Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բալետային ֆլեշմոբ՝ թռիչքից առաջ

11.24.2014

Օրերս մի քանի ակնթարթ իրեց ճամպրուկային տրամադրությունների մասին մոռանալու և անսպասելի հաճելի անակընկալի առջև հայտնվելու առիթ են ունեցել Սանկտ-Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանի ուղևորները:

Թռիչքի մեկնող ուղևորների տերմինալում հանկարծ հնչել է բարձր երաժշտություն և ... ֆլեշմոբ ձևաչափով իրենց ջազային համարի կատարմամբ սկսել են հանդես գալ Բալետի ակադեմիական թատրոնի 40 արտիստներ՝ Բորիս Էյֆմանի ղեկավարությամբ :

Հայտնի խորեոգրաֆը ամերիկյան ջազի դասական Ջորջ Գերշվինի երաժշտության և Ֆրենսիս Սքոթ Ֆիջերալդի «Գիշերը քնքույշ է» վեպի հիման վրա պատրաստվող իր «Up & Down» բեմադրության այդ հատվածի ցուցադրմամբ ասես ներկաներին տեղափոխել է դեպի անցյալ դարի 20-ական թվականներ, որտեղ թագավորում էր ջազը:

«Մենք առաջին անգամ որոշեցինք իրականացնել այսօր արդեն մասսայականություն վայելող ֆլեշմոբի այսպիսի մի փորձ և հանդիպեցինք օդանավակայանի ղեկավարության լիարժեք քաջալերմանը:Այս միջոցառումը ամերիկյան դասական թեմաներով մեր ապագա բալետի յուրահատուկ անոնսն էր, որի պրեմիերան տեղի կունենա հունվարի վերջին»,- ասել է Էյֆմանը:

Նա նաև նշել է, որ Եվրոպայում այսպիսի ֆլեշմոբերը արդեն ավանդույթ են դառնում, այն անցկացվում է ամենատարբեր հարթակներում այնպիսի բալետային համույթների կողմից, ինչպիսիք են Բեռլինի, Վիենայի, Ամստերդամի համույթները: Պետերբուրգցի վարպետները նույնպես, իրենց հյուրախաղերի թռիչքի օրը, մեկնելուց առաջ փորձել են այսպիսի հաղորդակցման եղանակը: Ելույթից հետո նրանք դարձել են Վարշավա թռչող օդանավի ուղևորներ: Լեհաստանի մայրաքաղաքում նրանք մասնակցելու են այնտեղ մեկնարկող բալետի փառատոնին:


    Դիտվել է 880 անգամ