Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրյան «Համլետ»՝ հրթիռային ռմբահարումից հետո, ուղղաթիռների հռնդյունի ներքո

04.12.2016

Լոնդոնի «Globe Theatre» թատրոնը, որը համարվում է շեքսպիրյան նշանավոր «Globe» թատրոնի ժառանգորդն ու գործը շարունակողը, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ներկայացրել է անգլիացի մեծ դրամատուրգի «Համլետ» ողբերգությունը՝ թատերական հրապարակի հարևանությամբ գտնվող NATO-ի շտաբ-բնակարանի օդանավակայան ժամանող կամ այնտեղից մեկնող ուղղաթիռների հռնդյունի ներքո: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newizv.ru»-ին:

Այս ներկայացումը անգլիական թատրոնն իրականացրել է Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 450 ամյակին նվիրված միջազգային հյուրախաղերի սեփական նախագծի շրջանակներում: «Globe»-ն իր նախաձեռնած համաշխարհային շրջագայության ընթացքում արդեն շեքսպիրյան ստեղծագործությունների հիման վրա բեմադրություններ է ներկայացրել բազմաթիվ երկրներում՝ սկսած Ռուանդայից և ավարտած Լիտվայով:

Քաբուլում թատերախումբը հանդես է եկել Բրիտանական դեսպանատանը պատկանող թենիսի հրապարակում: «Սա Դանիայի արքայազնի մասին պատմությունը ցուցադրելու ամենաանսովոր վայրերից մեկն է»,- նշել է Աֆղանստանում Բրիտանական թագավորության դեսպան Դոմինիկ Ջերմին:

Ըստ լրատվամիջոցների, իշխան Համլետի պատմությունը առանձնահատուկ ձևով է ընկալվել այդ երկրում, որն, արդեն, 30 տարի գտնվում է պատերազմների հորձանքում: Սակայն, ինչպես նշել է աֆղան դերասան Աբդուլ Քադին Ֆարուհը, Շեքսպիրի ժառանգության ազդեցությունը դուրս է գալիս Բրիտանիայի սահմաններից և տասնամյակներով արևմտյան թատրոնի հետ առնչություններից զրկված աֆղանների համար շարունակում է մնալ պահանջարկված:

Ասենք, որ «Համլետ»-ը ցուցադրվել է կիրակի երեկոյան: Իսկ դրան նախորդած գիշերը Քաբուլը ենթարկվել էր հրթիռային գիշերային ռմբահարումների, իսկ ներկայացումից առաջ հանդիսատեսները զգուշացվել են, թե ինչ պետք է անեն հանկարծակի վտանգ առաջանալու դեպքում:



Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Շեքսպիր
    Դիտվել է 828 անգամ