Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

650 կգ քաշով ջահը հանդիսատեսների գլխավերևով կթռչի վայրկյանում 2,5 մետր արագությամբ

07.11.2014

Այսուհետ Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Օպերայի ուրվականը» մյուզիքլի հայտնի տեսարանը, որտեղ առաստաղից կախված ջահը պոկվում և գահավիժում է ցած, շատ տպավորիչ և առավել անվտանգ, քան որևէ այլ վայրում, կներկայացվի Մոսկվայի երիտասարդության պալատի նորացված բեմում: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հայտնի երաժշտական ներկայացման մեջ այդ տեխնիկական խնդիրը առավել տպավորիչ լուծելու հնարավորությունը Մոսկվայի երիտասարդության պալատի դահլիճում հնարավոր է դարձել հիմնանորոգումից հետո, որտեղ այժմ նախապատրաստվում են հայտնի մյուզիքլի բեմադրությանը:

Նշենք, որ պրեմիերան նշանակված է հոկտեմբերի 4-ին:

Ի դեպ, հիմնանորոգումից հետո Ռուսաստանի մայրաքաղաքի այդ թատերական հրապարակը դարձել է ամենամեծ հանդիսասրահ ունեցողը: Այնտեղ այժմ կա 1850 նստատեղ: Բեմը առավել մեծ խորություն է ստացել և կարող է հանգիստ ձևավորվել նաև մեծածավալ դեկորացիաներով: Դահլիճում գործում է միջազգային չափանիշներին համապատասխանող ձայնային և լուսային սարքավորում:

Նորացված թատերական հրապարակի տեխնիկական հագեցվածության մասին պատկերացումն ամբողջացնելու համար ասենք, որ «Օպերայի ուրվականը» մյուզիքլի ջահի ընկնելու տեսարանում 650 կգ-անոց լուսատուն հանդիսատեսների գլխավերևով պետք է թռչի վայրկյանում 2,5 մետր արագությամբ:

Մոսկվայի երիտասարդության պալատի հիմնանորոգման արդյունքում փոփոխություններ կկատարվեն շենքի շրջակա միջավայրում, իսկ կենտրոնական դահլիճ տանող ճանապարհը կանցնի գեղանկարչական աշխատանքների ցուցասրահով:

Մշակութային օջախի հիմնանորոգման ծախսերն, ընդհանուր առմամբ, կկազմեն 200 մլն ռուբլի:

Ավելացնենք, որ «Օպերայի ուրվականը» մյուզիքլի բեմականացման մասնակիցները նախատեսել են աշխատանքային այցով լինել Լոնդոնում և դիտել West End-ում ներկայացվող բեմադրության անգլիական տաբերակը, ապա գնալ Փարիզ, որը մյուզիքլի գրական հենքը հանդիսացող վեպի և բեմադրության գործողությունների վայրն է:
    Դիտվել է 1071 անգամ