Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լոնդոնում և օն-լայն 50 հազար մարդ ունկնդրել է Հոմերոսի անմահ պոեմները

11.13.2015

Նախօրեին Լոնդոնում ընթացող Հունական սեզոնի միջոցառումների շրջանակում կայացել են Հոմերոսյան ընթերցումներ, որոնց ընթացքում լսարանին են ներկայացվել բանաստեղծի «Ոդիսականը» պոեմը: Այդ մասին «playbill.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հետաքրքրական է, որ «Almeida» թատրոնի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը կազմակերպվել է բացօթյա՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի առավել նշանավոր 4 տեղերում: Ընթերցումների «հանդիսասրահ» մուտքը թույլատրվել է տոմսերով, որոնք վաճառվել են անմիջապես տեղում:

«Ոդիսական»-ին անմիջապես հաջորդել է անտիկ բանաստեղծի մյուս անմահ գործի՝ «Իլիականի» բեմական ընթերցումը, որը նույնպես անցել է մեծ հաջողությամբ:

Նշենք, որ այդ գրական ներկայացումներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 60 դերասան:

Այս ամբողջ իրադարձությունը հեռարձակվել է նաև համացանցով՝ օն-լայն, որին հետևողների թիվը իրադարձության վայրերում մասնակցողների հետ կազմել է ավելի քան 50 հազար մարդ: Ավելացնենք, որ միջոցառման օն-լայն ուղիղ հեռարձակումը շարունակվել է 16 ժամ:

Այժմ այս ամենը զետեղված է «Almeida» թատրոնի կայքում և հասանելի բոլոր ցանկացողների համար:
    Դիտվել է 802 անգամ