անախորժություններին, որպես նախկին ոստիկան` կարող եմ ասել, որ փորձերն անցան հաջող: ԷԴԻ─ Կարևորն այն է, որ այդ ապուշն ընդունվեց որպես միստր Հարդի… (Հարդին խեթ նայում է Էդիին, և վերջինս անմիջապես զգում է սխալը): Նկատի ունեմ, որ ֆիզիկապես դուք ընկալվեցիք որպես նույնը, միստր: ՍԹԻՎ─ Եվ քանի որ նա` որպես մարմին, նյութ, ընդունվել է, ուստի այդ նյութի վրա աշխատանքը պետք է շարունակել: |
ԷԴԻ─ Եվ, բացի այդ, միստր, գուցե իմ առաջարկը թվա անհեթեթ, այսուհանդերձ… (Նայում է Հարդիին): Այսուհանդերձ պիտի ասեմ, որ մենք մեր ուզած արդյունքին չենք հասնի, եթե չգնանք նաև հակառակ ուղղությամբ… Բանն այն է, որ որոշ հարցերում Ջոնիին անհնար է վերափոխել… Հասկանո՞ւմ եք, հարցն այն է, որ նա որոշ չափով… Դե, Դուք էլ գիտեք… Նա մի քիչ ապուշ է: Այլ կերպ ասած` նա իրեն երբեմն պահում է, այսպես ասած, ոչ խելացի… ՀԱՐԴԻ─ Եվ ի՞նչ, Էդի: ԷԴԻ─ Ասել կուզեմ, միստր, քանի որ անհնար է նրան դարձնել այնքան խելացի, այսինքն` այնպես չափած-ձևած, ուղիղ գծերով, ինչպիսին Դուք եք, ուստի ճիշտ կլինի, եթե… եթե մի փոքր էլ մենք աշխատենք Ձեզ վրա: Ասել կուզեմ, մի քիչ, մի փոքր ծռենք այդ գծերը… Չափ ու ձևը դարձնենք… դարձյալ չափ ու ձև, բայց մի քիչ խախտումով, աններդաշնակ: Մի խոսքով` միստր Հարդի, եթե մի փոքր էլ Դուք փորձեք դառնալ Ջեքսոն… Այսինքն… Ներեցեք, մի նոր միստր, նոր միստր Հարդի, ամեն բան կլինի կատարյալ: ՍԹԻՎ─ Այո´, միստր: Որպես նախկին ոստիկան` ասեմ, որ Մարին ավելի շատ հավանեց այդ նոր միստր Հարդիին: ԷԴԻ─ Հավատացեք, միստր, որ ձեր շրջապատը նույնպես կցանկանա տեսնել նոր Հարդի: Նույն անձից, հատկապես ուղիղ գծածից, չափած-ձևածից մարդիկ հոգնում են, ձանձրանում, և ձեզ նույնպես, հավատացեք, նոր կերպար է պետք: Այսպես ասած` վերափոխում, վերածնունդ: ՀԱՐԴԻ─ Լավ: Եվ ի՞նչ պիտի անեմ ես: ՍԹԻՎ─ Նմանվեք նրան, միստր Ջեքսոնին… ՀԱՐԴԻ─ Ապո´ւշ: Հիմա´ր: (Տեղից վեր է կենում և սկսում քայլել): ԷԴԻ─ Մի´ստր… Դուք այդ բառերը ճիշտ նրա տոնայնությամբ ասացիք: ՍԹԻՎ─ Գիտե՞ք, Ջոնին սովորություն ունի նաև երբեմն-երբեմն քունքը և ոտքը քորելու… ՀԱՐԴԻ─ Դուք գժվե´լ եք, Սթի´վ: (Նստում է, ոտքը գցում ոտքին և սեղանին տկտկացնում: Լարվածության պատճառով դա անում է սովորականից ուժեղ: Այնպես, ինչպես Ջեքսոնը): ՍԹԻՎ─ (Զարմացած) Միստր Հարդի… Ինձ թվում է, որ դուք իրար նմանվում եք արդեն ինքնըստինքյան: Ներս է մտնում Սառա Փիթը` ձեռքին սպիտակ ծաղիկներ: ՍԱՌԱ─ Միստր Հարդի, շնորհավորում եմ… (Ծաղիկները նրան մեկնելով) Տեսեք, թե Ձեր արտաքինին որքա՛ն ներդաշնակ են: ՀԱՐԴԻ─ (Ծաղիկները վերցնելով) Այո´, միսիս Փիթ… Ինչպես սև երկնքում` սպիտակ ասուպ… (Քոնքը ցուցադրաբար քորելով) Բայց ես չեմ կարողանում կռահել, թե շնորհավորելու ի՞նչ առիթ ունեմ: ՍԱՌԱ─ Ա՛խ, միստր Հարդի: Ինչպե՞ս եք մոռացել, որ ուղիղ հինգ տարի առաջ` այս օրը, երբ դեռևս թափուր էր այս հաստիքը, Դուք ստացաք այդ թափուր հաստիքին Ձեզ նշանակելու հրամանը: Ներս է մտնում քարտուղարուհին` Էմմա Սմիթը, դարձյալ բերելով փաստաթղթերի տրցակ: ԷՄՄԱ─ Շտապ փաստաթղթեր են, միստր Հարդի, շատ շտապ… (Փաստաթղթերը դնում է Հարդիի առաջ): ՍԱՌԱ─ (Խայթող տոնով) Դիտարկման փաստաթղթերը, միստր: Ներքի´ն… դիտարկմա´ն… ՀԱՐԴԻ─ Ի՞նչ ես կարծում, Էդի, ի՞նչ կաներ Ջոնին այսպիսի դեպքերում: ԷԴԻ─ Նա հաստատ կաներ մի բան, ինչին ոչ ոք չէր սպասում: Հարկավոր է փորձել, շարունակել աշխատանքը: ՀԱՐԴԻ─ (Ստորագրելով) Դե… ուրեմն… շարունակեք… Էդի… Մթնում է և լուսավորվում բավական ուշ, որ նշանակում է, թե անցել է որոշ ժամանակ: Էդի, Սթիվ և Ջոնի: ՍԹԻՎ─ Երեք շաբաթ է` պարապում ենք: Դու պիտի իմանաս նրա կյանքի ողջ պատմությունը: ՋԵՔՍՈՆ─ Ուզում ես ասել` պատմության այն մասը, որը գիտեն նաև ուրիշնե՞րը: ՍԹԻՎ─ Թեկուզ և` այդպես… ԷԴԻ─ Այդ ամենը գիտեն միայն չորս հոգի. նա, մենք (ցույց է տալիս իրեն և Սթիվին) և դու: Եթե իմանա նաև հինգերորդը, ուրեմն մեզանից մեկը կպակասի, և կմնանք դարձյալ չորսով… ՍԹԻՎ─ Երեքով, Էդի, քանի որ այդ դեպքում չի մնա նաև հինգերորդը… ՋԵՔՍՈՆ─ Բայց սա ավելի շատ ինտրիգային գրքի նյութ է, քան կենսագրություն: ԷԴԻ─ Գրող դու այլևս չես դառնա, Ջոնի: Ուրեմն ավելի լավ է սերտես, թե ինչպե´ս է պաշտոն ստացել միստր Հարդին: Ո´վ է նրա համար Մարին: Ինչո´ւ է ամուսնացել Քիմի հետ: Քանի´ աշխատող կա ընկերությունում և այլն, և այլն: Պա՞րզ է: ՋԵՔՍՈՆ─ Էդի´… Էդի Մոմսեն, բայց ես չեմ կարող դառնալ ուրիշի կյանքի հանրագիտարան: ՍԹԻՎ─ Դու չունես այլ ելք, Ջոնի: ԷԴԻ─ Ի դեպ` դու այսօր ունենալու ես սիրային հանդիպում Մարիի հետ… Նախանձելի՛ հանդիպում: ՋԵՔՍՈՆ─ (Ժամացույցին ցուցադրաբար նայելով) Գրողը տանի, բայց սա նաև հետաքրքիր է: Շա՛տ հետաքրքիր… Նոր պատկեր: Սառա Փիթը և Ջեկ Հարդին` վերջինիս աշխատասենյակում: Հարդին փաստաթղթեր է նայում, Սառան կանգնած է նրա մոտ: ՍԱՌԱ─ Հիշո՞ւմ ես, Ջեկ, երկու տարի առաջ մենք ի՛նչ անմոռաց ժամանակ անցկացրինք Լաս Վեգասում: Հրաշալի շաբաթ էր, չէ՞… (Լսվում է Տիտոյի ավտոմատի ձայնը): ՏԻՏՈ─ Ես ձեզ սպանելու եմ: Բոլորիդ սպանելու եմ… (Նորից է կրակում): Ձեռքերդ վե´ր: Ասում եմ` ներս գնա: (Ձեռքերը վեր պարզած, գերու դեր խաղալով` ներս է մտնում Էմման, հետևից` Տիտոն): ԷՄՄԱ─ Ո՛չ, ո՛չ… Ինձ մի´ սպանիր, ես մեղք եմ: ՏԻՏՈ─ Դու մեղք չես: Դու իմ գերին ես: Բոլորիդ խփելու եմ: ԷՄՄԱ─ Չէ´, չէ´, Տիտո, ինձ մի´ խփիր: |
ՍԱՌԱ─ Օ՛, այս ինչ լավ բալիկ է: ՏԻՏՈ─ Ես բալիկ չեմ: Ես գեներալ եմ: Բոլորիդ սպանելու եմ: ՍԱՌԱ─ (Նույնպես` խաղալով) Օ՛, իմ գեներալ, ինձ խփիր: (Զգացվում է, որ և´ Սառան, և´ Էմման այդ դերը խաղում են Հարդիին հաճոյանալու համար): ՏԻՏՈ─ Ես քեզ չեմ խփելու: Քեզ կախելու եմ: ԷՄՄԱ─ Ինձ կախիր, Տիտո´, ինձ: ՍԱՌԱ─ Չէ´, ավելի լավ է` ինձ կախես: ԷՄՄԱ─ Դու մեջ մի´ ընկիր: Տիտոն գիտի, թե ում կկախի: Չէ՞, Տիտո: ՏԻՏՈ─ Ես բոլորի´դ եմ կախելու: ՍԱՌԱ─ Առաջինն ուրեմն ինձ կախիր, գեներալ Հարդի: ԷՄՄԱ─ Ո´չ: Գեներալ Հարդին որոշել է առաջինն ինձ կախել: ՏԻՏՈ─ Բոլորիդ հերթով եմ կախելու: Ձեռքներդ վե´ր: (Սառան և Էմման ձեռքներն անմիջապես պարզում են վեր` նայելով Հարդիին): Իրար հետևից` դեպի դուրս: Մեկ-երկու, մեկ-երկու… ԷՄՄԱ─ (Փորձելով կրկին գրավել Հարդիի ուշադրությունը) Մնաս բարով, միստր Հարդի: Մնաս բարով… ՍԱՌԱ─ (Հրաժեշտ է տալիս ձեռքով): Ջե՛կ… Հարդին մնում է մենակ: Լսվում է հեռախոսազանգ: Վերցնում է լսափողը: Մի կողմում` լուսարձակի տակ, երևում է Մարին` բազկաթոռին նստած, մյուս կողմում` Հարդին: ՀԱՐԴԻ─ Ալո´, փիսիկս: ՄԱՐԻ─ Ինչպե՞ս ես, ցլիկ: Դեռ կարողանո՞ւմ ես: ՀԱՐԴԻ─ Ի՞նչը, սիրելիս: ՄԱՐԻ─ Դե, էլ ո՞րն է քո գործը. ստորագրե՛լ, հաշվե՛լ… Ես քեզ չափից շատ ուժասպառ հո չե՞մ արել: ՀԱՐԴԻ─ Ի՞նչ ես ասում, աղունիկս: ՄԱՐԻ─ Օ՛, Ջե´կ, դու վաղուց այսպիսին չէիր եղել: Կարծես դա դու չլինեիր… ՀԱՐԴԻ─ Ի՞նչ ես ասում: ՄԱՐԻ─ Դու վերջապես արդարացրիր քեզ: Այսօր ոնց որ առյուծ լինեիր: Գլխիվայր… Ոտնիվեր… Պատկերացրու, որ գնացիր թե չէ, իսկույն կարոտեցի, ուզեցի կրկին հետդ խոսել: Կարծես ես մի նոր Ջեկ գտա ու նորից սիրահարվեցի: ՀԱՐԴԻ─ Ի՞նչ… Մի նոր Ջե՞կ… Դա Էր պակաս… Ես արդեն սկսեցի խանդել… այդ նոր Ջեկին: ՄԱՐԻ─ (Ծիծաղում է): Օ՛, իմ գիժ… Դու որքան լավն ես, երբ գիժ ես: Այսօրվա նման… ՀԱՐԴԻ─ Ու ես որքան սկսեցի հասկանալ, մարդիկ հիմա գժությունն ավելի են սիրում: ՄԱՐԻ─ Վերջապես սկսեցիր հասկանալ, Ջեկ, Ջեկ Հարդի… Ե՞րբ ես նորից գալու, հա՞, սիրելիս: Միայն թե այս անգամ մի ամբողջ գիշեր: Ու ես այդ գիշերվա մթնում քեզ համար կդառնամ լույս… ՀԱՐԴԻ─ (Կտրուկ) Վա´ղը: Հենց վաղը գիշեր: ՄԱՐԻ─ Ուրեմն` մինչ վաղը, իմ գիժ… Ընդունիր համբույրս: (Համբուրում է լսափողը): Լույսերը մարում են: Նոր պատկեր: Ջեկ Հարդիի բնակարանը: Տիտոն վազելով միջանցքից մտնում է սենյակ: ՏԻՏՈ─ Մայրի´կ, մայրի´կ, հայրիկը եկավ: Էլի խմած է: (Ներս է մտնում Ջեքսոնը և ատրճանակի փողն ուղղում Տիտոյի կողմը): ՋԵՔՍՈՆ─ Ձեռքերդ վե´ր: ՏԻՏՈ─ (Ուրախացած, որ դարձյալ կռիվ-կռիվ է խաղալու) Ես չեմ հանձնվի, հայրիկ: (Վազում, վերցնում է ավտոմատը և Ջեքսոնի վրա կրակում): Տեսա՞ր, ես քեզ ավելի շուտ խփեցի: ՋԵՔՍՈՆ─ Այո´, շան լակոտ: Այսօր դու իմ գեղեցկուհիներին կախեցիր, քիչ էր, հիմա էլ ինձ սպանեցիր: ՏԻՏՈ─ (Դարձյալ` կրակելով) Դե ընկիր, հայրի´կ, դու սպանված ես: ՋԵՔՍՈՆ─ Լավ-լավ: Ես հանձնվում եմ: (Ատրճանակը տալով Տիտոյին) Վերցրու, սա´ էլ քեզ: Հարստացրու զինանոցդ: Առաջիկայում մեզ մեծ կռիվներ են սպասում, Տիտո: ՏԻՏՈ─ (Ուրախացած) Իսկապե՞ս, հայրիկ: Ներս է մտնում Քեթրինը: ՔԵԹՐԻՆ─ Օ՛, միստր Հարդի… (Նկատելով, որ խմած է. զարմացած) Միստր Հարդի՞… ՋԵՔՍՈՆ─ Այո´, գեղեցկուհիս… ՏԻՏՈ─ (Դռներից մեկի կողմը նայելով) Մայրի´կ, մայրի´կ, հայրիկը Քեթրինին ասաց «գեղեցկուհիս»: ՋԵՔՍՈՆ─ Ձա´յնդ, շան լակոտ: ՔԵԹՐԻՆ─ (Հաճոյախոսությունից շոյված) Միստր Հարդի, Դուք այսօր Ձեզ ամենևին նման չեք: ՋԵՔՍՈՆ─ Ընդամենը մի փոքր ճշտում. ճիշտ կլիներ, եթե ասեիր, թե ես միստր Հարդին չեմ: Քեզ խորհուրդ, Քեթրին: Եթե ուզում ես` ասածդ իրողությանը չհավատան, բոլոր «խելոքներին» դիր ապուշի տեղ և ասա ճշմարտությունը: |
ՔԵԹՐԻՆ─ (Ծիծաղելով) Բայց Դուք այսպես ավելի հետաքրքիր եք, միստր: Խմածությունը Ձեզ սազում է: ՋԵՔՍՈՆ─ Եվ ճիշտ է անում… Տիտո´, կոնյակ բեր: Դու ես մեզ այսօր սպասարկելու: (Քեթրինին) Իսկ դու նստիր, անուշիկս… ՏԻՏՈ─ Մայրի´կ, մայրի´կ, հայրիկը Քեթրինին ասաց «անուշիկս»: ՋԵՔՍՈՆ─ Դու կոնյակ բեր, շան լակոտ: ՔԵԹՐԻՆ─ Միստր Հարդի… Ես չեմ խմում: ՋԵՔՍՈՆ─ (Քեթրինի աչքերին նայելով) Քեթրի´ն… (Տիտոյին, որը կոնյակ է բերում) Լակո´տ, ես ի՞նչ պիտի ասեի Քեթրինին… ՏԻՏՈ─ Գեղեցկուհիս, անուշիկս… ՋԵՔՍՈՆ─ Հա´, ճիշտ է: Իսկ այն տխմարներն ստիպում են, որ ես ամեն հինգերորդ րոպեին «ապուշ» ու «հիմար» բղավեմ: ՔԵԹՐԻՆ─ (Դարձյալ ծիծաղելով) Միստր Հարդի, Դուք այսօր որքա՛ն լավն եք: ՋԵՔՍՈՆ─ Սրանից հետո այսպես հաճախ է պատահելու: (Իրենից ակախ) Ապո´ւշ… Թո´ւ… ՔԵԹՐԻՆ─ Ի՞նչ: ՋԵՔՍՈՆ─ Դա ես հենց այնպես ասացի, սիրելի´ս, որպես կոչական: ՏԻՏՈ─ (Դռներից մեկը բախելով) Մայրի´կ, մայրի´կ… ՋԵՔՍՈՆ─ Տիտո´, շան լակոտ, օգնիր, որ ոտքս ոտքիս գցեմ… (Ժամացույցին նայելով) Ոնց որ արդեն ժամն է: ՔԵԹՐԻՆ─ Ինչի՞ ժամը, միստր: ՋԵՔՍՈՆ─ Դե, ասում են, թե ես այդպիսի սովորություն ունեմ. ոտքս ոտքիս գցած` սեղանի վրա պիտի տկտկացնեմ… (Տիտոյի օգնությամբ ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում): ՔԵԹՐԻՆ─ (Ծիծաղելով) Ասում եմ, չէ՞, Դուք այսօր շա՛տ հետաքրքիր եք, միստր: ՋԵՔՍՈՆ─ Տիտո´, լցրո´ւ բաժակները: Մենք այսօր… խմելո´ւ ենք: ՏԻՏՈ─ (Բաժակները լցնելով) Մայրի՛կ, մենք այսօր հարբելո՛ւ ենք… ՔԵԹՐԻՆ─ Ես չեմ խմում, միստր: (Ցույց տալով գլուխը) Իսկույն խփում է: ՋԵՔՍՈՆ─ Տիտո´, քո կարծիքով` հիմա ես ի՞նչ պիտի ասեմ միսիս Քեթրինին: ՏԻՏՈ─ (Անմիջապես վրա է տալիս) Գեղեցկուհի´ս, անուշի´կս, սիրելի´ս… ՔԵԹՐԻՆ─ Օ՛… (Սիրալիր հայացքով Ջեքսոնին նայելով) Ձեր կենացը, միստր: (Խմում է): ՋԵՔՍՈՆ─ Ջե´կ… Այսուհետև քեզ համար ես Ջեկ եմ: Այլևս` ոչ մի «միստր»: ՔԵԹՐԻՆ─ Լսում եմ… Ջե´կ… ՋԵՔՍՈՆ─ Տիտո´… ՔԵԹՐԻՆ─ Շա´ն լակոտ… ՋԵՔՍՈՆ─ Բաժակնե´րը… (Ձեռքը գցում է Քեթրինի ուսին): ՏԻՏՈ─ Մայրի՛կ… ՋԵՔՍՈՆ─ Լռի´ր… ՔԵԹՐԻՆ─ Շան լակոտ: ՋԵՔՍՈՆ─ (Գլուխը ցույց տալով) Խփե՞ց… ՔԵԹՐԻՆ─ Տասին… Դու այսօր ինչ լավն ես, Ջե´կ… ՋԵՔՍՈՆ─ (Տիտոյի բերանը փակում է և բղավում նրա փոխարեն) Մայրի՛կ… ՔԵԹՐԻՆ─ Տիտո´… (Ցույց է տալիս, որ բաժակները լցնի): ՋԵՔՍՈՆ─ Փիսիկս… Վագրիկս… ՔԵԹՐԻՆ─ Ի՞նչ… (Եվս մի բաժակ խմելուց հետո) Ի՞նչ… Գիտե՞ս` այդպես ինձ նաև նա´ էր ասում: ՋԵՔՍՈՆ─ Նա՞, որ… (ցույց է տալիս` պառկեցրեց) իսկ ինքը թռավ… ՔԵԹՐԻՆ─ (Հուզված) Այո´, Ջեկ… Ես դարձա մայր, իսկ նա թռավ` հայր չդարձած… Եվ ինձ ոչ ոք այլևս նրա պես խենթաբար չցանկացավ… ՋԵՔՍՈՆ─ Ապո´ւշ… Հիմա´ր… (Հուշերով տարված` Քեթրինը մի պահ հուզվում է: Զգացվում է, որ Ջեքսոնի մեջ ծնվում է կարեկցանք): Տիտո´… ՏԻՏՈ─ (Հուշում է): Գեղեցկուհի՛ս, անուշի՛կս… (Ջեքսոնը նայում է Քեթրինի աչքերին): ՔԵԹՐԻՆ─ (Իրեն վերագտնելով) Քո աչքերը, Ջե´կ, ավելի ուժեղ կրակ են ժայթքում, քան այս շան լակոտի ավտոմատը… Ես վախենում եմ… (Ջեքսոնից ցուցադրաբար փախչում է): ՋԵՔՍՈՆ─ (Հետապնդելով) Կանգնի´ր… Կանգնի´ր… Միևնույնն է, քեզ վրա ես մի ամբողջ կրակահերթ եմ տեղալու: (Քեթրինը «փախչում է», Ջեքսոնը` «հետապնդում»): ՔԵԹՐԻՆ─ Օգնությո՛ւն… Օգնությո՛ւն… (Տիտոն սկսում է ճայթռուկներ պայթեցնել): Կիսահագնված, թաց մազերով ներս է մտնում Քիմ Հարդին և զարմացած նայում Ջեքսոնին ու Քեթրինին, որոնք, իրենց խաղով տարված, նրա ներկայությանը նշանակություն չեն տալիս: ՋԵՔՍՈՆ─ Տիտո´: Առջևը փակիր, Տիտո… (Քիմ Հարդին կանգնում է մեջտեղում, իսկ մյուսները նրա շուրջը պտտվում են): ՏԻՏՈ─ Մայրի՛կ… Մեծ կռիվը սկսվե՛ց… (Կրակում է): ՔԵԹՐԻՆ─ Միսիս Հարդի… Միսիս Հարդի… փրկեք ինձ… (Ապաստանում է նրա թիկունքում): |
ՋԵՔՍՈՆ─ Միևնույնն է, քեզ վրա ես մի ամբողջ կրակահերթ… (Հայացքը հանդիպում է Քիմ Հարդիի հայացքին) հերթ… կրակ… Տի-տո… մենք… ըն-կանք… ծու-ղա-կը… Տի-տո… (Գրպանից սպիտակավուն թաշկինակ հանելով` գլխավերևում ծածանում է…) Նոր պատկեր: Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Այստեղ են Ջեքսոնը և Հարդին: Վերջինս խոսում է` վրդովված քայլելով: ՀԱՐԴԻ─ Իսկական անգլուխ… Քո հայրը պատահաբար Մայն Ռիդը հո չէ՞: (Նստում է աթոռին և ոտքը գցում ոտքին): Ես քեզ վճարում եմ: Ընդ որում` շատ բարձր, իսկ դու սկանդալներ ես սարքում: ՋԵՔՍՈՆ─ Միստր Հարդի, ես… ՀԱՐԴԻ─ Ոչ մի` ես: Քեզ համար «ես» այլևս չկա: Քո այդ ես-ը (ցույց է տալիս իրեն) ես եմ, և դու միայն պիտի անես այն, ինչ ի շահ է (կրկին իրեն ցույց տալով) այս ես-ին: Քեզ ասել էինք` կձևանաս հիվանդ, քնաբեր կընդունես ու կքնես: Իսկ դու… հարբած… ՋԵՔՍՈՆ─ Միստր Հարդի, ախր ես… Չէ´, ներեցեք, Դուք… Չէ, ես… (Չի իմանում ինչ ասել) Այսինքն (մե´կ Հարդիին ցույց տալով, մե´կ իրեն) Դուք-ես-ը հարբած չի եղել: ՀԱՐԴԻ─ Ինչպե՞ս չի եղել, եթե բոլորն ասում են, որ եղել է: ՋԵՔՍՈՆ─ Բոլորը չեն իմացել: Իմացել եմ միայն ես… Դուք, այսինքն… Չէ… Գրողը տանի, մի խոսքով՝ միայն դուք-ես-ն է իմացել: ՀԱՐԴԻ─ Ի՞նչն ես դու իմացել: (Նայում է ժամացույցին): ՋԵՔՍՈՆ─ (Քունքը քորելով) Միայն ես եմ իմացել, որ խմած, հարբած չեմ… Ես ձևացրել եմ, միստր, որ ես, այսինքն` Դուք, մի խոսքով` մենք, կասկածելի չթվանք… Խմած Հարդին կարող էր տարբերվել չխմած Հարդիից, և ես, լինելով այդ խմած Հարդիի դերում, կարող էի այլևս կասկածելի չլինել… Մի խոսքով, միստր… (Ոտքը քորում է): ՀԱՐԴԻ─ Ես հենց առաջին պահից զգացի, որ դու տաղանդավոր սրիկա ես, Ջոնի: Հիմա լսիր: Դու այստեղ մեկ ժամով, ընդամենը մեկ ժամով պիտի փոխարինես ինձ: Ոչ մեկին չես ընդունում, ոչինչ չես ստորագրում և հեռախոսներն անջատում ես: Ինձ այստեղ պետք է միայն քո ներկայությունը: Պա՞րզ է: ՋԵՔՍՈՆ─ Պարզ է, միստր: ՀԱՐԴԻ─ Կշփվես միայն քարտուղարուհու հետ` Էմմա Սմիթի: Հասկացա՞ր (Պատրաստվում է, որ դուրս գա սենյակի հետին դռնով): ՋԵՔՍՈՆ─ Հասկացա, միստր: ՀԱՐԴԻ─ Մեկ ժամ, Ջեքսո´ն: ՋԵՔՍՈՆ─ Մեկ ժամ, մի´ստր: Հարդին գնում է: Ջեքսոնն անմիջապես նստում է նրա աթոռին: Լսվում է հեռախոսազանգ: Ջեքսոնը մի պահ մտածում է, ապա հեռախոսները գծերից անջատում: Ներս է մտնում Էմման: ԷՄՄԱ─ Միստր Հարդի… ՋԵՔՍՈՆ─ (Անմիջապես ընդհատելով) Օ՛, սիրունիկս: ԷՄՄԱ─ (Անակնկալի գալով) Ի՞նչ: ՋԵՔՍՈՆ─ Դե… Ասում եմ… Իսկ, ինչ է, ընդունված չէ՞ր: ԷՄՄԱ─ Ի՞նչը, միստր: ՋԵՔՍՈՆ─ (Մի քիչ շփոթված) Դե… Ասում եմ, ինչ է, դա ընդունված չէ՞ր… ԷՄՄԱ─ (Սեթևեթելով) Միստր… Ձեզ չեմ հասկանում… Ես նույնիսկ մոռացա, թե ինչու ներս մտա… Գիտե՞ք, ինձ վաղուց… Ավելի ճիշտ` երբեք… այդ բառով, այդպես… Ես Ձեզ իսկապե՞ս, միստր… ՋԵՔՍՈՆ─ Ինչպե՞ս թե` վաղուց… Քեզ, ինչ է, միստր Հարդին մինչև հիմա… Թո´ւ, ուզում էի ասել… ԷՄՄԱ─ Մի´ ասեք… Այլևս ոչինչ մի´ ասեք… ՋԵՔՍՈՆ─ (Ժամացույցին ցուցադրաբար նայելով) Ես միստր Հարդի ասելով` նկատի ունեի… ԷՄՄԱ─ (Կրկին` ընդհատելով) Գիտեմ, միստր… Նկատի ունեիք այն մյուս Հարդիին… ՋԵՔՍՈՆ─ (Ապշած) Ի՞նչ… ԷՄՄԱ─ Դուք որքա՛ն տարբեր եք իրարից… ՋԵՔՍՈՆ─ (Անակնկալի գալով) Ուրեմն… դու… զգացե՞լ ես… ԷՄՄԱ─ Ինչպե՞ս կարող էի չզգալ: Կույր պետք է լինել` չզգալու համար: ՋԵՔՍՈՆ─ Եվ վաղո՞ւց գիտեիր դա: ԷՄՄԱ─ Շատ վաղուց: Ձեզ մոտ աշխատելու օրվանից: Շուրջ երկու տարի: ՋԵՔՍՈՆ─ (Թեթևություն զգալով, կրկին` ինքն իրեն) Հիմար… ԷՄՄԱ─ Այդպես մի´ ասեք, միստր: Հավատացեք, ես նույնիսկ ուրախ եմ, որ Դուք… երկուսն եք: ՋԵՔՍՈՆ─ (Կրկին` շփոթված) Ի՞նչ: ԷՄՄԱ─ Գիտե՞ք, այդպես ավելի հետաքրքիր է… Միօրինակ չէ… ՋԵՔՍՈՆ─ Իսկապե՞ս: ԷՄՄԱ─ Այո´: Պատկերացրեք, որ ես Ձեր մեջ` որպես նախագահի, տեսնում եմ մի մարդու, իսկ այդ պաշտոնից դուրս, ինչպիսին հիմա եք, տեսնում եմ մի ուրիշի, մի ուրիշ Հարդիի… ՋԵՔՍՈՆ─ (Ուրախացած) Էմմա´… Փիսիկս, վագրիկս… ԷՄՄԱ─ Ջե´կ… (Նետվում է Ջեքսոնի գիրկը): Խոստանո՞ւմ ես, չէ, սիրելի´ս… (Համբույրների տարափ տեղալով) Տեղակալի հաստիքը… Ներս է մտնում Սառան և սեղանին տկտկացնում այնպես, ինչպես կթակեր դուռը: Էմման համբույրների տարափն ընդհատում է, բայց մնում Ջեքսոնի ոտքերին նստած: Խոսում է հանգիստ: |
ԷՄՄԱ─ Եկա՞ր, Սառա: ՍԱՌԱ─ Ո´չ, միսիս: Սա իմ ուրվականն է: Նմանակը: ՋԵՔՍՈՆ─ Ի՞նչ: (Էմմային հրում է, որը ոտքի է կանգնում): Ուրեմն` և դո՞ւ… ՍԱՌԱ─ Այո´ միստր: Եվ ոչ միայն ես… ՋԵՔՍՈՆ─ (Ապշած, ցույց տալով Էմմային) Եվ… դո՞ւ… ՍԱՌԱ─ Այո´, և´ դա… Կարծում եմ` ժամանակն է ասելու, որ այստեղ բոլորն են երկու դեր խաղում: Ավելի ճիշտ` ամեն անվան տակ այստեղ երկու անձ է թաքնված: ՋԵՔՍՈՆ─ Տեր Աստվա՛ծ… Այս ո՞ւր եմ ընկե՛լ… ՍԱՌԱ─ Այնպես որ, միստր Հարդի, ինձ թվում է` ճիշտ կլինի, եթե տեղակալի հաստիքը նույնպես երկուսը լինի: (Էմմային, հեգնանքով) Այդպես, չէ՞, միսի´ս… (Էմման, խեթ նայելով, ֆշշացնում է: Լսվում է Ջեքսոնի բջջային հեռախոսի ձայնը): ՋԵՔՍՈՆ─ Ալո´… Ո՞վ… Սթի՞վը… Սթի՞վը, թե նրա նմանակը: (Հանդիսատեսների համար լսելի է դառնում նաև Սթիվի ձայնը): ՍԹԻՎ─ Ի՞նչ նմանակ, ապո´ւշ: ՋԵՔՍՈՆ─ Հենց նոր ես պարզեցի, որ ընկերությունում բոլորն ունեն իրենց նմանակը: Մի խոսքով` այստեղ կատարյալ շիլաշփոթ է: ՍԹԻՎ─ Ինչե՛ր ես դուրս տալիս: ՋԵՔՍՈՆ─ Դուրս չեմ տալիս, Սթիվ: Այդ մասին շտապ պետք է ասել նաև միստր Հարդիին… (Նայելով Էմմային և Սառային) Թո´ւ… Ուզում էի ոչ թե Հարդի ասել, այլ… այլ… Մի խոսքով` հասկացար, Սթիվ: ՍԹԻՎ─ (Ծաղրական տոնով) Հա, իսկույն հասկացա… Հիմա լսիր` ինչ եմ ասում: Հարդիին պիտի փոխարինես երկար ժամանակով: Լսո՞ւմ ես: Անորոշ ժամանակով: ՋԵՔՍՈՆ─ (Մի պահ լռելուց հետո) Միայնա՞կ, սըր: ՍԹԻՎ─ Այո´, միայնակ: ՋԵՔՍՈՆ─ Ես դեմ եմ, սըր: Այս շիլաշփոթից դուրս գալու համար ինձ նույնպես նմանակ է պետք: Ես կխոսեմ միստր Հարդիի… Թո´ւ… Ուզում էի ասել… Մի խոսքով` հասկացար, Սթիվ: ՍԹԻՎ─ (Կրկին` ծաղրական հնչերանգով) Անմիջապե´ս հասկացա, Ջոնի, բայց միստր Հարդիի հետ հիմա չի կարող խոսել նույնիսկ սատանան… Միստր Հարդիին առևանգել են… ՋԵՔՍՈՆ─ (Անսպասելիությունից ապշած) Ի՞նչ… ՍԹԻՎ─ Այո´, Ջոնի: Անհավատալի փաստ: Եվ դա պիտի մնա գաղտնի: Լսո՞ւմ ես: Այլապես մեծ աղմուկ կբարձրանա, ընկերությունը կդառնա ոչ վստահելի և կկրի ֆինանսական վնասներ: Այնպես որ, Ջեքսոն, դու չունես այլընտրանք, իսկ այլ կերպ ասած` ունես անհավատալի բախտ… Գործողություն երկրորդ Նոր պատկեր: Էդի և Սթիվ: ՍԹԻՎ─ Ահա´, թե ինչու էր Հարդին միշտ ուզում ունենալ իր նմանակը: ԷԴԻ─ Զոհողություններ ֆինանսական, բարոյական, որ փրկես մորթիդ, սակայն ի վերջո… ՍԹԻՎ─ Դու մտադիր չե՞ս գումարը վճարել, Էդի´: ԷԴԻ─ Գիտե՞ս, Սթիվ, բախտը ամեն օր մարդուն չի փորձում: Մեզ հարստանալու, միլիոնների տեր դառնալու բացառիկ հնարավորություն է տրված: ՍԹԻՎ─ Այդ ինչպե՞ս: Որպես նախկին ոստիկան` քեզ ասեմ, Էդի, որ եթե փրկագինը չտանք, Հարդիին կսպանեն: ԷԴԻ─ (Ջեկ Հարդիին նմանակելով` ոտքը գցում է ոտքին և խոսում մեղմ, հանգիստ տոնով): Սթիվ, բարեկամս… Որպես նախկին ոստիկան` մի՞թե չես տեսնում, որ մենք արդեն ունենք մեր Հարդին: Ընկերության նախագահ Ջեքսոն-Ջեկ Հարդին… Դու չե՞ս ձանձրացել գործակալ լինելուց: Չէի՞ր ուզի ընկերությունում լինել երկրորդ դեմք: ՍԹԻՎ─ Համար մեկ դեմք` Ջեքսոն-Ջեկ Հարդի… Դեմք երկրորդ` Սթիվ Կրուզ: Դեմք երրորդ… ԷԴԻ─ Ո՛չ… Համար մեկ դեմք` Էդի Մոմսեն… Դեմք երկրորդ` Սթիվ Կռուզ… ՍԹԻՎ─ Իսկ Ջոնի՞ն… Նրան նույնպե՞ս… (Ցույց է տալիս` պետք է գնդակահարել): ԷԴԻ─ Դե ո´չ: Նա կլինի դեմք առաջին «Ա»: Որպես սիմվոլիկ դեմք… Որպես Անգլիայի թագուհի… ՍԹԻՎ─ Փաստորեն մենք նրան հիմա էլ դարձնելու ենք թագուհի՞… ԷԴԻ─ Ստիպված ենք: Եվ այդ դեպքում նրա միլիոնները, ընկերության միլիոնները կլինեն մերը… Զրկվել այդ միլիոններից հանուն մի ինչ-որ Հարդիի՞… ՍԹԻՎ─ (Մտածելով) Ուրեմն առաջարկում ես զոհաբերել նրան: ԷԴԻ─ Որպես հոգեբան` քեզ ասեմ, Սթիվ, որ… ստիպված ենք: ՍԹԻՎ─ Բայց ես չէի ուզի, որ մեր միլիոններին արյուն խառնվի: ԷԴԻ─ Իսկ ո՞վ ասաց, թե արյուն կլինի… (Հեգնանքով) Նրանք ասացին, որ ամեն բան լինելու է քաղաքակիրթ ձևով. միստր Հարդիին… Հիմա արդեն այսպե´ս ասած միստր Հարդիին նրանք պատրաստվում են նստեցնել էլեկտրական աթոռի… Եվ ես արդեն զզվել եմ այդ Հարդիից, Սթիվ: Որքա՞ն ենք տանելու նրա նվաստացումները: (Նկատելով, որ հիմա էլ Սթիվն է մատներով տկտկացնում) Վերջապես ես չեմ կարող տանել այդ տկտկոցը…(Լսվում է հեռախոսազանգ: Էդին և Սթիվը նայում են հեռախոսին` զգալով, որ զանգահարում են Հարդիին առևանգողները): ՍԹԻՎ─ Դե ի՞նչ, Էդի: ԷԴԻ─ (Լսափողը վերցնելով) Ես ասացի, որ այլևս չեմ կարող տանել այդ տկտկոցը… Նոր պատկեր: Ջեկ Հարդի, Մայքլ և Մարկ: |
ՄԱՐԿ─ (Խոսում է հեռախոսով): Ուրեմն այդպես… Դա ձեր վարջնակա՞ն որոշումն է: (Մի պահ լռում է): Այսուհանդերձ, մենք դեռ կսպասենք… Գործը դեռևս բաց է: (Հեռախոսն անջատում է և դառնում Հարդիի կողմը): Դե, ի՞նչ կասես, միստր Հարդի: ՀԱՐԴԻ─ (Անհանգստացած) Ինչո՞ւ է բաց: ՄԱՅՔԼ─ Բանն այն է (հեգնանքով), հարազատս, որ գործում ի հայտ են եկել չնախատեսված, բնա´վ չնախատեսված հանգամանքներ: ՀԱՐԴԻ─ Այսի՞նքն: ՄԱՐԿ─ Ո՞վ կմտածեր, Հարդի´, որ քո հարյուրավոր միլիոններից քո բարեկամները քո կյանքի փրկության համար չեն հատկացնի նույնիսկ մի քանի տասնյակը: ՀԱՐԴԻ─ Ինչպե՞ս թե` չեն հատկացնի: ՄԱՐԿ─ Հենց այդպես: Չեն հատկացնում ու վերջ: ՄԱՅՔԼ─ Եվ ինչպես երևում է, դու չես խուսափելու աթոռից: ՀԱՐԴԻ─ Չեմ հասկանում… Էդին չի վճարում փրկագի՞ն: ՄԱՐԿ─ Տեսնո՞ւմ ես, թե նույնիսկ այսքան ծայրահեղ իրավիճակում որքան հստակ է գործում քո միտքը: ՀԱՐԴԻ─ Չեմ հավատում… Բայց նա իր գումարը չէ, որ վճարում է, այլ` իմ: ՄԱՅՔԼ─ Որքա՛ն առողջ տրամաբանություն… ՀԱՐԴԻ─ Եվ ի՞նչ. ուզում է` ինձ նստեցնեք էլեկտրական աթոռի՞: ՄԱՐԿ─ Կարծում եմ` դեմ չի լինի նաև, եթե կախենք կամ (ատրճանակով կրակելու շարժում ցույց տալով) այսպես մի քանի անգամ… ՀԱՐԴԻ─ (Մտորելով) Ա՛խ… Ես արդեն հասկանում եմ, թե ինչ է կատարվում: ՄԱՐԿ─ Հարդի՛… Ինձ թվում է, դու արդեն չե´ս հասկանում, թե ինչ է կատարվում: ՀԱՐԴԻ─ Գիտե՞ք` ինչն է բանը: Թյուրիմացության մեջ է նույնիսկ Էդին: Նույնիսկ նա արդեն չի տարբերում: (Մարկը և Մայքլը հարցական հայացքով նայում են իրար): ՄԱՅՔԼ─ Իսկ ինձ թվում է, որ նա շա՛տ լավ է տարբերում: (Լսվում է Մարկի բջջային հեռախոսի ձայնը): ՄԱՐԿ─ (Խոսում է զգաստացած, վախեցած): Լսում եմ, սըր: ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ եղավ գործը: Ո՞ւր է գումարը: ՄԱՐԿ─ Սըր, գործում ի հայտ են եկել անսպասելի հանգամանքներ: ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ է նշանակում անսպասելի հանգամանքը, Մարկ: ՄԱՐԿ─ Դե, սըր… Գումարը չեն տալիս: ԽՈՍԱԿԻՑ─ Ինչպե՞ս թե չեն տալիս: ՄԱՐԿ─ Նրանց համար միևնույնն է, թե ինչպես կվարվենք: ԽՈՍԱԿԻՑ─ Այդպե՞ս ուրեմն: Այդ դեպքում գործեք ըստ երկրորդ պլանի… Ազատվեք այդ «ականից»: Եվ որքան շուտ, այնքան լավ: Լսո՞ւմ ես: Ազատվեք, քանի դեռ չի պայթել… ՄԱՐԿ─ Լսում եմ, սըր: (Հարդիին) Կարծում եմ` դու նաև մեր զրույցը հասկացար: Այնպես չէ՞, միստր: ՀԱՐԴԻ─ (Վախեցած) Այստեղ թյուրիմացություն կա: Կապվեք նորից Էդիի հետ և անհրաժեշտ գումարը կստանաք: ՄԱՅՔԼ─ Նրանք դոլարներն ավելի են գնահատում, քան քո կյանքը, Ջե´կ: ՀԱՐԴԻ─ (Վճռականորեն) Կապվե´ք Էդի Մոմսենի հետ: ՄԱՐԿ─ Խնդրեմ: (Համար հավաքելով` հեռախոսը տալիս է Հարդիին: Լսվում է Էդիի ձայնը): ԷԴԻ─ Կարծեմ` բավական պարզ ասացի… ՀԱՐԴԻ─ Էդի´, խոսում է Հարդին: Հարցը բավական լուրջ է: Հարկավոր է վճարել գումարը: ԷԴԻ─ (Անակնկալի գալով և չիմանալով ինչ ասել) Խոսում է Հարդի՞ն: ՀԱՐԴԻ─ Այո´, այս ես եմ… Ինչո՞ւ ես լռում,… Ես իսկական Հարդին եմ, հասկանո՞ւմ ես: ԷԴԻ─ Իսկական Հարդի՞ն: ՀԱՐԴԻ─ Այո´: Իսկական: (Մարկը և Մայքլը նայում են իրար): ԷԴԻ─ (Անելիքը արդեն հասկանալով) Ո´չ, դու իսկական Հարդին չես: Դու կեղծ, սարքովի Հարդին ես: Մենք քեզ, շրջմոլի´կ, նախապատրաստում էինք այսպիսի օրվա համար: Այնպես որ, քեզ վրա տասնյակ միլիոններ ծախսելու ցանկություն չունենք: Մեր խոսակցությունն էլ ավարտվեց: Վե´րջ.. (Հեռախոսն անջատում է: Հարդին մնում է շվարած): ՄԱՅՔԼ─ (Հարդիին) Կեղծ Հարդի՞… Շրջմոլի՞կ… ՄԱՐԿ─ Ի՞նչ էր դա նշանակում, մի´ստր: ՀԱՐԴԻ─ Գիտե՞ս` հարցն ինչն է, սըր: Ես չէի ցանկանում ասել նույնիսկ հիմա` այսպիսի ծայրահեղ պահի, սակայն աթոռն ստիպում է խոսել: Բանն այն է, որ դուք նրա´ն չեք առևանգել, ում ցանկացել եք: ՄԱՅՔԼ─ Ես կարծում եմ, որ քո բանականությունը դեռևս սթափ է, Հարդի: Եվ ասեմ, որ մենք կատակելու ցանկություն չունենք: ՀԱՐԴԻ─ Հարցն էլ այն է, որ ես… Հարդին չեմ: (Մարկը և Մայքլը կրկին նայում են իրար… Հարդին ցույց է տալիս հեռախոսը): Զանգեք ընկերություն, խնդրեմ, հարցրեք, թե որտե՞ղ է միստր Հարդին: ՄԱՐԿ─ (Հարդիի շուրջը պտտվելով ու նրան ուշադրությամբ նայելով) Հարդին չե՞ս: ՀԱՐԴԻ─ Ո´չ: ՄԱՅՔԼ─ Ո՞վ ես հապա: ՄԱՐԿ─ Հենց նոր դու ասացիր, որ Հարդին ես: Այն էլ… իսկակա՛ն: ՀԱՐԴԻ─ Ես դա ասացի էդիին շփոթեցնելու համար: Իսկ ես Ջոնի Ջեքսոնն եմ: Շրջմոլիկ, որին ստիպեցին դառնալ Ջեկ Հարդի: Այսինքն` նրա նմանակը: (Այս պահից սկսում է խաղալ շրջմոլիկի դեր` փորձելով ընդօրինակել Ջեքսոնին): ՄԱՐԿ─ Փչում ես: Սա ֆիլմ չէ, Հարդի: Հեքիաթներիդ հավատացող չկա: ՀԱՐԴԻ─ (Հաստատակամորեն) Ես Ջոնի Ջեքսոնն եմ: (Քունքը քորում է): |
ՄԱՅՔԼ─ Վերջացրո´ւ, Ջե´կ: ՀԱՐԴԻ─ Իսկ դուք զանգեք: Ընդամենը զանգեք ընկերություն և խնդրեք միստր Հարդիին: (Իբր ինչպես սովորություն, ինչպես շրջմոլիկը կաներ, մոխրամանից վերցնում է ծխախոտի մնացուկ և դնում շուրթերին): Միայն թե չտաք «Ջեքսոն» անունը, որովհետև այնտեղ ճանաչում են միայն մեկ անձի` Միստր Հարդիին: (Շրջմոլիկի նման գրպաններում փնտրում է լուցկի, բայց հանում է կրակվառիչ): ՄԱՐԿ─ Եվ ինչպե՞ս է, որ դուք իրար այդպես նման եք: ՀԱՐԴԻ─ Այդ մասին արդեն նրան հարցրեք` Արարչին: ՄԱՅՔԼ─ Փչում է, Մարկ: Ուզում է կաշին փրկել: ՀԱՐԴԻ─ (Անդրավարտիքի փողքը բարձրացնելով` ոտքը քորում է): Լավ, սպանեք ինձ, բայց համոզված եղեք, որ շուտով դարձյալ կհանդիպենք… Բոլոր դեպքերում խորհուրդ եմ տալիս նախ խոսել միստր Հարդիի հետ… ՄԱՐԿ─ (Մտածելով) Տո´ւր հեռախոսը, Մայքլ… (Վերջինս հեռախոսը տալիս է նրան): Նոր պատկեր: Ջեքսոնը Հարդիի աշխատասենյակում` նրա աթոռին բազմած, հեռախոսով համար է հավաքում: ՋԵՔՍՈՆ─ Էդի՞: ԷԴԻ─ (Այնպես, ինչպես կխոսեր Հարդիի հետ) Այո´, միստր: ՋԵՔՍՈՆ─ Լսիր, Էդի… Ապո´ւշ… Սա հենց այնպես, որպես կոչական… ԷԴԻ─ Պարզ է, միստր: ՋԵՔՍՈՆ─ Գիտե՞ս, Էդի, ես սովորում եմ միստր Հարդիի… Թո´ւ… Ուզում եմ ասել` իմ կյանքի պատմությունը ու հասել եմ մի հանգուցային կետի: ԷԴԻ─ Լսում եմ, միստր: ՋԵՔՍՈՆ─ Շատ մութ ու հանելուկային է այդ հանգույցը: Ինչպե՞ս է եղել, որ միստր Հարդին… Թո´ւ… մի խոսքով` ես, ընկերությունում համեստ դիրք ունեցող աշխատողից հասել եմ… Մի խոսքով` հասկացար… Եվ ինչպե՞ս է եղել, որ այդ թռիչքը զուգադիպել է իմ ամուսնության և Մարի Հադսոնին ծանոթանալու հետ… Ի՞նչ կասես, Էդի: ԷԴԻ─ Մի´ստր, որպես հոգեբան` խորհուրդ կտամ այդ հանգույցի մեջ շատ չխորանալ: ՋԵՔՍՈՆ─ (Փռշտում է): Սա որպես շեշտ այդ հանգույցի վրա: Իսկ դու բոլոր դեպքերում, որպես հոգեբան` մտածիր, Մոմսեն: (Լսափողը դնում է): Գալիս է Սառա Փիթը` ինչպես միշտ` ձեռքին փաստաթղթեր: ՍԱՌԱ─ Միստր Հարդի… Որքա՛ն սազում է Ձեզ այդ փողկապը… (Ջեքսոնը, մտքերով տարված, մի պահ ուշադրություն չի դարձնում): Միստր Հար-դի՛… (Թղթերը դնում է սեղանին): Կարելի՞ է նստել: ՋԵՔՍՈՆ─ Նստե՞լ… ՍԱՌԱ─ Այո, նստե´լ: ՋԵՔՍՈՆ─ Իսկ սովորաբար դու ի՞նչ էիր անում: ՍԱՌԱ─ Ե՞րբ: ՋԵՔՍՈՆ─ Դե… երբ բերում էիր այդ… զիբիլները: ՍԱՌԱ─ (Ծիծաղելով) Օ՛… Միստր… Ձեզ որքան սազում է կատակը… Դուք այսօր իսկական միստր Հարդին եք և ոչ թե նա… ՋԵՔՍՈՆ─ (Զարմանքով) Ո՞վ: ՍԱՌԱ─ Դե, Ձեր այն մյուս տեսակը… Պաշտոնականը: Իսկ ես Ձեզ հենց այսպիսին եմ սիրում: Այսպես Դուք ճիշտ Ձեզ նման եք… ՋԵՔՍՈՆ─ Իրո՞ք: ՍԱՌԱ─ Այո´: Եվ այս դեպքերում ես սովորաբար… (Ջեքսոնի աչքերին նայելով) Նստե՞մ… ՋԵՔՍՈՆ─ Իսկ սովորաբար… ՍԱՌԱ─ (Ջեքսոնի գիրկը նետվելով) Միստր… Սիրելիս… (Սկսում է համբուրել): Քո շուրթերը… Ոնց որ բոց լինեն… (Հեռախոսը զանգում է)… Գիշերվա խավարում… Քո այտերը ոնց որ… (Զանգի ձայնից վրդովված) Թո´ւ… գիշեր լինեն… (Դժկամությամբ վերցնում է լսափողը): Ալո… Միստր Հարդիի՞ն… Ո´չ, միստր Հարդին տեղում չէ: (Լսափողը դնում է): Սովորականի պես, միստր… Ներս է մտնում Էմման: Սառան վերջին բառերը կրկնում է այլ տոնայնությամբ: ՍԱՌԱ─ Սովորականի´… պե´ս… մի´ստր… ԷՄՄԱ─ Հրամանները պատրաստ են: Վաղվանից քաղաքի բոլոր շրջմոլիկները կարող են ստանալ տասնհազարական դոլար: ՍԱՌԱ─ (Զարմացած) Ի՞նչ… ԷՄՄԱ─ Ընկերության բոլոր աշխատողները կպարգևատրվեն հարյուրհազարական դոլարով: ՍԱՌԱ─ (Ուրախացած) Ի՛նչ… ԷՄՄԱ─ Իսկ ես և… (Սառային նայելով) մի խոսքով` նշանակված ենք տեղակալ: ՍԱՌԱ─ (Կրկին համբույրներ տեղալով Հարդիի դեմքին) Միստր Հարդի… Միստր Հարդի… Այսուհետև դու իմն ես և ուրիշ ոչ մեկինը: ԷՄՄԱ─ (Նույնպես հարձակվելով Հարդիի վրա) Ո´չ, միստր Հարդին իմն է… (Սկսում են նրան գրեթե քաշքշել): ՀԱՐԴԻ─ Ես… (Համբույրների տարափից չի կարողանում խոսել): ՍԱՌԱ─ Իմն է… ԷՄՄԱ─ Ո´չ… Իմն է… |
ՀԱՐԴԻ─ Ես… (Հեռախոսը կրկին զանգում է): ԷՄՄԱ─ (Լսափողը վերցնում է և խոսում միանգամից): Միստր Հարդին չի վերադարձել… Ներս է մտնում Մարի Հադսոնը: ՄԱՐԻ─ Միստր Հար-դի՛… ՍԱՌԱ─ Իմն է… ԷՄՄԱ─ Ո´չ, իմն է… ՄԱՐԻ─ (Մի պահ լուռ նայելուց հետո) Ա´յ թե կնամոլն ես դու, միստր… Ո՛չ… Արդեն իմն է… (Առյուծի մռնչյուն արձակելով` նետվում է Հարդիի վրա): Լսվում են խառը ձայներ. ─ Փիսիկս…. ─ Վագրիկս… ─ Շլդիկս… ՄԱՐԻ─ Ես քեզ կխեղդեմ հիմա… (Իբր խեղդում է… Հեռախոսը նորից է զանգում: Մարին վերցնում է լսափողը): Ոչ… Միստր Հարդին… այլևս... չկա… Նոր պատկեր: Մարկ, Մայքլ և Հարդի: ՄԱՐԿ─ (Լսափողը դնելով) Ասաց, որ միստր Հարդին այլևս չկա: ՀԱՐԴԻ─ Ինչպե՞ս թե չկա: ՄԱՅՔԼ─ Երրորդ անգամ ասում են, որ այնտեղ Հարդի չկա, իսկ դու պատմում ես նույն հեքիաթը: ՀԱՐԴԻ─ (Նյարդայնացած) Ի´նձ տուր հեռախոսը: (Հարդիի հաստատակամությունից տարակուսանքի մեջ ընկած` Մայքլը համար է հավաքում և լսափողը մեկնում նրան: Հեռախոսից լսվում են կանանց ճիչեր, բղավոցներ… Բոլորը ապշած նայում են իրար: Խոսել սկսում է Հարդին): Ջե՞կ… Լսո՞ւմ ես, Հարդի… Ի՞նչ է կատարվում այդտեղ, մի´ստր… (Լսվում է Ջեքսոնի ձայնը` տարօրինակ հնչերանգով): ՋԵՔՍՈՆ─ Ջեկ Հարդին… Ջեկ Հարդին լսում է… ՀԱՐԴԻ─ (Ուրախությունից ցնծալով) Ջեկ Հարդին է… Ջեկ Հարդին լսում է… Այնտեղ է Ջեկ Հարդին… (Մայքլը և Մարկը մնում են շփոթահար): Ինչպե՞ս եք, միստր Հարդի… (Մարկին և Մայքլին) Զվարճանում է միստր Հարդին… Ես մի քիչ ուշանում եմ, միստր, բայց կգամ: Շուտով կվերադառնամ: Առայժմ, միստր: (Լսափողը դնում է): Ասում էի, չէ՞, որ ես Ջեքսոնն եմ, Ջոնի Ջեքսոնը: (Դարձյալ անդրավարտիքի փողքը բարձրացնում է, ոտքը քորում և մոխրամանից վերցնում ծխախոտի ևս մի մնացուկ): ՄԱՐԿ─ Հիմա ի՞նչ ենք անելու, Մայքլ: (Լսվում է Մարկի բջջային հեռախոսի ձայնը: Նա պատասխանում է բավական երկյուղած): Լսում եմ: ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ արեցիք, Մարկ: Ավարտեցի՞ք: ՄԱՐԿ─ Ո… ո՛չ… սըր: ԽՈՍԱԿԻՑ─ Ո՞չ: Ի՞նչ է նշանակում` ոչ: ՄԱՐԿ─ Գիտե՞ք` բանն ինչ է, միստր… Գործում ի հայտ են եկել անսպասելի, չնախատեսված նոր հանգամանքներ: ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ բան է «անսպասելի հանգամանք»-ը: Չլինի՞ նա փախել է: ՄԱՐԿ─ Ո´չ, Հարդին այստեղ է… Ավելի ճիշտ` այստեղ է ոչ թե Հարդին, այլ… Ինչպե՞ս ասեմ… Եղել է թյուրիմացություն: Մենք Հարդիի´ն չենք առևանգել: ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ… Գլխի՞դ է խելքդ: Ի՞նչ է նշանակում` մենք Հարդիին չենք առևանգել: ՄԱՐԿ─ (Իրեն կորցրած) Այո´, միստր: Այդպես է: Եղել է շփոթմունք: ԽՈՍԱԿԻՑ─ Իսկ ո՞ւմ եք առևանգել. ՄԱԿ-ի քարտուղարի՞ն, թե Հռոմի պապին: ՄԱՐԿ─ Ինչ-որ… Ինչ-որ շրջմոլիկի… ԽՈՍԱԿԻՑ─ Մարկ, դուք արդեն գժանոցո՞ւմ եք, թե նոր եք պատրաստվում գնալ: Միլիոնատեր բանկիրին չեք տարբերում շրջմոլիկի՞ց: ՄԱՐԿ─ Գիտե՞ք` բանն ինչ է, միստր… Բանն այն է, որ այս ապուշը… այս շրջմոլիկը… նույն Հարդին է: Ուզում եմ ասել… Նրա նմանակն է: Սատանան էլ սրանց տարբերել չի կարող: Հագնվում են նույն ձևով, խոսում նույն ձայնով… ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ: ՄԱՐԿ─ Այոոո… Փաստորեն նա… ունեցել է նմանակ… (Մի պահ լռում են): Ի՞նչ անենք հիմա, միստր: ԽՈՍԱԿԻՑ─ Հագցրեք Հռոմի պապի հագուստները և ուղարկեք աղոթելու: ՄԱՐԿ─ Այսինքն, սըր: ԽՈՍԱԿԻՑ─ Բաց թողեք, գնա: Մեզ փող է հարկավոր, ոչ թե սկանդալ: ՄԱՐԿ─ Լսում եմ, միստր: ԽՈՍԱԿԻՑ─ Լավ կլինի, որ դու նաև տեսնե´ս, ապո´ւշ: (Հեռախոսն անջատում է): ՄԱՐԿ─ (Հարդիին) Եվ այս ամենը, տխմա´ր, քո մռութի պատճառով… Նոր պատկեր: Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Ջեքսոն և Էդի: ՋԵՔՍՈՆ─ Դու ճիշտ ես, Էդի: Հիմա բոլորը կարծում են, թե իրենցից բացի` բոլորն ապուշ են, ու կարելի է նրանց հիմարացնել: |
ԷԴԻ─ Որպես հոգեբան` միստր Հարդի, խորհուրդ եմ տալիս կատարվածը մոռանալ արագ: Դրա համար կան հատուկ մեթոդներ: ՋԵՔՍՈՆ─ Ինձ թվում է` ժամանակն է, Էդի, որ հոգեբանական քո մեթոդները սկսես կիրառել քեզ վրա: Եվ գուցե շատ արագ մոռանաս ընկերությունում անցկացրած քո անհոգ կյանքը: ԷԴԻ─ Այսինքն, միստր: ՋԵՔՍՈՆ─ Ես քեզ ազատում եմ, ապո´ւշ: Դու այլևս իմ գործակալը չես: ԷԴԻ─ Այդ դեպքում, ներեցեք, միստր, ես կբողոքեմ, քանի որ եթե Ձեր գործակալը չեմ, ուրեմն իրավունք չունեք ինձ անվանելու ապուշ: ՋԵՔՍՈՆ─ Հրաման ես դեռ չեմ տվել, Էդի… ԷԴԻ─ Բայց ինչի՞ համար, միստր: ՋԵՔՍՈՆ─ Նրա´ համար, մեծն հոգեբան, հատուկ մեթոդիստ, որովհետև ապուշին չես կարողանում տարբերել ինձանից: ԷԴԻ─ Մի´ստր, ախր այնքա՛ն նման են ձեր ձայները: Այդ ապուշն էլ արդեն այնպես է ձեզ նմանակում, որ տարբերելու համար հատուկ մեթոդ… միջոցներ են պետք: ՋԵՔՍՈՆ─ Իսկ այդ սխալի համար քիչ էր մնում, որ ես հատուցեմ կյանքով: ԷԴԻ─ Փառք Աստծո, ամեն բան ավարտվեց բարեհաջող: ՋԵՔՍՈՆ─ Եվ այսուհանդերձ դու ինչո՞ւ չէիր վճարում, Էդի, և ինչո՞ւ այդ մասին չէիր խորհրդակցում ինձ հետ: (Սովորականի պես ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում): ԷԴԻ─ Բանն այն է, միստր, որ ձեր համարը չէր պատասխանում, իսկ այդ շրջմոլիկի համար վճարելը կնշանակեր տասնյակ միլիոնները տալ քամուն: ՋԵՔՍՈՆ─ Ուրեմն դու այն կարծիքին ես, որ Ջոնիի համար… Ի դեպ` այսուհետև նա քեզ համար ոչ թե Ջոնի է, այլ միստր Հարդի: Պա՞րզ է, Էդի: ԷԴԻ─ Պարզ է, միստր: ՋԵՔՍՈՆ─ Մի խոսքով` այդ հիմարի համար… ԷԴԻ─ Նկատի ունեք միստր Հարդիի՞ն, սըր: ՋԵՔՍՈՆ─ Նկատի ունեմ, Էդի… Մի խոսքով` դու այն կարծիքին ես, որ նրա համար չէր կարելի ինչ-որ թղթի կտորներ տալ քամո՞ւն: ԷԴԻ─ Նայած, թե այդ թղթի կտորները ոսկու համարժեքով ինչ գին ունեն: Թուղթ կա, որ թանկ է ոսկուց, և կա ոսկի, որ թանկ է կյանքից: Սա հենց այդ դեպքն էր, միստր: ՋԵՔՍՈՆ─ Միստր Հարդի´: ԷԴԻ─ (Ուշադիր նայելով) Այո´, միստր Հարդ… Միստր Հարդ… Գրողը տանի, Ջեքսո´ն… ՋԵՔՍՈՆ─ Մի´ստր Ջեքսոն, Էդի´: ԷԴԻ─ (Ապշանքից կարկամած) Ճիշտ է… Միստր… Ջեքսոն…. (Դողդողացող ձեռքերով գրպանից դեղ է հանում): Ջուր… Միստր Հար… Ջեք… Ջեքսոն… (Ձեռքը մեկնում է): ՋԵՔՍՈՆ─ Դա ծաղկաման է, ապո´ւշ: Իսկ ջուրն այնտեղ է: (Ցույց է տալիս դռան կողմը): Էդին դողդողալով դուրս է գալիս: Հետին դռնից ներս է մտնում Հարդին: ՀԱՐԴԻ─ Ա´յ քեզ ցնդածներ… Պատկերացնո՞ւմ ես, Ջոնի´, նրանց համոզեցի, որ ես ոչ թե ես եմ, այլ դու: ՋԵՔՍՈՆ─ Իսկ ես, միստր, ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ ես ոչ թե դու եմ, այլ ես… (Տեղը զիջում է Հարդիին): ՀԱՐԴԻ─ Այսօր քեզ ազատություն եմ տալիս, Ջոնի´: Գնա, ուր կուզես: ՋԵՔՍՈՆ─ Ես հոգնել եմ, միստր: Կուզեի պառկել մի նստարանի, պայուսակը դնել գլխիս տակ ու վայելել անմեղ քուն… (Դուրս գալով) Գուդբայ, միստր: Էդին վերադառնում է և նստում նույն տեղը: ԷԴԻ─ Բայց դու իզուր ես վիրավորվել, Ջեքսոն: (Հարդին զարմացած նայում է նրան): Ես ունեի մի գաղափար, որ եթե իրականանար, առաջին հերթին շահող կլինեիր դու: ՀԱՐԴԻ─ Եվ ի՞նչ գաղափար էր դա: ԷԴԻ─ Չես պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե նրանք սպանեին Հարդիին: ՀԱՐԴԻ─ Դե, ինչ պիտի լիներ: Բանկը կգլխատվեր: Բոլորը կմնային առանց հայրիկի: ԷԴԻ─ Ու քեզ թվում է, թե նա այստեղի հայրի՞կն է: Լավ հայրիկ է, ինչ խոսք: Ահա քեզ ինչ կասեմ, Ջեքսոն… (Մի պահ լռում է): Լավ, թողնենք դա: Ես մտածել էի, որ նրան սպանելու դեպքում ընկերության նախագահը դառնաս դու: ՀԱՐԴԻ─ (Ապշած) Ե՞ս… ԷԴԻ─ Այո´, միստր Ջեքսոն: Միանձնյա: Փոփոխությունը ոչ ոք չէր զգա, և մենք միանգամից կդառնայինք հարյուրավոր միլիոնների տեր: Այնպես, ինչպես ժամանակին ինքը դարձավ` Հարդին: ՀԱՐԴԻ─ Հետաքրքիր է… Իսկ ինչպե՞ս նա դարձավ: ԷԴԻ─ Ուզում ես` հանգո՞ւյցը բացեմ: Հարդին, այո´, ընկերությունում ուներ համեստ դիրք, և առաջընթաց ունեցավ այն պահից, երբ սկսեց սիրահետել ապագա կնոջը` ընկերությունում վարչության պետ Քիմ Հոլին: Եվ կարծում ես` սիրելո՞վ նրան: Ո´չ, Ջոնի: Այն պատճառով միայն, որ նա ընկերության նախագահի դուստրն էր: Միակ դուստրը: Իսկ հետո Հարդիի համար դեպքերը զարգացան գլխապտույտ հաջողությամբ: ՀԱՐԴԻ─ Հետաքրքիր է… (Վեր կենալով` սկսում է քայլել): Ապա՞, Էդի: ԷԴԻ─ Իմանալով, որ ինքը շուտով վախճանվելու է, Քիմի հայրը` Ալեքս Հոլը, ապահովեց Հարդիի առաջընթացը` նրան հանձնելով նախագահի պաշտոնը: ՀԱՐԴԻ─ (Զայրույթը զսպելով) Այո՛… ԷԴԻ─ Ասում ես` ինչպե՞ս է եղել, որ դա համընկել է Մարի Հադսոնի հետ նրա ծանոթանալո՞ւն: Այստեղ նույնպես շան գլուխ է թաղված: Եվ այդ գլուխ թաղողը դարձյալ հայր է: Այս անգամ` Մարիի հայրը: Նա բանկում ուներ և այժմ էլ ունի խոշոր բաժնեմաս: Առանց նրա` գործը գլուխ չէր գա, և Հարդին գտավ տարբերակ, այսպես ասած` միջնորդ, որն է` Մարի Հադսոնը: ՀԱՐԴԻ─ Մարի Հադսո՞նը: ԷԴԻ─ Այո´, Ջոնի: Բավական է, որ նրա հետ Հարդին կապերը խզի, և վերջ… ՀԱՐԴԻ─ Իսկապե՞ս… |
ԷԴԻ─ Մի գաղտնիք էլ բացեմ: Հարդին հիմա որպես տղամարդ էլ մի բան չէ: Որքան զգում եմ, դարձել է անկարող: ՀԱՐԴԻ─ Ի՞նչ ես ասում: ԷԴԻ─ Ու քեզ պահում է նաև նրա համար, որ կարողանա փրկել իր տղամարդկային պատիվը: ՀԱՐԴԻ─ Ահա թե ինչ, Էդի: ԷԴԻ─ Եվ կնոջն էլ ամենևին չի խանդում, նրա համար միևնույնն է, թե դու ինչպես կվարվես հետը, որովհետև չի սիրում: Իսկ որտեղ չկա սեր, չկա նաև խանդ: Միլիո´ն, փո´ղ. ահա, թե ինչն է նրա պատիվը: ՀԱՐԴԻ─ Ու փաստորեն մեզ ձեռք էր տալիս նման սրիկայի մա՞հը: ԷԴԻ─ Այո´, Ջոնի: ՀԱՐԴԻ─ Այո, մի´ստր: ԷԴԻ─ Այո´, միստր: ՀԱՐԴԻ─ Միստր Ջեքսո´ն: ԷԴԻ─ (Ուշադիր նայելով) Միստր Ջեք… միստր Ջեք… Ջեք… Հարդի՞… Սա ի՞նչ բան է, գրողը տանի… (Ձեռքը կրկին մեկնում է): Ջու… Ջու… Ջուր… (Ուշագնա լինելով, ընկնում է սեղանին): Գալիս է Էմման: Էդիին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում: ԷՄՄԱ─ Միստր Հարդի, եթե իմանաք, թե Ձեզ ինչպես են սկսում սիրել ընկերությունում… (Սեղանին թղթեր դնելով) Գումարներն արդեն բաժանված են, փոխանցված: Ահա ստացականները: Բոլորը Ձեր խոսքերից մեջբերումներ են անում, Ձեզ ընդօրինակում: Որքա՛ն իմաստնացել եք Դուք, միստր, որքան բարի եք դարձել: ՀԱՐԴԻ─ (Հեգնանքով) Ճիշտ է, շատ եմ իմաստնացել, իսկ (Էդիին նայելով) օձը, ասում են իմաստնության խորհրդանիշն է: Նա միշտ դեպի իմաստնությունն է ձգտում: ԷՄՄԱ─ Ահա և` հավաստիքը խոսքերիս: (Դուրս գնալով) Ասում եմ, չէ՞, Դուք վերջերս ուրիշ եք դարձել, միստր: ՀԱՐԴԻ─ (Բերած փաստաթղթերը կարդալով) Ինչ-ի՛նչ… Տասը միլիոն… Քսան միլիոն… (Աստիճանաբար ավելի ու ավելի զայրանալով) Հարյուր միլիոն… Պարգևատրություն… Նվեր… Աշխատակազմին… Էմմային, Քեթրինին… Շրջմոլիկներին… (Ձեռք սեղանին խփելով) Էդի´… ԷԴԻ─ (Անմիջապես վեր թռչելով) Մի´ստր… ՀԱՐԴԻ─ (Վեր է կենում և սկսում քայլել) Կորա´վ, Էդի… ԷԴԻ─ Ներողություն, մի´ստր: ՀԱՐԴԻ─ Ձախողվեցինք: Վե´րջ: Ահա քո հոգեբանական հնարքները, հատուկ մեթոդները: Մեկ օրում քամուն տրվեցին միլիոնները, հարյուրավոր միլիոնները… ԷԴԻ─ Միստր Հարդի… ՀԱՐԴԻ─ Վե´րջ: Փորձը ավարտվեց սարսափելի ձախողմամբ: Հօդս ցնդեցին միլիոնները: (Թղթերը շպրտում է): Վերցրու քո Ջեքսոնին, և չքվեք միասին գրողի ծոցը… Մեկընդմի´շտ: ԷԴԻ─ Մի´ մոռացեք, միստր, որ փորձի շնորհիվ փրկվեց Ձեր կյանքը: ՀԱՐԴԻ─ Այս միլիոնների առաջ (կրկին փաստաթղթեր շպրտելով) գին չունի նույնիսկ իմ կյանքը… Էդին գնում է: Հարդին, գլուխը բռնած, նստում է: Քիչ անց ներս է մտնում Քիմ Հարդին: ՀԱՐԴԻ─ (Անակնկալի գալով) Քի՞մ: ՔԻՄ─ Ինչպես տեսնում եմ, դու այստեղ մի ճակատամարտ արդեն ավարտել ես: Վե´րջ, ես պահանջում եմ ապահարզան: ՀԱՐԴԻ─ Քեզ սխալ տեղեկություններ են հասել, Քիմ: Դա թյուրիմացություն է: Դա ես չեմ եղել… ՔԻՄ─ Անպատկա´ռ, լպի´րշ, կնամո´լ: ՀԱՐԴԻ─ Դա ես չեմ եղել: Ցոփություն անել հենց աշխատասենյակում: Այն էլ` միանգամից երեքի հետ… ՔԻՄ─ Ի՞նչ, ի՞նչ… ՀԱՐԴԻ─ Դու հավատո՞ւմ ես դրան: ՔԻՄ─ Ա՛խ, ուրեմն դու նաև… ՀԱՐԴԻ─ Դե, ո´չ, ասում եմ: Դա ես չեմ եղել: Հիմա քեզ կասեմ… ՔԻՄ─ Հարկավոր չէ ոչինչ ասել, ցինի´կ: Նախ` տանը, իմ աչքի առաջ, որը, պարզվում է, սրբագործություն է այն ամենի համեմատ, ինչ կատարվում է այստեղ: Այս մասին էլ նոր եմ իմանում: ՀԱՐԴԻ─ Նո՞ր ես իմանում… Թո´ւ… (Ինքն իրեն) Հիմա´ր: Ուզում էի ասել` սխալ ես իմանում… ՔԻՄ─ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր… Գնալով նորանոր դեպքեր են բացահայտվում: ՀԱՐԴԻ─ Չես թողնում խոսել: Ասում եմ` դա ես չեմ եղել: ՔԻՄ─ Ա՛խ, պարզվում է` դու նաև դու չես լինում: Ինչե՛ր եմ լսում: Եվ վաղո՞ւց է, որ փոխակերպվում ես նման ցինիկի: ՀԱՐԴԻ─ Ո´չ, այնքան էլ վաղուց չէ: Չես թողնում խոսել: ՔԻՄ─ Ու ո՞նց ես թաքցրել, հը՞: ՀԱՐԴԻ─ Ստիպված էի: Այդ մասին գիտեն ընդամենը երկու հոգի: ՔԻՄ─ Ա՛խ, ընդամենը երկու հոգի: Եվ դա ամեն անգամ այդ երկուսի առա՞ջ ես անում: ՀԱՐԴԻ─ Ի՞նչը: ՔԻՄ─ Իսկ ի՞նչ են անում երեք լրբերը, որոնց գումարվում է մի կնամոլ: ՀԱՐԴԻ─ Ախր, ես այդ մասին չեմ… Ես խոսում եմ իմ նման… |
ՔԻՄ─ Գիտեմ, գիտեմ, դու դա լավ թաքցրել ես: Իսկ ես հիմարաբար կարծում էի, թե միայն մեկն է: Ես ապահարզան էի պահանջում մեկի համար, բայց պարզվում է, որ այստեղ կան նաև երեքը: ՀԱՐԴԻ─ Դե ո´չ: Երեքը չեն: Նույնիսկ մեկին չէինք կարողանում գտնել, ո՞ւր մնաց` երեքին: Ընդամենը մեկն է: ՔԻՄ─ Խոստովանեցիր, ուրեմն: Վերջապե´ս: ՀԱՐԴԻ─ Իսկ քեզ ո՞վ է ասել այդ մասին: ՔԻՄ─ Այդ մասին վաղուց բոլորը գիտեն: ՀԱՐԴԻ─ (Զարմացած) Չի կարող պատահել: ՔԻՄ─ Ինչո՞ւ: Այդպես վարպետորե՞ն էիր քողարկում: ՀԱՐԴԻ─ Փորձում էինք: ՔԻՄ─ Տակա´նք: Տարիներ շարունակ պահել սիրուհի և սուրբ ձևանալ: ՀԱՐԴԻ─ Ի՞նչ… ՔԻՄ─ Մարի Հադսո´ն. ահա թե ինչ: Ահա քեզ փիսի´կ, շնի´կ, վագրի´կ… ՀԱՐԴԻ─ Ի՞նչ է կատարվում, գրողը տանի: Ախր ես այդ մասին չեմ … ՔԻՄ─ Վե´րջ: Ավարտված է: ՀԱՐԴԻ─ Չես թողնում խոսել… Ներս են մտնում Էմման, Քեթրինը և Տիտոն: ՏԻՏՈ─ (Ձեռքը բարձրացնում է` որ «նռնակ» նետի) Պառկե՛լ… ՔԻՄ─ Դու ուշացել ես, տղաս: Այստեղի պառկողները արդեն պառկել, վեր են կացել: (Տիտոն, սովորության համաձայն, սկսում է կրակել: Պահից օգտվելով` Հարդին զանգում է): ՀԱՐԴԻ─ Էդի… Էդի… Ո´չ, մի´ ուրախացիր. ինձ վրա չեն կրակում: Դա Տիտոն է: Վերադարձիր շտապ… Լսո՞ւմ ես… Այստեղ ուղարկիր Ջեքսոնին: Ասում եմ` անմիջապես իմ սենյակ ուղարկիր Ջեքսոնին: ՔԵԹՐԻՆ─ Ամեն անգամ այս կողմով անցնելիս հնարավոր չի լինում Տիտոյին զսպել, որ ներս չմտնի: Նա իրեն այստեղ գեներալի պես է զգում: ԷՄՄԱ─ (Թափված թղթերը հավաքելով) Պատուհանը երևի բացել եք, հա՞, միստր: Ամեն ինչ էլի քամուն եք տվել: ՀԱՐԴԻ─ Այո´, այստեղից հենց մի պահ բացակայես, ամեն ինչ քամին տանում է… ՏԻՏՈ─ Այսօր ո՞ւմ եմ գնդակահարելու, հայրիկ: ՀԱՐԴԻ─ Ցուցակները արդեն պատրաստ են, տղաս: (Էմմայի հավաքած փաստաթղթերը նրան տալով) Ահա´, կարող ես բոլորին մեկ-մեկ կանգնեցնել պատի տակ: ՏԻՏՈ─ (Թռչկոտելով) Ուռա՛… ՀԱՐԴԻ─ (Էմմային) Ինչո՞ւ ներքին տեսացանցը չի աշխատում: Գոնե իմ սենյակ մտնողներին ես պիտի տեսնե՞մ, թե չէ… ԷՄՄԱ─ Մոնիտորն է փչացել: Շուտով կսարքեն: ՀԱՐԴԻ─ Իսկ դո՞ւ ինչով ես զբաղված: Ով երբ ուզում, ներս է մտնում: ՔԻՄ─ Բացի ինձանից, Ջեկ, որովհետև ես ամեն անգամ սպասում եմ: ՀԱՐԴԻ─ Մի՞թե: ՔԻՄ─ Իհարկե: Ես ինձ հո թույլ չե՞մ տա քեզ շփոթեցնել… Չէ՞ որ ժամանակ է պետք, որ հասցնեք փոխվե՛լ… Մտնել աշխատանքային ռիթմի մե՛ջ: ՏԻՏՈ─ (Էմմային) Դե, առաջ ընկիր: Ես սկսելու եմ քեզնից: (Դռան մոտ երևում է Սառան): ՍԱՌԱ─ Ինձնի´ց սկսիր, Տիտո: Մի´ խանգարիր խորհրդակցությունը… Ներեցեք, միստր Հարդի, ես հետո կգամ: ԷՄՄԱ─ Ո´չ, ինձնից է սկսելու Տիտոն… Դե, գնացինք: Մեկ-երկու, մեկ-երկու… (Սառան, Էմման և Տիտոն դուրս են գալիս: Լսվում է Տիտոյի ձայնը): ՏԻՏՈ─ Ձեռքներդ վե´ր, ապուշներ… ՔԵԹՐԻՆ─ Չարաճճի տղա է Տիտոն: Հետևի դռնից ներս է մտնում Ջեքսոնը և խոսում` առանց աշխատասեղանի կողմը նայելու: ՋԵՔՍՈՆ─ Օ՛, դուք այստեղ եք… (Քիմը և Քեթրինը մնում են ապշած): Ես էլ մտածում եմ, թե ինչու են ինձ շտապ կանչել… Ուրախ եմ, որ Դուք այստեղ եք, միսիս Քեթրին: (Քիմին) Ինչ լավ է, որ դու էլ ես այստեղ, սիրելի´ս: (Լսվում է Տիտոյի ավտոմատի ձայնը): Եվ տղաս է այստեղ… (Քիմի և Քեթրինի ապշած վիճակից սկսում է շփոթվել): Կրակում է… Էլի կրակում է… (Հետ է նայում և տեսնում Հարդիին): Ա՛խ, Դուք էլ… եք… այստեղ, միս… միս… միստր… ՀԱՐԴԻ─ Այո´, ես էլ եմ այստեղ, Ջոնի: Դու ճիշտ ժամանակին եկար, եղբայր իմ: ՔԵԹՐԻՆ─ Եղբա՞յր: ՔԻՄ─ Ի՞նչ է սա նշանակում, Ջե´կ: ՀԱՐԴԻ─ Սա այն է նշանակում, որ Ջոնին իմ եղբայրն է: Հարազատ եղբայրը: Մենք զույգ ենք… ՔԻՄ─ Ուրեմն… ՀԱՐԴԻ¬─ Այո´: ՔԻՄ─ Բայց դու ինչո՞ւ ինձ մինչև հիմա չես ասել: ՀԱՐԴԻ─ Որովհետև ես նույնպես չեմ իմացել: ՋԵՔՍՈՆ─ Այո´, մենք միայն վերջերս… Բոլորովին վերջերս… (Իբր հուզվում է): |
ՔԻՄ─ Ուրեմն նույն մորի՞ց: ՀԱՐԴԻ─ Այո´: ՔԵԹՐԻՆ─ Եվ` զույգ: ՀԱՐԴԻ─ Այո´: ՔԻՄ─ Եվ ինչպե՞ս է եղել, որ… միայն վերջերս… ՋԵՔՍՈՆ─ Գիտե՞ս` բանն ինչ է, սիրելիս… Թո´ւ… Ներեցեք… Ներեցեք, միսիս: Բանն այն է, որ ես ծնվել ու մեծացել եմ Վաշինգտոնում, իսկ միստր Հարդին… Թո´ւ… Հարդին… Այսինքն` Ջեկը, Նյու Յորքում… ՔԻՄ─ Նույն մորից… Զույգ… Վաշինգտոնում… Նյու Յորքում… ՋԵՔՍՈՆ─ Այո´, միսիս… Նույն մորից, զույգ… Վաշինգ… (Սխալն զգալով) Վաշինգ… Յորքում… ՀԱՐԴԻ─ Գիտե՞ս, սիրելիս, պատահում է այդպես… ՔԵԹՐԻՆ─ Տեր Աստվա՛ծ, ինչ ասես, որ աշխարհում չի պատահում… ՀԱՐԴԻ─ Այո´, հետաքրքիր է, չէ՞: Եվ գիտե՞ք` դա ոնց է եղել: Երբ մայրս նստել է ինքնաթիռ, սկսել են ցավերը: Այդպես Վաշինգտոնի երկնքում` հենց ինքնաթիռի մեջ, ծնվել եմ ես, իսկ երբ ինքնաթիռն անցել է Նյու Յորքի երկնքով… Արդեն պարզ է, լույս աշխարհ է եկել Ջոնին: ՔԻՄ─ Եվ հետո՞: Դու մեծացել ես Վաշինգտոնի երկնքում, Ջոնին` Նյու Յորքի՞: ՋԵՔՍՈՆ─ Դե իհարկե` ոչ: Այնպես է եղել, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վաշինգտոնում… ՔԻՄ─ Եվ քեզ թողնելով այնտեղ` Ջեկը իր մայրիկի հետ թռել է Նյու Յորք: ՔԵԹՐԻՆ─ Այո՛, ինչ ասես աշխարհում չի լինում… ՀԱՐԴԻ─ Պատկերացնո՞ւմ եք, Վաշինգտոնում կարծել են, թե ես մահացած եմ, և չեն իմացել, որ մայրս ունենալու է նաև երկրորդը: Քանի որ նրա ֆիզիկական վիճակն էլ վատ չի եղել, կրկին նստել է ինքնաթիռ և թռել: ՔԻՄ─ Ապա պարզվել է, որ դու ողջ ես: ՀԱՐԴԻ─ Այո´: ՔԻՄ─ Բայց մայրիկիդ այլևս չեն գտել: ՋԵՔՍՈՆ─ Իսկ հետո մեկ այլ պատմություն է սկսվել: Իմանալով, որ ծննդատանը կա նման երեխա, բժիշկներին մեծ գումար են առաջարկել վաճառելու համար: ՔԻՄ─ Եվ բժիշկները համաձայնել են: ՋԵՔՍՈՆ─ Այո´: ՔԵԹՐԻՆ─ Տեր Աստվա՛ծ, ինչ ասես… ՔԻՄ─ Ապա վթարի են ենթարկվել նրանք, ովքեր գնել են Ջեկին: ՋԵՔՍՈՆ─ Ճիշտ է: ՔԻՄ─ Եվ փրկվել է միայն Ջեկը: ՀԱՐԴԻ─ Այո´: Իսկ մնացածը արդեն գիտեք: ՔԵԹՐԻՆ─ Տեր Աստվա՛ծ… ՔԻՄ─ Եվ ի՞նչ ենք անելու հիմա: ՀԱՐԴԻ─ Գիտե՞ս, սիրելիս, ես չեմ ուզում, որ այս մասին ուրիշներն իմանան: Այնքան անհավանական է այս ամենը, որ ուրիշները պարզապես չեն հավատա: ՔԻՄ─ Ինչի՞ն չեն հավատա: ՋԵՔՍՈՆ─ Չեն հավատա, որ… այսպես նման ենք… Ներս են մտնում Էմման, Սառան և Տիտոն: Էմման և Սառան խոսում են` իրար հերթ չտալով: ԷՄՄԱ¬─ Միստր Հարդի… ՍԱՌԱ─ Միստր Հարդի… (Միանգամից քարանում են): ՏԻՏՈ─ Հայրի՛կ… (Մե´կ նայում է Հարդիին, մե´կ Ջեքսոնին): Մայրիկ ես… բի՞ճ եմ… Լույսերը մարում են… Քիչ անց աջ և ձախ կողմերում վառվում է երկու լուսարձակ: Մի կողմում նստած է Հարդին, մյուսում` Մարին, որոնք իրար հետ կրկին խոսում են հեռախոսով: ՄԱՐԻ─ Երեկ ի՛նչ հրաշալի օր էր, չէ՞, Ջեկ: Ի՛նչ խելահեղ օր: ՀԱՐԴԻ─ Այո´, երեկվա օրը ավելի քան խելահեղ էր… ՄԱՐԻ─ Իսկ հիմա որտե՞ղ ես, վագրիկս: Դեռ չե՞ս հասնում: ՀԱՐԴԻ─ (Ժամացույցին նայելով, ներքին բարկությամբ, որը զսպում է): Ես հասած պիտի լինեի վաղո´ւց, սիրելիս: ՄԱՐԻ─ Բա որտե՞ղ ես, շլդիկս: Ես արդեն ուզում եմ պատառոտել քեզ: ՀԱՐԴԻ─ Աստված գիտի, թե որտեղ եմ մնացել` խցանման մեջ, թե մի այլ գրողի ծոցում: ՄԱՐԻ─ Օ՛, ինչպե՛ս սիրում եմ քո հումորը: ՀԱՐԴԻ─ Ո՞վ կմտածեր, թե ամեն ինչ կդառնա հումոր: |
ՄԱՐԻ─ Դե´, դե´, շլդո´, դու բողոքելու տեղ չունես: Շտապի´ր, ես սպասում եմ… ՀԱՐԴԻ─ Շտապելը շտապում եմ, որովհետև այսօր պիտի հասցնեմ թռչել նաև Անգլիա: Ի դեպ` ես արդեն պիտի այնտեղ լինեի… Չգիտեմ, թե այս աշխարհում մարդ իր նման քանիսը պիտի ունենա, որ հասցնի ամեն տեղ լինել: ՄԱՐԻ─ Ջեկ, մի՞թե քեզ նման երկրորդը կարող է լինել: Տեսնեմ էլ, չեմ հավատա… Կկարծեմ, թե պատրանք է: ՀԱՐԴԻ─ Իսկ դու երբեք չե՞ս տեսնում պատրանքներ: Գիտե՞ս, ասում են` ինչ-որ համաճարակ է սկսվել: Ոմանք այդպիսի պատրանքներ են տեսնում: Մեկը նույնիսկ ցնորվել է… (Լսվում է մյուս հեռախոսի զանգի ձայնը): ՄԱՐԻ─ Դե, շուտ արա, ցլիկ: Շտապիր, քանի ես էլ պատրանքների մեջ չեմ ընկել: Սպասում եմ, սևո´ւկս… (Հեռախոսն անջատում է): ՀԱՐԴԻ─ Գրողը տանի, ո՞ւր կորավ այդ անիծյալ շրջմոլիկը: (Վերցնում է մյուս հեռախոսը): Հարդին լսում է: (Մյուս լուսարձակի տակ այժմ երևում է Սթիվը): ՍԹԻՎ─ Միստր Հարդի… Միստր Հարդի, Ջեքսոնի համար փրկագին են ուզում: ՀԱՐԴԻ─ (Անակնկալի եկած) Ի՞նչ… Ի՞նչ փրկագին: ՍԹԻՎ─ Մի՞թե Ձեզ դեռ չեն ասել: Նրան առևանգել են: Հենց նոր զանգեցին ինձ և առաջարկեցին փրկագին: Հիսուն միլիոն: ՀԱՐԴԻ─ (Բարկացած) Եվ ո´չ մի սենթ: Այդ խելառի համար մի սենթ էլ ես չեմ վճարի: ՍԹԻՎ─ Կսպանեն նրան, մի´ստր: ՀԱՐԴԻ─ Ու լավ էլ… Դա արդեն իմ գործը չէ: Վե´րջ: Ոչ մի սենթ: (Հեռախոսն անջատում է): Փրկագի´ն… Հիսուն միլիո´ն… (Կրկին լսվում է հեռախոսազանգ: Հարդին չի իմանում ինչ անել: Ի վերջո` հեռախոսը վերցնում է և փորձում խոսել հանգիստ): Այո´, փիսիկս: (Մյուս լուսարձակի տակ երևում է Քիմը): ՔԻՄ─ Վայրէջքը հաջո՞ղ էր, սիրելիս: ՀԱՐԴԻ─ Պատկերացրու, որ նույնիսկ չեմ զգացել, թե ինչպես եմ երկնքում ճախրել ու իջել: Կարծես ողջ ընթացքում նստած եմ եղել իմ սեղանի մոտ: ՔԻՄ─ Եվ հիմա վայելում ես Ալբիոնի թարմ օդը: ՀԱՐԴԻ─ Վայելում եմ, սիրելիս: Այնպե՛ս հանգիստ է այստեղ: ՔԻՄ─ Դե, գուդբայ, Ջեկ: Վերադարձիր շուտ: Ես արդեն կարոտում եմ քեզ: ՀԱՐԴԻ─ Գուդբայ, գուդբայ, սիրելի´ս… (Հեռախոսն անջատելուց հետո) Բայց ես հիմա ստիպված եմ իմ երկվորյակի փոխարեն գնալ ժամադրության… Նոր պատկեր: Ջեքսոն, Մայքլ և Մարկ: ՋԵՔՍՈՆ─ Ես Հարդին չեմ: ՄԱՅՔԼ─ Իսկ ո՞վ ես: ՄԱԿ-ի քարտուղա՞րը, թե Հռոմի պապը: ՋԵՔՍՈՆ─ Ես Ջոնի Ջեքսոնն եմ: Նախկին շրջմոլիկ: (Անդրավարտիքի փողքը բարձրացնում է և ոտքը քորում է): ՄԱՐԿ─ Վե´րջ տուր հիմարություններիդ, Ջեկ: Հիսուն միլիոն և ոչ մի սենթ պակաս: ՋԵՔՍՈՆ─ Հավատա, սըր, երբեք մտքովս չի անցել, թե իմ կյանքը կարող է գնահատվել այդպես թանկ: (Լսվում է Մայքլի բջջային հեռախոսի ձայնը): ՄԱՅՔԼ─ Լսում եմ, միստր: ԽՈՍԱԿԻՑ─ Ի՞նչ ընթացքում է գործը, Մայքլ: ՄԱՅՔԼ─ Չի խոստովանում, սըր: ԽՈՍԱԿԻՑ─ Դու, ինչ է, խոստովանահա՞յր ես, ապո´ւշ: Գումարը վճարո՞ւմ են, թե չէ: ՄԱՅՔԼ─ Չեն վճարում: Իսկ այս ապուշը չի խոստովանում, որ ինքը Հարդին է: Ես մտավախություն ունեմ, որ գործում դարձյալ կարող են ի հայտ գալ չնախատեսված հանգամանքներ: ԽՈՍԱԿԻՑ─ Վերջացրո´ւ, Մայքլ: Այս անգամ արդեն դո´ւք կնստեք աթոռին: Եթե դա անգամ Հարդին չէ, ուրեմն դարձրեք Հարդի, ինչպես կուզեք: Վե´րջ: (Հեռախոսն անջատում է): ՄԱՅՔԼ─ Հասկացա՞ր, Ջեկ: Եթե դու անգամ Հարդին չես, մենք ստիպված ենք քեզ դարձնել Հարդի: ՋԵՔՍՈՆ─ Գրո´ղը տանի, բոլորն ուզում են ինձ դարձնել Հարդի, բայց ես Ջեքսոնն եմ, Ջոնի Ջեքսոնը: ՄԱՐԿ─ Մտածիր, ուրեմն, Ջոնի: Խոստովանելու համար տալիս ենք քեզ ժա-մա-նակ… Նոր պատկեր: Ջեկ Հարդիի բնակարանը: Քիմ, Քեթրին և Ջեկ, որն ստիպված է խաղալ Ջոնիի «դերը»: ՔԻՄ─ Պատկերացնո՞ւմ ես` ինչ թյուրիմացություն էր, Քեթրին: Կարծելով, թե Մարիի հետ սիրային կապի մեջ է Ջեկը, ես ներխուժեցի նրա սենյակ և պահանջեցի ապահարզան: ՔԵԹՐԻՆ─ Բայց պարզվեց, որ դա եղել է ոչ թե Ջեկը, այլ Ջոնին: (Հարդիին) Այդպես չէ՞, Ջոնի: (Հարդին, բավական շփոթված, գլխով հավանություն է տալիս): ՀԱՐԴԻ─ Այո´, միսիս: ՔԻՄ─ Դե ո՛չ: Դա հետո պարզվեց: ՔԵԹՐԻՆ─ (Կեղծ հետաքրքրությամբ) Իսկ ինչ պարզվեց սկզբո՞ւմ: ՔԻՄ─ Սկզբում պարզվեց, որ Ջեկի սենյակում եղել է գինարբուք, որի մասին ես չեմ իմացել: Ճիշտ եմ հիշում, չէ՞, Ջոնի: ՀԱՐԴԻ─ Այո´, միսիս: ՔԻՄ─ Եվ Ջոնին երեք կանանց հետ մի լավ զվարճացել է: ՔԵԹՐԻՆ─ Երեքի հե՞տ: Միաժամանա՞կ: ՔԻՄ─ Դե, Քեթրին, Ջոնիի համար ի՞նչ մեծ թիվ է երեքը… Բայց դու մի աչքով մի նայիր նաև Ջեկին: Նրա հետ մենք այնպիսի՛ օրեր էինք անցկացնում… Ես հարձակվում էի նրա վրա… (Սկսում է ցույց տալ): Այսպես բռնում էի և… |
ՀԱՐԴԻ─ (Շփոթմունքից կարկամած) Ի՞նչ: ՔԻՄ─ Քաշում էի… ՀԱՐԴԻ─ Ննջարա՞ն… ՔԻՄ─ Դե ոչ, Ջոնի´… Նախ տանում էի լոգարան… Դուշի տակ… ապա… վաննայի մեջ… ՀԱՐԴԻ─ (Կարկամած) Ապա՞... ՔԻՄ─ Ապա հատակի վրա… Բազմոցի… ՀԱՐԴԻ─ Ապա՞... ՔԻՄ─ (Վերև ցույց տալով) Այնտեղ` առաստաղի… ՀԱՐԴԻ─ (Այլևս չկարողանալով իրեն զսպել` սկսում է քայլել): Ի՛նչ ես ասում… ՔԻՄ─ (Ժպտալով) Իսկ դու, Քեթրին, հիշո՞ւմ ես, որ մի անգամ էլ… ՀԱՐԴԻ─ (Անհամբերությունից) Ի՞նչ.. ՔԻՄ─ (Քեթրինին) Մեզ հետ նաև քեզ… ՔԵԹՐԻՆ─ Օ՛, միսիս… ՀԱՐԴԻ─ Ի՞նչ… Ի՞նչ… ՔԵԹՐԻՆ─ Եվ միստրն այդ օրը հազիվ փրկվեց կաթվածից: (Հարդին կատաղությամբ վերցնում է հեռախոսը և համար հավաքում): ՀԱՐԴԻ─ Ալո… Սթիվ, հենց նրանք զանգեն, միացրու ինձ հետ… Լսո՞ւմ ես… Անմիջապե´ս: Ասա, որ համաձայն եմ վճարելու գումարը: Իբր թե ավտոմեքենա վարելով` ներս է մտնում Տիտոն և մոտենում Քիմին: ՏԻՏՈ─ Մայրիկ, ինչի՞ց է, որ ուրիշները մի հայրիկ էլ չունեն, իսկ ես երկուսն ունեմ: ՔԻՄ─ Այդպես երբեմն լինում է, տղաս: Նույնիսկ լինում է, որ նախ ունենում են երկուսը, իսկ հետո` ոչ մեկը… (Տիտոն մոտենում է Հարդիին): ՏԻՏՈ─ Հայրիկ, եթե ես ծնվել եմ երկու հայրիկից, ուրեմն դու էլ ծնվել ես երկու մայրիկի՞ց… ՀԱՐԴԻ─ Չէ´, տղաս, երկու բիճ ծնելու համար մի մայրիկն էլ հերիք է… Նոր պատկեր: Ջեքսոն, Մայքլ և Մարկ: ՋԵՔՍՈՆ─ Լավ: Խոստովանում եմ: Ես Ջեկ Հարդին եմ: ՄԱՐԿ─ Վերջապե՛ս, Հարդի´: Իսկ դու մեզ ուզում էիր դնել ապուշի տեղ: ՄԱՅՔԼ─ (Անմիջապես զանգահարում է): Խոստովանեց, միստր: Մեր ձեռքում իսկապես Ջեկ Հարդին է: ԽՈՍԱԿԻՑ─ Իսկ գումա՞րը: ՄԱՅՔԼ─ Այդ մասին դեռ չենք խոսել: ԽՈՍԱԿԻՑ─ Տխմա´ր… Նախ պետք էր այդ մասին խոսել: ՄԱՅՔԼ─ Արդեն սկսում ենք, սըր: ԽՈՍԱԿԻՑ─ Արագացրեք, Մայքլ, արագացրեք: (Հեռախոսն անջատում է): ՄԱՐԿ─ Դե ինչ, Հարդի: Ընդամենը հիսուն միլիոն: ՋԵՔՍՈՆ─ (Գրպաններն ստուգելով) Բայց ինձ մոտ այդքան չկա: ՄԱՐԿ─ Հարդի´, մենք ուզում ենք, որ ամեն բան լինի խաղաղ, բարեկամաբար… (Նրան հեռախոս տալով) Չէ՞ որ քո ընդամենը մի զանգն արժի հիսուն միլիոն: ՋԵՔՍՈՆ─ Մի՞թե: ՄԱՅՔԼ─ Այո´, այո´: Բավական է, որ դու ընդամենը զանգես: ՋԵՔՍՈՆ─ Իսկ ո՞ւր զանգեմ, որ իմ ձայնը գնահատեն այդքան թանկ: ՄԱՐԿ─ Հերի´ք է բութ ձևանաս, Հարդի´: ՄԱՅՔԼ─ Այդ դեպքում կզանգեմ ես: (Զանգում է): Սթի՞վ: ՍԹԻՎ─ Այո´, սըր: ՄԱՅՔԼ─ Իզուր են Ձեր խաղերը. նա խոստովանեց: ՍԹԻՎ─ Խոստովանե՞ց… ՄԱՅՔԼ─ Այո´: Մեր ձեռքում Հարդին է: Իսկական Հարդին: ՍԹԻՎ─ (Զարմացած) Մի՞թե: ՄԱՅՔԼ─ Եվ նա արժի հիսուն միլիոն: ՍԹԻՎ─ Սըր, ձեզ հետ այդ մասին ուզում է խոսել անձամբ ինքը` Ջեկ Հարդին: |
ՄԱՅՔԼ─ Ի՞նչ… ՍԹԻՎ─ Այո: Ես հիմա կմիացնեմ: (Մի պահ տիրում է լռություն, ապա լսվում է Հարդիի ձայնը): ՀԱՐԴԻ─ Ալո… Խոսում է Հարդին… ՄԱՅՔԼ─ (Ապշած) Լսում եմ, միստր: ՍԹԻՎ─ Ես համաձայն եմ վճարել գումարը: ՄԱՅՔԼ─ Այդ դեպքում մենք անմիջապես ազատ կարձակենք միստր… միստր… Հարդիին: ՀԱՐԴԻ─ Մի պայմանով միայն: ՄԱՅՔԼ─ Լսում եմ: ՀԱՐԴԻ─ Որ մինչև առավոտ նա այլևս չլինի: ՄԱՅՔԼ─ (Զարմացած) Չլինի՞: ՀԱՐԴԻ─ Պարզ չե՞մ ասում, սըր: ՋԵՔՍՈՆ─ Ինչպե՞ս թե` չլինի: Դու ո՞ւմ հետ ես խոսում: Տո´ւր ինձ հեռախոսը: (Հեռախոսը վերցնում է): Ո՞ւմ հետ պատիվ ունեմ, միստր… ՀԱՐԴԻ─ Խոսում է Հարդին, ապո´ւշ: ՋԵՔՍՈՆ─ Ջեկ Հարդին, այնպես չէ՞: (Լսվում է Մարկի հեռախոսի ձայնը, և մի պահ զուգահեռ խոսում է նաև նա): ՄԱՐԿ─ Գործում դարձյալ ի հայտ եկան անսպասելի հանգամանքներ, սըր: Մեր ձեռքում է հիմա երկու Հարդի: ԽՈՍԱԿԻՑ─ Իսկ գումա՞րը: ՄԱՐԿ─ Նրանք իրար հետ հիմա այդ մասին են խոսում… ՀԱՐԴԻ─ Ես տալիս եմ, այո´, հիսուն միլիոն: ՋԵՔՍՈՆ─ (Մայքլին և Մարկին) Փչում է: Ձեզ փորձում է գցել ծուղակը: Իրականում իսկական Հարդին ո´չ ես եմ, ո´չ նա: Իսկական Հարդին թռել է Անգլիա… ՄԱՐԿ─ Ի՛նչ… ՋԵՔՍՈՆ─ (Կրկին` հեռախոսով) Լսո՞ւմ ես, Հար… Հար… Մի խոսքով` եթե դու Հարդին ես, իսկ ո՞վ է Անգլիայում: ՀԱՐԴԻ─ Ես քեզ հետ այդ մասին դեռ կխոսեմ, Ջոնի, հանճարեղ սրիկա… (Հեռախոսն անջատում է): ՋԵՔՍՈՆ─ Ահա´, լսեցի՞ք, որ ես Ջոնին եմ, Ջոնի Ջեքսոնը: Իսկ դուք զանգահարեք ընկերություն, խնդրեմ, հարցրեք, թե որտեղ է Ջեկ Հարդին: ՄԱՅՔԼ─ (Զանգահարում է): Ես ուզում եմ խոսել միստր Ջեկ Հարդիի հետ, միսիս: ԽՈՍԱԿԻՑ─ Ջեկ Հարդին, միստր, մեկնել է Անգլիա: ՋԵՔՍՈՆ─ Ահա´, ասում էի, չէ՞: (Լսվում է Մարկի հեռախոսի ձայնը): ՄԱՐԿ─ Ալո, միստր: ԽՈՍԱԿԻՑ─ Ինչո՞ւ անջատեցիր հեռախոսը: Ի՞նչ որոշեցին ձեր հարդիները: ՄԱՐԿ─ Գործը կրկին ունեցավ անակնկալ շրջադարձ, սըր… Պարզվեց, որ իսկական Հարդին մեկնել է Անգլիա… Նոր պատկեր: Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Էմման, Հարդիի սեղանին փաստաթղթեր դնելով, ուզում է դուրս գալ և այդ պահին բարկացած ներս է մտնում Հարդին: ԷՄՄԱ─ (Անակնկալի գալով) Ա՛… ՀԱՐԴԻ─ (Խոսքը հեռակա կարգով ուղղելով Ջեքսոնին) Ապո´ւշ… Ես հիմա քեզ ցույց կտամ Հարդի: ԷՄՄԱ─ Միստր… Դուք ո՞վ եք: Միստր… ՀԱՐԴԻ─ Ինչպե՞ս թե` ով եմ… Չե՞ս տեսնում, որ ես Հարդին եմ: Ջեկ Հարդին: ԷՄՄԱ─ (Ձեռքը աչքերի առաջ շարժում է այնպես, կարծես ուզում է պատրանքը ցրել): Ջեկ Հարդին, միստր, մեկնել է Անգլիա… (Հետին դռնից այնպես, ինչպես Հարդին, ներս է մտնում Ջեքսոնը): ՋԵՔՍՈՆ─ (Էմմայի և Հարդիի կողմը չնայելով) Հիմա´ր… Ես քեզ ցույց կտամ, թե ինչ է նշանակում ներկայանալ որպես Հարդի… ԷՄՄԱ─ (Գրեթե ճչալով) Ա՛… (Կրկին պատրանքը ցրելու շարժում է անում: Ջեքսոնը, իբր զարմացած, այնպես է նայում Հարդիին, կարծես առաջին անգամ է տեսնում): ՋԵՔՍՈՆ─ Դու ո՞վ ես, միստր: ՀԱՐԴԻ─ Վե´րջ, Ջոնի, խաղը ավարտվեց: ՋԵՔՍՈՆ─ Ջոնի՞… Ես Հարդին եմ: Ջեկ Հարդին… ԷՄՄԱ─ (Մեքենաբար նույնը կրկնում է): Ջեկ Հարդին, միստր, մեկնել է Անգլիա… (Ներս է գալիս Սառան: Ձայնը լսվում է դեռևս դռան հետևից): ՍԱՌԱ─ Էմմա´… Էմմա´… (Նկատում է Ջեքսոնին ու Հարդիին և զարմանքից ճչում): Ա՛… (Հարդիին) Դուք ուրեմն վերադարձե՞լ եք, միստր Հարդի… (Ջեքսոնին) Եվ Դո՞ւք եք վերադարձել… միստր… նույնպես… Հարդի… ՀԱՐԴԻ─ Վե´րջ տուր կատակիդ, Ջոնի´: Խոստովանիր, որ դու Ջեքսոնն ես: ՋԵՔՍՈՆ─ Դա լինելիք բան չէ, որովհետև ես դեռ երեկ եմ խոստովանել, որ Հարդին եմ: Եթե այսպես գնա, ստիպված կլինեմ խոստովանելու, որ միաժամանակ նաև Հռոմի պապն եմ: (Բաց դռնից լսվում է Մարիի ձայնը): ՄԱՐԻ─ Աու՛… Փիսի՛կս… (Ներս մտնելով` ճչում է): Ա՛… (Հարդիին, ապշած մարդու տոնայնությամբ) Շլդի´կս… (Ջեքսոնին) Վագրի´կս… (Լսվում է հեռախոսազանգ, Էմման վերցնում է լսափողը): ԷՄՄԱ─ Ալո… Այո´… Այո´, միսիս… Ի՛նչ-ի՛նչ… Ջեկ Հարդի՞ն… Օ՛, Տեր Աստված… (Լսափողը դնում է: Բոլորը լարված նայում են նրան): Ջեկ Հարդին քիչ առաջ իր ողջ ունեցվածքն ու խնայողությունը նվիրել է ինչ-որ Ջեքսոնի ու եղել ինքնասպան… ԲՈԼՈՐԸ` ՄԻԱՍԻՆ─ Ա՛… |
ՋԵՔՍՈՆ─ (Անմիջապես) Խոստովանում եմ, ես Ջեքսոնն եմ… (Հարդին զայրույթից ու շփոթմունքից չի իմանում ինչ անել): ՀԱՐԴԻ─ Ասում է` ես Ջեքսոնն եմ: Իսկ ո՞վ եմ այդ դեպքում ես: ՋԵՔՍՈՆ─ Ջեկ Հարդին, միստր: Դու Ջեկ Հարդին ես: ՀԱՐԴԻ─ Դու, ի՞նչ է, չլսեցիր, որ Ջեկ Հարդին մեկնել է Անգլիա… ՄԱՐԻ─ Ու եղել ինքնասպան: ՋԵՔՍՈՆ─ Իսկապե՛ս… Ո՞վ ես այդ դեպքում դու: ՍԱՌԱ─ Ես հասկացա: (Բոլորը նայում են նրան): Այս միստրը պարզապես Հարդիի ուրվականն է… ՀԱՐԴԻ─ Դե ո´չ: (Իրենից անկախ) Ես հենց Հարդին եմ… ՋԵՔՍՈՆ─ Ի՞նչ… Բռնվեցի՞ր, Հարդի´: ԷՄՄԱ─ (Դեռևս ուշքի չգալով) Հարդին մեկնել է Անգլիա… ՄԱՐԻ─ Եվ ինքնասպան եղել… ՋԵՔՍՈՆ─ Այդ դեպքում ո՞վ է այս միստրը: ՍԱՌԱ─ (Նույն ձևով) Ես կարծես կռահում եմ: Այս միստրը պարզապես (ցույց է տալիս Ջեքսոնին) այս միստրի նմանակն է: ՋԵՔՍՈՆ─ Ի՞մ նմանակը… (Իրենից անկախ) Բայց մինչև հիմա ասում էին, թե ես եմ նրա նման… նման… ՀԱՐԴԻ─ Ա՛… Բռնվեցի՞ր: ՄԱՐԻ─ Այս ի՞նչ շիլաշփոթ է, Աստված իմ: (Հեռախոսը կրկին զանգում է: Էմման վերցնում է լսափողը): ԷՄՄԱ─ Այո… Այո… Ի՞նչ… Սխալմո՞ւնք է… Դա եղել է ուրի՞շ Հարդի… (Լսափողը դնում է): Պարզվում է, որ եղել է նաև չորրորդը… ՋԵՔՍՈՆ─ Գրողը տանի, այս քանի՞ նմանակ եմ ունեցել ես: Ներս են մտնում Քիմ Հարդին և Քեթրինը: ՔԻՄ─ (Մոտենալով Ջեքսոնին) Դու արդեն վերադարձե՞լ ես, Ջեկ: Հաջո՞ղ էր վայրէջքը: ՀԱՐԴԻ─ (Էմմայի նման պատրանքը ցրելու շարժում է անում): Քի՞մ… Այս ի՞նչ է կատարվում… Ջեկը ես եմ: ՔԵԹՐԻՆ─ Դո՞ւ… Դե ո´չ, դու Ջոնին ես: ՔԻՄ─ Պարզապես նա այնքա՛ն է քեզ նման, որ շփոթում ես… (Հարդին կրկին ցնորվածի պես պատրանքը ցրելու շարժում է անում): ՔԵԹՐԻՆ─ Դու Ջոնին ես, իսկ նա` քո եղբայր Ջեկը: Դու Ջեքսոնն ես, իսկ նա` Հարդին, բանկերի ընկերության նախագահը: ԷՄՄԱ─ Աստվա՛ծ իմ, այս որքա՛ն նման են: ՔԻՄ─ Դե իհարկե պիտի լինեն նման: Չէ՞ որ զույգ են: ՄԱՐԻ─ Ուրեմն ծնվել են նույն մորի՞ց: ՔԵԹՐԻՆ─ Ոչ միայն նույն մորից, այլև նույն օրը, միասին: Մեկը` Վաշինգտոնում, մեկը` Նյու Յորքում… Դա այնքա՛ն հետաքրքիր պատմություն է: ՔԻՄ─ Երբ Ջեկի մայրը նստում է ինքնաթիռ, հենց երկնքում` ինքնաթիռի մեջ, սկսվում են ցավերը… ՀԱՐԴԻ─ Վերջացրե՛ք… ՍԱՌԱ─ (Հարդիին) Միստր Ջեքսոն, Ձեզ վա՞տ եք զգում: ԷՄՄԱ─ Ձեզ բա՞ն պատահեց… ՀԱՐԴԻ─ Ես Հարդին եմ… ՄԱՐԻ─ (Հարդիին նայելով) Ա՛… ՔԻՄ─ Ի՞նչ… ՄԱՐԻ─ Այո, պատահեց… (Կեղծ խորհրդավորությամբ) Միստր Ջեքսոնը խելագարվե՛ց… ՀԱՐԴԻ─ Ի՞նչ… ՔԵԹՐԻՆ─ Ոչինչ, միստր Ջեքսոն, ոչինչ, այդպես լինում է: Դա բուժելի է: Հիմա բժիշկ կկանչենք… (Ջեքսոնը զանգում է): ՋԵՔՍՈՆ─ Խոսում է Հարդին: Բանկերի ընկերության նախագահ Ջեկ Հարդին: ՀԱՐԴԻ─ Վերջացրե՛ք… ՋԵՔՍՈՆ─ Մենք հիվանդ ունենք, միստր: Հարկավոր է տեղափոխել Ձեզ մոտ` հոգեբուժարան… Խիստ տարօրինակ… Նա կարծում է, թե ինքը ես եմ… Ուզում է, որ իրենից Հարդի սարքենք… Սպասում ենք, միստր… ՔԻՄ─ Ի՞նչ… Ուրեմն քեզ տանելո՞ւ են, Ջոնի: ՄԱՐԻ─ Ո՛չ… Եթե նրան տանեն, ես… Կխելագարվեմ: Ախր ես արդեն այնպե՛ս էի սովոր ունենալ երկու Հարդի… ԲՈԼՈՐԸ` ՄԻԱՍԻՆ─ Ի՞նչ… ՔԵԹՐԻՆ─ Ուրեմն դու… իմացե՞լ ես այդ մասին: ՀԱՐԴԻ─ Դադարեցրե՛ք… ՄԱՐԻ─ (Հանցանքում բռնվածի մեղավորությամբ) Դե… Այն օրը, երբ Սառան ասաց, որ Հարդին այստեղ իր հետ… ՔԻՄ─ Ուրեմն` նաև Սառա՞ն… |
ՍԱՌԱ─ Գիտե՞ք, ես չէի ուզում ինքս բացել գաղտնիքը… Իսկ միստր Ջեքսոնն այնպես հաճելի… ԷՄՄԱ─ Ի՛նչ… Ուրեմն Ջեքսոնը ոչ միան ինձ… (Բոլորը նայում են Էմմային, որը շփոթվում է): Դե… Երբ իմացա, որ Քեթրինը… Նա… տանը… ՄԱՐԻ─ (Քեթրինին նայելով) Քեթրի՞ն… ՔԵԹՐԻՆ─ Ես… Միսիս Հարդին… միասին… նույն օրը: Իսկ նա` Ջեքսոնը, այնպե՛ս տարբերվում էր հարդիից.. ՋԵՔՍՈՆ─ Ի՞նչ… Ուրեմն դուք բոլորդ… (Նույնպես ցնորվածի պես) Ա՛… (Կրկին զանգում է): Միստր… Շտապեք, միստր: Այստեղ ամեն վայրկյան մեկը կարող է խելագարվել… Ինչպես միշտ, ավտոմատը ձեռքին ներս է մտնում Տիտոն ու միանգամից բղավում: ՏԻՏՈ─ Ձեռքներդ վե´ր… Տիրում է լռություն: Բոլորը ձեռքները դանդաղ բարձրացնում են… 14.04-04.05.2013 |