Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՍՐՃԱՐԱՆ «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»


Լևոն Մութաֆյան

Սրճարան «Հիշողություն»

Դրամա երկու մասից


ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ԱՐԱՄ – հայ գրող, 40 տարեկան

ՕԿՏԱՅ – թուրք ուսանող, 22 տարեկան

ԵՎՓԻՄԵ – մոտ 80 տարեկան

ՊԵՏՐՈՍ – մոտ 55 տարեկան

ՄԱԴԼԵՆ – նրա կինը, 50 տարեկան

ԵՐԱՆՈՒՀԻ – նրանց աղջիկը, 20 տարեկան

ԹԱԳՎՈՐ – նրանց ազգականը, մոտ 60 տարեկան

ԱՍՏՂԻԿ – նրա կինը, 50-ն անց

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – նրանց որդին, 25 տարեկան

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, մոտ 60 տարեկան

ՋԱՆԱՆ ԱՐԸԹՄԱՆ – շրջանի ոստիկանապետ, 40 տարեկան

ԾԵՐՈՒՆԻ – 70 տարեկան

ՄԱՏՈՒՑՈՂ

ԱՂՋԻԿ

ԵՐԻՏԱՍԱՐԴ

ՍՐԲՈՒՀԻ – մոտ 30 տարեկան


ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ


Ստամբուլ: Թաքսիմ հրապարակ: Բացօթյա սրճարան-գարեջրատուն: Ուշ գիշեր է: Սրճարան-գարեջրատան հեռավոր անկյունում նստած է երիտասարդ զույգը: Ուրիշ այցելուներ չկան: Մի անկյունում դրված սեղանի մոտ նստած է երիտասարդ մատուցողը և սեղանին դրված հաշվիչի վրա հաշվարկներ է անում: Լսվում է մեքենաների աղմուկը:

Մտնում է ԱՐԱՄԸ՝ ուսին պայուսակ, ակնոցներով է, հագած ջինսե տաբատ և կարճ թևերով վերնաշապիկ: Նայում է շուրջը, ապա ընտրում կենտրոնի սեղանն ու մոտենալով՝ նստում: ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՏՈՒՑՈՂՆ իսկույն ոտքի է կանգնում և արագորեն մոտենում ԱՐԱՄԻՆ:

ՄԱՏՈՒՑՈՂ – Բարի կեսգիշեր: Ձեզ ճաշացանկ պե՞տք է:

ԱՐԱՄ – Մի գավաթ գարեջուր և եգիպտացորենի ձողիկներ: Բնականաբար՝ աղի:

ՄԱՏՈՒՑՈՂ – Հիմա կբերեմ: (Արագ հեռանում է:)

Արամը պայուսակից հանում է ծխախոտն ու վառիչը, պայուսակից դուրս է բերում համակարգիչը, դնում սեղանին: Վառում է ծխախոտը, բացում համակարգչի կափարիչը: Մատուցողը բերում է մի մեծ գավաթ գարեջուր, եգիպտացորենի ձողիկներ, դնում սեղանին:

ՄԱՏՈՒՑՈՂ – Խնդրեմ: Եթե էլի ինչ-որ բան կամենաք, ես կմոտենամ: Մենք աշխատում ենք մինչև առավոտ:

ԱՐԱՄ – Շնորհակալություն: Ես գարեջրի սիրահար չեմ: Ինձ միայն հոտն է դուր գալիս:

ՄԱՏՈՒՑՈՂ – Եթե գարեջուր չեք ուզում, կարող եմ կոկա-կոլա բերել, ռուսական օղի ունենք:

ԱՐԱՄ – Չէ, չէ, գարեջուրը լավ է: Կփորձեմ նաև ստամբուլյան գարեջուրը:

ՄԱՏՈՒՑՈՂ – Գարեջուրը գերմանական է: Մեր երկիրը գարեջուր չի արտադրում:

ԱՐԱՄ – Ինձ համար միևնույն է: Տանը կասեմ, որ Թաքսիմ հրապարակում, Բերայի հարևանությամբ, գարեջուր եմ խմել:

ՄԱՏՈՒՑՈՂ – Կներեք, բայց երևի սխալվեցիք: Ոչ թե Բերա, այլ՝ Պեյօղլու…

ԱՐԱՄ – Պեյօղլուն ձեր սերնդի համար է: Իսկ ինձ համար սա Բերան է:

ՄԱՏՈՒՑՈՂ – Բայց մի՞թե դուք Ստամբուլից եք:

ԱՐԱՄ – Իհարկե, ոչ: Ես Հայաստանից եմ: Բայց մեր պատմության և հիշողության մեջ Բերա է դրոշմված:

ՄԱՏՈՒՑՈՂ - (փոքր-ինչ շփոթված նայում է Արամին): Հայաստանից եք, բայց այդքան լավ խոսում եք թուրքերեն:

ԱՐԱՄ – Իսկ մի՞թե Ստամբուլի հայերը լավ չեն խոսում թուրքերեն:

ՄԱՏՈՒՑՈՂ – Ստամբուլում ապրողները, որոնք ծնվել ու մեծացել են այստեղ: Բայց դուք ուրիշ երկրից եք…

ԱՐԱՄ – Սիրում եմ օտար լեզուներ սովորել: Հարևանների լեզուն՝ առավել ևս…

ՄԱՏՈՒՑՈՂ – Կներեք, հեռանամ: Մեզ չի կարելի հաճախորդների հետ զրուցել պատվերներից դուրս թեմաներով:

ԱՐԱՄ – Շատ լավ: Շնորհակալություն սպասարկելու համար:

Մատուցողը հեռանում է և նստում իր տեղում: Մտնում է ՕԿՏԱՅԸ՝ քսաներկու տարեկան, շեկ մազերով, կապուտաչյա, բարձրահասակ: Հագնված է ջինսե տաբատ և վերնաշապիկ: Ձեռքին մի փոքրիկ փաթեթ կա: Նա ուշադիր շուրջն է նայում, ապա նկատելով Արամին, մոտենում նրան:

ՕԿՏԱՅ – Բարև ձեզ:

ԱՐԱՄ – Բարև ձեզ:

ՕԿՏԱՅ – Հիշեցի՞ք ինձ:

ԱՐԱՄ - (ուշադիր զննում է Օկտային): Կեներեք, չեմ կարողանում հիշել: Որտե՞ղ ենք հանդիպել:

ՕԿՏԱՅ – Դուք քիչ առաջ մեր տաղավարում էիք:

ԱՐԱՄ – Ձայներիզներ ու ձայնասկավառակներ վաճառող տղան եք, հիշեցի: Նստեցեք;

ՕԿՏԱՅ – Ես ընդամենը մի քանի րոպեով…

ԱՐԱՄ – Ձեր աշխատանքային օրն ավարտվել է, կարծում եմ:

ՕԿՏԱՅ – Իհարկե:

ԱՐԱՄ – Դե, ուրեմն, նստեք:

Օկտայը նստում է:

ԱՐԱՄ – Հուսով եմ, որ չեք մերժի գարեջուրը:

ՕԿՏԱՅ – Իմ պաշտած խմիչքն է գարեջուրը: Եթե ժամանակ ունենամ, օրական մի քանի լիտր կխմեմ:

ԱՐԱՄ – Եթե չեմ սխալվում, ձեր հայրենակիցներն այնքան էլ չեն ընդունում գարեջուրը…

ՕԿՏԱՅ – Ստամբուլը հեռու է մեր հայրենակիցների պատկերացումներից: Իզուր չեն ասում, որ Ստամբուլը դեռևս Թուրքիա չէ:

ԱՐԱՄ – Այո, Ստամբուլը չի ձուլվում թուրքական պատկերացումներին: Այստեղ շատ քիչ է թուրքական ներկայությունը:

ՕԿՏԱՅ – Եթե բնակչության թիվը նկատի ունեք, ապա մոտ տասնչորս միլիոն մարդ է ապրում այստեղ, մեծամասնությունը՝ էթնիկ թուրքեր, սակայն քիչ չեն նաև այլ ազգերի ներկայացուցիչները, խառնածինները: Բայց հասկացա, որ դուք բոլորովին այլ բան նկատի ունեք…

ԱՐԱՄ – Կշարունակենք մեր զրույցը, իսկ հիմա ձեզ համար գարեջուր պատվիրում: (Արամը ձեռքը բարձրացնում է վերև: Մատուցողը տեսնելով Արամի ձեռքը, արագ մոտենում է նրան): Եվս մեկ գավաթ գարեջուր՝ երիտասարդ պարոնի համար:

ՄԱՏՈՒՑՈՂ – Բավարական է գարեջուրը: Կխմե՞ք:

ՕԿՏԱՅ – Թող լինի բավարական, միայն մեծ գավաթով:

ՄԱՏՈՒՑՈՂ – Շատ լավ: (Հեռանում է;)

ԱՐԱՄ – Անունս Արամ է, Հայաստանից եմ, հայ գրող:

ՕԿՏԱՅ – Ես էլ Օկտայն եմ, քսաներկու տարեկան, սովորում եմ Ստամբուլի համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Նաև աշխատում եմ ձայներիզների տաղավարում:

ԱՐԱՄ – Երեք օր առաջ եմ Ստամբուլ եկել, կյանքումս՝ առաջին անգամ… Երեկ իջնում է ձեր ասած Պեյօղլիով, մի երիտասարդ մոտեցավ, առաջարկեց վարիետե գնալ, ուր ռուս աղջիկներ են հանդես գալիս: Երբ սկզբում թուրքերեն խոսեց՝ ոչինչ չհասկացա: հետո անցանք ռուսերենին… Հարցրեց, թե ազգությամբ ով եմ: Առաջին պահ մտածում էի, որ հայ լինելս կարող է ընդունելի չհամարվել… Երբ հարցրեց, թե հո քուրդ չեմ, անմիջապես, ինքնաբերաբար, բերանիցս թռավ հայ բառը…

ՕԿՏԱՅ – Ես այնքան էլ խորը չեմ հասկանում ձեր մտավախությունը… Հայ լինելն այստեղ դատապարտելի չէ: Բայց ահա քրդերի նկատմամբ, այո… Իսկ ես անմիջապես, հենց մեր տաղավարում հասկացա, որ հայ եք:

ԱՐԱՄ – Ինչի՞ց հասկացաք:

ՕԿՏԱՅ – Երբ դուք մտաք տաղավար, միացված էր այս ձայներիզը: (Ձեռքի փաթեթը դնում է սեղանին): Դուք լսում էիք ինքնամոռաց, ներշնչված: Վաղուց ստեղծագործությունն ավարտվել էր, ես նորից ու նորից էի միացնում, իսկ դուք լսում էիք…

ԱՐԱՄ - (վերցնում է փաթեթը, շուռումուռ տալիս): Կոմիտաս, ,,Լորիկ,,… Գերոնտի Թալալյանի կատարմամբ… Բազմաթիվ անգամներ եմ լսել այս ստեղծագործությունը, լսել եմ նաև հենց Թալալյանի կատարմամբ… Բայց…

Մոտենում է Մատուցողը, մի մեծ գավաթ գարեջուր դնում Օկտայի առջև:

ՄԱՏՈՒՑՈՂ – Է՞լ ինչ կկամենաք:

ՕԿՏԱՅ – Շնորհակալություն: Գուցե հետո մի գավաթի էլ անհրաժեշտություն լինի:

ՄԱՏՈՒՑՈՂ – Շատ լավ: (Հեռանում է):

ԱՐԱՄ – Ես բարեկամիս տանն եմ ապրում: Խոշոր գրող է, աբսուրդի դրամայի երևելիներից մեկը: Արման Վարդանյան: Նրա մասին անգամ թուրքական թերթերն են գրում, նրա ստեղծագործություններից թուրքերեն էլ կան թարգմանված: Նա ինձ առաջարկեց գալ Թաքսիմ հրապարակ ու այստեղ ծանոթանալ քաղաքին: Ես քայլելով իջա Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի դիմաց էլ ձեր տաղավարն է: Հեռվից լսեցի մեղեդին, դրա համար մոտեցա… Իսկապես լսում էի ինքնամոռաց, վերացած… Մտքովս չէր անցնի, որ մի քաղաքում, որտեղ…. Որտեղ… Մի խոսքով, ամեն տեղ կարող էի պատկերացնել Կոմիտասի ,,Լորիկի,, հայտնությունը, բայց ոչ Ստամբուլում:

ՕԿՏԱՅ – Հասկացա, թե ինչու ընդհատեցիք ձեր միտքը: Քաղաքում, որտեղ հայեր են սպանվել, որտեղից տեղահանվել են… Ես ինչ-որ չափով գիտեմ այդ մասին: Ինչ-որ չափով… Բայց Կոմիտասի հարցում սխալվում եք, մենք գիտենք նրա մասին, նրա ստեղծագործությունները երբեմն հնչում են համերգասրահներում: Սիրում եմ երգեհոնային երաժշտություն լսել: Այ, հենց երեք օր առաջ ձեր նշած Սուրբ Երրորդություն եկեղեցում հայ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի համերգն էր, նա Փարիզից է… Ափսոս, չկարողացա ներկա գտնվել, աշխատանքի էի, բայց հետևում էի եկեղեցի եկողներին:

ԱՐԱՄ – Իմ ժամանման առաջին օրն էր: Հենց ,,Մարմարա,, թերթում կարդացի համերգի մասին, բարեկամիս խնդրեցի ինձ այնտեղ տանել:

ՕԿՏԱՅ – Ստամբուլի մասին լույս տեսած հանրագիտարանում Կոմիտասի մասին մեծ հոդված կա, կարդացել եմ այն: Գիտեմ, որ մեծ ներդրում ունի թուրքական կոնսերվատորիայի ձևավորման գործում:

ԱՐԱՄ – Այդ հանրագիտարանը ես թերթել եմ, տեսել եմ, որ Ստամբուլի բոլոր թաղամասերի պատմությունը ներկայացնելիս հեղինակները չեն մոռացել նաև հայերին. Հակոբ Պարոնյան, Պետրոս Ադամյան, Վահրամ Փափազյան, Կոմիտաս… Անգամ Գրիգոր Զոհրապն է հիշատակվել:

ՕԿՏԱՅ – Մենք թուրքական պառլամենտարիզմի պատմությունն ուսումնասիրելիս ծանոթացել ենք նաև Զոհրապ էֆենդու գործունեությանը: Իհարկե, շատ սուղ է ներկայացված, բայց արդեն պատկերացում կազմել հնարավոր է…

ԱՐԱՄ – Միայն ու միայն պատկերացում, ուրիշ ոչինչ…

Հեռվում նստած երիտասարդ զույգը բարձրանում է տեղից, գալիս տաղավարի կենտրոն: Երիտասարդը մոտենում է նվագարկիչին, գրպանից մանրադրամ հանում, նետում նվագարկիչի մեջ: Լսվում է տանգոյի երաժշտություն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ – Կարծեմ, դու հենց այս տանգոն էիր ուզում:

ԱՂՋԻԿ - (ծիծաղելով): Սա չէր, իհարկե, բայց սա էլ վատը չէ: Պարենք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ – Հազար տարի իրար հետ չենք պարել:

ԱՂՋԻԿ – Ես էլ կարծում էի, թե ինն հարյուր իննսունինը տարի…

ԵՐԻՏԱՍԱՐԴ – Եվ երեք հարյուր վաթսունհինգ օր…

Երիտասարդները պարում են: Մատուցողը մոտենում է Արամի սեղանին, փոխում մոխրամանը և հեռանում: Տաղավար է մտնում գզգզված մազերով, մաշված շորերով մի ծերունի՝ մոտ յոթանասուն տարեկան:

ԾԵՐՈՒՆԻ - (կանգնում է տաղավարի կենտրոնում, պարողներին մոտիկ): Դուք պարում եք, ուրախանում, դուք գարեջուր եք խմում, իսկ իմ մասին չեք ուզում հոգ տանել… Ու՞մ է պետք երկրաշարժից անտուն ու անընտանիք մնացած խեղճ մարդը, որը ոչինչ չունի, որի անունն էլ են ջնջել ապրողների ցուցակից… Ինչքա՞ն պտտվեմ Թաքսիմի այգու մեջ, ինչքա՞ն քնեմ ծառերի տակ, ուր միասեռականներն իրենց կարիքներն են բավարարում… Էլի կատուն մլավեց, էլի շունը հաչաց, էլի բուն գիշերվա մթնում իր կռինչը տարածեց, էլի լուսինը կախվեց երկնքի թարթիչներից... Ու չկա մեկը, որը եղիցի լույս ասի կամ կանչի առավոտվա ժամհարներին... Մթար, մթար ճանապարհ է, անանցանելի անտառ, անհաղթահարելի անապատ... ՈՒ՞ր գնամ, ինչու՞ գնամ, ո՞վ է տարաժամին դուռ բացելու իմ առջև, ո՞վ է հոգնած ոտքերս դնելու տաք ջրի մեջ ու նանիկ երգելու այն հոգնած կատվին, որը մի ամբողջ հավերժություն քայլեց ինձ հետ ու մրափեց հենց ավերակ պատի տակ՝ երազում տեսնելու իրեն փնտրող էգին... Ու՞ր գնամ, երբ ինքս ավերեցի բոլոր ճանապարհները, երբ միայնակ կանգնեցի մոռացումների խաչմերուկում ու աղքատ Ղազարոսի նման սկսեցի փնտրել բարության հրեշտակին... Էհեեե՜յ, մոռացկոտ մարդիկ, բացե՛ք մեծ դուռը... Բացեք, որ ներս գամ, ախր հոգնել եմ շատ, քայլել եմ շատ, փորձել հասարակածը կտրել-անցնել, որպեսզի գտնեմ կույս մնացած ճշմարտությունը: Հենց հասա ու գտա նրան՝ արդեն լաց էր լինում կամրջից կախված... Բռնաբարել էին նրան... Ներս թողեք ինձ, մարդիկ, որ քաղցրիկ հեքիաթներ պատմեմ ձեզ՝ մոռացնելու համար դառն իրականությունը... (Մոտենում է Արամի սեղանին): Ինձ գարեջուր կհյուրասիրե՞ք:

ԱՐԱՄ – Սիրով: Նստեք մեզ հետ:

ԾԵՐՈՒՆԻ – Չէ, չէ… Ես չեմ նստում… Ես կամ կանգնում եմ, կամ պառկում… Արդեն տասնչորս տարի… Ուտում եմ ու խմում կանգնած կամ պառկած…

ՕԿՏԱՅ - (Արամին): Ես հիմա նրա համար գարեջուր կպատվիրեմ: Նա կվերցնի բաժակն ու կգնա…

ԱՐԱՄ – Դուք նրան ճանաչու՞մ եք:

ԾԵՐՈՒՆԻ – Ինձ այստեղ բոլորն են ճանաչում… Ես այստեղ եմ և այստեղ չեմ… Ես Թաքսիմի ոգին եմ, Պեյօղլուի պահապանը…

Մատուցողը մոտենում և բռնում է Ծերունու թևից:

ՄԱՏՈՒՑՈՂ – Ինչքա՞ն եմ քեզ խնդրել, որ այստեղ ոտք չդնես: Դու մեր հաճախորդներին վախեցնում ես: Դուրս գնա այստեղից:

ԾԵՐՈՒՆԻ – Ուրվականների հետ չեն կռվում… Ուրվականներին խղճում են, մի քիչ հաց են տալիս, մի քիչ ջուր… Ուրվականների համար անկողին են պատրաստում, որպեսզի նրանք հանգիստ քնեն… Ու՞ր է իմ փափուկ, փետուրից բարձը…

ՄԱՏՈՒՑՈՂ - (կոպտորեն սեղմում է նրա թևը): Դուրս գնա այստեղից, թե չէ ոստիկան կկանչեմ:

Արամը ոտքի է կանգնում: Երիտասարդները դադարեցնում են պարն ու նայում Ծերունուն:

ԾԵՐՈՒՆԻ – Կեցցե ազատ Թուրքիան, որի անտուն ու թափառական քաղաքացիներին վախեցնում են ոստիկաններով… Ես հասա մինչև Խաղաղ օվկիանոս և մի անմարդաբնակ կղզում ինձ համար թագավորություն հիմնեցի… (Դառնալով Արամին): Երևում է, որ օտարերկրացի եք, որովհետև այս երիտասարդին այստեղ հաճախ եմ տեսնում, իսկ այս մատուցողը ինձ չի սիրում…

ԱՐԱՄ - (Մատուցողին): Խնդրում եմ, բաց թողեք նրա թևը: Դուք նրան ցավեցնում եք: Ես հայ եմ, Հայաստանից:

ԾԵՐՈՒՆԻ – Ա՜… Հասկանում եմ… Եկել եք ուրվականների հետքերով քայլելու… Ես Իզմիթից եմ, այն քաղաքից, որը մի քանի տարի առաջ ավերվեց երկրաշարժի ժամանակ… Գիտե՞ք Իզմիթի իսկական անունը… Ասենք, կիմանաք, հայ եք:

ԱՐԱՄ – Գիտեմ, Նիկոմեդիան է Իզմիթը:

ԾԵՐՈՒՆԻ – Ուրեմն, գիտեք… Ինձ գարեջուր հյուրասիրեք, ու ես կգնամ, թե չէ կարող եմ պատմել ձեզ Զմյուռնիայի մասին, որտեղ դերասան էի մի թատրոնում… Հիմա թատրոնի տեղում մի մեծ փոս է… Կատուներն այնտեղ գիշերները սերենադներ են երգում սոված շների համար, փլատակների տակ ծածկվածների ոսկորներն են փայլփլում լուսնի լույսի տակ… Իսկ դիմացի ավերված փողոցից վազում են իմ երեք աղջիկը՝ գեղեցիկ, սև աչքերով, բոբիկ ոտքերով…

Երիտասարդները վերադառնում են իրենց սեղանի մոտ:

ՄԱՏՈՒՑՈՂ - (Ծերունուն): Գնանք խոհանոց, ես քեզ գարեջուր և հաց կտամ, միայն թե մի ցցվիր այստեղ… Սա գցում է մեր սրճարանի վարկը…

ԾԵՐՈՒՆԻ – Սա ձեր սրճարանը չէ, սա իմ սրճարանն է, որովհետև ցերեկ ու գիշեր ես եմ հսկում այն ու այստեղ մեկ-մեկ որոնում հիշողություններս…

ԱՐԱՄ – Այս մարդու համար մի քիչ ուտելիք բերեք և գարեջուր:

ՄԱՏՈՒՑՈՂ – Մեր տերն արգելում է նրա մուտքը: Եթե իմանա, ինձ աշխատանքից կազատի… Ես չեմ ուզում այս թափառաշրջիկի պատճառով աշխատանքս կորցնել: (Ծերունուն): Գնանք, շատ եմ խնդրում:

ԾԵՐՈՒՆԻ – Լավ, կգամ, միայն թե Հայաստանից եկած այս մարդուն մի քանի բառ ասեմ: (Արամին): Գեղեցիկ քաղաք էր Նիկոմեդիան, բարեկամս… Շա՜տ գեղեցիկ… Իմ մեծ պապերի քաղաքն էր, նրանք մի հեռավոր ու կորած ազգի ներկայացուցիչներ էին՝ մակեդոնացիներ: Ստանբուլի կեսը մակեդոնացիներ են, բայց նրանք թուրքեր են… Ինչպես հազարավոր հայեր այստեղ թուրքեր են… Ես թուրք եմ, իսկական թուրք… Ինձ հաց և գարեջուր տվեք, երկու օր ոչինչ չեմ կերել… Երբ երկրաշարժից ավերվել էր մեր թատրոնը, ես վազեցի այնտեղ, որովհետև հարդարման սենյակում էի թողել իմ միակ ձմեռային վերարկուն… Ես թատրոնի շենքն ավերված գտա, վազեցի քարերի միջով, որպեսզի վերարկուս գտնեմ… Բայց շներն արդեն հագել ու պատռել էին իմ վերարկուն… Ես շներ չեմ սիրում, կատուներն ավելի խելացի և ուշադիր են… Դուք Հայաստանի՞ց եք, ուրեմն… Շատ լավ է, լավ… Ես թատրոնի ավերակների մեջ հին գրքեր գտա, որոնք երևի տանիքից էին թափվել… Հետո գիշերը, երբ հավաքվել էինք կրակի մոտ, դրանցից մի քանիսը վառեցինք, որ տաքանանք… Անծանոթ տառեր էին… (Մատուցողին): Հիմա մեծ ծառի տակ փռված իմ փափուկ անկողինն ինձ է սպասում… Գնամ… Դու ինձ գարեջուր կտաս ու հաց… (Շրջվում է դեպի Արամը): Եթե էլի գաք այստեղ, այցելեք ինձ… (Մատուցողի հետ դուրս է գնում):

ՕԿՏԱՅ – Արդեն քանի տարի ես նրան տեսնում եմ այստեղ… Իսկապես, այգում է ապրում: Երկրաշարժից տուժվածներից շատերի համար կառավարությունը ոչինչ չի արել, նրանք թափառում են Թուրքիայի քաղաքներով, ապրելու տեղ որոնում, իսկ մի մեծ մասն էլ Ստամբուլ է հասել ու ապրում է պատերի տակ, տանիքներում, այգիներում…

ԱՐԱՄ – Ես հասկանում եմ այդ մարդկանց կացությունն ու վիճակը…

ՕԿՏԱՅ – Ես այս ձայներիզը ձեզ համար եմ բերել: Երբ հեռացաք, կանչեցի ձեր հետևից, բայց ինձ չլսեցիք: Վերցրեք, հասկացա, որ շատ եք սիրում:

ԱՐԱՄ – Թող մնա ձեզ մոտ: Ես տանը մի քանի ձայնագրություն ունեմ Կոմիտասի ,,Լորիկի,,: Երբ այստեղ է հնչում Կոմիտասը, բոլորովին այլ հնչողություն է ստանում…

ՕԿՏԱՅ – Դուք անընդհատ ակնարկներ եք անում… Ու ես ամեն ինչ հասկանում եմ: Բայց, հավատացեք, այսօր իմ սերնդին բնավ չի հետաքրքրում այն ամենը, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ: Մենք այսօրվա մարդիկ ենք, մենք ուզում ենք ապրել խաղաղ պայմաններում, շփվել իրար հետ…

ԱՐԱՄ – Ես ոչինչ չեմ ակնարկում: Եվ գիտեմ, որ միլիոնավոր երիտասարդներ այսօր Թուրքիայում ոչինչ չգիտեն կատարվածի, այն ամենի մասին, ինչը մեզ հանգիստ չի տալիս… Ես չեմ եկել Ստամբուլ՝ մարդկանց ստիպելու հիշել կատարվածը… Ես եկել եմ, որպեսզի գիրք գրեմ հայ Պոլիսի մասին:

ՕԿՏԱՅ – Մեզ մոտ ընդունված չէ հիշել Պոլիս անունը, Կոստնադնուպոլիսը… Հատկապես ավագները գրգռվում են, երբ որևէ մեկը Պոլիս է ասում, իսկ իմ հասակակիցներից շատերը չգիտեն էլ, թե դա ինչ է նշանակում:

ԱՐԱՄ – Արդեն գիտեմ… Իսկ ինձ համար, շատերիս համար այս քաղաքը Պոլիսն է… Ու այդ պատճառով էլ ուզում եմ գրել հայ Պոլսի մասին, նրանց մասին, ովքեր ապրել են այստեղ:

ՕԿՏԱՅ – Միայն պատմությու՞նն է ձեզ հետաքրքրում: Բայց չէ՞ որ հիմա էլ այստեղ հայեր են ապրում: Մոտ վաթսուն հազար հայ այս քաղաքում:

ԱՐԱՄ – Մոտ վաթսուն հազար, որոնք իրենց հայ են համարում, որոնք չեն հրաժարվում հայկական ինքնությունից: Բայց երևի մի հարյուր հազարն էլ՝ ծպտված, վախեցած, շատ վաղուց հեռացած իրենց արմատներից… Երեկ հայ ծերերի տուն էի գնացել: Մի քանի տասնյակ սասունցի մամիկներ ու պապիկներ՝ բախտի քմահաճույքին մատնված: Հայերեն չգիտեն, խոսում են թուրքերեն…

ՕԿՏԱՅ – Գնա՞նք իմ տուն, ես այստեղից հեռու չեմ ապրում:

ԱՐԱՄ – Սիրով կգայի, բայց ես ինքս հյուր եմ և չեմ ուզում իմ հյուրընկալին անհանգստություն պատճառել: Նա տարիքով մարդ է, չի սիրում, երբ ուշ ժամի իր տանից որևէ մեկը բացակայում է:

ՕԿՏԱՅ – Հասկանում եմ, սակայն շատ կուզենայի ձեզ հետ զրուցել: Այստեղ, այս սրճարանում, չենք կարողանա անկեղծ զրույց վարել: Քիչ հետո այստեղ կգան միասեռականները և կնստեն մինչև առավոտ՝ սպասելով հաճախորդների:

ԱՐԱՄ – Պայմանավորվենք, մի ուրիշ անգամ, ես դեռ մեկ ամիս մնալու եմ Ստամբուլում, գնալու եմ հայկական հետքերով:

ՕԿՏԱՅ – Դժվար չէ հայկական հետքերով գնալը: Բայց ի՞նչ կտա դա ձեզ: Կապացուցեք, որ այստեղ հայե՞ր են ապրել: Իսկ ո՞վ է ժխտում: Ինչպես ոչ ոք չի ժխտում, որ այն ծերունին, որը խելագարվել է տասը տարուց ավելի փողոցներում թափառելու պատճառով, մակեդոնացի է: Թուրքիան հիմա ազատ երկիր է դարձել և բոլոր ազգերի համար էլ հայրենիք է դարձել:

ԱՐԱՄ – Դուք այդպես մտածելու իրավունքն ունեք, սա ձեր երկիրն է, դուք այստեղ եք ծնվել, ուսումնասիրել եք այս երկրի պատմությունն այն ձևով, ինչ ձևով ձեզ մատուցել են, ինչ ձևով տասնամյակներ շարունակ վերաձևել ու սրբագրել են ձեր պատմաբանները… Ասում եք՝ դժվար չէ ապացուցել հայկական հետքը, այն, որ հայեր են ապրել և ապրում են… Դա ես էլ գիտեմ: Բայց ինձ պետք է խորացնել պատկերացումներն այն մասին, թե ինչու՞ է այսօր ընդամենը վաթսուն հազար հայ ապրում այստեղ,, երբ քսաներորդ դարասկզբին հայերի թիվն այս քաղաքում անցնում էր հարյուր հազարը…

ՕԿՏԱՅ – Դուք ինձանից տարիքով մեծ եք, գրող եք, մեծ կենսափորձ ունեք, ու ես իրավունք չունեմ ինչ-որ բաներ սովորեցնել ձեզ, բայց ի՞նչ եք որոնում այսքան ժամանակ և ի՞նչ եք հաստատում: Ի տարբերություն իմ շատ ընկերների, ես գիտեմ, այո, որ դուք շեշտում եք ցեղասպանության փաստը, որ ձեր նպատակը ցեղասպանության փաստի հաստատումն է… Ես չգիտեմ, թե կատարվածը ցեղասպանություն է, թե՝ տեղահանություն, ի նպաստ Թուրքիայի անվտանգության, բայց ինձ համար այսօր արդեն ամեն ինչ միևնույն է: Ինչպես շատ հայեր, ես նույնպես սիրում եմ լսել Կոմիտաս, Արամ Խաչատրյանի ,,Սուսերով պարի,, համար ուշքս գնում է, սիրում եմ Բիթհըլզ լսել և Շառլ Ազնավուր: Ունեմ նաև հայ ընկերներ: Բայց ես չեմ հասկանում, թե հարյուր տարի անց ի՞նչ եք ուզում և ինչու՞:

ԱՐԱՄ – Եթե բացատրեմ էլ, միևնույն է, չեք հասկանա: Նախ, որ երիտասարդ եք, երկրորդ…

ՕԿՏԱՅ – Սպասեք: Դեռ երկրորդը մի ասեք: Այո՛, երիտասարդ եմ: Եվ դա շատ լավ է: մեծ ու երկար ճանապարհ ունեմ անցնելու: Բայց… Ինչու՞ ձեզ թվում, թե իմ արյան մեջ ցավ չկա, թե ես էլ չունեմ մեծ մայր ու մեծ հայր, որոնք էլ իրենց մորմոքն ու կռիվն ունեն… Բայց նրանք շատ վաղուց փակել են իրենց հաշիվները պատմության հետ և ապրում են այսօրով: Համակերպվելով, չկռվե;լով…

ԱՐԱՄ - (բարձրանում է նստած տեղից, մոտենում Օկտային, երկար նայում նրա դեմքին): Ես ձեր ասածը չհասկացա, Օկտայ… Կամ գուցե հասկացա…

ՕԿՏԱՅ - (նույնպես բարձրանում է նստած տեղից և նայում Արամին): Չգիտեմ, թե ինչ հասկացաք… Այն մարդը, այն նախկին դերասանը, հայտարարեց, որ ինքը մակեդոնացի է… Այդ սերունդը դեռևս հայտարարում է, իսկ մենք՝ երիտասարդներս, շատ հանգիստ ասում ենք, որ թուրք ենք, որ այս երկիրը թուրքերի հայրենիքն է… Պապիս մայրը հարյուր չորս տարեկան է, Ստամբուլից ոչ հեռու մի գյուղում է ապրում, իր պապերի կառուցած տանը… Հին ու գեղեցիկ տուն է, բարձր կամարներով, բակում մեծ ջրավազան կա, նրա շուրջ՝ ձիթենիներ… Նա երբեմն նստում է ձիթենիների տակ ու երգում: Ես այդ երգի բառերը չեմ հասկանում, բայց մեղեդին շատ լավն է, գերող… Իմ պապերի երգն է, որը մեծ մայրս է երգում: Մակեդոնական հին երգ է: Այդ երգով ավարտվում է մակեդոնականը և սկսվում է թուրքականը, որովհետև ոչ ոք չի հիշում արմատների մասին: Կարևորը ներկան է:

ԱՐԱՄ – Կարևորը ներկան է… (Քայլում է տաղավարում, մոտենում է սեղանին, վերցնում ծխախոտ, վառում, ագահորեն կուլ տալիս ծուխը): Կարևորը ներկան է: Բայց անցյալը, քանի դեռ հիշում ես նրա մասին, գալիս ու աղմկում է քո ականջներում, սրտիդ մեջ… Անցյալը հանգիստ չի տալիս, որովհետև հարցականներ կան, որովհետև կա հողի, հայրենիքի գաղափար:

ՕԿՏԱՅ – Ես պատրաստվում եմ պատմաբան դառնալ: Պատմությունը հույզերի գիտություն չէ: Գրեթե ճշգրիտ գիտություն է, որովհետև կառուցված է ճշգրիտ փաստերի և իրադարձությունների վրա: Մարկեսն ասում է. ,, Անցյալը կեղծիք է, հիշողության համար վերադարձի ճամփա չկա և յուրաքանչյուր անցած գարուն կորած է,,: Ես նրա հետ համաձայն չեմ, սակայն չեմ երկրպագում անցյալը: Այն ինձ համար ընդամենը պատմություն է, ուսումնասիրման նյութ: Ես առաջ եմ գնում, որովհետև դա է ճիշտը, որովհետև պետք է հաշտվես պատմության հետ:

ԱՐԱՄ – Նախանձելի մարդ եք, Օկտայ: Որովհետև… երիտասարդ եք, որովհետև հիշողությունները ձեզ չեն տանջում: Որովհետև ծնվել եք մի տեղ, որի մասին ձեզ մանկությունից ասել են, որ ձեր հողն է, ձեր երկիրը, իսկ դուք թուրք եք: այսինքն ապրում եք ձեր հողի վրա: Արդեն ձեզ չեն հետաքրքրում պատմությունն ու անցյալը: Ձեր մեծ մոր երգը ընդամենը երգ է ձեզ համար: Ինձ համար դա մորմոք է, ցավ է… Ես առավոտվանից չեմ կարողանում հանգստանալ՝ հիշելով ծերանոցում ծվարած սասունցի ծերերին, որոնք մոռացել էին, որ իրենց մայրենին հայերենն է… Իսկ Սասունը հայերի համար քաջերի ոստան է, հերոսական բնավայր է… Մեր էպոսի հերոսը սասունցի է… Եթե դուք գեթ մեկ անգամ Հայաստանում եղած լինեք ու տեսած լինեք Արարատ լեռը, բոլորովին այլ կերպ կխոսեք, այլ կերպ կմտածեք:

ՕԿՏԱՅ – Գիտեմ, որ լեռան պատկերը ձեզ համար սրբություն է: Իհարկե, Նոյի իջևանատեղին է: Ուրեմն, ողջ քրիստոնյա աշխարհի համար է այն պաշտելի… Ի՞նչ տարբերություն, թե որտեղ է Արարատը, կարևորն այն է, որ դուք տեսնում եք այն, պատկերում ձեր զինանշանի վրա…

ԱՐԱՄ – Իմ գնալու ժամանակն է: Ուշ է արդեն…

ՕԿՏԱՅ – Սպասեք, մի գնացեք: Դեռ շատ ուշ չէ, Ստամբուլը գիշերային քաղաք է: Ես ուզում եմ, որ շարունակվի մեր զրույցը:

ԱՐԱՄ – Մենք կարծես թե չենք զրուցում, այլ մենախոսում ենք: Դուք ձեզ համար, ես՝ ինձ համար…

ՕԿՏԱՅ – Իսկ ես ուզում եմ, այնուամենայնիվ հասկանալ ձեզ: Ձեր միջոցով՝ հայերին: Այսօր թուրք մտավորականներից շատերն էլ կանգնել են ձեր կողքին, խոսում են ցեղասպանության ճանաչման մասին, դրանով են պայմանավորում շատ հարաբերություններ: Լավ, ճանաչվեց ցեղասպանությունը, աշխարհն իմացավ, որ հայերին ոչ թե տեղահանել, այլ ցեղասպանել են: Կրոնական անհանդուժողության, էթնիկ անհանդուժողության հողի վրա: Ի՞նչ է փոխվելու դրանից:

ԱՐԱՄ – Շատ բան է փոխվելու, հարգելի Օկտայ, շատ բան:

ՕԿՏԱՅ – Ոչինչ էլ չի փոխվելու: Պատմության գրքերը չեն փոխվելու, Թուրքիայի դպրոցներում և համալսրաններում պատմությունն ուսումնասիրելու են այնպես, ինչպես հիմա են ուսումնասիրում: Դուք ապրելու եք ձեր Հայաստանում: Մենք՝ մեր Թուրքիայում: Այստեղ ծնված ու մեծացած հայերն էլ ապրելու են այնպես, ինչպես ապրում են: Նրանք կիրակի օրերին իրենց եկեղեցիների դռներն են բացելու, երգեհոնով երաժշտություն են հնչեցնելու, Թուրքիայում գտնվող հայկական դպրոցներում դարձյալ թուրքերեն են խոսելու…

ԱՐԱՄ - (արագ մոտենում է սեղանին, վերցնում պայուսակը, նրա միջից թղթեր ու լուսանկարներ հանում, բռնում բարձր): Օկտայ, փոխվելու է այն, որ այս մարդկանց լուսանկարներին նայելիս՝ այլևս մեղքի զգացում չենք ունենալու, որ չկարողացանք պաշտպանել նրանց դատը, որ չկարողացանք աշխարհին ցույց տալ նրանց ճշմարտությունը…

Երիտասարդ զույգը վեր է կենում նստած տեղից, գրկախառնված դուրս գալիս: Օկտայը մոտենում է Արամին, նայում նրա ձեռքի թղթերին ու լուսանկարներին:

ԱՐԱՄ – Այս ընտանիքն ապրել է Ստամբուլում, մինչև 1915 թվականը: Երջանիկ կյանքով է ապրել ընտանիքը, սակայն 1915-ի գարնանային մի օր Ստամբուլը նրա համար հեռավոր երազ է դարձել... Այս ընտանիքը միակը չէ: Հազարավոր են նման ընտանիքները: Որևէ մեկը պիտի պատասխան տա՞ այս ամենի համար, պիտի դատապարտվի՞ այս ամենը:

ՕԿՏԱՅ – Իսկ մի՞թե դատապատելով՝ կվերադարձնեք այդ ընտանիքները: Ի վերջո, բոլոր նրանք, ովքեր իրականացրել են այդ ամենը, այլևս չկան, անցել են պատմության գիրկը:

ԱՐԱՄ – Բայց կա այս երկիրը՝ Թուրքիան, որն այդպես էլ չի կամենում հաշվի նստել իր պատմության հետ, չի ցանկանում շիտակ նայել պատմությանը:

Օկտայը սեղանից վերցնում է փաթեթը, նրա միջից հանում ձայներիզը, մոտենում նվագարկիչին, տեղադրում: Քիչ անց տաղավարում տարածվում է ,,Լորիկը,,: Արամը նստում է՝ շարունակելով ծխել: Օկտայը կագնում է տաղավարի կենտրոնում և ուշադիր լսում երաժշտությունը: Մատուցողը ևս երկու գավաթ գարեջուր է դնում Արամի սեղանին: Երաժշտությունն ուժգնանում է:

ՄԹՆԵՑՈՒՄ


ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ


Մեծ ու լուսավոր հյուրասենյակ: Կամարաձև դռներ ու պատուհաններ: Ճոխ կահույք: Ամենուրեք ծաղիկներ են: Պատերից կախված են յուղաներկ աշխատանքներ: Մեծ ու օվալաձև սեղանի մեջտեղում դրված է ահռելի ծաղկամանը՝ սպիտակ վարդերով: Սեղանին շարված են ուտեստներ, խմիչքի շշեր: Պատի մոտ դրված է սպիտակ ռոյալ, որի վրա նույնպես ծաղկամաններով ծաղիկներ են:

Ներս է մտնում եվրոպական նորաձևությամբ հագնված, մոտ հիսուն տարեկան բարձրահասակ կինը՝ ՄԱԴԼԵՆԸ: Նրա ձեռքին արծաթյա սկուտեղ է՝վրան բաժակներ: Նրա հետևից գալիս է մոտ քսան տարեկան, բարակիրան, սպիտակ երկար շրջազգեստով աղջիկը՝ ԵՐԱՆՈՒՀԻՆ:

ՄԱԴԼԵՆ - (բաժակները տեղավորում է սեղանին): Սրբուհին շատ ուշացավ: Ստիպված ենք նրա աշխատանքը մենք կատարել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Դու նրան ասացիր, որ շուկայից հետո էլ հայրիկի գրասենյակ գնար:

ՄԱԴԼԵՆ – Ասել եմ, իհարկե: Խնդրեցի հայրիկիդ զգուշացնի, որ երկար չմնա գրասենյակում: Թագվոր էֆենդին ու տիկին Աստղիկը պիտի գան այսօր:

ԵՐԱՆՈՒՀԻ – Հուսամ, որ ոչ նշանադրության նպատակով:

ՄԱԴԼԵՆ – Իհարկե ոչ: Հայրդ անցած անգամ նրանց ասաց, որ դեռ ժամանակը չէ այդ խոսակցության: Չնայած ես Համբարձումին շատ եմ հավանում, ձեռներեց և ուշիմ երիտասարդ է:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ես էլ եմ հավանում, մայրիկ, բայց ուզում եմ Փարիզից ամբողջապես վերադառնալուց հետո նոր միայն այդ խնդրին անդրադառնալ:

ՄԱԴԼԵՆ – Հայրդ հենց այդպես էլ ասաց Թագվոր էֆենդիին: Ու նա հասկացավ: Ախ, աղջիկս, ամեն անգամ, երբ Փարիզ ես մեկնում, տունը դատարկվում է, ամիսները տարիներ են թվում:

ԵՐԱՆՈՒՀԻ – Հիմա վերջին անգամ եմ մեկնում, մայրիկ: Աշնանը կավարտեմ համալսարանն ու կվերադառնամ, կաշխատեմ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում:

ՄԱԴԼԵՆ – Հորդ մեծագույն երազանքն է քեզ տեսնել բժշկի սպիտակ խալաթով: Ամեն անգամ, երբ այցելում է իր բժշկին, ասում է. ,,Շուտով իմ Երանուհիս էլ նման խալաթ կհագնի ու մարդկանց կբուժի,,:

Սենյակ է մտնում ԵՎՓԻՄԵՆ՝ նիհարակազմ, սև զգեստով, ուսերին ժանեկագործ շալ նետած, պարանոցից կախված գեղեցիկ մանյակով: Ձեռքին գավազան կա՝ գեղեցիկ գլխազարդով: Երբեմն հենվում է գավազանին:

ԵՎՓԻՄԵ – Չկարողացա իմ սենյակում փակված մնալ:

Երանուհին վազում ու փարվում է Եվփիմեին:

ԵՐԱՆՈՒՀԻ – Մեծ մայրիկ, ի՜նչ լավ է, որ եկաք, ես էլ ուզում էի ձեզ մոտ գալ:

ԵՎՓԻՄԵ – Ձայնդ լսեցի, Երանուհիս: Ինչքան մոտենում է մեկնելուդ ժամանակը, այնքան շատ եմ ուզում տեսնել քեզ: Տարիքս արդեն ստիպում է…

ՄԱԴԼԵՆ – Մայրիկ, բավական է խոսեք տարիքի մասին: Դուք դեռ շատ երկար պիտի ապրեք, որպեսզի Երանուհուս առաջնեկին էլ գրկեք:

ԵՎՓԻՄԵ – Տա Աստված… (Նստում է բազկաթոռին): Սրբուհին ու՞ր է, որ դուք եք զբաղված սեղանի հարդարմամբ:

ՄԱԴԼԵՆ – Շուկա գնաց, այնտեղից էլ Պետրոսի գրասենյակ պիտի մտներ:

ԵՎՓԻՄԵ – Եթե շուկա էր գնում, պիտի խնդրեի ինձ համար քթախոտ բերեր:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ձեր մեծ պահարանի վրա երեկ ահագին կար դրված:

ԵՎՓԻՄԵ – Էհ, աղջիկս… Ես ամբողջ գիշեր չեմ կարողանում քնել… Ծերությունը թույլ չի տալիս գլուխս հանգիստ բարձին դնել ու փակել աչքերս: Այդ պատճառով էլ անհանգստությունից քթախոտս եմ հիշում:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ես Փարիզից ձեզ համար քնաբեր կուղարկեմ: Մեր համալսարանական ուսուցիչներն են պատրաստում:

ԵՎՓԻՄԵ – Փարիզից քո համբույրներն ինձ ուղարկիր, Երանուհիս, ու շուտ վերադարձիր:

ԵՐԱՆՈՒՀԻ – Շատ քիչ մնաց ավարտելուս, մեծ մայրիկ:

Ներս է մտնում ՍՐԲՈՒՀԻՆ՝ պայուսակներով բեռնավորված: Փոքր-ինչ գիրուկ կին է՝ տարիքից շուտ մեծացած:

ՍՐԲՈՒՀԻ – Սրբուհին եկավ, Սրբուհին եկավ, բերածներիս համար տեղ բացեք:

ՄԱԴԼԵՆ - (ծիծաղում է): Սրբուկ, նախակրթարանից տուն դարձող աղջնակի նման ես կանչում ամեն անգամ:

ՍՐԲՈՒՀԻ – Մեծ մայրս ասում էր. ,,Շուկայից ու տուն դառնալիս աղմուկով մտիր, որ բոլորը նայեն բերածիդ,,:

ԵՎՓԻՄԵ – Իմաստուն կին է եղել մեծ մայրդ: Առատությունը պիտի բոլորին գրավի: Ամբողջ կյանքում չեմ սիրել աղքատություն ու չքավորություն: Չեմ սիրել կծծի մարդկանց: Շուկայից դառնալիս պիտի այնտեղ եղածի կեսը տուն բերես:

ՍՐԲՈՒՀԻ – Էհ, Եվփիմե հանըմ, եթե շուկայում եղածի կեսը տուն բերեի, տասը կառք պիտի պահանջվեր: Լավ, բերածներս խոհանոց տանեմ:

ՄԱԴԼԵՆ – Պարոն Պետրոսի մոտ գնացի՞ր:

ՍՐԲՈՒՀԻ – Ուշանալուս պատճառն էլ դա էր: Պարոն Պետրոսի մոտ մոտ մեկ ժամ սպասեցի: Զվիցերիայից հյուրեր կային, առևտրական հարցերով: Նրանց մեջ էլ մի շատ գեղեցիկ ու բարձրահասակ տղամարդ: Ճիշտ և ճիշտ իմ Սմբատիս նման:

ԵՎՓԻՄԵ – Եվ դու զմայլված նրան էիր նայում…

ՍՐԲՈՒՀԻ – Է, չէ, Եվփիմե հանըմ, Պետրոս էֆենդիի մոտ ես նորահարսի պես եմ: Ինձ նման բան թույլ կտայի՞:

ՄԱԴԼԵՆ – Դե լավ, Սրբուկ, արագացրու, դեռ ահագին գործ ունենք անելու:

ՍՐԲՈՒՀԻ – Գնացի: (Դուրս է գնում):

ԵՎՓԻՄԵ – Սրբուհին մեր փրկությունն է: Հրաշալի տիկին է, ափսոս, որ…

ՄԱԴԼԵՆ – Նա դեռ իր Սմբատին է սպասում, իսկ Սմբատը խեղդվեց Բոսֆորում: Դաժան օր էր…

ԵՐԱՆՈՒՀԻ – Պայմանավորվեցինք, որ այսօր տխուր բաների մասին չենք խոսելու:

ԵՎՓԻՄԵ – Իմ Երանուհուս խոսքն օրենք է ինձ համար: Դե, անուշիկս, մինչ սեղանը կպատրաստվի, նվագիր ինձ համար դաշնակի վրա:

ԵՐԱՆՈՒՀԻ – Հաճույքով, մեծ մայրիկ: Իսկ ի՞նչ կուզենայիք լսել:

ԵՎՓԻՄԵ – Կոմիտաս վարդապետի նվագներից մեկը: Բայց որ ուրախ լինի: Ինչպես քեզ խոստացել ենք:

ԵՐԱՆՈՒՀԻ – Շատ լավ, ,,Հաբըրբանը,, նվագե՞մ:

ԵՎՓԻՄԵ – Իհարկե: Երբ Հայր սուրբը մեր տուն էր եկել, հենց այդ նվագեց: Կհիշես:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, ինձ համար երջանիկ օր էր: Հայրիկի հետ էլ նարդի խաղաց:

ԵՎՓԻՄԵ - (ծիծաղում է): Ու հենց հաղթում էր Պետրոսին, զվարթ ասում էր. ,,Գնա պապայիդ-մամայիդ բարև ըրա,,:

Երանուհին մոտենում է դաշնամուրին, նստում է, բացում է կափարիչը: Սենյակ է մտնում ՊԵՏՐՈՍԸ՝ բարձրահասակ, թիկնեղ տղամարդ է, հագել է սև սյուրթուկ: Գլխին ֆես ունի:

ՊԵՏՐՈՍ – Ահա և ես:

Երանուհին բարձրանում է տեղից, մոտենում Պետրոսին, գրկում:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ի՜նչ լավ է, հայրիկս եկավ: Շու՞տ գնացին զվիցերիացիները:

ՊԵՏՐՈՍ – Քիչ առաջ: Սրբուհի՞ն է ասել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Իհարկե:

Պետրոսը մոտենում է Եվփիմեին, համբուրում ձեռքը:

ՊԵՏՐՈՍ – Ինչպե՞ս ես, մայրիկս:

ԵՎՓԻՄԵ – Էհ, փառք Տիրոջը, քանի Երանուհիս այստեղ է, շատ լավ եմ: Բայց որ Փարիզ մեկնեց, կվատանամ:

ՊԵՏՐՈՍ – Հույս ունենանք, որ այս անգամ ավանդույթը կխախտվի:

ԵՐԱՆՈՒՀԻ – Մեծ մայրիկը խոստացել է, որ առողջ է մնալու, այլապես չեմ մեկնի:

ԵՎՓԻՄԵ – Կմնամ, անշուշտ, առողջ կմնամ:

ՄԱԴԼԵՆ - (մտնում է հյուրասրահ, տեսնելով Պետրոսին): Պետրոս, ինչ լավ է, որ եկար: Թագվոր էֆենդին տիկնոջ հետ հյուր պիտի գա:

ՊԵՏՐՈՍ – Գիտեմ, Սրբուհին արդեն տեղեկացրեց: Երանուհիս էլ, կարծում եմ, կուրախանա, եթե տեսնի Համբարձումին:

ԵՐԱՆՈՒՀԻ - (գլուխը կախում է): Ինչպես ասեմ… Հաճելի է նրա հետ հանդիպել, զրուցել, ուսյալ է, լեզուներ գիտե: Բայց, բնականաբար, ոչ այն հարցերի շուրջ կուզենայի զրուցել, որ…

ՊԵՏՐՈՍ - (շոյում է Երանուհու գլուխը): Ես այդ մասին արդեն Թագվոր էֆենդիի հետ խոսել եմ: Դու հանգիստ եղիր, ամեն ինչ դեռ առջևում է: (Նայում է ժամացույցին): Էհ, աճապարեք, շուտով հյուրերը կգան:

ՄԱԴԼԵՆ – Մենք գնանք խոհանոց, Սրբուհուն օգնենք:

Երանուհին և Մադլենը դուրս են գալիս: Պետրոսը նստում է Եվփիմեի կողքին:

ՊԵՏՐՈՍ – Այսօր Զվիցերիայից վաճառականներ էին եկել ինձ մոտ… Առաջարկում էին մեր առևտուրը տեղափոխել իրենց մոտ և ապրել խաղաղ ու անվրդով:

ԵՎՓԻՄԵ – Գայթակղիչ առաջարկություն է, Զվիցերիան լավ երկիր է… Բայց այստեղ մեր տունն է, հորդ գերեզմանն է…

ՊԵՏՐՈՍ – Հասկանում եմ, մայրիկ, բայց գավառներում շատ անհանգիստ է, մարդիկ հեռանում են տներից… Տագնապ կա երկրում…

ԵՎՓԻՄԵ – Պոլիսը խաղաղ քաղաք է, մայրաքաղաքում չի կարող անհանգստություն լինել… Անգամ Աբդուլ Համիդի գազանությունների ժամանակ Պոլսում խաղաղ էր… Գավառներում արյունահեղություններ եղան, իսկ Պոլիսը մնաց անվրդով:

ՊԵՏՐՈՍ – Ժամանակները փոխվել են, մայրիկ: Սրանք նոր ծրագրեր են կյանքի կոչում, հրեշավոր ծրագրեր:

ԵՎՓԻՄԵ – Խաղաղվիր, տղաս, մենք անհանգստանալու պետք չունենք: Դու հայտնի մարդ ես, մենք երեսփխան բարեկամներ ունենք, ոստիկանապետի տեղակալը քո մտերիմ բարեկամն է…

ՊԵՏՐՈՍ – Այո, բարեկամ են, ու այդ հանգամանքն ինձ մի քիչ հուսադրում է: Բայց վաղ թե ուշ այս երկրից հեռանալու ենք… Արդեն սա մեր երկիրը չէ…

ԵՎՓԻՄԵ – Ինչպես իրենցն է, այդպես էլ մերն է: Ես այստեղից երբեք չեմ հեռանա, ոչ ոք իրավունք չի ունենա ինձ հեռացնել: Ես թաղվելու եմ Շիշլիի գերեզմանատանը, պապերիս, ամուսնուս կողքին: Դու սա լավ իմացիր: Ու դու էլ մի կախիր գլուխդ: Թող Երանուհիս չիմանա քո անհանգստությունների մասին:

ՊԵՏՐՈՍ – Եվ չի էլ իմանա: Իսկ նրա Փարիզ մեկնելուց հետո արդեն կմտածեմ անելիքներիս մասին…

Վազելով գալիս է Սրբուհին:

ՍՐԲՈՒՀԻ – Մեր հյուրերն արդեն ժամանեցին: Տիկին Աստղիկն այնպես է զարդարվել, կարծես Կաղանդ պապիի տոնի ծառ լինի:

ԵՎՓԻՄԵ – Սուս մնա, Սրբուկ: Կլսի, կվիրավորվի:

ՍՐԲՈՒՀԻ – Նույնն էլ իրեն ասացի, չվիրավորվեց…

ՊԵՏՐՈՍ – Մի օր այդ լեզվիդ վրա տաքդեղ պիտի դնեմ:

ՍՐԲՈՒՀԻ – Վնաս չունի, պարոն Պետրոս, էլի կխոսեմ: Հիմա տիկին Մադլենը հյուրերին կառաջնորդի այստեղ:

ԵՎՓԻՄԵ – Օգնիր բարձրանամ տեղիցս:

ՍՐԲՈՒՀԻ – Աման, չէ, նստեցեք: Թող իրենք մեկ-մեկ մոտենան և համբուրեն ձեր աջը:

ԵՎՓԻՄԵ – Պատրիարք հայրը չեմ, Սրբուկ: Տու՛ր ձեռքդ:

Սրբուհին Եվփիմեին օգնում է բարձրանալ: Ապա գնում և կանգնում է դռների մոտ: Եվփիմեն ուղղում է զգեստը, ուսի շալը: Պետրոսն անհանգիստ կանգնում է դաշնամուրի մոտ: Դրսից լսվում է Թագվորի ձայնը. ,,Ու՞ր է Եվփիմե հանըմը… Ես նրան շատ կարոտել եմ,,: Ներս է մտնում Թագվորը՝ գեղեցիկ տղամարդ է՝ մարմնի կանոնավոր կառուցվածքով, կրում է եվրոպական հագուստ, գլխին՝ ֆես: Նրանից հետո գալիս է Աստղիկը՝ գիրուկ, փարփամ տիկին է, հագնված շատ խայտաբղետ, զարդերի մեջ շողշողում է:

ՊԵՏՐՈՍ - (մտնելով՝ նայում է շուրջն ու արագորեն մոտենում Եվփիմեին, փոքր-ինչ կռանում, համբուրում ձեռքը): Արծրունյաց մեծ տիկինը միշտ իր փայլի մեջ է:

ԵՎՓԻՄԵ - (համբուրում է Պետրոսի ճակատը): Արծրունյաց մեծ տիկնոջ ստվերն է միայն մնացել, Պետրոս էֆենդի: Տարիները թռան ու անցան:

ԱՍՏՂԻԿ - (ողջագուրվում է Եվփիմեի հետ): Ի՜նչ գեղեցիկ շալ ունեք, Եվփիմե հանըմ: Գավազանն էլ նոր է:

ԵՎՓԻՄԵ – Հին գավազանն է, ամուսնուցս մնացած: Ամեն անգամ ասում եք, որ նոր է…

ԱՍՏՂԻԿ - (փոքր-ինչ շփոթվելով): Բայց այնպես վեհանձնաբար եք բռնել, կարծես նոր լինի:

ՊԵՏՐՈՍ - (մոտենում է Թագվորին և ողջագուրվում): Շատ ուրախ եմ, Թագվոր էֆենդի, ձեզ նորից իմ տանը տեսնելու համար:

ԹԱԳՎՈՐ – Ես էլ եմ շատ ուրախ, վաղուց իրար հետ նարդի չենք խաղացել:

ՊԵՏՐՈՍ – Դե այսօր կխաղանք: Ինչպե՞ս եք, տիկին Աստղիկ:

ԱՍՏՂԻԿ – Փառք Տիրոջը, չեմ դժգոհում, ամեն ինչ շատ լավ է, անգամ գերազանց, Համբարձումս էլ շատ լավ է, քիչ հետո նա էլ կգա:

ԵՎՓԻՄԵ – Դե նստեցեք, քիչ հետո Մադլենն ու Երանուհին էլ կգան:

ԱՍՏՂԻԿ – Արդեն հանդիպել ու բարևել ենք: (Նայում է ծաղիկներին): Ինչպես միշտ, ձեր տունը լցված է ծաղիկներով:

ՊԵՏՐՈՍ – Երանուհիս թուլություն ունի ծաղիկների հանդեպ: Հենց վերադառնում է, մեր տունը ծաղկանոցի է վերածվում:

ԱՍՏՂԻԿ – Եվ բոլորը սպիտակ ծաղիկներ են:

ԵՎՓԻՄԵ – Մենք Վանում ամառանոց ունեինք, որի բակում սպիտակ վարդեր էինք աճեցնում: Երբ Երանուհիս փոքր էր, ամառները գնում էինք Վան: Նա այնտեղից սկսած սիրահարվեց սպիտակ ծաղիկներին: Մանկության տարիներին նրա բոլոր զգեստների վրա սպիտակ վարդեր կային:

ԹԱԳՎՈՐ – Երբ վերադառնա ամբողջապես, ստիպված պիտի լինեք ծաղիկների մեջ ապրել… Ես էլ սպիտակ վարդեր շատ եմ սիրում: Հուսամ, մեր տանն էլ սպիտակ վարդեր կլինեն:

ՊԵՏՐՈՍ - (հասկանալով Թագվորի ասածի իմաստը): Երանուհիս Փարիզից հետո հավանաբար մեկ տարի էլ Ամերիկայում հմտանա: Այնտեղ հիմա բժշկությունը շատ բարձր մակարդակի է հասել:

ԱՍՏՂԻԿ – Է, ինչպես Աստված կամենա:

Ներս են մտնում Մադլենը, Երանուհին, Սրբուհին՝ բարձր բռնած սկուտեղներ ուտեստներով լի և մոտենում սեղանին:

ՄԱԴԼԵՆ – Կարծում էի, թե արդեն տեղավորված կլինեք: Դե, նստեք, տեսեք, թե ինչ համեղ ու անուշ կերակուրներ ենք պատրաստել:

Բոլորը նայում են Եվփիմեին: Նա գնում և նստում է սեղանի վերևում մեծ աթոռին: Բոլորը սկսում տեղավորվել: Սրբուհին շարում է ափսեները: Մադլենն ու Երանուհին տեղավորում են ուտեստները: Պետրոսը մեծ պահարանից հանում է մի մեծ բյուրեղապակյա շիշ և մոտենում սեղանին:

ՊԵՏՐՈՍ – Մայրիկի ձեռքով պատրաստած գինի է, Վանի մեր ամառանոցից բերված խաղողից է… Հորս ձեռքերն են կպել այդ խաղողի որթերին: Սիրում էր օրեր շարունակ խաղողի այգում լինել, որը մեծ հայրս էր տնկել:

ԵՎՓԻՄԵ – Հրաշալիորեն գիտեր ծառերի լեզուն… Աստված հոգին լուսավորե… Երանուհուս շատ էր սիրում, այնպես էր ուզում, որ նա բժշկուհի դառնա: Ու Երանուհիս շատ շուտով կլինի…

ԱՍՏՂԻԿ – Սկեսրայր հայրս էլ Համբարձումիս է շատ սիրում: Անընդհատ հետաքրքրվում է որդուս հաջողություններով:

ՊԵՏՐՈՍ - (լցնում է բոլորի բաժակները): Ուրեմն, բարձրացնենք բաժակներն ու ասենք բարի տեսություն: Խնդրենք մայրիկին իր խոսքն ասել:

ԵՎՓԻՄԵ - (փոքր-ինչ կանգնում է, բաժակը բարձր պահում): Ուրախ եմ, որ եկել եք, Թագվոր էֆենդի և տիկին Աստղիկ: Գիտեք, որ բոլոր մեր մտերիմների մեջ ամենից շատ ձեզ ենք հարգում և ընդունում: Լուսահոգի ամուսինս և Թորգոմ էֆենդին, Թագվոր էֆենդիի հայրը, Սկյուտարի մեջ մեծ խանութներ հիմնեցին: Սահմանադրության ընդունման ժամանակ վաճառեցին այդ խանութները, որովհետև այլևս եկամտաբեր չէին: Ափսոս, ամուսինս շուտ հեռացավ այս մեղավոր աշխարհից, իսկ Թորգոմ էֆենդիին Աստված դեռ երկար օրեր տա… Գիտեմ ձեր մտադրությունների մասին, բայց առայժմ չաճապարենք, կյանքն առջևում է, կապրենք, կտեսնենք: Իսկ այժմ՝ բարով եք եկել: Միշտ մեր տան դռները բաց են ձեր առջև, միշտ պիտի ուրախ լինենք, որ ձեզ նման դրացիներ ունենք: Աշխարհին խաղաղություն թող լինի, այս անօրեններին էլ՝ խելք և իմաստություն: Բարի տեսանք: (Մի կում է անում և նստում):

ԹԱԳՎՈՐ – Է, բարի տեսանք: Բարով եկանք, թող մեր ոտքը բարի լինի ձեր օջախի համար:

ԱՍՏՂԻԿ – Ամեն:

ՄԱԴԼԵՆ – Այս աղցանները համտես արեք, Թագվոր էֆենդի, հիմա Գումգափուի շատ տներում այս աղցանն է հարգի: Ուզեցի ձեզ հյուրասիրել: Եվրոպականն ու ասիականը իրար են համադրված:

ՊԵՏՐՈՍ – Մադլենս վերջերս շատ է սիրահարվել եվրոպականին: Ամեն ինչի մեջ ուզում է եվրոպականը տեսնել:

ԱՍՏՂԻԿ – Եվրոպականը դարիս առաջադիմության նշանն է: Ու որքան շուտ կտրվենք այստեղինների աղդցություններից, այնքան լավ մեզ համար, մեզ ազգի համար:

ԹԱԳՎՈՐ – Տիկինս սկսել է պերճախոսության դասերի հաճախել: Գուցե երեսփոխա՞ն դառնա:

ԵՎՓԻՄԵ – Հայ կինը քաղաքականության հետ չպիտի առնչվի: Վայել չէ: Մեր գործը տանն է, երեխաներն են, մեր ամուսինների հագուստ-կապուստն է:

ԵՐԱՆՈՒՀԻ – Մեծ մայրիկ, բայց իսկապես հիմա Եվրոպայում այլ է, կանայք շատ գործուն ներկայություն ունեն քաղաքականության մեջ: Եվրոպան հիմա կրթում է ողջ աշխարհին:

ԵՎՓԻՄԵ – Երանուհիս, թող Եվրոպան ինքն իրեն կրթի: Արդեն քանի՜ տարի Պոլսո մեջ եվրոպական ընտանիքներ են հաստատվել, տեսնում ենք նրանց վարքն ու բարքը, նրանց սովորությունները: Եվրոպան միշտ էլ բարբարոս է եղել: Իհարկե, այս անօրեններից ոչ ավելի: Բայց մենք եվրոպաների ու ասիաների հետ գործ չունենք: Մենք ուրիշ ենք, մենք Նոյ նահապետի ժամանակներից ենք գալիս:

ՊԵՏՐՈՍ – Կեցցե մայրիկս: Ամեն ինչ ասաց իր խոսքով: Ինձ թվում էր, որ մայրս չի հետաքրքրվի Պոլսո ու աշխարհի անցուդարձով:

ԵՎՓԻՄԵ- Էլի չեմ հետաքրքրվում, բայց սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են փոխվում մերինները, ինչպես են ուզում նմանվել ուրիշների:

ՄԱԴԼԵՆ - (ծիծաղելով): Ամեն ինչում աղցանն էր մեղավոր…

ԵՎՓԻՄԵ – Քեզ բան չասացի, Մադլենս, տա Աստված, որ ամեն հայ տիկին քեզ նման նվիրված լինի հայկականին: Ես շատ ուրախ եմ, որ Պետրոսս հենց քեզ նման կին ունի:

ԱՍՏՂԻԿ – Ես էլ շատ նվիրված եմ հայկականին, տանս մեջ այնպիսի հայկական ճաշեր եմ պատրաստում, որ բոլորը հավանում են: Մեր քահանա տեր Հակոբոսն ամեն օր գալիս է մեր տուն, որպեսզի վայելի իմ հայկական կերակուրները:

ԹԱԳՎՈՐ – Տեր Հակոբոսը ձրի սնվելու տեղ է գտել, դրա համար էլ ամեն օր գալիս է… Երևի նույն բանն էլ ուրիշ տներում է ասում, թե ամենից լավ կերակուրներն այնտեղ են պատրաստում:

ԱՍՏՂԻԿ - (կռվազան տոնով): Ուրեմն ի՞նչ, իմ կերակուրներս համեղ չե՞ն:

ԹԱԳՎՈՐ – Շատ համեղ են, միայն թե մի կռվիր, տիկինս:

ՊԵՏՐՈՍ – Եկեք չբանավիճենք: Մեր տիկինները շատ լավն են և շատ համեղ կերակուրներ են պատրաստում: Կարևորն այն է, որ հայեցի են, հայկական են: Եկեք բաժակ բարձրացնենք մեր ցեղի, մեր հայկականության համար: Ամեն ինչ անենք, որ երբեք չզրկվենք հայկականությունից, ինչ պայմաններ էլ լինեն, հայ մնանք…

ԹԱԳՎՈՐ – Աստվածային խոսքեր: Ողջ լինենք:

ԵՎՓԻՄԵ – Պիտի խնդրեմ, որ Երանուհիս հիմա նվագե:

ԵՐԱՆՈՒՀԻ – Մեծ հաճույքով, մեծ մորս խնդրանքն օրենք է ինձ համար:

Երանուհին մոտենում է դաշնամուրին, նստում աթոռին և սկսում նվագել: Պետրոսը բարձրանում է նստած տեղից, գալիս բեմառաջք, որտեղ փոքրիկ սեղան կա դրված, կանգնում է նրա մոտ, սեղանիկին դրված տուփից հանում ծխախոտ, վառում; Նրան է մոտենում Թագվորը, նույնպես ծխախոտ վառում:

ԹԱԳՎՈՐ – Խոսքիդ մեջ մտահոգություն կար, Պետրոս էֆենդի:

ՊԵՏՐՈՍ – Այո, չեմ կարող թաքցնել… Գավառներից տագնապալի լուրեր են հասնում Պոլիս:

ԹԱԳՎՈՐ – Գիտեմ, այս առավոտ սուրճ էինք խմում Թաղական խորհրդի ատենապետի հետ, նա էլ շատ մտահոգ և անհանգիստ էր: Սասունում գրեթե պատերազմական վիճակ է, մյուս գավառներում էլ մարդկանց հանում են տներից, տանում դեպի անհայտություն… Փոստատան աշխատողներն ասում են, որ արգելված են բոլոր նամակները, փակված են ճանապարհները…

ՊԵՏՐՈՍ – Շատ արագ հեռանալ է պետք այս երկրից: Զվցերիայից եկած գործընկերներս փակեցին բոլոր հաշիվները, հեռացան: Առաջարկեցին իրենց հետ մեկնել, կամ շոգենավով գնալ: Մայրս չի հավատում, որ Պոլսում էլ նույն անկարգությունները կլինեն:

ԹԱԳՎՈՐ – Պոլիսը փոխվել է, այն հիմա դարձել է շատ դեսպանատների քաղաք: Երիտթուրքերը կվախենան այստեղ խժդժություններ իրականացնել, Եվրոպան թույլ չի տա:

ՊԵՏՐՈՍ – Ի՜նչ մեծ հավատ ունես Եվրոպայի հանդեպ: Եվրոպան կփակի աչքերը ու ձայն չի հանի: Անգլիացիներն արդեն իրենց ընկերություններն են տեղափոխում, ֆրանսիացիները ձկան նման լռել են, ձայն չեն հանում, գերմանացիները դաշնակիցներ են դարձել սրանց… Միայն ռուսներն են ինչ-որ խոստումներ տալիս գավառներում, բայց այդպես էլ գործնական ոչինչ չկա: Ի՞նչ է լինելու մեր վիճակը:

ԹԱԳՎՈՐ – Մի տաքացիր: Հանկարծ կանայք կլսեն: Պետք չէ, որ նրանք տագնապի մեջ լինեն:

ՊԵՏՐՈՍ – Ես էլ եմ այդպես մտածում ու վարվում, բայց երկու օր է չեմ կարողանում քնել, ողջ գիշեր անհանգիստ քայլում եմ: Ուզում եմ Երանուհուս շտապ Փարիզ ուղարկել, բայց նրան մայիս ամսին են կանչել վերջին քննություններին:

ԹԱԳՎՈՐ – Թող շուտ մեկնի: Համոզիր, որ գնա, մի քիչ էլ Փարիզում հանգստանա, մինչև քննությունները կսկսվեն: Ես էլ Համբարձումիս կուղարկեմ Լոնդոն: Դրացիներս արդեն այնտեղ մեծ վաճառատներ են գնել: Թող աշխատի նրանց մոտ:

ՊԵՏՐՈՍ – Բայց Համբարձումը իրավաբան է, դատավոր պիտի լինի, ինչպե՞ս աշխատի վաճառականների հետ:

ԹԱԳՎՈՐ – Այս պահին ուրիշ ելք չեմ տեսնում: Համոզեմ, Աստղիկն էլ իր հետ գնա:

ՊԵՏՐՈՍ – Իսկ դու՞:

ԹԱԳՎՈՐ – Ես էլ այդ ընթացքում խանութներս կվաճառեմ հույներին, նրանցից մի քանիսն արդեն ակնարկներ են արել: Կվաճառեմ ու կգնամ: Բայց…

ՊԵՏՐՈՍ – Ի՞նչ բայց…

ԹԱԳՎՈՐ – Գուցե Երանուհու և Համբարձումիս նշանադրությունն անե՞նք: Լոնդոնից արդեն Համբարձումս կմեկնի Երանուհու մոտ:

ՊԵՏՐՈՍ – Սպասիր, Թագվոր էֆենդի, սպասիր… Պետք է լրջորեն խորհել… Երանուհիս էլ դեռ պատրաստ չէ այդ նշանադրությանը: Նա Համբարձումին շատ հարգում և գնահատում է, բայց դեռ չի պատկերացնում իրեն ամուսին…

Երանուհին ավարտում է նվագը: Բոլորը ծափահարում են: Դռան զանգակի ձայն: Սրբուհին, որ լուռ նստած էր սեղանի մի անկյունում, արագ բարձրանում է տեղից և դուրս գալիս: Պետրոսն ու Թագվորը վերադառնում են սեղանի մոտ:

ԵՎՓԻՄԵ – Հրաշալի նվագեց աղջիկս:

ԱՍՏՂԻԿ – Այո, օրիորդ Երանուհին ուղղակի հմայում է բոլորիս: Դաշնակի ստեղները պարում են նրա մատների տակ… Ես էլ մի ժամանակ շատ լավ էի նվագում, բայց հետո տարվեցի տնային գործերով ու այլևս դաշնակին մոտիկ չգնացի:

ՄԱԴԼԵՆ – Գուցե հիմա փորձե՞ք նվագել, տիկին Աստղիկ:

ԱՍՏՂԻԿ – Աման, չէ, մատներս շատ են հոգնած:

Ներս են գալիս ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ու Սրբուհին: Համբարձումը գեղեցիկ երիտասարդ է՝ հագնված եվրոպական տարազ:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Բարև ձեզ:

ԱՍՏՂԻԿ –Տղաս, հրաշքս, միակս եկավ:

ՊԵՏՐՈՍ – Համեցիր սեղանի մոտ, Համբարձում:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Կներեք, որ ուշացա, առավոտվանից ծովային նախարարություն էի գնացել, այնտեղ փաստաբանի կարիք ունեն: Մեկ ամիս առաջ խոստացել էին, որ ինձ կվերցնեն աշխատանքի, բայց այսօր երկար սպասեցնելուց հետո, շատ անորոշ պատասխան տվեցին:

ԹԱԳՎՈՐ – Հասկանալի է, տղաս, ամեն ինչ հասկանալի է: Դու հայ ես, իսկ նախարար Ջեմալն ամեն ինչ անում է, որ իր գլխավորած նախարարությունում միայն թուրքեր լինեն: Նստիր:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ - (մոտենում է Երանուհուն): Բարև ձեզ, օրիորդ Երանուհի:

ԵՐԱՆՈՒՀԻ - (ոտքի է կանգնում): Բարև ձեզ, Համբարձում: Անցած անգամ շատ գեղեցիկ ծաղիկներ էիք ուղարկել: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Հիմա էլ գեղեցիկ ծաղիկներ եմ բերել, հույս ունեմ, որ կհավանեք: Սրբուհին պատշգամբ տարավ ծաղիկները:

ՍՐԲՈՒՀԻ – Պատշգամբում զով է, այնտեղ ծաղիկներն ավելի թարմ կմնան:

ՄԱԴԼԵՆ – Նստեցեք, Համբարձում: Պիտի հուսամ, որ կհավանեք իմ աղցանները:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Սիրով կնստեմ: Ձեր աղցանները միշտ էլ շատ համեղ են: Պոլսում ոչ ոք ձեզ նման աղցաններ չի պատրաստում:

Համբարձումը նստում է: Մադլենը նրա ափսեի մեջ աղցան է լցնում: Դռան զանգակի ձայն:

ԵՎՓԻՄԵ – Մենք որևէ մեկին սպասու՞մ ենք:

ՊԵՏՐՈՍ - (կանգնում է): Ոչ, մայրիկ, բայց գուցե ինչ-որ մեկը հիշել է մեզ: Սրբուհի, հապա տես, թե ով է:

ՍՐԲՈՒՀԻ – Հիմա, պարոն: (Դուրս է գնում:)

ԹԱԳՎՈՐ – Իսկ օրիորդ Երանուհին չի՞ կամենում ավելի շուտ մեկնել Փարիզ, մի քիչ էլ Սենի ափին զբոսնել, թատրոններ գնալ:

ԵՐԱՆՈՒՀԻ – Փարիզը շատ եմ սիրում, և երեկոներն էլ շատ գեղեցիկ է Սենի ափին, բայց ուզում եմ չարագացնել մեկնումս, մեծ մորս ու մայրիկի հետ ցերեկները շատ հաճելի է, իսկ երեկոյան արդեն մեզ է միանում հայրիկը:

Ներս է մտնում Սրբուհին, նրա հետևից՝ ՋԱՆԱՆ ԱՐԸԹՄԱՆԸ; Հագնված է ոստիկանական համազգեստ, քառասուն տարեկան է, գեղեցիկ դիմագծերով:

ՋԱՆԱՆ – Բարև իմ բարեկամներին: Կներեք, որ եկել եմ առանց զգուշացնելու և առանց հրավերի:

ՊԵՏՐՈՍ - (ընդառաջ գալով): Միշտ էլ ուրախ եմ քեզ իմ տանը տեսնելու համար, Ջանան էֆենդի:

ՋԱՆԱՆ – Ես էլ եմ ուրախ: (Ուշադիր զննում է բոլորին): Երևի ինչ-որ տոնախմբությու՞ն ունեք:

ՊԵՏՐՈՍ – Ոչ մի արտառոց առիթ չկա: Թագվոր էֆենդին է հյուր եկել իր ընտանիքով: Մոտ եկ սեղանին, նստիր:

ՋԱՆԱՆ – Իհարկե, կնստեմ: Տիկին Մադլենն էլի աղցա՞ն է հյուրասիրելու:

ՄԱԴԼԵՆ – Անշուշտ, Ջանան էֆենդի: Բայց հատկապես այն աղցանը, որը դուք շատ եք սիրում: (Աղցան է լցնում Ջանանի ափսեի մեջ)՞

ՊԵՏՐՈՍ – Ջանան էֆենդի, իսկ մեր տան գինուց մի քիչ կվայելե՞ք:

ՋԱՆԱՆ – Չեմ առարկի, գիտեմ, որ Եվփիմե հանըմի մատները դիպել են այդ խաղողին:

Համբարձումը և Երանուհին գալիս են բեմառաջք, սեղանիկի մոտ:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Իսկ օրիորդը ե՞բ է որոշել Փարիզ մեկնել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Գալիք ամսվա կեսերին:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Շատ լավ է, ուրեմն մենք դեռ հանդիպելու առիթներ կունենանք:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ասացիք, որ ծովային նախարարությունում ձեզ հստակ պատասխան չեն տվել: Եթե մերժեն, ի՞նչ եք անելու:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ - (ծիծաղելով): Ձեզ հետ Փարիզ կգամ:

ԵՐԱՆՈՒՀԻ – Վատ գաղափար չէ: Փարիզում կարող եք աշխատանք գտնել: Բայց ավելի լավ չէ՞, մնալ այստեղ և օգտակար լինել հայրենակիցներին, որոնք փաստաբանների կարիք միշտ էլ ունենում են:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Այս պետության մեջ օրավուր անօրինականությունները շատանում են, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները մեծանում են, և նրանք աջակցության կարիք ունեն, սակայն իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հատկապես հայերը պաշտոններ չստանան… Ուրեմն, այստեղից գնալ է պետք:

ԵՐԱՆՈՒՀԻ – Եթե բոլորը գնան, ո՞վ կմնա այստեղ, ո՞վ կպահպանի մեր ունեցվածքն այստեղ: Մեծ մայրս ասում է, որ այստեղ իր հիշատակներն են, ուրեմն պիտի մնալ:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Մի՞թե Փարիզում սովորող հայ երիտասարդը կամ օրիորդը կարող են մտածել Պոլիս վերադառնալու մասին:

ԵՐԱՆՈՒՀԻ – Իհարկե, կարող են, քանի որ ամեն մեկս պետք ենք այստեղ:

ԱՍՏՂԻԿ - (բարձր): Ի՞նչ եք այդտեղ քչփչում, երիտասարդներ:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Մենք չենք քչփչում, մայրիկ, զրուցում ենք:

ԵՎՓԻՄԵ – Մոտեցեք սեղանին: Ուզում եմ խոսել:

Համբարձումը և Երանուհին վերադառնում են իրենց տեղերը:

ԵՎՓԻՄԵ - (դարձյալ կիսով չափ բարձրանում է տեղից, հայացքն ուղղում Ջանանին): Ջանան էֆենդի, դուք մեր շրջանի ոստիկանապետն եք, մեր ընտանիքի լավ բարեկամը: Ձեր ամեն մի այցն ուրախացնում է մեզ: Մենք բարեկամություն ենք արել ձեր մեծ հոր և հոր հետ… Բայց թող հարցս տարօրինակ չթվա… Դուք միշտ մեզ մոտ գալուց առաջ տեղեկացնում էիք: Իսկ այսօր… Անկեղծորեն ասացեք ինձ, հո որևէ վատ բան չի՞ պատահել:

ՋԱՆԱՆ - (փորձում է անփույթ երևալ): Ի՞նչ պիտի պատահի, Եվփիմե հանըմ: Ես ձեր տան մշտական հյուրն եմ… Տուն էի գնում, որոշեցի այցելել նաև ձեզ:

ԵՎՓԻՄԵ – Ամեն մի այցելություն աստվածահաճո է, ես ուրախանում եմ լավ մարդկանց այցելություններով, սակայն… կարծես թե… ձեր այս այցելությունը չափազանց անսպասելի էր:

ՊԵՏՐՈՍ – Մայրիկ ինչու՞ պիտի անսպասելի լինի մեր լավ բարեկամի այցելությունը…

ԵՎՓԻՄԵ – Չգիտեմ, սիրտս սկսեց վատ բան գուշակել… Իսկ իմ սիրտը երբեք ինձ չի խաբում…

ՋԱՆԱՆ – Հանգստացեք, Եվփիմե հանըմ, եթե ինչ-որ արտառոց բան պատահած լինի, առաջինը ձեզ կտեղեկացնեմ: Աղցանը շատ համեղ է, տիկին Մադլեն, մանավանդ որ առավոտվանից էլ քաղցած էի:

ԵՎՓԻՄԵ – Ջանան էֆենդի, իմ աչքից ոչինչ չի վրիպում, դուք իսկապես անհանգիստ եք:

ՊԵՏՐՈՍ – Մայրիկ, խնդրում եմ, հանգստացեք: Ջանան էֆենդին շատ խաղաղ է, որևէ խնդիր չկա:

ԵՎՓԻՄԵ - (դառնալով Երանուհուն): Աղջիկս, ինձ իմ սենյակն ուղեկցիր: (Բոլորին): Կներեք, ուզում եմ մի քիչ հանգիստ առնել:

ՄԱԴԼԵՆ – Շատ լավ է, մի քիչ կպառկեք և կհանգստանաք:

Երանուհին Եվփիմեին ուղեկցում է դուրս:

ՄԱԴԼԵՆ – Տիկին Աստղիկ, գնանք պատշգամբ, ձեզ ցույց տամ իմ նոր վարագույրները:

ԱՍՏՂԻԿ – Ես ուղղակի վարագույրների համար հալվում եմ… Ես էլ մի քանի օր առաջ նոր վարագույրներ եմ գնել:

ՄԱԴԼԵՆ - (տղամարդկանց): Մեզ կներեք:

ՊԵՏՐՈՍ – Գնացեք և մի քիչ թարմացեք: (Մադլենն ու Աստղիկը հեռանում են: Համբարձումին): Իսկ Համբարձումը չի՞ կամենում իմ նկարների հավաքածուն տեսնել:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Ամենայն սիրով: Նոր նկարներ ունե՞ք:

ՊԵՏՐՈՍ – Իհարկե: Սրբուհի, երիտասարդ պարոնին ուղեկցիր իմ պատկերասրահը:

ՍՐԲՈՒՀԻ – Սիրով: Գնանք, պարոն: (Սրբուհին և Համբարձումը գնում են):

Լռություն է տիրում: Թագվորն անհանգիստ նայում է Ջանանին, Պետրոսը մոտեցել է դաշնամուրին և խաղում է ստեղների հետ: Ջանանը բարձրանում է, մոտենում Պետրոսին և մի մատով սկսում հարվածել ստեղներին…

ԹԱԳՎՈՐ – Ջանան էֆենդի, կարծես թե Եվփիմե հանըմի անհանգստությունն անհող չէր: Ձեր այցի մեջ խորհրդավոր բան կա:

ՋԱՆԱՆ – Ցավոք, կա: Կյանքի կեսից ավելին ապրած Եվփիմե հանըմը չէր սխալվում: Իբրև ընտանիքի բարեկամ՝ ես չէի կարող լուռ մնալ և չգալ ձեզ մոտ, չզգուշացնել:

ՊԵՏՐՈՍ – Ի՞նչ պիտի զգուշացնեք, Ջանան էֆենդի:

ՋԱՆԱՆ – Արդեն գիտեք, որ գավառներում սկսել են տեղահանել հայերին… Ցավոք, շատ հայեր չհասկանալով, որ կառավարությունն իրենց ապահովության համար է նման քայլեր ձեռնարկում, ապստամբում են, դիմադրություն ցույց տալիս: Կան զոհեր, կան խժդժություններ…

ԹԱԳՎՈՐ – Մենք արդեն որոշ տեղեկություններ ունենք այդ մասին: Բայց, փառք Տիրոջը, այդ ամենը Պոլսին չի սպառնում:

ՋԱՆԱՆ – Սպառնում է…Ես այսօր հրահանգ եմ ստացել ներկայացնել շրջանում ապրող բոլոր հայերի ցուցակներն ու հասցեները, նաև հրահանգ ունեմ խումվ ձևավորել՝ շրջանի հայերին տեղահանելու համար:

ՊԵՏՐՈՍ – Այսինքն, Պոլիսն էլ արդեն ներքաշվեց այս ամենի մեջ:

ՋԱՆԱՆ – Այո… Դուք պիտի հեռանաք ձեր տանից:

ՊԵՏՐՈՍ – Ու՞ր հեռանանք:

ՋԱՆԱՆ – Քաղաքից այլևս դուրս գալ չեք կարող: Այս գիշեր կդադարեցվեն շոգենավերի ուղերթերը, ձեր անձնագրերով չեք կարողանա արտասահման մեկնել: Ձեզ պարզապես թույլ չեն տա: Գավառներ մեկնելն իմաստ չունի, որովհետև ճանապարհին ձեզ կձերբակալեն:

ԹԱԳՎՈՐ – Նշանակում է, մենք ծուղակի մեջ ենք:

ՋԱՆԱՆ – Ինչպես ուզում եք, այդպես էլ մեկնաբանեք, Թագվոր էֆենդի: Հիմա մեկնաբանությունները չեն կարևոր, այլ տներից հեռանալն ու պատսպարվելը: Դա է ձեր փրկությունը:

ՊԵՏՐՈՍ – Աստված իմ, ու՞ր գնանք: Եթե բոլորիս պիտի տեղահանեն, ապա Պոլսում մենք էլ ապահով տեղ չենք կարողանա գտնել, դեպի արտասահման ճանապարհները փակ են…

ԹԱԳՎՈՐ – Իսկ գուցե մեր ամառանո՞ց գնանք: Չեմ կարծում, թե այնտեղ որևէ մեկը մեզ կանհանգստացնի:

ՋԱՆԱՆ – Որտե՞ղ է ձեր ամառանոցը:

ԹԱԳՎՈՐ – Դուք այնտեղ եղել եք մի անգամ, Ջանան էֆենդի: Սկյուտարի տակն է…

ՋԱՆԱՆ – Դա վտանգավոր է: Ամենուրեք ոստիկաններ ու զինվորներ են, ձեզ թույլ չեն տա հեռանալ: Պետք է ապահով տեղ գտնել Պոլսում, որևէ թուրք դրացիի կամ ծանոթի մոտ… Ցավոք, ես չունեմ այնպիսի պայմաններ, որ կարողանամ ձեզ ինձ մոտ տանել: Մնում է, որ դիմեք ձեր հարուստ թուրք բարեկամներին:

ՊԵՏՐՈՍ – Ո՞վ նման քայլի կդիմի, ո՞վ կապաստանի մեզ:

ՋԱՆԱՆ – Չգիտեմ, չգիտեմ… Մտածեք, խորհեք… Միակ բանը, որը կարող եմ անել ձեզ համար, այն է, որ պատրաստ եմ ձեզ տեղափոխել ձեր նշած տեղը:

ՊԵՏՐՈՍ – Շատ շնորհակալ ենք, Ջանան էֆենդի: Դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ իսկական բարեկամ եք: Թորգոմ էֆենդիի հետ մենք կքննարկենք այս հարցը և շատ արագ որոշում կկայացնենք:

ԹԱԳՎՈՐ – Այո, հույս ունեմ, որ բոլոր այն թուրքերը, ում հետ մտերիմ ենք և ում օգնել ենք, կաջակցեն մեզ:

ՋԱՆԱՆ – Շա՜տ միամիտ եք, Թորգոմ էֆենդի: Արդեն գաղտնի հավաքներ են եղել, բոլոր թուրքերին զգուշացված է չօգնել հայերին, ապաստան չտալ: Մահ է սպառնում նրանց, ովքեր կաջակցեն…

ՊԵՏՐՈՍ – Մի՞թե նման զարգացումներ են եղել, այս չափի նախապատրաստական աշխատանքներ են տարվել:

ՋԱՆԱՆ – Այո… Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ տեղի են ունենում գաղտնի ժողովներ, որոնց մասին, բնականաբար, հայերը տեղյակ չեն: Սակայն հիմա այլևս այդ մասին խոսելու ժամանակը չէ, պետք է գործել:

ԹԱԳՎՈՐ – Եվ որքա՞ն ժամանակ ունենք մենք մեր որոշումը կայացնելու համար:

ՋԱՆԱՆ – Ընդամենը երկու օր: Երկու օրից գիշերը կսկսվի մեծ տեղահանությունը Պոլսում: Խորհեք, մտածեք, ու երբ որոշում կկայացնեք, ես պատրաստ եմ ամեն ինչով աջակցել ձեզ:

ՊԵՏՐՈՍ - (մոտենում և գրկում է Ջանանին): Ջանան Արըթման, սիրելիս, ես չգիտեմ, թե ինչ կլինի մեզ հետ, բայց ես միշտ կհիշեմ ձեզ: Միշտ… Երբ շատ փոքր էիք, ձեր մեծ հոր հետ գալիս էիք մեր ամառանոց, Վան, դուք բարձրանում էիք խնձորի ծառի վրա և այնտեղից բարձր գոռում՝ ես Թուրքիո սուլթան պիտի դառնամ և հայ աղջկա դարձնեմ հարեմիս առաջին տիկինը… Դուք մանկությունից սեր ու հարգանք ունեիք հայերիս հանդեպ… Հիմա առավել ևս դուք դա ապացուցեցիք… Շնորհակալ եմ, իմ լավ բարեկամ, իմ մեծացած փոքրի Ջանան… (Աչքերից արցունքներ են հոսում):

ՋԱՆԱՆ - (նույնպես գրկում է Պետրոսին): Պետրոս էֆենդիս, հարազատս… Դուք ինձ համար երկրորդ ծնող եք եղել, ձեր տան դռները միշտ բաց են եղել իմ առջև… Տիկին Մալենն ինձ ավագ քրոջ պես է եղել… Ես պարտավոր եմ ձեզ օգնել… Կառավարություններն անօրեն որոշումներ են կայացնում, կառավարություններն իրար դեմ են հանում մարդկանց ու ժողովուրդների, իսկ մենք իրավունք չունենք ամեն ինչում հպատակվել կառավարությունների որոշումներին… Ի պաշտոնե, որպես շրջանի ոստիկանապետ, ես պարտավոր եմ, ես իմ երկրի զինվորն եմ, բայց որպես մարդ՝ ես չեմ կարող անտարբեր լինել ձեր ընտանիքների հանդեպ… Խնդրում եմ, ներեք ինձ, որ ավելին անել չեմ կարող: Միայն շատ արագ որոշում կայացրեք, որպեսզի ես կարողանամ օգնել ձեզ:

ՊԵՏՐՈՍ – Շատ լավ… Ես ձեզ կտեղեկացնեմ… Իսկ հետո ձեզ կհանձնեմ իմ տան բանալիները, որպեսզի վերադարձից հետո ապահով տեսնեմ ամեն ինչ… Ես հիմա ձեզանից ավելի հարազատ ու մտերիմ մեկը չունեմ: Ես կփորձեմ դիմել իմ այն թուրք բարեկամներին, որոնց համար ես նեցուկ եմ եղել, որոնք հավատացել ու վստահել են ինձ: Ես երբեք որևէ մեկին ոչինչ չեմ մերժել, շատերին եմ ձեռք պարզել, գավառից Պոլիս եկած շատ թուրքերի համար եղբայր ու արյունակից եմ դարձել: Հիմա կդիմեմ նրանց, հանուն ընտանիքիս, հանուն Երանուհուս՝ ամեն քայլի կգնամ, պետք եղավ, ողջ հարստույթունս էլ իրենց կտամ, միայն օգնեն մորս, Մադլենին, Երանուհուն:

ՋԱՆԱՆ - (փոքր-ինչ հապաղելով): Շատ լավ… շատ լավ…

ԹԱԳՎՈՐ – Մենք, հայերս, միշտ եղել ենք պետության ամենանվիրված և ամենապարտաճանաչ քաղաքացիները: Մենք երբեք դեմ չենք գնացել Թուրքիայի իշխանություններին, այլ ամեն ինչ արել ենք, որպեսզի հզորանա Թուրքիան, մտնի համաշխարհային պետությունների շարքի մեջ: Այսօր թուրքական կապիտալի հիմնական հենարանները մենք ենք՝ հայերս, ուստի մեր հանդեպ իրականացվող ամեն մի անարդար քայլ չի կարող ողջունվել, արդարացվել… Հատկապես հիմա, երբ երիտթուրքերն են եկել իշխանություն, ինչին նպաստել ենք նաև հայերս, մեզ թվում էր, որ համիդյան ջարդերն ու անարդարություններ պատմություն էին դառնալու, սակայն… Ես էլ եմ ձեզ շատ շնորհակալ, Ջանան էֆենդի: Դուք ապացուցեցիք, որ կան ազնիվ ու շիտակ թուրքեր, կան բարեկամությունը չմոռացող, հարազատությանը չդավաճանող թուրքեր…

ՋԱՆԱՆ – Ես գնամ, ուշ է արդեն… Կանչեք ձեր հարազատներին, որպեսզի նրանք որևէ բան չկասկածեն, չանհանգստանան… Ներողություններս հաղորդեք Եվփիմե հանըմին, նա ինձ համար մեծ մորս տեղն է՝ թանկ ու հարազատ… Մնաք խաղաղությամբ… (Սեղմում է Պետրոսի և Թագվորի ձեռքերն ու գնում: Տևական ժամանակ Թագվորն ու Պետրոսը լուռ են, ապա Պետրոսը կտրուկ գնում է դեպի դուռը և բարձր կանչում):

ՊԵՏՐՈՍ – Բոլորդ ներս եկեք, պիտի շարունակենք մեր խնջույքը, պիտի ուրախանանք այսօր, երգենք ու պարենք… Մայրիկին էլ կանչեք, այսօր մեր տանը մեծ տոն է լինելու…


ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ


ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ


Նկուղ է: Տեղ-տեղ թափված են ծեփերը, մի քանի տեղ նավթավառներ են տեղադրված: Անկյունում՝ մետաղյա գլուխներով մահճակալ է, նրա կողքին՝ երկու աթոռ՝ կոպիտ ու անհարթ փայտից: Կենտրոնում սեղան է՝ առանց ծածկոցի: Խորքից դուռ է, որը տանում է դեպի վերև: Պատերի մոտ փայտյա կոշտ աթոռներ են շարված: Աջից դուռ, որը տանում է դեպի հարևան ,,սենյակը,,:

Մահճակալին պառկած է Եվփիմեն՝ կիսահագնված, ուսերին սև մեծ շալ է: Մադլենը սեղանի մոտ նստած լոբի է մաքրում, Երանուհին Եվփիմեի մահճակալի մոտ է՝ բռնած նրա ձեռքը: Մի անկյունում քնած է Սրբուհին՝ կուչ եկած աթոռի վրա:

ԵՎՓԻՄԵ – Երանուհիս, աղջիկս, գուցե դու էլ մի քիչ հանգստանաս, ամբողջ գիշեր չես քնել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Չէ, ի՜նչ եք ասում, մեծ մայրիկ: Ես քնել եմ, Սրբուհին էր նստած ձեր կողքին: Հենց դուք ձեզ լավ կզգաք, ես կհանգստանամ:

ԵՎՓԻՄԵ – Իմ լավ զգալն արդեն վերջացավ, աղջիկս: Միայն թե շուտ մեռնեմ, որպեսզի ազատեմ ձեզ չարչարանքներից:

ՄԱԴԼԵՆ - (շրջվում է դեպի Եվփիմեն): Պետրոսն արդեն ապսպրել է, շուտով դեղեր կբերեն ձեզ համար, և ամեն ինչ կանցնի: Մահվան մասին մտածելը վաղ է, մենք դեռ անելիքներ ունենք:

ԵՎՓԻՄԵ - (ժպտում է): Իմ ամենամեծ անելիքն իմ Երանուհուս երջանիկ դարձնելն է… Ու հուսամ, որ կհասցնեմ… Պետրոսև Թագվորենց մո՞տ է:

ՄԱԴԼԵՆ – Ոչ, վերևի հարկում է, խոսում է Հաքան բեյի հետ:

ԵՐԱՆՈՒՀԻ – Արժանապատիվ մարդ է Հաքան բեյը, նա միակն էր, որը չմերժեց հայրիկի խնդրանքն ու գոնե իր նկուղում ապաստանեց մեզ:

ՄԱԴԼԵՆ – Այո, Հաքան բեյը մեծ մարդ է, իսկական բարեկամ: Հայրդ շատ է օգնել նրան, երբ պատրաստվում էր երեսփոխան դառնալ: Գնահատեց Պետրոսի արածը:

ԵՎՓԻՄԵ – Մենք բոլոր պաշտոնյա և ազգային գործիչ թուրքերին էլ օգնել ենք, մեր տան դռները բաց են եղել նրանց առջև, սակայն ոմանք ապերախտ գտնվեցին, չկամեցան այս ծանր օրերին ձեռք մեկնել մեզ:

ՄԱԴԼԵՆ – Կյանքը բարեկամությունից և երախտագիտությունից ավելի թանկ արժե: Նրանք իրենց կյանքը գերադասեցին, ու ոչինչ անել չես կարող: Հիմա կարևորն այն է, որ շուտ վերջանա այս մղձավանջը, կարողանանք այստեղից դուրս գալ և վերադառնալ մեր տուն:

ԵՎՓԻՄԵ – Տան բանալիները Ջանան էֆենդի՞ն վերցրեց:

ԵՐԱՆՈՒՀԻ – Այո, մեծ մայրիկ: Երբ գիշերով մեզ այստեղ էր ուղեկցում, թաքուն հայրիկից վերցրեց բանալիներն ու ասաց, որ հանգիստ լինենք, աչքի լույսի պես կպահի մեր տունն ու ունեցվածքը…

ԵՎՓԻՄԵ – Մի ամբողջ կյանք չարչարվեցինք, որպեսզի ամեն ինչ լավ լիներ, որպեսզի ունենայինք այդ տունը: Սկզբում մի փոքրիկ տան մեջ էինք ապրում, ուր նաև հույն հարևաններ ունեինք: Ծանր պայմաններ էին, բայց մենք համոզված էինք, որ ամեն ինչ կունենանք: Եվ ունեցանք: Մենք գավառից չէինք եկել, բայց Բերայի մեծ հրդեհից հետո մեր ծնողներն ամեն ինչ կորցրել էին, ուստի ստիպված էինք ապրել այդ փոքրիկ տան մեջ: Մեծ երջանկության համար մեծ տուն է պետք ունենալ… Փոքր տան մեջ ամեն ինչ փոքրանում է, կուչ գալիս… Աղքատությունն ամենամեծ դժբախտություններից մեկն է, երբ ուզում ես կռվել դրա դեմ, հաղթահարել… Մենք հարստություն ձեռք բերեցինք, որպեսզի աղքատությունից չնեղվենք, որպեսզի մեր միակ որդին կարողանար կյանքում ամուր կանգնել ոտքերի վրա: Հետո այդ ամենը քեզ համար արեցինք, Երանուհիս, որպեսզի կատարես սրտիդ ուզածը, որպեսզի թշվառություն չզգաս:

ԵՐԱՆՈՒՀԻ – Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք, ինչ ինձ եք տվել: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ նման մեծ մայր ունեմ…

ԵՎՓԻՄԵ - (աչքերն արցունքոտվում են): Իմ օրերը վերջանում են, Երանուհիս: Ինչ դեղ էլ բերի Պետրոսը, միևնույն էէ, գիտեմ, չեմ ապրելու, դեղերն ինձ չեն օգնելու: Արդեն կրծքիս տակ եմ ցավեր զգում, շունչս կտրվում է, զգում եմ, թե ինչպես է ցավը բարձրանում կրծքիցս ու հասնում ուղեղիս… Ավելորդ տեղն ապրում ու տանջում եմ ձեզ… Բայց նաև հասկանում եմ, որ մահս առավել ծանր կացության մեջ կդնի ձեզ, ինչպե՞ս եք թաղելու ինձ, երբ բոլորս բանտարկված ենք այստեղ: Մի խնդրանք ունեմ միայն, որքան կարող ես, շուտ ամուսնացիր Համբարձումի հետ, այդ տղային ես շատ հավանեցի: Ուզում եմ օրհնությունս քեզ տալ, նրան տալ…

ՄԱԴԼԵՆ – Մայրիկ, այդ տխուր մտքերը հեռու տարեք ձեզանից, ամեն ինչ լավ է լինելու… Մենք այստեղ երկար չենք մնա, ընդամենը մի քանի օր: Պետրոսն ասում է, որ Պոլսում այլևս հետապնդումները դադարում են… Շուտով տուն կվերադառնանք, ձեր սենյակում կլինեք… Երանուհու և Համբարձումի համար մի անհանգստացեք, մենք ամեն ինչ կանենք այնպես, ինչպես դուք կկամենաք:

ԵՎՓԻՄԵ – Այո… Ես տանից դուրս գալիս վերցրեցի իմ փոքրիկ կապոցը, որի մեջ զարդերս են: (Ձեռքը տանում է դեպի բարձը, նրա տակից հանում մի փոքրիկ կապուկ): Սա է: Այստեղ ամեն ինչ կա, ու բոլորն էլ Երանուհուս համար են:

ԵՐԱՆՈՒՀԻ – Շնորհակալ եմ, մեծ մայրիկ: Այդ ամենի փոխարեն՝ ես միայն ձեր առողջությունն եմ ուզում…

ԵՎՓԻՄԵ – Էհ, առողջությունը աշնանը ծառերից թափվող տերևների է նման… Եթե տերևները թափվեցին՝ այլևս նրանք չեն վերականգնվում…

Հարևան ,,սենյակից,, , ամբողջովին շալերի մեջ փաթաթված՝ դուրս է գալիս Աստղիկը:

ԱՍՏՂԻԿ – Բարեկրթության մասին մտածելու տեղն էլ չէ… Առանց զանգակ հնչեցնելու, առանց նախօրոք տեղյակ պահելու… Մտնում ես ու չես էլ հասկանում, որ մեկ ուրիշի տուն ես մտնում… Միայն բարի լույս ու բարի գիշեր ենք ասում՝ ոչ բարի լույսին հավատով, ոչ բարի գիշերին սպասելով… Երկնային պատիժ է… Ինչպե՞ս եք, Եվփիմե հանըմ:

ՄԱԴԼԵՆ – Նստեք, տիկին Աստղիկ: Հիմա ձեզ սուրճ կտամ:

ԵՎՓԻՄԵ – Նստիր, Աստղիկս: Լավ եմ, վատ չեմ, մահվան հետ արդեն դրացիություն եմ անում:

ԱՍՏՂԻԿ – Էհ, մահվան մասին մի խոսեք: Այստեղ բոլորս էլ մեռածի նման ենք: Դուք պիտի երկար ապրեք, որ մեզ ուժ տաք:

ԵՎՓԻՄԵ – Իմ ուժերն արդեն սպառվեցին… Այլևս չեմ դիմանում…

ՄԱԴԼԵՆ – Թագվոր էֆենդին ու Համբարձումն ի՞նչ են անում:

ԱՍՏՂԻԿ – Նստած են մոլոր ու լուռ: Ժամերով չեն խոսում, չեն շարժվում, ոչինչ չեն ասում… Կարծես դագաղի մեջ լինենք… Պարոն Պետրո՞սը որտեղ է:

ԵՐԱՆՈՒՀԻ – Հայրիկը տանտիրոջ մոտ է, հիմա կգա: Գնացել է խնդրի, որ մեծ մայրիկի համար դեղեր բերեն:

ԱՍՏՂԻԿ – Գոնե պարոն Պետրոսը մի բարի լուր բերի, ուրախացնի մեզ:

ՄԱԴԼԵՆ - (բարձրանում է նստած տեղից): Տիկին Աստղիկ, սուրճ եփեմ, դեռ մի քիչ կա: Կարծում եմ, որ չեք հրաժարվի:

ԱՍՏՂԻԿ – Սուրճն էլ արդեն չի ձգում… Բայց խմենք… Հիշենք հին օրերը…

ՊԵՏՐՈՍ - (գալիս է խորքի դռնից, տխուր է, հոգնած): Ես եկա: (Ձեռքի փոքրիկ փաթեթը դնում սեղանին): Այստեղ մի քանի դեղ կա… (Նկատելով Աստղիկին): Այստե՞ղ եք, տիկին Աստղիկ… Շատ լավ է… Թագվոր էֆենդին գի՞րք է կարդում…

ԱՍՏՂԻԿ – Իր մտքերն է կարդում… իր անհանգստություններն է կարդում…

ՄԱԴԼԵՆ – Քեզ ահամար էլ սուրճ եփե՞մ, Պետրոս:

ՊԵՏՐՈՍ – Չեմ հրաժարվի: (Մոտենում է Եվփիմեին): Ինչպես ես, մայրիկ:

ԵՎՓԻՄԵ – Վատ չեմ, պատրաստվում եմ հորդ այցի գնալ:

ՊԵՏՐՈՍ – Փոխիր մտադրությունդ, շուտով ամեն ինչ լավ է լինելու:

ԵՐԱՆՈՒՀԻ - (ուրախացած): Իսկապե՞ս, հայրիկ:

ՊԵՏՐՈՍ - (դժվարությամբ): Այո, աղջիկս, այո…(Եվփիմեին): Հաքան բեյը մի քանի դեղ գտավ, մայրիկ: Բոլոր դեղագործները հայեր են, իսկ նրանք չկան, այդ պատճառով էլ այսօր Պոլսում ամենասովորական դեղ գտնելն անգամ դժվարացել է…

ԵՎՓԻՄԵ – Կեցցե Հաքան բեյը… Նա չի մոռացել մեր արած լավությունները…

ՄԱԴԼԵՆ -(սեղանին է դնում սուրճի բաժակները): Տիկին Աստղիկ, Թագվոր էֆենդիին ու Համբարձումին էլ կանչեք, թող գան սուրժ խմենք: Երանուհի, աղջիկս, սեղանին դիր թխվածքը:

ԵՐԱՆՈՒՀԻ – Հիմա մայրիկ: (Անկյունում դրված փոքրիկ պահարանիկից հանում է մի փոքրիկ փաթեթ, բացում, ափսեի մեջ դասավորում մի քանի կտոր թխվածք): Վերջին կտորներն են…

ՊԵՏՐՈՍ – Ոչինչ, աղջիկս, կխնդրենք, Հաքան բեյն էլի բերել կտա…

ԱՍՏՂԻԿ - (մոտենում է կողքի ,,սենյակ,, տանող դռանը): Թագվոր, Համբարձում, եկեք սուրճ խմելու:

ԵՎՓԻՄԵ - (փոքր-ինչ ուղղվում է, նստում): Պետրոս, տղաս, մի փափագ ունեմ, մի կատարես:

ՊԵՏՐՈՍ – Ասա, մայրիկ, քո խոսքն ինձ համար օրենք է:

ԵՎՓԻՄԵ- Քիչ ավելի ուշ կասեմ… Կասեմ, իհարկե…

Ներս են մտնում Թագվորն ու Համբարձումը:

ԹԱԳՎՈՐ – Հազար անգամ էլ տեսնվենք, առաջվա պես պիտի բարև ասենք: Բարի տեսանք:

ՊԵՏՐՈՍ – Բարի տեսանք, Թագվոր էֆենդի… Գոնե իրար բարև տալն այն պատրանքն է ստեղծում, թե ապրում ենք կանոնավոր կյանքով, տարբեր տներում և իրար հյուր ենք գնում…

ԹԱԳՎՈՐ – Հաքան բեյին տեսե՞լ եք այսօր:

ՊԵՏՐՈՍ – Տեսել եմ, զրուցել եմ:

ԹԱԳՎՈՐ – Եվ ի՞նչ է ասում, ի՞նչ հուսադրող բան…

ՊԵՏՐՈՍ – Առայժմ՝ անորոշություն… Ոչ մի տեղաշարժ, սակայ համոզված է, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի դուրս գալ այստեղից… Մեզանով հետաքրքրվում են, ոստիկանությունը խառնել է ամեն ինչ իրար, պարզելու, թե որտեղ ենք մենք… Ջանան էֆենդուն են հարցաքննել, նա էլ պնդել է, որ ինքը տեղյակ չէ… Էհ, երբ վերջանա այս մղձավանջը, ես արդեն հարյուր տարով ծերացած կլինեմ…

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Պարոն Պետրոս, բայց չէ՞ որ խոստացել էին պետական ծառայողներին, վաճառականներին հանգիստ թողնել, նրանց չտեղահանել:

ՊԵՏՐՈՍ – Խոստացել էին… Շա՜տ բան էին խոստացել, Համբարձումս… Սրանք իրենց խոստումներն անգամ հարգել չգիտեն: Հաքան բեյն ասաց, որ Գրիգոր Զոհրապ էֆենդուն են աքսորել և… Այն Զոհրապին, որը սրանց խորհրդարանի ամենապայծառ ուղեղն էր, որը թուրքական քաղաքական մտքի ստեղծողներից մեկն էր: Սրանք արկածախնդիրներ են, մեծագույն հանցագործներ: Մարդիկ, որոնք եոլել են ոչ միայն հայերի, այլև սեփական պատմության դեմ: Օսմանյան կայսրության պատմությունը արյամբ ու ավերներով է լցված, սրանք բոլորից զավթել են ամեն ինչ՝ հող, հայրենիք, արժանապատվություն… Բայց այդպես էլ զավթված հողը սրանց համար հայրենիք չի դարձել, որովհետև այդ հողի մեջ բողոք կա, տղաս, արյուն կա… Սրանք ուրիշների արժանապատվությունը խլելով՝ սեփական արժանապատվությունը չեն ձևավորել, որովհետև չունեն արժանապատվություն, չունեն պատասխանատվություն երկնքի առջև:

ԵՎՓԻՄԵ – Պետրոս, տղաս, քեզ ի՞նչ պատահեց: Ես քեզ դեռ այսպես զայրացած չեմ տեսել:

ԵՐԱՆՈՒՀԻ – Հայրիկ, դարձյա՞լ լուրջ բան է պատահել: Ասա, խնդրում եմ, անորոշությունը սպանում է բոլորիս, բոլորիս դիվահար անում: Ես արդեն չգիտեմ, թե ինչպես եմ ապրում, թե ինչ է իմ ուզածը: Միայն ու միայն երազում եմ այստեղից դուրս գալու մասին, որովհետև խլուրդի ենք նմանվել՝ այս նավթավառների լույսի տակ, այս անօդ տարածության մեջ:

ՄԱԴԼԵՆ – Երանուհիս, աղջիկս, հանդարտվիր, խաղաղվիր: Մենք քո կողքին ենք, քեզ հետ ենք: Բոլորս միասին ենք, մեզ ոչինչ չի պատահի:

ԵՐԱՆՈՒՀԻ – Գիտեմ, որ բոլորս միասին ենք… Բայց հայրիկը երբեք չէր զայրացել թուրքերի դեմ այսպես, երբեք նա մեր ներկայությամբ վատ բան չէր ասել սրանց հասցեին: Ուրեմն, որքա՜ն պիտի ամեն ինչ անհուսալի և ողբերգական լինի, որ հայրիկին հասցնի նման զայրույթի:

ՊԵՏՐՈՍ - (մոտենում և գրկում է Երանուհուն): Հանգստացիր, աղջիկս: Այո, ահավոր զայրացած եմ, հուզված, հուսահատված… Բայց կյանքը չի վերջացել, կյանքը շարունակվում է… Ես էլ մարդ եմ, միս ու արյունից շինված, չեմ կարող տեսնել, թե ինչպես եք այստեղ տառապում, թե ինչպես է մայրս իր ծերության երջանիկ օրերի փոխարեն՝ ապրում սարսափի ու անհանգստության մեջ, չեմ կարող նայել Մադլենին, տիկին Աստղիկին, որի կենսախնդությունից ու հաճախ ծիծաղելի թվացող չափազանցումներից ոչինչ չի մնացել… Չեմ կարող նայել Թագվոր էֆենդուն, որը թողել է իր վաճառատներն ու եկել այստեղ՝ ցավից տապակվելով… Քեզ ու Համբարձումին չեմ կարող նայել, որովհետև դուք հիմա այստեղ չպետք է լինեիք… Դուք ծնվել եք երջանիկ լինելու համար, կյանքը վայելելու համար: մենք ինչ-որ չափով մեր կյանքն ապրել ենք, բայց դուք մեր կյանքի կեսն էլ չեք ապրել…

ԹԱԳՎՈՐ – Պարոն Պետրոս, հարգելիս, մենք շատ լավ ենք հասկանում ձեզ… Դուք միակն եք, որը մեզ ու կյանքը կապում է իրար հետ: Մենք ձեզանից ոչինչ չենք պահանջում, ոչ մի խնդիր չենք ուզում դնել ձեր առջև: Դուք փրկեցիք մեր կյանքը, մեր որդու կյանքը… Եթե դուք չլինեիք, չգիտեմ, թե հիմա որտեղ կլինեինք մենք: Եվ արդյո՞ք կլինեինք…

ԵՎՓԻՄԵ – Որդիս, Պետրոս, գիտեոս, որ ես քեզ լավ եմ ճանաչում: Գիտես, որ քո ամեն մի հուզումի տակ կարողանում եմ տեսնել մեծ ու կարևոր բաներ: Ասա, մի թաքցրու, հիմա՞ ինչ դժբախտություն է չոքել մեր դռանը…

ԱՍՏՂԻԿ – Պարոն Պետրոս, մի տանջեք մեզ, ասացեք… Մենք արդեն ամեն ինչի վարժվել ենք: ինչ էլ ասեք՝ կփորձենք հասկանալ… Արդյո՞ք մեր ներկայության համար չեն նեղում ձեզ, չէ՞ որ Հաքան բեյը միայն ձեր բարեկամն է, լինելով երեսփոխան՝ նա չի կարող վտանգել իր կյանքը օտար մարդկանց համար:

ՊԵՏՐՈՍ – Տիկին Աստղիկ, այստեղ օտար մարդիկ չկան, այստեղ բոլորս հարազատ ենք, նշանակում է՝ բարեկամ ենք նաև Հաքան բեյին: Նա ինձ հստակ ոչինչ չասաց, սակայն խոստացավ գալ և բոլորիս ներկայությամբ տեղեկություն տալ դրսի իրավիճակի մասին: Խոստացավ նաև շատ կարևոր բան ասել:

ՄԱԴԼԵՆ – Դե ասա, թող շուտ գա… Պետրոս, սիրելիս, բոլորս դյուրագրգիռ ենք դարձել, բոլորս հիվանդացել ենք հոգով… Ամեն գիշեր ես դժվարությամբ եմ փակուն աչքերս, որովհետև ամեն մի շարժում ու ձայն տագնապ է ծնում իմ մեջ, սարսափում եմ, մտածում, որ հիմա կգան ու բոլորիս կտանեն…

ՊԵՏՐՈՍ – Կգա, մի շտապիր: Նա գնաց խորհրդարան, կարևոր ժողովի պիտի մասնակցեր, որից հետո կգա անպայման:

ԹԱԳՎՈՐ – Գոնե այս անգամ մի հուսադրող բան ասի:

ԵՎՓԻՄԵ – Ինչ էլ ասի, միևնույն է, ես փրկության ճանապարհ չեմ տեսնում: Գոնե Երանուհիս և Համբարձումը դուրս գան այստեղից, գոնե նրանց համար հուսո դուռ բացվի… Պետրոս, տղաս, գիտեմ, որ քահանա կանչել չի լինի, բայց արա այնպես, որ ես աչքերս փակեմ խաղաղ հոգով, խաղաղ տրամադրությամբ, բոլոր մեղքերս խոստովանած…

ՊԵՏՐՈՍ – Մայրիկ, քեզ ոչինչ չի պատահի, այսդ եղերը քեզ ուժ կտան, ոտքի կկանգնես: Մենք դեռ մեր տունը պիտի վերադառնանք, դեռ Երանուհուս հարսանիքը պիտի լինի…

ԵՎՓԻՄԵ – Հենց դա եմ ասում, արա այնպես, որ ես Երանուհուս առջև պարտք չմնամ, որ կարողանամ օրհնել միակ թոռնուհուս երջանկությունը…

ՄԱԴԼԵՆ – Մայրիկ, ձեզ վա՞տ եք զգում: (Շտապ գնում է նրա մոտ, բռնում ձեռքը):

ԵՎՓԻՄԵ – դեռ ոչ շատ: Դեռ անելիքներ ունեմ… Երազիս մեջ հորդ տեսա: Երազիս մեջ… Ես քնած չէի, աչքերս անգամ կիսաբաց էին, բայց դա երազ էր, որը ձգվեց շատ կարճ: Հայրդ եկավ, բարևեց, նստեց կողքիս, խոր հոգոց հանես, հետո ասաց, որ պատրաստվեմ իր հետ ճանապարհ գնալու: Ասաց, որ շատ երկա՜ր ճանապարհ է, լույսի ու մութի միջով… Բայց միայն թե ճանապարհ գնալուց առաջ ես շատ կարևոր առաքելություն պիտի իրականացնեմ, պիտի Երանուոհուս օրհնեմ…

ՊԵՏՐՈՍ – Մայրիկ, խնդրում եմ, մի մտածիր վատ բաների մասին:

ԵՎՓԻՄԵ – Մի՞թե Երանուհուս երջանկություն մաղթելն ու օրհնելը վատ բան է:

ՊԵՏՐՈՍ – Դու լավ հասկացար, որ ես ոչ թե Երանուհուն նկատի ունեցա, այլ քո երկար ճանապարհ գնալը…

ԵՎՓԻՄԵ – Տղաս, օրերից մի օր բոլորս էլ պիտի գնանք այդ ճանապարհով: Իմ ժամանակն արդեն եկել է, իսկ Աստված թող ձեր հանդեպ բարեգութ լինի և երկար տարիների կյանք տա, դուրս բերի այս գեհենից: Կարծում եմ, Պետրոս, Մադլեն, Թագվոր էֆենդի, Աստղիկ, բոլորիդ կամքն ու ցանկությունն արտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ, քանի դեռ աչքերս բաց են, ուզում եմ… ուզում եմ Երանուհուս և Համբարձումիս երջանկացած տեսնել…

ՄԱԴԼԵՆ – Մայրիկ…

ԹԱԳՎՈՐ – Եվփիմե հանըմ…

ԵՎՓԻՄԵ – Երանուհի, աղջիկս, միակ թոռնուհիս, մոտ եկ:

ԵՐԱՆՈՒՀԻ - (մոտենում է Եվփիմեին ու կանգնում նրա մահճակալի կողքին): Լսում եմ, մեծ մայրս:

ԵՎՓԻՄԵ – Համբարձում, տղաս, դու էլ մոտեցիր:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ - (մոտենում է Եվփիմեի մահճակալին): Եկա:

ԵՎՓԻՄԵ – Մադլեն, ինձ տուր այն, ինչ տվեցի քեզ… մեծ թաշկինակս…

ՄԱԴԼԵՆ - (Եվփիմեին է տալիս փոքրիկ կապուկը, որի մեջ զարդեղենն էր): Խնդրեմ, մայրիկ:

ԵՎՓԻՄԵ - (կապուկի միջից հանում է մի մեծ ոսկյա մատանի և տալիս Համբարձումին): Վերցրու, տղաս: Գիտեմ, որ Երանուհուս ես սիրում, որ ուզում ես նրա հետ ընտանիք կազմել: Լավն է իմ Երանուհին, իմ հոգու հատորն է, միակն է, իմ պարտեզի ամենագեղեցիկ զարդն է… Ես շատ էի ուզում, որ Պետրոսս տղա էլ ունենար, որպեսզի մեր տոհմը շարունակվեր: Բայց Աստված մեզ միայն Երանուհուս տվեց… Իմ քաղցր աղջկան… Լավ կպահես նրան, կգուրգուրես, չնեղացնես նրան…

ՊԵՏՐՈՍ – Մայրիկ, ախր…

ԵՎՓԻՄԵ – Թող ավարտեմ խոսքս, Պետրոս: Տղաս, գիտեմ, որ նաև քո կամքն եմ կատարում, դրա համար չեմ հարցնում քեզ ու Մադլենիս… Համբարձում, տղաս… Ասացի, որ Աստված մեզ տղա չտվեց իբրև թոռ… Ուրեմն, երդվիր, որ եթե տղա ունենաք, անպայման Երանուհուս մեծ հոր անունը կդնեք… Թող մեր տոհմը շարունակվի ձեր տղա զավակի միջոցով… Պետրոսս ու Մադլենս էլ կփառավորվեն…

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Խոստանում եմ, իհարկե…

ԵՎՓԻՄԵ – Հիմա այդ մատանին հագցրու Երանուհուս մատին… Թող դա ձեր նշանադրության մատանին լինի…

ԱՍՏՂԻԿ - (լալախառն): Ես բոլորովին այլ ձևով էի պատկերացնում Համբարձումիս նշանադրությունը… Հանդիսավոր, երաժշտությամբ…

ՊԵՏՐՈՍ – Կյանքը մեզ պարտադրում է հարմարվել ամեն ինչի… Վստահորեն տուր Երանուհուն մատանին, Համբարձում, տղաս: Թող մայրիկիս ցանկությունն ի կատար ածվի…

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ - (մատանին հագցնում է Երանուհու մատին): Ես… ես… աշխարհի չափ երջանիկ եմ…

ԹԱԳՎՈՐ – Կատարվեց իմ երազանքը… Շնորհակալ եմ, Եվփիմե հանըմ, դուք երջանկացրիք մեր զավակներին… (Մոտենում և համբուրում է Համբարձումի և Երանուհու ճակատները): Ես էլ միշտ երազել եմ աղջիկ ունենալ, հիմա արդեն ունենամ: Ձեր ցանկությունը կկատարվի, Եվփիմե հանըմ…

ՄԱԴԼԵՆ - (մոտենում և համբուրում է Երանուհուն և Համբարձումին): Զավակներս, երջանիկ լինեք… Անիծվեն թուրքերը, անիծվի դրանց կառավարությունը… Ես ուզում էի, որ Երանուհուս նշանադրությունը լիներ Փարիզից վերադառնալուց հետո, մեր մեծ սենյակում… Էհ…

ԱՍՏՂԻԿ - (արտասվելով՝ համբուրում է երիտասարդներին): Թող Աստված երջանկություն տա երկուսիդ էլ, զավակներս:

ՍՐԲՈՒՀԻ - (արթնանում է, ապշած նայում շուրջը): Այստեղ ի՞նչ է կատարվում:

ՄԱԴԼԵՆ – Այն, ինչի մասին միշտ երազում էիր:

ՍՐԲՈՒՀԻ – Արդեն տու՞ն ենք գնում:

ՊԵՏՐՈՍ – Էհ, Սրբուհի, երանի այդպես լիներ:

ՍՐԲՈՒՀԻ - (նայում է դեմ առ դեմ կանգնած Երանուհուն և Համբարձումին, ապա մեկ առ մեկ հայացք հառում բոլորին): Հիմա ամեն ինչ հասկացա… Էհ, բախտավոր լինեք… Ափսոս, ես ուզում էի ձեր նշանադրությանը մի լավ չարչարվել… Բայց դե…

ՄԱԴԼԵՆ – Այդպես էլ է պատահում, Սրբուկ… Ափսոս, քեզ չլսեցինք և գինի չվերցրեցինք մեզ հետ:

ՍՐԲՈՒՀԻ – Դե դուք միշտ իմ խելացի մտքերը չեք կարևորում: Լավ, գոնե տեսնեմ ինչ կարելի է պատրաստել… Ինչքան չլինի նշանադրություն է…

ՄԱԴԼԵՆ – Մենք ոչինչ չունենք, Սրբուկ, բոլոր պաշարները սպառվեցին…

ԱՍՏՂԻԿ – Շուտով տուն կգնանք և քեզ մի լավ կչարչարենք…

ՍՐԲՈՒՀԻ – Մեր նշանադրության նման ստացվեց… Չհասցրեցի մի կարգին ուրախանալ, ինձ կարգին կին զգալ… Էհ, հայի ճակատագիր է…

ԵՎՓԻՄԵ – Սրբուկ, աղջիկս, պետք չէ դժգոհել: Աստված չի սիրում դժգոհողներին:

ՍՐԲՈՒՀԻ – Իսկ Աստված մորթողներին ու մարդկանց դժբախտացնողներին սիրու՞մ է… Հնազանդվել ենք միշտ, միշտ գլուխ ենք խոնարհել, բայց Աստված մեզ չի գթացել, չի խղճացել… Պարոն Պետրոս, Հաքան բեյին չի՞ կարելի խնդրել գոնե գինի բերի:

ՊԵՏՐՈՍ – Հաքան բեյն արդեն շատ բան է արել մեզ համար… Ես չեմ ուզում նրան նոր նեղություն տալ:

ՍՐԲՈՒՀԻ – Իսկ կարելի՞ է խնդրել, որ վաղվա համար մեզ մի քիչ ուտելիք բերի: Ես չգիտեմ, թե վաղն արդեն ինչ եմ պատրաստելու:

ՊԵՏՐՈՍ – Մի մտածիր, մի բան կանենք: Հաքան բեյը չի թողնի, որ այս ամենին էլ սովը միանա…

ԹԱԳՎՈՐ - (հանկարծ պոռթկում է): Աստված իմ, ի՜նչ է կատարվում… Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրը պիտի լիներ, իսկ ես հիմա կանգնած եմ ամոթահար, գլխիկոր… Պոլսո մեծահարուստ վաճառականներից մեկը իր միակ զավակի նշանադրությանը ոչինչ չունի… Պոլսո մեծահարուստներից մեկը չգիտի, թե ինչպես է վաղը կերակրելու իր ընտանիքը, հարազատներին… Ո՞վ է այս պատիժը ստեղծել մեզ համար, ինչու՞… Սահմանադրության ընդունման ժամանակ այս երիտթուրքերը մեզ վրա էին հենվում, մեզ էին մղում առաջ՝ պնդելով, որ մենք առաջադեմ ենք, կիրթ, որ հենց պետք է աջակցենք Թուրքիայի առաջընթացին: Հիմա այլևս իրենց պետք չենք, հիմա մեզ ուզում են ոչնչացնել՝ իրենց կայացման համար… մի՞թե սրան էինք մենք արժանի… Մի՞թե սա էր մեզ համար պատրաստել Աստված…

ԱՍՏՂԻԿ – Հանգստացիր, Թագվոր: Որքան էլ ծանր են պայմանները, եկ ուրախանանք, որ մեր որդու նշանադրությունը կատարեցինք: Հիմա արդեն երկու զավակ ունենք: Աստված գոնե այս հարցում մեզ զորավիգ եղավ… Աստված մեղավոր չէ, որ անօրեններն այսպես են վարվում: Ես երկու գիշեր է աղոթում եմ, որ Աստված գթառատ լինի, մեզ դուրս բերի այս վիճակից: Հուսով եմ, նա իմ ձայնը կլսի, որովհետև ամբողջ կյանքումս ոչ մի վատություն չեմ արել, աղքատների եմ տուն կանչել ու կերակրել, դու հայոց դպրոցներին հոգաբարձու ես եղել, անգամ թուրքերին ես գումարներ տվել: Կգնահատեն, կհասկանան…

ՍՐԲՈՒՀԻ – Աստված մեզ չի խղճում, իսկ սրանց Ալլահն ամեն կերպ աջակցում է, իրենց պես անօրենի մեկն էլ սրանց Ալլահն է…

ԵՎՓԻՄԵ – Սրբուկ, աղձիկս, մի նեղացիր Աստծուց, նա մեզ բոլորիս փորձության է տանում:

ՍՐԲՈՒՀԻ – Բայց չէ՞ որ ամեն առավոտ ու իրիկուն ,,Հայր մեր,, ենք ասում, խնդրում՝ եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա մեզ ի չարէ… Էհ… Երևի իրավունք չունեմ ձեզ մոտ այսպես խոսելու:

ՄԱԴԼԵՆ – Դու բոլոր իրավունքներն ունես, Սրբուկ, դու մեզ համար սպասուհի չես, ծառա չես, այլ տանու մարդ ես… հարազատ ես… Բայց չի կարելի զայրացնել Աստծուն, նա ամեն ինչ տեսնում է ու գնահատում…

Դռան բախոց: Բոլորը մի պահ քարանում են: Բախոցը կրկնվում է:

ՊԵՏՐՈՍ – Երկու զարկ էր: Հաքան բեյն է: Գնամ դիմավորեմ:

ԹԱԳՎՈՐ – գուցե դուք առանձին բան կունենաք խոսելու, մենք գնանք մեր սենյակը:

ՊԵՏՐՈՍ – Ես ձեզանից գաղտնիքներ չունեմ: Մնացեք: (Գնում է և բացում դուռը: Գալիս է Հաքան բեյը՝ մոտ վաթսուն տարեկան, պատկառելի արտաքինով, եվրոպական հագուստով, ֆեսով:)

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Բարի տեսանք:

ԲՈԼՈՐԸ – Բարի երեկո, բարի տեսանք…

ՀԱՔԱՆ ԲԵՅ - (նայում է Եվփիմեի կողմը): Ինչպե՞ս եք զգում, Եվփիմե հանըմ:

ԵՎՓԻՄԵ – Էհ… Արդեն ժամերին եմ հրաժեշտ եմ տալիս…

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Ձեզ ամուր պահեք…

ՄԱԴԼԵՆ – Նստեցեք, Հաքան բեյ: Սուրճ կուզենա՞ք:

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Չէ, շնորհակալություն, արդեն խմել եմ: Պարոն Պետրոս, գնացել էի խորհրդարան, ինչպես ասել էի ձեզ…

ՊԵՏՐՈՍ – Ե՞վ…

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Չգիտեմ, պե՞տք է, որ ասեմ կանանց ներկայությամբ:

ԵՎՓԻՄԵ – Մեզանից ոչինչ մի թաքցրեք, Հաքան բեյ, եթե հասել ենք այս վիճակին, ուրեմն շարունակությունն էլ պիտի իմանանք:

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Ի՜նչ ասեմ… Լավ լուրերով չեմ վերադարձել…

ՊԵՏՐՈՍ – Եվ ի՞նչ վատ լուրեր են:

ԹԱԳՎՈՐ – Նոր բռնություննե՞ր:

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Ցավոք, այո… Մի քանի թուրք պաշտոնյաների են ձերբակալել հայերին ապաստան տալու համար… Վաղվանից պիտի խուզարկություններ սկսվեն բոլորի տներում… Ռազմական նախարար Էնվեր փաշան զայրացել է, նա այսօր ելույթ ունեցավ խորհրդարանում և հրահանգեց գնդակահարել բոլոր այն թուրքերին, ովքեր կաջակցեն, կօգնեն հայերին… Ես շփոթված ու մոլորված եմ…

ՄԱԴԼԵՆ - (ճչում է): Աստված իմ, ի՞նչ ենք անելու:

ԱՍՏՂԻԿ – Երկնային պատիժ է թափվում մեր գլխին:

ԹԱԳՎՈՐ – Հանգստացեք, ի սեր Աստծո, հանգստացեք:

ԵՐԱՆՈՒՀԻ - (վազում ու փաթաթվում է Մադլենին): Մայրիկ, ի՞նչ է լինելու մեզ հետ:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ – Ի՞նչ պիտի անենք, Հաքան բեյ:

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Մինչև այստեղ գալը, ես արդեն հանդիպեցի մի քանի ծանոթի: Նրանց հետ քննարկեցինք ձեզ օգնելու ծրագիրը:

ՊԵՏՐՈՍ – Եվ ի՞նչ որոշեցիք:

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Վաղն անգլիացիների նավը մեկնելու է Սոֆիա, իսկ այդտեղից էլ Լոնդոն… Օրիորդն ու երիտասարդ պարոնը կարող են ծպտյալ կերպով այդ նավով մեկնել… Ես նրանց համար անձնագրերի խնդիրը կկարգադրեմ: Նրանք գիտեն անգլերեն և ֆրանսերեն, հետևաբար դյուրին կլինի որպես օտարերկրացի ներկայանալը…

ՊԵՏՐՈՍ – Երնքի չափ շնորհակալ եմ, Հաքան բեյ… Դուք մեր փրկիչն եք…

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Ձեր ծառային էլ կարող եմ իմ աշխատողների հետ ուղարկել Գնալը կղզի, ուր ես կալվածք ունեմ: Կհագնվի թուրք կնոջ շոր, ես տեղեկանք եմ ներկայացնելու իմ աշխատողների մասին: Նրան ոչ ոք չի կասկածի:

ՍՐԲՈՒՀԻ – Ես իմ տերերի հետ կմնամ, նրանց չեմ լքի:

ՄԱԴԼԵՆ – Լսիր, ինչ ասում են: Պետք է փրկվես դու, Սրբուկ…

ԹԱԳՎՈՐ – Իսկ մե՞նք…

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Չգիտեմ ինչ ասել… Լեզուս չի դառնում բերանիս մեջ… Ես չկարողացա մի լուծում, մի ելք գտնել ձեզ համար… Խոսեցի մեր երեսփոխանների հետ, ներկայացրեցի ձեր ծառայությունները Օսմանյան կայսրությանը… Անգամ գահաժառանգ Իզեդինի հետ խոսեցի, սակայն գահաժառանգն ինքը պատանդ է դարձել Թալեաթի, Էնվերի, Ջեմալի ձեռքերում… Նրանք դավեր են նյութում անգամ գահաժառանգի դեմ, որն ի սկզբանե դեմ էր հայերի տեղահանությանն ու կոտորածներին… Մնում է, որ Թագվոր էֆենդին և պարոն Պետրոսն անձամբ գնան Պոլսո ոստիկանապետի մոտ և խնդրեն նրան, ներկայացնեն իրենց ծառայությունները:

ԹԱԳՎՈՐ – Ես Պոլսո ոստիկանապետի երեխաների համար շատ բան եմ արել, նրանց ուսման վարձն եմ տվել Փարիզի համալսարանում:

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Հուսանք, որ նա կհիշի այդ ամենի մասին, երախտագետ կգտնվի…

ՊԵՏՐՈՍ – Մենք անընդհատ խոսում ենք, որ կհիշեն, երախտագետ կգտնվեն, սակայն օրավուր օղակը սեղմվում է, օրավուր բախվում ենք նոր իրողությունների՝ հասկանալով, որ շատերի համար գոյություն չունեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ճշմարիտ եղբայրություն, երախտագիտություն, փոխադարձ հարգանք: Բնությունը բոլորիս հավասար է ստեղծել, բնությունը բոլորիս տվել է ապրելու իրավունք, սակայն ոմանք իրենց վեր են դասում բնությունից, Աստծուց և իրենք են որոշում մյուսների ճակատագրերը: Եվ դա անում են հատկապես նրանք, ովքեր չեն կայացել, ովքեր խնդիրներ ունեն սեփական ես-ի հետ, ովքեր չարությամբ են լցված…

ԹԱԳՎՈՐ – Հաքան բեյ, մենք իսկապես երախտապարտ ենք ձեզ, շնորհակալ, բայց ինչպե՞ս է ստացվել, որ մի թուրքը մարդ է սպանում, բռնաբարում, թալանում, մյուսը փրկության ձեռք է պարզում… Ախր նույն տեսակը չէ՞:

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Ես ճառ էի պատրաստել խորհրդարանում կարդալու համար: Մի քանի օր գիշերները գլուխս հակել էի թղթերի վրա ու գրում էի… Գնացի խորհրդարան, որոշեցի կարդալ, բանականության կոչ հնչեցնել, բայց հետո միտքս փոխեցի… Ու՞մ համար կարդայի այդ ճառը, երբ նույն խորհրդարանը լռեց՝ տեսնելով, թե ինչպես են ձերբակալել Գրիգոր Զոհրապին… Ես թուրք եմ, հպարտանում եմ իմ ծագումով, իմ ժառանգականությամբ… Իմ պապերը հայերի, հույների, մյուսների հետ այս երկիրն են կառուցել, իմ պապերը ստեղծել են հզոր Օսմանյան կայսրությունը: Ես հպարտ եմ իմ պապերով, նրանց կենսագրությամբ: Նրանք քոչվոր մի ցեղախումբ ազգ դարձրեցին, բազմեցրին աշխարհի հզորների շարքում… Բայց այսօր ես ամաչում եմ այդ հզոր պապերի անարժան ժառանգների համար… Ամաչում եմ… Ես նայում եմ ձեզ և ուզում եմ ամոթից կախել գլուխս, որովհետև մենք մեծացել ենք այն համոզմամբ, որ Թուրքիան բոլոր ազգերի երկիրն է, որ այստեղ բոլորը հավասար են: Ես միշտ հպարտացել եմ հայ ճարտարապետների և հայ ոսկերիչների արածով, ես միշտ գնացել եմ հայ վաճառականների խանութներ, որովհետև գիտեցել եմ, որ նրանք ազնիվ են, առևտրի մեջ՝ անաղարտ… Ես քայլել եմ Պոլսո փողոցներով վստահությամբ, որովհետև իմ կողքին միշտ կանգնած են եղել հայ բարեկամները, որոնք չեն խարդավում, չեն դավաճանում… Հիմա ես իմ հայ բարեկամներին ոչնչով օգնել չեմ կարող, ես անզոր եմ… Անզոր եմ կանգնել այն ամենի դեմ, ինչը կատարվում է Թուրքիայում… Ես այս ամենի համար ներողություն եմ խնդրում ձեզանից…

ՊԵՏՐՈՍ – Հաքան բեյ, իմ լավ բարեկամ, ազնիվ մարդ… Դուք ի՞նչ մեղք ունեք… Ինչու՞ եք դուք ներողություն խնդրում, երբ ամեն ինչ արեցիք…

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Ոչ, ամեն ինչ չարեցի… Ես էլ մեկն էի նրանցից, ովքեր խանդավառ ընդունելություն ցույց տվեցին երիտթուրքերին, հավատացին նրանց սուտ խոստումներին, երկիրը բարեփոխելու կոչերին… Ես չէի կարող պատկերացնել, որ իրենց առաջադիմական համարող մարդիկ ամենաիսկական գայլեր են՝ ազնվության ու ժողովրդավարության դիմակի տակ պահված… Նրանք խայտառակում են Թուրքիան, հավիտենական անեծքով են պատում Թուրքիո պատմությունը… Գիտեմ, հայերդ չեք ներելու երբեք, չեք հաշտվելու այս ամենի հետ, այլևս թուրքին եղբայր չեք ասելու, որովհետև այսպիսի եղբայրություն չի լինում… Սրանց թվաց, թե ձեզ պատժում են ռուսների հետ համագործակցելու, ռուսներին հավատալու համար… Բայց հենց վաղն այսօրվա սպանդի ու տեղահանությունների կազմակերպիչները եղբայրության խոստումներ կտան ռուսներին, կհամբուրվեն նրանց հետ՝ չհասկանալով, որ իրենց դեմ հանեցին մի հնագույն ժողովրդի…

ԵՐԱՆՈՒՀԻ – Հաքան բեյ, գիտեմ, որ ընդունված չէ երիտասարդներին խառնվելը մեծերի խոսակցությանը… Ինձ միշտ սովորեցրել են խոնարհ լինել, հարգել չգրված օրենքները… Ու ես հավատարիմ եմ այդ օրենքներին: Ես ձեզ միշտ սիրել ու հարգել եմ, դուք ինձ չեք տարբերել ձեր աղջիկներից, ես ձեր երկու աղջկա հետ ընկերություն եմ արել… Ընկերություն եմ արել նաև տասնյակ թուրք աղջիկների հետ, որոնք երբեք չեն հիշել, որ մենք տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք, որ տանը խոսում ենք բոլորովին այլ լեզվով… Հիմա ձեր այդ պարագլուխները թշնամացրեցին մեզ, մեզանից խլեցին մեր անկեղծ ընկերությունը… Ես էլ ձեզ նման պաշտում եմ իմ քաղաքը, իմ երկիրը… Պոլիսն ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է, որովհետև իմն է, իմ ծննդավայրն է… Ես ամեն երեկո կանգնում էի Սենի ափին ու մտովի գալիս Բոսփորի ափ, Սենի ջրերի մեջ Մարմարան էի տեսնում: Ինձ համար օտար ու խորթ էին Փարիզն ու Էյֆելը, գեղեցիկ պալատները, որովհետև իմ քաղաքում այդ ամենն առավել գեղեցիկ ու նվիրական է… Հիմա ինձ համար զզվելի է Պոլիսը… Այն գերեմանատուն է հիշեցնում, ուր լեշակերներն են լցված… Կներեք ինձ, Հաքան բեյ, կներեք, բայց ես չէի կարող այս ամենը չասել… Ես լռել եմ այսքան ժամանակ, ես ցույց չեմ տվել, որ հոգիս տագնապում է, որ բարձս ողջ գիշեր թրջվում է արցունքներից… Իմ ծնողներն ապրել են միայն մի օրվա համար, որ երջանկացնեն ինձ, որ իմ նշանադրության հանդեն անեն… Եղավ այդ նշանադրությունը… Համբարձումն իմ երազների տղան է, ես իմ հոժար կամքով եմ կյանքս միացնում նրան, բայց մի՞թե ես ու Համբարձումն իրավունք չունեինք երջանիկ ժպիտների մեջ արձանագրելու մեր միավորումը… Նկուղում, խոնավ պատերի մեջ, մահվան սարսափի ուղեկցությամբ ի՞նչ նշանադրություն… Ներեցեք, ներեցեք ինձ… Ես ուզում էի սիրել իմ հայրենիքը, բայց ինձանից սերս խլեցին, ինձ պարտադրեցին ատելությամբ լցվել հայրենիքի հանդեպ…

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Ես հասկանում եմ քեզ, աղջիկս… Հասկանում եմ… Ես նույն ճակատագիրը չէի կամենա իմ աղջիկներին… Ծնող եմ, հայր ու հասկանում եմ քեզ… Պետրոս, հարգելիս, խնդրում եմ, գնացեք ոստիկանապետի մոտ, խնդրեք, համոզեք, բացատրեք…

ՊԵՏՐՈՍ – Իսկ եթե մեզ էլ…

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Դուք թաղական խորհրդի անդամ եք եղել երկար ժամանակ, պարգևատրվել եք Սուլթանի ոսկե մահիկով՝ կայսրությանը մատուցած ծառայությունների համար… Հուսանք, որ հարգեն, գնահատեն…

ՊԵՏՐՈՍ – Ճակատագրական պահը ստիպում է կառչել ցանկացած հույսից… Պետք է գնալ ոստիկանապետի մոտ, խնդրել… Հանուն մեր ընտանիքների, հանուն մեր երեխաների… Հանուն իմ մոր, որպեսզի գոնե կարողանա իր տան մեջ փակել աչքերը:

ՀԱՔԱՆ ԲԵՅ – Եվփիմե հանըմը իմաստուն կին է, կյանքն ապրած: Կարծում եմ, որ նա էլ կքաջալերի ձեր քայլը: Ճի՞շտ չեմ ասում, Եվփիմե հանըմ:

ԵՎՓԻՄԵՆ լուռ է:

ՊԵՏՐՈՍ – Մայրիկ դե ասա, գնա՞նք ոստիկանապետի մոտ:

ԹԱԳՎՈՐ – Եվփիմե հանըմ, դե ձայն հանեք:

Եվփիմեն դարձյալ լուռ է: Պետրոսն ինչ-որ բան կասկածելով մոտենում է մահճակալին, նայում Եվփիմեին ու ճչում:

ՊԵՏՐՈՍ – Մայրի՜կ…

ՄԱԴԼԵՆ – Մայրիկին ի՞նչ է պատահել:

ԵՐԱՆՈՒՀԻ - (շտապ մոտենում է Եվփիմեին, նայում դեմքին:)Մեծ մայրիկ, բաց աչքերդ, Երանուհին է, քո աղջիկը…

ՊԵՏՐՈՍ - (խզված ձայնով): Մայրիկի երազը կատարվեց, նա գնաց հորս հետ ճամփորդության…

ՍՐԲՈՒՀԻՆ մոտենում է Եվփիմեի մահճակալին, ուշադիր նայում, ապա չոքում մահճալակի մոտ…

ՍՐԲՈՒՀԻ – Եվփիմե հանըմ, մայրիկ, մեծ մայրիկ… Այս ի՞նչ արեցիր, ինչու՞… Ինչու՞ ինձ հերթական անգամ որբ թողեցիր, ինչու՞ հեռացար ինձանից… Ես քեզանով էի ապրում, ես քո ներկայությամբ մոռանում էի իմ ողբերգությունները, որովհետև դու մայր էիր ինձ համար, հարազատ էիր… Տասնմեկ տարեկան էի, երբ դու ինձ բերեցիր այս տուն՝ գտնելով փողոցի մի անկյունում լքված ու մենակ… Ինձ մայր եղար, Եվփիմե հանըմս, հիմա ինչու՞ ինձ մենակ թողեցիր, մայրիկ… Ես քեզանից զատ ուրիշ հարազատ չունեի այս աշխարհում… Հիմա ի՞նչ անեմ, հիմա ինչպե՞ս պարտակեմ որբությունս…

Մեղմ, ասես աղոթքի նման, երգում է ,,Անտունի,,…

ՄԹՆԵՑՈՒՄ



ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ


Սրճարանն է: դեռ հնչում է կոմիտասյան Լորիկը… Մատուցողը ձեռքը դրած ծնոտին, քնած է: Օկտայը կանգնած է տաղավարի կենտրոնում: Արամը նստած է սեղանի մոտ ու ծխում է:

ՕԿՏԱՅ – Եվ ի՞նչ եղավ այդ ընտանիքների ճակատագիրը:

ԱՐԱՄ - Պոլսո ոստիկանապետը խոստացավ օգնել նրանց, բայց հենց նույն օրը նրանց ձերբակալեցին և աքսորեցին… Նրանք անգամ չհասցրեցին հողին հանձնել իրենց մոր մարմինը: Դա արեց խորհրդարանի պատգամավոր Հաքան բեյը՝ գիշերով Եվփիմեին հուղարկավորելով իր պարտեզում, մի մեծ ծառի տակ: Աստղիկը խելագարվեց աքսորի ճանապարհին ու մահացավ: Մադլենը հասավ Դեր Զոր՝ կորցրած ամուսնուն, Թագվոր էֆենդուն, որոնց ճանապարհին գնդակահարեցին: Մադլենը մի շաբաթ ապրեց Դեր Զորում, ապա մահացավ սովից…

ՕԿՏԱՅ – Գոնե Երանուհին ու Համբարձումը փրկվեցին:

ԱՐԱՄ – Այո, փրկվեցին: Նրանք բարեհաջող Լոնդոն հասան, որտեղից մեկնեցին Փարիզ: Երանուհին ավարտեց համալսարանն ու աշխատեց Մարսելի հիվանդանոցներից մեկում: Համբարձումը փաստաբան էր, մասնակցեց երկրորդ աշխարհամարտին, զոհվեց Փարիզի մատուցներում: Երանուհու և Համբարձումի երկու զավակն էլ հիմա Փարիզում են ապրում և պայքարում են Հայ Դատի համար:

ՕԿՏԱՅ – Իսկ տնային ծառայո՞ղը:

ԱՐԱՄ – Նա մնաց Հաքան բեյի կալվածքում: Խուլ ու համր ձևացավ, որպեսզի ոչ ոք չիմանար նրա հայ լինելու մասին… Այս թղթերն ինձ Սրբուհու թոռներն են փոխանցել, խնդրել են գրել այդ մեծ ողբերգության մասին… Ես կարդում եմ, ու լեզուս պապանձվում է, ձեռքերս դողում են… Հազարավոր են այս պատմությունները, հազարավոր ողբերգություններ են պարփակված այս հողում, այս քաղաքում, ձեր պետության պատմության մեջ, Օկտայ… Դուք, այո՛, նոր սերնդի ներկայացուցիչներ եք, դուք պատասխանատու չեք այն ամենի համար, ինչ կատարվել է այստեղ: Բայց պարտավոր եք խղճի ու բարոյականության դատի կոչել…

ՕԿՏԱՅ – Այն ամենը, ինչ ես լսեցի, իսկապես սահմռկեցուցիչ է, դաժան է… Երանուհին և Համբարձումը գրեթե իմ հասակակիցներն են եղել… Ես ապրում եմ ազատ կյանքով, սովորում եմ, երեկոները աշխատում, ունեմ ընկերներ, ընկերուհիներ, ունեմ իմ հետաքրքրությունները, ու թվում է, որ այլևս ոչինչ ինձ պետք չէ… Եվ իսկապես ոչինչ պետք չէ, որովհետև ձեր պատմածն ինձ հուզեց, մտահոգեց, բայց ոչ ավելի… Պատերազմների ժամանակ բազմաթից սոսկալի դեպքեր են պատահել, պատերազմների ժամանակ ամբողջական գյուղեր են այրել, մարդկանց են քառատել… Ես ցավում եմ ձեր հայրենակիցների համար, բայց ուզում եմ ապրել այդ ամենից հեռու, չեմ ուզում իմ սերնդի վրա վերցնել պատասխանատվությունը… Նորից եմ ասում, հայկական կոտորածների հրոհրողներն ինչ-որ ձևով դատապարտվել են, նրանցից ոմանց էլ ձեր հայրենակիցներն են սպանել՝ այսպես վրեժխնդիր լինելով: Պատմության այդ էջը փակված է:

ԱՐԱՄ – Պատմության էջը փակված չէ, Օկտայ… Քանի դեռ ապրում են հիշողությունները, պատմությունը կա ու շնչում է: Երբ կմեռնեն հիշողություններն, այնժամ պատմության էջերը կփակվեն: Այո, Թալեաթը, Էնվերը, Ջեմալը գնդակահարված են, պատիժներ են կրել ուրիշներն էլ, բայց մի ողջ ժողովրդի դեռ ոչ ոք պատասխան չի տվել, դեռ ոչ ոք ներողություն չի խնդրել կատարվածի համար:

ՕԿՏԱՅ – Պատմելով կատարվածի մասին, ամեն տեղ բարձրաձայնելով, ներողություն պահանջելով, արդյո՞ք դուք կնպաստեք հարաբերությունների ձևավորմանը, արդյո՞ք կկարողանաք գնալ հաշտեցումների: Իսկ ժամանակակից աշխարհը չի կարող ապրել առանց հաշտեցման… Մենք երկու պետություն ենք՝ կողք կողքի, հարևաններ: Բայց այս հարևաններն իրար հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն: Սա՞ եք ուզում, որպեսզի մշտապես ապրենք թշնամանքի ու ատելության մեջ:

ԱՐԱՄ – Մենք թշնամանք չենք սերմանել երբեք, մենք ատելության մեջ չենք ուզում ապրել… Մենք բարեկամության ձեռք ենք պարզում՝ միաժամանակ տանելով բարոյական մի ըմբռնումի. Ամեն մի հանցագործություն պիտի դատապարտվի, հատուցումը չպետք է ուշանա: Մենք ժամանակակից Թուրքիայից պահանջում ենք շատ սովորական մի բան՝ դառնալ քաղաքակիրթ երկիր, ընդունել Օսմանյան կայսրության թույլ տված ահավոր սխալներն ու առաջ գնալ: Նայել պատմությանը, նայել երեկին, ապաշխարել ու առաջ գնալ: Դեռևս 1919 թվականին թուրք կառավարող շրջանները որոշում կայացրեցին պատժել երկրում այդքան մեծ չափերի հասնող հանցագործություններ կատարող և կազմակերպող անձանց: Ռազմական դատարանը 1919 թվականի հուլիսի հինգի որոշմամբ երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթին, Էնվերին և Ջեմալին, դոկտոր Նազըմին հեռակա կարգով մահվան դատապարտեց, մի շարք վիլայեթների դատական ատյաններ երկրին տնտեսական քայքայում պատճառելու, կայսրության տարածքներում զանգվածային ջարդեր կազմակերպելու և հակամարդկային այլ գործողությունների համար դատապարտեցին բազմաթիվ պաշտոնյաների, իշխող վերնախավի ներկայացուցիչների: Ինչպես տեսնում եք, թուրքերն իրենք են առաջինը ընդունել և դատապարտել զանգվածային կոտորածները՝ Ցեղասպանությունը: Սակայն այս ամենը շուտ մոռացության տրվեց, հանցագործներն ազգային հերոսներ հռչակվեցին: Թուրքիայում արձաններ են կանգնեցվել նրանց հիշատակի հավերժացման համար, աշխատություններ են գրվել, որոնցում խեղաթյուրվել են պատմական ճշմարտությունները… Մենք շատ բան չենք պահանջում, ընդամենն այն, որպեսզի այսօրվա կառավարող շրջանները քաջություն ունենան և դատապարտեն իրենց նախնիների եղեռնագործությունները… Դուք ասացիք, որ հայ ընկերներ ունեք, որ հիմա Ստամբուլում հայերն ապրում են խաղաղ ու հանգիստ… Հարաբերականորեն խաղաղ ու հանգիստ… Բայց ցավի հիշողությունը կա… Դատապարտումն ու ճանաչումը ցավի հիշողությունը կմեղմի…

ՕԿՏԱՅ – Ես կամաց-կամաց սկսում եմ հասկանալ ձեզ… Ես չգիտեի, որ առաջինը մենք ենք դատապարտել երիտթուրքերի առաջնորդներին: Մեր պատմագրությունն այդ փաստին չի անդրադառնում, չի հրապարակում… Ես մեկն էի նրանցից, ովքեր հրապարակ դուրս եկան և պաշտպանեցին Հրանտ Դինքի արդար դատը: Բայց, անկեղծ ասած, Հրանտ Դինքին էլ շատ չէի հասկանում: Նա միշտ ինձ համար ռոմանտիկ էր, միշտ բացառիկ մի մարդ էր, բայց ես այնքան էլ չէի հասկանում նրա պայքարի իմաստը: Մի կողմից երազում էր ժողովրդավարական Թուրքիայի մասին՝ այսպես դառնալով Թուրքիայի հարազատ զավակը, մյուս կողմից առաջ էր քաշում ցեղասպանության խնդիրը…

ԱՐԱՄ – Հրանտ Դինքն իր երկրի լավագույն քաղաքացին էր: Եվ ժամանակն է, որ շատերը հասկանան նրան… Հասկանան բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիային հնարավորություն են տալիս ազատվելու պատմական մեղքերից, վատ հիշողություններից… Գերմանիան քաջություն ունեցավ ներողություն խնդրելու հրեաներից…

ՕԿՏԱՅ – Հրեաները հողային պահանջներ չունեին Գերմանիայից…

ԱՐԱՄ – Ահա այն, ինչից վախենում են Թուրքիայի կառավարող շրջանները… Կան միջազգային պայմանագրեր, կա Սևրի դաշնագիրը… Կան, իհարկե, նաև խայտառակ համաձայնագրեր… Եկել է պատմությունը սթափորեն գնահատելու ժամանակը, եկել է պատմական անարդարություններին վերջ տալու ժամանակը:

ՕԿՏԱՅ - (մոտենում է Արամին, ամուր հպվում նրան): Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ տեղի ունեցավ այս զրույցը… Շնորհակալ եմ, որ պատմեցիք այդ դժբախտ ընտանիքի մասին… Ինձ համար ինչ-որ բան փոխվեց, ինչ-որ բան արժևորվեց…

Կտրուկ քայլերով ներս է մտնում Ծերունին՝ ձեռքին հնամաշ մի գիրք: Նա չի տեսել Արամին, մոտենում է Մատուցողին, հրում նրա թևից: Մատուցողը արթնանում է:

ԾԵՐՈՒՆԻ – Ու՞ր է այն հայ մարդը: Ու՞ր գնաց նա:

ՄԱՏՈՒՑՈՂ - (ցույց է տալիս Արամին): Ոչ մի տեղ էլ չի գնացել: Ահա:

ԾԵՐՈՒՆԻ - (մոտենում է Արամին): Լավ է, որ չեք գնացել: Ես գիշերները չեմ քնում… Պառկում եմ ու հիշում եմ խեղճ ծերունի Լիրին, որն ինձ նման մեկն էր… Դուք Լիրի՞ն ճանաչում եք: Կարծում եմ, կճանաչեք, որովհետև ձեր երկրում էլ է երկրաշարժ եղել, ինձ նմանները ձեր երկրում էլ են եղել… Ես Լիրի հետ հասա աշխարհի ծայրը, փնտրեցի բոլոր անօրեններին, բոլոր ուրացողներին, բայց նրանք ամուր փակեցին դռներն իմ առջև… Ես ձեզ հրաժեշտ տվեցի և գնացի իմ կացարանը, որն այգու մեջ է մի մեծ ծառի տակ… Մի հին վերմակ, ներքնակ է, որն արդեն մաշվել ու քրքրվել է… Ես այդ ներքնակի ինչ-որ բաներ եմ պահում, որոնք ինձ հետ իմ քաղաքից եմ բերել… Ես ձեզ ասացի, որ մեր թատրոնի տանիքից գրքեր թափվեցին… Քարերի նման, ծանր գրքեր, որոնցից շատերի թերթիկները խաղում էին քամու թևերին… Դուք տեսե՞լ եք, թե քամին ինչպես է օրերում պատշգամբներից կախված լվացքը… Այդ գրքերի թերթիկները նման էին լվացքի… Պարզվեց, որ ես այդ գրքերից մեկը խցկել եմ իմ ներքնակի մեջ… Ուզում եմ ձեզ ցույց տալ այդ գիրքը… (Գիրքը հանձնում է Արամին, Արամն ուշադիր զննում է, սկսում զգուշությամբ թեթրթել էջերը:) Դե ինչ, լա՞վ գիրք է… Մատուցող, կարելի՞ է մի լավ երաժշտություն միացնես:

ՄԱՏՈՒՑՈՂ – Մեկ լիրա պետք է նետես արկղի մեջ, դու ինձանից լավ գիտես:

ԾԵՐՈՒՆԻ – Գիտեմ, գիտեմ… Բայց չէ, էլ չեմ ուզում երաժշտություն լսել, ուզում եմ գնալ ու քնել:

ՄԱՏՈՒՑՈՂ – Գնա ու քնիր:

ԾԵՐՈՒՆԻ – Սպասիր: (Մոտենում է Արամին): Ոչինչ չասացիք, հայ մարդ:

ԱՐԱՄ – Սա ուղղակի հայտնություն է: Աշխարհի չափ շնորհակալ եմ ձեզ:

ԾԵՐՈՒՆԻ – Իսկ ի՞նչ գիրք է:

ԱՐԱՄ – Աստվածաշունչ է, շատ հին…

ԾԵՐՈՒՆԻ – Հասկացա… Լավ գիրք եմ փրկել ու բերել… Ես քրիստոնյա չեմ, բայց հարգում եմ բոլոր կրոնները… Ուրեմն, այս գիրքը ձեզ նվեր, Հայաստան տարեք, ցույց տվեք մարդկանց, որ մի մակեդոնացի, որը թուրք է, պահել ու պահպանել է այս գիրքը… Պահպանել է, որպեսզի չկորցնեի…

ԱՐԱՄ - (գրկում է Ծերունուն): Դուք անգին գանձ ինձ տվեցիք, ինչպե՞ս երախտահատույց լինեմ ձեզ:

ԾԵՐՈՒՆԻ – Դուք արդեն ինձ երախտահատույց եղաք, պարտադրեցիք հիշել, որ ես մակեդոնացի եմ, որ ես պատմություն ունեմ… Դա արդեն շատ մեծ բան է…

ԱՐԱՄ - (Մատուցողին): Երեք գավաթ գարեջուր կբերե՞ք:

ԾԵՐՈՒՆԻ – Ի՞նձ էլ եք հյուրասիրում:

ԱՐԱՄ – Իհարկե, ձեզ և Օկտային:

ՄԱՏՈՒՑՈՂ – Հիմա կբերեմ: (Գնում է):

ՕԿՏԱՅ – Ես էլ ուզում եմ ձեզ իմ տուն հրավիրել, կնստենք, կզրուցենք: Ես ուզում եմ շատ բան իմանալ, ուզում եմ սրբագրել իմ գիտելիքները:

ԱՐԱՄ – Ես անպայման կգամ, բայց ոչ այսօր: Խմենք գարեջուրն ու ես գնամ: Բարեկամս կանհանգստանա… Երբ տանից դուրս էի գալիս, խոստացա, որ շատ շուտ կվերադառնամ… Բայց եկա ու մնացի…

ՕԿՏԱՅ – լավ է, որ մնացիք:

Մատուցողը գարեջուր է բերում: Երեքով նստում են սեղանի շուրջ: Ծերունին վերցնում է գարեջրի գավաթը, մոտեցնում շուրթերին:

ԾԵՐՈՒՆԻ – Ի՞նչ լավ է բուրում…

ԱՐԱՄ – Ես Ստամբուլում սովորեցի գարեջուր խմել:

ՕԿՏԱՅ – Ես էլ սովորեցի պատմությանը նայել շիտակ հայացքով:

ԾԵՐՈՒՆԻ – Երբ հաջորդ անգամ Ստամբուլ այցելեք, դարձյալ եկեք այս սրճարանը, գուցե դեռ ողջ մնացած լինեմ:

ԱՐԱՄ – Իհարկե կգամ, անպայման կգամ: Չեմ մոռանա այս սրճարանը: Իսկ ինչպե՞ս է այն կոչվում:

ՕԿՏԱՅ – Կոչեք սրճարան ,,Հիշողություն,,… Չնայած ուրիշ անուն ունի… Բայց մենք հենց այդպես էլ կոչենք՝ սրճարան ,,Հիշողություն,,: Ու թող այդպես մնա մեր պատկերացումներում…

Օկտայը մոտենում է նվագարկիչին, սեղմում կոճակը: Տաղավարով մեկ տարածվում է ,,Լորիկը,,…


ՎԵՐՋ


12345678910111213
    Դիտվել է 864 անգամ
    12