Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նույն վարվեցողության կանոնը Հայաստանի և Բրիտանիայի թատրոններում

07.18.2014


Լոնդոնի «Ջերմին-սթրիթ» թատրոնը պատրաստվում է պաշտոնապես արգելել բջջային հեռախոսների օգտագործումը ներկայացման ժամանակ: Այդ մասին «thetimes.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդպիսի որոշման շարժառիթ է ծառայել «Անբարոյական գործողությունների համար ձերբակալվելուց հետո տրված ցուցմունքներ» («Statements After an Arrest Under the Immorality Act») ներկայացման ժամանակ թատրոնում օրերս տեղ գտած միջադեպը:

Դերասան Դևիդ Ջաջը կասկածել է, որ հանդիսատեսներից մեկը հեռախոսով նկարահանում է իրեն այն պահին, երբ բեմական իրավիճակից ելնելով ինքը հայտնվում է մերկացած վիճակում: Նա նույնիսկ ընդհատել է իր խաղը և ուղղակի բեմից դիմել է իրեն նկարահանող տղամարդուն, ում հեռախոսը ներկայացման ընթացքում երկար ժամանակ միացված վիճակում էր:

Սակայն, երբ թատրոնի աշխատակիցները ստուգել են այդ մարդու հեռախոսը, դրա մեջ համապատասխան տեսագրություն կամ լուսանկար չեն հայտնաբերել: Իսկ հանդիսատեսը պարզապես հայտարարել է, որ ինքն ընդամենը իր հիվանդ որդուն հաղորդագրություններ գրելիս է եղել: Ասենք, որ, հետո պարզվել է, որ այդ հանդիսատեսի հեռախոսը ներկայացման ընթացքում միայն 15 րոպե է միացված վիճակում եղել:

Ինչևէ: Բայց եթե այս դեպքից հետո «Ջերմին-սթրիթ» թատրոնում արգելվի բջջային հեռախոսների օգտագործումը, ապա այն կդառնա առաջին բրիտանական թատրոնը, որը պաշտոնապես կարգելի հանդիատեսների կողմից կապի այդ միջոցների կիրառումը ներկայացման ժամանակ:

Այս պահին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Բրիտանիայում գործում է նույն սկզբունքը՝ բջջային հեռախոսի անջատումը դիտարկվում է հանդիսատեսի կողմից քաղաքակիրթ վարվեցողության դրսևորում:
    Դիտվել է 918 անգամ