Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սեփական կյանքը դասավորելու անասնական ձգտումը հակադրվում է մարդուն

09.23.2017

Երևանի «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի «Գոյ» ազգային փորձարարական կենտրոնը» հանդիսատեսին է ներկայացրել հակաուտոպիական ժանրի հերթական բեմադրությունը: Այս անգամ, սակայն, ի տարբերություն Բրեդբրերիի «451 աստճանի ըստ ֆարենհեյթի» հերոսների, ահազանգ հնչեցնողը մարդը չէ... այլ գյուղացիական ֆերմայի անասունները:

Համաշխարհային գրականության և մասնավորապես դրամատուրգիայում, քիչ չեն նույն արևի տակ մարդու կողքին բնակվող մերձավոր շնչավորների մասին պատմությունները: Սակայն, թեև այդպիսի «գործող անձանցով» ստեղծվող տեքստերը համախմբվում են հակաուտոպիական ժանրի յուրահատուկ հարթակում, բայց և այնպես դասականության գրադարակում քչերին է վիճակում տեղ զբաղեցնել:

«Գոյ» կենտրոնի հանդիսատեսն այդ հարցում, արդեն, վստահաբար կարող է վերցնել երիտասարդ ռեժիսոր Սարգիս Արզումանյանի մեկնած նոր այցեքարտը, որտեղ գրված է նոր ներկայացման հեղինակի Ջորջ Օրուելի անունը և 20-րդ դարի առաջին տասնամյակների հեղափոխական իրադարձությունների էներգիան ու հետևանքնրը յուրովի նյութականածրած պիեսի անվանումը՝ «Անասնաֆերմա»:

Այս ստեղծագործության հերոսները խոզերը, ավանակները, ոչխարները, ձիերը, հավերն ու գյուղացիական ֆերմայում ապրող, բայց իրենց ճակատագրին, ըստ էության մարդու պես տնօրինելու փորձ անող այլ անասուններն են:

Մարդու պես սեփական կյանքը դասավորելու անասնական ձգտումը, բնականաբար հակադրվում է հենց մարդուն: Սակայն հաղթող անասունը, ի վերջո, գալիս է այն սկզբունքային տեսակետին, որ նապոլեոնյան բարձրագույն իշխանության տանող աստիճանները կառուցված են խաբեության, անարդարության, շողոքորթության, մեծամտության, կեղծավորության, երեսին ժպտալու, իսկ թիկունքից հարվածելու որակներից:

Ահա թե ինչու, ներկայացման ողջ ընդարձակ կտավը բեմադրիչը ֆոկուսավորում է հերոսներից մեկի շուրթերով հնչող ասույթի մեջ. «Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները...»::
    Դիտվել է 935 անգամ