Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրե՞լ, նկարահանե՞լ, թե՞…

Դրամատուրգ, ՀՀ լեզվի կոմիտեի աշխատակից Գուրգեն Միքայելյան մտահոգված է հայերեն խոսքի առօրեական գործածության ժամանակ տարածված այն սխալներից, որոնք աննկատելիորեն ներխուժել են թե արվեստի և թե հայոց լեզվի կիրառության ժամանակակից մշակույթի մեջ և գրեթե վերածվել են լեզվական մտածողության և խոսակցական նորմի: Ներկայացնում ենք նրա դիտարկմամբ ուղղախոսական կանոնների տարածված խախման մի օրինակ.



Ի՞նչ կարելի է անել ներկայացումը…

Դե, ի՞նչ ասես, որ չի կարելի. դիտել, քննարկել, հավանել, քննադատել…

Այո, բայց մի կարևոր բան մնաց: Հարցրե՛ք բեմադրիչներին, և նրանց մեծ մասն անպայման կասի, որ իրենք պատրաստվում են ներկայացում… անել:

Այսպես՝ կինոռեժիսորը կասի, որ ֆիլմ է անում: Հեռուստալրագրողները կխոսեն իրենց արած հաղորդման մասին: Նրանց գործընկերները կխոսեն արած նախագծերի մասին: Մեկ ուրիշը կավելացնի, որ ինքը ցանկանում է մի նոր… ծրագիր անել:

Իհարկե, այս ամենը լսելով՝ հայրիկներն ու մայրիկներն էլ իրենց զավակներին անմիջապես կհորդորեն դաս անել:

Բնական է, որ հայերեն վատ իմացողն էլ, լինելով այս ամենին ունկնդիր, կմտածի, որ մեր լեզվում համապատասխան բառ չկա, և ինչ էլ լինի՝ ներկայացում, ֆիլմ թե հաղորդում, հնարավոր է միայն անել::

Իսկ ի՞նչ հետևություն կարելի է անել այս ամենից:

Քանի որ վերջին դեպքում «անել» բառը գործածվեց ճիշտ, և, հակառակ բերված օրինակների, հետևությունն իսկապես անում են, պատասխանենք:

Կարելի է անել այն հետևությունը, որ մենք մեր լեզվի նրբություններին, բառերի ոճական առանձնահատկություններին, բառապաշարին թերի ենք տիրապետում:

Մոռանում ենք խոսքի կարևոր սկզբունքներից մեկը՝ ճիշտ բառը՝ ճիշտ տեղում: Այս պատճառով էլ, ինչպես առիթ ենք ունեցել ասելու, որոշ բառեր ստանում են «գերիշխող» դիրք, դուրս մղում իրենց հոմանիշներին, երբեմն էլ սխալ գործածվում:

Բերված օրինակները հենց այդպիսի դեպքեր են: Ի՞նչ ասել է անել ներկայացում, ֆիլմ, հաղորդում, նախագիծ, ծրագիր, դաս…

Մի՞թե անփոխարինելի է այս «անել»-ը, և ներկայացումը չի կարելի բեմադրել, ֆիլմը՝ նկարահանել, հաղորդումը՝ կազմել, վարել, նախագիծը, ծրագիրը՝ իրականացնել, դասը՝ սովորել:

Սրանք ընդամենը օրինակներ են: Կախված խոսքաշարից, բովանդակությունից՝ կարելի է գործածել նաև այլ բառեր, միտքը ձևակերպել այլ ձևով:

Մեծ ջանքեր, լեզվական խոր գիտելիքներ հարկավոր չեն. պարզապես պետք է խոսքի նկատմամբ լինել փոքր-ինչ ուշադիր, չանտեսել, «չմոռանալ» մյուս բառերը:

Հավատացեք, որ այդպես կշահի թե մեր լեզուն, թե ձեր…



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 557 անգամ
    1234