Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումը՝ հյուրերից, իսկ նվագախումբը՝ տանտերերից

12.03.2015


«Մեր թատրոնը հնարավորություններ չունի պահել և հյուրախաղերի մեկնել սեփական նվագախումբի հետ միասին: Իսկ կենդանի նվագախմբի հետ յուրաքանչյուր ելույթ հատուկ իրադարձություն է՝ ինչպես մեր, այնպես էլ մեր հանդիսատեսների համար»,- խոստովանել է Իտալիայի Թուրին քաղաքում հյուրերախաղերով հանդես եկող Սանկտ-Պետերբուրգի բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Էյֆմանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Հայտնի խորեգրաֆի գլխավորած թատերախումբը եվրոպական երաժշտական կյանքի կարևոր կենտրոնը համարվող իտալական քաղաքում հանդես է գալիս առաջին անգամ: Ամանորյա ծրագրում ռուսաստանցի արտիստները թուրինցի հանդիսատեսներին կներկայացնեն տեղական մամուլի բնորոշմամբ «կատարյալ գեղեցկություն» «Աննա Կարենինա» և «Եվգենի Օնեգին» բալետները:

Էյֆմանի ասելով իտալական մյուս քաղաքներն արդեն այս ներկայացումներին իրենց մատուցմամբ ծանոթ են:

Հյուրախաղերը, որոնք մեկնարկում են այսօր, կշարունակվեն մինչև դեկտեմբերի 13-ը և կընթանան Թուրինի փառաբանված «Ռաջիո» թատրոնում: Ռուս արտիստներին ուղեկցող նվագախումբը կղեկավարի մաէստրո Դևիդ Լևին:

Ավելացնենք, որ Լև Տոլստոյի հայտնի վեպի հիման վրա բեմադրված «Աննա Կարենինա» բալետը Պետերբուրգում առաջին անգամ ցուցադրվել է 2005 թ.-ին: Չայկովսկու երաժշտությամբ ստեղծված բեմադրությունը արդեն 10 տարի անփոփոխ հաջողությամբ ներկայացվում է աշխարհի ամենատարբեր բեմերում: Պետերբուրգցի արտիստները հանդես են եկել Ամերիկայի, Մեծ Բրիտանայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների բազմաթիվ հանդիսատեսների առջև:

Իսկ «Եվգենի Օնեգին» բալետը, որ բեմադրվել է ըստ Ալեքսանդր Պուշկինի վեպի և Չայկովսկու և Սիտկովեցկու երաժշտության, իր առաջնախաղը ներկայացրել է 2009թ .-ին: Այս բեմադրությունը եղել է Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող «Ոսկե դիմակ» ազգային և «Ոսկե լուսարձակ» թատերական մրցանակների հավակնորդ:
    Դիտվել է 1163 անգամ