Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր թատերական սեզոնի ամենից հագեցված զգացմունքային օրերը

10.10.2015


Սանկտ-Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը Մոսկվայում այսօր մեկնարկած «Ստանիսլավսկու սեզոն» թատերական փառատոնում ցուցադրում է իր լեգենդար «Եղբայրներ և քույրեր» ներկայացման նոր տարբերակը՝ վերնագրում կատարելով «2015-ի խմբագրություն» հավելումը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

4 ժամ տևողությամբ, երկմասանոց ներկայացումն, ըստ էության, հանդիսատեսին մատուցվելու է գրեթե ողջ օրվա ընթացքում: Նշենք, որ Պետերբուրգում այն ցուցադրվում է երկու երեկոյի ընթացքում:

Դոդինյան հայտնի բեմադրության նոր տարբերակում հիմնականում ներգրավված են պետերբուրգյան թատերախմբի երիտասարդ արտիստները: Փաստորեն սա յուրահատուկ մրցույթ է արդեն պատմություն դարձած և նոր բեմադրական շունչ ստացած ներկայացումների միջև: Նշենք, որ նախկին բեմադրության դեկորացիաները վերականգնվել են և համոզիչ բեմական միջավայր են ձևավորում նաև նոր ներկայացման համար:

Որոշ մասնագիտական շրջանակներում «Ստանիսլավսկու սեզոն» փառատոնը գնահատվում է, որպես Մոսկվայում մեկնարկած նոր թատերական սեզոնի ամենից հագեցված զգացմունքային օրերը: Նման որակման համար հիմք է ծառայել, թե Լև Դոդինի նոր ներկայացումը և թե փառատոնի շրջանակներում զուգահեռ ցուցադրվող պուշկինյան «Բորիս Գոդունովը», որի բեմադրությունը իրականացրել է Լիտվայի փոքր դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և լեգենդար ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսը:
    Դիտվել է 859 անգամ