Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհակալագիր, պարգև, մեծածավալ ներկայացման դեբյուտ և պրեմիերա

06.20.2015

Փետրվարի 19-ի երեկոյան Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, «Խնջույք ամառանոցում» ներկայացման պրեմիերայից առաջ, հանդիսատեսներին նախ դրական լիցքեր ու հաճելի պահեր մատուցվեցին ոչ թատերական ձևաչաիով:

Նախաբեմում սկզբում երևացին թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը և տնօրեն Ֆրեդ Դավթյանը: Նրանք, հանդիսատեսից ներողություն խնդրելով, բեմ հրավիրեցին դահլիճում գտնվող Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչներին:

Պարզվեց, որ ՌԴ դեսպանատան աշխատակիցները այս անգամ թատրոն են ժամանել ոչ միայն ներկայացման պրեմիերայի համար , այլ նաև ունեն պաշտոնական առաքելություն: Նրանք ներկայացրին Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից թատրոնի ղեկավարությանը և անձնակազմին հասցեագրված շնորհակալական ուղերձ, որտեղ Վ. Պուտինը նշել էր ռուսական և հայկական բեմարվեստը լավագույնս ներկայացնելու գործում թատրոնի կատարած մեծ ներդրման մասին:

Բացի այդ, ինչպես արդեն հաղորդվել է, 2015 թ.-ի փետրվարի 4-ի հրամանով ՌԴ նախագահ Վ. Պուտինը Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենին պարգևատրել էր Պուշկինի մեդալով: Ներկայացումից առաջ կայացած այդ կարճ պաշտոնական արարողության ժամանակ ՌԴ նախագահի պարգևը հանդիսավորությամբ հանձնվեց հասցեատիրոջը՝ Ֆրեդերիկ Դավթյանին:

Իսկ բեմադրությունը, որի պրեմիերան կայացավ հանդիսավոր մասից հետո, ներկայացնում էր ռուս երիտասարդ դրամատուրգ Վ. Ժերեբցովի պիեսի յուրահատուկ մեկնաբանությունը:

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանն իր մեծակտավ դեբյուտային աշխատանքը նվիրել էր սոցիալական տարբեր հարթություններում հայտնված ժամանակակից ռուս երիտասարդների ու աղջիկների հոգեբանական մի շարք հիմնախնդիրների վերհանմանը:

Նրանց մեջ կյանքը ներարկել է ծնողների ու հարազատների նկատմամբ վերաբերմունքի նոր որակներ: Այդ որակները հաճախ ոչ միայն տարամիտվում են բարոյականության ընդունված չափանիշներից, այլև կարող են վերաճել շատ վտանգավոր միտումների: Երիտասարդների նոր աշխարհը արդեն ընտրել է իր նոր հավատո հանգանակը և առաջնորդվում է բոլոր եղանակներով դրան հավատարիմ մնալու սկզբունքով: Այսօր, արդեն, նրանց նոր հավատո հանգանակն ունի շքեղ, անսանձ ու շվայտ ապրելակերպի դիմագիծ: Նրանք ֆետիշացնում են փողը, իսկ ընկերների հետ հարաբերությունների արժևորման մեջ ունեն նոր բարոյական (իսկ ավելի ճիշտ՝ անբարոյական) չափանիշներ ու տեխնոլոգիաներ և կարողանում են իրենց խնդիրները լուծել հենց, հատկապես, դրանց միջոցով...

Երիտասրդ ռեժիսոր Նորա Գրիգորյանի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դստեր, առաջին մեծածավալ բեմադրական աշխատանքը և ներկայացման մեջ զբաղված դերասանների տաղանդավոր խաղը հանդիսատեսն ընդունեց ջերմորեն:
    Դիտվել է 1156 անգամ