Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դ. Դոննելլան. «Մարդիկ բառերով չեն կարող արտահայտել վիշտը, կորստի ցավը...»

03.11.2015

Մոսկվայում, Ռուսաստանի Մեծ թատրոնում այսօր կկայանա շեքսպիրյան նշանավոր «Համլետ»-ի բալետային ներկայացման համաշխարհային պրեմիերան:Բեմադրությունն իրականացվել է բրիտանացի ռեժիսոր Դեկլան Դոննելլանի, մոլդովացի երիտասարդ խորեոգրաֆ Ռադու Պոկլիտարուի և բեմանկարիչ Նիկա Օրմերոդի համագործակցության արդյունքում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

«Համլետ»-ը Մեծ թատրոնում այս երեք արվեստագետների երկրորդ համատեղ աշխատանքն է: Մինչ այդ, դեռ 2003 թ.-ին նրանք մոսկվացի հանդիսատեսներին էին ներկայացրել շեքսպիրյան մեկ այլ գլուխգործոց՝ «Ռոմեոն և Ջուլիետան» բալետը:
«Ես չէի ցանկանում բալետը բեմադրել սոսկ որպես պիեսի արտացոլք: Կարևոր էր արտահայտել այն, ինչի մասին մտածել է Շեքսպիրը, երբ ստեղծում էր այս պիեսը: «Համլետ»-ը ստեղծագործություն է կորստի մասին, այն մասին, թե ինչպես մենք չենք կարողանում հաշտվել կորուստների հետ: Մարդիկ բառերով չեն կարող արտահայտել վիշտը, կորստի ցավը՝ այստեղ բառերը չեն աշխատում: Դա գիտեին բոլոր մեծ գրողները և Շեքսպիրը, և Չեխովը: Ես կարծում եմ, որ ի սկզբանե եղել է ոչ թե բառը, այլ շնչառությունը, շարժումը: Մենք աշխատել ենք պարի լեզվով փոխանցել այն, ինչը հնարավոր չի ասել բառերով»,-ասել է Դոննելլանը:

Ռեժիսորը նշել է, որ ինքն ուրախ է 12 տարի ընդմիջումից հետո կրկին Մեծ թատրոն վերադառնալու համար:

Դոննելլանը Շեքսպիրի պիեսները բեմադրում է ամբողջ աշխարհով մեկ, գործնականում, իր ողջ կյանքի ընթացքում: Իսկ Ռուսաստանում նրա շեքսպիրյան ներկայացումներին կարելի է հանդիպել ոչ միայն Մոսկվայի, այլև Սանկտ պետերբուրգի մի քանի թատրոններում:

«Մեր Համլետը» ներկայացում է իսկական, կենդանի թատրոնի համար, որտեղ դերասանները ոչ միայն լավ են կատարում իրենց դերը, այլև այն խաղալիս ստանում են իսկական բավականություն: Մեր խաղացանկում եղել են զանազան բեմադրություններ՝ այնպիսիք, որոնցում ցուցադրել ենք, թե որքան հիանալի ենք մենք պարում, ինչպես ենք տիրապետում տեխնիկային: Բայց այսօր մենք ներկայացնում ենք բալետ, որն ի վիճակի է առաջացնել ուժեղ զգացմունքներ, որպեսզի ողջ ներկայացման ընթացքում, նրա յուրաքանչյուր ակնթարթում հանդիսատեսները լինեն բեմում ծավալվող իրադարձության ներսում: Մենք ներկայացնում ենք բալետ, որը կստիպի խորհել շատ բաների մասին»,- ասել է Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը:

Ներկայացման մեջ զբաղված են տարբեր սերնդի արտիստներ: Պրեմիերային ներկայացման ժամանակ գլխավոր դերերում հանդես են եկել Դենիս Սավինը, Յուրի Կլևցովը, Անաստասիա Ստաշկևիչը, Աննա Բալուկովան, Ալեքսանդր Պետոիխովը, Վիկտոր Բարիկինը:

«Համլետը» Մեծ թատրոնում Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված երկրոդ նոր ներկայացումն է: Առաջինը «Անսանձ կնոջ սանձահարումն» է՝ ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Քրիստոֆ Մայոի բեմադրությամբ:
    Դիտվել է 993 անգամ