Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անձրև վաճառողը


Ն. Ռիչարդ Նէշ

Անձրև վաճառողը

Կատակերգություն երկու գործողությամբ

Թարգմանությունը` Լևոն Մութաֆյանի


Գործող անձեր


Հ. Կարրի ագարակատեր

Նոյ

Ջիմ նրա զավակները

Լիզզի

Թոմաս շերիֆ

Ֆայլ շերիֆի օգնական

Բիլլ Սթարբակ



ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ


Այս տարվա ամառը շոգ է և չորային: Արդեն քանի~ օր արևն այրում է, եղանակը չորային է: Հորիզոնին, անշարժության մեջ, կախված է տապի այրող երիզը: Անգամ գիշերը, երբ տապը փոքր-ինչ մեղմանում է, ինչին էլ ձեռք տաս, ջերմություն է արտադրում: Ծարավից մարդիկ ու կենդանիներն անօգնական են դարձել, Եվ միայն մարդիկ են շարունակում համառորեն պայքարել: Ամենօրյա հոգսերն ու աշխատանքները չեն թողնում նրանց տրվել անհուսությանը:

Վաղ առավոտ: Երբ արևի առաջին ճառագայթները թափանցում են սենյակ, մենք տեսնում ենք, որ գտնվում ենք Կարրիի ընտանեկան ճաշասենյակում: Ընդորում, սա ճաշասենյակ է, թե հյուրասրահ, կախված է այն բանից, թե այստեղ ճաշում են, կամ ընդունում հյուրերի: Աղյուսների դասավորության մեջ նկատելի է տղամարդկային կոկիկ աշխատանքը: Միևնույն ժամանակ, չի կարելի չնկատել դարակների դասավորության մեջ կանացի ձեռքը. գրադարակներին դասավորված են ամսագրերի տրցակները, պատին սիմետրիկորեն փակցված են լուսանկարներ: Անկյունում կախված է հեռախոսը. մինչև խռպոտած ձայնով կանչելը, հարկ է պտտել նրա բռնակը: Սեղանի կողքին՝ գրամոֆոն ձայնափողով և ռադիոընդունիչ: Գլխավոր դուռը տանում է դեպի փողոց, մյուսը՝ խոհանոցի միջով, տանում է հողամաս: Երկրորդ հարկում երեք սենյակ. Առաջինում ապրում է Հ. Կարրին՝ ընտանիքի հայրը, երկրորդում՝ Լիզզին, երրորդում՝ Նոյն ու Ջիմը: Թեյի սրբիչն ուսին գցած՝ խոհանոցից դուրս է գալիս Հ. Կարրին, բուֆետում ինչ-որ բան փնտրում. Նա նախաճաշ է պատրաստում: Վերև տանող աստիճանին հայտնվում է Նոյը: Նա շատ բանով է նման հորը՝ լայն ոսկորներով, մեծ և ուժեղ ձեռքերով:


ՆՈՅ – Դու՞ ես, պա:

Հ. ԿԱՐՐԻ – Բարի լույս, Նոյ:

ՆՈՅ – Այստեղ ինչ-որ մեկն անհանգիստ գործ է անում… Հույս ունեի, թե Լիզզին է:

Հ. ԿԱՐՐԻ – Ճանապարհը նրան շատ է հոգնեցրել. Թող քնի:

ՆՈՅ – Գիշերը նա սենյակում հետ ու առաջ էր քայլում, ու ես չէի կարողանում քնել: (Նայում է գրպանի ժամացույցին): Այնուամենայնիվ, ճիշտ կլինի արթնացնել նրան: Այնքան էլ շուտ չէ:

Հ. ԿԱՐՐԻ – Մի արա, պետք չի: Նոյ, կարծում եմ, որ այնտեղ նրա կյանքն այնքան էլ քաղցր չի եղել:

ՆՈՅ – Եթե Սուինգրիվերում նրա կյանքը, ինչպես ասում ես, քաղցր չի եղել, ապա դա քո մեղքով; Հենց սկզբից էլ ես այդ ուղևորությանը դեմ էի: (Ներքև է իջնում): Անկեղծ ասած, ես հույս ունեի, թե այսօր մենք կնոջ ձեռքով պատրաստած նախաճաշ էինք վայելելու: Իմիջիայլոց (աշխատում է կատակով ուղղել իր թույլ տված անտակտ սխալը) սըր, եթե այս շաբաթվա ընթացքում դուք մեզ չթունավորեցիք, ապա սրանից հետո հաճախ կարող ենք մեր կյանքը ձեզ վստահել: (Մոտենում է ռադիոընդունիչին, որը, թվում է, առաջին իսկ հպումից սկսում է ցնցվել: Նոյը վերցնում է աթոռն ու նստում ռադիոընդունիչի դիմաց այն մարդու վճռականությամբ, որը որոշել է այս անգամ չընկրկել և ամեն կերպ հասնել իր նպատակին):

Սենյակ են թափանցում աղմուկի և սուլոցի ձայները:

Հ. ԿԱՐՐԻ – Ջիմին դեռ երեկ կարգի բերեց էդ բանը, մի կոտրիր նորից:

ՆՈՅ - (ռադիոընդունիչից հեռանալով): Այս արկղը շատ փող է կլանել: Պարտավոր ենք, չէ՞, գոնե սրանից ինչ-որ օգուտ ստանալ:

Հ. ԿԱՐՐԻ – Դու քո էս մանկական խաղից ի՞նչ օգուտ ես ուզում ստանալ:

ՆՈՅ – Ես ուզում էի երաշտի մասին ինչ-որ բան իմանալ:

Հ. ԿԱՐՐԻ – Երաշտի մասին ավելի լավ է ինձ հարցնես:

ՆՈՅ – Պա, դու ինչ-որ բան գիտե՞ս:

Հ.ԿԱՐՐԻ - (հոգոց հանելով): Անձրև չկա, ու հայտնի էլ չէ, թե երբ կլինի:

ՆՈՅ – Ինչ արած, մի օր էլ ջնջենք: (Նա մոտենում է պատի օրացույցին և նրա կողքին թելից կախված մատիտով նշում անում):

Հ. ԿԱՐՐԻ – Նոյ, քո այդ նշումների պատճառով, իմ կարծիքով, ժամանակը սկսել է դանդաղ շարժվել: Այդ նշումներից ի՞նչ օգուտ: Անձրևը եթե գալու միտք ունենա, առանց քո նշումների էլ՝ կգա:

Հ. ԿԱՐՐԻ – Ինչ արած… Երանի ես կարողանայի ամեն ինչին այդպես հեշտ նայել: Իսկ գիտե՞ս, որ ես գիշերը գոմ էի գնացել՝ էգերին նայելու: Ու գիտե՞ս այնտեղ ինչ տեսա: Ու ինչ էի ստիպված անել դրանց հետ, գիտե՞ս:

Հ. ԿԱՐՐԻ - (անհանգիստ): Աստված իմ, մի՞թե դու նրանց կրակել ես:

Նոյը չի պատասխանում:

(տխուր): Չարժեր դա անել, Նոյ:

ՆՈՅ – Լսիր, պա, եթե ուզում ես տնտեսությունն ինքդ վարել, խնդրեմ, խոնարհաբար զիջում եմ: Դուք բոլորդ, երևի կարծում եք, թե դա շատ հաճելի զբաղմունք է: (Գրադարակից երկու հաստ գիրք է վերցնում): Ամեն ինչ կա այստեղ գրված, վերցրու: Ու էլ որևէ խոսակցություն չլինի:

Հ. ԿԱՐՐԻ - (ծիծաղելով): Ոչ, Նոյ: Ես այդ գրքերը չեմ վերցնի: Առանց դրանց դու ի՞նչ ես անելու: Առանց էդ դեբետ-կրեդիտների… (Հաշտվողաբար): Դե, լավ, Նոյ, մի չարացիր: Դու լավ գիտես, որ էդ ամենից ես բան չեմ հասկանում:

ՆՈՅ – Մնանք հավատարիմ պայմանին. Դու ու Ջիմը տրվում եք երազներին, իսկ ես՝ թվերին:

Լռություն:

Հ. ԿԱՐՐԻ – Դու ձվերն ի՞նչ ձևով ես ուզում:

ՆՈՅ – Այն ձևով, որով դու դրանք քիչ կփչացնես:

Հ. ԿԱՐՐԻ – Դե այդ դեպքում ես դրանք հում կթողնեմ:

ՆՈՅ – Ես էլ հում-հում կուտեմ:

Նոյը գնում է խոհանոց, և մինչ կվերադառնար երկու ձու ձեռքին, աստիճաններից վազելով իջնում է Ջիմը: Ջիմն ընտանիքում ամենաերիտասարդն է: Նա վերջերս է քսան տարեկան դարձել: Լայնաթիկունք է, ջլապինդ, հենց այդ պատճառով էլ իր տարիքից մեծ է երևում: Նա բեռնավորված է ամենատարբեր ցանկություններով, չնայած համոզված է, որ դրանք չեն իրականանա: Մի անգամ մանկության տարիներին նա չգիտես ինչու մտածել էր, թե բնությունն իրեն նեղացրել էր, ուստի իր հոգում վիրավորվածություն էր պահել:

ՋԻՄ – Բարի լույս, պա:

Հ. ԿԱՐՐԻ – Բարի լույս, Ջիմ:

ՋԻՄ – Ամեն ինչ այնպես կլինի, ինչպես ես կասեմ: Հիմա ես համոզված եմ, որ ամեն ինչ այդպես է լինելու:

Հ. ԿԱՐՐԻ – Ինչի՞ մասին ես ասում, Ջիմ:

ՋԻՄ – Դու գիտե՞ս, թե երաշտն ինչից է, պա:

Հ. ԿԱՐՐԻ – Ինչի՞ց:

ՋԻՄ – Տեսնում ես, դու էլ չգիտես, թե ինչից: Ու ոչ ոք էլ չգիտի: Իսկ ես գիտեմ: Բանն այն է, որ հողն իր ուղղությունն է փոխել: Ամեն օր, ամեն ժամ մենք մոտենում ենք արևին: Մենք նրան ընդառաջ ենք թռչում: Բայց մինչ կբախվենք նրան, հողը ջերմությունից ճաք է տալիս: Ահա այսպիսի բաներ, ծերուկ… Մի թրխկոց ու… վերջ…

Հ. ԿԱՐՐԻ – Դու դա հաստա՞տ գիտես, Ջիմ:

ՋԻՄ – Իհարկե: Երեկ երեկոյան ես պարահրապարակ էի գնացել ու այնտեղ տեսա Ջիլ Դեմբիին: Այնտեղ ուրիշ տղաներ էլ կային: Ես նրանց այն բոլորն ասացի, ինչ մտածում էի երաշտի մասին, և Ջիլ Դեմբին ինձ հետ համաձայն եղավ: Նա ձեռքը դրեց ուսիս և ասաց. ,,Ջիմ Կարրի, դու ճիշտ ես,,:

Հ. ԿԱՐՐԻ – (մեղմ): Նա քեզ ծաղրել է, Ջիմ:

ՋԻՄ – Ոչ: Ամեն ինչ ճիշտ այդպես կլինի: Հողը կփքվի ու կպայթի:

ՆՈՅ – Եթե շարունակես մտածել այդ մասին, նախաճաշից կուշանաս:

ՋԻՄ - (զարմանքով և կարեկցանքով): Ի՞նչ է պատահել, Նոյ: Դու հիվանդացե՞լ ես:

ՆՈՅ – Որտեղի՞ց հորինեցիր:

ՋԻՄ – Դե, իհարկե, դու հիվանդացել ես: Առողջ մարդը հում ձվեր չի ուտի:

Հ. ԿԱՐՐԻ – Նրան պարզապես դուր չի գալիս, թե ինչպես եմ ես պատրաստում:

ՋԻՄ – Ինչու՞: Դու Լիզզիից էլ լավ ես պատրաստում, պա:

. ԿԱՐՐԻ - (գիտենալով, որ որդին իրավացի չէ): Շնորհակալություն, Ջիմ : Իսկ քեզ համար ինչպե՞ս պատրաստեմ ձվերը:

ՋԻՄ – Ինչպես միշտ:

Հ. ԿԱՐՐԻ – Քանի՞ հատ:

ՋԻՄ – Ասենք, հինգն էլ բավական է:

ՆՈՅ – Տեսնում եմ, որ դու այսօր այնքան էլ սոված չես:

ՋԻՄ – Այո, Նոյ, ախորժակս լրիվ կորել է:

ՆՈՅ – Հապա նստիր, Ջիմ: Մենք խոսելու բան ունենք:

ՋԻՄ – Գուցե ո՞չ հիմա, Ջիմ:

ՆՈՅ – Երեկ գիշեր դու կարող էիր մի շատ լավ պատմության մեջ հայտնվել:

Հ. ԿԱՐՐԻ – Ի՞նչ պատմության, Ջիմ:

ՋԻՄ – Ես հիմա ժամանակ չունեմ, Նոյ, հետո կխոսենք:

ՆՈՅ – Պատմության հերոսուհու անունը Սնուկկի էր: Քեզ այդ անունը դուր գալի՞ս է, պա:

Հ. ԿԱՐՐԻ – Ի՞նչ է պատահել, տղաներ:

ՆՈՅ – Հիմա կբացատրեմ: Երեկ մենք միասին էինք պարահրապարակ գնացել: Ամբողջ երեկոյի ընթացքում աչքս նրանից չէի կտրում, իսկ ահա ժամը իննին մոտ ասացի. ,,Ջիմ, չանհետանաս, մենք շուտով պիտի գնանք Լիզզիին դիմավորելու,,: Նա կարծես հենց դրան էլ սպասում էր: Արդեն կայարան գնալու ժամանակն էր, բայց նա անհետացել էր, հետք էլ չէր թողել: Հարցնում եմ Ջիլ Դեմբիին, իսկ նա ասում է. ,,Ջիմը Սնուկկիի հետ գնաց,,:

ՋԻՄ – Ճիշտ չէ, Ես մի քիչ ման գալու էի գնացել: Իմ մտքով անգամ չէր անցել նրա հետ ծանոթանալ: Իսկ նա էլ հենց այդ ժամանակ իմ հետևից է դուրս գալիս ու նստում նոր մեքենան: Ես այդ մեքենան դեռ այն ժամանակ էի նկատել, երբ մենք նոր էինք այգի մտնում: Ես մոտենում եմ նրան ու ասում. ,,Չե՞ք ասի, արդյոք, թե ձեր մեքենան քանի ցիլինդր ունի,,: Ու մինչ նա կհասցներ պատասխանել, մենք արդեն թռչում էինք ժամում քառասուն մղոն արագությամբ:

ՆՈՅ – Ինչ այդ աղջկա հետ է կապված, շատ արագ ասա:

ՋԻՄ – Դու ի՞նչ ես ուզում դրանով ասած լինել:

ՆՈՅ – Ի վերջո, ես նրան գտա: Ինձ ասացին, որ էդ մեքենան տեսել են ծերուկ Ուիլյամսի դեղատան մոտ: Դե, ես էլ այնտեղ ուղևորվեցի: Ինձ թվում է, որ ճիշտ ժամանակին հասա: Նման համբույրները լավ բանով չեն վերջանում: Ստիպված էի ուսին թմփացնել, որպեսզի ինձ նկատեր:

ՋԻՄ – Սնուկկին շատ լավ աղջիկ է: Չեմ հասկանում, թե ինչու՞ նա քեզ դուր չի գալիս:

ՆՈՅ – Ինչպե՞ս կարող է ինձ դուր գալ գունաթափ մազերով այդ տիկնիկը:

ՋԻՄ – Ի՜նչ արած: Նրա մազերն այդպիսին են:

ՆՈՅ – Ծեր Ուիլյամսն ասում է, որ նա իր մոտից անուշադրի պերեկիս է առնում գրեթե դույլերով:

ՋԻՄ - (որպեսզի ինչ-որ կերպ արդարացնի Սնուկկիին): Այդ դեղատեսակը, ինչպես նաև յոդը, օգտագործում են կտրվածքների ժամանակ:

ՆՈՅ – Արյան կորստից նա շատ վաղուց պիտի մեռած լիներ, եթե նման կտրվածքներ են առաջանում նրա մոտ…

Հ. ԿԱՐՐԻ – Դա լավ չէ, Ջիմմի, դու կարող էիր ուշանալ գնացքից ու այդպես էլ չդիմավորել քրոջդ:

ՋԻՄ - (հորը): Թող նա Սնուկկիին չվիրավորի: (Նոյին): Նա, այո, ներկում է մազերը: Բայց դա, խոշոր հաշվով, ոչինչ չի նշանակում: Նա, այնուամենայնիվ, շատ լավն է, ու մինչև հիմա էլ պահպանել է իր կարմիր գլխարկը, ոչ թե ուրիշ աղջիկների նման…

Հ. ԿԱՐՐԻ - (հանդիմանելով): Ահա տեսնում ես, Նոյ: Շատ լավ է, երբ աղջիկը պահպանում է իր կարմիր գլխարկը: Դա նրա օգտին է խոսում:

ՆՈՅ – Ես միանգամայն կասկածում եմ, որ նա մինչև հիմա իր կարմիր գլխարկը պահպանած լինի: Ամեն դեպքում, երեկ երեկոյան Ջիմ Կարրին առանց դժվարության կարող էր նրան փախցնել:

ՋԻՄ – Դա այնքան էլ վատ չէր լինի, Նոյ: Ուրիշ անգամ, խնդրում եմ, դու ինձ չփնտրես, լա՞վ…

ՆՈՅ – Ցնդած, այդ դեպքում դու ստիպված պիտի լինես նրա հետ ամուսնանալ: Այս մասին մտածե՞լ ես:

ՋԻՄ – Լսիր, Նոյ, ի՞նչ ես ինձանից կպել: Ինձ հանգիստ թող:

ՆՈՅ – Պա, դու լսու՞մ ես:

Հ. ԿԱՐՐԻ – Իսկ ի՞նչ կլինի, եթե իրականում էլ հենց այդպես վարվի: Ի՞նչ ես կարծում, Նոյ:

ՆՈԿ – Ի՞նչ: Ամուսնանա Սնուկկիի հե՞տ:

Հ. ԿԱՐՐԻ – Չէ, Ջիմին հանգիստ թող:

Լռություն է տիրում:

ՋԻՄ - (իրեն մեղավոր է զգում եղբոր առջև): Նոյ, դու իզուր տաքացար: Ավելի ճիշտ, դա ես տաքացա… Այսպիսի բաներ, Նոյ…

ՆՈՅ – Դու դեռ պատանի ես, Ջիմ: Դու դեռ շատ բան չես հասկանում: Քեզ թվում է, թե ինձ շա՞տ է դուր գալիս քո հետևից քարշ գալ, հետևել, որ հիմարություններ չանես: Կամ էլ գլուխ կոտրել այս գրքերի մեջ, խնայել ամեն մի գրոշ, տնտեսությանը հետևել… Բայց ես պարտավոր եմ այդ ամենն անել, որովհետև ինձ համար պարտականություն է դարձել: Դու ուզու՞մ ես, որ ես քեզ հանգիստ թողնեմ: Այդ դեպքում, ինչու՞ ես օրական տասն անգամ խորհուրդներ հարցնում ինձանից՝ սա ինչպե՞ս անեմ, այն մյուս բանն ինչպե՞ս անեմ:

ՋԻՄ – Դու ինձ չհասկացար, Նոյ: Ես իսկի էլ դեմ չեմ, որ դու ինձ խորհուրդներ տաս: Ես անգամ այդ ամենի համար երախտապարտ եմ քեզ…

ՆՈՅ - (հեգնանքով): Շնորհակալություն…

ՋԻՄ – Ոչ թե երախտապարտ եմ… այլ, ինչպե՞ս ճիշտ կլինի ասել… Գնահատում եմ քեզ: Ավելի ստույգ, դե լավ, մի խոսքով, գնահատում եմ: Միայն ես ուզում եմ, որ դու… (հիմնավորապես շփոթվում է, գոռում է) չբղավես ինձ վրա:

Հ.ԿԱՐՐԻ – Վերջացրու:

Դարձյալ լռություն է տիրում: Ջիմն իրեն մեղավոր է զգում, մոտենում հորը:


ՋԻՄ – Ինչու՞ է Լիզզին այսքան ուշանում:

Հ. ԿԱՐՐԻ – Նա ճանապարհին շատ էր հոգնել: Համ էլ ուշ պառկեց քնելու:

ՋԻՄ – Գիշերը ես մի պահ արթնացա: Ինձ թվաց, թե նա լաց է լինում:

Հ.ԿԱՐՐԻ – Երբ աղջիկները դժբախտ են, լաց են լինում:

ՋԻՄ – Ինչպե՞ս վարվենք նրա հետ, պա:


Հ.Կարրին չի պատասխանում:


Մենք պարտավոր ենք նրա հետ խոսել:

Հ.ԿԱՐՐԻ – Գուցե դու՞ նրա հետ խոսես, Նոյ:

ՆՈՅ – Չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա:

Հ.ԿԱՐՐԻ – Իսկ ի՞նչ կլինի, եթե դու խոսես, Ջիմ:

ՋԻՄ – Ոչ, պա: Ես չեմ կարող ասել ամեն ինչ այնպես, ինչպես պետք է: Ավելի լավ կլինի, որ ինքդ խոսես:

Հ.ԿԱՐՐԻ – Բայց հասկացեք… ես չեմ կարող: Ես նրան ի՞նչ ասեմ: ,,Լիզզի, ժամանակն է, որ դու ամուսնանաս,,: Այսպես ասեմ, այո՞: Ինքն էլ լավ գիտի, որ ամուսնանալու ժամանակն է:

ՆՈՅ – Ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Խոսելու բան էլ չենք ունենա:

ԼԻԶԶԻ – Բարի լույս, պա: Բարի լույս, տղաներ: Լավ է, որ ես նորից տանն եմ: Այնուհանդերձ, տանն ավելի լավ է, քան մեկ ուրիշ տեղ:

Հ.ԿԱՐՐԻ – Մենք էլ հենց նոր քո մասին էինք խոսում:

ԼԻԶԶԻ – Երանի իմանայիք, թե ինչ երազ եմ տեսել այս գիշեր: Ես ոտաբոբիկ քայլում էի ճանապարհով, և հանկարծ անձրև հորդաց: Սկզբում մի քանի խոշոր կաթիլ ընկավ, իսկ հետո կայծակը փայլատակեց, և ջրի վարար շիթերը թափվեցին հողին: Դա հրաշալի երազ էր: Գրեթե այնքան հրաշալի, որքան անձրևն է:

ՆՈՅ – Անձրևը արցունքի նշանն է երազում: Այ, եթե դու արցունք տեսնեիր, անձրև կգար:

Հ.ԿԱՐՐԻ – Նստիր, Լիզզի: Ես այստեղ նախաճաշ եմ պատրաստել: Մենք երեկ այդպես էլ չկարողացանք լուրջ խոսակցություն ունենալ: Դու չհասցրեցիր մեզ պատմել ամեն ինչ:

ՆՈՅ – Տեսքդ վատը չէ: Մեկնելուդ նախորդ օրերին դու այնքան էլ լավ չէիր զգում քեզ: Չնայած ձև էիր անում, թե շոգը քեզ չի անհանգստացնում, բայց մենք հո տեսնում էինք, որ լավ չէիր զգում: Դե, ի՞նչ լավ բան կար Սուինտռիվերում: Այնտեղ ո՞նց էր, շո՞գ էր:

ԼԻԶԶԻ – Եթե սուտ չասեմ՝ ինչպես դժոխքում:

ՋԻՄ - (ծիծաղում է): Եթե սուտ չասեմ… Դու այնպես ես խոսում, կարծես ծնված լինես Սուինտռիվերում:

ԼԻԶԶԻ – Իհարկե: Ես այնտեղ մի ամբողջ շաբաթ եմ ապրել:

Հ.ԿԱՐՐԻ – Ինչպե՞ս էր իրեն զգում քեռին: Իվ մորաքույրն ի՞նչ էր անում: Դու բացատրեցի՞ր, թե ինչու երկար ժամանակ իրենց նամակ չենք գրում:

ՋԻՄ – Իսկ տղանե՞րն ինչպես են: Թե որ նրանք Իվ մորաքրոջը քաշած լինեն, ապա գրազ կգամ, որ քեզ մահու չափ վախեցրած կլինեն:

ԼԻԶԶԻ – Ոչ, Ջիմ, նրանք քեռի Նէդին են քաշել, միայն մռնչացնում են:

Հ.ԿԱՐՐԻ - (հանդիմանելով): Լիզզի:

ՆՈՅ – Տղաներից բոլորից շատ ո՞րը քեզ դուր եկավ:

ԼԻԶԶԻ – Իհարկե, Փիթը:

Հ.ԿԱՐՐԻ – Ես երբեք չկարողացա դրանց անուններով տարբերել:

ՆՈՅ – Փիթը… Փիթը ո՞ր մեկն է:

ՋԻՄ – Կարող եմ գրազ գալ, որ դու նրան սիրահարված ես:

ԼԻԶԶԻ – Նրա համար ուշքս գնում է, Ջիմ: Մենեք իրար հետ շատ երկար ժամանակ մնացինք, ու մի երեկո էլ նա խնդրեց ինձ ամուսնանալ իր հետ:

Երկար լռություն:

Հ.ԿԱՐՐԻ – Իսկ ի՞նչ պատասխանեցիր նրան:

ՋԻՄ – Դե, Լիզզի, ի՞նչ պատասխանեցիր:

ԼԻԶԶԻ – Ես ասացի, որ նա շատ լավն է և հաջողություններ մաղթեցի ուսման մեջ: Մորաքույր Իվն ասաց, որ այս տարի նա դպրոց է գնալու:

Հ.ԿԱՐՐԻ - (ոչինչ չհասկանալով): Դպրո՞ց: Իսկ մի՞թե փոքր ժամանակ նա դպրոց չի գնացել:

ՆՈՅ – Լռիր, պա:

ԼԻԶԶԻ – Տղաներ, դուք արդեն նախաճաշե՞լ եք: Իսկ դու՞, պա: Սիրելի պա, կարծում ես չգիտե՞մ, թե ինչու էիր դու ինձ այդպես համոզում մեկնել Սուինտռիվեր: Իսկ դու չէիր էլ հասկանում, թե ես ինչու էի հրաժարվում: Ինչպես տեսնում ես, ես մեկնեցի և ինչպես տեսնում ես՝ իզուր: Շատ ցավում եմ, որ դուք ստիպված եղաք այդքան գումար ծախսել ճանապարհի և նոր զգեստի համար: Ոչինչ չես կարող անել, Նոյ, դրանք գրանցիր վնասների ցուցակում:

Հ.ԿԱՐՐԻ – Եվ, այնուամենայնիվ, դու ի՞նչ արեցիր Սուինտռիվերում, ինչ տեղեր գնացիր:

ԼԻԶԶԻ – Առաջին օրերից ես գրեթե դուրս չէի գալիս սենյակից…

ՆՈՅ – Ինչու՞ դուրս չէիր գալիս սենյակից:

ԼԻԶԶԻ – Որովհետև, ամաչում էի: Նրանք ինձանից վատ չգիտեին, թե հանուն ինչի եմ իրենց հյուր գնացել: Նրանք ինձ ոտքից գլուխ լավ տնտղեցին: Իհարկե, դա աշխատում էին անել աննկատ, բայց իրենց չէր հաջողովում: Հենց որ բարձրանում էին սեղանի մոտից, ես անմիջապես վերև էի վազում, իմ սենյակը: Օրական երկու անգամ գլուխս էի լվանում, էլ չասեմ, թե օրական քանի անգամ կահույքի տեղափոխություններ էի անում: Ես ինձ մոտ տարա հեռախոսային տեղեկագիրքն ու ծայրեծայր կարդացի: Ես արդեն պատրաստվում էի փախչել Սուինտռիվերում, երբ մի շաբաթ երեկո Իվ մորաքույրն ասաց. ,,Երեկոյան տղաները պատրաստվում են պարելու գնալ, գնա նրանց հետ,,: Սկզբում մտքովս էլ չէր անցնում պարելու գնալ: Բայց հետո ինքս ինձ ասացի. ,,Լիզզի, հիմար չլինես,,: Ու ես փաթաթեցի մազերս, նոր զգեստը հարմարեցրեցի ինձ, հագա այ այսպիսի կրունկներով կոշիկներ ու գնացի երեկոյան թեյին: Տղաներն այնպիսի չռված աչքերով ինձ նայեցին, ոնց որ մերկ լինեի: Սեղանի շուրջ շատ երկար լռություն տիրեց: Բայց հետո կրտսեր Նէդը որոշեց խախտել լռությունը, նա վեր կացավ, տարուբերվեց տեղում ու հարցրեց. ,,Լիզզի, ինչքա՞ն է քաշդ,,:

Հ.ԿԱՐՐԻ – Ի՞նչ պատասխանեցիր դու:

ԼԻԶԶԻ – Ես ասացի. Քաշս հիսունութ է, ատամներս երեսունեևկու հատ, դրված ատամներ չունեմ, հասակս էլ, դե…

ՆՈՅ – Այնքան էլ խելացի բան չես արել: Նա պարզապես ցանկանում էր զրույց սկսել:

ԼԻԶԶԻ – Ենթադրում եմ, որ ես այն ավարտեցի: Հետո մենք էլի լռեցինք: Հայտնի չէ, թե այդպես ինչքան կշարունակվեր, եթե Փիթը չլիներ: Նա ինչ-որ տեղից քարշ տվեց մի ճմրթված գլոբուս և հարցրեց ինձ, թե ինչ է դրա վրա նկարված: Ինձ ոչինչ չէր մնում անել, միայն այն, որ սկսեմ իրեն բացատրել: Ես հերթականությամբ սկսեցի պատմել… (Բղավում է): Մի՞թե մեղավոր եմ, որ ես միշտ լավ եմ իմացել աշխարհագրություն…

Հ.ԿԱՐՐԻ – Ի՛նչ պատահեց, Լիզզի:

ԼԻԶԶԻ – Խոշոր հաշվով՝ ոչինչ: Նրանց բերանները զարմանքից բաց էին մնացել: Իսկ Նէդ-կրտսերը հարցրեց. ,,Լիզզի, դու ձգտում ես ուսուցչությա՞ն,,: Ու հանկարծ հիշողությանս մեջ վերականգնվեց դպրոցը, ավարտական երեկոն, ու թե ինչպես ես միայնակ կանգնած էի պատի մոտ, ու ոչ ոք ինձ պարի չէր հրավիրում: Ու մտածեցի. ,,Ի՞նչ կլինի, եթե ուսուցչուհի դառնամ,,: Ու հենց որ դա հիշեցի, ամեն ինչ վերջացավ: Ես փակվեցի իմ սենյակում և ողջ երեկո կարդացի հեռախոսային տեղեկատուն:

ՆՈՅ – Եվ դա բոլո՞րն է:

ԼԻԶԶԻ – Երբ մեկնում էի այնտեղից, փոքրիկ Փիթն իմ հետևից կանչում էր. ,, Դու բոլոր կանանցից ամենագեղեցիկն ես,,: Իսկ հիմա՝ վերջ:

Հ.ԿԱՐՐԻ – Դե ինչ, չի սխալվի նա, ով քեզ գեղեցիկ կանվանի:

ԼԻԶԶԻ - (բողոքելով): Պա…

Հ.ԿԱՐՐԻ – Ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Դեռ ոչ ոք իսկական Լիզզիին չի տեսել: Դու ամաչում ես քեզ ցույց տալ մարդկանց մոտ: Քեզ թվում է, թե բոլորի միակ ցանկությունն այն է, որ քեզ նեղացնեն: Քեզ հետ խոսելն անհնար է, Դու զրուցակցին հիմար վիճակի մեջ ես դնում: Դու մտցրել ես գլուխդ, թե քեզ չի կարելի սիրահարվել: Դու միայն մեզ հետ ես լինում այնպիսին, ինչպիսին կաս իրականում: Որովհետև միայն մեզ ես վստահում: Ինչու՞: Ինչու՞ ես վախենում բոլորի համար գեղեցիկ լինել:

ԼԻԶԶԻ - (հուսահատ ճիչ): Որովհետև, ավելի լավ է հույսեր փայփայել, որ կարող ես լինել գեղեցիկ, քան համոզվել, որ դու գեղեցիկ չես:

Լռություն:

Հ.ԿԱՐՐԻ - (զգուշավոր): Լիզզի…

ԼԻԶԶԻ – Այո՞:

Հ.ԿԱՐՐԻ - (չգիտի ինչպես սկսել): Մենք այստեղ մտածեցինք, Լիզզի… Եղբայրներդ, ես… Ու ինչ-որ բան որոշեցինք:

ԼԻԶԶԻ – Որոշեցիք: Եվ ի՞նչ որոշեցիք:

Հ.ԿԱՐՐԻ – Մենք այստեղ մի քիչ կաշխատենք, իսկ հետո կմեկնենք Թրի Փոյնթ:

ԼԻԶԶԻ – Հետո՞:

Հ.ԿԱՐՐԻ – Մենք ուզում ենք Ֆայլին ճաշի հրավիրել: Կարծում եմ, որ դեմ չես լինի:

ԼԻԶԶԻ – Եթե դուք դա անեք, ես տանը չեմ մնա:

Հ.ԿԱՐՐԻ – Կարո՞ղ եմ ես մարդուն հրավիրել ինձ հետ ճաշելու, թե՞ ոչ:

ՆՈՅ – Սպասիր, պա: Եթե Լիզզին չի ուզում, որ մենք նրան հրավիրենք, նշանակում է, պետք չէ հրավիրել: Մենք չպետք է անենք այն, ինչը նա չի ուզում:

ԼԻԶԶԻ – Այո, Նոյ, ես չեմ ուզում, որ դուք Թրի Փոյնթ մեկնեք:

Հ.ԿԱՐՐԻ – Մի՛ լսիր նրան: Եվ դու, Ջիմ, դուք ոչ մի քայլ չեք անի հենց այնպես, առանց Նոյի հետ խորհրդակցելու:

ԼԻԶԶԻ – Որովհետև նա միակն է մեր մեջ, որը սթափ է նայում իրականությանը:

Հ.ԿԱՐՐԻ – Զիջիր այս մեկը, Լիզզի, Այս անգամ խոհեմ եղիր:

ՆՈՅ – Բավական հիմա խորհուրդ է:

Հ.ԿԱՐՐԻ - (Նոյին): Այն ամենը, ինչը չի կարելի հաշվել, խցկել այս գրքերի մեջ, վերածել թվերի՝ դու հիմարություն ես համարում: Կարո՞ղ ես պատասխանել, ի՞նչ հիմար բան ես ասացի:

ՆՈՅ – Չվիճենք, պա: Լիզզին չի ուզում, որ մենք Թրի Փոյնտ մեկնենք: Եվ նա ճիշտ է: Նա քիչ թե շատ հասկանում է, թե ինչ է հպարտությունը: Այս մասին չպետք է մոռանալ:

Հ.ԿԱՐՐԻ – Հպարտությու՞ն:

ՆՈՅ – Այո: Լիզզին ու ես գիտենք, թե ինչ է հպարտությունը: Ես ճի՞շտ եմ, Լիզզի:

Հ. ԿԱՐՐԻ – Լիզզի, նայիր աչքերիս: Դա ճի՞շտ է: Ես չե՞մ սխալվում:

ԼԻԶԶԻ – եթե շատ ես ցանկանում որևէ մեկին հրավիրել, ես չեմ առարկում: Բայց ոչ Ֆայլին, պա:

Հ.ԿԱՐՐԻ – Նշանակում է, ես չե՞մ սխալվել:

ԼԻԶԶԻ – Երբ մենք քաղաք ենք մեկնում, նա շատ բարեհամբույր դիմավորում է մեզ: Եվ Նոյի, և Ջիմի հետ շատ հարգալից է: Իսկ ինձ հազիվ է բարևում: Նա ոչ միայն ինձ չի նկատում, այլև ամեն կերպ ընդգծում է, որ իմ հանդեպ անտարբեր է:

Հ.ԿԱՐՐԻ – Երվ տղամարդն ընդգծում է, որ անտարբեր է կնոջ նկատմամբ, դա նշանակում է, որ այդ կինն իր համար ինչ-որ նշանակություն ունի: Դե, ի՞նչ եք ասում, հրավիրե՞նք:

ԼԻԶԶԻ – Ոչ, պա: Ոչ: Ես ասացի՝ ոչ:

Հ.ԿԱՐՐԻ – Եթե դու իսկապես չես ուզում, որպեսզի նա գա, ապա մի ոչն էլ բավական էր: Եվ դա պետք էր ասել շատ հանգիստ:

Լիզզին լռում է:

Հիշում ես, երբ դու երեխա էիր, մենք հաճախ էինք քեզ ասում. ,,Ազնվությունը ճշմարտության մեջ է, Լիզզի,,: Դու ասում ես, որ Ֆայլը քեզ դուր չի գալիս: Ազնվությունը ճշմարտության մե՞ջ է:

ԼԻԶԶԻ – Պետք չէ, պա:

Հ.ԿԱՐՐԻ – Ես հարցնում եմ քեզ, ազնվությունը ճշմարտության մե՞ջ է:

ԼԻԶԶԻ – Դա խաղ էր, ազնվություն մանկական խաղ: Այդ ժամանակներից շատ տարիներ են անցել: Ես հիմա էլ փոքր չեմ, պա: Ես կարող էի քո հարցին պատասխանել, բայց ես… ես… հրաժարվում եմ: (Անսպասելի): Ի սեր Աստծո, ի սեր ամենակարող Աստծո, ինձ հանգիստ թողեք: Այո, ես սիրում եմ Ֆայլին: Ձեզ էլ ի՞նչ է պետք:

Հ.ԿԱՐՐԻ - (ուրախ): Լսեցի՞ք: Իմ հետևից, տղաներ:

Լույսը մարում է: Շուտով այն նորից վառվում է: Աստիճանաբար լուսավորվում է ոչ մեծ սենյակը, որի պատերը պատրաստված են եղևնու փայտերից և պատված են թեթև փայլով: Այդ ծառայողական սենյակի անկյունում դրված է հսկայական սեղան-բյուրո՝ անվակներով կափարիչով: Նրա վրա՝ հեռախոսի մոտ, ինչպիսին Հ. Կարրիի տանն է, կոճգամներով պատին են փակցված ինչ-որ աղյուսակներ, հայտարարություններ: Այստեղ, միշտ աչքի ընկնող տեղում, տարբեր չափերի մի քանի տասնյակ տղամարդկային լուսանկարներ: Մենք Շերիֆի գրասենյակում ենք: Պատուհանի մոտ՝ մաշված կաշվե բազմոց, նրա վրա, հավանաբար, քնում են, քանի որ անկողինը դեռ հավաքված չէ: Պատուհանագոգին՝ կերակրի մնացուկներով ափսեներ, դատարկ շիշ, որոնք մնացել են նախորդ օրվա ընթրիքից: Այստեղ հանգրված գտած մարդը միայնակ է. Սա կարելի է անմիջապես կռահել: Մտնում է ՖԱՅԼԸ: Գոյություն ունեն մարդիկ, որոնց տարիքը որոշելը դժվար է: Ֆայլն այդ մարդկանց թվին է պատկանում: Նա բարձրահասակ է, մի քիչ կռացած, նրա հանգիստ ու խելացի աչքերը երբեմն թվում են շատ ծիծաղելի և միայն այդ աչքերից կարելի կռահել՝ նա կատակում է, թե խոսում է լուրջ: Հաճախ նա ծիծաղում է նաև ինքն իր վրա՝ գիտակցելով, որ կյանքը կարող էր ավելի հաջող դասավորվել...

ՖԱՅԼ - (ձեռքերը դրել է փորին, իսկ մեծ մատը սեղմել է կոնքին: ): Ես շատ շնորհակալ եմ, շերիֆ, բայց ինձ շուն պետք չէ:

ԹՈՄԱՍ - (մտնելով Ֆայլից հետո): Դա ի՞նչ մի շուն է, ընդամենը՝ շնիկ: Ասեմ, թե նա ինչ է անում: Նա հենց առաջին լակամանին վրա չի տալիս, երբ մյուսներին են կերակրում, այլ սպասում է, որ երկրորդը լցնեն: Ու մինչ եղբայրիկները գզվրտվում են, նա այդ լակամանն ամբողջապես մաքրազարդում է: Ի՞նչ կասես:

ՖԱՅԼ – Նա պարզապես շատակեր է:

ԹՈՄԱՍ – Նա շատ հմայիչ է: Երբ ես քնած եմ, նա մտնում է իմ անկողինն ու տեղ գրավում ոտքերիս մոտ: Դու ինձ զայրացնում ես, Ֆայլ, դու ախր մի ժամանակ ամուսնացած ես եղել: Ուրեմն, անկողնում ցուրտ չե՞ս զգում:

ՖԱՅԼ – Շերիֆ, ես չէի ասի, թե այս գիշեր անկողնուս մեջ մրսում էի:

ԹՈՄԱՍ- Չէ, Ֆայլ, դու պարզապես կենդանիներին չես սիրում:

ՖԱՅԼ – Դա ճիշտ չէ: Երբ ապրում էի Պեդլիվիլում, ես ծովաշուն ունեի:

ԹՈՄԱՍ - (համոզված): Ծովաշունը շուն չէ:

ՖԱՅԼ – Նա ինձ շատ էր ծիծաղեցնում: Նրան բանան էիր տալիս, լվանում, նոր էր ուտում:

ԹՈՄԱՍ – Իսկ ու՞ր կորավ:

ՖԱՅԼ – Փախավ:

ԹՈՄԱՍ – Ահա տեսնում ես: Իսկ մտքովդ կանցնի՞, որ շունը կարող է փախչել:

ՖԱՅԼ – Ես շուն էլ եմ ունեցել:

ԹՈՄԱՍ – Ստում ես: Ի՞նչ ցեղի:

ՖԱՅԼ – Փողոցային:

ԹՈՄԱՍ – Իսկ ի՞նչ էր նրա անունը:

ՖԱՅԼ – Սովորական՝ շուն:

ԹՈՄԱՍ – Նշանակում է, դու նրան չես սիրել, որ էդպիսի անհարմար անուն ես տվել:

ՖԱՅԼ – Այդ անունը նրան դուր էր գալիս:

ԹՈՄԱՍ – Իսկ այդ շունն ի՞նչ եղավ:

ՖԱՅԼ – Մեքենայի տակ ընկավ:

ԹՈՄԱՍ – Կենդանիները կամ քեզանից փախչում են, կամ էլ նետվում են մեքենայի տակ: (Նայում է ժամացույցին): Կներես, իմ գնալու ժամանակն է: Գուցե միտքդ դեռ փոխե՞ս:

ՖԱՅԼ – Հազիվ թե:

ԹՈՄԱՍ – Դե լավ, գնամ, նայեմ, թե տարածքում ինչ է կատարվում:

ՖԱՅԼ – Ասում ես, նա տեղավորվում է ոտքերիդ մո՞տ:

ԹՈՄԱՍ – հենց ոտքերիս մոտ: Իմ հին ու հոգնած ոտքերի մոտ: Ես զգում եմ, թե ինչպես է շնչում: Ավելի ուշ կտեսնվենք, Ֆայլ:

Մնալով մենակ, Ֆայլը նստում է պատուհանագոգի մոտ, իր դիմաց է դնում հայելին, ու երբ ափը սահեցնում է այտի վրայով, նկատում է, որ թևքը ճմրթվել է: Ածելին թողնելով, նա սիգարի տուփից հանում է ասեղը: Զանգում է հեռախոսը:

ՖԱՅԼ - (ընկալուչի մեջ): Հելլո: Շերիֆը հենց նոր դուրս եկավ: Այո, նրա օգնականն է: Նման մեկին չգիտեմ: Իսկ ի՞նչ է նա արել: (Լսում է): Ասում եք, ի՞նչ է անունը: (Վերցնում է թուղթ և մատիտ): Այսպես... Նա զինվա՞ծ է: Հարցնում եմ, նրա մոտ ատրճանակ կա՞: Լավ, ուղարկեք նրա նկարը: Ասում եմ, լուսանկարն ուղարկեք:

Մինչ նա խոսում է, գրասենյակ են մտնում Հ.Կարրին, Նոյը և Ջիմը: Նոյն այս այցելությանը դեմ էր, բայց հիմա էլ իր դիրքերում էր մնացել: Հարրին և Ջիմը փոքր-ինչ շփոթված են, վստահությունը նրանց դավաճանել է, հենց ոտք են դրել գրասենյակ:


ՖԱՅԼ – Բարև, Կարրի: Բարև, տղաներ: Ձեզ մոտ դեռ անձրև չկա՞:

Հ.ԿԱՐՐԻ – Դեռ ոչ, Ֆայլ:

ՖԱՅԼ – Դե, իսկ Սուինտռիվերու՞մ: Այնտե՞ղ ինչպես է:

ՆՈՅ - (չոր): Մենք այնտեղ չենք եղել:

ՖԱՅԼ - (բռնելով վերնաշապկի թեզանիքը): Իսկ Լիզզին ի՞նչ է ասում: Չէ՞ որ նա մեկնել էր Սուինտռիվեր:

ՋԻՄ – Նա ամեն ինչ հավանել է այնտեղ: Ոչ մի ազատ րոպե չի ունեցել: Ամեն երեկո նրան պարերի են հրավիրել, տարել են զբոսնելու: (Ֆայլը հռհռում է, Ջիմը հարկադրված լռում է):

ՖԱՅԼ – Ասում ես, ամեն երեկո՞;

(Անհարմար լռություն է տիրում: Ֆայլը շարունակում է խաղալ վերնաշապկի հետ:)

Հ.ԿԱՐՐԻ - (մի ոտքից մյուսին հենվելով): Վերնաշապիկդ, ախր, պատռվեց, Ֆայլ:

ՖԱՅԼ – Հա, ոնց որ թե պատռվեց;

Հ.ԿԱՐՐԻ – Ի՞նքդ պիտի կարես:

ՖԱՅԼ – Ի՞նչ կարող ես անել, Կարրի: Կնոջս մահից հետո ստիպված եմ ամեն ինչ ինքս անել:

ՋԻՄ – Իսկ իմ վերնաշապիկները Լիզզին է կարկատում:

ՖԱՅԼ – Ափսոս, որ ես քույր չունեմ: Նա իմ վերնաշապիկները կկարկատեր:

Դարձյալ լռություն:

ՋԻՄ – Ըհը, ասում էի, որ Լիզզիին ամեն երեկո հրավիրում էին պարերի..

ՖԱՅԼ - (ընդհատելով): Իսկ նա Սուինտռիվերից մենա՞կ է եկել:

ՆՈՅ - (զգուշավոր): Նա մենակ էր մեկնել, հետևաբար, ու՞մ հետ պիտի վերադառնար:

ՖԱՅԼ – Անցած շաբաթ Մայքլ Լեյը մեկնել էր Լիվերսթաուն ցլիկ գնելու: Գնաց մենակ, վերադարձավ ցլիկի հետ:

ՆՈՅ – (սեղմելով բռունցքները): Մենք Մայքլ Լեյի հետ որևէ գործ չունենք: Լիզզիին հանգիստ թող: Հասկացա՞ր:

ՖԱՅԼ – Մի տաքացիր, Նոյ: Ես ընդամենը հարց տվեցի: Ուրիշ ոչինչ:

ՋԻՄ – Նա միայն հարց տվեց: Իհարկե: Դե, դա քեզ դուր գալի՞ս է, Նոյ:

Հ.ԿԱՐՐԻ – Լսեցեք ինձ: Ես միշտ Նոյին և Ջիմին ասել եմ, որ ... ասել եմ, չէ՞, տղաներ... դուք ընկերներ չունեք, որովհետև շատ տաքարյուն եք:

ՆՈՅ – Դու ճիշտ ես, հայրիկ: Ես տաքացա, Ֆայլ: Վատ չէր լինի, եթե մենք քեզ հետ սրտաբուխ զրույց ունենայինք:

ՖԱՅԼ – Դա կարելի է: Այստեղ, ոչ հեռու, խմելու տեղ կա:

Հ.ԿԱՐՐԻ – Խորտկարանում ինչ զրույց պիտի լինեի: Չէ, Ֆայլ, ցանկալի կլիներ, որ դու մեզ հյուր գայիր: Մենք քեզ ճաշի ենք հրավիրում:

ՖԱՅԼ – Ես կաշխատեմ առաջիկա օրերից մի օր գալ, Կարրի:

Հ.ԿԱՐՐԻ – Իսկ ինչու՞ ոչ այսօր:

ՖԱՅԼ – Այսօր ստիպված եմ աշխատել:Ձեզ հայտնի չէ՞, թե ով է Տորնադո Ջոնսոնը:

Հ.ԿԱՐՐԻ – Ոչ, Ֆայլ:

ՖԱՅԼ – Հեռախոսով հաղորդեցին, որ նա ուղղություն է վերցրել դեպի մեր կողմերը: Հարկ կլինի նրան փնտրել:

ՋԻՄ – Ճանապարհից նա կարող է այլ տեղ թեքվել:

ՖԱՅԼ – Դա ճիշտ է: Նա կարող էր և փոխել ճանապարհը:

ՋԻՄ - (հորը): Դու ուզում ես, որ մենք բարեկամներ լինենք, պա: Ես նրան ընկերություն եմ առաջարկում, իսկ նա հրաժարվում է:

ՖԱՅԼ – Չէ որ ես քեզ բացատրեցի իրավիճակը:

ՋԻՄ – Դու կհրաժարվեիր, եթե անգամ ազատ լինեիր:

ՖԱՅԼ - (հանգիստ): Ջիմ, ես դեմ չեմ այն բանին, որ մենք անգամ ընկերներ լինենք, բայց ինձ այնքան էլ չի ոգևորում այն միտքը, որ հայրդ իմ աները լինի:

ՋԻՄ - (պոռթկալով): Վերցրու բառերդ հետ, լսու՞մ ես:

ՖԱՅԼ – Ես կարող եմ դրանք կրկնել, եթե ուզում ես:

ՋԻՄ – Ուրեմն, այդպես...

Ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում: Մենք միայն տեսնում ենք հատակից բարձրացող Ջիմին: Ֆայլն անդրադարձնելով նրա հարվածը, որը կատարել էր ձախ ձեռքով, միաժամանակ հարվածում է աջով: Նա այնքան էլ ուժեղ չի հարվածում, սակայն դա բավական էր, որպեսզի Ջիմը հազիվ կանգնի ոտքերի վրա:

ՆՈՅ - (ատամների արանքից): Պետք չէր, որ նա սկսեր կռիվը: Դա կարող էի անել ես և շատ հաջող:

ՖԱՅԼ – Դու ախր բաց թողեցիր ժամանակը: Նա քեզանից առաջ անցավ:

ՆՈՅ - (Ջիմի ափի մեջ թաշկինակ է խցկում): Վերցրու, և երբեք առաջինը մի սկսիր, երբ ես քո կողքին եմ: Գնանք տուն, հիմար:

ՋԻՄ – Ես կսպանեմ նրան:

ՆՈՅ – Հետո:

(Նա Ջիմին հրում է դեպի դուռը: Նրանք գնում են: Ֆայլն ու Հ.Կարրին մենակ են մնում:)

ՖԱՅԼ – Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես կատարվեց: Ես չէի ուզում նրան հարվածել:

Հ.ԿԱՐՐԻ – Դատարկ բաներ են: Ջահել ժամանակ ես էլ էի կռիվներ անում: Ինձ սրանից ավելի ուժեղ հարվածներ են հասել: Իսկ թե ձեզանից ով պարտվեց այս կռվի մեջ, դեռ պարզ չէ, Ֆայլ:

ՖԱՅԼ – Պարզ չէ... Ինչու:

Հ.ԿԱՐՐԻ – Մենք ախր քեզ հետ փառավորապես կճաշեինք, մի շիշ գինի կխմեինք, ես շատ տտիպ գինի ունեմ, դեռ շատ հնուց մնացած:

ՖԱՅԼ - (ընդհատելով): Կարրի, խոսակցությունը ճաշին չէր վերաբերում:

Հ.ԿԱՐՐԻ - (ընդունելով մարտահրավերը): Խոսակցությունը ճաշին չէր վերաբերում, այո: Խոսակցությունը վերաբերում էր Լիզզիին: Ինչու՞ դու չամուսնանաս նրա հետ, Ֆայլ:

ՖԱՅԼ – Ես ինքս կարող եմ իմ վերնաշապիկները կարկատել, Կարրի:

Հ.ԿԱՐՐԻ – Վերնաշապիկներից ավելի, ինքդ ես կարկատանվելու կարիքը զգում: Ֆայլ: Ինքդ:

ՖԱՅԼ – Ասածդ ինչպե՞ս հասկանալ, Կարրի:

ՖԱՅԼ - (գնում է դեպի դուռը): Ինքդ կարկատանվելու կարիք ունես, տղա…

ՖԱՅԼ - (փակելով նրա ճանապարհը): Կանգնիր: Սա բոլոր կանոններին դեմ է: Սկսել ես՝ խոսիր:

Հ.ԿԱՐՐԻ – Վատ ես դու ապրում, Ֆայլ: Ես չեմ կարծում, թե ուշքդ գնում է այս բազմոցին քնելու համար, առավոտյան սնվել նախորդ օրվաընթրիքով ու կարկատել վերնաշապիկները: Լավ կյանքից չէ, որ դու ջանում ես համոզել բոլորին, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է: Մեզ, ասենք թե, դու կարող ես խաբել, բայց ինքդ քեզ չես կարող խաբել, Ֆայլ: Դու ասում ես, որ քո կինը մահացել է: Բայց չէ որ դա այդպես չէ: Նա լքել է քեզ ու հեռացել Լուիզվիլից եկած էն ուսուցչի հետ: Թող նա անիծված լինի: Մեզանից ամեն մեկն էլ լավ է հիշում այդ պատմությունը: Բայց դու ասում ես, թե կինդ մայացել է, ու մենք էլ չենք հակադրվում քեզ: Մենք ասում ենք. ,,Լավ, եթե Ֆայլն ուզում է իրեն այրի համարել, թող այդպես էլ լինի: Աստված մեզ էս փոքրիկ ստի համար կների, այդ սուտը հանգստացնում է Ֆայլին,,: Ահա ինչու եմ ասում, որ դու կարկատանվելու կարիք ունես, Ֆայլ: Մարդը, որը ստի մեջ է ուզում հանգստություն գտնել, նա իսկապես վերանորոգվելու կարիքն ունի: Ես սա քեզ չէի ասի, ինքդ ստիպեցիր ինձ:

ՖԱՅԼ – Խիզախ մարդ ես, Կարրի, դու քեզ թույլ ես տալիս ասել այն, ինչ մտածում ես:

Լույսը մարում է: Մենք նորից Հ.Կարրիի տանն ենք: Լիզզին սեղան է պատրաստում, անհանգիստ է, շտապում է: Վերջին անգամ հայացք հառելով սեղանին, նա հանում է գոգնոցը, ուզում է վերև վազել. Պետք է հասցնել փոխել զգեստները: Հանկարծ նա նկատում է, որ սեղանի մոտ բացակայում է հինգերորդ աթոռը: Նա բերում աթոռը, հրելով արդեն դրվածները, աթոռւ դնում է սեղանի մոտ: Գալիս է Նոյը:

ԼԻԶԶԻ – Դուք արդեն վերադարձա՞ք: Իսկ ես դեռ պատրաստ չեմ: Ոչ մի բանի ձեռք չտաս: Չմրթես սփռոցը, Նոյ: Նա ի՞նչ ասաց, որ՞ ժամին կգա:

ՆՈՅ – Նա հստակ չասաց, թե որ ժամին:

ԼԻԶԶԻ – Այ թե բան է ստացվում: Իսկ եթե նրա մտքին լինի գալ ժամը հինգի՞ն: Տասը րոպեից կարկանդակը պատրաստ կլինի: Ժամը հինգին նա կկորցնի իր համը: Ի՞նչ անել, հանե՞մ կրակի վրայից:

ՆՈՅ – Լիզզի…

ԼԻԶԶԻ – Ես այստեղ շատախոսում եմ քեզ հետ, մինչդեռ պետք է փոխեմ շորերս: Լավ չի լինի, եթե նա ինձ տեսնի այս շորերով:

ՆՈՅ – Լսիր, Լիզզի..

Զանգում է հեռախոսը:

ԼԻԶԶԻ - (վազելով վերև): Մոտեցիր հեռախոսին, Նոյ:

Մտնում է Ջիմը:

ՆՈՅ - (վերցնում է ընկալուչը): Հելլո… Ոչ, դուք սխալվել եք: Իսկ ո՞վ է խոսում: Ո՞վ: (Ջիմին): Սնուկկին է:

Ջիմը թռչում է դեպի հեռախոսը:

(ձեռքով փակելով խոսափողը): Ի՞նչ ես ուզում խոսել նրա հետ:

ՋԻՄ – Ես դեռ չգիտեմ, թե ինչ է ուզում նա:

ՆՈՅ - (փոխանցելով ընկալուչը): Զգույշ կլինես:

ՋԻՄ – Հելլո, հելլո… Սնուկկի: Օ, ես ինձ արտակարգ եմ զգում: Իսկ դու՞: Ես հարցնում եմ, ինչպե՞ս ես դու քեզ զգում: Դու՞ էլ ե հրաշալի զգում: Ես շատ ուրախ եմ: Դա հրաշալի է, որ մենք երկուսս էլ հրաշալի ենք զգում:

ՆՈՅ – Ջիմ…

ՋԻՄ - (այդ րոպեին նրա համար Սնուկկիից բացի ոչ ոք գոյություն չունի): Ես պատրաստվում էի քեզ զանգահարել: Եթե դու չզանգեիր, անպայման ինքս էի զանգելու: Այո, Սնուկկի: Ի՞նչ ես ասում: Զուգադիպությու՞ն է: Սա անզուգական զուգադիպություն է, Սնուկկի: (Լսում է): Ոչ, ոչ, ես չեմ հավատում: Երդվիր: Ճի՞շտ: Այ դա շատ լավ է:

Նոյը մոտենում է եղբորը և թփթփացնում նրա մեջքին:

ՆՈՅ – Նա ի՞նչ է ասում:

ՋԻՄ - (հիացած): Նա ասում է, որ ոչ մի կերպ չի կարող սպասել մինչև երեկո և որ նրա նոր ֆորդիկն անընդհատ հարցնում է. ,,Բի, բի, որտե՞ղ է մեր Ջիմը,,:

ՆՈՅ – Ասա նրան, որ իրենց բի-բի Ջիմը պիտի նստի տանը:

ՋԻՄ – (աղերսելով): Դե… Նոյ…

ՆՈՅ – Ինչպես ուզում ես: Եթե դու ուզում ես պղծել քեզ ամեն մի կեղտի հետ շփվելով, խնդրեմ: Ես ձեռքերս լվանում եմ:

ՋԻՄ - (փոխելով տոնը): Հելլո, Սնուկկի: Հասկանում ես, այսօր ես չեմ կարող: Այդպիսի բաներ... Հասկանում ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Դու մի նեղանա: Մի ուրիշ անգամ, լա՞վ: Անպայման: Դե լավ: Դու ինձ լսու՞մ ես, Սնուկկի: Շպրտեց լսափողը:

ՆՈՅ – Քեզ ի՞նչ էի ասում: Ասում էի, չէ՞, որ նա պիտի սկսի քեզ հետապնդել: ՋԻՄ – Նա ցանկանում էր տեսնել ինձ, դրա համար էլ զանգել էր: Դա շատ բնական է: Լիզզին ուզում է տեսնել Ֆայլին, մենք գնում ենք ջ փորձում նրան քարշ տալ այստեղ: Ճիշտ չե՞մ ասում:

Մտնում է Հ.Կարրին:

Հ.ԿԱՐՐԻ – Որտե՞ղ է Լիզզին: Դուք ասացի՞ք նրան:

Լիզզին հայտնվում է աստիճանների վրա:

ԼԻԶԶԻ – Բարեկամներս, ինչպիսի՞ն եմ ես այս զգեստով:

Հ.ԿԱՐՐԻ – Մենք քեզ շատ հավանում ենք:

ԼԻԶԶԻ – Սա ինձ էլ է շատ դուր գալիս: Դե, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն եմ: Կարկանդակն ի՞նչ անեմ: Ե՞րբ ենք սեղան նստելու:

Հ.ԿԱՐՐԻ - (կամաց): Լիզզի, մենք ցանկացած ժամանակ կարող ենք ճաշել:

ԼԻԶԶԻ – Ցանկացած ժամանա՞կ: (Արյունը նրա դեմքին է խփում, աչքերի առջև մշուշն է պատում... Կարծես ոչինչ չի պատահել, միայն Լիզզիի ձայնն է դառնում մետաղի նման պինդ): Դե ինչ, սեղանի մոտ ավելի շատ տեղ կլինի: Տղաներ, դուք արդեն լվացե՞լ եք ձեռքերը: Պա, կարծում եմ, որ մի շիշ գինի մենք, այնուամենայնիվ, կխմենք: Ջիմ, քանի՞ անգամ կարելի է կրկնել, որ դու լվանաս ձեռքերդ:

ՋԻՄ – Նա ցանկանում էր գալ, Լիզզի, նա անգամ շատ ուրախացավ, երբ իրեն հրավիրեցինք:

ԼԻԶԶԻ – Մի՞թե ուրախացավ: Ի՜նչ ես ասում: Գուցե նա ծա՞փ էլ տվեց:

ՋԻՄ – Բայց հետո հիշեց, որ ինչ-որ տղայի պիտի բռնի: Նա անգամ ազգանունն ասաց: Եվ ավելացրեց. ,,Սկզբում ծառայությունը, իսկ հաճույքները՝ հետո,,: Այո, Լիզզի, նա հենց այդպես էլ ասաց: ,,Իսկ հաճույքները՝ հետո,,:

ԼԻԶԶԻ – Հապա մոտեցիր, Ջիմի, նայիր ինձ: Աչքիդ հետ ի՞նչ է պատահել:

ՋԻՄ – Ի՞նչ:

ՆՈՅ – Ֆայլը մի անգամ թրխկացրեց:

ԼԻԶԶԻ – Հենց այնպե՞ս: Ջիմի, ի՞՞նչ է, ուզում էիր նրան ուժով բերել այստե՞ղ:

ՋԻՄ – Դե չէ… Դա հենց այնպես, փոքրիկ կռիվ էր:

ԼԻԶԶԻ – Փոքրիկ կռի՞վ: Դու ասում ես՝ փոքրիկ կռիվ, Ջի՞մ: Իսկ ինչու՞ դուք այն չվեչածեցիք մեծի: Ինչու՞ դուք նրան գետին չտապալեցիք, չկապեցիք ձեռքերն ու ոտքերը: Ինչու՞ դուք նրան փողոցով քարշ չտվեցիք: Ինչու՞:

Հ.ԿԱՐՐԻ – Հանգստացիր, Լիզզի: Ամեն ինչում ես եմ մեղավոր: Մենք չպետք է գնայինք Թրի Փոյնտ:

ՆՈՅ – Ես ասում էի, որ դրա կարիքը չկար:

Հ.ԿԱՐՐԻ - (հիասթափված): Ինչպես միշտ, դու ճիշտ ես, Նոյ:

ՆՈՅ – Ես ասացի. Լիզզին Սուինտռիվեր գնալու կարիքը չունի՝ ինձ չլսեցիք: Ես ասացի. Ֆայլի մոտ գնալ պետք չէ՝ դարձյալ ինձ չլսեցիք: Ի՞նչ ունեցանք արդյունքում: Միայն տհաճություններ: (Չարացած): Մենք միայն նրանով ենք զբաղված, որ ջանում ենք նրան զոռով ամուսնացնել, լվանալ մեր ձեռքերը: ,,Ի՞նչպես վարվել Լիզզիի հետ,,- հավերժորեն այս հարցն է մեր առջև: Իսկ ո՞վ ասաց, նրա համար ինչ-որ բան պետք է անել: Իսկ ի՞նչ, եթե առհասարակ չամուսնանա: Նա ունի հայր և եղբայրներ, իր գլխավերևում տանիք ունի, որը չի կաթում, նա մի երկու սպիտակեղեն ունի և մի կտոր հաց, որը կարող է ուտել:

ԼԻԶԶԻ – Եկեք պայմանավորվենք: Այս պահից սկսած մենք բոլորս հպատակվում ենք Նոյին:

Հ.ԿԱՐՐԻ - (Նոյին): Լիզզին քեզ համար մեր ծախսերի ընդամենը մեկ քառորդ մասն է: Թե ինչ արժե տանիքի վերանորոգումը կամ ինչ արժե ճաշը՝ դու կարող ես հաշվարկել մի պենսի ճշգրտությամբ: Բայց քո գրքերում պատասխան չես գտնի այն հարցին, թե ինչպես մարդուն երջանիկ դարձնել:

ՋԻՄ - (անսպասելի): Լիզզին երբեք երջանիկ չի լինի:

Բոլորը նայում են Ջիմին:

Այո, Լիզզին երբեք երջանիկ չի լինի: Նա այնպիսին չէ, ինչպես բոլորը: Նա չափազանց լուրջ է: Իսկ եթե տղաներն ինչ-որ մեկից վախենում են, ապա, հավատացեք ինձ, առաջին հերթին լուրջ աղջիկներից:

Հ.ԿԱՐՐԻ – Լիզզին ուրիշ կերպ լինել չի կարող:

ՋԻՄ – Ինչու՞: Նա պիտի սովորի ծխախոտ ծխել և կարճ շրջազգեստ հագնել: Դա այնքան էլ դժվար չէ: Նա Լիլի Էնն Բիսլիից ինչո՞վ է պակաս: Իսկ Լիլի Էնն Բիսլին կարող է գրավել ցանկացած տղայի: Ես տեսա, թե ինչպես էր նա դարպասում Ֆիլլ Մաքիին: Նա Մաքիին ասաց. ,,Ֆիլլ, եթե չեմ սխալվում, ձեր փողկապը ոլոռաձև է: Դա հենց այն է, ինչն ինձ պետք է,,: Եվ Ֆիլլը պատրաստ էր: Այդ օրվանից նա սկսեց մտածել միայն այդ աղջկա մասին: Ասենք, ինչու՞ միայն Ֆիլլ Մաքին: Իսկ Չիկագոյից այն տղա՞ն: Աղջիկն այնպիսի բան ասաց նրա ականջին, որ խեղճը քիչ մնաց ջրանցքն ընկներ:

ԼԻԶԶԻ – Բավական է: Ես չեմ ուզում, որ տղամարը ջրանցքն ընկնի: Ես ուզում եմ, որ նա կանգնի կողքիս: Ուս ուսի: Դա ի՞նչ է, անիրագործելի՞ է:

ՆՈՅ – Կյանքում առաջին անգամ Ջիմը, հավանաբար, խելացի մի բան ասաց: Տղամարդուն պետք է հասնել այն ճանապարհով, ինչով հասնում են բոլորը:

Հ.ԿԱՐՐԻ – Ճիշտ չէ, Լիզզի:

ԼԻԶԶԻ - (Նոյին): Այն ժամանակ… այն ժամանակ դրանցից ոչ մեկը ինձ պետք չէ: Գրողի ծոցը բոլորը: Բոլորը, բոլորըէ Ֆայլը, իմ զարմիկները, բոլորը թող գնան գրողի ծոցը:

Դուռն աղմուկով բացվում է: Բոլորը շրջվում են: Շեմին ոչ ոք չկա: Լռություն:

ՆՈՅ – Ո՞վ կա այդտեղ:

Մտնում է սրինգը ձեռքին մարդը: Նա Բիլլ Սթարբակն է: Տեսնելով Լիզզիին, հանում է գլխարկը:

ՍԹԱՐԲԱԿ – Այս տան լեդիին՝ ողջույն:

ԼԻԶԶԻ - (ակամայից): Հելլո…

ՍԹԱՐԲԱԿ – Լեդին հյուրերի է սպասում, այնպես չէ՞: Այլապես ինչու՞ պետք է այսքան տոնական տեսք ունենար:

ԼԻԶԶԻ – Մտնելուց առաջ, պետք է բախել դուռը: Դա մանկությունից են սովորեցնում:

ՍԹԱՐԲԱԿ – Ես այնպես էի բախում, որ թվում էր, թե ուր որ է դուռն իր ամրակներից կպոկվի:

Հ.ԿԱՐՐԻ – Լսեցեք, ինչո՞վ կարող ենք մենք ձեզ օգտակար լինել:

ՍԹԱՐԲԱԿ – Հարցն այնքան էլ ճիշտ չի կառուցված: Արդյոք կարո՞ղ եմ ես ձեզ օգտակար լինել՝ պետք էր այսպես սկսել:

ՆՈՅ – Մենք ոչ մեկի չենք կանչել:

ՍԹԱՐԲԱԿ – Դա ոչնչ չի նշանակում: Դուք դժբախտության մեջ եք, և ես եկել եմ ձեզ օգնելու: (Ջիմին): Լապտերը վառ լուսավորվում է և խոստանում է ավելի պայծառ լուսավորել: (Նոյին): Ձեր ագարակը, սըր:

ՆՈՅ – Ես տնտեսությունն եմ վարում, ագարակը պատկանում է հորս:

ՍԹԱՐԲԱԿ – Գերադասում եմ բանակցությունները ձեզ հետ վարել, սըր: Ես այնքան էլ շատ ժամանակ չունեմ, թույլ տվեք գործի անցնել: Դուք ի՞նչ եք որոշել անել անասուններին:

ՋԻՄ – դուք մեր անասունների հետ գործ չունեք:

ՍԹԱՐԲԱԿ - (Ջիմին ուշադրություն չդարձնելով): Այս գիշեր դուք կրակել եք երկու հորթի: Եթե այդպես շարունակեք, ապա շուտով ոչ մի հորթ չի մնա:

Հ.ԿԱՐՐԻ – Դուք գիտեք, չէ՞ որ մեզ մոտ երաշտ է:

ՍԹԱՐԲԱԿ – Ամենուր միայն այդ մի բառն եմ լսում՝ երաշտ: Բայց այնտեղ, ուր դրվում է իմ ոտքը, անձրև է գալիս: Նա իմ ոտնահետքերի հետևից վազում է:

ԼԻԶԶԻ - (Նոյին): Կարծում եմ, որ այս մարդու մոտ ինչ-որ բան խախտված է:

ՍԹԱՐԲԱԿ – Ավելի ստույգ ասեք, լեդի: Խելագա՞ր եմ: Այո, շատ մարդկանց աչքերով ես խելագար եմ: Ներեցեք, կարծես թե ես չներկայացա: Բիլլ Սթարբակ, նա, ով անձրև է վաճառում:

ՆՈՅ – Աճպարա՞ր: Ես մի աճպարարի մասին կարդացել եմ: Նրան կամ քաղաքից քշեցին, կամ էլ, եթե չեմ սխալվում, բանտ նստեցրին:

ՍԹԱՐԲԱԿ – պետք չէ զարմանալ, սըր: Նրան կարող էին անգամ թոկից կախել:

ՋԻՄ - (հետաքրքրված): Դուք իրականում կարող եք անձրև բերե՞լ: Իսկակա՞ն անձրև:

ՍԹԱՐԲԱԿ – Անձրևն անձրև է, տղա: Նա գալիս է երկնքից: Փոքրիկ տղաները վազում են անձրևի տակ և խոզուկների նման հր-վանքից ճչում: Ծառերը ()()ե ն պարզում իրենց մերկացած ձեռքերը: Թռչունները ջրափսորում լվանում են իրենց թևիկները: Արևը հիանում է ինքն իրենով՝ արտացոլվելով անձրևի կաթիլների մեջ: Անձև: Խորհուրդ եմ տալիս, առաջարկում:

ՋԻՄ – Իսկ ինչքա՞ն եք դրա համար ուզում:

ՍԹԱՐԲԱԿ – Քառասունվեց դոլար, և քսանչորս ժամվա ընթացքում, անկախ ամեն ինչից, այն կգա: Երաշխավորում եմ:

ԼԻԶԶԻ – Դու դեռ իսկական երեխա ես, Ջիմ: Նոյ, հիմար չլինես:

ՆՈՅ – Մի անհանգստանա:

Հ,ԿԱՐՐԻ - (կամաց): Իսկ դա ինչպե՞ս եք անելու, Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ – Գործը կարվի, ու միևնույն չէ՞ ձեզ համար, թե ինչպես եղավ: Գուցե ես կթափահարեմ գլխարկս կամ կասեմ մի քանի կախարդական արտահայտություն: Կամ էլ կկրակեմ թնդանոթներից, որոնց դիմում եմ միայն շատ ծանր դեպքերի ժամանակ: Իսկ գուցե ընդամենը կփչեմ այս սրինգը: Գուցե ես կերգեմ երգը երեք սպանված եղբայրների ու մոր մասին, որը սպասում է զավակներին, ու դա այնքան տխուր կլինի, որ երկինքն արցունքներով կլցվի: Չասենք, թե ես ինչպես եմ անելու:

ԼԻԶԶԻ – Կարո՞ղ եք ասել, թե որտեղ եք դուք անձրև կանչել:

ՍԹԱՐԲԱԿ – Քաղաքը, որտեղ ես վերջին անգամ անձրև բերեցի, իմ պատվին հիմա Սթարբակ է կոչվում: Եթե ես չլինեի, ապա հիմա այն կկոչվեր Մեռյալների քաղաք: Ես խփեցի իմ թմբուկին, և շուտով իմ գլխավերևում հայտնվեց հավի ձվի չափ մի ամպիկ: Նա միայնակ լողում էր երկնքում՝ փայլելով ու մեծանալով: Աստիճանաբար նա ձեռք բերեց մեծ ծառի տեսք: Հետո հորիզոնին ուրիշ ամպեր հայտնվեցին: Իրարից առաջ անցնելով, նրանք շտապում էին քաղաք: Կարելի էր ենթադրել, թե բիզոնների հոտն է արշավում դեպի ջրվեժ: Եվ անձևը եկավ: Դույլերի սափորների, կաթսաների մեջ էին լցնում այն, ափերով շփվում նրան: Երբ ես հեռացա, ծիածանը՝ բազմագույն կամարի նման, կախված էր իմ գլխավերևում:

ԼԻԶԶԻ – Ցնդաբանություններ մի պատմեք այստեղ: Այս մարդը պարզապես խարդախ է:

ՍԹԱՐԲԱԿ - (Հ.ԿԱՐՐԻԻՆ): Ցավալի է այս ամենը լսել, սըր: Ոչ, քույրիկս: Գուցե ես խելագար եմ, բայց խարդախ չեմ: Ես խարդախ չեմ թեկուզ այն բանի համար, որ քառասունվեց դոլարը հենց այնքանն է, որքան ինձ պետք է անձրև կանչելու համար: Ես այս գործից ոչինչ չեմ վաստակում, եթե չհաշվեմ սերը, որով ինձ պարգևատրում են մարդիկ: Մնացեք բարով:

Հ.ԿԱՐՐԻ – Սպասեցեք, Սթարբակ: Ես չէ որ ձեզ խարդախ չկոչեցի:

ԼԻԶԶԻ – Պա:

Հ.ԿԱՐՐԻԻ - (Լիզզիին): Բայց ես չասացի նաև, որ պատրաստ եմ վճարել քառասունվեց դոլար:

ՆՈՅ – քեզանից ամեն ինչ սպասելի է:

Հ.ԿԱՐՐԻ – Ծայրահեղ դեպքում, Նոյ, դու այդ քառասունվեց դոլարը կմիացնես Լիզզիի ուղևորությանն ու նոր զգեստին:

ԼԻԶԶԻ – Ես առարկում եմ, պա:

ՍԹԱՐԲԱԿ – Թույլ տվեք մի քանի բառ ասել: Լեդիներ և ջենթլմեններ: դուք չեք կարող չհամաձայնել իմ պայմանների հետ, որովհետև ձեր արտերն այրվում են, ու եթե թեկուզ մեկ հնարավորություն կա հարյուրի դեմ, դուք իրավունք չունեք անփույթ գտնվելու: (Նոյին): Որովհետև հորթերի մահամերձ կանչերը դեռ ձեր ականջներում են, (Լիզզիին) որովհետև կյանքում գոնե մեկ անգամ դուք պիտի լսեք խելագարին, (Ջիմին) որովհետև այսօր գիշերն էլ այնքան շոգ է լինելու, որ հողը պարզապես պայթելու է… Թրխկ և վերջ…

ՋԻՄ - (հիացած): Ճիշտ է; Դա հենց ես եմ ասել:

Հ.ԿԱՐՐԻ - (հանելով դրամապանակը): Համաձայն եմ: Վերցրեք, Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ - (թաքցնելով փողը): Այն, որ այս գործը գլուխ կգա, ես սկզբից էլ կռահել էի, հենց այն ժամանակ, երբ ոտք դրեցի ձեր տուն:

ՋԻՄ – Ինչպե՞ս:

ՍԹԱՐԲԱԿ – Դուք չորսն եք: Իսկ սեղանին սպասքը հինգն է: ,,Այս տեղը քեզ համար է նախատեսված, Սթարբակ,,- ասացի ինքս ինձ:

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ


ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ


Ճաշն ավարտվել է: Լիզզին հավաքում է սեղանը: Հ.Կարրին հանգստանում է բազկաթոռում: Ծխում է: Նոյը զբաղված է իր գրքերով, հաշվիչն է գործի դրել: Ջիմը պտտվում է Սթարբակի շուրջն ու անհամբերությամբ սպասում, թե երբ վերջինս գործի կանցնի: Սթարբակը հենց նոր է վեր կացել, նկատելի է, որ նա շտապում է ավարտել ճաշը: Նա փեշերից թափ է տալիս հացի փշրանքը:

ՆՈՅ – Քառասունվեց դոլար: Հայրիկ, ես դա գրանցում եմ վնասների ցանկում:

ՍԹԱՐԲԱԿ – Սպասեցեք, Նոյ: Եթե ձեզ այդքան խիստ կարևոր է հաշվետու լինել այդ քառասունվեց դոլարի համար, ես կթելադրեմ: Գրեք. ,,Այսօր մեր դուռը բախեց մի անծանոթ, որն իրեն Սթարբակ կոչեց: Մենք նրանք կերակրեցինք համեղ ճաշով և տվեցինք քառասունվեց դոլար, որը նա խնդրեց: Ցանկանալով իր շնորհակալությունը հայտնել մեզ, այդ մարդն անձրև բերեց,,: Գրեցի՞ք:

ՆՈՅ – Մենք հետաքրքիր տեսք կունենայինք, եթե թվերի փոխարեն ես գրի առնեի այդ բանաստեղծությունը:

ԼԻԶԶԻ - (վերադառնալով խոհանոցից): Անձրևը թափվում է դույլերով , այնպես չէ՞:

ՍԹԱՐԲԱԿ – Իմ պահեստում դեռ քսաներեք ժամ կա, լեդի:

ՋԻՄ – Դուք ե՞րբ գործի կանցնեք, Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ – Բարեկամներ, եկեք զինվենք համբերությամբ: Անձրևը չի սիրում, երբ նրան շտապեցնում են: Դրանից զատ, մենք դեռ չենք ճշտել, թե ձեզ ինչպիսի անձրև է պետք:

ՋԻՄ – Ինչպե՞ս՝ ինչպիսի:

ՍԹԱՐԲԱԿ – Անձրևները տարբեր տեսակ են լինում: Լինում է շատ փափուկ անձրև, նա մարդոիւ սրտին թախիծ է կաթեցնում, և հայտնի է որպես միալար թափվող: Դա մեզ պետք չէ, մի կողմ նետենք: Կա խոշոր և հատուկ անձրև, որը հիշեցնում է վատ պտտված ցնցուղ: Դա նախատեսված է պառավ լեդիների կողմից տնկված ծաղկաթմբերի համար: Դա էլ մեզ պետք չէ: Կան ապրիլյան վարար անձրևներ: Դրանք ապրիլյան են կոչվում, որովհետև միայն ապրիլին կարելի է կանչել նրան: Դրանք մեր իշխանությունից դուրս են, ուրեմն դրանց մասին էլ մոռանանք: Կա կարկուտին խառնված անձրև: Ջրի կաթիլների հետ գետին են թափվում նաև սառցե կտորներ՝ սալորի պես մեծ: Նրանք կարող են ոչնչացնել ցանքսը, հրաժարվենք դրանցից: Վերջապես, կա նաև ջրհեղեղ: Սա ամենամեծ անձրևն է, կատաղի և անսանձելի: Բայց դրա մասին չխնդրենք, դա մեծ չարչարանք է պահանջում:

ԼԻԶԶԻ – Այս մարդու պարծենկոտությունն անսահման է:

ՍԹԱՐԲԱԿ - (բղավում է): Ես չեմ կարող աշխատել հեգնանքի և կասկածամտության մթնոլորտում:

ՆՈՅ – Դուք ուզեցիք քառասունվեց դոլար, մենք տվեցինք: Ուրիշ է՞լ ինչ եք ուզում:

ՍԹԱՐԲԱԿ – Դուք պետք է համոզված լինեք, որ անձրև կլինի: Այլապես ոչինչ չի ստացվի:

ՆՈՅ – Հասկանում եմ: Հետո դուք կասեք, որ անձրև չեկավ, քանի որ մենք բավարար համոզված չէինք, թե այն կգա:

ՍԹԱՐԲԱԿ – Այնքան էլ այդպես չէ: Նոյ, ես հիմա ամեն ինչ կբացատրեմ: Համոզված պիտի լինեմ ես: Բայց բանն այն է, որ եթե դուք կասկածի տակ առնեք, ինձ մոտ նույնպես կասկածներ կծնվեն: Եվ գործը գլուխ չի գա:

ԼԻԶԶԻ – Դուք կարող եք գողանալ քառասունվեց դոլար, բայց դա բոլորն է, ինչ կարող եք գողանալ: Հույսը մեր և հավատը մեր մեզ հետ կլինեն, Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ – Այսպես չի լինի, բարեկամներ: (Ձեռքը տանում է գրպանը): Ահա ձեր քառասունվեց դոլարը և ինքներդ կարող եք անձրև կանչել:

ՋԻՄ - (փողը հետ հրելով): Ես չեմ կասկածում, Սթարբակ, ես չեմ կասկածում: Անցեք գործի:

ՍԹԱՐԲԱԿ – Ինձ օգնականներ են պետք, ինքս մենակ չեմ կարողանա: Ջիմ, համաձա՞յն ես օգնել ինձ:

ՋԻՄ – Դա ի՞նչ հարց է: Եվ ես, և պան կանենք այն ամենը, ինչ պետք է:

ՍԹԱՐԲԱԿ – Իսկ Նո՞յը:

ՆՈՅ – Ինձ հանգիստ թողեք:

Հ.ԿԱՐՐԻ – Գումարը վճարված է: Նոյ, խաղը սկսված է: Մի՞թե դու չես կարող գոնե ձև անել, թե…

ՆՈՅ - (Սթարբակին): Ինչո՞վ պիտի արտահայտվի իմ օգնությունը:

ՍԹԱՐԲԱԿ – Ես կասեմ, երբ այն պետք լինի: Իսկ դու՞ք, լեդի:

ԼԻԶԶԻ – Ինձ վրա հույս չդնեք:

ՋԻՄ – Նա մեզ պետք չէ: Սթարբակ, մենք առանց նրա էլ գլուխ կբերենք: Ի՞նչ օգնություն կարող է ցույց տալ կինը: Դե վերջապես գործի անցեք…

ՍԹԱՐԲԱԿ – Լավ: Զգուշացնում եմ. այն ամենը, ինչ կխնդրեմ ձեզ անել, առաջին հայացքից կարող է անիմաստ թվալ: Դա ձեզ չպետք է անհանգստացնի: (Մոտենում է պատուհանին): Ջիմ, ինձ մոտ: Տեսնում ես, ահա իմ սայլակը, նրա վրա թմբուկ կա: Գնա այնտեղ և ամեն անգամ, երբ զգում ես, որ այն չխփել չես կարող, խփիր: Հասկացա՞ր: Ամեն անգամ, երբ կզգաս ներքին անհրաժեշտություն:

ՋԻՄ - (շատ գոհ է հանձնարարությունից): Ե՞րբ սկսեմ:

ՍԹԱՐԲԱԿ – Դու դեռ այստե՞ղ ես:

Ջիմը վազելով հեռանում է:

Լսեք ինձ ուշադիր: Կարրի, իմ սայլակի մեջ դուք կգտնեք սպիտակ ներկով դույլ: Դա սովորական ներկ չէ: Վերցրեք դույլը, վրձինը և ցանկապատի վրա մեծ նետ նկարեք: Այն պետք է ցույց տա ուղղությունը տանից: (Նոյին): Անվտանգության միջոցներն ավելորդ չեն: Ամեն դեպքում, պետք է կայծակը հեռու տանել:

Հ.ԿԱՐՐԻ - (հեռանալով): Սա կարծես թե խելքից հեռու բան չէ:

ՍԹԱՐԲԱԿ - (կարծես բարձրաձայն քննարկելով): Վատ է, շատ վատ է: Ջորի է պետք, իսկ ջորի չկա:

ՆՈՅ - (չնայելով նրա կողմը): Մենք ջորի ունենք:

ՍԹԱՐԲԱԿ – Հրաշալի է: Նոյ, դուք անգամ չեք պատկերացնում, թե ինձ ինչքան ուրախություն պարգևեցիք: Իսկ պարան չե՞ք ունենա: Ի սեր Աստծո, կապեք ջորու հետին ոտքերը:

ՆՈՅ – Դա՞ ինչի համար է:

ՍԹԱՐԲԱԿ – Հարցեր մի տվեք: Դուք չէ որ համաձայնեցիք օգնել:

ՆՈՅ – Նզովյալ լինեմ ես: Կապել ջորու հետին ոտքերը: Մի՞թե ես դա կանեմ: (Գնում է:)

Բակից լսվում են թմբուկի զարկերը: Ջիմը խփում է՝ չխնայելով իրեն:

ՍԹԱՐԲԱԿ - (բղավում է պատուհանից): Կեցցես, Ջիմ: Խփիր, խփիր: Քեզ նշանակում եմ իմ առաջին օգնական:

ԼԻԶԶԻ - (նրա ներսում հասունանում է ատելությունը): Ինչ, գո՞հ եք: Ձեր ուզածին հասաք: Ձեզ կարծես քառասունվեց դոլարը քիչ էր, հիմա էլ որոշել եք ծաղրել մեզ: Ինչու՞ նրանց տվեցիք այդ հիմար հանձնարարությունները:

ՍԹԱՐԲԱԿ - (հանկարծ): Որպեսզի ձեզ հետ մենակ մնամ, Լիզզի:

ԼԻԶԶԻ - (գետինը շարժվում է նրա ոտքերի տակ): Ի՞նչ:

ՍԹԱՐԲԱԿ – Ես պետք է ձեզ հետ խոսեմ, Լիզզի:

ԼԻԶԶԻ – Դուք վախկոտ եք: Եթե ձեզ պետք էր ինձ հետ խոսել, այդպես էլ կասեիք. ,,Լիզզի, ես ուզում եմ ձեզ հետ խոսել,,:

ՍԹԱՐԲԱԿ – դուք կպոկեք կոճակը: Այս շրջազգեստը ձեզ շատ է սազում: Ու՞մ համար էիք այն հագել, Լիզզի: Ու՞մ էիք սպասում:

ԼԻԶԶԻ – Ես ոչ մեկի չեմ սպասում:

ՍԹԱՐԲԱԿ – դուք սպասում էիք, հիմա ոչ մեկի չեք սպասում: Նա չի՞ գա: Նա ձեզ էլ չի՞ սիրում:

ԼԻԶԶԻ – Ես չեմ ցանկանում ձեզ պատասխանել, լսու՞մ եք:

Լիզզին ուզում է վերև վազել, նա բռնում է ձեռքը:

ՍԹԱՐԲԱԿ – Սպասեցեք: Մի հարց:

ԼԻԶԶԻ – Թողեք ինձ:

ՍԹԱՐԲԱԿ – Մի հարց, Լիզզի: Երբ մտա այս տուն ու դեռ չէի հասցրել գեթ մեկ բառ ասել, դուք ինձ անմիջապես չսիրեցիք: Ինչու՞:

ԼԻԶԶԻ – Թողեք ինձ:

ՍԹԱՐԲԱԿ – Պատասխանեք, ինչու՞:

ԼԻԶԶԻ – Որովհետև դուք շատ վստահ քայլվածք ունեք: Ու ես իսկույն հասկացա, որ հեշտությամբ չեմ կարողանա ազատվել ձեզանից:

ՍԹԱՐԲԱԿ – Սատանան տանի: Ինչու՞ եք դուք անընդհատ վիրավորում ինձ: Ինչու՞ եք դուք հանձն առնում դատել իմ մասին: Ո՞վ է ձեզ իրավունք տվել չվստահել ինձ: Գուցե իմ ծնվելու ժամանակ Աստված իմ ականջին նվիրական բառ է շշնջացել: Գուցե նա ինձ ասել է. ,,Բիլլ Սթարբակ, այս աշխարհում դու չես ունենալու ոչ ոսկյա թամբով սպիտակ նժույգ, ոչ էլ արծաթե շեփորով փառք: Դու չես ունենալու անգամ քո անկյունը, որտեղ դու կկարողանաս օրվա ողջ հոգսերից ու անհանգստություններից հետո գլուխդ հանգիստ բարձին դնել: Մի սպասիր, նա կիշխի քեզ: Դա իմ միակ օրհնանքն է քեզ,,:

ԼԻԶԶԻ – Աշխարհում նման օրհնանք չկա, Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ – Ինչքան քիչ եք ճանաչում դուք աշխարհը: Լիզզի, ես քայլում եմ ծաղկած հողի վրայով մի երկրից մյուսը և հանդիպում եմ իմ եղբայրներին. Նրանցից ամեն մեկը երկնքի պես հրաշալի հնարավորություններով է օժտված: Բժիշկը ձեռքը դնում է հիվանդի սրտին, ու հիվանդն արդեն հանգիստ շնչում է: Սերմնացանը հողի մեջ սերմն է շաղ տալիս, ու ոսկե հասկերը ձգվում են դեպի արևը՝ սիրած աղջկա նման ձիգ հասակով: Ձկնորսն ուռկանն է ջուրը ձգում, ու ձեռքին հայտնվում են ծովի խորության մեջ ապրող անսովոր ձկներ: Ստեղծագործողը գիրք է գրում, որը կարդալիս՝ մարդիկ ծիծաղում և լաց են լինում նրա մահից անգամ հազար տարի հետո էլ: Ծխնելույզ մաքրողն ուրախ երգ է երգում, և դուք կարող եք քնել՝ չանհանգստանալով, որ կրակը կայրի ձեզ: Իսկ ես ընդամենը անձրև եմ կանչում:

Սթարբակի բառերը հուզում են Լիզզիին, չնայած վերջինս չի ցանկանում տրվել դրանց ազդեցությանը: Սակայն նա անզոր է դիմագրավել դրանց:

ԼԻԶԶԻ - (առանց նախկին վստահության): Եվ, այնուամենայնիվ, ես ձեզ չեմ հավատում:

ՍԹԱՐԲԱԿ – Դուք կարծես Նոյը լինեք: Ոչ մի բանի չեք հավատում: Դուք հագնում եք նոր շրջազգեստ, իսկ երբ սիրած էակը չի գալիս, ձեզ թվում է, թե նա այլևս չի գա: Ես խղճում եմ ձեզ: Դուք անգամ այն բանին չեք հավատում, որ դուք կին եք: Իսկ եթե կինը չի հավատում, որ ինքը կին է, ուրեմն, իսկապես նա կին չէ:

Նա շրջվում է և գնում: Լիզզին մենակ է մնում՝ իր մտքերի հետ: Ջիմը բակում շարունակում է թմբկահարել:

Շերիֆի գրասենյակը: Ֆայլը պառկած է բազմոցին, ձեռքերը դրել է գլխի տակ, սուլում է: Նա խոսում է հեռախոսով:

ԹՈՄԱՍ – Լավ, լավ: Դուք նրա լուսանկարն ունե՞ք: Իսկ ինչու՞ մինչև հիմա չեք ուղարկել: Իմ օգնականն ախր ասաց, չէ, որ անհապաղ ուղարկեք: Մի անհանգստացեք, բաց չենք թողնի: Դե ինքներդ էլ նրան ձերբակալեիք: Ինքներդ, ասում եմ, ձերբակալեիք: Այո: կարիք չկա քսան անգամ զանգել: Կհաղորդենք, լավ: (Կախում է լսափողը): Ես այդպես էլ կարգին չհասկացա, թե ինչ է արել այդ Ջոնսոնը: Կարծում եմ, նրա համար այնքան էլ վնասակար չի լինի, որ մի քիչ պետության հաշվին հանգստանա: (Հռհռում է՝ գոհ իր կատակից): Էլ ուրիշ բան տեղի չի՞ ունեցել, Ֆայլ:

ՖԱՅԼ – Զանգահարել է լեդի Կիլեյը: Ասաց, որ լսել է որոտի ձայներ:

ԹՈՄԱՍ – Լեդի Կիլեյի գլխում շոգից միայն որոտի ձայներ չէ, որ կլսվեն:

ՖԱՅԼ – Տարօրինակ որոտ է: Նա ասում է՝ բում, բում, բում… Հավասար դադարներով…

ԹՈՄԱՍ – Պառավը խելքը թռցրել է:

ՖԱՅԼ - (լռությունից հետո): Ինչ-որ բան է տեղի ունենալու: Լռություն է պայթյունից առաջ:

ԹՈՄԱՍ – Օդն էլեկտրականացած է: Բավական է սանրը մոտեցնես՝ մազերդ կսկսեն ճաքճքել: Կինս ասում է. Այնպիսի տպավորություն է, կարծես քայլում եմ փշե շրջազգեստ հագած: (Ֆայլը սուլում է): Ինչ-որ բա՞ն է պատահել, Ֆայլ:

ՖԱՅԼ – Ոչ, շերիֆ:

ԹՈՄԱՍ – Ֆիլլ Մաքին ասում է, որ Կարրին է եղել այստեղ որդիների հետ:

ՖԱՅԼ – Հա, դատարկ բան էր: Նրանք առաջարկում էին մի-մի թաս բան խմել:

ԹՈՄԱՍ – Ֆիլլ Մաքին ասում է, որ կրտսեր Կարրին դուրս եկավ այստեղից՝ ծնոտը բռնած:

ՖԱՅԼ – Չարժե, որ Ֆիլլ Մաքին քիթը խոթի այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա:

ԹՈՄԱՍ – Ինձ նույնպես հասկանալի է:

Լռություն:

ՖԱՅԼ – Ես միտքս փոխեցի, շերիֆ: Առավոտյան դու ինձ շան լակոտ առաջարկեցիր: Ոնց որ թե պատրաստ եմ վերցնել:

ԹՈՄԱՍ – Շատ ցավում եմ, Ֆայլ: Ես քեզ մի ամբողջ շաբաթ համոզում էի: Այսօր մեզ մոտ ճաշում էր Բոբ Իսթերֆիլդը, նա շատ խնդրեց… Մի խոսքով, շնիկն արդեն նրա մոտ է:

ՖԱՅԼ – Դե լավ: Մոռանանք այս խոսակցությունը:

ԹՈՄԱՍ – Ասա ինձ, Ֆայլ, դու մտափոխվեցիր այն բանի հետո, երբ այստեղ եկան Կարրինե՞րը:

ՖԱՅԼ - (չարացած): Օ, տեր իմ… Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այդ փոքրիկ շնիկի և իր հսկա տղաներով շրջապատված ծերուկ Կարրիի միջև:

ԹՈՄԱՍ – Քեզ ի՞նչ պատահեց, Ֆայլ: Հապա հավաքիր քեզ:

ՖԱՅԼ – Ներիր, շերիֆ: Շոգն է մեղավոր: Իսկ ի՞նչ, եթե դուրս գամ օդին, մի քիչ քայլեմ: Չե՞ս առարկում:

ԹՈՄԱՍ – Գնա, Ֆայլ: Ես կզբաղվեմ թղթերով, պետք է, չէ՞, գոնե մի անգամ դրանք կարգի բերել: (Երբ Ֆայլն արդեն դռների մոտ է): Եթե պետք գաս, որտե՞ղ փնտրեմ քեզ:

ՖԱՅԼ – Ես շուտ կվերադառնամ, շերիֆ:

Լույսը մարում է: Մենք դարձյալ Կարրիի ճաշասենյակում ենք: Դռան շրջանակին ամրացված մեխից ինչ-որ հնարքով կախված է գրամոֆոնի փողը: Հ.ԿԱՐՐԻՆ նստած է սեղանի եզրի մոտ, հանգստանում է: Մտնում է ՆՈՅԸ: Նա ոտքից գլուխ կորած է սպիտակ ներկի մեջ:

ՆՈՅ – Պա, կարելի է ենթադրել, որ ողջ կյանքումդ վրձին չես բռնել::

Հ.ԿԱՐՐԻ – Խոտը չորացել է, այդ պատճառով էլ չդիմացա ու սահեցի: Դույլն էլ, սատանի նման, թափվեց վրաս: Ստիպված է աղեղը մի քիչ կարճացնել: Հիմա Բիլլն ասում է, որ ինքն այլևս դրա համար պատասխանատու չէ: Փոքրիկ կայծակին ինքը կկարողանա դիմագրավել, բայց հազիվ թե կարողանա գլուխ հանել մեծից:

ՆՈՅ – Թող նա այնպես անի, որ մեծ կայծակ չլինի:

Հ.ԿԱՐՐԻ – Ես նրան այդ մասին ասացի: Նա պատասխանեց. ,,Ձեզ երևի թվում է, թե ես ամենակարո՞ղ եմ: Ինչպիսին կա, այդպիսին էլ կլինի,,:

Թմբուկի զարկեր:

ՆՈՅ - (պատուհանից դուրս): Վերջ տուր, Ջիմ: Վերջ տուր, ի սեր Աստծո: Դու ի՞նչ մարդ ես: Ի՞նչ ես մի գլուխ, առանց հոգնելու, խփում ու խփում:

Հ.ԿԱՐՐԻ - (ժպտալով): Ջիմին դուր է գալիս թմբուկ զարկել:

ՆՈՅ – Ինչպես դուր չի գա: Նրան ամենահեշտ գործը բաժին հասավ::

Դռների մեջ սկզբում հայտնվում է թմբուկը՝ ահռելի չափերի, երևի աշխարհում նմանը չկա, իսկ հետո՝ Ջիմը: Ժպտալով, նա նայում է հորը, ապա եղբորը, և չիմանալով ինչ ասել, զարկում է ողջ ուժով:

Ջիմ, իմ համբերությունը մի փորձարկիր:

ՋԻՄ – Ես խփում եմ միայն այն ժամանակ, երբ այլևս չխփել չեմ կարողանում: Դուք չէ որ լսեցիք, նա ասաց. ,,Խփիր միայն այն ժամանակ, երբ կզգաս, որ չխփել չես կարող,,:

Հ.ԿԱՐՐԻ – Իսկ դու փորձե՞լ ես մի քիչ հրաժարվել, Ջիմ: Եթե տղան իր կամքը չմարզի, նրանից իսկական տղամարդ չի ստացվի:

ՋԻՄ - (բազմանշանակ): Պա, ներքին անհրաժեշտությանը չես կարող դիմակայել:

ՆՈՅ – Երբ Արարիչ Աստված քեզ երկիր ուղարկեց, շտապելուց մոռացավ գլխիդ մեջ մի քիչ խելք դնել:

Հ.ԿԱՐՐԻ - (կանխելով վեճը): Դու չե՞ս նկատել, գոնե փոքրիկ ամպ չի՞ երևացել:

ՆՈՅ - (չնայած հարցը նրան չի ուղղված): Ոչ փոքր, ոչ մեծ: Կարելի է և չհարցնել:

ՋԻՄ – Քիչ է մնացել սպասելուն: Շուտով ամպիկը կհայտնվի, այ, կտեսնեք: Նա սկզբում հավի ձվի նման կլինի, իսկ հետո մեծանալով՝ կդառնա մի մեծ ծառի չափ:

ՆՈՅ – Կասկածում եմ:

ՋԻՄ – Եթե դու նայեիր նրա սայլակը, այլ կերպ կսկսեիր տրամաբանել: Ինչ ասես չկա այնտեղ: Հեռադիտակ, թենիսի խփիչ, կարկին և անգամ զանգակներով օղակ:

ՆՈՅ - … որպեսզի հիմարացնի միամիտ մարդկանց:

ՋԻՄ - (հանելով իր գրպանից փոքրիկ, մի լավ ճմրթված գրքույկ): Իսկ սրա մասին ի՞նչ կասես, Նոյ: Սա ընկած էր ամենախոր տեղում, թղթի գունավոր ժապավենների տակ: Ամեն ոք, ով կկարողանա բացահայտել այս գրքույկի գաղտնիքը, կարող է անձրև կանչել: Ես սա անմիջապես հասկացա, հենց որ սկսեցի թերթել այն:(Պատահական էջ է բացում և կարդում): ,,Երկնակամարին սկսում են հայտնվել թավշեգույն և արծաթափայլ ամպիկներ… Բացի ջերմաստիճանի նվազումից, ամպակուտակման համար անհրաժեշտ են օդում կոնդենսացիաների բջիջներ, որոնց կողքին կարող են ձևավորվել ամպի տարրեր,,: (Նոյին): Հասկացա՞ր:

ՆՈՅ – Ինչ-որ ցնդաբանություն է:

ՋԻՄ - (հազիվ թե երբևէ այսքան երջանիկ եղած լինի): Բիլլին ինձ նվիրեց այս գիրքը: Նա անգամ մակագրեց, տեսնու՞մ եք: ,,Ջիմ Կարրիին, որն աշխարհին նայում է լայն բացված աչքերով,,; (Կարծես ի միջիայլոց): Մենք իրար հետ շատ երկար զրուցեցինք:

Հ.ԿԱՐՐԻ – Ինչի՞ մասին եք զրուցել:

ՋԻՄ - (խուսանավելով): Շատ բաների մասին: Ես նրա ասածներից շատ բան չհասկացա, բայց նա ջղայնացավ: (Նոյին): Եվ ինձ վրա էլ չբղավեց: Ես նրան պատմեցի, թե ինչպես եմ սովորել դպրոցում, և ինչպես ինձ չէր հաջողվում ստանալ բարձր գնահատականներ: Եվ նաև նրան պատմեցի Սնուկկիի մասին:

Աստիճաններին հայտնվում է Լիզզին:

ԼԻԶԶԻ – Ես փորձեցի քնել, սակայն ապարդյուն: Վերևում կարելի է շնչահեղձ լինել: Մեկ էլ Ջիմն այդ թմբուկով: (Նայելով գրամոֆոնի փողին): Ես կարո՞ղ եմ համոզված լինել, որ այս բանը չի սկսի կրակել:

ՍԹԱՐԲԱԿ - (նա սենյակ է մտել Ջիմի վերջին բառերն ասելու պահին և մնացել աննկատ): Այս բանը չի կրակի, կարող եք բացարձակապես համոզված լինել, լեդի:

Զանգում է հեռախոսը, Նոյը վերցնում է ընկալուչը:

ՆՈՅ – Հելլո: Նա տանը չէ: Ոչ ասացի: Խնդրեմ: (Կախում է ընկալուչը):

ՋԻՄ – Արդյո՞ք ինձ չէին հարցնում:

ՆՈՅ – Միանգամայն ճիշտ ես, քեզ:

ՋԻՄ – Դա Սնուկկին էր:

ՆՈՅ – դու շուտ ես կռահում, Սնուկկին էր: ,,Խնդրեցեք Ջիմին… Նա ե՞րբ կգա… Ներողություն,,: Դու գոհ չե՞ս:

ՋԻՄ - (վիրավորվածությունից աչքերին արցունքներ են երևում): Դու անգամ հարկ չհամարեցիր ասել, որ ինձ են ուզում:

ՆՈՅ – ես քեզ ազատեցի տհաճ խոսակցությունից:

ՋԻՄ – Վերջիվերջո, ինքս կարող էի ասել, որ տանը չեմ:

ՆՈՅ – Ինչպե՞ս կարող էիր ասել, որ դու տանը չես: Հիմարություն է:

ՋԻՄ – Հիմարություն… ապուշություն… ցնդաբանություն… ուրիշ բառեր չգիտես: Մի սրան տեսեք, ինչ խելացին է:

ՆՈՅ – Դե ի՞նչ ես բղավում: Դու կարծում ես, որ ես ճիշտ չե՞մ վարվել: Դու մի օ՞ր էլ չես կարող ապրել առանց այդ աղջկա: Խնդրեմ, դեռ ամեն ինչ կորած չէ: Միայն պետք է վերցնել ընկալուչն ու կանչել հեռախոսի համարը:

ՍԹԱՐԲԱԿ – Նոյն իրավացի է: Ջիմի, զանգիր նրան, ի՞նչ մի դժվար բան է:

Ջիմը տատանվում է, մերթ եղբորն է նայում, մերթ Սթարբակին:

(ոգևորում է): Դե, տղա, համարձակ եղիր:

ՋԻՄ – Ես… ես նրա հեռախոսի համարը չգիտեմ:

ՍԹԱՐԲԱԿ – Դատարկ բան է: Դրա համար էլ տեղեկատու գոյություն ունի: Դրա համար կպահանջվի ոչ ավել, քան երեսուն վայրկյան: (Հ.ԿԱՐՐԻԻՆ): Հաստատեք, որ խորհուրդս այնքան էլ վատը չէ:

Հ.ԿԱՐՐԻ - (կամաց): Նա իր գլուխն ունի, Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ - (Լիզզիին): Դուք ինչու՞ եք լռում:

ՋԻՄ - (նա ամաչում է Սթարբակի առաջ): Ինձ հանգիստ թողեք, Սթարբակ: Ինձ հանգիստ թողեք, այլապես ես կսկսեմ ձեզ ատել: (Վազում է վերև):

Լռություն:

ԼԻԶԶԻ - (Սթարբակին): Դուք իզուր եք խառնվում մեր ընտանեկան խնդիրներին: Ես խնդրում եմ ձեզ հետայսու դա չանել:

ՍԹԱՐԲԱԿ - (շատ լուրջ): Ես շատ անգամ եմ ինձ խոսք տվել ուրիշների գործերին չխառնվել: Բայց, հավանաբար, ես անուղղելի եմ: Կամ էլ ինձ համար ուրիշների գործ հասկացություն չկա: Ինչ էլ որ լինի, խնդրում եմ ներել ինձ, Լիզզի: (Ընկրկելով): Ներեցեք, խնդրում եմ, Նոյ: (Արդեն դռների մոտ): Կարրի, ներեցեք, խնդրեմ:

Սթարբակի հեռանալուց հետո լռություն է տիրում:

ԼԻԶԶԻ - (լռությունից հետո): Ջիմը շատ ինքնասեր է, դու իրավունք չունեիր վիրավորել նրա ինքնասիրությունը, Նոյ: Այն էլ բոլորի ներկայությամբ:

ՆՈՅ – Տղան ձեռքից գնացել է:

ԼԻԶԶԻ – Կարծում եմ, որ քեզ հաճույք է պատճառում նրան դիտողություն անելը:

ՆՈՅ - (ընդհատելով): Աստված իմ, ազատիր ինձ այս ընտանիքի հոգսերը կրելուց: Թող ինչ-որ մեկն այս ծանրությունն իջեցնի իմ ուսերից: Ես չեմ կարողանում կարգին քնել, ուժերս չխնայելով, նայում եմ տնտեսությանը, հոգ եմ տանում քրոջս մասին, եղբորս պաշտպանում եմ հիմարություններից, Իսկ փոխարենն ի՞նչ ունեմ: Հանդիմանություննե՞ր:

Հ.ԿԱՐՐԻ – Դու Լիզզիի և Ջիմի մասին հոգ տանելու կարիքը չունես: Բավական է այն, որ հոգ ես տանում տնտեսության մասին:

ՆՈՅ – Չի կարելի այդպես սահմանափակել. ահա տնտեսության գործերը և ահա ընտանեկան գործերը: Նրանք սերտորեն կապակցված են իրար:

Հ.ԿԱՐՐԻ – Գուցեև դու ճիշտ ես: Բայց դու ուզում ես ընտանիքը կառավարել այն մեթոդներով, որոնցով տնտեսությունն ես վարում: Պետք է ճանաչել մարդկային հոգին՝ հին երգում է ասվում:

ՆՈՅ – Իսկ ի՞նչ լավ բան դուրս եկավ քո մեթոդներից՝ դժվար է համոզվել: Դրա համար բավական է նայել Լիզզիի ճակատագրին: Կարծես թե հպարտանալու բան չկա:

Հ.ԿԱՐՐԻ – Ի՞նչ ես ուզում դրանով ասել:

ՆՈՅ – Մտածիր և ամեն ինչ կհասկանաս:

Նոյը շրխկացնելով դուռը, հեռանում է:

ԼԻԶԶԻ – Նրան ուշադրություն մի դարձրու, պա: Շոգն ում ասես կգժվեցնի:

Հ.ԿԱՐՐԻ – Թչ, Լիզզի: Նա ասաց, որ ինչ-որ բանում ես մեղավոր եմ: Դա ճի՞շտ է: Ես ինչ-որ բան այնպես չե՞մ արել:

ԼԻԶԶԻ – Ինչեր ես ասում, պա: Ամեն ինչ ճիշտ է: Ես բոլոր կանանցից ամենագեղեցիկն եմ: Այդ մասին ինձ Փիթն ասաց: Եվ դու էլ ես այդպես մտածում: Մի՞թե դուք սխալվում եք: Ես գիտեմ գրել ու կարդալ, ես կարող եմ ճաշ պատրաստել և ինձ համար զգեստ կարել: Դու ինձ տվել ես այն ամենը, ինչ կարողացել ես: Քո աղջիկը շատ խելացի է, պա: Նա ազնիվ է, պարկեշտ: Այն աստիճան պարկեշտ է, որ երեբեմն իր համար էլ տհաճ է դառնում: Զզվելու աստիճան պարկեշտ է:

Հ.ԿԱՐՐԻ – Այդպես մի խոսիր, Լիզզի:

ԼԻԶԶԻ – ես միայն չեմ կարողանում ծխախոտ ծխել և վերև քշտել շրջազգեստս: Դու հարցնում ես, թե ի՞նչ ասաց Նոյը: Նա ասաց, որ ես ինձ համար պետք է ամուսին գտնեմ այն ճանապարհով, ինչով գտնում են մյուսները, բոլորը: Գուցե դա այնքան էլ հիմար միտք չէ, պա՞:

Հ.ԿԱՐՐԻ – Դեն նետիր այդ բոլորը գլխիցդ, Լիզզի: Լսու՞մ ես ինձ, դեն նետիր: Մի մտածիր ակդ մասին:

ԼԻԶԶԻ – Աստված իմ, ինչու՞ անձրև չկա: Այն, ինչ պակասում է մեզ, անձրևն է: մեզ ջրհեղեղ է պետք: Որպեսզի բոլորիս խորտակի: Որպեսզի բոլորիս գլորի անդունդը: Որպեսզի աշխարհի վերջը գա:

Հ.ԿԱՐՐԻ – Կամաց, Լիզզի: Մի՞թե ուզում ես, որ մարդիկ լսեն:

ԼԻԶԶԻ - (հանգիստ): Ես կզանգահարեմ Լիլի Էնն Բիսլիին և կխնդրեմ ինձ ապրել սովորեցնել:

Հ.ԿԱՐՐԻ – Ես միայն կամաչեմ քեզ համար, միայն ու միայն: Դե ինչ, գնա:

ԼԻԶԶԻ – դու չպետք է ամաչես ինձ համար, որովհետև դա արդեն ուրիշ կին կլինի: Լիզզի Կարրիից ոչինչ չի մնա, բացի անունից, ուրիշ Լիզզի Կարրին կքայլի ահա այսպես (քայլում է սենյակում՝ օրորելով կոնքերը) և այսպես կխոսի. ,,Հելլո, Ջիլ Դեմբի, Ի՜նչ գեղեցիկ ու հրաշալի մազեր ունեք: Այսօր դուք նման եք Ապոլոնին: Նրան չի կարելի չիմանալ, տղաս: Դա տղամարդ էր՝ ինչ պետք էր: Իսկ ինչ փայլուն ատամներ ունեք: Դրանք կարելի՞ է հաշվել, Ջիլ: Մեկ, երկու, երեք, չորս… Դե, դե, մի կծիր: Ինձ պետք չէ խուտուտ տալ, տղա: Լիզզին վախենում է խուտուտից, նա կարող է մեռնել: Դուք չէ՞ որ դա չեք ուզում, թե՞ ես սխալվում եմ,,:

Լիզզին և Հ.Կարրին նայում են իրար և մտածելով, որ նույն բանն է իրենց մտքերում, ծիծաղում են: Մտնում է Ֆայլը:

ՖԱՅԼ – Բարի օր:

Հ.ԿԱՐՐԻ - (չոր): Բարի օր:

ՖԱՅԼ – Ինչպես տեսնում եք, դուք ուրախ եք: Կարելի՞ է մտնել:

Հ.ԿԱՐՐԻ – Բոլորի համար էլ տեղ կա: Իսկ ինչու՞ ներս չմտնել:

ՖԱՅԼ - (Լիզզիին): Բարի օր:

ԼԻԶԶԻ - (արյունը քունքերին է խփում): Բարի օր:

Լռություն:

ՖԱՅԼ – ում հարցնում ես, ոչ ոք ոչինչ չգիտի: Ծերուկ Ուիլյամսն ասում է, իր կյանքում նման երաշտ չի տեսել:

Լռություն:

Կարրի, ես առավոտվա դեպքի համար ցավում եմ:Նման հիմար բան ստացվեց:

Հ.ԿԱՐՐԻ – դու դա արդեն ասել ես, Ֆայլ:

ՖԱՅԼ – Ես եկել եմ դա Ջիմին ասելու:

Հ.ԿԱՐՐԻ – Ինչ որ ճիշտ է, ճիշտ է: Ջիմին դու չես ասել: (Հասկացնելով, որ Ֆայլին և Լիզզին մենակ թողնելու հնարավորություն կա): Նա վերևում է, ես հիմա նրան կուղարկեմ: (Արագ քայլերով Հ.Կարրին գնում է դեպի աստիճանները, բայց Լիզզին կռահելով հոր մտադրությունը, բղավում է՝ Ջիմմի: Ի՞նչ ես անում այդտեղ: Հապա ներքև արի:): Դե շատ լավ ստացվեց, Լիզզի: Ստիպված չեմ լինի վերև բարձրանալ, ոտքերս ցավում են: Ավելի լավ է նաև, թե հորթանոցում ինչ է կատարվում: Ես շուտ կվերադառնամ, Ֆայլ: (Եվ նա հեռանում է, մինչ Լիզզին ու Ֆայլը կհասցնեին ինչ-որ բան ասել:)

ԼԻԶԶԻ - (միայն լռությունը խախտելու համար): Լիմոնադ ուզու՞մ եք:

ՖԱՅԼ – Ոչ, Լիզզի, շնորհակալություն:

ԼԻԶԶԻ – Լիմոնադին այդպես են կոչում, որովհետև լիմոնից են պատրաստում, իսկ ես սալորից եմ պատրաստել: Առավել ճիշտ կլինի ոչ թե լիմոն-ադ կոչել, այլ՝ սալոր-ադ:

ՖԱՅԼ – Կարծես թե այստեղ կանոններ չկան:

Խոսակցությունն ավարտված է: Լռություն: Փրկում է Ջիմը:

ՋԻՄ - (հայտնվելով աստիճաններին): Դու ինձ կանչեցի՞ր, Լիզզի: Հեյ, Ֆայլ: (Վազում է ներքև):

ՖԱՅԼ – Հելլո, Ջիմ: Ցույց տուր խնդրեմ, աչքդ: Ես եկել եմ ներողություն խնդրելու այդ պատմության համար:

ՋԻՄ - (պատրաստ ներելու): Դե, լավ, թող, Ֆայլ: Ինչ եղել՝ եղել է:

ՖԱՅԼ – Դա արդեն տղամարդավարի է:

ՋԻՄ – Բնականաբար:

Նա նայում է Ֆայլին՝ լայն ժպտալով:Հանկարծ նա թռչկոտում է տեղում և բղավում. Դե, դե, Ֆայլ… Այ քեզ Ֆայլ… և Ֆայլին աչքով անելով, ուզում է փախչել, սակայն վերադառնում է, վերցնում թմբուկն ու դուրս վազում: Դրսից լսելի է, թե նա ինչպես է թմբկահարում:

ՖԱՅԼ – Շերիֆը կարծում է, թե լեդի Կիլեյը խելքը թռցրել է, ասում էր, թե որոտի ձայն է լսել: Ինչպես կարծում եմ, նա լսել է Ջիմի երաժշտական վարժանքները:

ԼԻԶԶԻ - (փոքր-ինչ նկատելի ժպիտով): Նստեցեք, Ֆայլ:

ՖԱՅԼ - (շարունակելով կանգնած մնալ): Ջիմը զգայուն տղա է: Նա կռահեց, որ ես ոչ թե իր, այլ ձեզ մոտ եմ եկել:

ԼԻԶԶԻ - (շատ զուսպ): Ձեզ ի՞նչ է ինձանից պետք, Ֆայլ:

ՖԱՅԼ – Լսեք ինձ: Այսօր առավոտյան ձեր հայրն ինձ ասաց… նա ասաց… Մի խոսքով, քաղաքում բոլորը կարծում են, թե կինս մահացել է: Բոլորը կարծում են, թե ես այրի եմ: Հասկանալի՞ է: Ես եկել եմ ասելու, որ դա այդպես չէ: Կինս փախել է ինձանից:

ԼԻԶԶԻ – Ես դա գիտեմ, Ֆայլ:

ՖԱՅԼ – Բոլորն այդ մասին գիտեն, բայց ինձ անհրաժեշտ է, որ դուք իմանաք:

ԼԻԶԶԻ – Ինչու՞:

ՖԱՅԼ – Ես բավական ուժեղ եմ, և թող ոչ ոք չմտածի, թե Ֆայլը չի ուզում իրերն իրենց անուններով կոչել:

ԼԻԶԶԻ – Ի՞նչ է պատահել, Ֆայլ: Հայրս ձեզ նեղացրե՞լ է:

ՖԱՅԼ – Ողջ կյանքում ամեն ինչից բարձր ես դասել եմ իմ անկախությունը: Այսօր առավոտյան ես հասկացա, որ կորցրել եմ ամեն ինչ: ,,Մենք գիտենք, որ կինդ լքել է քեզ, և մենք պատրաստ ենք ձև անել, թե նա մահացել է,,: Ասում են այսպես ինձ մարդիկ: Հետո էլ նրանք ասում են. ,,Մարդը, ով ստի է դիմում, կարկատանվելու կարիք ունի, լսեցեք մեր խորհուրդները,,: Ահա թե ինչ: Եթե ես հրաժարվում եմ նրանց խորհուրդներից, նրանք հիշեցնում են. դու մեր առջև պարտք ունես: Չմոռանաս, հանուն քեզ, մենք խաբում ենք Աստծուն:

ԼԻԶԶԻ – Ֆայլ:

ՖԱՅԼ – Ես չեմ ուզում որևէ մեկի առջև պարտապան լինել: Կինս լքել է ինձ՝ ես հաստատում եմ: Ես հիմա կգնամ և ճանապարհին ամեն մի հանդիպողի կասեմ այս մասին: Այսուհետև թող ոչ ոք ինձ ցույց չտա, թե ինչպես պետք է ապրեմ: Եթե ինձ դուր է գալիս ուտել երեկվա ընթրիքից մնացածը, ես այն կուտեմ, և դա որևէ մեկին չի վերաբերում: (Նա շրջվում է, որպեսզի գնա):

ԼԻԶԶԻ - (բռնկված): Սպասեցեք, Ֆայլ: (Հավաքում է իրեն): Սպասեցեք: Դուք մարդկանց նկատմամբ արդարամիտ չեք: Դուք չարացած և անարդար: Մեր մարդիկ շատ գրագետ չեն, հնարավոր է, բայց նրանք բարի են և պարզամիտ: Նրանց մասին չի կարելի վատ մտածել: Եթե նրանք ինչ-որ լավ բան են անում, նրանք դա անում են անշահախնդիր: Բայց մինչ այդ լավ նայում են մարդուն, արդյո՞ք նա դրան արժե: Երբ դուք եկաք Պեդլիվիլից, միանգամից նրանք իրենց սրտերը ձեր առաջ չբացեցին: Հիմա նրանք հավատում են ձեզ: Սա ինչ-որ բան նշանակում է, Ֆայլ: Նրանք ձեր լավն են ուզում, իսկ դուք բղավում եք, թե հարձակվում են ձեր անկախության վրա: Ինչո՞վ եք դուք պարծենում: Անկախությունը երեկվա ընթրիքն ուտե՞լն է: Մենակությա՞մբ: Աշխարհում չափից շատ են միայնակ մարդիկ: Ես չգիտեմ միայնակ մարդու, որը երջանիկ լինի: Ու եթե նրան ձեռք են պարզում, նա իրավունք չունի հետ մղել այդ ձեռքը:

Ֆայլին ազդում են նրա խոսքերը:

ՖԱՅԼ – Ես պետք է հասկանամ ձեր խոսքերը: Լիզզի, ես պետք է մտածեմ: Դուք այնքան անկեղծ էիք խոսում: Ես շնորհակալ եմ ձեզ:

Լռություն: Մտնում է Նոյը:

ՆՈՅ - (հասկանալով, որ եկել է ճիշտ ժամանակին): Դու այստե՞ղ ես, Ֆայլ: Որտե՞ղ են իմ հաշվապահական գրքերը: Դու կանաչ թղթապանակ չե՞ս տեսել, Լիզզի: Ահա նա: (Վերցնում է թղթապանակը, հեռանում): ՖԱՅԼ – Ահա այսպես:

ԼԻԶԶԻ - (վախենալով, որ կգնա): Մենք խոսում էինք… ինչի՞ մասին էինք խոսում: (Ֆայլը լռում է): Դուք պատմում էիք ձեր կնոջ մասին:

ՖԱՅԼ – Ոչ, ես նրա մասին չեմ պատմել: (Մտածելով): Ես կարող եմ պատմել, եթե ուզում եք:

ԼԻԶԶԻ – Ֆայլ, նա գեղեցի՞կ էր:

ՖԱՅԼ – Նա սև մազեր ուներ: Ես միշտ աում է, որ եթե կնոջ մազերը սև են, ապա նե գեղեցիկ լինելու կես ճանապարհին է:

ԼԻԶԶԻ - (ակամայից ձեռքը սահեցնում է իր ոչ սև մազերի վրայով): Դա, ամենաքիչը, կես ճանապարհին:

ՖԱՅԼ – Նա փախավ դպրոցի ուսուցչի հետ: Նա Լուիզվիլլից էր, այդ ուսուցիչը: Նա կարճատես էր և ակնոցներ էր կրում: Նրա ձեռքերը սպիտակ ու փափուկ էին՝ կնոջ ձեռքերի պես: Նա այնպես զգույշ էր քայլում, որ ինձ թվում էր, թե ուր որ է ուշագնաց կլինի: Իսկ կողքին ես էի: Երբ անցած տարի Միաչքանի Ջեյկն իմ ուսին կրակեց, ես անգամ հոգոց չհանեցի: Մետաղյա շղթան ես կարող եմ հանգույց անել: Ոչ, ես երբեք չեմ հասկանա, թե ինչ է ուզում կինը:

ԼԻԶԶԻ – Նրան սիրելը դեռ քիչ է: Կնոջն անհրաժեշտ է, որպեսզի նրան չսիրել չկարողանան: Նա պիտի գիտենա, որ պետք է ձեզ, Ֆայլ: Նշանակում է, այդ ուսուցչին նա պետք էր:

Ֆայն – առավել շատ ինձ, քան մեկ ուրիշի, նա պետք չէր:

ԼԻԶԶԻ – իսկ նա դա գիտե՞ր: Դուք այդ մասին նրան ասե՞լ էիք: Գուցեև նա մնար, եթե այդ մասին նրան ասած լինեիք:

ՖԱՅԼ – Նա կմնար, առավել քան համոզված եմ: Բայց ես տղամարդ եմ, և ոչ մի խոսք չասացի:

ԼԻԶԶԻ – Հպարտությունը: Դրա համար էլ դուք մենակ եք, Ֆայլ:

ՖԱՅԼ – Լսեցեք, Եթե կնոջը պիտի խնդրես, որ մնա, ավելի լավ է, որ գնա:

ԼԻԶԶԻ – իսկ եթե դուք նորից առիթ ունենաք այդ ամենի միջով անցնել…

ՖԱՅԼ - (ընդհատելով): Ես կվարվեի ճիշտ այսպես:

ԼԻԶԶԻ – Ընդամենը երկու բառ: Եվ դուք չէի՞ք ասի:

ՖԱՅԼ – Ոչ:

ԼԻԶԶԻ – Դուք հիմար եք:

Սա ապտակ էր: Լիզզին ինքն էլ հասկացավ, թե ինչ արեց: Ֆայլը կատաղած է, չգիտի ինչ անել: Լիզզին համկարծ որոշում է վերամարմնավորվել Լիլի Էնն Բիսլի:

Դուք փոքրիկ հիմարիկ եք, Ֆայլ: Ախ, որքան լուրջ ենք մենք իրար հետ խոսում: Դուք սիրու՞մ եք լուրջ խոսակցություններ, Ֆայլ: Ես վերջերս մի գիրք կարդացի Վաշինգտոնի մասին, նրան համարում են մեր երկրի հայրը: Ի՜նչ մեծ մարդ էր նա: Գրազ կգամ, որ դուք չեք սիրում գրքեր կարդալ: Դուք ժամանակ չունեք, ճի՞շտ է: Դուք զբաղված մարդ եք: Վաշինգտոնը՝ մեծ է, իսկ դուք՝ զբաղված: Վատ չի հնչում: Դուք իզուր չեկաք մեզ հետ ճաշելու: Ես կարկանդակ էի թխել, որի մասին միայն երազել կարելի է: Ես պաշտում եմ կարկանդակներ թխելու զբաղմունքը: Միակ բանը, որը դրանից շատ եմ սիրում, գրազ գալն է: Ցանկացած բանի համար գրազ կգամ: Եվ ամենազվարճալին այն է, որ ես միշտ կրում եմ: Ես ինքս էլ չգիտեմ, թե դա ինչպես է ստացվում: Զգուշացեք, Ֆայլ: Եղեք խելոք տղա և ինձ հետ գրազ մի եկեք: Եթե դուք լսող տղա չլինեք…

ՖԱՅԼ – Վերջ տվեք: Սա զզվելի է: Դուք ինձ ու՞մ տեղն եք դրել: (Նա գնում է՝ շրխկացնելով դուռը):

Լիզզին փլվում է աթոռին: Այս պահին շատ դժբախտ է: Մտնում են Հ.Կարրին, Նոյը, Ջիմը:

Հ.ԿԱՐՐԻ – Ի՞նչ է պատահել: Նա վազելով գնաց մեր կողքից՝ ոչինչ չասելով:

ՆՈՅ – Նա այնպես էր վազում, կարծես հետապնդում էին իրեն:

ՋԻՄ – Քիչ էր մնում, ինձ ոտքի տակ գցեր:

ԼԻԶԶԻ – Աստված իմ, դուք դռան հետևից ականջ էիք դնում:

Հ.ԿԱՐՐԻ – Կներես, մենք չէինք հետաքրքրություն չցուցաբերել:

ՆՈՅ – Նա ի՞նչ ասաց:

ՋԻՄ – Դու ի՞նչ ասացիր:

ԼԻԶԶԻ – Ոչինչ:

Հ.ԿԱՐՐԻ – Չէ՞ որ դուք ինչ-որ բանի մասին էիք զրուցում:

ԼԻԶԶԻ – Ես ինձանից Լիլի Էնն ՎԲիսլի էի ձևացնում: Ես աշխատում էի ինձ համար ամուսին ձեռք բերել այնպես, ինչպես ձեռք են բերում բոլորը: Բայց ինձ մոտ ոչինչ չստացվեց: Աստված իմ, ինչու՞ չեմ ես կարողանում խոսել այնպես, ինչպես Լիլի Էնն Բիսլին:

Լռություն:

Հ.ԿԱՐՐԻ – Դու այստեղ մեղք չունես, Լիզզի: Եթե նա չի տեսել քեզ ու դու ստիպված ես եղել լինել Լիլի Էնն Բիսլի, նշանակում է՝ նա է մեղավոր:

ՆՈՅ - (հորը): Ոչ, նա մեղավոր չէ: դու լավ գիտես, թե մեղքն ումն է:

Հ.ԿԱՐՐԻ – դու ուզում ես ասել՝ ի՞մ:

ՆՈՅ – Վերջապես հասկացար:

ԼԻԶԶԻ – Նոյ, ես հոգնել եմ:

Դռների մոտ հայտնվու է Սթարբակը:

ՆՈՅ – Երբ նա երեխա էր, դու միշտ ասում էիր. ,,Ախ, ինչ ընդունակ երեխա է,,: Նա մեծացավ, և դու նրա մեջ սերմանեցիր ատելություն այն կյանքի հանդեպ, որով ապրում են բոլորը: Դու նրա գլուխը մտցրեցիր, որ նա գեղեցկուհի է, սովորեցիր երազել:

Հ.ԿԱՐՐԻ – Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում:

ՆՈՅ – Վատն այն է, որ ողջ կյանքում դու ստել ես նրան:

ՋԻՄ – Նոյ, վերջ տուր:

ՆՈՅ - (շրջվելով դեպի եղբայրը): Դու էլ ես մեղավոր, Ջիմ: Ամեն անգամ, երբ ես սկսում էի խոսել Լիզզիի մասին, փրփուրը բերանդ առած սկսում էիր ապացուցել, որ ես կույր եմ և չեմ տեսնում նրա արժանիքները: Այդ արժանիքներն այնքան էլ չեն գնահատվում մեր ժամանակներում, իսկ այն, որ նա գեղեցիկ չէ, դուք ինձանից վատ չգիտեք: Ժամանակն է վերջ տալ ստերին ու նրա աչքերին նայելով՝ ասել ճշմարտությունը: (Լիզզիին): Ավելի լավ է լսես, թե ինչ եմ ասում ես: Ես միակ մարդն եմ, որը քեզ սիրում է այնքան, որ համարձակվում է ասել ճշմարտությունը: Դու գեղեցիկ չես, Լիզզի:

ՋԻՄ – Գրողը տանի, վերջացրու այս ամենը, Նոյ:

ՆՈՅ - (այլևս անհնար է նրան կանգնեցնել): Նայիր քեզ հայելու մեև և կհամոզվես, որ ես արդարացի եմ:

ՋԻՄ - (ափերից դուրս գալով): Նոյ:

Ջիմը բռունցքներով նետվում է դեպի եղբայրը և կզակին հարված ստանում: Նա դարձյալ է նետվում, սակայն Սթարբակը կանգնում է նրանց մեջտեղում:

Թողեք ինձ, Բիլլ: Նա հարվածեց ինձ, թողեք:

ՍԹԱՐԲԱԿ - (Ջիմին մի կողմ քաշելով): Թող դա: Դե ու՞ր ես դու խցկվում: Թող, ասում եմ:

ՋԻՄ - (գրեթե լաց լինելով): Նա ինձ հարվածեց:

ՍԹԱՐԲԱԿ – Գնա փողոց: (Հրում է նրան դեպի դուռը): Գնա, գնա, թարմացիր: ՋԻՄ – Լավ, ես կգնամ: (Նոյին): Դու դեռ սրա համար կափսոսաս: Դուք բոլորդ կափսոսաք: (Պոռթկալով): Իմ ոտքն այլևս այս տանը չի լինի: (Վազելով հեռանում է):

ՆՈՅ - (ծալելով պառտված թևքը): Տխմար: Հաջորդ անգամ…

ՍԹԱՐԲԱԿ – Մինչ հաջորդ անգամը ես նրան կսովորեցնեմ կռվել:

ՆՈՅ – Լսեցեք, հապա հեռացեք այստեղից..

ՍԹԱՐԲԱԿ – Ես կգնամ, երբ հարմար կգտնեմ: Իսկ քանի դեռ ես այստեղ եմ, չհամարձակվեք այդ պատանուն տխմար կոչել: Դուք չէ, որ պիտի դատեք նրա մասին: Նա իր ձեռքն է վերցնում եղանակի մասին ամենահասարակ թերթիկը և նրա էջերին տեսնում է ամպ, որը փայլում թավիշի նման: Ժանգոտած զանգակների ձայների մեջ նա ունակ է լսելու դեպի ճակատամարտ սուրացող ձիերի դոփյուն: Ձեզ այս ամենն անհասանելի է:

ՆՈՅ – Ես ասացի, որ դուք չքվեք այստեղից:

ՍԹԱՐԲԱԿ – Ու քանի դեռ ես այստեղ եմ, չհամարձակվեք նրան (ցույց է տալիս Լիզզիին) տգեղ անվանել: Լսու՞մ եք: Դուք չգիտեք, թե ինչ բան է գեղեցկությունը:

ՆՈՅ – Այսօր ձեզ արդեն ասել են՝ չխառնվել մեր ընտանեկան գործերին:

ՍԹԱՐԲԱԿ – Ես չեմ կարող կողքի կանգնած մնալ: Ողջ կյանքում ես պայքարել եմ այնպիսինների դեմ, ինչպիսին դուք եք: Նոյ, ես հաճախ եմ պարտվել, բայց երբեք չեմ հանգստացել: Մեր միջև չի կարող խաղաղություն լինել, Նոյ: (Հեռանում է):

Տանջող լռություն:

ՆՈՅ - (հանգիստ): Ես ցավում եմ, որ Ջիմի վրա ձեռք բարձրացրեցի: Բայց իմ ասած որևէ բառից չեմ հրաժարվում:

Հ.ԿԱՐՐԻ – Նոյ, բավական է:

ՆՈՅ – Այսօր գուցե պետք չէր սկսել այս խոսակցությունը, բայց այդպես ստացվեց: Եվ որպեսզի այն ավարտենք, ես կլրացնեմ: (Լիզզիին): Չկա տղամարդ, որին դու կարողանաս երջանկացնել: Վերջապես հասկացիր սա և հաշտվիր քո ճակատագրի հետ: Դու ծերացած օրիորդ կմնաս: Որքան շուտ դու սա հասկանաս, այնքան լավ կլինի քեզ համար:

Նոյը բարձրանում է աստիճաններով և հեռանում: Ստվերները խտանում են: Արդեն երեկո է:

Հ.ԿԱՐՐԻ – Մոռացիր այն ամենը, ինչ նա ասաց:

ԼԻԶԶԻ – Նա ասաց, որ ես ծերացած օրիորդ կմնամ:

Հ.ԿԱՐՐԻ – Հիմարություն:

ԼԻԶԶԻ – Ոչ, նա ճիշտ է: Կանցնեն տարիներ, Ջիմը կամուսնանա: մե գեղեցիկ օր կամուսնանա նաև Նոյը: Նրանք երեխաներ կունենան: Ես հյուր կգամ, ու որպեսզի չկասկածեմ, որ իմ այցելությունից ուրախ են երեխաները, նրանց նվերներ կբերեմ: Նոյը կասի որդուն. ,,Նա արդեն մի ամբողջ շաբաթ հյուրընկալվում է, արդյո՞ք մեկնելու ժամանակը չէ,,: Իսկ Ջիմը կպատասխանի. ,,Ոչինչ չես կարող անել, ստիպված ես համբերել,,: Ես կլինեմ խղճուկ և ծիծաղելի:

Հ.ԿԱՐՐԻ – Լիզզի:

ԼԻԶԶԻ – Եսվախենում եմ, պա: Մի՞թե ես ծերացած օրիորդ կդառնամ: Ի՞նչ անել, ասա:

Հ.ԿԱՐՐԻ – Նոյն ուզում է քո մեջ սպանել այն հավատը, որ դու կին ես:

ԼԻԶԶԻ - (ասես ինքն իրեն): Եթե կինը չի հավատում, որ ինքը կին է, ուրեմն, իսկապես նա կին չէ: Որտե՞ղ եմ ես լսել այս բառերը: Ախ, հա: Դրանք ինձ Սթարբակն ասաց: (Դադար): Սթարբա՞կ:

Հ.Կարրին նայում են իրար: Լիզզին տևական լռությունից կանգնում է, ուզում է փախչել:

Հ.ԿԱՐՐԻ - (փակում է նրա ճանապարհը): Մի արա դա, Լիզզի:

ԼԻԶԶԻ – Թող ինձ, պա:

Հ.ԿԱՐՐԻ – Մտածիր, Լիզզի:

ԼԻԶԶԻ – Թող ինձ: Նա ուզում էր, որ ես իր հետ մնամ մենակ: Ես կմնամ նրան դեմ առ դեմ:

Մթություն:


Ագարակի ներքին բակի կցակառույցներից մեկը: Այստեղ Սթարբակի համար գիշերելու տեղ է պատրաստված: Ապակի չունեցող պատուհանից երևում է լուսինը: Սթարբակի քունը չի տանում: Նա պառկած է, տարածած ձեռքերը՝ երգում է: Շեմին կանգնած է Լիզզին:

ՍԹԱՐԲԱԿ – Դու՞ք:

ԼԻԶԶԻ – Ես եկա:

ՍԹԱՐԲԱԿ – Ներս եկեք:

ԼԻԶԶԻ - (մտնելով): Ես եկա, որպեսզի շնորհակալություն հայտնեմ:

ՍԹԱՐԲԱԿ – Ես միայն ասացի այն, ինչ մտածում էի:

ԼԻԶԶԻ – Ջիմի հարցում՝ այո:

ՍԹԱՐԲԱԿ – Ես անկեղծ էի նաև այն ժամանակ, երբ ձեր մասին էի խոսում:

ԼԻԶԶԻ – Չեմ հավատում:

ՍԹԱՐԲԱԿ – Ուրեմն, այդ դեպքում, ինչի՞ համար է շնորհակալությունը:

Լիզզին չի պատասխանում:

Ձեզ ի՞նչ է պատահել, Լիզզի: Դուք չե՞ք ուզում ինձ հետ անկեղծ լինել՝ վախենալով, որ ես ձեզ դու՞ր կգամ: Մի մտածեք իմ մասին որպես Նոյ, այլ մտածեք որպես Լիզզի:

ԼԻԶԶԻ – Ես ձեզ անհանգստացրեցի, Սթարբակ, կներեք:

ՍԹԱՐԲԱԿ – Մնացեք: Լսեք գիշերվա ձայնը: Մենք մենակ ենք: Դուք սուլոց լսու՞մ եք: Սա մեր մոլորակն է գիշերվա միջով թռչում:

ԼԻԶԶԻ – Ես չեմ վստահում, Սթարբակ: Այն ամենը, ինչ ձեզ է վերաբերում, տարօրինակ է: Եվ այն, ինչպես հայտնվեցիք մեր տանը, և անձրևը, որը խոստացաք, խոսելու ձևերը, անգամ ազգանունը: Եթե դուք հիմա, իմ աչքերի առջև, անհետանաք, ես չեմ զարմանա:

ՍԹԱՐԲԱԿ – Սթարբակն իմ հորինածն է: Այս բառն իր մեջ սահող եր և հնչեղ բա է պարունակում: Նրա մեջ լսվում են որոտի հարվածներ և փլուզվածքների աղմուկ: Մի խոսքով, կային նաև այլ պատճառներ, որոնց պատճառով ես որոշեցի փոխել ազգանունս:

ԼԻԶԶԻ – Իսկ իմ անունը պարզապես Լիզզի է: Այս անունը սազում էր ինձ. Այնսովորական է և ոչ գեղեցիկ: Աշժարհում տասնյակներով զարմանալի անուններ կան՝ դրանք ուրիշներին են պատկանում. Լաուրա, Ագնեսա, Բեաթրիչե, Օֆելիա, Շարլոտա…

ՍԹԱՐԲԱԿ – Դրանք սովորական ու ոչ գեղեցիկ անուններ էին, քանի դեռ չէին փառաբանել բանաստեղծները: Աշժարհը՝ մեր ոտքերի տակ հայտնված խոտից մինչև արևը, որին մենք խոնարհվում ենք,- հրաշալի է: Միայն պետք է բանաստեղծ լինել և տեսնել այն: Ուզում եք, Լիզի, ես կփառաբանեմ ձեր անունը, և այն կթվա անհասանելի:

ԼԻԶԶԻ – Օ, Սթարբակ, դուք դարձյալ գլուխ եք գովում:

ՍԹԱՐԲԱԿ – Դրա համար ես պատճառ չունեմ: Ես այնպիսին եմ, ինչպիսին են բոլորը: Ես ոչնչով չեմ տարբերվում ձեզանից որևէ մեկից:

ԼԻԶԶԻ – Բայց դուք ընդունակ եք անձրև բերել: Կամ էլ դուք ստում էիք: Ես ճի՞շտ էի:

ՍԹԱՐԲԱԿ – Ամեն մարդ ընդունակ է անձրև բերել: Դրա համար պետք է մեծ սիրտ ունենալ:

ԼԻԶԶԻ – Դուք դարձյալ հանելուկներով եք խոսում:

ՍԹԱՐԲԱԿ – Այսօր առավոտյան ես անցա ձեր դաշտերով: Ես տեսա քայքայված հողը, որը պատված է երաշտի պատճառով առաջացած ճաքերով: Ես տեսա գետերի չորացած հուները, ես տեսա ցանքատարածություններ՝ ծարավից չորացած, գետնաքարշ դարձած: Ճանապարհներին կանգանծ էին մարդիկ՝ քարացած հայացքներով երկինք նայող: Նրանց աչքերի մեջ կարոտ ու տառապանք, հիասթափություն կար: Այնժամ ինքս ինձ ասացի. ,,Բիլլ Սթարբակ, անձրևը չի կարող չգալ, եթե ուրիշի դժբախտությունը դու այդպես սրտիդ մոտ ես ընդունում: Արա այնպես, որ անձրև գա: Հավատա, և նա կգա: Եթե մարդն ուզում է բոլորին լավ բան անել, նրա համար անհնարին ոչինչ չկա: Երկնքում և երկրի վրա չկա այնպիսի ուժ, որը կարողանա կանգնել նրա դեմ,,:

ԼՕԶԶԻ – Դա բոլո՞րն է: Ինչու՞ այդ դեպքում դուք Ջիմին պարտադրեցիք թմբուկ զարկել, Ինչու՞ հարկադրեցիք Նոյին կապել ջորու ոտքերը:

ՍԹԱՐԲԱԿ – Որովհետև մարդիկ ավելի շատ հավատում են հիմարություններին, քան արյունով սնվող սրտին:

ԼԻԶԶԻ – Դուք երազող եք, Սթարբակ: Ես անկեղծորեն խղճում եմ ձեզ: Իրականության օրենքները հակասության մեջ են բանաստեղծության հետ: Սա դարավոր ճշմարտություն է: Աշխարհը ուժեղմ բարոյական մարդկանց ձեռքերում է, նրանք մեզանից ուժեղ են:

ՍԹԱՐԲԱԿ – Ես կկախվեի առաջին իսկ պատահած ծառից, եթե գոնե մեկ րոպե հավատայի ձեզ: Ոչ, Լիզզի, մեզ նմանների վրա ծիծաղում են, մեզ տարօրինակ մարդիկ են կոչում, խլում ու մոլորեցնում են մեր կանանց, մեզ փակում են հոգեգարների տներում, մեզ դատապարտում են սովի և թափառաշրջիկության, բայց մենք հառնում ենք անգամ քարերի միջից, ինչպես կանաչ խոտն է ձգտում դեպի արևը:

ԼԻԶԶԻ – Դուք երջանի՞կ եք, Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ – Ո՞վ գիտե, թե ինչ է երջանկությունը: Գուցե այն պահվում է երիցուկի թերթիկների մեջ, որին նայում ես արևամուտին, կամ արևածագին, երբ առավոտյան մշուշը դեռ կախված է դաշտերի վրա: Իսկ գուցե երջանկությունը դահճի դեմքին նետված ցասկոտ դիմակի մեջ է, երբ արդեն կտրել եմ մահապատժի ենթարկվածի լեզուն և անդամահատել ձեռքերը..

ԼԻԶԶԻ – Կյանքը դաժան է, և ձեր երազանքները երազանքներ էլ մնում են: Նայեք, դեռևս անձրև չկա:

ՍԹԱՐԲԱԿ – Այն կլինի, Լիզզի: Ես Նոյին հրճվելու առիթը չեմ տա: Երդվում եմ կյանքում ինձ համար թանկ ամենայն ինչով, որ անձրև լինելու է:

ԼԻԶԶԻ – Օ, եթե ես էլ այնքան ուժեղ լինեի, որքան դուք…

ՍԹԱՐԲԱԿ – Հավատացեք ինքներդ ձեզ: Դուք կին եք: Դուք գեղեցիկ կին եք: Ես նայում եմ ձեզ, և ինձ թվում է, որ չկա ավելի գեղեցիկ կին, քան դուք եք, Լիզզի: Ասացեք, ձեզ երբևէ համբուրե՞լ են: Ձեր առջև ծնկի իջե՞լ են: Ձեր պատճառով զրկվե՞լ են քնից:

ԼԻԶԶԻ – Չգիտեմ, Սթարբակ: Մի անգամ, ի դեպ, ինձ համբուրել են: Դա շատ վաղուց էր: Ես հազիվ տասներկու տարեկան էի: Հարևանությամբ մի տղա էր ապրում: Շեկլիկ տղա՝ քթին զվարճալի պեպեններով: Նա ինձ չէր նկատում: Ամբողջ կյանքումս հիշում եմ միջօրեն, երբ նա ինձ համբուրեց: Ես վերադառնում էի դպրոցից, իսկ նա կանգնած էր այգու ցանկապատի մոտ և ընկերոջ հետ ինչ-որ բանի շուրջ էր վիճում: Հանկարծ նա վազեց դեպի ինձ, բռնեց ուսերիցս, համբուրեց, ապա սուրաց հետ: Ես լսեցի, թե ինչպես նա ասաց ընկերոջը. ,,Գրազի համար ես կհամբուրեմ անգամ քո ծերուկի խոզին,,:

ՍԹԱՐԲԱԿ _ Լիզզի, ես խնդրում եմ, փակեք ձեր աչքերը:

ԼԻԶԶԻ – Ի՞նչ:

ՍԹԱՐԲԱԿ – Դուք պետք է փակեք ձեր աչքերը և կրկնեք այն, ինչ ես կասեմ:

ԼԻԶԶԻ – Ինչու՞:

ՍԹԱՐԲԱԿ – Դա անհրաժեշտ է: Փակեք ձեր աչքերը : Այդպես: Հիմա կրկնեք. ,,Ես գեղեցիկ եմ: Ես շատ գեղեցիկ եմ,,:

ԼԻԶԶԻ - (փակ աչքերով): Ես գեղեցիկ եմ:

Հենց որ նա արտաբերում է այս բառերը, Սթարբակն արագ կռանում է դեպի նա, համբուրում շուրթերը: Լիզզին ափերով փակում է դեմքը, այտերին արցունքի կաթիլներ են:

Ինչու՞ սա արեցիք, Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ – Անհնար էր ձեզ չհամբուրել: Այն պահին, երբ ասացիք, որ դուք գեղեցիկ եք, իսկապես իմ առջև գեղեցկուհի հառնեց:

ԼԻԶԶԻ - (արցունքների միջից): Ես վախենում եմ ձեզ հավատալ, Սթարբակ: Ես գիտեմ, որ կհավատամ ձեզ, դրանից էլ վախենում եմ:

ՍԹԱՐԲԱԿ – Դադարեցրեք լացը, Լիզզի:

ԼԻԶԶԻ – Ճիշտ է, չէ՞, որ դուք չեք ծիծաղում ինձ վրա: Դա շատ դաժան կլիներ, Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ – Նայեք աչքերիս: Դադարեցրեք լացն ու նայեք աչքերիս: Ի՞նչ եք տեսնում:

ԼԻԶԶԻ - (բարձրացնում է գլուխը): Ես տեսնում եմ գեղեցիկ Լիզզի Կարրիին: Մի՞թե սա ես եմ:

ՍԹԱՐԲԱԿ – Այսուհետ դուք միշտ այդպիսին կլինեք: Լիզզի, գնացեք, և թող բոլորը տեսնեն, թե որքան գեղեցիկ եք դուք:

ԼԻԶԶԻ – Հիմա գիշեր է, և մենք երկուսով ենք, Սթարբակ: Միայն աստղերն են նայում մեզ: Երկարացրեք ձեռքը և ակրելի կլինի հպվել նրանց: Դուք ուզում էիք ինձ հետ մենա՞կ մնալ: Մենք միասին կլինենք մինչև առավոտ: Ես թաքուն չեմ եկել ձեզ մոտ: Ես կգնամ, երբ արևը կբարձրանա: Դուք լռու՞մ եք, Սթարբակ:

Սթարբակը լուռ է:

Նշանակում է, դուք ստում էիք, որ ես գեղեցիկ եմ:

ՍԹԱՐԲԱԿ – Ես չէի ստում: Լիզզի, ես լռում եմ, որովհետև սեղանին հինգերորդ սպասքն ինձ համար չէր պատրաստված:

Լույսը մարում է: Հ.Կարրիից բացի, սենյակում ոչ ոք չկա: Նա խոսում է հեռախոսով:


Հ.ԿԱՐՐԻ - (ընկալուչի մեջ): Տղան բնավորություն ունի: Նոյի հետ մի քիչ վիճեցին: Նոյի հետ, ասում եմ, մի քիչ վիճեցին: Այո, դատարկ բաներ էին, իհարկե: Քի՞չ բաներ են լինում ընտանիքներում: Ամեն դեպքում, ես որոշեցի զանգահարել: Եթե ինչ-որ բան իմանաք, հայտնեցեք: Շնորհակալ եմ, շերիֆ: Հայցում եմ ձեր ներողամտությունը:

Աստիճաններով իջնում է Նոյը: Նա անհանգստացած է Ջիմի բացակայությամբ: Սակայն աշխատում է ցույց չտալ:

ՆՈՅ – Չի՞ եկել:

Հ.ԿԱՐՐԻ – Մի՛ անհանգստացիր, Նոյ: Նրա հետ ի՞նչ կարող է պատահել:

ՆՈՅ – Ի՞նչ ունեմ անհանգստանալու: Գուցե Ջիլ Դեմբիի հետ է:

Հ.ԿԱՐՐԻ – Այնտեղ չկա, ես զանգել եմ:

ՆՈՅ – Այո… Ես, իհարկե, չեմ ուզում քեզ բարկացնել, բայց ինչպես չասել, որ այս ողջ պատմության մեջ…

Հ.ԿԱՐՐԻ - (ընդհատելով): Մեղավորը ե՞ս եմ:

ՆՈՅ – Ամեն անգամ, երբ մենք Ջիմի հետ վիճել ենք, դու նրա կողմն ես անցել: Հ.ԿԱՐՐԻ – Խեղճ Նոյ: Դու միայնակ ես մնացել: Բայց դա չի խանգարել քեզ ոլորեկ եղբորդ: Երբ դու ասում ես նրան՝ դու լակոտ ես, նա սկսում է նվնվալ:

Դռների մոտ հայտնվում է Ջիմը: Նա ահռելի սիգար էծխում, ինքն իրենով հիացած, գուցե հարբած է, չնայած չի խմել:

ՋԻՄ – Բարի երեկո:

ՆՈՅ – Վերջապես: Գրողը տանի: Ու՞ր էիր կորել:

ՋԻՄ - (կարևոր): Տանից դուրս:

ՆՈՅ – դու հարբա՞ծ ես:

ՋԻՄ – Այդպիսի սարսափելի հայացք մի ընդունիր: Նոյ, ես կարող եմ վախենալ:

Հ.ԿԱՐՐԻ – Որտեղի՞ց ես ձեռք բերել այդ էժանագին սիգարը, Ջիմմի :

ՋԻՄ – Էժանագի՞ն: Սա ,,Հավանա Պանատելա,, է: Ութսունհինգ ցենտ:

Հ.ԿԱՐՐԻ – Քեզ խաբել են, Ջիմմի:

ՆՈՅ – Դու այդպես էլ չասացիր, թե որտե՞ղ էիր:

ՋԻՄ – Ես պարտավոր չեմ պատասխանել քո հարցերին, իմ սիրալի ավագ եղվայր Նոյ: Բայց, եթե դու շատ ես ուզում, ինչ-որ բան կպատմեմ: Ես և Սնուկկին…

ՆՈՅ – Ես այդպես էլ գիտեի:

ՋԻՄ – Եթե սկսես ընդհատել, ոչինչ չես իմանա: Մենք մեկնեցինք զբոսանքի: Ինձ թվում էր, թե մեքենան թռչում է ժամում քառասուն հազար մղոն արագությամբ: Գուցե իրականում էէլ նա քառասուն հազար էր թռչում: Տներն ու ծառերը չէին հասցնում երևալ: Մենք հասանք աշխարհի ծայրը, շարունակությունը երկինքն էր և աստղերը: Մենք պառկել էինք ծառի տակ և նայում էինք աստղերին: Այդ ժամանակ էլ ես համբուրեցի Սնուկկիին: Մենք ծիծաղում և լաց էինք լինում: Ու ես հանբուրեցի Սնուկկիին այնքան, որքան ուզեցի: Ես շտապում էի, ինձ թվում էր, որ հիմա կհայտնվի Նոյը և կասի. ,,Թուհ, դու շատ հիմարն ես, Ջիմի, դու այնքան հիմարն ես, որ ստիպված եմ քո փոխարեն ասել՝ թուհ… ,,: Դրա համար էլ ես բռնեցի նրա ձեռքերն ու մենք թռանք դեպի լուսին: Բայց ճանապարհի կեսից միտքս փոխեցի: ,,Մենք ախր այնտեղ առանց Նոյի կկորչենք,- ասացի Սնուկկիին,- ո՞վ պետք է մեր մասին հոգ տանի,,: Եվ մենք որոշեցինք հետ վերադառնալ:

Հ.ԿԱՐՐԻ – Այ քեզ բան…

ՆՈՅ – Հետո՞ ինչ եղավ:

ՋԻՄ – Օ, ինչ եղավ հետո: Հետո մենք իրար խոսք տվեցինք, որ կլինենք ամուսին և կին:

ՆՈՅ – Հենց դադարեցի հետևել քեզ, դու փորձանքի մեջ հայտնվեցիր: ՋԻՄ – Ես ստիպված կլինեմ այս սիգարը գլխիդ վրա հանգցնել:

ՆՈՅ – Մենք կխոսենք, երբ կքնես ու կարթնանաս:

Հ.ԿԱՐՐԻ – Ով չի հասկանում, որ երեխաները մեծանում են, նա չի տեսնում, թե ինչպես է շարժվում ժամանակը: Ոչինչ չես կարող անել: Ջիմ, ընդունիր իմ շնորհավորանքները:

ՋԻՄ – Շնորհակալություն, պա: Կարելի՞ է քեզ համբուրել: Այսօր ինձ համար տոն է: Ու՞ր է Լիզզին: Ստիպված եմ նրան արթնացնել:

Հ,ԿԱՐՐԻ – Սպասիր, Ջիմմի:

ՋԻՄ – Ես նրան կպատմեմ…

Հ.ԿԱՐՐԻ – Սպասիր, եկ այստեղ:

ՋԻՄ – Նա կուրախանա, ես գիտեմ:

Հ.ԿԱՐՐԻ – Նա այնտեղ չէ, Ջիմ:

ՋԻՄ – Այնտեղ չէ՞:

Լռություն:

ՆՈՅ – Որտե՞ղ է Լիզզին, պա:

Հ.ԿԱՐՐԻՆ չի պատասխանում:

Որտե՞ղ է Լիզզին: Մի՞թե նա… Այո՞; Դա այդպե՞ս է: Այդ սրիկայի հե՞տ: Պատասխանիր, դե, պա:

Հ.ԿԱՐՐԻ – Այո, նա Սթարբակի մոտ է:

ՋԻՄ - (սուլում է և նստում): Այ քեզ բան… Ես դեռ մի սիգար էլ ունեմ, կնվիրեմ Բիլին:

ՆՈՅ - (հորը): Երբ դու տեսար նրան, անմիջապես մտածեցիր՝ չի՞ կարելի Լիզզիին ամունացնել: Հիմա եմ հասկանում, թե ինչու դու հորինեցիր անձրևի հետ կապված այս ողջ պոտմությունը: Բայց հաշվարկներդ սխալ են եղել, պա: Նա յն մարդկանցից չէ, ովքեր ամուսնանում են:

Հ.ԿԱՐՐԻ – Այդ դու Լիզզիին ուղարկեցիր այնտեղ, Նոյ: Դու նրանից խլեցիր վերջին հույսը: Դու նրան պառաված օրիորդ կոչեցիր: Այ, հիմա այլևս չես կարող նրան այդպես կոչել:

ՆՈՅ – Պետք է ողջ արժանապատվությունը կորցնել, որպեսզի…

ՋԻՄ – Ի՞նչ կապ ունի այստեղ արժանապատվությունը:

ՆՈՅ – Չքվիր:

Դռան բախոց: Մտնում է Ֆայլը:

ՖԱՅԼ – Մի քիչ ուշ է, ուստի կներեք:

Հ.ԿԱՐՐԻ – Հյուրերը միշտ հաճելի են մեզ համար:

ՖԱՅԼ – Ես հյուր չեմ եկել, Կարրի, այլ՝ գործով:

ՆՈՅ – մարդու քունը չի տարել:

ՖԱՅԼ – Ես փնտրում եմ Տորնադո Ջոնսոն անունով տղային: Նույն ինքը՝ Հենրի Սմիթ: նույն ինքը՝ Բիլ Սթարբակ: Մարդը, որն ունի երեք անուն, կարող է ունենալ նաև չորրորդը: Այսօր որևէ մեկը եկե՞լ է ձեզ մոտ:

Հ.ԿԱՐՐԻ - (ժպտալով): Դու ես եկել, Ֆայլ:

ՆՈՅ – Նա ինչու՞ է պետք, Ֆայլ:

ՖԱՅԼ – Զանգել են Պեդլիվիլից: Նա այնտեղ ինչ-որ բան է արել: Մի խոսքով, նրան պետք է ձերբակալել:

Հ.ԿԱՐՐԻ – Հաջողություն եմ մաղթում, Ֆայլ:

ՖԱՅԼ – Այսպես: Ասում են, այդ տղան մի մեծ թմբուկ ունի, Կարրի: Ձեր տանը ես թմբուկ եմ տեսել: Ու՞մն էր այն:

ՋԻՄ – Դա իմ թմբուկն է: Ես պիտի նվագախմբում նվագեմ:

ՖԱՅԼ – Իսկ ի՞նչ սլաք է նկարված ցանկապատին:

Հ.ԿԱՐՐԻ – Դա իմ ցանկապատն է: Ես կարող եմ նկարել ինչ կամենամ:

ՖԱՅԼ – Կարրի, ինձ թվում է, որ դուք ինչ-որ բան թաքցնում եք:

Հ.ԿԱՐՐԻ – Մենք ոչնչով չենք կարող քեզ օգնել, Ֆայլ: Հաջողություն ենք մաղթում:

ՖԱՅԼ – Դե ինչ: Բարի գիշեր: Ես միայն նայեմ սայլակի մեջ, որը կանգնած է ձեր տան մոտ, դա ձերը չէ: Կարրի, դրա տերը պետք է լինի մոտակայքում: (Գնում է):

ՆՈՅ - (հենց որ Ֆայլի հետևից փակվում է դուռը): Ո՞ր սատանայի համար ես դու խցկվում այս կեղտոտ պատմության մեջ, պա: Այս գործիչ դու ոչինչ չես վաստակի, բացի տհաճություններից:

Հ.ԿԱՐՐԻ – Թող սկզբում նա ասի, թե այդ տղան իՉ՛նչ մեղք է գործել:

ՋԻՄ – Այո, ո՞րն է Բիլի մեղքը:

ՆՈՅ – Ձեր ի՞նչ գործն է: Նրան մեղադրում են, նշանակում է՝ մեղավոր է:

Հ. ԿԱՐՐԻ – Ես ուզում եմ իմանալ, թե ինչում են մեղադրում:

ՆՈՅ – Ես կգնամ և կասեմ ողջ ճշմարտությունը: Ամեն ինչ, ինչպես կա: Զուտ ճշմարտությունը:

Հ.ԿԱՐՐԻ - (շատ հանգիստ): Դու դա չես անի, Նոյ:

ՆՈՅ – Դու սխալ ես վարվում, պա:

Հ.ԿԱՐՐԻ – Այ, այստեղ դու ամբողջապես Նոյն ես: Ամբողջ կյանքում դու ճւշտ ես վարվում, փոխանակ վարվես լավ:

Մտնում է Լիզզին:

ՋԻՄ - (ուրախացած): Լիզզին եկավ: Ես քեզ ինչ-որ բան եմ պատմելու, Լիզզի:

ՆՈՅ – ես ամաչում եմ, որ մենք նույն հարկի տակ ենք ապրում:

ԼԻԶԶԻ – Լռի՛ր, Նոյ:

ՆՈՅ – Վերջապես սանձերդ արձակվեցին: Հիացիր, թե ում ես դու ընտրել: Նայիր պատուհանից:

ԼԻԶԶԻ - (պատուհանի մոտ): Ո՞վ է այնտեղ: Ֆա՞յլը: Նա այնտեղ ի՞նչ է անում:

ՋԻՄ – Նա եկել է ձերբակալելու Բիլին:

ԼԻԶԶԻ – Նրան ինչի՞ համար են ուզում ձերբակալել, պա: Նա ի՞նչ է արել: Ինչու՞ եք դուք լռում: Ես գնամ, նրան պետք է զգուշացնել:

ՆՈՅ - (ուժգին քաշում է թևից): Չհամարձակվես դա անել, Լիզզի:

ԼԻԶԶԻ - (պոկվում է): Թո՛ղ ինձ:

ՆՈՅ – Դու խելքդ թռցրել ես, Լիզզի: Չհամարձակվես դա անել:

ԼԻԶԶԻ – Ես պետք է օգնեմ նրան:

ՆՈՅ – Միևնույն է, նրան կգտնեն: Ինչո՞վ կարող ես օգնել:

ԼԻԶԶԻ – Թող ինձ, Նոյ:

Դուռը բացվում է: Շեմին Սթարբակն է:

ՍԹԱՐԲԱԿ – Ես ոչ մի տեղ չեմ փախչի, Նոյ: դուք իզուր եք ջանք գործադրում: Շնորհակալություն, Լիզզի: Ես այդպես էլ սրնգի վրա չնվագեցի իմ սիրելի երգը: Դե լավ, ոչինչ: Մի ուրիշ անգամ: Ջիմ, խնդրում եմ քեզ, կանչիր այդ մարդուն: Բավական է, ինչքան քչփորեց իմսայլակի մեջ:

ՋԻՄ – Չեմ շարժվի տեղիցս, Բիլ:

ՍԹԱՐԲԱԿ – Ի՞նչ է պատահել քեզ հետ, Ջիմ: Մի ընկճվիր: Ինչպե՞ս է քո աղջիկը: Դու հանդիպեցի՞ր նրան:

Ֆայլը վերադառնում է: Տեսնելով Սթարբակին, նա գոտկատեղից հանում է ատրճանակը:

ՖԱՅԼ – Դե ինչ, տղա, հանդիպեցի՞նք: Հիմա դու չես գնա: Կկրակեմ, զգուշացնում եմ:

ՍԹԱՐԲԱԿ – Պահիր խաղալիքդ: Ես վաղուց կարող էի փոխչել, Դա ինձ համար ոչինչ էր: Կբռնեիր ինձ, ինչպես չէ: Բայց ես չեմ ուզում, որ այս մարդիկ իմ պատճառով տանջվեն:

ՖԱՅԼ – Դա խելամիտ է, տղա: Տուր ձեռքերդ և մտքովդ չանցնի կատակել:

Հանելով ձեռնաշղթաները, մոտենում է Սթարբակին: Սթարբակը երկարում է ձեռքերը, ու մինչ Ֆայլն ուզում է արդեն փականը ամրացնել, ձեռնաշղթայով ուժգին հարվածում է նրա ձեռքերին: Ձեռնաշղթաներն ընկնում են հատակին, ատրճանակը հայտնվում է Սթարբակի մոտ:

ՍԹԱՐԲԱԿ – Կողքի: Բարձրացրու ձեռքերդ: Այսպես հանգիստ կլինի: Խոսենք հրաժեշտից առաջ: Դու ուզում ես ինձ փակել բանտու՞մ, Ֆայլ: Ինչի՞ համար, հարցնում եմ: Ես ոչ մեկին վատ բան չեմ արել: Ես սրինգ եմ նվագում, ու մարդիկ սկսում են ժպտալ՝ լսելով իմ երաժշտությունը: Սիրահարված տղան ամուր գրկում է սիրած աղջկան, կռնատ զինվորը հիշում է իր մարտական քաջագործությունները, այրի կինը լաց է լինում, ու նրա սրտին խաղաղություն է իջնում: Ես ասում եմ. ,,Մարդիկ, աշխարհը պատկանում է նրանց, ովքեր այն տեսնում են: Նայեցեք ձեր շուրջը: Ահա մրջյունն է սողում, զգույշ եղեք, չտրորեք նրան, նա այնպիսի աշխատավոր է, ինչպես մենք: Նայեցեք, երկինքը ողողված է մայրամուտի պղնձագույն ճառագայթներով, արդյոք այն չի՞ հիշեցնում արյունը, որով ներծծված է մեր հողը,,: Ես ասում եմ. ,,Մարդիկ, ձեր մեջ թույլեր չկան: Մի նեղացեք Աստծուց, նա որևէ մեկին չի վիրավորել: Հիշեցրեք թույլերին, որ նրանք ուժեղ են: Եվ նրանք ուժեղ կլինեն,,: Դոքւ եկել ես ինձ ձերբակալելու՞, Ֆայլ: Մի՞թե դու կույր ես: Դու մի՞թե չես տեսնում, թե ով եմ ես: Ինձ չի կարելի ձերբակալել և սպանել: Ես այն լավն եմ, որը կա ձեզանից ամեն մեկի մեջ: Գնդակը կանցնի կողքովս՝ չվնասելով ինձ: Վերցրու, Ֆայլ:

Սթարբակը Ֆայլին է նետում ատրճանակը: Բռնելով ատրճանակը, Ֆայլը պտտում է ձեռքի մեջ՝ չիմանալով ինչ անել: Լռություն:

Հ.ԿԱՐՐԻ – Ես այսպես եմ կարծում, Ֆայլ, ավելի լավ է թաքցնես ատրճանակդ:

ԼԻԶԶԻ – Ֆայլ:

ՖԱՅԼ - (ոչ անմիջապես): Լավ: Ես քեզ չեմ տեսել, տղա: Ես քեզ իմ աչքերով անգամ չեմ տեսել: Եվ ոչ էլ քո սայլակն է կանգնած տան դիմաց: Հասկացա՞ր:

ՍԹԱՐԲԱԿ - (բոլորին): Շատ եմ ցավում, որ նման անհարմար բան ստացվեց: Ես պետք է գնամ: Ահա քառասունվեց դոլարը: Նոյ, վերցրու: Ճիշտ է, ժամանակը չի լրացել, և անձևը կգար, բայց հիմա ուշ է խոսել այդ մասին: Ես շտապում եմ:

ՋԻՄ – Մի մոռացեք մեզ, Բիլ:

ՍԹԱՐԲԱԿ – Շնորհակալություն, Ջիմ: Մնաք բարով, Կարրի: Լիզզի…(Նայում է Լիզզիին): Ես շտապում եմ, Լիզզի: Միայն մեկ րոպե կա ձեր տրամադրության տակ: Գնանք ինձ հետ, Լիզզի: Իհարկե, անհանգիստ կլինի նման մարդու հետ, բայց երդվում եմ, դուք երջանիկ կլինեք: Ձեր ձեռքը…

ԼԻԶԶԻ – Սթարբակ:

ՍԹԱՐԲԱԿ – Մենք ժամանակ չունենք, Լիզզի: Որոշեք:

Լռության մեջ Լիզզին մի քայլ է անում Սթարբակի ուղղությամբ, բայց թիկունքից անսպասելի լսվում է Ֆայլի ձայնը:

ՖԱՅԼ – Մնացեք, Լիզզի, դուք պետք եք ինձ:

ԼԻԶԶԻ – Ի՞նչ: Ի՞նչ ասացիք, Ֆայլ:

ՖԱՅԼ – Մնացեք, ես խնդրում եմ ձեզ:

ԼԻԶԶԻ – Ինչպես թե, Ֆայլ… Սթարբակ… Պա, ի՞նչ անեմ:

Հ.ԿԱՐՐԻ – Ինչ էլ որ անես, հիշիր, դու կին ես, որի ձեռքն են խնդրում:

ՍԹԱՐԲԱԿ – Այո, ես խնդրում եմ:

ԼԻԶԶԻ – Մի մոռացեք մեզ, Սթարբակ, եթե երբևէ ձեզ համար դժվար լինի, հիշեցեք, դուք բարեկամներ ունեք: Պետք չէ հուսահատվել, Բիլ, դուք դեռ կհանդիպեք աղջկա, որը ձեզ համար կլինի աշխարհի ամենագեղեցիկը: ՍԹԱՐԲԱԿ - (փորձելով ժպտալ): Դե ինչ, գուցեև դուք ճիշտ եք, Լիզզի, Ձեզ երջանկություն եմ ցանկանում: (Մոտենում է Ֆայլին, ձեռքը դնում նրա ուսին): Դուք հիմա այլևս մենակ չեք, Ֆայլ: Ջիմ, շնորհավորիր քրոջդ:

ՋԻՄ – Լիզզի… (հուզմունքից չի կարողանում խոսել): Լիզզի… սա շատ հրաշալի է:

ՆՈՅ – ես ուրախ եմ, Ֆայլ: Երկուսով մեզ համար հեշտ կլինի վարել տնտեսությունը:

Հ.ԿԱՐՐԻ – Ես մի շիշ գինի ունեմ պահած, տղաներ: (Քրքրում է բուֆետը): Ջիմ, հանիր բաժակները:

ՋԻՄ – Մեկ, երկու, երեք… Իսկ ու՞ր է Բիլը: Բիլ…

Հ.ԿԱՐՐԻ – Սթարբակ:

Սթարբակը չկա:

ՆՈՅ – Նա գնաց:

ՋԻՄ – Հենց նոր նա այստեղ էր: Նա կանգնած էր այս տեղում: Ես տեսա նրան:

Հ.ԿԱՐՐԻ – Ես նույնպես տեսա, նա այստեղ էր կանգնած:

ԼԻԶԶԻ – Իսկ գուցե նա չէր էլ եղել: Գուցե մեզ միայն թվացել էր:

Գալիս է Թոմասը:

ԹՈՄԱՍ – Ֆայլ, դու այստե՞ղ ես: Բռնեցի՞ր այդ տղային: Ու՞ր է նա:

ՖԱՅԼ – Ի՞նչ է պատահել, շերիֆ:

ԹՈՄԱՍ – Զանգահարեցին Պիկս Ջակշենից, զանգահարեցին Վերին բանալիներից, ամեն տեղից: Պեդլիվիլում նա վաճառել է անձրև և անհետացել: Կարմիր քարերում խոստացել է ամպրոպ, վերցրել է կանխավճար: Ոստիկանությունն այլևս ոտքի վրա չի դիմանում: Որտե՞ղ է նա:

Լուռ տեսարան:

ՖԱՅԼ - (ուշքի գալով): Սատանան տանի: Նա բոլորին հիմարացրել է: Ես նրան բաց թողեցի, շերիֆ:: Շուտ: Նա չէր կարող հեռու գնալ:

ԹՈՄԱՍ – Գնանք:

Ֆայլն ու Թոմասը գնում են: Լռություն:

ՆՈՅ – Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Հ.ԿԱՐՐԻ – Հավատալը դժվար է: Իսկ ես հասցրեցի սիրել նրան:

ԼԻԶԶԻ – Ով էլ որ նա եղած լինի, նա ամբողջապես շրջեց մեր կյանքը: Հիմա մենք չենք կարող ապրել այնպես, ինչպես ապրել էինք մինչև հիմա:

ՋԻՄ - (բղավում է): Լռեք, լռեք: Լսու՞մ եք:

Որոտի ձայն: Բոլորը լսում են:

Նա ասաց անձրևը կլինի:

Կայծակը փայլատակում է սենյակում: Որոտ: Էլի որոտ: Անձրև վարար թափվում է գետին:

ՋԻՄ – Անձրև:

Քամու հոսանքը բացում է դուռը: Սենյակ է ներխուժում Սթարբակը: Նրա վրայից առվակներով անձրև է թափվում:

ՍԹԱՐԲԱԿ - (ցնծալից): Անձրև, անձրև, մարդիկ: Նայեցեք, անձրև: Ահա նա, անձրևը: Իսկական անձրևը: Ես գիտեի, այն գալու էր: Նա չէր կարող չգալ:

Ձեռք տուր, անձրև է:

ԼԻԶԶԻ – Փախեք, Սթարբակ: Ձեզ փնտրում են:

Գրկում է Ջիմին:

ՍԹԱՐԲԱԿ – Նրանք ինձ չեն կարողանա բռնել: Որտե՞ղ է իմ քառասունվեց դոլարը:


Վերցնում է սեղանից: Դուրս վազում:




ՎԱՐԱԳՈՒՅՐ


123456789101112131415161718
    Դիտվել է 817 անգամ
    12