Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կատակերգություն երրորդ ուղեծրում


Գուրգեն Միքայելյան

Կատակերգություն երրորդ ուղեծրում

(Կատակերգական ողբերգություն մեկ գործողությամբ)

(Պիեսը բեմադրելու համար պետք է լինի այնպիսի բեմ, որը կունենա տեսարանները հաճախ փոխելու հնարավորություն)


Գործող անձեր


ՄԱՀՈՒԲ – տարեց հրեշտակ

ԶԵՆՈՒԲ – միջին տարիքի հրեշտակ

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ

ԳՐՈՂ

ՔԱՀԱՆԱ

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ

ՍԱՄՎԵԼ– հիվանդ մարդ

ՀՈՌՈՄ– պառավ կին

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ

ՀՆՁՎՈՐ

ՍԱՏԱՆԱ

ԵՎ ԱՅԼ

ՄԱՐԴԻԿ ՈՒ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ



Գիշեր է. լուսնալույս: Պտտվող բեմի եզրով` ճանապարհով, երկու հոգի արագ-արագ քայլում են` մնալով հանդիսատեսի առջև: Նրանցից մեկը մահվան փորձառու հրեշտակն է` Մահուբը` եռաժանին ուսին, մյուսը, որ բավական երիտասարդ է, նրա օգնականը:


ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Քանի՞ մարդու հոգի ենք այսօր առնելու:

ՄԱՀՈՒԲ– Քանիսինը կարողանանք:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Զարմացած) Կարողանա՞նք:

ՄԱՀՈՒԲ– Հա, ինչո՞ւ ես զարմանում: Արտի հունձ հո չէ՞:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Չգիտեմ: Ես կարծում էի…

ՄԱՀՈՒԲ– Մեզ տեսնեն թե չէ, հոգիները պիտի տա՞ն:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Իսկ ի՞նչ են անում:

ՄԱՀՈՒԲ– Է՜, ախպերս, ի՞նչ ասեմ. մինչև չտեսնես, չես պատկերացնի:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ուրեմն հոգի առնելը նո՞ւյնպես դժվար գործ է:

ՄԱՀՈՒԲ– Աշխարհում ավելի դժվար գործ, քան հոգի առնելն է, չկա: Այնպես եմ հոգնել, որ հոգիս իմ ձեռքում եթե լիներ, բաց կթողնեի:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ ես ասում: Իսկ ուրիշները կարծում են, թե դուք ամենազոր եք, ու ես էլ շատ անգամ լսել եմ, որ մարդիկ ձեզանից շան պես վախենում են:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ, ախպերս: Թե մարդը ի՛նչ առեղծված, ի՛նչ սատանայի կամ աստծո ծնունդ է, գլուխ չեմ հանում: Հրես, մեկի տուն հասանք: (Գլուխը մի քիչ երկարացնում, նայում է): Հարմար ժամանակ էլ եկել ենք. մենակ նստած` գրում է:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ է գրում:

ՄԱՀՈՒԲ– Սատանան գիտի: Սա միշտ գրում է: (Մոտենում են պատուհանին, պատրաստվում ներս մտնել):


Բեմը մթնում ու լուսավորվում է: Այժմ այն ներկայացնում է գրողի սենյակը, որտեղ նա ստեղծագործական երկունքի մեջ է: Հրեշտակները ներս են մտնում: Մահուբը մոտենում և գրողի ձեռքը հանկարծակի բռնում է:


ՄԱՀՈՒԲ– Հո՛պ, ախպերս. քոնը այստեղ վերջացավ:

ԳՐՈՂ– (Անակնկալի եկած) Ո՞նց թե վերջացավ: Կատակի ժամանակ չէ, տո:

ՄԱՀՈՒԲ– Կատակ-մատակ չկա. կարապի երգը ասա, գնանք:

ԳՐՈՂ– Ո՞ւր գնանք: Չե՞ս տեսնում` գործ եմ անում: Կիսատ հո չե՞մ թողնի: Ձեռքդ քաշիր:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Դու ոնց որ տեղը չես բերում: Մենք մահվան հրեշտակներ ենք:

ՄԱՀՈՒԲ- Ասում եմ` կարապի երգը ասա, ո՛չ ես քեզ չարչարեմ, ո՛չ դու ինձ, ու գնանք:

ԳՐՈՂ– (Անակնկալից չսթափված, շփոթված) Ա՛յ քեզ փորձանք: Հիմա ես ի՞նչ անեմ: Ախր հազար ու մի գործ ունեմ, հազար ու մի նպատակ…

ՄԱՀՈՒԲ– Գործ-մործ չգիտեմ: Ասի` քոնը այստեղ վերջացավ:

ԳՐՈՂ– Մարդ ես, տո. թող, գոնե բառը վերջացնեմ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ասենք թե էդ մի բառն էլ գրեցիր, հետո՞:

ԳՐՈՂ– Հետո մի բան կմտածենք:

ՄԱՀՈՒԲ– Մենք մտածած եկել ենք:

ԳՐՈՂ– Ախր շա՜տ անակնկալ եք եկել, է, շա՜տ: Գիտե՞ք` ինչքան կիսատ գործ ունեմ:

ՄԱՀՈՒԲ– Հիմա, որ ժամանակ տամ, ի՞նչ ես անելու:

ԳՐՈՂ– Գոնե այս բառը կվերջացնեմ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հետո՞:

ԳՐՈՂ– Նախադասությունը:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հետո՞:

ԳՐՈՂ– Այս հատվածը, այս էջը, այս վեպը…

ՄԱՀՈՒԲ– Հետո՞… Ամեն ինչ այդպես կվերջացնես, մի օր էլ կասես. «Վե՛րջ, էլ գործ չունեմ, ինձ տա՞ր»: (Գրողը մտամոլոր խորհում է): Որ ասեմ` մինչև հիմա այդպիսի մարդ չի եղել, կհավատա՞ս: (Գնում նստում է բազմոցին):

ԳՐՈՂ– Ախր ինչո՞ւ հիմա: Իմ ի՞նչ ժամանակն է: Դեռ հիսուն չկամ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ- Է՛, մե՞զ ինչ:

ՄԱՀՈՒԲ– Քեզ թվում է` 20-30 տարի հետո պիտի ուրի՞շ բան ասես: Կամ ի՞նչ մեծ բան է 20-30 տարին, հը՞:

ԳՐՈՂ– Էլի բան է:

ՄԱՀՈՒԲ– Ախր ես ձեզ գիտեմ: Հազար տարի էլ ապրեք, մեկ է, նույնն եք ասելու: Իսկ 20-30 տարվա համար արժի՞ դարդ անել:

ԳՐՈՂ– Ուզում ես համոզել, հա՞:

ՄԱՀՈՒԲ– Ինձ լսիր. այսինչը, օրինակ, մեռել է մեր թվականությունից առաջ 1005 թվականին, իսկ այնինչը` 1025 կամ 1035. տարբերությունը մե՞ծ է: (Մի պահ լռում են): Դու դեռ շնորհակալ պիտի լինես, որ շուտ եմ եկել:

ԳՐՈՂ– (Զարմացած) Ինչո՞ւ:

ՄԱՀՈՒԲ– Որովհետև վաղաժամ մեռած գրողին քո ցեղակիցներն ավելի շատ են սիրում: Եթե ուզես, այդ սերը ես նույնիսկ կարող եմ կրկնապատկել:

ԳՐՈՂ– Դո՞ւ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Հեգնանքով) Չէ, ձեր գրողների միության նախագահը:

ԳՐՈՂ– Ինչպե՞ս:

ՄԱՀՈՒԲ– Եթե համաձայնես` քո մահը ողբերգական դարձնեմ, հավատա, որ այդ սիրուց շատերը նույնիսկ կխելագարվեն:: (Գրողը մտածում է):

Հը՞, ի՞նչ կասես: Ի դեպ, դու քեզ պիտի համարես բախտավոր, որ ինձ պես հրեշտակի ձեռք ես ընկել: Մեկ ուրիշը լիներ, կտակդ էլ չէիր հասցնի գրել:

ԳՐՈՂ– Ուրեմն դուք շա՞տ եք:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա երկուսով հո չե՞նք:

ԳՐՈՂ– Եվ իրարից տարբե՞ր:

ՄԱՀՈՒԲ– Ձեզ նման: Ամեն մեկս մի բնավորություն ու սովորություն ունենք: Էդ լույսը մի քիչ թեքիր, խանգարում է: (Գրողը լուսամփոփի դիրքը փոխում է): Հիմա ի՞նչ անենք: Տեսնում եմ` մտքիդ չկա:

ԳՐՈՂ– Ախր դու չես պատկերացնում, թե մահը ինչ է: Գուցե լավ կլինի, որ ես այսօր կտակս գրեմ, իսկ դու մի օր, առանց զգուշացնելու, առանց աչքերիս նայելու…

ՄԱՀՈՒԲ– Լավ: Արի տղամարդու պայման կապենք: Դու քեզ համար դեռ ապրիր: Ես քո դուռը էլ չեմ գա, բայց հենց ձայն տամ, ամեն ինչ պիտի թողնես, անմիջապես գաս: Եղա՞վ:

ԳՐՈՂ– (Ուրախացած) Եղավ, եղավ:

ՄԱՀՈՒԲ– (Տեղից վեր կենալով) Դե, չմոռանաս. հենց ձայն տամ…


Բեմը մթնում ու լուսավորվում է: Երկու հրեշտակները դարձյալ ճանապարհին են:


ՄԱՀՈՒԲ– Էլ ոչ մի հետաձգում. մյուսի հոգին հաստատ առնելու եմ: Տես` ցուցակում հաջորդը ով է:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Գրպանից հանում է մի թուղթ և նայում): Հաջորդը… Սարգիս քահանա: Գրողի անվան դիմաց ի՞նչ գրեմ:

ՄԱՀՈՒԲ– Բա ես գիտե՞մ: Նշան դիր, որ տեսել ենք, պետին մի բան կասեմ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Չի՞ բարկանա:

ՄԱՀՈՒԲ– Նայած տրամադրության:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Շա՞տ է լինում, որ հետաձգում ես:

ՄԱՀՈՒԲ– Չգիտեմ: Վրաս միշտ փնթփնթում են:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Էս ցուցակներն ո՞վ է կազմում:

ՄԱՀՈՒԲ– Վերևում կազմում, բերում-բաժանում են:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ցուցակում չեղած մարդկանց հոգին չե՞նք կարող առնել:

ՄԱՀՈՒԲ– Կարող ենք, բայց հետո պիտի պատասխան տանք, հիմնավորում գտնենք:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Իսկ եղածներինը` չառնե՞լ:

ՄԱՀՈՒԲ– Օրենքով` չէ: Կարծես թե հասանք: (Երևում է մի դուռ):

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Միանգամից պիտի խփե՞ս, թե էլի …

ՄԱՀՈՒԲ– Տեսնենք: (Դուռը թակում է: Ոչ մեկը ձայն չի հանում: Նորից է թակում: Քիչ անց դռան հետևից լսվում է տղամարդու` Սարգիս քահանայի ձայնը):

ՔԱՀԱՆԱ– Ո՞վ է:

ՄԱՀՈՒԲ– Դուռդ բա՛ց, եղբայր: Քեզ հետ գործ ունեմ:

ՔԱՀԱՆԱ– Ո՞վ ես, ի՞նչ գործ գիշերվա կեսին:

ՄԱՀՈՒԲ– Հո չե՞մ գոռալու: Բաց արա, կասեմ: (Քահանան դուռը բացում է, հրեշտակին տեսնում և անակնկալի գալիս):

ՔԱՀԱՆԱ– Վա՛հ:

ՄԱՀՈՒԲ– Բա՛: Չէի՞ր սպասում:

ՔԱՀԱՆԱ– Դու… դու… Հաստատ սխալվել ես: Հիվանդը մեր գյուղի Իշխանն է:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Քահանա Սարգիսը դու չե՞ս:

ՔԱՀԱՆԱ– Եե՜ս եմ: Ե՛ս քիչ առաջ Իշխանի գլխին «Նարեկ» կարդացի:

ՄԱՀՈՒԲ– Լավ արեցիր: Գնացի՛նք:

ՔԱՀԱՆԱ– Հո ձեռ չես առնում, այ... Ինձ ի՞նչ է եղել: Հրեն, Հոռոմը արդեն հարյուր տարեկան է:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Քահանա Սարգիսը դու չե՞ս:

ՔԱՀԱՆԱ– Ես եմ:

ՄԱՀՈՒԲ– Ասում եմ` գնացի՛նք:

ՔԱՀԱՆԱ– Մորուքիս մի՛ նայիր, է, ջահել մարդ եմ:

ՄԱՀՈՒԲ– Լսիր, ես ժամանակ չունեմ:

ՔԱՀԱՆԱ– Ա՛յ քեզ արդարությո՜ւն:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ արդարություն:

ՔԱՀԱՆԱ– Բա էն հարյուր տարեկան Հոռոմը ապրի, էն մարդակեր Ավագը ապրի, էն սատանա Ավեն ապրի, ես մեռնե՞մ: Տրամաբանությունը ո՞րն է:

ՄԱՀՈՒԲ– Լսիր, դու հավատացյալ, աստվածավախ, Աստծո ծառա մարդ ես, չէ՞:

ՔԱՀԱՆԱ– Առանց աղոթելու մի օր չեմ ապրել:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Լավ ես արել: Հիմա Աստված ուղարկել է, որ հոգիդ տաս:

ՔԱՀԱՆԱ– Հավատս չի գալիս: Ուրեմն այսպես ջահել-ջահել մեռնե՞մ: Ախր տրամաբանություն, արդարություն պիտի լինի՞, թե չէ:

ՄԱՀՈՒԲ– (Օգնականին) Տեսնում ես, չէ՞:

ՔԱՀԱՆԱ– Բա ես մեղք չե՞մ:

ՄԱՀՈՒԲ– Վա՛յ, ես էս կարգ դնողի հերն եմ անիծել, վա՛յ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ ենք անելու:

ՔԱՀԱՆԱ– Ես ընդամենը ուզում եմ, որ այս աշխարհում գոնե այդ հարցում արդարություն լինի: Գոնե դուք արդար եղեք…

ՄԱՀՈՒԲ– (Մտածելով, քահանային) Դու էս գյուղից կարո՞ղ ես մի քանի օրով այնպես չքվել, որ սատանան էլ չգտնի:

ՔԱՀԱՆԱ– Հենց հիմա՞:

ՄԱՀՈՒԲ– Հա, բա ե՞րբ: Մենք քեզ չենք տեսել: Հասկացա՞ր:

ՔԱՀԱՆԱ– Հասկացա:

ՄԱՀՈՒԲ– Տանը չես եղել, չենք գտել: Իմացա՞ր:

ՔԱՀԱՆԱ– Իմացա:

ՄԱՀՈՒԲ– Էս ամեն ինչը եղել է երազ: Եղա՞վ:

ՔԱՀԱՆԱ– Եղավ:

ՄԱՀՈՒԲ– Դե, մենք գնացինք:

ՔԱՀԱՆԱ– Բա… Բա… Ե՞րբ եք գալու:

ՄԱՀՈՒԲ– Մի օր հաստատ կգանք: Դու պատրաստ եղիր:

ՔԱՀԱՆԱ– Եղավ: Կլինեմ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Տես հա. էսօրվա պես անակնկալի չգաս:

ՔԱՀԱՆԱ– Չեմ գա:

ՄԱՀՈՒԲ– (Հեռանալով) Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք: Վա՜յ, մարդ ստեղծող, վա՜յ…


Բեմը պտտվում է: Երկու հրեշտակները դարձյալ ճանապարհին են:


ՄԱՀՈՒԲ– Ցուցակում նայիր` ով է հաջորդը:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Նայում է): Նազինյան Հոռոմ. 100 տարեկան:

ՄԱՀՈՒԲ– (Կանգնելով) Թո՛ւ… Էլի մոռացա: Դա էն Հոռոմն է, որի մասին քահանան ասաց: Ամեն անգամ մոռանում եմ դրա հոգին առնել ու, այսպես, ասելիք է դարձել:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ անենք, հե՞տ դառնանք:

ՄԱՀՈՒԲ– Չէ, թող մնա` մյուս անգամ: Հիմա պիտի հիվանդանոց գնանք. մարդ է մեռել:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ուրեմն չի՞ ընդդիմանա:

ՄԱՀՈՒԲ– Չէ, էլ ի՞նչ ընդդիմանա: Հոգին արդեն առած-պրծած է, պիտի վերցնենք ու գնանք:


Նոր պատկեր: Կիսախավար սենյակում սպիտակ սավանով ծածկված է մի հանգուցյալ: Ներս են մտնում հրեշտակները: Մահուբը մոտենում է սնարին, վերցնում մի թուղթ ու կարդում:


ՄԱՀՈՒԲ– Պետրոսյան Պետրոս Պողոսի: (Օգնականին) Ցուցակում կա՞:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Նայում է): Չէ, չկա:

ՄԱՀՈՒԲ– Ուրեմն սխալմունք է: Այս մարդը հաստատ ողջ է: (Հանկարծ «հանգուցյալը» սավանի տակ շարժվում է): Ասացի, չէ՞: (Լսվում է դռան ճռռոց: Սենյակի լույսը վառվում է: Դիահերձման գործիքներով գալիս է մի տղամարդ, սավանը վերցնում և, այն է, պիտի «հանգուցյալին» սկսի հերձել, բայց տարեց հրեշտակը ձեռքը բռնում է): Խելառ հո չե՞ս, վայրենի: Չե՞ս տեսնում` կենդանի է:

ՏՂԱՄԱՐԴ– (Անակնկալի եկած, վախեցած) Իսկ դու… Դու ո՞վ ես:

ՄԱՀՈՒԲ– Քե՞զ ինչ: Ասում եմ` կենդանի է: Ձեզ որ թողնեն, իրար ողջ-ողջ կուտեք: Ես ձեր…

ՏՂԱՄԱՐԴ– Կենդանի է՞: (Զարկերակը շոշափում է): Հա, էլի: (Հրեշտակին) Ես մեղավոր չեմ: Ինձ ասել էին…

ՄԱՀՈՒԲ– Ու դու էլ առանց ստուգելու պիտի մորթեիր, հա՞:

ՏՂԱՄԱՐԴ– Իմ գործն էդ է:

ՄԱՀՈՒԲ– Թո՛ւ: Ես մարդ արարողի… Ու դուք էլ դեռ արդարությունից եք խոսում, մեզնից բողոքում: (Օգնականին) Քանի շուտ է, գնանք, թե չէ էս վայրենին մեզ էլ կմորթի: (Տղամարդուն) Մեզ տեսնելու մասին ոչ մի խոսք: Եղա՞վ:

ՏՂԱՄԱՐԴ– (Վախեցած) Եղավ:

ՄԱՀՈՒԲ– Թե չէ նույն օրը հոգիդ կառնեմ: Եղա՞վ:

ՏՂԱՄԱՐԴ– Եղավ:


Լսվում է «հանգուցյալի» ձայնը.

– Ո՞վ կա այստեղ: Ո՞վ կա այստեղ:


Բեմը պտտվում է: Հրեշտակները դարձյալ ճանապարհին են:


ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ինչո՞ւ չթողիր: Գոնե մի մարդու հոգի կառնեինք:

ՄԱՀՈՒԲ– Դու ինձ ինչի՞ տեղ ես դրել. ես մա՜րդ եմ, ի՜նչ եմ…

Ինձնից քեզ խրատ. անմեղ տեղը մի մրջյունի կյանք էլ չառնես:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բոլո՞ր հրեշտակներն են այդպես:

ՄԱՀՈՒԲ– Է՜, ախպերս, է՜: Ի՞նչ ասեմ: Էս աշխարհն ստեղծողին ես ի՜նչ ասեմ…

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Քիչ անց) Նիստը վա՞ղն է:

ՄԱՀՈՒԲ– Ե՛վ վաղն է, և՛ մյուս օրն է: Թո՛ւ…


Բեմը մթնում ու լուսավորվում է: Մահվան հրեշտակների նիստն է: Հրեշտակապետը նստած է վերևում, կողքը նստած են օգնականները, իսկ փոքր-ինչ ցածր` մյուս հրեշտակները: Վերջիններիս մոտավորապես կեսը կանայք են:


ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Ցուցակում կարդում է): Իսահակյան Կարեն Գրիգորի: Հոգին…

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Իվանով Վանյա Իվանովիչ:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Մատինյան Վահան Վաղինակի… (Ոչ մեկը ձայն չի հանում): Ո՞ւմն է:

ԶԵՆՈՒԲ– Իմն է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ուշք ու միտքդ ո՞ւր է: Առա՞ր:

ԶԵՆՈՒԲ– Չէ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ինչո՞ւ:

ԶԵՆՈՒԲ– Մոտենալ չի լինում. վայրենու մեկն է: (Հրեշտակները ծիծաղում են):

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ես գնա՞մ առնեմ:

ԶԵՆՈՒԲ– Կառնես, բա չէ՞: Տեսնում է թե չէ, վրա է հասնում: Քիչ մնաց` խեղդեր: (Կոկորդին հետքեր ցույց տալով) Ըհը՛: (Նորից` ընդհանուր ծիծաղ):

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Օգնականներից մեկին) Ի՞նչ անենք:

ՕԳՆԱԿԱՆ– Առայժմ թող մնա:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Նազինյան Հոռոմ Կարենի:

ՄԱՀՈՒԲ– Իմն է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Առա՞ր:

ՄԱՀՈՒԲ– (Գլուխը պտտելով) Մոռացա:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Օգնականին) Գրավոր նկատողություն: Արդեն հարյուր տարի ապրում է: (Շարունակում է ընթերցել): Սարգիս քահանա:

ՄԱՀՈՒԲ– Իմն է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Առա՞ր:

ՄԱՀՈՒԲ– Չգտա:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Համա թե հրեշտակ ես, հա՜:

ՄԱՀՈՒԲ– Որ չգտա, ի՞նչ անեմ: Գյուղում էլ տեղ չմնաց, որ չմտնեմ: Հրես, սանիկս էլ` վկա: (Կրտսեր հրեշտակը հավանության նշան է անում):

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Ցուցակը կողք է դնում): Ասելիք ո՞վ ունի:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ծղոտ գյուղում երեկ մի մարդու տեսա. 120 տարեկան:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Անունն իմացա՞ր:

ՀՐԵՇՏԱԿ– Նալբանդյան Մանվել Պապի:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ո՞ւմ ցուցակում է: (Ոչ մեկը ձայն չի հանում: Օգնականները նայում են մատյանները): Չկա՞: (Օգնականները գլուխները պտտում են): Լա՛վ նայեք: (Նորից են նայում):

ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Չկա:

ՄՅՈՒՍ ՕԳՆԱԿԱՆԸ– Չկա:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ա՛յ թափթփվածությո՜ւն, ա՛յ թափթփվածությո՜ւն… (Օգնականներից մեկին) Կպարզես` ում բացթողումն է, և կզեկուցես: Այսքանը: Նոր ցուցակները բաժանեք: Նիստն ավարտված է: (Հրեշտակապետը գնում է: Օգնականները բաժանում են նոր ցուցակները):


Բեմը մթնում է և լուսավորվում սովորականից ուշ:

Ճանապարհին նորից նույն` տարեց և կրտսեր հրեշտակներն են:


ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Շա՞տ ենք գնալու:

ՄԱՀՈՒԲ– Չէ: Արդեն հասանք: Հիվանդ մարդ է: Կարող է` ժամանակ չկորցնենք:


Հասնում են մի դռան: Մահուբը դուռը թակում է: Քիչ անց այն բացվում է:


ՄԱՀՈՒԲ– Բարև ձեզ:

ՏՂԱՄԱՐԴ– Բարև ձեզ:

ՄԱՀՈՒԲ– Սամվել Իսկանդարյանը դո՞ւ ես:

ՏՂԱՄԱՐԴ– Ես եմ:

ՄԱՀՈՒԲ– Գնացի՛նք:

ՏՂԱՄԱՐԴ– (Զարմացած) Ո՞ւր:

ՄԱՀՈՒԲ– Էլ ո՞ւր պիտի:

ՏՂԱՄԱՐԴ– Դու ո՞վ ես, տեղը չեմ բերում:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հիվանդ մարդ ես, չէ՞:

ՏՂԱՄԱՐԴ– Հա: Հետո՞:

ՄԱՀՈՒԲ– Ես հոգեառ հրեշտակ եմ: Գնացի՛նք:

ՏՂԱՄԱՐԴ– (Անակնկալի եկած) Ո՞նց թե: Այսպես հանկարծակի՞: Անակնկա՞լ:

ՄԱՀՈՒԲ– Ձե՞ռ ես առնում. ի՞նչ հանկարծակի: Քանի՞ տարի է, որ հիվանդ ես:

ՏՂԱՄԱՐԴ– Երկու:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ասում ես` անակնկալ:

ՏՂԱՄԱՐԴ– Հիվանդությունն ի՞նչ կապ ունի: Հրեն, Վաղոն ծնված օրից հիվանդ է:

ՄԱՀՈՒԲ– Ես Վաղոյի հետ գործ չունեմ: Իմ ցուցակում դու ես:

ՏՂԱՄԱՐԴ– Բայց իմ հիվանդությունը մահացու չէ: Ուզո՞ւմ ես, բժշկի թղթերը բերեմ:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ թղթեր:

ՏՂԱՄԱՐԴ– Ախտորոշման:

ՄԱՀՈՒԲ– (Օգնականին) Սա իսկապես ձեռ է առնում:

ՏՂԱՄԱՐԴ– Չէ: Ի՞նչ ձեռ առնել:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Դե, ուրեմն, գնացինք: (Ձեռքից քաշում է):

ՏՂԱՄԱՐԴ– (Ընդդիմանալով) Չեմ գա:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Խաթրով չե՞ս գա:

ՏՂԱՄԱՐԴ– Չէ, չեմ գա:

ՄԱՀՈՒԲ– (Ցույց է տալիս եռաժանին): Խփե՞մ:

ՏՂԱՄԱՐԴ– (Անսպասելիորեն հրում գցում է և վազում, վերցնում մի մեծ դանակ): Մոտ չգա՛ս:

ՄԱՀՈՒԲ– Թո՛ւ… Վա՛յ աշխարհ ստեղծող: Վա՛յ աշխարհ ստեղծող…

ՏՂԱՄԱՐԴ– Մոտ չգա՛ս:

ՄԱՀՈՒԲ– Ձեր ձեռին կրակը հո չե՞մ ընկել, այ մարդ:

ՏՂԱՄԱՐԴ– Մոտ չգա՛ս:

ՄԱՀՈՒԲ– Ես մեղավո՞ր եմ, որ աշխարհի կարգը էս է:

ՏՂԱՄԱՐԴ– Կարգ-մարգ չգիտեմ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ուրեմն չե՛ս գալիս:

ՏՂԱՄԱՐԴ– Չէ՛:

ՄԱՀՈՒԲ– Դե, ուրեմն, հիշիր. քո գալու ժամանակը հիմա էր, որ չտանջվես: Դու սրանից հետո չես ապրելու, միայն տանջվելու ես, որովհետև խախտում ես քո ժամանակային սահմանը: Քո ժամանակից, քո սահմանից դուրս ես ապրում և այդ պատճառով տեսնելու ես միայն ցավ: Տեսնելու ես այնպիսի բաներ, որ չպիտի տեսնեիր: Դու հետո կխնդրես, որ գամ, կաղաչես, որ գամ, բայց չեմ գա: Ոտքերս կընկնես, որ հոգիդ առնեմ, բայց չեմ առնի: (Դուռը փակում և օգնականի հետ դուրս է գալիս): Վա՜յ աշխարհ ստեղծող, վա՜յ աշխարհ ստեղծող…


Բեմը պտտվում է:

Նույն հրեշտակները դարձյալ ճանապարհին են: Անձրև է գալիս:


ՄԱՀՈՒԲ– Ճիշտ եմ ասում. հոգիս բռիս մեջ լիներ, բաց կթողնեի:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա՞ ուր ենք գնալու:

ՄԱՀՈՒԲ– Ես` մոռացված պառավի մոտ, դու` էն 120 տարեկանի: Մի քիչ նախապատրաստիր: Ասա, թող կտակը գրի, ապաշխարի, մինչև գամ: Էն ծառի մոտ կսպասես: Եղա՞վ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Եղավ:


Գնում են տարբեր կողմեր: Տարեց հրեշտակը թակում է ինչ-որ դուռ:


ՊԱՌԱՎԻ ՁԱՅՆ– (Ներսից) Ո՞վ է:

ՄԱՀՈՒԲ– Մայրիկ ջան, մի րոպեով բացիր: (Դուռը բացվում է):

ՊԱՌԱՎ– Ո՞վ ես, տղա ջան, աչքերս տեսնում չեն:

ՄԱՀՈՒԲ– Ես…

ՊԱՌԱՎ– Արի, ներս արի, կմրսես:

ՄԱՀՈՒԲ– Չէ: Ես եկել եմ, որ…

ՊԱՌԱՎ– Թրջված ես: Արի, մի բաժակ թեյ տամ, գինի տամ, տաքացիր:

ՄԱՀՈՒԲ– Չէ: Ես ժամանակ …

ՊԱՌԱՎ– Օտար մարդ ես երևում: Երևի երկար ես ճամփա եկել: Մի՛ ամաչիր, արի:

ՄԱՀՈՒԲ– Ես մի րոպեով…

ՊԱՌԱՎ– Էդ եղանը տուր, դնեմ էստեղ, գնալիս կվերցնես: (Եռաժանին ձեռքից վերցնում է): Արի, արի` տեսնենք` ո՛ր երկրից ես, ո՛ր քաղաքից: Է՜: Էլ ինձ հիշող չկա: Դուռս եկող չկա: Մոռացել են, մոռացել: (Հրեշտակը նստում է թախտին: Պառավը թեյի պատրաստություն է տեսնում):

ՄԱՀՈՒԲ– (Կատակով) Դե, արդեն ջահել չես, որ հիշեն…

ՊԱՌԱՎ– Է՜, տղա ջան, չիմացա, թե երբ ծերացա: Հարյուր տարին երկու օրվա պես գնաց:

ՄԱՀՈՒԲ– Դե, հո անվերջ չե՞նք ապրելու: Մի օր պիտի բոլորս էլ մեռնենք:

ՊԱՌԱՎ– Ջահել մարդ ես, մեռնելուց խոսելու քո ի՞նչ ժամանակն է: (Կատակով) Դու սիրածից-միրածից խոսի:

ՄԱՀՈՒԲ– (Ծիծաղելով) Ա՛յ յամանն ես, հա՜: Ճիշտ ասա` քանի՞ առու ես թռել:

ՊԱՌԱՎ– (Թեյի բաժակն ու շաքարամանը հրեշտակի առաջ դնելով` ծիծաղում է): Մեր ժամանակ ուրիշ էր, տղա ջան, հիմիկվա պես չէր: Բայց ժամանա՛կն էլ անցավ, սիրածնե՛րն էլ անցան, ու հիմա էսպես մոռացված ապրում եմ: Թե թող կանես, հարցնեմ. որտեղացի՞ ես, ո՞ւր ես գնում, փեշակդ ի՞նչ է:

ՄԱՀՈՒԲ– (Թեյից հոտ է քաշում): Է՜, մայրիկ: Որ ասեմ, վայ թե դուրս անես:

ՊԱՌԱՎ– Ասա, տղա ջան, ասա:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ ասեմ: Ես քեզանից, քո հյուրասիրությունից շնորհակալ եմ, բայց… Աշխարհում կարգ դնողի հերն եմ անիծել:

ՊԱՌԱՎ– Ինչի՞ց ես դժգոհ, տղա ջան:

ՄԱՀՈՒԲ– Ո՞նց ասեմ, մայրիկ ջան: Էս աշխարհի կարգը կարգ չէ, բայց դե կարգ է: Իմ ձեռքին չէ: Ես մահվան հրեշտակ եմ:

ՊԱՌԱՎ– Հա՜: Ոչինչ, բալա ջան, սիրտդ լեն պահի: Աստծո կարգն է: Ի՞նչ կարանք անենք: Մի օր էլ ուրիշը եկավ: Շատ շուտ էր: Աղջիկ երեխա էի: Մի բաժակ էլ լցնե՞մ, հոտ քաշես:

ՄԱՀՈՒԲ– Չէ, շնորհակալ եմ:

ՊԱՌԱՎ– Թե կուզես, լավ գինի ունեմ:

ՄԱՀՈՒԲ– Գինի՞:

ՊԱՌԱՎ– Հա: Հին, թունդ, գինի է:

ՄԱՀՈՒԲ– Որ ասում ես, բեր:

ՊԱՌԱՎ– (Պահարանից հանում է գինու գավը): Շեկ մազերով, նիհար-միհար հրեշտակ էր: Կարող է՝ ճանաչես:

ՄԱՀՈՒԲ– Կապույտ աչքերո՞վ:

ՊԱՌԱՎ– (Գինու գավն ու բաժակը դնում է սեղանին): Հա: Աչքերը կապույտ էին:

ՄԱՀՈՒԲ– (Բաժակը լցնում է և սկսում հոտ քաշել): Գիտեմ, ճանաչում եմ: Նենգ, սրիկա հրեշտակ է: Երեխեքի բկից էլ է բռնում:

ՊԱՌԱՎ– Ճիշտ է: Էդ տեսակ չար հրեշտակ էր: Աղջիկ երեխա էի, եկել, ձեռ ու ոտս կապել էր, թե` պիտի տանեմ: Թե ոնց ձեռիցը պրծա, չեմ իմանում: Երևի իմ բախտն էր:

ՄԱՀՈՒԲ– (Շարունակում է հոտ քաշել): Գինիդ լավն է, մայրիկ:

ՊԱՌԱՎ– Գլխին շուտ է խփում. զգույշ:

ՄԱՀՈՒԲ– Բա հիմա ի՞նչ անենք:

ՊԱՌԱՎ– Որ եկել ես, պիտի գնանք, ինչ անենք:

ՄԱՀՈՒԲ– Որ այդպես է, մի քիչ էլ հոտ քաշեմ:

ՊԱՌԱՎ– Քաշիր, բալա ջան: Որ ուզում ես, քաշիր, ի՞նչ ասեմ: Ես եղանդ կբերեմ: (Գնում է` եռաժանին բերելու):


Բեմը պտտվում է: Կրտսեր հրեշտակը, ծառի տակ կանգնած, սպասում է:


ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Մտքում) Ինչպես երևում է, էլի չի հաջողվում. ուշանում է:


Անցնում է որոշ ժամանակ: Լսվում է թփերի խշխշոց: Գալիս է Մահուբը, որ լավ հարբած է: Երգում է:


ՄԱՀՈՒԲ– Ավլեմ-թափեմ փոշին,

Ավլեմ-թափեմ փոշին,

Գիշերները, յարո ջան,

Խլվլամ քո դոշին:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Զարմացած) Քեզ ի՞նչ եղավ. էլի՞…

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ` էլի:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հոգին առա՞ր:

ՄԱՀՈՒԲ– Ո՞ւմ հոգին:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ո՞ւմ պիտի. Հոռոմի:

ՄԱՀՈՒԲ– (Անմիջապես սթափվում է): Թո՛ւ…

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ:

ՄԱՀՈՒԲ– Գրողը տանի:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հը՞: Նա՞ էլ ընդդիմացավ:

ՄԱՀՈՒԲ– Չէ, ի՞նչ ընդդիմանալ: Բարի պառավ էր:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ինչո՞ւ չառար:

ՄԱՀՈՒԲ– Վայ թե մոռացա… Հետևիցս ինչ-որ մեկը ձայն էր տալիս: Երևի ինքն էր: (Նստում են ծառի տակ): Դո՞ւ ինչ արեցիր:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ինչ ասել էիր: Կտակը գրեց, ապաշխարեց և հիմա պատրաստ սպասում է:

ՄԱՀՈՒԲ– Ուրեմն գնա՞նք:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Գնանք: Վերջապես գոնե մի մարդու հոգի կառնենք: (Վեր են կենում, որ գնան, բայց հանկարծ վազելով, շնչակտուր մոտենում է մեկ այլ երիտասարդ հրեշտակ` սուրհանդակը):

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Վայ: Հազիվ գտա:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է եղել:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Շտապ կանչ կա:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ կանչ:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Էլ ի՞նչ կանչ պիտի լինի: Հոգեառության: Ինքնասպանության դեպք է:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Եթե ինքնասպանություն է, մեր անելիքն ի՞նչ է լինելու:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Ի՞նչ պիտի լինի: Հոգին պիտի վերցնեք ու գաք:


Բեմը մթնում է և լուսավորվում:

Հիվանդանոց: Վերակենդանացման սենյակ: 17-18 տարեկան մի աղջիկ ուշագնա պառկած է սեղանին: Նրա մոտ կանգնած են մի բժիշկ և մի բուժքույր:


ԲԺԻՇԿ– Հիսուն գրամ թույն է խմել: Ոչինչ չի օգնի: (Ստուգում է զարկերակը):

ԲՈՒԺՔՈՒՅՐ– Խփո՞ւմ է:

ԲԺԻՇԿ– Թույլ: Միացրու, թող արյունը մաքրվի: Աստված իր հետ: (Բժիշկը դուրս է գալիս: Բուժքույրը միացնում է ինչ-որ սարք և նստում աղջկա մոտ: Կիսաբաց դռնից ներս են մտնում տարեց և կրտսեր հրեշտակները, որոնց ներկայությունը բուժքույրը չի զգում):

ՄԱՀՈՒԲ– Է՜, աղջիկ ջան, քո ի՞նչ ժամանակն էր: Ջահե՜լ, սիրո՜ւն: Հիմա ես ի՞նչ անեմ:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Այս աշխարհում ապրել չեմ ուզում: Ա՛ռ հոգիս:

ՄԱՀՈՒԲ– Ինչո՞ւ այսպես շուտ: Անունդ ոչ մի ցուցակում չկար: Դու դեռ պիտի ապրեիր, վայելեիր կյանքը:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Չեմ ուզում: Այս աշխարհում ապրել չեմ ուզում: Այս դավաճան, նենգ, անսեր աշխարհում ապրել չեմ ուզում:

ՄԱՀՈՒԲ– Ասիր` անսե՞ր:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Ասի` անսեր, ասի` նենգ…

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Դու սիրել ես, քեզ խաբե՞լ են:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Հա, սիրել եմ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Եվ դրա համար…

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Քի՞չ է:

ՄԱՀՈՒԲ– Շատ է: Բայց քո հոգին ես չեմ առնի: Դու պիտի ապրես:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Չեմ ուզում:

ՄԱՀՈՒԲ– Հիշիր իմ խոսքերը. դու դեռ կվայելես կյանքը և կզգաս սիրո երջանկությունը:

ԱՂՋԿԱ ՁԱՅՆԸ– Չեմ հավատում:

ՄԱՀՈՒԲ– Ես քեզ հիմա կներարկեմ հակաթույն, և դու կապրես: (Ներարկում է): Եվ դու կապրե՛ս: (Ձայնը հնչում է արձագանքի պես): Կապրե՛ս… Կապրե՛ս: (Հրեշտակները գնում են: Որոշ ժամանակ անց գալիս է բժիշկը: Ստուգում է զարկերակը, չափում ճնշումը):

ԲԺԻՇԿ– (Զարմացած) Հրաշք է…


Բեմը պտտվում է: Ճանապարհով, մարդու մի ամբողջական կմախք ուսին դրած, գնում է Մահուբը: Հետևից լսվում է ձայն. «Մահո՛ւբ, Մահո՛ւբ»: Վերջինս կանգնում և հետ է նայում: Գալիս է Զենուբը:


ԶԵՆՈՒԲ– Չե՞ս լսում: Մեռա` ձայն տալով:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է եղել:

ԶԵՆՈՒԲ– Ի՞նչ պիտի լինի: Միասին գնանք: Սանի՞կդ ուր է:

ՄԱՀՈՒԲ– Հոգնել էր: Ուղարկեցի` հանգստանա:

ԶԵՆՈՒԲ– Ճիշտ էլ արել ես: Ես էլ եմ հոգնել: Մինչև մի հոգի առնում եմ, հոգիս դուրս է գալիս:

ՄԱՀՈՒԲ– Շա՞տ ես առել:

ԶԵՆՈՒԲ– Որ ասեմ` հա, կհավատա՞ս:

ՄԱՀՈՒԲ– Բա ես գիտե՞մ: Հրեշտակ կա՝ մեծ-մեծ բրդում է:

ԶԵՆՈՒԲ– Ա՛հ: Դրանց որ լսես, հոգի առնելը խաղ ու պար է: Լինում է` մի ամբողջ օր մեկն էլ չեմ առնում:

ՄԱՀՈՒԲ– Ես էլ:

ԶԵՆՈՒԲ– Բա ի՞նչ անենք: Էլի նկատողությո՜ւն: Էլի փնթփնթո՜ց… (Կմախքին նայելով) Դա ինչո՞ւ ես վերցրել:

ՄԱՀՈՒԲ– Կրտսերներին պիտի անատոմիա սովորեցնեմ: (Կմախքը դնում է գետնին): Ահա թե ինչ է մարդուց մնում, ախպերս, երբ նրանից առնում ենք հոգին: (Փոքր-ինչ քնարականությամբ): Մի փչակ, ուր ժամանակին թևածել են աստղերից աստղեր սավառնող մտքեր: Մի ճաղավանդակ, որը զսպել է սիրո ամեհի փոթորիկները… Ոսկրեր` ծուռ ու մուռ, որոնց այսուհետ գրկելու է լոկ ունայնությունը…

ԶԵՆՈՒԲ– Դու լավ փիլիսոփա կդանաս, Մահուբ:

ՄԱՀՈՒԲ–Եվ ինչո՞ւ է դրվածքը այսպիսին, հը՞: Ո՞ւր է գեղեցիկ միս ու շարժումն այն, որը այլանդակ այս խրտվիլակին հաղորդում էր կյանք… Դու չե՞ս ափսոսում, Զենուբ:

ԶԵՆՈՒԲ– Փնթփնթոցներից ես արդեն հոգնել եմ: Ինձ հիմա որս է պետք: (Կողքի նայելով) Էն ո՞վ է:

ՄԱՀՈՒԲ– (Նույն կողմը նայելով) Շա՞տ գիտեմ: Հնձվոր է:

ԶԵՆՈՒԲ– Լավ էլ հնձում է, հա:

ՄԱՀՈՒԲ– Մտքինդ ասա:

ԶԵՆՈՒԲ– Ասելը ո՞նց է լինում:

ՄԱՀՈՒԲ– Իմ ցուցակի մեջ հնձվոր չկա:

ԶԵՆՈՒԲ– Իմի մեջ էլ չկա, բայց սա իմ որսն է:

ՄԱՀՈՒԲ– Ես այսպես պատահական մարդու հոգի չեմ առնի: Մարդ է, հունձ է անում: Ի՞նչ գործ ունենք:

ԶԵՆՈՒԲ– Բանի հետևից ես ընկել: Որ միշտ բարի լինենք, սոված կմնանք: (Ճանապարհից դուրս է գալիս, մոտենում հնձվորին և ոտքը դնում գերանդու վրա): Հո՛պ:

ՀՆՁՎՈՐ– (Նրան նայելով, հանգիստ) Ի՞նչ է:

ԶԵՆՈՒԲ– Ի՞նչ պիտի լինի: Տեղը չբերի՞ր:

ՀՆՁՎՈՐ– Ասենք թե` բերի:

ԶԵՆՈՒԲ– Դե որ բերիր, հոգիդ տուր:

ՀՆՁՎՈՐ– (Հրում, գցում է): Գործիդ գնա, տո: (Զենուբն ընկած տեղից փորձում է վեր կենալ: Հնձվորը գերանդիով հարձակվում է: Մահուբը մարդու ձեռքից բռնում է):

ՄԱՀՈՒԲ– Վե՛րջ տվեք, վե՛րջ տվեք…

ՀՆՁՎՈՐ– Թո՛ղ, ես դրա… (Ընկած հրեշտակը հազիվ կարողանում է մի կողմ փախչել):

ԶԵՆՈՒԲ– Լավ, լավ. չես ուզում, չեմ առնի: (Մարդը փոքր-ինչ խաղաղվում է):

ՀՆՁՎՈՐ– (Հրեշտակի նմանողությամբ) Հոգիդ տուր: (Մատները հայհոյանք դարձրած` ուղղում է հրեշտակի կողմը): Ա՛ռ:

ԶԵՆՈՒԲ– (Վախեցած) Ասի` լավ: Չզգացիր` հանաք եմ անում:

ՀՆՁՎՈՐ– Հանաք եմ անում: Ձեզ ասեն` խեղճ մարդ գտնեք, բկից բռնեք: Որ ուզեմ, կաշիդ կքերթեմ:

ԶԵՆՈՒԲ– (Եռաժանին վերցնելով, աքլորացած) Ո՞ւմ:

ՄԱՀՈՒԲ– (Հրեշտակին) Վա՜յ… Կատակ արինք, պրծանք: Վե՛րջ:

ՀՆՁՎՈՐ– Կատակ արինք…

Ամբողջ օրը էշի պես աշխատում եմ…

ԶԵՆՈՒԲ– Է՛, ե՞ս ինչ անեմ:

ՀՆՁՎՈՐ– Ի՞նչ պիտի անես: Արի, հնձած խոտը հավաքիր:

ԶԵՆՈՒԲ– Է՞լ ինչ կուզես:

ՀՆՁՎՈՐ– Խուրձ կապիր, դեզ դիր: (Ծաղրանքով) Լավ էլ եղան ունես:

ԶԵՆՈՒԲ– Էս եղան չէ. եռաժանի է:

ՀՆՁՎՈՐ– Պա՜հ, պա՜հ, պա՜հ: Էլ ո՜նց կլինի:

ԶԵՆՈՒԲ– Ուրեմն չես վախենում, հա՞:

ՀՆՁՎՈՐ– Ոտքերս դողում են:

ԶԵՆՈՒԲ– Հիմա չեն դողում, բայց մի օր հաստատ կդողան: (Կմախքը ցույց տալով) Հրեն, տես, թե քեզնից ինչ է մնալու: Այն էլ`մի որոշ ժամանակ:

ՀՆՁՎՈՐ– Մի օր ծնվել ենք, մի օր էլ պիտի մեռնենք:

ՄԱՀՈՒԲ– Ուրեմն դու մեռնելուց չե՛ս վախենում:

ՀՆՁՎՈՐ– Անմահություն եթե լիներ, կվախենայի: Բայց մի օր մեռնելու ենք, չէ՞…


Մի պահ տիրում է լռություն…

Բեմը մթնում է և լուսավորվում: Ճանապարհին նույն հրեշտակներն են` Զենուբը և Մահուբը` կմախքը ուսին:


ՄԱՀՈՒԲ– Ես կարգ դնողի հերն եմ անիծել, որ բոլորիս կրակն է գցել: (Քիչ անց) Ստեղծում էիր, կարգին աշխարհ ստեղծեիր, թե չէ…

ԶԵՆՈՒԲ– Այնպես էլ վրա են քշում: Էն լրբի տղեն ճիշտ էլ անում է:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է անում:

ԶԵՆՈՒԲ– Ինձ նման չի գնում առաջը էշ-էշ կանգնում, թե` հոգիդ տուր: Թիկունքից մոտենում ու…

ՄԱՀՈՒԲ– Է՛: Դա եղա՞վ: Հետո էլ գլուխ է գովում: Բա չթողնե՞ս, որ մարդ մեռնելուց առաջ մի երկու բառ ասի, հրաժեշտ տա, կտակ գրի… Վա՜յ, աշխարհ ստեղծող, վա՜յ…

ԶԵՆՈՒԲ– Քեզ էլ թողնեն…

ՄԱՀՈՒԲ– Ես ուզում եմ՝ խաթրով լինի, համոզելով լինի:

ԶԵՆՈՒԲ– (Հեգնանքով) Լավ էլ համոզվում են:

ՄԱՀՈՒԲ– Ես մեծ մասամբ, ճիշտ է, դժվար, բայց համոզում եմ:

ԶԵՆՈՒԲ– (Ցույց է տալիս սարսափազդու տեսքով, կացինը ձեռքին մի մարդու): Հրեն, դե համոզիր:

ՄԱՀՈՒԲ– (Վերջինիս նայելով) Հո չասացի…

ԶԵՆՈՒԲ– Բա՛: Որ ասում եմ` գլուխ մի՛ գովիր:

ՄԱՀՈՒԲ– Գլուխ չեմ գովում…

ԶԵՆՈՒԲ– Որ չես գովում, գնա համոզիր:

ՄԱՀՈՒԲ– Հո ամեն մարդու…

ԶԵՆՈՒԲ– Չէ, դու փորձիր համոզել:

ՄԱՀՈՒԲ– Կրակն ընկա՞: Կացինը չե՞ս տեսնում:

ԶԵՆՈՒԲ– Վախեցար, չէ՞:

ՄԱՀՈՒԲ– (Վիրավորված) Լավ: Մեղքը քո վիզը… (Փոքր ինչ վախեցած՝ մոտենում է): Բարև, եղբայր:

ՄԱՐԴ– (Շատ հանգիստ) Բարև, բարև:

ՄԱՀՈՒԲ– Ճանաչեցի՞ր:

ՄԱՐԴ– Դու…

ՄԱՀՈՒԲ– Հա… Ես եմ:

ՄԱՐԴ– Եկել ես, որ…

ՄԱՀՈՒԲ– (Ավելի վախեցած) Հոռոմի տունն եմ հարցնում:

ՄԱՐԴ– Հոռոմի՞:

ՄԱՀՈՒԲ– Հա: Մեծ կնիկ է:

ՄԱՐԴ– Գնում ես` հոգին առնե՞ս:

ՄԱՀՈՒԲ– Հա: Ինքն է կանչել: Էլ չի ուզում ապրել:

ՄԱՐԴ– Ուրեմն, ով կանչի, գնում ե՞ս:

ՄԱՀՈՒԲ– Հա: Ով կանչի, գնում եմ:

ՄԱՐԴ– Իսկ ով չի կանչում, նրա մոտ չես գնո՞ւմ:

ՄԱՀՈՒԲ– Չէ, ով չի կանչում, նրա մոտ չեմ գնում:

ՄԱՐԴ– Իսկ եթե ճամփին հանդիպո՞ւմ ես…

ՄԱՀՈՒԲ– Սուս ու փուս անցնում եմ կամ… Տան տեղն եմ հարցնում:

ՄԱՐԴ– Ո՞ւմ տան:

ՄԱՀՈՒԲ– Հոռոմի:

ՄԱՐԴ– Ում հանդիպես, հարցնում ե՞ս:

ՄԱՀՈՒԲ– Հա: Հիշողությունս վատ է:

ՄԱՐԴ– Ափսոս:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչը:

ՄԱՐԴ– Որ մենակ տան տեղն ես հարցնում:

ՄԱՀՈՒԲ– Բա ի՞նչ անեմ:

ՄԱՐԴ– Դե, եսիմ, խոսում ենք էլի: (Կմախքը ցույց տալով): Էդ ո՞ւմն է:

ՄԱՀՈՒԲ– Սա, հեչ… Ուսումնական նյութ է:

ՄԱՐԴ– Դե լավ է:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչը:

ՄԱՐԴ– Որ ուսումնական է: Ցուցահանդեսի համար չէ…

ՄԱՀՈՒԲ– Չէ, մենք մարդկանց նման չենք…

ՄԱՐԴ– (Ցույց է տալիս մյուս հրեշտակին): Բա է՞ն ով է:

ՄԱՀՈՒԲ– Է՞ն: Հեչ: Սպասում է:

ՄԱՐԴ– Ո՞ւմ: Չլինի՞… (Մյուս հրեշտակը կամաց-կամաց մոտենում է):

ՄԱՀՈՒԲ– Չէ՛, չէ՛…

ՄԱՐԴ– Ափսոս:

ՄԱՀՈՒԲ– Դե, մենք գնացինք:

ՄԱՐԴ– Ո՞ւր:

ՄԱՀՈՒԲ– Հոռոմի…

ՄԱՐԴ– Տունն իմացա՞ր:

ՄԱՀՈՒԲ– Կհարցնեմ: (Մյուս հրեշտակն արագ շարժումով եռաժանին դնում է մարդու կրծքին):

ԶԵՆՈՒԲ– Տեղիցդ չշարժվես, թե չէ…

ՄԱՐԴ– Ի՞նչ:

ԶԵՆՈՒԲ– Կացինդ տուր, ասեմ:

ՄԱՐԴ– (Կացինը հանգիստ մեկնում է): Առ:

ԶԵՆՈՒԲ– (Կացինը վերցնելով) Գնանք: Ես եկել եմ, որ հոգիդ առնեմ:

ՄԱՐԴ– (Ուրախացած) Ճի՞շտ:

ԶԵՆՈՒԲ– (Զարմացած) Հա:

ՄԱՐԴ– Գնացինք:

ՄԱՀՈՒԲ– (Նույնպես զարմացած) Չէ, այսպես չի լինի:

ՄԱՐԴ– Ինչո՞ւ չի լինի:

ՄԱՀՈՒԲ– Մենք փորձում էինք:

ՄԱՐԴ– Փորձո՞ւմ:

ՄԱՀՈՒԲ– Հա: Հոգիդ առնելու միտք չունենք: Կատակեցինք:

ՄԱՐԴ– Կատակ-մատակ չգիտեմ: Գնացի՛նք:

ՄԱՀՈՒԲ– Ո՞ւր:

ՄԱՐԴ– Էն աշխարհ: Դասի: Ես էս կյանքից հոգնել եմ…

ՄԱՀՈՒԲ– Քո ի՞նչ ժամանակն է, այ մարդ: Հրեն Հոռոմը…

ՄԱՐԴ– Կացինս վերցնե՞մ:

ՄԱՀՈՒԲ– Չէ, մի վերցրու, բայց…

ՄԱՐԴ– Ի՞նչ:

ՄԱՀՈՒԲ– Կատակ չե՞ս հասկանում: Կրակը հո չընկա՞նք: Վա՜յ, աշխարհ ստեղծող…

ՄԱՐԴ– Հիմա ի՞նչ անենք:

ԶԵՆՈՒԲ– Ի՞նչ պիտի անենք: Կացինդ առ, գնա:

ՄԱՐԴ– Ո՞ւր:

ՄԱՀՈՒԲ– Տեր Աստված…

ԶԵՆՈՒԲ– Հոռոմի տունը գիտե՞ս:

ՄԱՐԴ– Կգտնեմ:

ՄԱՀՈՒԲ– Ըհը՛: Դե, ուրեմն, կգտնես, շատ-շատ կբարևես ու կասես, որ քեզ ուղարկել ենք իր… Փայտը կոտորելու: Եղա՞վ:

ՄԱՐԴ– Ճարս ի՞նչ:

ՄԱՀՈՒԲ– Դե գնա: (Մարդը գնում է):

ԶԵՆՈՒԲ– Բա ինչո՞ւ չուզեցիր. իր կամքով տալիս էր:

ՄԱՀՈՒԲ– (Խորհելով) Չգիտեմ:

ԶԵՆՈՒԲ– Այսինքն, ճիշտ էլ արեցիր. տեղով փորձանք էր…


Բեմը մթնում ու լուսավորվում է: Վաղ առավոտ է: Լսվում է աքլորների կանչ: Մահուբը անկողնում նստում, կիսաքնած–կիսարթուն ճմլկոտում է և ուզում նորից պառկել, բայց հանկարծ դուռը թակում են:


ՄԱՀՈՒԲ– Ո՞վ է:

ՁԱՅՆ– (Դռան հետևից) Ես եմ` սանիկը: (Մահուբը դուռը բացում է: Կրտսեր հրեշտակը ներս է մտնում):

ՄԱՀՈՒԲ– Հը՞, ի՞նչ կա այսպես վաղ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Շտապ` գործուղում: Բոլորին ուղարկում են: Զորահավաքի պես բան է:

ՄԱՀՈՒԲ– Ո՞ւր:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Պատերազմի դաշտ: Մարդիկ իրար կոտորում են:

ՄԱՀՈՒԲ– (Դուրս գալու պատրաստություն տեսնելով) Վա՜յ, մարդ արարած, վա՜յ…

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Այնտեղ դժվա՞ր է:

ՄԱՀՈՒԲ– Գործն է շատ: Մի րոպե նստելու ժամանակ չկա:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա էլ ինչո՞ւ են մարդիկ մե՛զ մեղադրում…

ՄԱՀՈՒԲ– Է՜, ջանիկս, է՜… Ես աշխարհ ստեղծողին, մարդ ստեղծողին ի՞նչ ասեմ…


Պատկերը փոխվում է;

Բեմը ներկայացնում է պատերազմի դաշտ: Լսվում է ավտոմատների ճարճատյուն, ինքնաթիռների սուլոց, պայթող արկերի որոտ, տանկերի հռնդյուն: Ժայռի հետևում պատսպարված` նստել են մի քանի մահվան հրեշտակներ, որոնց մեջ են նաև Մահուբը և նրա օգնականը: Վերջինս փորձում է ժայռի վրայից նայել:


ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Տեղդ նստիր, քանի քեզ էլ շանսատակ չեն արել:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Հապա մի մեր զենքին նայեք (ցույց է տալիս եռաժանին) ու նրանց:

ՄԱՀՈՒԲ– Հետո էլ ասում են…

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Սրանք ինչո՞ւ են իրար կոտորում:

ՄԱՀՈՒԲ– Հազար ու մի պատճառ կա, տղաս: Մարդկանց ցեղն այսպիսին է: Առանց կռվելու չի կարող ապրել: (Կրակոցները դադարում են):

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ոնց որ խաղաղվեցին:

ՄԱՀՈՒԲ– Գնանք: Վիրավորները մեղք են, թող շատ չտանջվեն:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Դու քո դարդը լացիր: Իրենք որ մարդակեր են, մե՞նք ինչ մեղավոր ենք: (Ժայռի հետևից դուրս են գալիս):

ՄԻ ՎԻՐԱՎՈՐ– Ինձ չմոտենա՛ք: Ինձ չմոտենա՛ք:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ինչո՞ւ: Դու խփված չե՞ս:

ՎԻՐԱՎՈՐ– Վիրավոր եմ: Վերքս թեթև է: Երևի կապրեմ:

ՀՐԵՇՏԱԿ– Դե դիմացիր: Բուժակն էն կողմերում է: Հիմա ուր որ է կգա:

ՎԻՐԱՎՈՐ– Բուժա՛կ: Բուժա՛կ:


Բեմի մյուս կողմում մի զինվոր դիմադրում է հրեշտակներից մեկին` Զենուբին:


ԶԻՆՎՈՐ– Թո՛ղ: Ասի` չեմ մեռել:

ԶԵՆՈՒԲ– Վիրավոր չե՞ս:

ԶԻՆՎՈՐ– Չէ:

ԶԵՆՈՒԲ– Բա ինչո՞ւ էիր մեռածի պես պառկել:

ԶԻՆՎՈՐ– Ուշքս էր գնացել:

ԶԵՆՈՒԲ– Հաստա՞տ:

ԶԻՆՎՈՐ– Ինչ անհավատն ես: Տե՛ս: Ըհը՛: (Համազգեստի կոճակներն արձակում է): Կրծքիս վերք չկա, փորիս չկա: Ոտքերս (ուժեղ խփում է գետնին)ամուր-ամուր են:

ԶԵՆՈՒԲ– Չկա` չկա: Էլ ի՞նչ ես գոռում:


Բեմը պտտվում է: Այն այժմ ներկայացնում է պատերազմի դաշտի այլ հատված: Քարին հենված-նստած է մի վիրավոր: Վերջինիս գլխավերևում կանգնել է սատանան` եռաժանին նրա կրծքին սեղմած:


ՍԱՏԱՆԱ– Հոգիդ տուր ինձ և կփրկվես: (Վիրավորը լռում է: Սատանան եռաժանին հետ է քաշում` պատրաստվելով խփելու): Վերջին անգամ եմ ասում… (Հանկարծ հրեշտակներից մեկը հարձակվում է սատանայի վրա):

ՀՐԵՇՏԱԿ– Գրողի ծոցը կորիր, սատանա: Սա իմն է: (Սկսում են կռվել):

ՍԱՏԱՆԱ– Չեմ տա… Չեմ տա….

ՀՐԵՇՏԱԿ– Քո ուզելով չէ:

ՍԱՏԱՆԱ– Ձերը քի՞չ է: Ագահներ, անկուշտներ: Մեկն էլ թող լինի իմը…

ՀՐԵՇՏԱԿ– Է՞լ ինչ կուզես: (Խփում, սատանայի եռաժանին գցում է):

ՍԱՏԱՆԱ– Վերջիվերջո, քոնն է լինելու, չէ՞:

ՀՐԵՇՏԱԿ– Չքվի՛ր:

ՍԱՏԱՆԱ– Դե լա՜վ… (Հեռանում է):


Հրեշտակը մոտենում է վիրավորին, որ հոգին առնի:

Նոր պատկեր: Հրեշտակները նստած հանգստանում են:


ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Սատանան ի՞նչ էր ուզում:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Էլ ի՞նչ պիտի ուզեր. հոգին:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Մարդու հոգին նա ի՞նչ է անում:

ՄԱՀՈՒԲ– Նա մարդուց դև է սարքում: Աշխարհում ավելի զարհուրելի բան, քան հոգին սատանային ծախած մարդն է, չկա:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ինչո՞ւ մենք էդ տեսակների հոգին շուտ չենք առնում:

ՄԱՀՈՒԲ– Կարում ե՞նք, որ առնենք. սատանան դրանց դառնում է թև ու թիկունք: (Վազելով գալիս է սուրհանդակը):

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Նոր հրաման է եկել:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ է եղել:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Քաղաքում համաճարակ է սկսվել:

ՄԱՀՈՒԲ– Պա՛ հո՜: Լավ, մի ամիս էլ այնտեղ տանջվեցինք:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Բա այստե՞ղ:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Պետն ասաց, որ այստեղ ուժեղ կռիվ դեռ չի լինի. երկու-երեք հրեշտակը հերիք է:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Կյանք հո չէ. պատիժ է, պատիժ:


Բեմը պտտվում է: Ճանապարհով դարձյալ գնում են Մահուբը և կրտսեր հրեշտակը:


ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Պլանը արդեն կկատարենք, չէ՞:

ՄԱՀՈՒԲ– Մի բան էլ` ավել:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Համաճարակ հաճա՞խ է լինում:

ՄԱՀՈՒԲ– Պլանը երկար ժամանակ երբ չենք կատարում:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ուրեմն դա է՞լ մեր արածն է:

ՄԱՀՈՒԲ– Ուղղակիորեն` չէ: Բայց ինձ թվում է` մի բան կա. երեկ Սադայելը պետի մոտ էր… (Կրկին վազելով գալիս է սուրհանդակը): Հը՞, ի՞նչ կա:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Զենուբն է ուղարկել: Արդեն երկու օր է` չի կարողանում մի հիվանդի հանգստացնել:

ՄԱՀՈՒԲ– Լավ: Ասա` գալիս եմ:


Պտտվող բեմը կանգնում է: Այժմ այն ներկայացնում է այլ պատկեր: Մահճակալին պառկած է մահամերձ մի հիվանդ: Նրա մոտ կանգնած է Զենուբը:


ՀԻՎԱՆԴ– Հը՞: Չեկա՞վ:

ԶԵՆՈՒԲ– Հիմա, հիմա կգա:

ՀԻՎԱՆԴ– Որ գա, հոգիս շուտ կառնի՞, թե էսպես պիտի տանջի:

ԶԵՆՈՒԲ– Տանջողը մենք չենք, ցավն է: Ձեր թշնամին մենք չենք, ինչպես դուք եք կարծում, ցավն է: Երբ ցավն իր գործն անում-պրծնում է, մենք գալիս, հոգիներդ տանում ենք:

ՀԻՎԱՆԴ– Է՜խ, է՜խ: Տանելուց հետո գոնե հետ բերել լիներ: Վա՜խ…

ԶԵՆՈՒԲ– Օրենքները մենք չենք սահմանում: Մենք ընդամենը կատարողներ ենք:

ՀԻՎԱՆԴ– Ի՞նչ օրենքներ:

ԶԵՆՈՒԲ– Բնության, մահվան, կյանքի:

ՀԻՎԱՆԴ– Էդ ո՞ր անաստվածն է էս դաժան օրենքները սահմանել, տղա ջան: Բա դա հեր, մեր, երեխա չի՞ ունեցել… Վա՜խ… Էս ի՞նչ դժվար է մեռնելը: Չեկա՞վ:

ԶԵՆՈՒԲ– (Պատուհանին նայելով) Եկավ: Արդեն եկավ: Մի քիչ էլ դիմացիր: Երկուսով հոգիդ շուտ կառնենք, կհանգստանաս:


Բեմը մթնում ու լուսավորվում է: Հրեշտակների հերթական նիստն է: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախորդ նիստի ժամանակ էր:


ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Մինասյան Ալվարդ Վաչեի:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Արշակյան Գրիշա Սարգսի:

ԶԵՆՈՒԲ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Մուրադյան Արամ Նվերի:

ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Առած է:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Մատյանը ծալում, դնում է մի կողմ և դիմում կողքը նստած հրեշտակին): Նոր ցուցակները պատրա՞ստ են:

ԿՈՂՔԻ ՀՐԵՇՏԱԿԸ– Այո:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Բաժանեք: (Երկու հրեշտակ սկսում են ցուցակները բաժանել): Ո՞վ ունի ասելիք:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Իմ ցուցակում կեսը հինգ-վեց տարեկան երեխաներ են. անունն ի՞նչ դնեմ, որ սրանց հոգին առնեմ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Այդպիսի հարց մենք չենք քննարկում: Հրամայված է առնել, ուրեմն պետք է առնել: Վե՛րջ:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Բայց տրամաբանություն պիտի լինի, չէ՞: Դրանց տատմերերն էսա արդեն դառնում են հարյուր տարեկան:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Գերագույնի գործերին մենք չենք խառնվում: Նրա բանն անքննելի է:

ՄԱՀՈՒԲ– Ես արդեն տարիքով հրեշտակ եմ, բայց չեմ հասկանում, թե որն է այս ամենի իմաստը, նպատակը: Մարդիկ ինչո՞ւ են ծնվո՜ւմ, ինչո՞ւ ենք մենք նրանց հոգին առնո՜ւմ…

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Նրա նմանողությամբ) Հրեշտակներն ինչո՞ւ են փիլիսոփայո՜ւմ… Բա ես գիտե՞մ: Տիեզերքի դրվածքը, բնության օրենքը դա է:


Բեմը մթնում է և լուսավորվում: Ճանապարհին դարձյալ Մահուբը և կրտսեր հրեշտակն են, որոնք վազում են:


ՄԱՀՈՒԲ– (Առջևից վազող ինչ-որ մեկին, որը չի երևում) Կանգնի՛ր, ասում եմ: Կանգնի՛ր, ասում եմ: (Զգացվում է, որ փախչողը չի կանգնում): Վա՜յ, աշխարհ ստեղծող, վա՜յ, աշխարհ ստեղծող…

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Կարող է՞ չճանաչեց:

ՄԱՀՈՒԲ– Միամիտ չլինես:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ո՞նց էլ արանքը ճղեց:

ՄԱՀՈՒԲ– Կանգնի՛ր, ասում եմ: Կանգնի՛ր, ասում եմ: (Շարունակում են վազել):

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Կարող է՞ չհասնենք:

ՄԱՀՈՒԲ– Ջահել է: Ուժը` տեղը: Երևի դեռ երկար կփախչի:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ի՞նչ անենք:

ՄԱՀՈՒԲ– Անվերջ հո չի՞ վազելու: Կհոգնի, չէ՞:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ես արդեն հոգնեցի:

ՄԱՀՈՒԲ– Ես էլ: (Կանգնում է): Հերն էլ անիծած: Ո՞ւր է փախչելու: Հետո կբռնենք:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բայց լավ վախեցավ:

ՄԱՀՈՒԲ– Ո՞վ լիներ, որ չվախենար:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Լավ էլ փախավ:

ՄԱՀՈՒԲ– Ո՞վ լիներ, որ չփախչեր: Դրանց ու մեր կյանքի իմաստն էլ, ինչքան ես եմ հասկանում, հենց այս է: Ծնված օրից իրենք փախչում են, մենք` հետապնդում: Ամբողջ հարցն այն է, թե ով ինչքան է կարողանում փախչել: Լինում է, որ տասնյակ տարիներով հետևներից վազում ու չենք հասնում, կամ էլ` ուժներս չի պատում: Էս գյուղում, ասում են, մի վայրենի, բռի մարդ կա: Մոտ ես գնում թե չէ, վրա է քշում:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա էդ տեսակների հարցը ո՞նց եք լուծում:

ՄԱՀՈՒԲ– Այնքան սպասում ենք, մինչև տարիքն առնում, հալից ընկնում են:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ճի՞շտ է, որ ընդհանրապես լավ մարդկանց հոգին եք շուտ առնում:

ՄԱՀՈՒԲ– Ես` չէ: Բայց այնպիսի հրեշտակներ կան, որ հեշտ գործի են վազում: Իսկ լավ մարդիկ քաղցր պատառ են:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ոնց որ ցուցակների մեջ էլ լավերի անունները շատ են: Դա՞ ինչ պատճառով է:

ՄԱՀՈՒԲ– Ես գիտե՞մ: Ասում են` գերագույնը ուզում է լավերին իր մոտ շուտ տանել: Իբր սիրելուց է:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Մարդկանց հիվանդանալն ու ցավից տանջվե՞լն էլ մեր արածն է:

ՄԱՀՈՒԲ– Նաև մեր արածն է, բայց հիվանդանալու համար ուրիշ հազար ու մի պատճառ կա: Ի դեպ, մարդիկ իրար շատ ավելի ուժեղ ցավով են տանջում, քան մենք:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Քիչ անց) Հիմա ի՞նչ ենք անելու:

ՄԱՀՈՒԲ– Հիմա՞: Ճիշտն ասած` էն գրողին ես ուզում եմ լավություն անել:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Կյանքը երկարացնե՞լ:

ՄԱՀՈՒԲ– Հակառակը: Ձայն տամ, գա:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Կգա՞ որ:

ՄԱՀՈՒԲ– Ձայնս լսի թե չէ, վազելու է:


Բեմը պտտվում է: Գրողը, գրասեղանի մոտ նստած, գրում է: Նույն սենյակում մի կին ինչ-որ գործ է անում:


ԳՐՈՂ– (Վեր թռչելով: Զգացվում է, որ ականջը ձայն ընկավ): Վա՜հ…

ԿԻՆ– Ի՞նչ եղավ:

ԳՐՈՂ– (Վեր կենալով) Ինձ կանչեց: Ես գնացի:

ԿԻՆ– Գժվեցի՞ր, այ մարդ: Ո՞վ կանչեց:

ԳՐՈՂ– Նա… Իմը այստեղ վերջացավ:

ԿԻՆ– Ի՞նչը վերջացավ: Ո՞նց վերջացավ: Կատակ ե՞ս անում:

ԳՐՈՂ– Կատակ-մատակ չկա: Ես գնացի:

ԿԻՆ– (Մոտենում, գրածը նայում է): Վա՜յ… Գոնե գրածդ բառը վերջացրու:

ԳՐՈՂ– Չէ, ես գնացի: (Գնում է դեպի դուռը):

ԿԻՆ– Բա մեր գործե՞րը: Բա մեր…

ԳՐՈՂ– (Դուրս գալով) Իմ ժամանակը վերջացա՜վ, վերջացա՜վ…



Բեմը կրկին պտտվում է: Մահճակալին պառկած է մի հիվանդ` Սամվելը: Մահուբ և կրտսեր հրեշտակները կանգնած են կողքը:


ՄԱՀՈՒԲ– Մեզ կանչողը դո՞ւ ես:

ՀԻՎԱՆԴ– (Ցավից գալարվելով) Ե՛ս եմ… Ե՛ս եմ… Էլ չեմ դիմանում: Ա՛ռ հոգիս:

ՄԱՀՈՒԲ– Քթիս բժշկի թղթեր դեմ տվողը դու չէի՞ր:

ՀԻՎԱՆԴ– Ե՛ս էի: Ե՛ս էի: Ա՛ռ հոգիս:

ՄԱՀՈՒԲ– Դու չէի՞ր, որ մոտ չթողիր:

ՀԻՎԱՆԴ– Է՛լ չեմ դիմանո՜ւմ: Է՛լ չեմ դիմանո՜ւմ:

ՄԱՀՈՒԲ– Ասում էի, չէ՞, որ կխնդրես, բայց չեմ գա: Կաղաչես, որ հոգիդ առնեմ, բայց չեմ առնի: (Հիվանդը ցավերի մեջ շարունակում է տնքալ): Վա՜յ, մարդ ստեղծող, վա՜յ, աշխարհ ստեղծող…

Հիմա ի՞նչ. ես իմ խոստումը դրժե՞մ:

ՀԻՎԱՆԴ– Խնդրո՛ւմ եմ… Աղաչո՛ւմ եմ…

ՄԱՀՈՒԲ– Փորձանք են, էլի, փորձանք:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Չի՞ լինի` ես առնեմ:

ՄԱՀՈՒԲ– (Կարճատև լռությունից հետո, հոգոց հանելով) Ա՛ռ…


Բեմը մթնում ու լուսավորվում է: Ճանապարհին դարձյալ Մահուբ և կրտսեր հրեշտակներն են:


ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Այսպես ո՞ւր ենք գնում:

ՄԱՀՈՒԲ– Տուն:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ոչ մեկին չմոռացա՞նք:

ՄԱՀՈՒԲ– Ինձ թվում է` չէ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Ցուցակում նայե՞մ:

ՄԱՀՈՒԲ– Նայիր:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Նայում է): Գրողին ձայն տվինք, եկավ: Սարգիս քահանային չգտանք: Աղասին փախավ: Գևոն քրֆեց… Սամվելի հոգին առանք…

ՄԱՀՈՒԲ– Հետո՞:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Այսքանը:

ՄԱՀՈՒԲ– Ոչ մեկի անունը բաց չթողի՞ր:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Չէ:

ՄԱՀՈՒԲ– Մյուս երեսը նայեցի՞ր:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Վա՛յ: Մոռացա: (Նայում է թղթի մյուս երեսը): Թո՛ւ:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Էլի մոռացել ենք:

ՄԱՀՈՒԲ– Ո՞ւմ:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հոռոմին:

ՄԱՀՈՒԲ– (Կտրուկ կանգնում է ու ձեռքը խփում ոտքին): Մարդու կնիկը բախտ ունի, էլի. զոռով հո չէ՞:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ անենք:

ՄԱՀՈՒԲ– Դու այստեղ սպասիր, ես շուտ գնամ-գամ: (Մի քանի քայլ գնում է):

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Տես հա՞. չմոռանաս:

ՄԱՀՈՒԲ– Չեմ մոռանա:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– (Կատակով) Թել տա՞մ` կապես մատիդ:


Հեռվից լսվում է ձայն.

– Մահո՜ւբ, Մահո՜ւբ:

Վերջինս կանգնում է: Գալիս է սուրհանդակը:


ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Էս ո՞ւր եք. հազիվ գտա:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ է պատահել:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Շտապ, արտահերթ նիստ է:

ՄԱՀՈՒԲ– Հենց հիմա՞:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Հա:

ՄԱՀՈՒԲ– Բա պառավ Հոռոմը: Բա…

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Պետն ասաց` թող ամեն ինչ թողնեն, իսկույն գան:

ՄԱՀՈՒԲ– Չլինի՞ էլի հավաք է:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Չգիտեմ: Ասաց` թող շուտ գան:

ՄԱՀՈՒԲ– (Անհասցե) Ինչ կուզես, ասա. մարդ պիտի բախտ ունենա…


Բեմը պտտվում է: Հրեշտակների նիստն է: Ամեն բան այնպես է, ինչպես նախորդ նիստերի ժամանակ էր:


ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– (Տխուր ու մտախոհ) Բոլորը եկա՞ն:

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Դեռ չէ:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Չեն էլ գա… Ժամանակ չունենք, սկսում ենք: (Հրեշտակապետի կողքը նստածներից մեկը սեղանին տկտկացնում է, որ ներկաները լռեն): Միանգամից ասեմ, որ այսօրվա նիստը արտահերթ է, արտակարգ ու… վերջինը: (Հրեշտակներն անմիջապես լրջանում ու զարմացած նայում են իրար): Գերագույնը արձակել է նոր հրաման: (Մի պահ լռում է): Այսուհետև ոչ թե հրեշտակներն են առնելու մարդկանց հոգին, այլ մարդիկ` հրեշտակների: (Տիրում է մեռելային լռություն):

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Իսկապե՞ս:

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Իսկապե՛ս:

ԶԵՆՈՒԲ– Բա… Հիմա ի՞նչ ենք անելու…

ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ– Ի՞նչ կարող ենք, որ ինչ անենք: Ով ճար ունի, թող գլուխը փրկի: Մի զույգ ոտք ունեք, մեկն էլ փոխ առեք, փախեք:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ո՞ւր:


Բոլորը, շփոթահար ու երկյուղած, նայում են իրար:

Դրսից լսվում է մարդկանց ձայն.

– Ո՞ւր են:

– Ո՞ւր են:

Դուռը ուժգին թակում են: Հրեշտակները մի պահ քարանում են, ապա, տեղներից մեկեն պոկվում ու պատուհաններից իրենց դուրս գցում: Դուռը կոտրելով` մի քանի մարդ ներս է մտնում: Ձայներ.

– Ո՞ւր են:

– Ո՞ւր փախան:


ՄԻ ՏՂԱՄԱՐԴ– (Զինվորական է: Զգացվում է, որ ավագն է): Ո՞ւր են փախչելու: Բոլորի հոգին մեկ-մեկ առնելու ենք… (Գնում են):


Նոր պատկեր: Ճանապարհին դարձյալ Մահուբ և կրտսեր հրեշտակներն են, որոնք վազում են:


ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա՞ ուր ենք գնում:

ՄԱՀՈՒԲ– Հիմա արդեն ոչ մի տեղ չենք գնում:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Բա ի՞նչ ենք անում:

ՄԱՀՈՒԲ– Լեղապատառ փախչում ենք:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր:

ՄԱՀՈՒԲ– Մինչև մեռնելը, մինչև գերեզման:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Է՜: Բա էլ ե՞րբ ենք ապրելու, ե՞րբ ենք աշխատելու:

ՄԱՀՈՒԲ– Հիմա արդեն ամեն ինչ պիտի այսպես փախչելով, ձեռքի հետ անենք:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Գոնե մտնենք մի տեղ, մի քիչ շունչ առնենք:

ՄԱՀՈՒԲ– (Հետ նայելով) Հա՛: Մտնենք: (Կանգնում է): Հետևներիցս եկող ոնց որ չկա:

ԿՐՏՍԵՐ ՀՐԵՇՏԱԿ– Էս Զենուբենց տունը չէ՞:

ՄԱՀՈՒԲ– Նրանցն է: (Դուռը թակելով) Զենո՛ւբ: Զենո՛ւբ:

ՁԱՅՆ ՆԵՐՍԻՑ– Ո՞վ է:

ՄԱՀՈՒԲ– Ե՛ս եմ` Մահուբը: Դուռը բաց:

ԶԵՆՈՒԲ– (Դուռը բացում է): Սրտաճաք արիր: Ես էլ կարծեցի…

ՄԱՀՈՒԲ– (Կրտսեր հրեշտակի հետ ներս է մտնում): Բա՛, ախպերս, բա՛, հիմա միշտ պիտի այսպես վախեցած ապրենք: (Պատրաստվում են նստելու: Դուռը նորից են թակում):

ԶԵՆՈՒԲ– Հիմա ինչքան փախած հրեշտակ կա, պիտի իմ տո՞ւն գա: (Գնում է, որ դուռը բացի):

ՄԱՀՈՒԲ– Ասում են` լավություն արա, ջուրը գցիր:

ԶԵՆՈՒԲ– (Դուռը բացում է և անակնկալի գալիս): Վա՛հ: (Առջևը կանգնած է մի մարդ):

ՄԱՐԴ– Զենուբ հրեշտակը դո՞ւ ես:

ԶԵՆՈՒԲ– (Կարկամած) Եե՜… Ես եմ:

ՄԱՐԴ– Գնացի՛նք:

ԶԵՆՈՒԲ– Ո՞ւր:

ՄԱՐԴ– Ո՞ւր պիտի. գրողի ծոցը:

ԶԵՆՈՒԲ– Բայց… Ինձ ի՞նչ է եղել… Առողջ, ջահել հրեշտակ եմ:

ՄԱՀՈՒԲ– Ճիշտ է ասում: Ոչ մի անգամ հիվանդացած չկա:

ՄԱՐԴ– (Մահուբին) Դու մի՛ խառնվիր. քո գործը չէ: (Զենուբին) Զենուբ հրեշտակը դու չե՞ս:

ԶԵՆՈՒԲ– Ես եմ:

ՄԱՐԴ– Գնացի՛նք:

ԶԵՆՈՒԲ– Բայց ինչո՞ւ, է:

ՄԱՐԴ– Հենց այնպես, հավեսի համար:

ԶԵՆՈՒԲ– Փորձանք հո չե՞ս, այ մարդ. այսպես անակնկալ, անժամանակ… Ձեր պետին ի՞նչ ես ասելու: Չի՞ ասի` ինչո՞ւ ես բերել էս առողջ… առողջ հրեշտակին: Ախր ո՛չ մի հիվանդություն չունեմ:

ՄԱՐԴ– Ոչինչ, մի բան կասեմ:

ՄԱՀՈՒԲ– Ի՞նչ:

ՄԱՐԴ– Ի՞նչ… Կասեմ` ոչ մի տեղը չէր ցավում, հիվանդ չէր, բայց հանկարծ սրտի կաթված ստացավ, տեղում մնաց:

ԶԵՆՈՒԲ– Վա՛հ:

ՄԱՐԴ– Բա՛: Ի՞նչ է, այդպես չի՞ լինում:

ԶԵՆՈՒԲ– Է՛… Բայց… Դու վկայական ունե՞ս:

ՄԱՐԴ– Ի՞նչ վկայական:

ԶԵՆՈՒԲ– Հրեշտ… Մարդո՛ւ:

ՄԱՐԴ– Լսիր, քո հավեսը չունեմ: Առաջ ընկիր:

ՄԱՀՈՒԲ– Զենուբ, չգնա՛ս:

ՄԱՐԴ– Ի՛:

ՄԱՀՈՒԲ– Ցուցակդ տեսնեմ:

ԶԵՆՈՒԲ– Հա՛: Ճիշտ է ասում: Ցուցակդ ո՞ւր է:

ՄԱՐԴ– Ի՞նչ ցուցակ:

ՄԱՀՈՒԲ– Սև:

ՄԱՐԴ– Ցուցակ-մուցակ չգիտեմ: Առաջ ընկիր:

ԶԵՆՈՒԲ– Ախր ե՞րբ կարգին ապրեցի, որ հիմա մեռնեմ:

ՄԱՐԴ– Է՛, ապրեիր: Ես խանգարեցի՞:

ԶԵՆՈՒԲ– Մի անհոգ օր, մի ուրախ օր տեսած չկամ:

ՄԱՐԴ– Է՛, տեսնեիր: Ես չթողի՞:

ԶԵՆՈՒԲ– Միշտ սև աշխատանքի, դարդ ու ցավի մեջ:

ՄԱՐԴ– Դրա՞ համար էլ ես եմ մեղավոր:

ԶԵՆՈՒԲ– Չէ, դրա համար դու չես մեղավոր, բայց…

ՄԱՐԴ– Աստված կյանք էր տվել, գիտեիր, չէ՞, որ մի օր պիտի վերջանա:

ԶԵՆՈՒԲ– Հա, գիտեի:

ՄԱՐԴ– Դե կարգի՛ն ապրեիր, լա՛վ ապրեիր, երջանի՛կ ապրեիր…

ԶԵՆՈՒԲ– Թողին որ:

ՄԱՐԴ– Ովքե՞ր:

ԶԵՆՈՒԲ– Ինձնմանները:

ՄԱՐԴ– Ըհը՜: Տեսնո՞ւմ ես` իրար ինչ լավ հասկանում ենք: Գիտեք, որ հիսուն կամ հարյուր տարի պիտի ապրեք, դե, առանց իրար խանգարելու, այնպես ապրեք, որ հետո չմղկտաք:

ԶԵՆՈՒԲ– Ասում ես, էլի… Գիտես հե՞շտ է:

ՄԱՐԴ– Հիմա էլ հեշտ-մեշտի ժամանակ չէ: Գնացի՛նք:


Բեմը մթնում ու լուսավորվում է: Մեկ այլ հրեշտակի հոգի ուզում է առնել ինչ-որ մարդ:


ՀՐԵՇՏԱԿ– (Փորձում է հագնվել): Թող, գոնե շորերս հագնեմ:

ՄԱՐԴ– Հագնվելու ժամանակ չէ: Գնացի՛նք: (Քաշում-գցում է հատակին):

ՀՐԵՇՏԱԿ– Այ մարդ, հո չփախա:

ՄԱՐԴ– Որ թողնեմ, կփախչես, բայց իմ ձեռքից չես պրծնի:

ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ եմ արել, որ տանում ես: Երեխեքիս ո՞վ է պահելու:

ՄԱՐԴ– Իմ գործը չէ:

ՀՐԵՇՏԱԿ– Գիտե՞ս` անելիք ինչքան ունեմ:

ՄԱՐԴ – Զահլա մի տար:

ՀՐԵՇՏԱԿ– Քե՞զ ինչ կա:

ՄԱՐԴ– Ասում եմ` գնացի՛նք:


Նոր պատկեր:

Երեք հրեշտակ նստած զրուցում են:


ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ. ամբողջ կյանքներս պիտի ապրենք մահվան սարսափը սրտներիս մե՞ջ:

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Է, մի՛ վախեցիր: Քեզ ո՞վ է ասում` սիրտդ սարքես կատու:

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Ախր ո՞նց չվախենաս, է:

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Վախենաս-չվախենաս, մեկ է, մի օր մեռնելու ես: Լավ չէ՞, որ, առանց վախենալու, ինչքան կյանք տրված է, արժանավայել, տղամարդու նման ապրես:

ԵՐՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Այնքան հեշտ էլ ասում ես:

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Եթե դու ավելի լավ տարբերակ գիտես, ասա:

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Ես` հեչ: Ախր երեխա ունեմ, ծնողներ ունեմ: Դու քո երեխեքի վրա չես դողո՞ւմ:

ԵՐՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Ամեն օր մեկին կորցնում ենք: Ամեն օր մի վիշտ ավելանում է: Թե սիրտներս ո՞նց է դիմանում, չգիտեմ:


Նոր պատկեր:

Հրացանը ուսին գցած մի մարդ և հրեշտակ:


ՄԱՐԴ– Էն լրբի տղա հրեշտակը դու չե՞ս:

ՀՐԵՇՏԱԿ– (Վախեցած) Չէ:

ՄԱՐԴ– Կապույտ աչքերով, շեկ մազերով հրեշտակը դու չե՞ս:

ՀՐԵՇՏԱԿ– Չէ:

ՄԱՐԴ– Քո աչքերը կապույտ չե՞ն:

ՀՐԵՇՏԱԿ– Կապույտ են:

ՄԱՐԴ– Մազերդ շեկ չե՞ն:

ՀՐԵՇՏԱԿ– Շեկ են:

ՄԱՐԴ– Կապույտ աչքերով, շեկ մազերով հրեշտակը դու չե՞ս:

ՀՐԵՇՏԱԿ– Չէ:

ՄԱՐԴ– Լսիր: Դու խաթա հո չե՞ս:

ՀՐԵՇՏԱԿ– Ե՞ս:

ՄԱՐԴ– Չէ, Կիրակոսը:

ՀՐԵՇՏԱԿ– Ո՞վ:

ՄԱՐԴ– Կիրակոսը:

ՀՐԵՇՏԱԿ– Խաթա է, բա ինչ է: Տան տեղն ասե՞մ:

ՄԱՐԴ– Խոսքը կտուրը մի՛ գցիր: Գնացի՛նք:

ՀՐԵՇՏԱԿ– Չեմ գա: (Մտնում է սեղանի տակ):

ՄԱՐԴ– (Հրացանը ուսից իջեցնում է): Հաշվում եմ մինչև երեքը. հենց դուրս չեկար, կրակում եմ: (Հրեշտակն սկսում է դողալ): Մեկ… երկու…


Բեմը մթնում է: Լսվում է հրացանի ձայն: Քիչ անց լուսավորվում է: Չորս-հինգ հրեշտակ զրուցում են:


ՄԱՀՈՒԲ– Վա՜յ, աշխարհ ստեղծող: Վա՜յ, աշխարհ ստեղծող…

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ասում են` ում որտեղ բռնեն, գնդակահարում են:

ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Ու ամեն ինչ իրենց ձեռքին է. ո՛չ տարիք են հարցնում, ո՛չ հեղինակություն:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ո՛չ էլ` առողջություն:

ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա այսպես ամբողջ կյանքում պիտի դրանց շունչը թիկունքներիս զգա՞նք:

ՄԱՀՈՒԲ– Դրվածքը դրվածք չէ, դրվածքը:



Հանկարծ դուռ-պատուհան կոտրում և տարբեր կողմերից միաժամանակ ներս են խուժում մի քանի զինված մարդիկ:


ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Ձեռքներդ վե՛ր:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Տեղներիցդ չշարժվե՛ք, շան որդիք: (Հրեշտակները, ձեռքները բարձրացրած, ենթարկվում են):

ԱՅԼ ՄԱՐԴ– Մեկ-մեկ գնդակահարե՞նք, թե բոլորին միանգամից:

ՄԱՀՈՒԲ– Դուք է՛լ բան ու գործ չունե՞ք, այ մարդիկ: Հո չփախա՞նք: Թողեք, մենք էլ մի քիչ ապրենք, ծերանանք, նոր…

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Չխոսե՛լ:

ԱՅԼ ՄԱՐԴ– Ո՞վ է Մահուբը:

ՄԱՀՈՒԲ– Ես եմ:

ՄԱՐԴ– Մոտ արի: (Մահուբը մոտ է գնում): Հոգիդ քո կամքով կտա՞ս, թե տանջեմ:

ՄԱՀՈՒԲ– (Նայում է նրա երեսին ու կարծես ճանաչում): Դու…

ՄԱՐԴ– Ձե՛նդ:

ՄԱՀՈՒԲ– Դու էն սատանան չե՞ս:

ՄԱՐԴ– Ի՞նչ:

ԱՅԼ ՄԱՐԴ– Սատանա՞ն: (Մոտենում, նայում է):

ՄԱՀՈՒԲ– Կուզես` տանջիր, կուզես` սպանիր, սատանա. ես քեզ իմ հոգին չեմ տա:

ՄՈՏԵՑԱԾ ՄԱՐԴԸ– (Զարմացած) Դու սատանա ե՞ս:

ՍԱՏԱՆԱ– Ո՞վ: Ե՞ս… (Մոտեցած մարդը վերցնում է նրա գլխարկը: Երևում են կոտոշները):

ՄՈՏԵՑԱԾ ՄԱՐԴԸ– Վա՜յ, ես քո… (Սատանան նրան հրում-գցում է և անմիջապես փախչում: Ինչ-որ մեկը հետևից կրակում է, բայց վրիպում):

ՄԱՀՈՒԲ– Բա՛, ախպերս: Տեսնո՞ւմ ես` ինչ է կատարվում:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ճի՞շտ է, որ դուք ում որտեղ բռնում, գնդակահարում եք:

ԸՆԿԱԾ ՄԱՐԴԸ– Չէ:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Բա՞…

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Մաման լացացնում ենք, հետո:

ՄԱՀՈՒԲ– Տղա ջան, ախր…

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Ձե՛նդ:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ախր ես ո՞ր մեղքիս համար հիմա մեռնեմ:

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Մենք մեղավոր-անմեղ չենք հարցնում:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Որ իմանաք` ինչքա՜ն գործ ունեմ, ինչքան ծրագրե՜ր, երազնե՜ր…

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Ասինք` վերջ: Ձերը այստեղ վերջացավ: Կարապի երգն ասեք:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Ախր մեզնից ի՞նչ երգիչ:

ՄԱՐԴ– Ասի` կարապի երգը:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Է՛ս ինչ կրակ էր…

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ես մի լավ աղջիկ ունեմ: Պաչեմ, գամ, մի ամբողջ օր երգեմ:

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Ձե՞ռ ես առնում:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Մորս մնաս բարով ասեմ:

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Է՞լ ինչ կուզես:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Նամակ գրեմ:

ՆՈՒՅՆ ՄԱՐԴԸ– Ի՛:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ապրեցինք ու բան չհասկացանք:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ամբողջ կյանքս երկու օրվա պես անցավ:

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Դե լավ, լավ. ձեզ գիտենք. հազար տարի էլ որ ապրեք, նույնն եք ասելու:

ԱՅԼ ՄԱՐԴ– Հիմա ի՞նչ անենք:

ՄԵԿ ԱՅԼ ՄԱՐԴ– Ի՞նչ պիտի անենք: Պատրա՛ստ… (Մարդիկ, հրացանները պատրաստ պահած, սպասում են հրամանի, որ կրակեն: Հանկարծ հևասպառ ներս է ընկնում սուրհանդակը):

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ– Պարո՛ն գնդապետ… Պարո՛ն գնդապետ… Գերագույնից նոր հրաման է եկել: (Բոլորը լարված սպասում են): Տիեզերական օրենքներն էլի փոխվել են: Այսուհետև նորից…

ԳՆԴԱՊԵՏ– Ի՞նչ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ– Ոչ թե մարդիկ են առնելու հրեշտակների հոգիները, այլ հրեշտակները` մարդկանց: Այս ամենը եղել է կատակ: (Հրեշտակներն ուրախությունից ցնծում են` ուռա՜, ուռա՜… Պատուհանի հետևից սատանան հանում է գլուխը և քրքջում: Մարդկանցից մեկը նրա ուղղությամբ կրակում է, բայց նույնպես վրիպում):

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– (Ապշահար) Ո՞նց թե:

ՄԱՀՈՒԲ– Բա՛, ախպերս, բա՛: (Հրեշտակները մոտենում և մարդկանցից վերցնում են հրացանները):

ԳՆԴԱՊԵՏ– Հիմա ո՞նց է լինելու:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ո՞նց պիտի լինի: Դուք կապրեք, իսկ մենք, երբ ուզենք, ձեր հոգին կառնենք, ինչպես նախկինում:

ՄԱՀՈՒԲ– Տղերք, էս աշխարհում մի բան էն չէ:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Ես հիմիկվանից արդեն վախենում եմ. բա որ գերագույնը նորից կատակի կամ օրենքներն իսկապես փոխի՞:

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– Ճիշտն ասած` ես էլ: (Տիրում է լռություն):

ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ–– Այսինքն` բոլորիս գլխին էլ դամոկլյան սուրը կարող է կախվել:

ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀՐԵՇՏԱԿ– Հիմա ի՞նչ անենք: (Մահուբին) Դու մի օր կյանքի իմաստից, նպատակից էիր խոսում: Ի՞նչ ասիր, չհասկացա:

ՄԱՀՈՒԲ– Ե՞ս:

ՆՈՒՅՆ ՀՐԵՇՏԱԿԸ– Հա: Չե՞ս հիշում: Ինչ-որ փիլիսոփայում էիր:

ՄԱՀՈՒԲ– Չէի փիլիսոփայում: Ասում էի` չեմ հասկանում, թե այս ամենի նպատակը որն է: Չեմ հասկանում, թե մարդիկ ինչու են ապրում, իսկ մենք ինչու ենք կյանքներս նվիրում նրանց հոգին առնելուն: Բա հետո՞: Իմաստը ո՞րն է:

ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Կյանքի՞ իմաստը:

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– (Հեգնանքով) Չէ, թատրոն գնալու: (Հրեշտակներից մեկը, մտքերի մեջ ընկած, գրպանից հանում է տերողորմյան, նստում բազկաթոռին և, տերողորմյայի հատիկներին նայելով, դանդաղ քաշում):

ԱՅԼ ՀՐԵՇՏԱԿ– (Վերջինիս) Էդ ի՞նչ ես անում:

ՆՍՏԱԾ ՀՐԵՇՏԱԿ– Մտածում եմ: Կյանքի իմաստի մասին: (Քիչ անց, նրան ընդօրինակելով, նստում են մյուսները):


Նոր պատկեր: Սարգիս քահանան` հրեշտականման ինչ-որ մեկի հետ, որը հիշեցնում է միջնադարյան զինված պահակի: Կանգնած են ամուր փակված երկաթյա դռան մոտ: Քահանան ներս մտնելու թույլտվություն է խնդրում:


ՔԱՀԱՆԱ– Ընդամենը հինգ րոպե…

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:

ՔԱՀԱՆԱ– Մեկ րոպե:

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:

ՔԱՀԱՆԱ– Երկու բառ ասեմ ու գամ:

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:

ՔԱՀԱՆԱ– Մի հարց տամ:

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛:

ՔԱՀԱՆԱ– Ուրեմն մինչև հիմա ոչ մեկին չի՞ ընդունել:

ԴՌՆԱՊԱՆ– Դու հասկանո՞ւմ ես մարդավարի ասածը:

ՔԱՀԱՆԱ– Ամբողջ կյանքում աղոթել եմ, քարոզել…

ԴՌՆԱՊԱՆ– Լավ ես արել:

ՔԱՀԱՆԱ– Հիմա մի հարց, մեն մի հարց տալու, պատասխան լսելու իրավունք չունե՞մ:

ԴՌՆԱՊԱՆ– Լսիր, քեզ նման խելոք մարդ աշխարհում մենակ դո՞ւ ես, թե էլի կա: Ուրեմն, քո կարծիքով, գերագույնը պիտի քեզ ընդունի ու հարցերի՞դ պատասխանի:

ՔԱՀԱՆԱ– Ամբողջ պատմության ընթացքում միայն մեկ անգամ:

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛, այ մարդ, չէ՛: Գերագույնն իր ասելիքը մեկ անգամ և ընդմիշտ ասել ու պրծել է: Վե՛րջ:

ՔԱՀԱՆԱ– Ախր հազար ու մի հարց կա: Բա չիմանա՞նք…

ԴՌՆԱՊԱՆ– Չէ՛, այ մարդ, չէ՛:

ՔԱՀԱՆԱ– (Ըմբոստացած) Զոռո՛վ կմտնեմ: (Փորձում է դռնապանին մի կողմ հրել, բայց վերջինս նրան ուղղակի շպրտում է):

ԴՌՆԱՊԱՆ– Դե ռա՛դ էղի… Գերագույնի մոտ: Չէ՛ մի:

ՔԱՀԱՆԱ– (Ընկած տեղը նստելով, հանգիստ) Լավ, բայց ինչո՞ւ չի կարելի…


Բեմը դանդաղ մթնում ու լուսավորվում է: Ամեն ինչ այնպես է, ինչպես նախավերջին դրվագում էր: Մարդիկ ու հրեշտակները նստած խորհում են: Ինչ-որ մեկը ուշադրություն հրավիրելու համար ձեռքը փոքր-ինչ բարձրացնում է:


ՁԵՌՔԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ– Ես գտա՛: (Բոլորը նայում են նրան): Չէ: Դա արդեն ասված է: (Շարունակում են մտածել: Քիչ անց ձեռք է բարձրացնում մեկ ուրիշը: Հայացքներն ուղղվում են նրա կողմը):

ՁԵՌՔԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ– Չէ: Դա էլ է ասված: (Նորից տիրում է լռություն):

ՄԻ ՀՐԵՇՏԱԿ– Կյանքի իմաստը, ապրելու նպատակը… Ոնց որ սա էլ է ասված:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Մենք ուզում ենք հեծանիվ հայտնագործել. ախր էդ ամեն ինչի մասին իսկապես վաղուց ասված է:

ՄԻ ՄԱՐԴ– Ինձ թվում է՝ պարզապես չենք ուզում ընդունել, որ այդ ասվածը միակ իրողությունն է, մխիթարանքը: Չենք ուզում, որ միակ ճշմարտությունը դա լինի: Ինչ-որ ըմբոստացել ենք, բայց մեզ պես քանի՜սն են այսպես եկել ու անցե՜լ…

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Բայց ինչո՞ւ ենք այսպես ընկճվել. մեռնելով կյանքը չի՞ ավարտվում, չէ՞: (Բոլորը հարցական լռում են):

ՄԱՀՈՒԲ– Ինձ թվում է` աշխարհն ստեղծողի սրտի մեջ, ով էլ նա եղած լինի, մի դաժան, անգութ չարություն, սև նախանձ եղել է. ամբողջ աշխարհում չկա մի արարած, որ չապրի մահվան սարսափը, չնայի մահվան աչքերին: Որին մի ուրիշ արարած երախը չառնի, պատառ-պատառ չանի, կեր չդարձնի: Հապա հիշեք այն եղնիկի աչքերը, որին ուր որ է պիտի բորենին հոշոտի…

Եվ սա, որպես բնության օրենք, բացառություն չունի: Եվ սա եղել է արարչության սկզբունք:

Բայց սա եղավ գո՞րծ: Սա եղավ բարձրագույն արարչությո՞ւն: (Տիրում է լռություն):

ՆԵՐԿԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ– Երևալով` էն շան որդին ճիշտ է ասել:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Շան որդին ո՞վ է:

ՆԱԽՈՐԴ ԽՈՍՈՂ– Մի փիլիսոփա` Դեյվիդ Հյումը: Ասել է` աշխարհը մի մանուկ Աստծո պարզունակ խզբզանք է: Մի Աստծո, որը, ամաչելով իր գործի անկատարությունից, թողել է կիսատ:

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Այդպես էլ ասե՞լ է:

ՆԱԽՈՐԴ ԽՈՍՈՂ– Հա: Ու դեռ շարունակել է: Գրած պահում եմ, ուզում ե՞ք` կարդամ: (Գրպանից հանում է մի փոքրիկ ծոցատետր և կարդում): «…Աշխարհը բարձրագույն աստվածների ծաղրին ենթարկված, երկրորդական մի աստվածության գործն է. աշխարհը արդեն վախճանված, զառամյալ ու թոշակի անցած մի Աստծո անկարգ արարչությունն է»: (Ծոցատետրը դնում է գրպանը): Բա՛: (Դարձյալ տիրում է լռություն):

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Խավարը ավելի թանձրացավ:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Հիմա ի՞նչ անենք: Ինչպե՞ս ապրենք: (Լսվում է երիտասարդ աղջկա զվարթ ծիծաղ: Իրար ձեռք բռնած, երջանիկ քրքիջով` բեմի ձախ կողմից գալիս են ինքնասպանության փորձ արած աղջիկն ու մի երիտասարդ և, ոչ մեկին ասես չնկատելով, աջ կողմով հեռանում):

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ– Ինչ անե՞նք: Ինչպես ապրե՞նք… Աշխարհի դրվածքը պիտի մենք փոխենք, թե չէ ուրիշը չի փոխի… Եկեք ծիծաղե՛նք: (Բոլորը լուրջ-լուրջ նայում են նրան: Վերջինս, իրենից անկախ, սկսում է ծիծաղել: Քիչ անց ծիծաղում է մեկ ուրիշը, ապա` երրորդը, չորրորդը… Ծիծաղը բոլորին համակում է: Նրանք ծիծաղում են լիաթոք, վարակիչ: Ինչ-որ մեկը գալիս է բեմեզր և դիմում հանդիսատեսներին):

ԲԵՄԵԶՐ ԵԿԱԾ ՄԱՐԴ– Դո՞ւք ինչու չեք ծիծաղում: Դո՛ւք էլ ծիծաղեք: Ծիծաղե՛ք… Ծիծաղե՛ք…

Վերջ




1234567891011121314151617181920
    Դիտվել է 695 անգամ
    12