Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը փորձել է նոր թարմություն հաղորդել առաջին սիրո զգացմունքայնությանը

06.17.2015


Սանկտ Պետերբուրգում Մարինյան թատրոնը նախապատրաստվում է իր հանդիսատեսներին ներկայացնել Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերայի մի նոր տարբերակ, որը բեմադրում է բրիտանացի ռեժիսոր Կլաուդիա Շոլթին: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կլաուդիա Շոլթին համաշխարհային համբավ վայելող դիրիժոր Գեորգ Շոլթիի դուստրն է: Նա ավարտել է Օքսֆորդի համալսարանի «Անգլերեն գրականության» մասնագիտական կուրսը: Նրա աշխատանքային գործունեության հիմնական ուղղվածությունը կինեմատոգրաֆիան է, իսկ թատրոնում իր դեբյուտը կատարել է «Սպիտակ գիշերների աստղերը» թատերական 19-րդ փառատոնում: Այդ ժամանակ նա բեմադրել էր Բրիթենի «Քունը ամռան գիշերով» օպերան, որն, այնուհետև, ներկայացվել էր «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության:

«Տրավիատա»-ում Վերդին իր կախարդական երաժշտությամբ ներկայացնում է ողբերգական սիրո պատմություն: Այն այսօր էլ համարվում է համաշխարհային օպերային ստեղծագործություններից ամենապահանջարկվածներից մեկը:

Վերդիի այս հանճարեղ ստեղծագործությունը անհաջողություն է կրել պրեմիերայի ժամանակ, որը կայացել է 1853 թ.-ին Վենետիկի « La Fenice» թատրոնում: Սակայն մեկ տարի անց այն նվաճել է ամբողջ աշխարհը: 1855 թ.-ին օպերան բեմադրվեց Վիենայում, ապա՝ Մադրիդում, Բարսելոնում, Փարիզում, Պետերբուրգում, Լոնդոնում, և Նյու-Յորքում:

Ալեքսանդր Դյումա-որդին, ում վեպի հիման վրա ստեղծվել է օպերան, ասել է, որ «իմ «Քամելազարդ տիկնոջ» մասին ոչ մեկը, երբևէ չէր հիշի, սակայն Վերդին այն անմահացրեց»:

Իր բեմադրության մեջ Շոլթին փորձել է նոր թարմություն հաղորդել առաջին սիրո զգացմունքայնությանը:

«Ամենից գլխավորն իմ համար այն է, որ սիրահարների՝ Վիոլետայի և Ալֆրեդի դերերը, որոնցով, սովորաբար հանդես են գալիս տարիքով արտիստները, մեր ներկայացման մեջ խաղում են երիտասարդներ: Ես ցանկանում եմ ցուցադրել կենդանի մարդկանց, ովքեր կազմված են մսից և արյունից և ովքեր լեցուն են պատանեկության զգացողությամբ ու կրքով:

Հերոսների վարքըպետք է լինի ժամանակակից, բայց նրանք կունենան ոչ ժամանակակից տեսք: Այնպես, որ, արդյունքում կստացվի իմ համար նախընտրելի ոճերի խառնուրդ»,- ասել է Շոլթին: Իսկ ժամանակակից դեկորացիաներից նա հրաժարվել է, քանի որ ցանկացել է, որ ներկայացումը լինի գեղեցիկ:

Ավելացնենք, որ բեմադրության նվագավարը կլինի Վալերի Գերգիևը:
    Դիտվել է 894 անգամ