Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ Ե Ր Ջ Ի Ց ԿԵՍ ՔԱՅԼ Ա Ռ Ա Ջ




Գուրգեն Միքայելյան

Վերջից կես քայլ առաջ

Դրամա երկու գործողությամբ










ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ


ԵՐԿՈՒ ՏՂԱՄԱՐԴ

ՍԱՏԱՆԱ

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ

ՏԱՐԵՑ ԿԻՆ

ԲԺԻՇԿ ԵՎ ԲՈՒԺՔՈՒՅՐ

65-70 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ

ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ

ԳՅՈՒՂԱՑԻ

ԿԻՆ ԼՐԱԳՐՈՂ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐ

ՊԱՇՏՈՆՅԱ

ՄԵԿ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՅԱ

ԵՐԱԺԻՇՏ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՏՂԱՄԱՐԴ

Հ Ո Գ Ե Ժ Ա Ն Տ Ա Խ Տ Ո Վ «Հ Ի Վ Ա Ն Դ» Մ Ա Ր Դ

ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ

ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ

ՍԱՓՐԱԳԼՈՒԽ ԹԻԿՆԱՊԱՀ


ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ


Ներկայացումը դեռ չսկսված՝ սատանան արդեն բեմի վրա է: Քայլում է այս ու այն կողմ, սատանայություններ անում: Հանդիսատեսներին ծաղրելով՝ դահլիճի լույսերը մի քանի անգամ հանգցնում է՝ նրանց թողնելով խավարում: Մթության մեջ լսվում է նրա քրքիջը...

Երրորդ զանգը հնչելուն պես գալիս է դեպի բեմեզր և դիմում հանդիսատեսներին:


ՍԱՏԱՆԱ– Դե, ես գնացի: (Մի քանի քայլ գնալուց հետո կանգնում է): Բայց մենք դեռ... կհանդիպենք: (Հեռանում է):


Քիչ անց դահլիճի լույսերն աստիճանաբար մարում են: Որոշ ժամանակ տիրում է խավար: Բեմից հնչում է ինչ-որ մեկի ձայնը:


ՁԱՅՆ– Խավարը անվերջ անիծելու փոխարեն՝ թող ամեն մեկը այդ խավարում վառի իր բաժին մոմը: (Բեմը լուսավորվում է այնքան, որ առարկաները թեթևակի նշմարվում են: Մի տղամարդ փորձում է մոմ վառել: Կրակվառիչը ճթթացնում է... Չի վառում: Փորձում է երկրորդ անգամ: Ապարդյուն: Հինգ-վեցերորդ փորձից հետո հաջողվում է: Ձեռքը մոտեցնում է մոմին, բայց հանկարծ ինչ-որ մեկը փչում, կրակվառիչը հանգցնում է):

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– (Խիստ ձայնով) Մի՛ վառիր:

ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ– (Կրակվառիչը դարձյալ ապարդյուն ճթթացնելով) Ինչո՞ւ:

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– «Մի՛ վառիր»,- ասում եմ:

ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ– Ո՛չ, ես վառելո՛ւ եմ իմ մոմը: (Վառում է: Երկրորդ տղամարդը փչում, հանգցնում է):

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Չե՞ս հասկանում: Ասում եմ՝ մի՛ վառիր:

ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ– Ո՛չ: Պիտի վառե՛մ: (Նորից է վառում: Երկրորդ տղամարդը նորից է հանգցնում):

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Չե՛մ թողնի: Ասում եմ՝ մի՛ վառիր:

ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ– Պիտի վառե՛մ: (Կրակվառիչը վառում է և մոտեցնում մոմին, բայց երկրորդ տղամարդը ձեռքը բռնում է):

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Չե՛մ թողնի: Տեղովդ կրակ էլ դառնաս, մեկ է, չե՛ս վառի: (Սկսվում է հրմշտոց: Առաջին տղամարդը փորձում է վառել, երկրորդը չի թողնում):

ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ– Հեռո՛ւ կաց: Ես վառելու եմ իմ մոմը...

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Չե՛ս վառելու...

ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ– Վառելո՛ւ եմ:

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Չե՛ս վառելու...


Հրմշտոցը փոխվում է կռվի: Ընկնում են հատակին և, իրար փաթաթված գլորվելով, բեմից դուրս գալիս: Լույսերը վառվում են: Բեմի մյուս կողմից լսվում են ձայներ: Զգացվում է, որ, ինչ-որ մեկի հետևից ընկած, հալածում են: Ժխորի միջից լսվում է.

- Սրիկա՛:

- Գո՛ղ:

- Խառնակի՛չ:


Խուճապահար վազելով՝ գալիս է մի տղամարդ: Տարբեր իրերով նրան խփում են:


- Ա՛ռ քեզ:

- Ա՛ռ քեզ:

- Ա՛ռ, հրեշտա՛կ...


Հնչում է ժխորին համահունչ երաժշտություն: Տղամարդը նստում է գետնին: Վախեցած է: Կարծես լինի մղձավանջային երազում: Գլխապտույտ է զգում: Դեմքն արյունոտ է: Շուրջն ամեն ինչ պտտվում է... Մի կին մոտենում է նրան: Հարցեր է տալիս, իրար հետ խոսում են, բայց նրանց ձայները չեն լսվում: Կինը ձեռքի հեռախոսով զանգում է: Լսվում է միայն մի քանի բառ. «Ալո, շտապօգնությո՞ւնն է...»: Երաժշտությունը դադարում է: Տիրում է լռություն:


ԿԻՆ– Ի՞նչ է եղել: Քեզ ծեծե՞լ են:

ՏՂԱՄԱՐԴ– (Անմիջապես զգացվում է, որ ցնորվել է): Ի՞նձ... Հա՛: Ինձ, ուրեմն, այսպես… Այսպես բռնել... Ասում էին... Ասում էին՝ մենք քեզ... «Գիտե՞ս՝ ի՞նչ կանենք»,- ասում էին... (Նայում է բեմի ձախ կողմը): Ա՛յ, ա՛յ նրանք էին: Գալիս են, էլի գալիս են... (Ուզում է վեր կենա, որ փախչի, բայց չի կարողանում. ընկնում է):

ԿԻՆ– Չեն գալիս: Մի՛ վախեցիր:

ՏՂԱՄԱՐԴ– Ուրեմն, ինձ բռնել, ոտքիցս կախել... Ասում էին... Ասում էին. «Հիմա ո՞նց ես, Աստծո հրեշտակ»:

ԿԻՆ– Էս թաշկինակը դիր ճակատիդ, արյուն չգա:

ՏՂԱՄԱՐԴ– Ուրեմն, արյունը քթիցս գալիս էր, իսկ իրենք, իրենք ասում էին. «Ո՞նց ես, հիմա ո՞նց ես, Աստծո հրեշտակ»:

(Լսվում է շտապօգնության ավտոմեքենայի ձայն: Գալիս են բժիշկն ու բուժքույրը: Տղամարդը, նրանց տեսնելով, ուզում է փախչել, բայց նորից ընկնում է): Չե՛մ գա, չե՛մ գա: Հեռո՜ւ գնացեք: (Բժիշկը նրան ընկած տեղում ամուր պահում է, որ չբարձրանա: Բուժքույրը սրսկում է: Տղամարդուն տանում են դեպի շտապօգնության ավտոմեքենան):

Մի՛ տարեք: Չե՛մ ուզում. մի՛ տարեք...


Նրանց նայելով` գալիս է 65-70 տարեկան մի աղքատ, խեղճ մարդ: Պայուսակը դնում է գետնին ու նստում: Գրպանից հանում է ծխախոտը և վառում: Գլուխն առնում է ափերի մեջ... Գալիս է սատանան:


ՍԱՏԱՆԱ– Բոլորի կաշին քերթելո՛ւ եմ, քերթելո՛ւ: Շան օրն եմ գցելու: Դժոխքի դուռն եմ տանելու: (Ցույց է տալիս նստած մարդուն): Ահա՛, հրես մեկը: (Մոտենում է: Վերջինս գլուխը բարձրացնում, նայում է սատանային):

ՏՂԱՄԱՐԴ– Հը՞, ի՞նչ ես ուզում:

ՍԱՏԱՆԱ– Լավ ասիր:

ՏՂԱՄԱՐԴ– Ի՞նչ ասի որ:

ՍԱՏԱՆԱ– Ասիր՝ ուզում:

ՏՂԱՄԱՐԴ– Պարզ չէ՞. տալու համար չեն մոտենում:

ՍԱՏԱՆԱ– Խելոք մարդ ես: Վա՜յ քեզ, խելա՛ռ:

ՏՂԱՄԱՐԴ– Ինչո՞ւ:

ՍԱՏԱՆԱ– Խելոքներին ո՞վ է սիրում... Թե իմանաս` գլխիդ ինչ է շուտով գալու...

ՏՂԱՄԱՐԴ– Է՛, ի՞նչ կանեմ:

ՍԱՏԱՆԱ– Մոտիկ կամուրջ որտե՞ղ կա: Գիտե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ– Չկա՛:

ՍԱՏԱՆԱ– Իսկ պարա՞ն:

ՏՂԱՄԱՐԴ– Ինչի՞դ է պետք:

ՍԱՏԱՆԱ– Ի՛նձ չէ պետք, խելո՛ք: Պարան քե՛զ է պետք:

ՏՂԱՄԱՐԴ– Է՜, սատանա: Քեզ նման դևեր այնքան եմ տեսե՜լ...

ՍԱՏԱՆԱ– (Չարանալով) Չէ՛, ինձ նմանին հաստատ չե՛ս տեսել: Ես քեզ թշվառության կհասցնեմ: Քո տնից դատարկ չորս պատ կթողնեմ: Օրվա մեծ մասը կլինես քաղցած: Քո գրպանի մեջ ողջ ամսում միայն մի քանի օր դու կգտնես դրամ և այն էլ, այն էլ՝ մի չնչին գումար:

ՏՂԱՄԱՐԴ– (Կարծես ուրախանում է): Իսկապե՞ս:

ՍԱՏԱՆԱ– Հա՛: Չկասկածես:

ՏՂԱՄԱՐԴ– Չեմ հավատում:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ: Դու իմ ուժին, կարողությանը չե՞ս հավատում:

ՏՂԱՄԱՐԴ– Դե, ընդհանուր առմամբ, հավատում եմ: Բայց չեմ հավատում, որ ես էլ...

ՍԱՏԱՆԱ– Ի՜նչ...

ՏՂԱՄԱՐԴ– Չեմ հավատում, թե խոսքի տեր կլինես: Ասածդ կանես:

ՍԱՏԱՆԱ– Ո՞նց թե...

ՏՂԱՄԱՐԴ– Արի պայման կապենք:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ պայման: Չլինի՞ դու գիժ ես:

ՏՂԱՄԱՐԴ– Պայման կապենք, որ խոսքիցդ չես հրաժարվի: Իսկ եթե հրաժարվես, պիտի ինձ համար մի ամբողջ տարի անվարձ աշխատես:(Սատանան տարակուսած լռում է): Հը՞, փոշմանեցի՞ր: Ախր գիտեմ, որ կատակում ես:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ կատակ: Ես քեզ...

ՏՂԱՄԱՐԴ– Թե տղամարդ ես, խոսքիդ տեր կանգնիր:

ՍԱՏԱՆԱ– Ուրեմն դու ուզում ես, որ ես ...

ՏՂԱՄԱՐԴ– Արդեն ասել ես:

ՍԱՏԱՆԱ– Հա՛: Ասել եմ: Օրվա կեսը դու...

ՏՂԱՄԱՐԴ– (Ընդհատելով) Թե տղամարդ ես, երդվի՛ր:

ՍԱՏԱՆԱ– Ո՜վ թշվառական: Երդվում եմ անել` ինչ որ ասացի:

ՏՂԱՄԱՐԴ– (Ուրախացած) Ո՜վ իմ բարերար, իմ փրկիչ...

ՍԱՏԱՆԱ– (Ապշած) Դե, դե... Թշվառական: Ծաղրո՞ւմ ես ինձ:

ՏՂԱՄԱՐԴ– Չեմ ծաղրում, ով բարերար: Պարանը, ահա, պայուսակիս մեջ է, բայց դու ինձ փրկեցիր:

ՍԱՏԱՆԱ– Այդ ինչպե՞ս, ծերո՛ւկ:

ՏՂԱՄԱՐԴ– Որովհետև իմ չորս պատը ինձանից արդեն խլել ու ինձ գցել են փողոց: Ես հիմա ողջ օրն եմ քաղցած: Իմ գրպանում փող ողջ ամսվա մեջ ես ունենում եմ մեկ կամ երկու օր. երբ նպաստ են տալիս, որ հարկերս տամ: Իսկ հիմա... Իսկ հիմա արդեն... Խոսքի տեր ես, չէ՞:

ՍԱՏԱՆԱ– (Այլայլված) Դե... (Մեկուսի) Ա՛յ քեզ փորձա՜նք: Դե հիմա արի ու այս ծերուկին պահի:

ՏՂԱՄԱՐԴ– Հը՞... Չլինի՞ դու էլ պիտի մարդու նման խոսքից հետ կանգնես:

ՍԱՏԱՆԱ– (Կակազելով) Դե... Չէ, ես...

ՏՂԱՄԱՐԴ– Ուրեմն, պայմանը պայման է:

ՍԱՏԱՆԱ– Ինչ արած. սատանայի խոսքը խոսք է:

ՏՂԱՄԱՐԴ– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, իմ բարերար, իմ փրկիչ... (Հեռանում է: Սատանան նույնպես գնում է):


Նոր պատկեր: Հիվանդանոց: Զրուցելով գալիս են բժիշկն ու գլխավոր բժիշկը:


ԲԺԻՇԿ– Իրեն համարում է Աստծո հրեշտակ: Ասում է, թե Աստված է ուղարկել, որ արդարություն հաստատի: Միշտ ջղաձիգ վիճակում է:

ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ– Թող բերեն, տեսնենք:


Բուժքրոջ հետ գալիս է խելագարված տղամարդը:


ԽԵԼԱԳԱՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ– Ուրեմն, ինձ բռնել, ոտքիցս կախել, ասում էին... (Գլխավոր բժշկին) Գլխավոր բժիշկը դո՛ւ ես... Անմիջապես իմացա: Ուրեմն ինձ այսպես (ցույց է տալիս, թե ինչպես), այ այսպես բռնել, ասում էին (բղավում է). «Տո, դու ո՞վ ես»,- ասում էին: «Ուզում ես` հրեշտակ չէ, Աստված եղիր...»: Օրինակ (դիմում է բուժքրոջը), իմ փոխարեն՝ դու ի՞նչ կանեիր... Ես գոռում, ասում էի. «Ես արդարությունն եմ: Ինձ Աստված է ուղարկել, որ արդարություն հաստատեմ...»: Իսկ նրանք (նորից է ցույց տալիս) այ այսպես բռնել, ասում էին... (Գլխավոր բժշկին) Դո՛ւ էլ ես սրիկա, դո՛ւ էլ ես խարդախ... Պահակը, էն պահակն ի՞նչ է... Նա էլ է կաշառակեր... Նա էլ է գող: Բա՛ հավաքարարը, բա՛ բուժքույրը: (Դարձյալ` գլխավոր բժշկին) Դո՛ւ, դո՛ւ... Դու էլ ես սրիկա: Բա՛ց թողեք ինձ... Ես ուզում եմ գնալ երկինք... Աստծո մոտ եմ ուզում վերադառնալ: (ԲԺիշկն ու բուժքույրը նրա թևերից բռնում են): Թողե՛ք ինձ... Թողե՛ք ինձ...


Խելագարվածին տանում են: Բեմը ներկայացնում է նախկին տեսարանը:

Երկու ծանր արկղ ձեռքին՝ գալիս է մի գյուղացի: Արկղերը բացում է և սպասում գնորդի: Գալիս է սատանան:


ՍԱՏԱՆԱ– Փասա-փուսադ հավաքիր:

ԳՅՈՒՂԱՑԻ– Դու, ի՞նչ է...

ՍԱՏԱՆԱ– Բա՛: Ես եմ: Չճանաչեցի՞ր:

ԳՅՈՒՂԱՑԻ– Ճանաչեցի:

ՍԱՏԱՆԱ– Մոտդ թույն կա՞:

ԳՅՈՒՂԱՑԻ– Չէ՛: Ինչո՞ւ:

ՍԱՏԱՆԱ– Որովհետև հիմա այնպիսի բան եմ ասելու, որ քեզ շտապ պետք է գալու: (Գյուղացին հարցական նայում է սատանային): Ես քեզ շան օրն եմ գցելու: Այնպես եմ անելու, որ առավոտից իրիկուն աշխատես ընդամենը օրվա հացի համար: Քո բերքի մի մասը կդառնա ցրտի բաժին, մի մասը՝ կարկտի: Մի մասը որդերը կուտեն, իսկ մի մասն էլ կմնա այգում ու կփչանա: Ոռոգման սեզոնին ջուրդ կկտրեմ: Այնպիսի հարկեր վրադ կդնեմ՝ վաստակիդ կեսն էլ չի լինի քոնը:

ԳՅՈՒՂԱՑԻ– (Հանգիստ տոնով) Չես կարող:

ՍԱՏԱՆԱ– (Զարմացած) Ինչպես թե...

ԳՅՈՒՂԱՑԻ– «Չես կարող»,- ասում եմ:

ՍԱՏԱՆԱ– Լսի՛ր, հեր անիծյալ, ես սատանան եմ...

ԳՅՈՒՂԱՑԻ– Սատանա լինես, թե սատանայապետ, մեկ է, չես կարող:

ՍԱՏԱՆԱ– Ուրեմն չես հավատում:

ԳՅՈՒՂԱՑԻ– Չէ՛: Եթե լուրջ ես ասում, արի պայման կապենք:

ՍԱՏԱՆԱ– Պայմա՞ն…

ԳՅՈՒՂԱՑԻ– Հա՛: Տղամարդու պայման:

ՍԱՏԱՆԱ– Մարդու անուն մի՛ տուր:

ԳՅՈՒՂԱՑԻ– Ես ասացի՝ տղա՛-մարդու:

ՍԱՏԱՆԱ– Համաձայն եմ: Կապենք: Հենց որ արեցի, բերքիդ կեսը իմն է:

ԳՅՈՒՂԱՑԻ– Իսկ եթե չանե՞ս:

ՍԱՏԱՆԱ– Քեզ կծառայեմ:

ԳՅՈՒՂԱՑԻ– Տղամարդու խոսք: (Ձեռքը մեկնում է դեպի սատանան):

ՍԱՏԱՆԱ– Հա՛: Տղա՛... սատանայի:

ԳՅՈՒՂԱՑԻ– (Առաջին պայման կապած տղամարդու նման ուրախանում է): Դու... Դու սատանա չես: Դու բարեգործ ես: Դու իմ տեսած միակ մարդասերն ես, միակ փրկիչը: Դու... (Ուրախությունից չի իմանում, թե ուրիշ ինչ ասի):

ՍԱՏԱՆԱ– (Այլայլված) Դե... Դե... Ինչե՞ր ես դուրս տալիս: Ի՞նչ բարեգործ, ի՞նչ փրկիչ:

ԳՅՈՒՂԱՑԻ– Չես փոշմանի, չէ՞: Պայմանը պայման է:

ՍԱՏԱՆԱ– Հա՛: Պայմանը պայման է: Բայց դու ասա, թե ինչո՞ւ ես այդպես ուրախանում:

ԳՅՈՒՂԱՑԻ– Բա ո՞նց չուրախանամ: Ախր ես մինչև հիմա ոչ թե առավոտից իրիկուն, այլ գիշեր ու ցերեկ եմ աշխատում: Աշխատում ու օրվա հաց չեմ ունենում: Իմ բերքի ոչ թե մի մասը, այլ մե՛ծ մասն է դառնում ցրտի ու կարկտի բաժին: Ոռոգման ջուրս միշտ է կտրված, իսկ հարկերի մասին լավ է` չխոսեմ: Բայց դու քո խոսքին տեր ես, չէ՞: Հո չե՞ս խաբի:

ՍԱՏԱՆԱ– (Դարձյալ այլայլվում է այնպես, ինչպես առաջին դեպքում): Դե...

ԳՅՈՒՂԱՑԻ– Դե ի՞նչ... Հը՞...

ՍԱՏԱՆԱ– (Փոքր-ինչ կարկամած) Չէ՛, ես չեմ խաբի:

ԳՅՈՒՂԱՑԻ– (Արկղերը փակելով` պատրաստվում է գնալու): Ես քո խղճին մեռնեմ: Ես քո սրտին մեռնեմ... Իմ բարերար, իմ փրկիչ...


Գյուղացին գնում է: Սատանան մնում է շփոթահար վիճակում: Քիչ անց ինչ-որ տեղից հնչում է հեռուստատեսային լուրերի թողարկման ազդականչ: Լսվում է հաղորդավարի ձայնը.

– Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ: Այսօր՝ մեր ծրագրում.

– Նոր հիվանդություն. ի՞նչ են պարզել բժիշկները:

– Հոգեբուժարան տարված տղամարդն իրեն համարում է արդարության հրեշտակ: Ո՞վ է նա իրականում:

– Սատանա, որը տանուլ է տալիս. արժե՞ արդյոք նրանից վախենալ:

Այս և այլ նորությունների մասին՝ առաջիկա րոպեների ընթացքում:

Եվ այսպես, ի՞նչ են բացահայտել բժիշկները, ի՞նչ հիվանդության մասին է խոսքը: Այս թեմայի շուրջ մենք այժմ կզուրեցենք հոգեբույժ Շահեն Պետրոսյանի հետ:

Պարոն Պետրոսյան, ի՞նչ կասեք: Ի՞նչ հիվանդություն է դա: Իսկապե՞ս վտանգավոր է:

ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ– Նախ ասեմ, որ դա ոչ թե նոր հիվանդություն է, այլ հոգեկան հիվանդության տարատեսակ: Այդ ախտանիշն ունեցող մարդը ամեն ինչ կորցնում է. պաշտոն, հեղինակություն, հարստություն: Հասարակության մեջ դառնում է մերժված ու արհամարհված: Կարելի է ասել, որ դա հոգեկան ժանտախտ է: Նման հիվանդները շարունակ խոսում են արդարության, ազնվության մասին: Ավելի ճիշտ` դրանց բացակայության: Կաշառք ո՛չ տալիս են, ո՛չ` վերցնում: Պետերի առջև չեն խոնարհվում: Այնպես որ, դա իսկապես վտանգավոր հիվանդություն է, և նման հիվանդներից պետք է զգուշանալ: (Հեռուստացույցի ձայնն այլևս չի լսվում):

ՍԱՏԱՆԱ– (Ինքը իրեն) Չէ՛, սրանց հետ պետք է զգույշ լինել. հիմա բոլորը սատանա են դարձել: Լսեցի՞ք: Ասում են. «Արժե՞ արդյոք նրանից վախենալ»: Դե հիմա կտեսնեք: (Իրեն թափ է տալիս): Խելքդ գլուխդ հավաքիր, սատանա, տես՝ ի՛նչ ես անում:


Գալիս է մի տղամարդ: Արտաքինից զգացվում է, որ պաշտոնյա է:


ՊԱՇՏՈՆՅԱ– Բարև, սատանա ախպեր:

ՍԱՏԱՆԱ– (Մեկ անգամ ևս՝ ինքը իրեն) Խե՛լքդ գլուխդ հավաքիր: (Պաշտոնյային) Բարև՛: Դու ո՞վ ես:

ՊԱՇՏՈՆՅԱ– Պետ եմ, սատանա ջան: Մի մե՜ծ հիմնարկի պետ եմ:

ՍԱՏԱՆԱ– Տեսքիցդ իմացա: Ի՞նչ հիմնարկ է: Ի՞նչ ես անում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ հասկանում:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչը չես հասկանում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հարցդ չեմ հասկանում:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ ասի, որ չես հասկանում: Ասում եմ. «Ի՞նչ հիմնարկի պետ ես: Ի՞նչ աշխատանք ես անում»:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ի՞նչ աշխատանք պիտի անեմ: Որպես պետ եմ աշխատում:

ՍԱՏԱՆԱ– Հասկացա՛: Արածդ ի՞նչ է: (Պաշտոնյան տարակուսած նայում է: Սատանան մնում է ապշած): Առավոտը աշխատանքի գնո՞ւմ ես:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛:

ՍԱՏԱՆԱ– Գնում նստում ես աթոռիդ: Հետո՞:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հետո՝ ի՞նչ:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ ես անում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Դե... Ի՞նչ պիտի անեմ: Աշխատում եմ:

ՍԱՏԱՆԱ– Հասկացա: Ի՞նչ աշխատանք ես անում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Պետի աշխատանք եմ անում: Ես պետ եմ:

ՍԱՏԱՆԱ– (Համբերությունն սպառված) Մեղա քեզ, տե՛ր Սադայել... Ասում եմ. «Որպես պետ՝ ի՞նչ ես անում, ի՞նչ գործ»:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ հասկանում:

ՍԱՏԱՆԱ– (Խոր հոգոց է հանում): Ուզածդ ինձանից ի՞նչ է: Ինչո՞ւ ես եկել:

ՊԱՇՏՈՆՅԱ– Քեզ համար գործ եմ բերել:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ գործ:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Չորս կողմը զգուշավորությամբ նայելուց հետո) Մի քանի աշխատող ունեմ, ուզում եմ գլուխներն ուտել, չի հաջողվում:

ՍԱՏԱՆԱ– Ո՞վ են: Ինչացո՞ւ են:

ՊԱՇՏՈՆՅԱ– Մինչև հիմա ոչ ոք չէր հասկանում, թե ինչացու են, բայց արդեն պարզվել է: Նրանցից են. հիվանդ են հոգեկան ժանտախտով:

ՍԱՏԱՆԱ– Այսինքն:

ՊԱՇՏՈՆՅԱ– Կաշառք չեն վերցնում:

ՍԱՏԱՆԱ– Հետո՞:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեն խարդախում:

ՍԱՏԱՆԱ– Ուրի՞շ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Տակ չեն քանդում:

ՍԱՏԱՆԱ– Շարունակիր: Հարցիս մի՛ սպասիր:

ՊԱՇՏՈՆՅԱ– Օրենքով են աշխատում: Լավություն են անում, բարություն են անում, չեն ստում: Եվ ամենազազրելին... Ազնիվ են:

ՍԱՏԱՆԱ– Չի՛ կարող պատահել:

ՊԱՇՏՈՆՅԱ– Քո արև...

ՍԱՏԱՆԱ– (Զարմացած) Օ՜, մարդ արարած, դու իմ արևո՞վ երդվեցիր:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ես միշտ էլ քո արևով եմ երդվում:

ՍԱՏԱՆԱ– Բայց դու չասիր, թե ի՛նչ հիմնարկի պետ ես, անելիքդ ի՛նչ է: (Պաշտոնյան բութ հայացքով նայում է սատանային և ուսերը թոթվում): Որ դու պետ ես, դա հասկանո՞ւմ ես:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Դա քնածս ժամանակ էլ ասես, կհասկանամ:

ՍԱՏԱՆԱ– Ես քեզ պիտի փող տամ: Հասկացա՞ր:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Իսկույն հասկացա:

ՍԱՏԱՆԱ– Դո՛ւ պիտի ինձ փող տաս: Հասկացա՞ր:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ի՞նչը:

ՍԱՏԱՆԱ– Հարցս:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ո՞ր հարցդ:

ՍԱՏԱՆԱ– Լավ: Այսպես ասեմ…

ՊԱՇՏՈՆՅԱ– Իզուր մի՛ չարչարվիր. մեկ է, չեմ հասկանա:

ՍԱՏԱՆԱ– (Ինքը իրեն) Է՛ս ի՞նչ փորձանք է: (Պաշտոնյային) Որ չես հասկանում, բա ո՞նց ես աշխատում: Գործիդ տեղում ի՞նչ ես անում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ի՞նչ պիտի անեմ: Ես մի մե՜ծ հիմնարկի պետ եմ: Որպես պետ եմ աշխատում:

ՍԱՏԱՆԱ– (Գնալով) Ա՛յ մարդ, շառդ ինձնից քաշիր:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Գնում է սատանայի հետևից): Քեզ համար գործ եմ բերել: Մի քանի աշխատող ունեմ, ուզում եմ գլուխներն ուտել... (Շարունակությունը չի լսվում):


Բեմի ձախ կողմից զրուցելով գալիս անցնում են բժիշկն ու բուժքույրը:


ԲՈՒԺՔՈՒՅՐ– Արդեն խայտառակ ենք եղել: Այսպես որ շարունակվի, գործից էլ կազատեն:

ԲԺԻՇԿ– Հա՛: Դժվար բան է:

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Երեկ էլ Վարսիկը եկավ: «Քո գովական ամուսինը այդպես ազնվությամբ ո՞ւր է հասնելու,- ասում է,- Կտեսնե՞ս, մի օր նստեցնելու են»:

ԲԺԻՇԿ– Ճիշտ է ասում: Զգույշ եղեք:


Գնում են: Գալիս է խելագարվածը:


ԽԵԼԱԳԱՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ– Ուրեմն, ինձ բռնել, ոտքիցս կախել, ասում էին... Ասում էին. «Ո՞նց ես, Աստծո հրեշտակ»: (Նրա բանականությունը կարծես վերադառնում է): Բայց դու ինչո՞ւ, Տեր Աստված (նայում է վերև), այսպես դաժանորեն պատժեցիր ինձ: Այստեղ խաչեցին նույնիսկ քո որդուն: Ո՞վ էի ես, որ կարողանայի արդարություն հաստատել: Այդտեղ՝ երկնքում, դուք հավանաբար չգիտեք, թե ինչ է կատարվում այստեղ: Թե ի՛նչ դժոխային կյանք է սպասում նրան, ով ուզում է արդար ապրել, ազնիվ ապրել: (Գալիս է գայլային կերպարանքով մի պաշտոնյա): Ես արդարություն պիտի հաստատեի, օրինակ, այստեղ՝ սրա մոտ:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Խոսում է հեռախոսով): Ազնվությունդ քո ճակատին կխփես: Հասկացա՞ր… Ասում եմ՝ հասկացա՞ր... Դե, ուրեմն, իմացիր, որ եթե չվերցնես, վերցնողի հոդվածով կնստես: Եղա՞վ: Վե՛րջ: Ես իմը ասի: (Խոսափողը շրխկոցով գցում է տեղը և քթի տակ ինչ-որ բան մռթմռթում):

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– (Իր վերջին խոսքերը կրկնում է): Արդարություն պիտի հաստատեի սրա մոտ: Եվ ահա, թե ինչ կատարվեց: (Որպես արդարության հրեշտակ՝ մոտենում է պաշտոնյային): Չե՞ս ամաչում: Այդ ի՞նչ ես անում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Է՛: Դո՞ւ որտեղից հայտնվեցիր: Դո՞ւ ով ես:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Աստծո հրեշտակն եմ: Եկել եմ, որ արդարություն հաստատեմ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ուզում ես՝ Աստված եղիր, գյադայի մեկը: Դու ո՞վ ես, որ այդպես խոսես:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– (Խստությամբ ու զայրույթով) Հենց նոր ասի՝ ո՛վ եմ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ձենդ չբարձրացնե՛ս... (Սեղմում է զանգի կոճակը):

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Ես այստեղ պիտի արդարություն հաստատեմ: Ես քեզ...

ՊԱՇՏՈՆՅԱ– Ձե՛նդ: (Ներս է գալիս մի սափրագլուխ):

ՍԱՓՐԱԳԼՈՒԽ– Ի՞նչ անեմ, շեֆ ջան:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ըստեղ արագ կերպով արդարություն հաստատիր:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Ես քեզ...

ՍԱՓՐԱԳԼՈՒԽ– (Արդարության հրեշտակին) Դուրս արի:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ես չասի՝ խոսիր: Ասի՝ արդարություն հաստատիր: (Սափրագլուխը, արդարության հրեշտակի վզից բռնած, քարշ է տալիս դուրս):

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Ես քեզ... Ես քեզ...


Կիթառ նվագելով ու երգելով՝ գալիս է մի երաժիշտ: Նվագելու ընթացքում պաշտոնյան, որը կիթառահարին «չի տեսնում» և արդեն գործողությունից դուրս է, գնում է: Գալիս է սատանան:


ՍԱՏԱՆԱ– Լավ ես նվագում: Բայց, միևնույնն է, դա քեզ չի փրկի:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Ինչո՞ւ: Ի՞նչ ես անելու:

ՍԱՏԱՆԱ– Քեզ թշվառության դուռն եմ գցելու:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Այսինքն...

ՍԱՏԱՆԱ– Քեզ կտամ, պարոն, ես այն պատիժը, ամենախիստ պատիժը, որը երաժշտին հնարավոր է տալ:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Դու ուշացել ես: Այդ «կոչումը» ես շատ վաղուց ունեմ:

ՍԱՏԱՆԱ– Դու ինձ երևի տեղը չբերիր: Ես սատանան եմ:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Գիտեմ: Բայց, մեկ է…

ՍԱՏԱՆԱ– (Մեկուսի) Թե չլինեին նախորդ դեպքերը, ես անմիջապես պայման կկապեի:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Կուզե՞ս` պայման կապենք: (Սատանան անակնկալի է գալիս): Հը՞: Ի՞նչ ես վարանում:

ՍԱՏԱՆԱ– (Դարձյալ` մեկուսի) Այս ի՞նչ է կատարվում, ո՜վ, տեր Սադայել: Սրանք սատանայից սատանա են դարձել: (Կիթառահարին) Ի՞նչ պայման, ասա՛:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Թե կարողանաս ինձ ավելի խիստ պատժով պատժել...

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Իմը հետո կասեմ: Նախ դո՛ւ քոնը ասա:

ՍԱՏԱՆԱ– Ես… Ես քեզ չեմ թողնի… (մի պահ մտածում է) պաշտոն ստանաս: Չեմ թողնի ոչ մի հյուրախաղի գնաս: Սա` որպես «նախերգ»…

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Հիմա էլ այդպես է: Հիմա էլ չեմ գնում:

ՍԱՏԱՆԱ– Չեմ թողնի, որ քո տաղանդով օրվա հացդ վաստակես: Չեմ թողնի, որ դու քո գործը անես: Օրվա կարիքը քեզ կստիպի, որ ոչ թե այդ սիրուն կիթառը լարես, այլ մկաններդ ու պիրկ ջղերդ: Քեզ կստիպեմ, որ… բանվո՛ր աշխատես:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Այդ պատիժը ես արդեն կրում եմ:

ՍԱՏԱՆԱ– (Զգացվում է, որ սկսում է բարկանալ): Ես քեզ կստիպեմ... Ես քեզ կստիպեմ...

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Ի՞նչ կստիպես:

ՍԱՏԱՆԱ– Կստիպեմ լսել ձեր աստղերի... համերգները: (Էլի քրքջում է): Հը՞, կասես, թե սա էլ քեզ խիստ պատիժ չէ: Ով-ով, բայց ես լավ գիտեմ, թե տաղանդավոր երաժշտի համար դա ինչ աղետ է:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Կասեմ, որ խիստ է: Բայց եկ պայման կապենք: Պիտի խոստանաս, այդ ամենից բացի, այլ պատիժ չտալ և պիտի օգնես, որ ես ազատվեմ այն դաժան պատժից, որը չասացիր:

ՍԱՏԱՆԱ– Չէ՜, իմ սիրելի: Դա դեռ ողջը չէր: Ես քեզ կստիպեմ, որ դու օրն ի բուն ոչ միայն նրանց երգերը լսես, այլև զրույցը: Անվերջ կրկնվող ու չվերջացող հարցազրույցը...

ԿԻԹԱՌԱՀԱՐ– (Վախեցած) Ի՞նչ հարցազրույց:

ՍԱՏԱՆԱ– Դու նրանցից և ոչ մի վայրկյան չես ունենա պրծում: Միացնես հեռուստացույցը՝ նրա՛նք կխոսեն: Միացնես ռադիոն՝ նրա՛նք կխոսեն: Ռեստորան գնաս... Լավ է՝ չգնաս: (Էլի քրքջում է): Իսկ եթե անգամ նրանք չխոսեն, դա էլ փրկություն, մեկ է, չի լինի: Նրանց մասին, գիտցի՛ր, ուրիշները, ուրիշնե՜րը կխոսեն:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Ու վե՞րջ: Պայմանը կապե՞նք:

ՍԱՏԱՆԱ– (Լրջանում է): Պայմա՞նը:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Հա՛: Ինչպես ասացի:

ՍԱՏԱՆԱ– (Դարձյալ` ինքը իրեն) Օ՜, տեր Սադայել, այս ի՜նչ խորամանկ են մարդիկ հիմա դարձել...

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Հը՞, սատանա, ի՛նչ ես վարանում: Թե այլ պատիժ ունես, ես սպասում եմ:

ՍԱՏԱՆԱ– Չէ՛, մարդ արարած: Այլ պատիժ չունեմ: Սա է առավելագույնը, որ ես, որպես արվեստագետի, քեզ կարող եմ տալ:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Ո՜վ, (հեգնանքով) բարեգութ ոգի, հաղթանակը իմն է: (Սատանան մնում է ապշած): Դե, ուրեմն, օգնիր, որ ես ազատվեմ պատժից սոսկալի: Դու չգիտես իրոք, թե արվեստագետի համար ահավոր պատիժը որն է... Ո՜րն է դժոխային այդ արհավիրքը... (Մի պահ լռում է):

Լսե՞լ ես արդյոք անտարբերության մասին երբևէ... Անտարբերության քար լռությունը... Անտեսումն անգութ... Ահա՛ արվեստագետի դաժան պատիժը:


Կրկին տիրում է լռություն: Կիթառահարը նվագելով գնում է: Գնում է նաև սատանան: Բահը ուսին՝ գալիս է գյուղացին: Կանգնում է կանաչ ծառի մոտ:


ԳՅՈՒՂԱՑԻ– (Ծառին նայելով) Էս ծառը ափսոս է: Կչորանա: (Ձեռք է տալիս տերևներին, պտուղներին): Տերևները ուտիչն է ուտում, պտուղները՝ պտղակերը: Պիտի բուժվի, թե չէ չի դիմանա: Էս որդերը ի՞նչ գիտեն, շա՜տ են մտածում, որ ծառը չորացնելուց հետո իրենք էլ կվերանան, կկորչեն... Նրանց ի՜նչ, որ ծառի արյամբ են սնվում: Շա՜տ գիտեն, որ, առանց ծառի, իրենք էլ չեն լինի... Է՜: Սրանք որդ են, չեն հասկանում, բա մե՞նք...


Հնչում է լուրերի թողարկման ծանոթ ազդականչը: Լսվում է լրագրողի ձայնը:


ԼՐԱԳՐՈՂ– Հարգելի՛ հեռուստադիտողներ, այժմ մենք Արտակ Գրիգորյանի բնակարանում ենք: Նա, ինչպես տեղեկացրել ենք, հիվանդացել է մեր ժամանակների համար արտասովոր հիվանդությամբ: Ինչպես տեսնում եք, նրա տան մթնոլորտը տխուր է: Ծնողները հուզված են, երեխաները` տագնապի մեջ: Այժմ դուք անմիջականորեն կլսեք, թե ինչ են մտածում և զգում նրանք:

Ի՞նչ կասես, բալիկ ջան:

ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՅԻ ՁԱՅՆ– Ինձ ասում են, թե իմ պապան անխելք է:

ՏՂԱ ԵՐԵԽԱՅԻ ՁԱՅՆ– Իմ կոշիկը արդեն ծակվել է: Ես կոշիկ չունեմ...


Ինչ-որ տեղից հնչում է բարձր երաժշտություն: Հեռուստացույցի ձայնն այլևս չի լսվում: Գալիս է Արտակը՝ հետևից բազմություն՝ երկու պաշտոնյաները, բժիշկը, բուժքույրը… Արտակը, գլուխը բռնած, նստում է: Նրան հետևողներից ամեն մեկը պախարակող մի խոսք ասում է, բայց երաժշտությունը լսել չի թողնում: Երաժշտության հարվածային գործիքների ձայնը կարծես խփում է նրա գլխին: Լսվում են միայն հատուկենտ բառեր.

– Արդարության սատանա...

– Ճշտախոս հրեշ...

– Մաքրաձեռ հիմար...


Գալիս է արդարության հրեշտակը և փորձում պաշտպանել, բայց նրան ոտնատակ են տալիս: Գալիս է սատանան և ապշահար նայում, թե ինչ է կատարվում: Արտակը, գլուխը բռնած, փախչում է: Ամբոխը գնում է նրա հետևից: Երաժշտությունը դադարում է: Տիրում է լռություն: Քիչ անց լսվում է չերևացող ինչ-որ մեկի ազդու ձայնը:


ՁԱՅՆ– Լսի՛ր, է՛յ... Չքվի՛ր այստեղից: (Սատանան զարմացած շուրջն է նայում՝ փորձելով տեսնել, թե ում է ուղղված խոսքը): Ո՞ւր ես նայում: Քե՛զ եմ ասում:

ՍԱՏԱՆԱ– (Ապշած) Ի՞նձ:

ՁԱՅՆ– Հա՛: Քե՛զ: Ոտքդ այստեղ էլ չերևա:

ՍԱՏԱՆԱ– Ի՛... Այդ ո՜ւմ հետ ես այդպես խոսում: Ես քեզ համար արդարության հրեշտակը չե՛մ... Տեղը չե՞ս բերում: Ես սատանան եմ:

ՁԱՅՆ– Դրա համար էլ հետդ բարի եմ: Տեսնո՞ւմ ես՝ ոտքիցդ չեմ կախում ու կաշիդ չեմ քերթում:

ՍԱՏԱՆԱ– Լսի՛ր, դու ո՞վ...

ՁԱՅՆ– (Ընդհատելով) Ձա՛յնդ:

ՍԱՏԱՆԱ– Զգում եմ, որ դու էլ ինձ պես մի չար ոգի ես:

ՁԱՅՆ– Չհամեմատվես ինձ հետ: Ես մարդ եմ...

ՍԱՏԱՆԱ– (Տարակուսած) Ոչինչ: Միասին կգործենք:

ՁԱՅՆ– Քեզ հե՞տ, բարեգութ աստված:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ:

ՁԱՅՆ– (Վարագույրի հետևից մի ձեռք սատանայի կոկորդը բռնում է): Եկել բարեգո՞րծ ես դարձել, սրիկա՛...

ՍԱՏԱՆԱ– (Խեղդվելով) Ես...

ՁԱՅՆ– Ձա՛յնդ...

ՍԱՏԱՆԱ– Ես...

ՁԱՅՆ– Կխեղդե՛մ, շա՛ն ծնունդ: (Ձեռքը, սատանայի կոկորդից բռնած, թափահարում, վերցնում ու խփում է գետնին): Եթե մեկ էլ խառնվես իմ գործերին, հրեշտակի նման գլխիվայր կկախեմ: (Ձեռքը սատանայի կոկորդը թողնում է: Վերջինս մնում է գետնին նստած՝ չըմբռնելով, թե ինչ կատարվեց: Իրեն թափ է տալիս և կարծես չի հասկանում՝ դա իրողությո՞ւն էր, թե պատրանք):

ՍԱՏԱՆԱ– Այ քեզ բա՜ն... (Գալիս է արդարության հրեշտակին օգնած կինը)

ԿԻՆ– Բարև՛:

ՍԱՏԱՆԱ– (Չկամ տոնով) Բարև՛:

ԿԻՆ– Դու սատանան ես, չէ՞:

ՍԱՏԱՆԱ– Հա՛: Եվ դու էլ, որպես մարդ, ինձանից պիտի փախչեիր: Ինչո՞ւ ես եկել:

ԿԻՆ– Քո օգնությունն եմ հայցում:

ՍԱՏԱՆԱ– (Տեղից վեր կենալով, զարմացած) Ի՞մ... Օգնությո՞ւնը... Լսի՛ր. դուք ինձ ձե՞ռ եք առնում:

ԿԻՆ– Ձեռ չեմ առնում, պարոն ս... (Շփոթվում է): Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես քեզ դիմեմ...

ՍԱՏԱՆԱ– Գրողի՛ տարածներ, ինձ պետք չէ դիմել: Ես սատանա՛ն եմ...

ԿԻՆ– Գիտեմ, որ սատանան ես, դրա համար էլ դիմում եմ: Մարդիկ չեն օգնում:

ՍԱՏԱՆԱ– Մարդիկ չեն օգնում, ուզում ես` ե՞ս օգնեմ: Ես սատանա՛ն եմ... Նրա համար եմ, որ ձեզ թշվառացնեմ, դժոխքի դուռը տանեմ...

ԿԻՆ– Գիտե՜մ: Թող այդպես լինի: Ես գուցե սխալ ասացի: Ուզում եմ, որ ինձ վատություն անես: Թշվառացնես...

ՍԱՏԱՆԱ– Ու կթշվառացնե՛մ:

ԿԻՆ– (Նայում է սատանայի երեսին): Չես խաբի, չէ՞:

ՍԱՏԱՆԱ– (Բարկացած) Լսի՛ր, տիկի՛ն...

ԿԻՆ– Արի պայման կապենք:

ՍԱՏԱՆԱ– Պայմա՞ն... Էլի՞ պայման

ԿԻՆ– Հա՛... Ազնիվ պայման:

ՍԱՏԱՆԱ– (Մեկուսի) Ո՜վ, տեր Սադայել... Ես ինչպե՞ս գլուխ հանեմ այս մարդ-սատանաներից: Ո՜վ է նման բան լսել, տե՛ր իմ... Ի՞նչ դիվային մտքեր են պտտվում այս կնոջ գլխում: Ասում է՝ պայման կապենք: Ես երեք պայման արդեն տանուլ տվեցի...

ԿԻՆ– Հը՞, ի՞նչ կասես: Ես խիստ պայմաններ չեմ դնի: Մի՛ վախեցիր...

ՍԱՏԱՆԱ– (Վեր թռչելով) Ի՜նչ... Լսո՞ւմ եք: Ասում է՝ մի՛ վախեցիր: Այս մարդ արարածը եկել, ինձ՝ սատանայիս, ասում է՝ մի՛ վախեցիր...

ԿԻՆ– Հա՛: Լուրջ եմ ասում: Մի՛ վախեցիր: Արի պայման կապենք...

ՍԱՏԱՆԱ– Այդ բառը մի՛ ասա: Ո՛չ մի պայման: Սատանան մարդկանց հետ պայման չի՛ կապում: Չի՛ կապում...

ԿԻՆ– (Հույսը կորցրած, ընկճված) Լավ... Կներես... Ես երևի սխալվեցի...


Կինը դանդաղ քայլերով գնում է: Սատանան մնում է մտահոգ վիճակում: Կրկին գալիս է բութ պաշտոնյան:


ՍԱՏԱՆԱ– (Նրան տեսնելով) Ինչո՞ւ նորից եկար: Քեզ չասի` էլ չգաս:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ հասկանում:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչը չես հասկանում, հեր անիծյալ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հասկանում եմ:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչը:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ես մի մե՜ծ հիմնարկի պետ եմ...

ՍԱՏԱՆԱ– (Բառերը արտասանում է հատ-հատ): Ասում եմ... ինձ մոտ... ինչո՞ւ ես... եկել:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ուզում եմ քեզ օգնել, սատանա ջան:

ՍԱՏԱՆԱ– Դո՞ւ... Ի՞նձ...

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛... Ինձ մի աչքով մի նայիր: Գիտե՞ս՝ ինչ թիկունք ունեմ...

ՍԱՏԱՆԱ– (Հոգոց հանելով) Ո՜վ, տեր Սադայել...

ՊԱՇՏՈՆՅԱ– Գիտե՞ս՝ իմ հիմնարկում արդարության հրեշտակին ինչ օրն եմ գցում: Մաման լացացնում եմ:

ՍԱՏԱՆԱ– (Մեկուսի) Դու արդեն իմ մաման ես լացացնում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Օձն իր պորտով, ղուշն իր թևով էլ եթե կարողանա իմ հիմնարկ մտնել, էդ հրեշտակը, մեկ է, չի կարողանա... Գիտե՞ս՝ ինչ թիկունք ունեմ:

ՍԱՏԱՆԱ– Լսի՛ր, ախր դու ի՛նչ մարդ ես. սատանան էլ չի ուզում հետդ առնչվել:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ հասկանում:

ՍԱՏԱՆԱ– Ե՛ս էլ: Ե՛ս էլ չեմ հասկանում...

ՊԱՇՏՈՆՅԱ– Ի դեպ, չեմ թողնում, որ իմ սենյակում թեկուզ մի մոմ վառվի:

ՍԱՏԱՆԱ– Ինչո՞ւ: Ինչի՞ց ես վախենում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Վախենում եմ՝ հոգուս թևերը վառվեն: Ախր իմ հոգին թիթեռնիկի պես է. բոցին որ մոտենա, թևերը կխանձվեն...

ՍԱՏԱՆԱ– (Նայում է վերև): Ո՜վ (հեգնանքով), արդարադատ Աստված, եթե մարդիկ իսկապես քո զավակներն են, ո՞նց ես թողնում, որ սրա ձեռքին տառապեն: Բա մե՞ղք չեն սրա աշխատողները: Մեղա քեզ, Սադայել:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Ինչ-որ բան գրելով) Հաջան:

ՍԱՏԱՆԱ– Ասում եմ... (Նկատում է, որ պաշտոնյան գրում է): Գրի-գրի: Ինձ վրա էլ գրի:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հաջան:

ՍԱՏԱՆԱ– Զահրումա՛ր:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ հասկանում... Գիտե՞ս՝ ինչ թիկունք ունեմ: Որ իմանաս՝ քանի գլուխ եմ կերել...

ՍԱՏԱՆԱ– Շառդ ինձանից քաշի:

ՊԱՇՏՈՆՅԱ– Կուզե՞ս՝ գրազ գանք:

ՍԱՏԱՆԱ– Ի՜նչ: Հիմա էլ՝ գրազ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Գրազ գանք: Տեսնենք՝ ով շատ գլուխ կուտի:

ՍԱՏԱՆԱ– Ասում եմ` շառդ ինձանից քաշի: (Գնում է):

ՊԱՇՏՈՆՅԱ– (Սատանայի հետևից գնալով) Գիտե՞ս՝ ինչ թիկունք ունեմ: Ինձ նման մարդիկ էլ եթե չլինեին, աշխարհը վաղուց քանդված կլիներ...


Հետնաբեմից լսվում է արդարության հրեշտակի բղավոցը:


ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Բա՛ց թողեք ինձ... Բա՛ց թողեք... Դուք բոլորդ սրիկանե՛ր եք, սատանանե՛ր եք... (Զսպաշապիկ հագցրած՝ վազելով գալիս է բեմ): Տե՛ր Աստված, դու ինձ ո՞ր մեղքիս համար այսպես պատժեցիր: Ինչո՞ւ ինձ ուղարկեցիր այս երկիր: (Դահլիճին) Կարծում եք՝ այս ամենը սուտ է, չափազանցություն է: (Դիմում է հանդիսատեսներից մեկին): Դո՛ւ, օրինակ, տղա՛ս, հիշիր, որ ազնվության համար քեզ կգովեն ու գլուխդ կշոյեն միայն դպրոցում: Քո ճիշտ խոսքի համար միայն ուսուցիչդ քեզ կդրվատի: Իսկ երբ ավարտես ուսումդ, իմացած եղիր, որ այդ ամենի համար քեզ կքարկոծի նույնիսկ... ուսուցիչդ: Իմացած եղիր, որ քեզ այլևս չեն սիրելու ազնվության համար: Քո բարությունը կհամարվի միայն խեղճություն: Քո ղեկավարին պետք չի լինելու քո արդարությունը, ճշմարիտ խոսքը: Եվ, Աստված չանի, թե լինես նաև սկզբունքային... (Նայում է բեմից դուրս): Է՜յ... Դու ո՞վ ես, մոտ արի: (Գալիս է սատանան): Ով, բարեկա՛մ, այս շապիկը հանիր:

ՍԱՏԱՆԱ– (Բարկանում է): Ի՜նչ բարեկամ: Դուք ինձ իսկապե՞ս ձեռ եք առնում: Մի՞թե չես տեսնում, որ ես սատանան եմ:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Հա՜, հիշեցի: Դու իմ ոխերիմ թշնամին ես: Ճի՞շտ է: Աշխարհի չար, դաժան ոգին:

ՍԱՏԱՆԱ– (Շոյված) Այո՛: Այդ ես եմ: Այստեղ վերջապես ինձ մեկը գնահատեց:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Բայց, միևնույնն է, դու մի թշվառ ու անզորի մեկն ես:

ՍԱՏԱՆԱ– (Նորից բարկացած) Ինչ ասացի՜ր:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Դու միշտ ուզել ես ինձ այսպես կապկպել: Ճի՞շտ է:

ՍԱՏԱՆԱ– Այո՛: Նպատակս հաճախ այդ է եղել:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Ու չես կարողացել: Ճիշտ է, դու հաճախ նաև հաղթել ես, բայց այս օրը ինձ չես գցել երբեք:

ՍԱՏԱՆԱ– Հա՛: Ասենք՝ այդպես է:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Եվ հիմա չե՞ս զգում քո անզորությունը, թշվա՛ռ:

ՍԱՏԱՆԱ– Լսի՛ր: Ասում էին՝ խելքդ գցել ես, չէի հավատում: Մի քե՛զ նայիր, ի՛նձ. տես՝ ո՛վ է թշվառ:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Նայում եմ, տեսնում... Քեզ ո՞վ է այդպես թշվառացրել... Ինչպե՞ս չես զգում, որ իմ վիճակը քո անզորության վկայությունն է...

ՍԱՏԱՆԱ– Ի՜նչ ես դուրս տալիս... (Հանկարծ հասկանում է, թե ինչ է ասում արդարության հրեշտակը և կատաղում է): Օ՜, սրիկանե՛ր: Զազրելի մարդի՛կ...


Արդարության հրեշտակը գնում է: Գալիս է տարօրինակ կերպարանքով մի տղամարդ:


ՏՂԱՄԱՐԴ– (Բարկացած սատանային նայելով, փոքր-ինչ վարանելով) Ես ճիշտ եմ եկել, չէ՞:

ՍԱՏԱՆԱ– Իհարկե՛: Դուք ինչպե՞ս կարող եք սխալվել:

ՏՂԱՄԱՐԴ– Ինձ ասացին, որ դու մեկենաս ես: Ճի՞շտ է:

ՍԱՏԱՆԱ– (Ավելի ընդգծված հեգնանքով) Հա՛, մեկենաս եմ: Գիտությունն եմ հովանավորում: Արվե՛ստը: (Այլ հնչերանգով) Մի՞թե չես տեսնում, որ ես սատանա եմ, պարոն, սատանա՛:

ՏՂԱՄԱՐԴ– Մի՛ բարկացիր, երիտասարդ, մի՛ բարկացիր: Դա վնաս է առողջությանը:

ՍԱՏԱՆԱ– Օ՜, այստեղ նույնիսկ իմ առողջության մասին են մտահոգվում: Իսկ, ամոթ չլինի հարցնելը, ո՞վ ես դու, պարոն:

ՏՂԱՄԱՐԴ– Ե՞ս: Հապա փորձիր կռահել: Դա զարգացնում է տրամաբանությունը:

ՍԱՏԱՆԱ– (Մեկուսի) Մարդիկ այս որքա՜ն բարի են, տեր Սադայել, հիմա էլ խորհուրդներ են տալիս… (Տղամարդուն ուշադիր նայելով) Դե, էլ ո՞վ պիտի լինես: Երևի` բանաստեղծ:

ՏՂԱՄԱՐԴ– Ո՛չ:

ՍԱՏԱՆԱ– Ակումբի պահակ:

ՏՂԱՄԱՐԴ– (Վիրավորված) Ի՞նչ...

ՍԱՏԱՆԱ– (Վախեցած) Փիլիսոփա:

ՏՂԱՄԱՐԴ– Ո՛չ:

ՍԱՏԱՆԱ– Հապա՞:

ՏՂԱՄԱՐԴ– Խելագա՛ր, պարոն: Ես խելագար եմ:

ՍԱՏԱՆԱ– Ա՜... Պարզ է:

ՏՂԱՄԱՐԴ– Ի՞նչն է պարզ:

ՍԱՏԱՆԱ– Որ դու ...

ՏՂԱՄԱՐԴ– Ի՞նչ:

ՍԱՏԱՆԱ– Դե... Որ խելագար ես:

ՏՂԱՄԱՐԴ– (Զայրացած) Ե՞ս: Ե՞ս եմ խելագար:

ՍԱՏԱՆԱ– (Շվարած) Դա դու... դու ասիր:

ՏՂԱՄԱՐԴ– (Հանգստացած) Ա՜խ, ես ասի: Եթե ես ասի, ուրեմն ճիշտ է: Բայց այդ հիմա է, որ խելագար եմ: Իսկ նախկինում... Դու գիտե՞ս՝ ես ինչ էի նախկինում:

ՍԱՏԱՆԱ– (Չիմանալով, թե ինչ ասի) Երևի... բռնցքամարտիկ:

ՏՂԱՄԱՐԴ– Ո՛չ, պարոն, ո՛չ: Դու նորից սխալվեցիր: Նախկինում ես գիտնական էի. մաթեմատիկո՛ս:

ՍԱՏԱՆԱ– Ա՜... Հասկացա: Հավանաբար ուզում ես՝ հովանավորեմ, որ ընդունվես...

ՏՂԱՄԱՐԴ– Ո՞ւր ընդունվեմ:

ՍԱՏԱՆԱ– Դե, ո՞ւր են ընդունվում գիտնականները: Ակադեմիա: Գիտությունների ակադեմիա: Ես քեզ կօգնեմ, անպայման կօգնեմ:

ՏՂԱՄԱՐԴ– (Դարձյալ զայրանում է): Ի՞նչ: Դու ինձ ձե՞ռ ես առնում: Ինձ պիտի օգնեիր նախկինում, երբ գիտնական էի: Իսկ հիմա... Հիմա... Ասացի, չէ՞, ես խելագար եմ:

ՍԱՏԱՆԱ– Հանգստացիր, պարոն, հանգստացիր:

ՏՂԱՄԱՐԴ– Հանգստացի՛ր... Հեշտ է ասել… Իսկ դո՞ւ ինչպես է, որ չես խելագարվում, հը՞: Ինչպե՞ս...

ՍԱՏԱՆԱ– (Չի իմանում, թե ինչ ասի կամ անի): Դե...

ՏՂԱՄԱՐԴ– Իսկ գիտե՞ս, թե ես ինչու խելագարվեցի:

ՍԱՏԱՆԱ– (Կեղծ հետաքրքրությամբ) Չէ: Չգիտեմ...

ՏՂԱՄԱՐԴ– Դրա պատճառը իմ վերջին հաշվարկները եղան: Թվերը:

ՍԱՏԱՆԱ– Ա՜... Պարզ է: Երևի, ընդամենը մի դատարկ զրոն:

ՏՂԱՄԱՐԴ– Ո՛չ, ո՛չ:

ՍԱՏԱՆԱ– Հապա՞:

ՏՂԱՄԱՐԴ– Բաժանման նշանը:

ՍԱՏԱՆԱ– Օ՜:

ՏՂԱՄԱՐԴ– Ի դեպ, այդ հաշվարկները ում ներկայացնում եմ, նա՛ էլ չի դիմանում:

ՍԱՏԱՆԱ– Հավանաբար շատ բարդ հաշվարկներ են. քառակուսի արմատ, տանգենս, կոտանգենս:

ՏՂԱՄԱՐԴ– Ո՜չ, ո՜չ: Դրանք շատ պարզ հաշվարկներ են: Ընդամենը` գումարում, բազմապատկում, բաժանում: (Գրպանից թղթեր է հանում): Հիմա քեզ էլ կներկայացնեմ:

ՍԱՏԱՆԱ– Գուցե մի ուրիշ անգամ: Ես հիմա ժամանակ ...

ՏՂԱՄԱՐԴ– Ո՛չ: Հենց հիմա: Ես սրանց համար հասել եմ այստեղ, իսկ դու... Ժամանակ...

ՍԱՏԱՆԱ– Ախր ես քո թվերից որևէ բան դժվար թե հասկանամ:

ՏՂԱՄԱՐԴ– Կհասկանաս-կհասկանաս: Օրինակ, մի հարց: (Նայում է թղթերին): Քանի՞ պատ է ունենում բնակարանը:

ՍԱՏԱՆԱ– Դե, քանի՞սը պիտի ունենա: Չորս:

ՏՂԱՄԱՐԴ– Ճիշտ է: Չորս: Եթե այդ բնակարանը վերջին հարկում չէ, տանիք հարկավոր չէ: Ճի՞շտ է:

ՍԱՏԱՆԱ– Հարկավ: Ճիշտ է:

ՏՂԱՄԱՐԴ– Եթե, օրինակի համար, երկու սենյականոց է, պատերի երկարությունը մոտավորապես կլինի 6x6: Ճի՞շտ է:

ՍԱՏԱՆԱ– Ճիշտ է:

ՏՂԱՄԱՐԴ– Բարձրությունը՝ երկու մետր և, ասենք, ութսուն սանտիմետր: Այդպես չէ՞:

ՍԱՏԱՆԱ– Այդպես է:

ՏՂԱՄԱՐԴ– Կունենա ընդամենը մեկ առաստաղ:

ՍԱՏԱՆԱ– Այո:

ՏՂԱՄԱՐԴ– Որը կլինի վերևի հարկի հատակը:

ՍԱՏԱՆԱ– Այո:

ՏՂԱՄԱՐԴ– Եվ այդ ընդամենը չորս պատը և մեկ առաստաղը, որը վերևի հարկի հատակն է, Երևանում միջին գներով արժեն 20 000 000 դրամ: Այդպես չէ՞:

ՍԱՏԱՆԱ– (Հոգոց հանելով) Այդպես է:

ՏՂԱՄԱՐԴ– Տեսա՞ր՝ որքան պարզ հաշվարկ է: Իսկ դու ասում էիր՝ չեմ հասկանա:

ՍԱՏԱՆԱ– Ճիշտ ես: Սխալվեցի:

ՏՂԱՄԱՐԴ– Ուրեմն, շարունակենք: Հիմա դու հաշվիր: Արվեստագետը կամ գիտնականը, որն ստանում է ամսական ընդամենը 40-45 հազար դրամ աշխատավարձ, քանի՞ տարի պետք է աշխատի և աշխատավարձից ոչ մի դրամ չծախսի, որ կարողանա գնել այդպիսի ընդամենը չորս պատ և մեկ առաստաղ:

ՍԱՏԱՆԱ– (Գլուխը բռնելով) Օ՜:

ՏՂԱՄԱՐԴ– Ահա հենց այս հաշվարկի ժամանակ էլ ես խելագարվեցի: Պատկերացնո՞ւմ ես. 40-45 տարի: Մարդ ամեն օր գնում է աշխատանքի, վերադառնում: Գնում է, վերադառնում: Այսպես՝ 40-45 տարի: Եվ այդ ամբողջ աշխատանքը գնահատվում է ընդամենը չորս պատ և մեկ առաստաղ, որը միաժամանակ վերևի հարկի հատակն է: Սա գժվելու բան չէ՞, հը՞: Մարդ այդքան տարի եթե օրը մեկ քար էլ քարի վրա դնի, պատկերացրու, թե ինչ կկառուցի... Բայց նրան դրանից հասնում է ընդամենը չորս պատ և մեկ առաստաղ:

ՍԱՏԱՆԱ– Եվ մեկ հատակ:

ՏՂԱՄԱՐԴ– Ի՞նչ:

ՍԱՏԱՆԱ– Եվ մեկ հատակ: Քո հաշվարկը սխալ է:

ՏՂԱՄԱՐԴ– (Մտածում է): Այո՛, և մեկ հատակ, որը միաժամանակ ներքևի հարկի առաստաղն է, եթե բնակարանը առաջին հարկում չէ:

ՍԱՏԱՆԱ– Տեսա՞ր: Սխալ ես հաշվել: Պետք է ճշտել: Չորս պատ, մեկ առաստաղ և մեկ հատակ:

ՏՂԱՄԱՐԴ– (Շփոթված) Այո՛, այո՛: Մի փոքր անճշտություն կա: (Պատրաստվում է, որ գնա): Ես կճշտեմ, պարոն, ճշտված տվյալներ կներկայացնեմ: Միայն թե մինչ այդ դու հանկարծ չխելագարվես:

ՍԱՏԱՆԱ– Անհոգ եղիր, չեմ խելագարվի:

ՏՂԱՄԱՐԴ– Այս թվերը ես Աստծուն կներկայացնեմ: Դա՛տ կպահանջեմ:

ՍԱՏԱՆԱ– (Ցանկանալով նրանից հնարավորին չափ շուտ ազատվել) Այո՛, այո՛, ներկայացրու:

ՏՂԱՄԱՐԴ– Իսկ դու եթե իսկապես մեկենաս ես, ուրեմն մի քիչ էլ մաթեմատիկայով զբաղվիր: Հիշիր, որ ամեն ինչի հիմքում մաթեմատիկան է, այս պարզ հաշվարկներն են:

ՍԱՏԱՆԱ– Կհիշեմ, կհիշեմ:


Տղամարդը գնում է: Սատանան ծանր հոգոց է հանում:

Գալիս են մի երիտասարդ կին լրագրող և օպերատոր:


ԼՐԱԳՐՈՂ– Հարգելի՛ բարեկամներ, ինչպես գիտեք, այս օրերին հասարակության մեջ հաճախ հայտնվում է ինչ-որ սատանա, որի բարության մասին արդեն լեգենդներ են շրջում: (Սատանան ապշած նայում է լրագրողին): Վերջապես մեզ նույնպես հաջովեց նրան հանդիպել, և հիմա ես կփորձեմ զրուցել անձամբ իր հետ: (Մոտենում է սատանային): Պարոն սատանա, ինչպե՞ս եղավ, որ Դուք որոշեցիք զբաղվել բարեգործությամբ:

ՍԱՏԱՆԱ– (Շփոթվում է): Ե՞ս...

ԼՐԱԳՐՈՂ– Հասկանում եմ Ձեր հուզմունքի պատճառը: Այն անշուշտ գալիս է Ձեր համեստությունից:

Ի՞նչ կասեք մարդկանց մասին: Նրանք իսկապե՞ս միամիտ են: Հե՞շտ է նրանց խաբել:

ՍԱՏԱՆԱ– (Վատ բան ասողի տոնայնությամբ) Նրանք...

ԼՐԱԳՐՈՂ– Հասկացա: Ուզում եք ասել, որ նրանք աշխարհի պարզամիտ արարածներն են: Իսկ ի՞նչ կարծիքի եք պաշտոնյաների մասին:

ՍԱՏԱՆԱ– (Նույն տոնով) Իսկական...

ԼՐԱԳՐՈՂ– (Ընդհատելով) Իսկական արդարության հրեշտակնե՞ր են...

Շնորհակալություն, պարոն սատանա, հետաքրքիր հարցազրույցի համար:

Սիրելի հեռուստադիտողներ, ահա և մենք անձամբ լսեցինք սատանայի կարծիքը մարդկանց և մարդկանց կարևոր խավի՝ էլիտայի մասին: Այո՛, նրանք իսկապես արդարության հրեշտակներ են:


Լրագրողը և օպերատորը գնում են: Սատանան մի որոշ ժամանակ մնում է ապշանքից քարացած, բերանը՝ բաց:

Գալիս են բժիշկն ու բուժքույրը:


ԲԺԻՇԿ– Օ՜, պարոն սատանա: Այս ո՞ւր եք կորել: Հազիվ գտանք: (Սատանան բարկությամբ նայում է բժշկին):

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Քեզ պիտի տեստավորենք, պարոն սատանա, պարտադիր պահանջ է:

ՍԱՏԱՆԱ– Դա՞ ինչ զահրումար է: Ի՞նչ տեստավորում: Դուք ընդհանրապե՞ս խելքներդ գցել եք:

ԲԺԻՇԿ– Բոլորի չարության, հնարամտության աստիճանն ենք որոշում:

ՍԱՏԱՆԱ– Ինչի՞ համար:

ԲԺԻՇԿ– Տեսնում ենք` համապատասխանո՞ւմ է մեր երկրի, մեր հասարակության պահանջներին, թե ոչ: Ով չարության, խարդախ հնարամտությունների անհրաժեշտ մակարդակ չի ունենում…

ՍԱՏԱՆԱ– (Անհամբերությամբ) Ի՞նչ:

ԲԺԻՇԿ– Սկզբի փուլում` առանձնապես ոչինչ: Պարզապես բարեկամաբար խորհուրդ ենք տալիս…

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Մեր երկրից շառը քաշել, գնալ:

ՍԱՏԱՆԱ– Իսկ եթե չի՞ գնում:

ԲԺԻՇԿ– Օ՜… Այդ մասին լավ է` չխոսենք, պարոն սատանա: Լավ է… առայժմ… չխոսենք…

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Այնպես որ, նկատի ունեցիր. տեստավորումը չանցնելու դեպքում քեզ կարող են նաև… վտարել:

ՍԱՏԱՆԱ– Իի՜նչ…

ԲԺԻՇԿ– Բարեկամաբար, պարոն սատանա: Քո շահերից ելնելով` բարեկամաբար… արտաքսել: Այս երկրում համարել «պերսոնա նոն գրատա»: Այսինքն` ոչ ցանկալի անձ:

ՍԱՏԱՆԱ– Չէ՛, այստեղ կա՛մ դուք, կա՛մ ես… (Ձեռքի շարժումով ցույց է տալիս, թե գիժ է):

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Գուցե սկսե՞նք: Սա ինչ-որ առումով էլ խաղ է, փորձ: Կարող է նույնիսկ հետաքրքիր լինել:

ԲԺԻՇԿ– Չլինի՞ վախենում ես, պարոն սատանա:

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Ո՜չ: Ինչո՞ւ պիտի վախենա… Ի՞նչ ես ասում… (Սատանային նայելով) Սկսե՞նք:

ՍԱՏԱՆԱ– (Մտքում) Այս ինչե՜ր են խոսում, տեր Սադայել… (Հանկարծ կտրուկ որոշում է): Հա՛, սկսենք: (Իրեն թափ է տալիս): Լսում եմ:

ԲԺԻՇԿ– Հիանալի է: Ուրեմն լսիր առաջին հարցը: (Նայում է ձեռքի թղթերին): Պատկերացրու նման իրավիճակ. դու, ժողովրդական ապստամբության գլուխ անցած, եկել ես իշխանության, բայց հանկարծ, հանգամանքների բերումով, ուզում ես այդ ժողովրդի հերն անիծել: Ի՞նչ կանես:

ՍԱՏԱՆԱ– (Մտածելով) Կթողնեմ քաղցած:

ԲԺԻՇԿ– Ուրի՞շ…

ՍԱՏԱՆԱ– Կպահեմ խավարի մեջ, ցրտում…

ԲԺԻՇԿ– Հետո՞…

ՍԱՏԱՆԱ– Կքանդեմ դպրոցները, կփակեմ գործարանները, մշակույթը կվերացնեմ…

ԲՈՒԺՔՈՒՅՐ– (Նշումներ անելով) Ապա՞:

ՍԱՏԱՆԱ– (Մտածելով) Հերիք չէ՞: Եթե նկատի ունենանք այդ ամենի հետևանքները… Ինչքան չլինի, ինձ սիրող ժողովուրդ է…

ԲԺԻՇԿ– Վատ է, պարոն սատանա, վատ է: Չկա երևակայությո՜ւն, մտքի թռի՜չք… Իսկ մարդիկ, գիտե՞ս` ինչ արեցին… Իշխանությունը տվին դևերին, և երկիրը դարձավ… Օ՜, խեղճ ժողովուրդ: Եվ երկիրը դարձավ դժոխք, որովհետև այնտեղ վերացավ… արդարությունը: Մարդիկ, որպես պատիժ, վերացրին ար-դա-րութ-յու-նը…

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Լավ, անցնենք հաջորդ հարցին: Դու ո՞ւմ կնշանակեիր պաշտոնների, որ հնարավորին չափ լավ գռփեն:

ՍԱՏԱՆԱ– (Միանգամից) Գող ու ավազակներին:

ԲԺԻՇԿ– Չէ… Պատասխանը էլի այն չէ: Մարդիկ պաշտոններ տվեցին, երկիրը հանձնեցին նրանց, ովքեր ընդամենը երկու բառ գիտեին` «ես», «շահ»… Ուրիշ` ոչինչ: Ընդամենը` «ես», «շահ»… Իսկ գողերը, ավազակները կարող են նաև այլ բառեր իմանալ, ինչ-որ հարցում սահման ունենալ…

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Հաջորդը: Հաշվիր, որ թշնամի ունես: Ի՞նչ կծախես նրան:

ՍԱՏԱՆԱ– (Արդեն բարկացած) Չոռ ու ցավս կծախեմ: Թշնամուս ի՞նչ պիտի ծախեմ:

ԲԺԻՇԿ– Այ, տեսնո՞ւմ ես, որ թույլ ես: Իսկ մարդիկ նրան ծախեցին ունեցածի լավագույնը և անգամ` իրենց պատիվը` իրենց կանանց:

ՍԱՏԱՆԱ– Գրողը տանի, այս ի՞նչ է կատարվում:

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Մի՛ բարկացիր, պարոն սատանա, մի՛ բարկացիր: Սա ընդամենը տեստավորում է: Գուցե քո հնարավորություններն էլ բավարար լինեն մեր երկրում մի փոքր, մի ցածր պաշտոն զբաղեցնելու համար…

ԲԺԻՇԿ– Մյուս հարցը լսիր. սա շատ կարևոր է: Դիցուք, երկրի ֆինանսները քո ձեռքում են, և պիտի որոշես աշխատավարձերի չափը: Ո՞ւմն ավելի բարձր կլինի. մտավորականի՞նը, արվեստագետի՞նը, թե նրանցը, ովքեր ընդամենը տառաճանաչ են ու աշխատում են որպես կաշառակեր:

ՍԱՏԱՆԱ– Ոչ մեկինը: Այսպիսի երկրում ես ոչ մեկին աշխատավարձ չեմ տա:

ԲԺԻՇԿ– Դու նորից արդար եղար. բոլորին հավասար աչքով նայեցիր: Իսկ մարդիկ… Մտավորականին, այո՛, չտվին: Արվեստագետին չտվին, իսկ կաշառակերներին տվին ամբողջը: Ամբողջը` որպես պարգևատրում…

ՍԱՏԱՆԱ– (Զայրացած) Բավական է, բավական է… Ես տեստավորվել չեմ ուզում, չեմ ուզում… (Գնում է: Բժիշկն ու բուժքույրը գնում են նրա հետևից):

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Պարո՛ն սատանա, պարո՛ն սատանա… Մի հարց էլ…


Վարագույրը փակվում է:



ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ


Վարագույրը բացվում է: Հնչում է հոգեհանգստի երաժշտություն: Բեմը ներկայացնում է երկնային «դատարանը»: Կենտրոնում նստած է Գաբրիել հրեշտակապետը: Նրա մոտ կանգնած է մի հրեշտակ: Հրեշտակապետը կշռում է հանգուցյալ մի կնոջ բարի ու չար գործերը: Վերջինս, որը արդարության հրեշտակին օգնած կինն է, կանգնած է գլխիկոր:


ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Դու որտե՞ղ ես ապրել, հանգուցյա՛լ:

ԿԻՆ– Հայերի երկրում:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Տարօրինակ է:

ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչը, տեր Գաբրիել:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Նժարները տնտղում է): Այս կշեռքին ես արդեն կասկածում եմ: Կշռաքարերը կեղծված հո չե՞ն:

ՀՐԵՇՏԱԿ– (Զարմացած) Ի՞նչ ես ասում, տեր իմ: Ինչպե՞ս կարող է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ինչո՞ւ ես զարմանում: Մարդկանցից ամեն ինչ սպասելի է: Երեկ ամենաչարագործ մարդուն դատելիս ծանր էր կշռում բարու նժարը: Եվ պարզվեց՝ ոչ միայն կշռաքարը, այլ ամբողջ կշեռքն է կեղծված:

ԿԻՆ– (Խաչակնքվում է): Մեղա՛ քեզ, Տե՛ր:

ՀՐԵՇՏԱԿ– Իսկ հիմա՞:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Բարու նժարը հիմա էլ ծանր է: Ինքդ էլ նայիր: (Դիմում է կնոջը): Ուրեմն, ապրել ես հայերի երկրում:

ԿԻՆ– Այո՛, հայերի:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Եվ ապրել ես ազնիվ: Եղել ես արդար: (Մի պահ լռում է): Ինչի՞ց մահացար: Կաթվա՞ծ ստացար:

ԿԻՆ– Ո՛չ, տեր Գաբրիել: Ջրում խեղդվեցի:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ինքնասպան ես եղել:

ԿԻՆ– Ո՛չ: Պատահաբար:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Չեմ կողմնորոշվում: (Հրեշտակին) Իսկ դո՞ւ ինչ կասես: Ո՞ւր ուղարկենք հոգին:

ՀՐԵՇՏԱԿ– Բարու նժարը ծանր է, տեր իմ: Իհարկե` դրախտ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Կասկածամտորեն նորից է կշռում): Հավատս չի գալիս: Ախր հայերի երկրում է ապրել... Ապրել է ազնիվ: Եվ մահացել է ոչ թե կաթվածից, այլ պատահաբար խեղդվել է ջրում: Այդպես չի՛ լինում: (Արդարության հրեշտակի ականջին) Իսկ գուցե սա հոգեկան...

ՀՐԵՇՏԱԿ– (Զարմացած) Ի՞նչ ես ասում, տեր իմ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ախր չի՛ լինում այսպես: Ազնավուր մարդը հայերի երկրում մի՞թե կարող է չխելագարվել:


Բեմը դանդաղ մթնում է և լուսավորվում: Այժմ այն ներկայացնում է երկրային դատարան: Այնտեղ են դատավորը, որը գայլի կերպարանքով պաշտոնյան է, բժիշկները, բութ պաշտոնյան և այլք: Մեղադրյալի աթոռին նստած է Արտակ Գրիգորյանը:


ԴԱՏԱՎՈՐ– (Պաշտոնյային) Մեղադրյալն աշխատում է Ձեր ենթակայությամբ: Ճի՞շտ է, որ ազնիվ է, կաշառք չի վերցնում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Այո՛, պարոն դատավոր, ճիշտ է: Դա շատ անկաշառ մարդ է: Ամբողջ կոլեկտիվը երեսին թքում է, ծաղրանքի առարկա է դարձրել, բայց, մեկ է, օգուտ չի տալիս: Ոչ մի բացատրական, բարոյախոսական աշխատանք չի օգնում:

ԴԱՏԱՎՈՐ– Իսկ նրա համար կաշառակերության բարենպաստ պայմաններ ստեղծե՞լ եք:

ՊԱՇՏՈՆՅԱ– Երդվում եմ, որ ստեղծել եմ բոլոր պայմանները: Տվել եմ բոլոր հնարավորությունները: Ասել եմ. «Վերցրածիդ ուղիղ կեսը քոնն է, շատ չեմ ուզում», բայց դա էլ չի օգնել:

ԴԱՏԱՎՈՐ– Լավ: Պարզ է: (Դիմում է գլխավոր բժշկին): Ներկայացրեք, խնդրեմ, բժշկական հանձնաժողովի եզրակացությունը:

ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ– Հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքը նույնն է. մեղադրյալը տառապում է հոգեկան ծանր հիվանդությամբ: Դա կոչվում է հոգեկան ժանտախտ: Այս հիվանդությունն ախտահարում է սիրտն ու արյունը, հասնում է ուղեղին և, ի վերջո, հանգեցնում հոգեկան խանգարման՝ հոգեժանտախտի: Նման հիվանդներին հարկավոր է մեկուսացնել...


Դարձյալ հնչում է երաժշտություն: Գրեթե կրկնվում է արդեն եղած դրվագը. մեղադրյալը մնում է նստած, ներկաները նրան շրջապատում, և ամեն մեկը պախարակող մի բան ասում է: Ընկալելի են միայն հատուկենտ բառեր.

– Հիմա՛ր...

– Տխմա՛ր...

– Գի՛ժ...


Մեղադրյալը փորձում է փախչել: Մյուսները, նրան հալածելով, հետապնդում են...

Ուրախացած, ոգևորված գալիս է սատանան:


ՍԱՏԱՆԱ– Գտա՛: Գտա՛... Արդեն գիտեմ, թե ինչպես պետք է թշվառության հասցնել: Եվ ես` բութս, ինչպե՞ս մինչև հիմա չէի հասկանում:(Դահլիճին) Ի՞նչ եք կարծում, մարդուն դժոխքի դուռը տանելու համար ի՞նչ պետք է անել. խաբե՞լ, զարկե՞լ, զրկե՞լ: Ո՜չ, ո՜չ: Հարկավոր է հասարակ մի բան: Պարզունակ մի բան: Հարկավոր է ընդամենը ախտահարել... Ախտահարել ազնվությամբ:


Սատանան գնում է: Գալիս է արդարության հրեշտակը:


ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– ...Ու ես արդարություն պիտի հաստատեի այսպիսի երկրում: (Գալիս, իր պաշտոնական աթոռին նստում է բութ պաշտոնյան: Արդարության հրեշտակը մոտենում է նրան: Զգացվում է, որ ժամանակը հետ է գնում): Լսի՛ր, է՛յ: Վե՛ր կաց այդտեղից: Դա քո տեղը չէ: (Պաշտոնյան թարս-թարս նայում է նրան):

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ հասկանում:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչը չես հասկանում, մեծն հասկացող:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ես մի մե՜ծ հիմնարկի պետ եմ: Գիտե՞ս՝ ինչ թիկունք ունեմ:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Քո տեղը ոչ թե մեծ հիմնարկը, այլ մեծ ախոռը պիտի լիներ: Ես քեզ քո տեղը ցույց կտամ, քո ճիշտ տեղը:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ հասկանում:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Բահը ձեռքդ կտամ, որ ախոռ մաքրես, քանի որ դա է քեզ վայել գործը:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չես կարա: Գիտե՞ս՝ ինչ թիկունք ունեմ:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Ես արդարության հրեշտակն եմ: Աստծո հրեշտակը:

ՊԱՇՏՈՆՅԱ– Մեկ է: Մի՛ չարչարվիր:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Քեզ մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս, որ բահը վերցնես ու մտնես ախոռ: Հակառակ դեպքում իմ դատաստանին կարժանանաս: (Պաշտոնյայից մի քանի քայլ հեռանում ու բղավում է): Է՜յ, երկրի՛ տերեր, մե՛ծն իշխանավորներ, բո՛ւթ է այս մարդը: Եթե դուք թեկուզ մի կաթիլ ազնվություն ունեք, եթե ուզում եք՝ թեկուզ մի կաթիլ արդարություն լինի, շատ բան հարկավոր չէ, միլիոններ պետք չեն, ընդամենը, ընդամենը այս մարդուն նստեցրեք իր տեղը: Տարեք, թող անի իր գործը...


Հնչում է հանդիսավոր երաժշտություն: Ներս են գալիս դատավորը, բժիշկները և այլք: Մեծարանքով մոտենում են բութ պաշտոնյային: Սրահին տալիս են հանդիսավոր տեսք և պաշտոնյային մեծարում, կրծքին մեդալներ փակցնում:

Արդարության հրեշտակն ուզում է միջամտել, չթողնել, բայց նրան դարձյալ ոտնատակ են տալիս: Հանդիսության գրեթե բոլոր մասնակիցները, նրան տրորելով, անցնում են: Ինչ-որ մեկը մոտենում է արդարության հրեշտակին և քարշ տալիս բեմից դուրս: Բութ պաշտոնյային, ուսների վրա դրած, տանում են: Բոլորը գնում են:

Զրուցելով գալիս են կիթառահարը և սատանայի հետ պայման կապած առաջին տղամարդը:


ԿԻԹԱՌԱՀԱՐ– (Կեսկատակ-կեսլուրջ) Մեր երկիրը, ո՛չ, սատանա՛ն չի քանդում: Քանդում է... գեղեցկությունը:

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Ի՜նչ ես ասում: Իսկ բոլորն ասում են, թե գեղեցկությո՛ւնը կփրկի աշխարհը:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Աշխարհը՝ չգիտեմ, բայց մերը երկիրը հիմա քանդում է:

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Այդ ինչո՞ւ: Ինչպե՞ս:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ մեր երկիրը քանդում են աղջիկների… սիրուն ոտքերը (Երկրորդ տղամարդը հարցական հայացքով նայում է նրան): Ո՞ւմ են աշխատանքի ընդունում հիմա: Սիրուն ոտքերով աղջիկներին: Ո՞ւմ գործերն են տպագրում: Սիրուն ոտքերով աղջիկների: Մրցույթներում ովքե՞ր են հաղթում: Աղջիկների սիրուն ոտքերը: Հեռուստատեսությունը սիրուն ոտքերով աղջիկներինն է: Կինոն՝ աղջիկների սիրուն ոտքերինը... Հապա երգչուհինե՜րը... Տեր Աստված: Բոլորի ոտքերը՝ երկա՜ր, սիրո՜ւն...

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Եվ դուրս է գալիս...

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Եվ դուրս է գալիս, որ գեղեցկությունը քանդում է աշխարհը...


Գնում են: Գալիս է սատանան: Նրա հետևից գալիս է բութ պաշտոնյան:


ՊԱՇՏՈՆՅԱ– Բարև՛, սատանա ջան:

ՍԱՏԱՆԱ– Էլի` դո՞ւ: Լսի՛ր, քեզ քանի՞ անգամ ասեմ` ինձանից հեռու մնա:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ կարող:

ՍԱՏԱՆԱ– Ինչո՞ւ չես կարող, ամենայն կարողություն:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ հասկանում` ի՛նչ ես ասում:

ՍԱՏԱՆԱ– Համ էլ քո տրամադրությունը պիտի արդեն վատ լիներ: Ինչո՞ւ ես այդպես ուրախ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Իմ տրամադրությունը ինչո՞ւ պիտի վատ լինի, սատանա ջան: Չտեսա՞ր` քանի մեդալ տվեցին:

ՍԱՏԱՆԱ– Այդ այն ժամանակ տվեցին: Իսկ հիմա պիտի դուրս շպրտած լինեին:

ՊԱՇՏՈՆՅԱ– Չեմ հասկանում` ի՛նչ ես ասում: Ինչո՞ւ պիտի դուրս շպրտեն:

ՍԱՏԱՆԱ– (Զարմացած) Ո՞նց թե: Քո մեջ ոչինչ չի՞ փոխվել:

ՊԱՇՏՈՆՅԱ– Էդ ի՞նչ ես ասում: Ես ո՞նց կփոխվեմ: Երեխա ե՞ս:

ՍԱՏԱՆԱ– Ուրեմն` չէ՞: Չեմ հասկանում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ի՞նչը չես հասկանում:

ՍԱՏԱՆԱ– Լսի՛ր, դու դեռ նույն ձևով գլո՞ւխ ես ուտում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Բա ինչո՞ւ ես այդպես մեղադրական տոնով ասում:

ՍԱՏԱՆԱ– Ուրեմն դու չե՞ս հիվանդացել:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ե՞ս... Էդ ի՞նչ ես ասում:

ՍԱՏԱՆԱ– Չեմ հասկանում... Քեզ վրա չի՞ ազդել:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ի՞նչը:

ՍԱՏԱՆԱ– Ախր ես քեզ ազնվության թույն էի տվել: Դու հիմա, քո պարսավագրերի փոխարեն, տրակտատներ պիտի գրեիր ազնվության մասին: Քեզ արդեն քո մեծ հիմնարկից պիտի վռնդած լինեին: Դու պիտի հոգեբուժարանում լինեիր:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Ծիծաղում է): Էս ի՞նչ է ասում... (Ուզում է թաքուն ինչ-որ բան գրել):

ՍԱՏԱՆԱ– (Դա նկատելով) Էլի գրում ես: Հիմա ի՞նչ ես գրում, արդարության երգիչ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Անկեղծ ասե՞մ:

ՍԱՏԱՆԱ– Դո՞ւ: Անկե՞ղծ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Մեկ-մեկ պատահում է: Բերանիցս պատահաբար, առանց մտածելու` դուրս եմ գցում:

ՍԱՏԱՆԱ– Ասա՛:

ՊԱՇՏՈՆՅԱ– Գրեցի, որ սատանան... խելագարվել է:

ՍԱՏԱՆԱ– (Ցնցված) Ի՞նչ... Այդ ի՞նչ ես ասում: Դու խելքի գոնե մի բջիջ ունե՞ս:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ինչո՞ւ ես բարկանում, սատանա ջան: Դու ասիր՝ ասա, ես էլ ասացի:

ՍԱՏԱՆԱ– Գրելուց առաջ գոնե մի վայրկյան ուղեղդ շարժիր. սատանան ինչպե՞ս կխելագարվի:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Հանկարծակիորեն անցնում է խիստ տոնի): Իսկ դու գործելուց առաջ մտածիր մի պահ. ես ո՞նց կախտահարվեմ, այն էլ՝ ազնվությամբ... Մարդկանց քեզ վրա ծիծաղել մի՛ տուր:


Պաշտոնյան գնում է: Սատանան մնում է ապշահար: Քիչ անց նա նույնպես գնում է: Գերանդին ուսին` գալիս է գյուղացին, կանգնում նույն ծառի տակ, որն արդեն չորացել է:


ԳՅՈՒՂԱՑԻ– (Ծառին նայելով, ափսոսանքով) Չորացավ... Է՜, ափսոս: Հիմա չկա էլ ո՛չ թրթուր, ո՛չ լվիճ: Նրանք էլ չորացան: Է՜, աշխարհի որդեր, արվեստի ցեցեր, ախր դուք լափում եք ծառը, ծծում եք նրա արյունը, գոնե մի քիչ մտածեք, որ, առանց ծառի, դուք էլ չեք լինի: Դուք էլ կչորանաք ուռուցքի պես... Ախր սրանք որդ են, ցեց են, ուռուցք են, չեն հասկանում: (Նայում է անորոշ ուղղությամբ): Բա դո՞ւք... Չէ՛, դուք էլ չեք հասկանա: Տեսե՛ք, թե ինչ է մնացել էս չորացած որդից: (Վերցնում է մի չորացած տերև): Ընդամենը՝ փոշի: Բայց էս փոշին՝ նախկին որդը, իրեն մի ժամանակ ծառի տիրակալ է կարծել: Կարծել է, թե ծառը նրա համար է, որ ինքը լափի: Թե Աստված ի՛ր համար է ծառ ստեղծել: Դե, որդը այդպես կմտածի, բա մե՞զ ինչ ասեմ, որ մտածում ենք, թե որդը պիտի խելքի գա, իրեն թագավոր չկարծի... Բա մեր խելքի՞ն ես ինչ ասեմ... Չէ՛, ծառը որ հիվանդացավ, պիտի բուժվի...


Գյուղացին գնում է: Գալիս է արդարության հրեշտակը:


ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Եվ այսուհանդերձ ես մի բան չեմ հասկանում. ինչպե՞ս է լինում, որ որդը՝ թույլը, անխելքը, իրենից ուժեղին, խելքովին իշխում է: Պատկերացնո՞ւմ եք, որ ավանակը դառնա ախոռում ասպետ, կանչի իր մոտ ձիուն, դաս տա վազելու... Կաղ աքաղաղը արծիվներին իշխի: Նապաստակները հրաման տան... Ո՞ւմ... Վագր ու առյուծին: Ես՝ արդարությունս, սա չեմ հասկանում: Հասկացրե՛ք ինձ... Վայրի բնության դաժան օրենքն իսկ հասկանալի է, տրամաբանական, բայց ձե՛րը, ձե՛րը ես չեմ հասկանում… Ես չեմ հասկանում...


Գալիս է բութ պաշտոնյան՝ թղթապանակը ձեռքին:


ՊԱՇՏՈՆՅԱ– (Արդարության հրեշտակին նայելով) Անհասկացողի մեկը, անհասկացող: (Գնում է: Լսվում է ավտոմեքենայի դռան բացվելու ձայն): Վարպե՛տ, քշի, գնանք:


Լսվում է ավտոմեքենայի դռան փակվելու, ապա՝ շարժիչի ձայնը: Ավտոմեքենան հեռանում է: Գնում է նաև արդարության հրեշտակը: Գալիս է սատանան` ձեռքին խոսափող: Նա հեռուստալրագրողի կերպարանքով է: Նրա հետ է նաև օպերատորը:


ՍԱՏԱՆԱ– Ես սատանան չեմ լինի, եթե չխայտառակեմ ձեզ, շան օրը չգցեմ:


Հնչում է երաժշտություն: Գալիս է գայլի կերպարանքով պաշտոնյան: Սատանան մոտենում է նրան, դերասանական հարգանքով դիմավորում, բարևում... Մի քանի բառ փոխանակում են, սակայն նրանց ձայները չեն լսվում: Սատանան ու պաշտոնյան նստում են սեղանի մոտ: Վերջինս հագնված է ոչ պաշտոնական: Կիսատաբատով է, առանց փողկապի, չսափրված, օձիքը՝ բաց, գրեթե՝ հարբած... Օպերատորը նշան է անում, որ սկսում է տեսագրել: Նրանց զրույցը չի լսվում, բայց շարժուձևից զգացվում է, որ պաշտոնյան խոսում է գռեհիկ տոնով: Գրպանից հանում է մի կապ փող, օդում թափահարում: Որոշ արտահայտություններ դառնում են լսելի.

–Թող սոված սատկեն… Իմ աթոռի մի ոտը… Մի մազը… Տասը հայրենիք… Թքած, արա՛… Տուֆթա հարցեր… Քու մերը…

Պաշտոնյան հանում է ատրճանակը… Սատանային մի երկու անգամ ապտակում է: Ծխում ու թքում է, ապա` փսխում…

Սատանա-լրագրողը պաշտոնյային ուղեկցում է դուրս և վերադառնում:


ՍԱՏԱՆԱ– (Ուրախացած) Կպա՛վ: Սենսացիա՜: Հիմա տեսեք, թե ինչ է լինելու: Այս խայտառակ հարցազրույցը բոլո՛րն են լսելու: Բոլո՛րն են տեսնելու իրենց պաշտոնյայի իրական դեմքը: (Օպերատորին) Դե՛, շտապի՛ր: Տար, թող եթեր տան: Շո՛ւտ:

ՕՊԵՐԱՏՈՐ– Այսպես շուտ չեն տա: Պիտի մոնտաժեն:

ՍԱՏԱՆԱ– Կտա՛ն-կտա՛ն: Ես իմ սատանայությունները բանեցրել եմ: Ասա. «Արդեն մոնտաժված է, արդեն պատրաստ է»: Ինձ սատանա կասեն, սատանա՛:


Օպերատորը գնում է: Սատանան բերում է մի հեռուստացույց, տեղավորում ու միացնում: (Հեռուստացույցի պատկերը, ըստ հարմարության, կարող է երևալ նաև մեծ էկրանի վրա): Լսվում է հաղորդավարի ձայնը:


ՀԱՂՈՐԴԱՎԱՐ– Հարգելի՛ հեռուստադիտողներ, այժմ լսենք մեր աշխատակցի բացառիկ հարցազրույցը նորընտիր քաղաքապետի հետ:


Էկրանին երևում են սատանա-լրագրողը և ծանոթ պաշտոնյան: Սատանան պատկերը տեսնում է թե չէ, անակնկալի եկած, վեր է թռչում, մոտենում հեռուստացույցին: Աչքերին չի հավատում: Էկրանին նույն ինքն է, բայց պաշտոնյան բոլորովին այլ հագուկապով է. պաշտոնական կոստյումով, փողկապով, սափրված...

Էկրանից լսվում է նրա ձայնը: Խոսում է կիրթ, գրագետ...


ՊԱՇՏՈՆՅԱ– Ես իհարկե ցավում եմ, որ անապահով խավը կտուժի: (Սատանան հեռուստացույցի գլխին խփում է: Այն մի պահ անջատվում է, ապա միանում) …Մեր առաջնահերթ խնդիրն է բարելավել… (Սատանան հեռուստացույցի գլխին շարունակում է խփել արագ-արագ ու բարկացած, և պաշտոնյայի խոսքից լսելի են դառնում միայն առանձին արտահայտություններ) ...Մեր սուրբ հայրենիքը... Մեր սրբազան պարտքը... Ես կյանքս... Արյանս վերջին կաթիլը...


Սատանան հեռուստացույցը դուրս է գցում: Լսվում է նրա կատաղի ձայնը:


ՍԱՏԱՆԱ– Այս ո՞ւր ես ինձ գցել, տե՛ր Սադայել: Այս ո՞ւր ես գցել...


Լսվում է ավտոմեքենայի ձայն:

Թղթապանակը ձեռքին՝ վերադառնում է բութ պաշտոնյան:


ՊԱՇՏՈՆՅԱ– (Սատանայի գնացած կողմը նայելով) Անհասկացողի մեկը, անհասկացող... (Նստում է իր պաշտոնական աթոռին: Սեղմում է սելեկտորային կապի կոճակը): Կարինե՛, սատանային կանչիր մոտս: (Թերթ է կարդում: Քիչ անց գալիս է սատանան: Նա կարծես ցնորված լինի: Պաշտոնյան ակնոցի վերևից նայում է): Բարև՛, սատանա:

ՍԱՏԱՆԱ– Բարև՛, մեծն արդարություն: Ես ներկայացա:

ՊԱՇՏՈՆՅԱ– Լավ արեցիր: Լսել եմ, որ քեզ ուզում են աշխատանքից ազատել:

ՍԱՏԱՆԱ– (Ապշած) Ո՞ւմ... Ի՞նձ...

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Սադայելը քո աշխատանքից դժգոհ է: Ասում է. «Ոչ մի բան չի կարողանում անել»: (Սատանան մնում է բերանը բաց): Բայց մի՛ վախեցիր. ես քեզ անգործ չեմ թողնի: (Սատանայի լեզուն կապ է ընկնում):

ՍԱՏԱՆԱ– Դո՞ւ... Ի՞նձ...

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Ես ուզում եմ քեզ ինձ մոտ աշխատանքի ընդունել: (Սատանան խելագարված ծիծաղում է): Ինչո՞ւ ես ծիծաղում: Իմ օգնականը կլինես... (Սատանայի խելագար ծիծաղը շարունակվում է):

ՍԱՏԱՆԱ– Ես... Քեզ օգնական:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Ի՞նչ կլինի որ... Իմ աջ ձեռքը կդառնաս: Ինչ ասեմ, դա կանես:

ՍԱՏԱՆԱ– (Վերև նայելով) Այս ո՞ւր ես ինձ գցել, տե՛ր Սադայել: (Քրքջում է): Չէ՛, այս երկրում ես անելիք չունեմ, չունեմ... (Շարունակում է քրքջալ: Խելագարի տարօրինակ շարժումներ է անում):

ՊԱՇՏՈՆՅԱ– Քեզ ի՞նչ եղավ: Գժվեցի՞ր: (Զանգում է): Ալո... Հոգեբուժարանի՞ց է... Շուտ եկեք...


Սատանային դուրս է տանում: Որոշ ժամանակ տիրում է լռություն: Լսվում է շտապօգնության ավտոմեքենայի ձայն: Քիչ անց պաշտոնյան վերադառնում է կիթառահարի հետ: Վերջինս նվագում ու երգում է:


ՊԱՇՏՈՆՅԱ– (Նվագելուց հետո) Դու չես որոշում է՝ լավ ես նվագում, թե չէ:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Գիտեմ: Մասնագետներն են որոշում, ժողովուրդն է որոշում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ժողովուրդը չի որոշում: Ե՛ս եմ որոշում:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Հիմա ի՞նչ. որոշել եք, որ ես վա՞տ եմ նվագում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Շա՛տ վատ ես նվագում: Միայն մի լարով ես նվագում: Պիտի կարողանաս միաժամանակ մի քանի լարով նվագել: Այ էսպես:(Կիթառը նրանից վերցնում է: Կիթառն ու պաշտոնյան իրար այն աստիճանի են անհամապատասխան, որ պատկերն ինքնին ծիծաղելի է: Պաշտոնյան «նվագում» է՝ երկու ծնկները ծալելով, ոչ թե լարերով, այլ բերանով): Ուշադիր լսիր: Ցընկը-ցնկը, ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը... Հիմա հասկացա՞ր...

ԿԻԹԱՌԱՀԱՐ– (Հեգնանքով) Չէ՛: Դա ինչ-որ անհասկանալի բան է. գերբնական:

ՊԱՇՏՈՆՅԱ– Իսկ դու, ի՞նչ է, կարծում ես՝ ինձ մեդալներ հասարա՞կ բանի համար տվին: Ես մշակութային գործիչ եմ:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– (Կարկամած) Դո՞ւ… Մշակութային... գործի՞չ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Բա՛: Մինչև հիմա չգիտե՞ս: Էդ կոչումը երեկ տվին: Նվագելու համար:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– (Ցնցված) Իսկապե՞ս: Կիթա՞ռ... նվագելու... համար:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Կիթառ նվագելը շատ հեշտ է: Էսպես բռնում ես ու նվագում: («Նվագում է»): Ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը... Հիմա հասկացա՞ր: (Կիթառահարը ցնորված սկսում է ծիծաղել): Ինչո՞ւ ես ծիծաղում: Չհասկացա՞ր:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Հասկացա: Դու... մշակույթ... նվագ... կիթառ... (Ծիծաղը քիչ-քիչ փոխվում է խելագարված մարդու ծիծաղի):

ՊԱՇՏՈՆՅԱ– Արի իրար հետ նվագենք:

ԿԻԹԱՌԱՀԱՐ– Արի... Նվագենք... (Պաշտոնյայի հետ «նվագում» են՝ ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը... Կիթառահարը դարձյալ ծիծաղում է: Պաշտոնյան նայում է նրա դեմքին...)

ՊԱՇՏՈՆՅԱ– Վա՜յ… Քե՞զ ինչ եղավ: (Կիթառահարը շարունակում է «նվագել»՝ ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը... Պաշտոնյան վերցնում է հեռախոսը և զանգում): Ալո… Հոգեբուժարանի՞ց է…


Կիթառահարին դուրս է տանում: Կրկին հնչում է լուրերի թողարկման ազդականչը: Լսվում է հաղորդավարի ծայնը.

– Այսօր՝ մեր ծրագրում.

– Հոգեժանտախտով հիվանդը՝ բացարձակ միայնության մեջ. հասարակությունը նրան չի՛ հասկանում և չի՛ ընդունում:

– Հոգեբուժարանում` արդարության հրեշտակի մոտ է հայտնի սատանան:

– Նոր խոսք երաժշտության մեջ. տաղանդավոր պաշտոնյան՝ երգահան և երաժիշտ…


Բեմը կրկին ներկայացնում է հոգեբուժարանի սենյակ: Գալիս է սատանան՝ հետևից լրագրողն ու օպերատորը:


ՍԱՏԱՆԱ– (Բարկացած) Ես խեսել չե՛մ ուզում: Ինձ հարցեր մի՛ տվեք:

ԼՐԱԳՐՈՂ– Մենք հարցեր չենք տալիս: Մենք քեզ ուզում ենք օգնել: Առողջացնե՛լ…

ՍԱՏԱՆԱ– (Կտրուկ կանգնում է): Ի՞նչ: Օգնե՞լ:

ՕՊԵՐԱՏՈՐ– Այո՛: Մենք այսօր եկել ենք միայն դրա համար:

ԼՐԱԳՐՈՂ– Այդպես բարի սրտով, միամտությամբ դու այստեղ ապրել չես կարող: Մենք ուզում ենք քեզ սովորեցնել…

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ:

ՕՊԵՐԱՏՈՐ– Խաբե՛լ, պարոն սատանա, խաբել սովորեցնել…

ԼՐԱԳՐՈՂ– Դա այդքան հասարակ բան մի՛ կարծիր: Խաբելը արվե՛ստ է:

ՕՊԵՐԱՏՈՐ– Մանավանդ` երբ պիտի խաբես մի ամբողջ ժողովրդի:

ԼՐԱԳՐՈՂ– Կամ` ամբողջ մարդկությանը…

ՕՊԵՐԱՏՈՐ– Հավատա. այդ արվեստը սովորես թե չէ, իսկույն կառողջանաս: Դուրս կգրեն:

ՍԱՏԱՆԱ– Դո՞ւրս կգրեն: Կթողնե՞ն, որ… գնամ:

ԼՐԱԳՐՈՂ– Այո՛: (Փոքր-ինչ այլ տոնով): Բայց ո՞ւր գնաս:

ՍԱՏԱՆԱ– Դե… Մի ուրիշ տեղ…

ՕՊԵՐԱՏՈՐ– Ի՞նչ: Ոչ մի դեպքում: Առողջանալուց հետո դու մեզ հետ պիտի պայմանագիր կնքես:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ: Էլի՞ պայմանագիր:

ԼՐԱԳՐՈՂ– Այո՛: Պայմանագիր, որ… ընտրությունների ժամանակ հանձնաժողովում կլինես մեր ներկայացուցիչը: Իսկ հետո` քեզ արդարացնելու դեպքում, գուցե մտածենք նաև որպես թեկնածու առաջադրելու մասին…

ՍԱՏԱՆԱ– Եվ այդ ժամանակ ինձ այստեղից բաց կթողնե՞ք:

ՕՊԵՐԱՏՈՐ– Այո: Բայց միայն` առողջանալուց հետո:

ՍԱՏԱՆԱ– Լավ: Սկսեք ինձ… առողջացնել:

ԼՐԱԳՐՈՂ– Քո տեստավորման տվյալները մենք նայեցինք, պարոն սատանա: Ավելի վատ անհնար է պատկերացնել: Գիտե՞ս` ի՛նչն է քո հիմնական թերությունը:

ՍԱՏԱՆԱ– (Համեստ աշակերտի նման) Չէ՛: Չգիտեմ:

ՕՊԵՐԱՏՈՐ– Դու բացահայտ ես գործում: Պարզունակ:

ԼՐԱԳՐՈՂ– Քո մտքերը, քո անելիքը պիտի քողարկես:

ՕՊԵՐԱՏՈՐ– Ուղիղ գծի մասին մոռացիր: Քո ճանապարհը միշտ պիտի լինի զիգզագաձև:

ԼՐԱԳՐՈՂ– Օրինակ: Եթե մտադրություն ունես որևէ ոլորտ հիմնիվեր քանդելու, այդ մասին երբեք մի՛ բարձրաձայնիր:

ՕՊԵՐԱՏՈՐ– Ավելին` ասա հակառակը: Ասենք` որ այդ ոլորտում հարկավոր է լուրջ բարեփոխումներ անել:

ԼՐԱԳՐՈՂ– Եվ նկատի ունեցիր. այդ ոլորտը այնպես պիտի քանդես, որ քեզ պարգևատրեն այն… վերականգնելու համար:

ՕՊԵՐԱՏՈՐ– Գումարներն այնպես պիտի գրպանես, որ ներկայացնեն, թե քո անձնական միջոցներն ես ներդրել: (Սատանան զարմացած, գլուխը պտտելով՝ նայում է մե՛կ լրագրողին, մե՛կ օպերատորին):

ԼՐԱԳՐՈՂ– Բարենորոգելու համար քեզ տրված վարկից ոչ մի դրամ այդ գործի համար չպիտի՛ ծախսես:

ՕՊԵՐԱՏՈՐ– Եվ այնպես պիտի անես, որ քո յուրացումն ընկալվի որպես բարեգործություն, նվիրատվություն…

ՍԱՏԱՆԱ– Բայց այդպես հնարավո՞ր է: Դուք ուզում եք` ես սողալով ճախրե՞մ:

ԼՐԱԳՐՈՂ– Քեզ ոչ սազական բաներ ես ասում, պարոն սատանա, ոչ սազական:

ՕՊԵՐԱՏՈՐ– Իսկ տեղացիները դա անում են այնպիսի թեթևությամբ, ինչպես աճպարարը, ձեռնածուն, խեղկատակը…

ԼՐԱԳՐՈՂ– Ենթադրենք` դու որևէ ոլորտ քանդելու հարցով պատրաստվում ես դիմելու ժողովրդին: Ինչպե՞ս կխոսես: Հապա փորձիր:(Օպերատորը տեսախցիկը պահում է սատանայի դիմաց: Վերջնս ուզում է կենտրոնանալ):

ՕՊԵՐԱՏՈՐ– Ո՛չ, ո՛չ: Այդպես չար հայացքով մի՛ նայիր:

ԼՐԱԳՐՈՂ– Ժպտա՛: Սիրալիր տեսք ընդունիր: Օրինակ` այսպես: (Ժպտում է): Իսկ հիմա սկսիր:

ՍԱՏԱՆԱ– (Փորձում է նրա պես ժպտալ, բայց դառնում է ծիծաղելի ծամածռանք: Խոսում է իրեն բնորոշ տոնով, բայց շփոթված): Ով… ով… հայ ժողովուրդ…

ԼՐԱԳՐՈՂ– Չէ՛, չէ՛, չէ՛… Չեղավ: Դու խոսքդ պիտի սկսես «սիրելի», «հարգելի» կամ նման որևէ բառով: Պիտի խոսես քաղցր, ախորժալուր տոնով: Օրինակ. «Սիրելի՛ ժողովուրդ, հարգելի՛ բարեկամներ….»: Պա՞րզ է:

ՍԱՏԱՆԱ– Բայց ես չեմ կարող կեղծել:

ՕՊԵՐԱՏՈՐ– (Զարմացած) Ի՞նչ: (Լրագրողն ու օպերատորն այնպես են իրար նայում, կարծես գլխներին սառը ջուր լցրին):

ՍԱՏԱՆԱ– Այո: Ես չեմ կարող կեղծել: Պիտի ասեմ այն, ինչ մտածում եմ: Ինչ անելու եմ: Իմ չարությունը ես չեմ թաքցնում:

ԼՐԱԳՐՈՂ– (Ապշած) Ընդհանրապե՞ս չես կարող կեղծել:

ՕՊԵՐԱՏՈՐ– Տարօրինակ է:

ՍԱՏԱՆԱ– Չէ: Ես միշտ ներկայանում եմ այնպիսին, ինչպիսին կամ:

ՕՊԵՐԱՏՈՐ– (Դանդաղ տոնով) Վատ է: Դու մեր ծրագրերը ձախողեցիր:

ԼՐԱԳՐՈՂ– Ընդ որում` դու մեզ համար կարող ես լինել շատ վտանգավոր…

ՕՊԵՐԱՏՈՐ– (Տեսախցիկն անջատելով, տեղավորելով՝ լրագրողին հասկացնում է, որ ճիշտ կլինի գնալ): Դու մեզ կներես…

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչ: Ուրեմն անհո՞ւյս է:

ԼՐԱԳՐՈՂ– (Շեշտված կեղծավորությամբ) Ո՛չ, անհույս չէ, պարոն սատանա: Պարզապես այսօրվա համար բավական է: Դու հոգեպես պատրաստվիր, փորձեր արա, իսկ մենք հետո կգանք: Լա՞վ:

ՕՊԵՐԱՏՈՐ– (Ցանկանալով շտապ հեռանալ, կեղծ ժպիտով ու տոնով) Դե, ցտեսություն, պարոն սատանա, ցտեսություն… (Արագ հեռանում են):


Սատանան մնում է ապշահար: Նայում է վերև…

Բեմը մթնում է և քիչ անց լուսավորվում: Գաբրիել հրեշտակապետը էլեկտրոնային ժամանակակից կշեռքով ստուգում է կշռաքարերի քաշը…

Գալիս է հրեշտակը՝ ձեռքին մագաղաթի նմանվող մի գիրք:


ՀՐԵՇՏԱԿ– Տեր իմ, հապա տես` ինչ է ուղարկել Հայոց աշխարհի մերօրյա պատմիչը:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Հայացքը գրքին ուղղելով) Բնօրինա՞կն է, թե կեղծ պատճենը:

ՀՐԵՇՏԱԿ– Բնօրինակն է, տեր իմ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ինչի՞ց իմացար:

ՀՐԵՇՏԱԿ– Այդ պատմիչն այլևս չկա… Ասում են` սա գրելուց հետո իբր ինքնասպան է եղել… (Գիրքը բացում է): Պատումն այս կոչվում է «Վարք չարագործաց»: Հապա մի լսիր, թե ինչ է գրում: (Կարդում է): «Բիզնես Ավո: Ըստ անձնագրի` Կարեն Ավոյան: Ներկայիս խոշորոգույն դեմքերից մեկը Հայաստան աշխարհի, առանց որի ոչ մի հարց չի լուծվում: Դպրոց հաճախեց ընդամենը չորս տարի: Չորս տարում սովորեց ընդամենը չորս տառ, բայց ստացավ ոսկե մեդալ: Սեփականատեր դարձավ տասը գործարանի, որոնք գնեց ընդամենը տասը դրամով(պետությունի՛ց գնեց)… Աշխատողներից ոչ մեկին աշխատավարձ չվճարեց: Գնեց նաև նրանց սեփականությունը (անվճա՛ր գնեց) և բոլորին դարձրեց փախստական: Հիմա Վաշինգտոնում ունի երկու բորսա, Մարսելում` հինգ հյուրանոց, բանկերում…»: Տեր Աստված, այս ի՞նչ թիվ է…

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Հետաքրքիր է: Զգույշ` Սադայելի ձեռքը չընկնի, թե չէ կդարձնի ուսումնական ձեռնարկ:

ՀՐԵՇՏԱԿ– (Շարունակում է կարդալ): «Զակոնի Գևո: Հայոց աշխարհի օրենսգիր, որն օրինական դարձրեց ամեն կողոպուտ ու թալան: Գրեց այնպիսի օրենքներ, որ հարուստը միշտ ճանաչվի արդար, իսկ ուժեղը` ճիշտ: Նրա ամենամեծ «առաքելությունը» եղավ այն, որ անբարոյականությունը օրենքով դարձրեց բարոյական: Լրբին կույս ճանաչեց, գողին` բարերար»:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Անհանգիստ քայլում է): Իմ նյարդերը ոնց որ էլ չեն դիմանում: (Դեղ է խմում): Բայց դու կարդա՛, կարդա՛… Հետաքրիր է:

ՀՐԵՇՏԱԿ– (Կարդում է): «Պիստալետ Կարո: Դաժան ոստիկան, ապա` դատավոր: Ամբողջ կյանքում քեֆ արեց խուլիգանների ու մարդասպանների հետ ու եղավ ազնիվ մարդկանց դահիճը: Նրան տեսնելիս մարդիկ ապաստան էին փնտրում գիշատիչների մոտ: Երբ դարձավ դատավոր, մեծ ձկան նման սկսեց կուլ տալ իր մոտ եկած փոքր ձկներին»:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Պատկերացնելիս արդեն ես զարհուրում եմ: Բայց դու կարդա՛, կարդա՛…

ՀՐԵՇՏԱԿ– (Շարունակում է): «Տելեվիզոր Աբո: Հեռուստաալիքի տնօրեն, որ եթերից վերացրեց դաստիարակիչ ամեն բան ու քրոզեց շնություն, սպանություն, շահամոլություն ու փողապաշտություն: Նրա եթերային թագավորությունից վտարվեց գրագետ մարդը: Նա արվեստը փոխարինեց գռեհկությամբ ու եթերը լցրեց սուտ էլիտայով…»: (Մի պահ դադար է տալիս):

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Դարձյալ անհանգիստ քայլելով) Հետո՞, հետո՞…

ՀՐԵՇՏԱԿ– Եվ այսպես` մի ամբողջ հատոր, տեր իմ: Ու այս ամենը Հայոց աշխարհում կատարվում է ամեն օր:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Խմում է ևս մի հաբ): Իմ նյարդերը (վերև նայելով), Տեր Աստված, էլ չեն դիմանում…


Լույսը դանդաղ մարում է: Մթության մեջ մի քանի վայրկյան հնչում է երաժշտություն:

Լույսը վառվում է: Սափրագլուխ թիկնապահի հետ գալիս է գայլ-պաշտոնյան: Դարձյալ հարբած է: Ոտքերի վրա ճոճվում է:


ՊԱՇՏՈՆՅԱ– Սեղանի վրա իշխան չկար: Ինչո՞ւ չկար, հը՞… Ես ձուկ եմ ուզում: Սևանի իշխան: Ինձ համար իշխա՛ն բեր:

ԹԻԿՆԱՊԱՀ– Սևանում իշխան էլ չկա: Սաղ կերել ենք: Ամբողջ լիճը դատարկենք, երկու հատ գտնենք, թե չէ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ուրեմն դատարկե՛ք… Սևանը ինձ պետք չի… Ես իշխան եմ ուզում… (Քիչ անց) Սաղ կերել ենք… Լա՛վ ենք արել… Ո՞ւմ թողնեինք… Թոռների՞ս: Սևանը նրանց պետք չի… Նրանք Փարիզի ձկները կուտեն, Լոնդոնինը կուտեն… Իսկ ես… Ես հիմա կթռչեմ Լոս… Կթռչեմ, ձուկ կուտեմ, կգամ: (Մատները բերանը դրած` սուլելու փորձ է անում` սսս…): Ինձ համար սամալյոտ բերեք… Ես գնում եմ Լոս: (Նորից է սուլում` սսս… Նստում է): Թիմս ո՞ւր է… Թիմիս կանչի՛: Ես հիմա իմ ծրագիրը պիտի կարդամ: Իմ թեզիսները պիտի թելադրեմ… (Նորից է փորձում սուլել` սսս…)

ԹԻԿՆԱՊԱՀ– Այստեղ են: Հիմա կգան:


Գալիս են գլխավոր բժիշկը` որևէ կուսակցության կրծքանշան` կրծքին, բժիշկը և լրագրողը:


ՊԱՇՏՈՆՅԱ– Նստե՛ք… (Բոլորը նստում են): Գրիչներդ հանե՛ք… Գրեք իմ թեզիսները…

ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ– Հենց հիմա՞:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Հենց հիմա: (Լրագրողին): Դու գրի այն, ինչ պիտի ասե՛նք… (Բժշկին) Դու գրի այն, ինչ պիտի անե՛նք… (Լրագրողին)Հանեցի՞ր: Գրիչդ հանեցի՞ր:

ԼՐԱԳՐՈՂ– Այո՛, այո՛, պատրաստ եմ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Գրի.. Առաջին… Արտադրությունը պիտի զարգացնե՛նք… (Բժշկին) Իսկ դու գրի. «Քացախ»: (Լրագրողին) Գործարանները պիտի բացե՛նք… (Բժշկին) Դու գրի. «Ջեբներդ լայն բացեք»: Բոլորը պիտի… հարկերը մուծեն…

ԼՐԱԳՐՈՂ– (Գրելով կրկնում է): Բոլորը պիտի… հարկերը… մուծեն…

ՊԱՇՏՈՆՅԱ– (Բժշկին) Դու ավելացրու. «Ոչ մի արտադրություն էլ չի՛ լինելու… Մենք ոչինչ չպիտի՛ արտադրենք… Գործարանները չպիտի՛ բացվեն…»: Ծախե՛ք գործարանները… Մեզ գործարան պետք չի…

ԲԺԻՇԿ– Արդեն ծախված են: Միայն պատերն են մնացել:

ՊԱՇՏՈՆՅԱ– Պատե՛րն էլ ծախեք… Տակի հո՛ղն էլ ծախեք… Տվեք` ում կուզեք: Թեկուզ` թուրքին:

ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ– Հարկերի հարցո՞վ ինչ ենք անելու:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ժողովուրդը թող տա, իսկ դուք… չտա՛ք: Ոչ մի դրամ չտա՛ք: Ինձ տալիս եք, հերիք է: (Քիչ անց) Կետ համար երկու: (Լրագրողին)Գրի… Օրենքի առաջ բոլորս կլինենք հավասար… (Բժշկին) Դու նորից գրի. «Քացախ»: Հայրենիքը կլինի… բոլորինս…

ԼՐԱԳՐՈՂ– (Դարձյալ կրկնելով գրում է): Հայրենիքը կլինի… բոլորինս…

ԲԺԻՇԿ– Լավ թեզ է:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Բժշկին) Դու գրի. «Մեր թիմը կլինի օրենքից դո՛ւրս… Մենք կլինենք ոչ թե օրենքի առաջ, այլ օրենքի վրա՛… Իսկ մայր հայրենիքի՛… Մայր հայրենիքի՛… Մի մասը կլինի ի՛մը: Մի մասը կլինի ձե՛րը… Մի մասը կլինի… մե՛րը»: Իսկ մյուսներին… Մյուսներին ոչինչ էլ չե՛նք տա… Չե՛նք տա… Չեն ուզի, թող այստեղից գնան… Թող գնան… Վե՛րջ… (Տեղից վեր է կենում): Գնացի՛նք: Ես ձուկ եմ ուզում: Գնանք, ձուկ ուտենք, գանք: Լոս գնանք…


Պաշտոնյան գնում է: Նրա հետևից գնում են մյուսները:

Պայուսակը` ձեռքին, մոտավորապես վալս պարի շարժումներով պտտվելով, «ֆոնոգրամայի տակ» երգելով ու որոշ հատվածներ արտասանելով, գալիս է բութ պաշտոնյան:


– Այս-տե՜ղ ա-մեն բան վա-ճառ-քի՛ է հանվում,

Եվ փո-ղե-րը ար-դեն սե-րե-նադ են եր-գում…


Հոգի՞ է հարկավոր.

Խնդրե՜մ (ձեռքը դնում է սրտին),

Վաճառվում է:

Պաշտոնի գնո՞րդ ես,

Սև շուկան կողքիդ է:


Այս-տեղ ա-մե-նուր տո-նո-վա-ճառ է:

Վա-ճառ-քը տոն է, ու տոնը` վաճառք…


(Փողերի տրցակը վեր նետելով)

Մենք տալի՛ս ենք, առնո՜ւմ:

Մոտեցի՛ր, պարոն.

Նայիր` ինչ սիրուն

Հայրենիք ենք ծախում…


Երաժշտությունը դադարում է: Պաշտոնյան «մտնում է» իր կերպարի մեջ: Գալիս է սատանան, որը հիվանդի հագուստով է` հոգեբուժարանում: Պաշտոնյան պայուսակից հանում է թղթե տոպրակ:


ՍԱՏԱՆԱ– Հեռո՛ւ մնա: Ինձ մոտիկ չգա՛ս:

ՊԱՇՏՈՆՅԱ– Միրգ եմ բերել: Ասում են՝ քեզ օգուտ է: Նյարդերը հանգստացնում է:

ՍԱՏԱՆԱ– Լսի՛ր: Դու ի՞նչ ես ինձանից ուզում: Ինչո՞ւ հանգիստ չես թողնում:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Մոտենում է): Է՜, սատանա ջան, նախկինը պիտի լիներ, նախկինը:

ՍԱՏԱՆԱ– Ո՞ր նախկինը: Դո՞ւ ինչից ես դժգոհ, մեծն բարեբախտ:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ախր ինչպե՞ս դժգոհ չլինեմ: Էս անտեր աշխարհում արդարություն չկա… Բա ճորտատիրական ժամանակները չլինեին, որ ժողովրդի կաշին քերթեի:

ՍԱՏԱՆԱ– Քե՞զ ինչ է այստեղ պակասում:

ՊԱՇՏՈՆՅԱ– Ուզում եմ` դու դառնաս իմ…

ՍԱՏԱՆԱ– (Զարմացած) Ի՞նչը…

ՊԱՇՏՈՆՅԱ– Վատ բան մի՛ մտածիր: Լավ բան եմ ասում:

ՍԱՏԱՆԱ– Դո՞ւ… Լավ բա՞ն… Ո՜վ, երկնային իմ եղբայրներ, հապա լսեք…

ՊԱՇՏՈՆՅԱ– Ուզում եմ՝ դու դառնաս իմ… Ոսկե ձկնիկը:


Սատանայի լեզուն մի պահ նորից կապ է ընկնում: «Վերցնում է» կիթառը և «նվագում».

–Ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը, ցնկը-ցնկը...

Ձայն է տալիս:


ՍԱՏԱՆԱ– Հե՜յ, ո՞վ կա այդտեղ: Եկեք ինձ սրսկե՛ք…

ՊԱՇՏՈՆՅԱ– Ա՛յ, որ ճորտատիրական ժամանակները լինեին…

ՍԱՏԱՆԱ– Ո՜վ, մեծն բթությո՛ւն, մի՞թե չես հասկանում, որ հիմա քեզ նմանների համար շատ ավելի լավ ժամանակներ են:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Մտածում է): Չեմ հասկանում:

ՍԱՏԱՆԱ– Ի՞նչը չես հասկանում: Ճորտատերերը քանի՞ ճորտ ունեին:

ՊԱՇՏՈՆՅԱ– (Մտածելով) Շատ:

ՍԱՏԱՆԱ– Նրանց պահելու համար կարիքները քիչ թե շատ պիտի հոգային, չէ՞:

ՊԱՇՏՈՆՅԱ– Հա՛: Էդքանը հասկանում եմ:

ՍԱՏԱՆԱ– Իսկ հիմա դուք ոչ թե շա՛տ ճորտեր, այլ շա՜տ-շա՜տ ճորտեր ունեք: Մի ամբողջ ժողովուրդ ձեր ճորտն է:

ՊԱՇՏՈՆՅԱ– Էդ մի բանը լավ չհասկացա: Ո՞նց է իմ ճորտը: Ախր հիմա չեմ կարողանում կաշիները քերթել:

ՍԱՏԱՆԱ– Ինչպե՞ս չես կարողանում: Հապա շուրջդ նայիր: Տե՛ս՝ ինչ է կատարվում: Ամբողջ ժողովուրդը, համայն երկիրը զօր ու գիշեր աշխատում է ձեզ համար: Այս ողջ ժողովրդի աշխատանքի արդյունքը ձերն է: Դուք չեք վճարում ո՛չ հողագործին, ո՛չ մանկավարժին, ո՛չ գիտնականին… Եվ որոշել եք, որ նրանց աշխատանքի արդյունքը պիտի լոկ ձերը, լոկ ձերը լինի: Եվ որոշել եք «օրինակա՛ն» ձևով, ըստ օրենքների… Ու դեռ դժգոհ եք: Դեռ բողոքում եք: Անգամ ուզում եք, որ մինչև իսկ ես՝ անգութ սատանաս, ձեր առաջ լինեմ մի խոնարհ ծառա: Ես՝ Ոսկե ձկնիկ…


Մի պահ տիրում է լռություն: Սատանան սկսում է քրքջալ: Քիչ անց գնում է: Գնում է նաև պաշտոնյան: Գալիս է արդարության հրեշտակը:


ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Եվ այսուհանդերձ եկեք որոշենք մեկմեկու ժպտալ: Ու եթե այսօր դու ինչ-որ մեկին մեկ անգամ ժպտաս, ուրեմն իմացիր, հաստա՛տ իմացիր, որ քեզ էլ ինչ-որ մեկը կժպտա: Թե շռա՜յլ լինես, ժպտաս երկուսին, ուրեմն իմացիր, որ երկու ժպիտ այսօր պահված է նաև քեզ համար…


Գալիս է բուժքույրը:


ԲՈՒԺՔՈՒՅՐ– Է՜, աշխարհի արդարություն…

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Արդարության մասին չխոսեք:

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Ինչո՞ւ:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Որովհետև դուք նույնպես այնքան անարդար եք, ինչքան նրանք, որոնցից բողոքում եք: Որովհետև ձեր աչքը նույնպես ուրիշի ձեռքին է:

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Է՜… Եվ դու էլ արդարության հրեշտա՞կ ես: Բա մեր արածն ու նրանցը մե՞կ է: Մեր վերցրածն ի՞նչ է. օրվա հացի փող: Դու տես, թե նրա՜նք ինչ են անում… (Պատրաստվում է սրսկելու):

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Ինձ համար տարբերության չկա: Դուք էլ նույն անարդարն եք: Պարզապես դուք անարդար ու անազնիվ եք ձեր կարողության չափով, նրանք՝ իրենց: Դա նույն անբարոյականությունն է, որովհետև դուք նույնպես, եթե լինեք նրանց տեղում, վարվելու եք նույն ձևով: Վերցնելու եք նրանց չափ: Գռփելու եք նրանց պես:

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Բոլորը որ վերցնում են, մենք ինչո՞ւ չվերցնենք: Մե՞նք պիտի աշխարհը փոխենք:

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿ– Ուրեմն մյուս բոլորից մի՛ բողոքեք. չունեք դրա բարոյական իրավունքը:

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Ախր բարոյական բան էլ չի մնացել: Ամեն ինչ անբարո է… (Սրսկում է):


Լույսերը մարում են: Տիրում է թանձր մթություն: Քիչ անց հնչում է ծանոթ տղամարդու ձայնը:


ՁԱՅՆ– Եվ այսուհանդերձ ես պիտի վառեմ իմ բաժին մոմը:


Մոմը վառում է: Նրա օրինակով դահլիճում ինչ-որ մեկը վառում է իր «մոմ»-կրակվառիչը: Վերջինիս հետևում է մեկ ուրիշը: Ապա՝ երրորդը… չորրորդը…

Դահլիճում լույսերը դանդաղ վառվում են…


2009 թ.

12345678910111213141516171819
    Դիտվել է 693 անգամ
    12