Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դ. Ռոդկին. «Ամեն ինչ պետք է իդեալական ցուցադրվի հենց այսօր և հիմա»

05.29.2017


Մեծ թատրոնի մենապարող Դենիս Ռոդկինի կարծիքով ռուսական բալետը տարբերվում է մյուսներից ոչ միայն բարձր տեխնիկայով, այլև դերասանական վարպետությամբ: Նա նաև նշել է, որ այսօր, սակայն, տեխնիկայով արդեն «դժվար է որևէ մեկին զարմացնել»:
«РИА новости»-ի հետ զրուցելիս նա առանձնացրել է իրենց բալետում հատկապես դերասանական վարպետությունը՝ նշելով, որ «... այստեղ մենք անհասանելի ենք»:

Սակայն Ռոդկինը տեխնիկական և դերասանական բաղադրիչները բալետում տեսնում է միասնության մեջ: «Ռուսական դպրոցը,.. հայտնի է բարձր տեխնիկայով և դերասանական սկզբով»,- ամփոփել է նա:

Մենապարողը նաև խոստովանել է, որ ինքը չի կարող նշել մի մասնագիտություն, որը դժվարությամբ ու բարդությամբ համարժեք լինի պարողի մասնագիտությանը: Թերևս միակ համադրելի ոլորտը այդ հարցով նա համարել է պրոֆեսիոնալ սպորտը: Սակայն սպորտում, նրա կարծիքով դրվածքն այլ է: «Նրանք մի քանի տարի պատրաստվում են, որպեսզի ցուցադրեն իրենց նվաճումները մեկ անգամ: Բայց նրանք ունեն դա փորձելու մի քանի հնարավորություն: Մենք երկրորդ փորձի հնարավորություն չունենք: Ամեն ինչ պետք է իդեալական ցուցադրվի հենց այսօր և հիմա»,- նշել է Ռոդկինը:

Նա նշել է, որ բալետի պարողները նաև, երբեմն, վնասվածք են ստանում: Սակայն երբ բեմ ես բարձրանում, ապա չի կարելի ցույց տալ, որ ինչ-որ տեղդ ցավում է: «Դահլիճում դա որևէ մեկին չի հուզում: Հանդիսատեսները եկել են ներկայացում դիտելու և հաճույք վայելելու գեղեցիկ կատարումից: Եվ մենք իրավունք չունենք հիասթափեցնել նրանց»,- ընդգծել է արտիստը:
    Դիտվել է 813 անգամ