Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փակվել է Լեհաստանի միակ հրեական պետական թատրոնը

06.09.2016

Հունիսի սկզբներին Վարշավայում անորոշ ժամանակով փակվել է տեղի Հրեական պետական թատրոնը: Ըստ պաշտոնական մեկնաբանության, դրա պատճառը շենքի վթարային վիճակն է, սակայն տեղական թերթերը հաղորդում են, որ դա կապված է ինչ-որ մասնավոր ներդրողի ցանկության հետ, ով թատրոնի տեղում կամեցել է բարձրացնել 30 հարկանի գրասենյակային երկնաքեր:

Հրեական սոցիալ-մշակութային ասոցիացիան Լեհաստանի մայրաքաղաքի Գժիբովսկու հրապարակում գտնվող մշակութային հաստատության միահարկ շենքը վաճառել է իր ֆինանսական հիմնախնդիրների պատճառով: Կառույցը երկար տարիներ գտնվում էր վատ վիճակում, իսկ ասոցիացիան ֆինանսական հնարավորություններ չէր կարողանում հայթայթել այն վերանորոգելու համար: Այդ մասին տեղեկացնում է «jewishnews.com.»-ը:

Ապագա երկնաքերը կառուցող «Ghelamco» շինարարական ընկերությունը խոստացել է, որ իրենց բարձրացրած շենքում Հրեական պետթատրոնին կհատկացվի համապատասխան տեղ: Իսկ շինարարության ողջ ընթացքում հրեական թատերախումբը ստիպված կլինի իր համար գտնել նոր տանիք: Եթե համապատասխան շինություն չգտնվի, ապա թատրոնի ողջ անձնակազմը և դերասանները կկորցնեն իրենց աշխատատեղերը:

Վարշավայի հրեական պետական թատրոնը հիմնադրվել է 1950 թ.-ին: Այն միակն է Լեհաստանում և երկրորդը ողջ Եվրոպայում, որտեղ նորկայացումները ցուցադրվում են հրեերեն: Թատրոնի տնօրենն է, ռեժիսոր և դերասան Գոլդա Թենսերը, ով նաև հրեական մշակույթին և լեզվին նվիրված «Singer՝s Warsaw» փառատոնի կազմակերպիչն է:
    Դիտվել է 927 անգամ