Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումներն անում են փողոցներում և հասնում հսկայական արդյունքների

09.27.2017


Մոսկվայում այս օրերին Ֆրանսիական հինգ քաղաքներից ժամանած մանկական թատրոնները «Գավրոշ: Ֆրանսիական սեզոն» միջազգային թատերական 11-րդ փառատոնի շրջանակներում ներկայացնում են իրենց բեմադրությունները: Կազմակերպիչները՝ մոսկովյան «Թատրոնը Սերպուխովկայում» և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատան ինստիտուտն են, որոնք ներկայացնելով միջոցառման ծրագիրը, նշել են որ Փարիզից, Ստրասբուրգից, Լիլլից, Գրասսից, Տուլուզից և Լիոնից ժամանած թատրոններն, ընդհանուր առմամբ , կցուցադրեն 40 ներկայացում: Այդ մասին «iz.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Թատերախմբերը կներկայացնեն ամենատարբեր ժանրերի աշխատանքներ՝ դրամա, նոր կրկես, տիկնիկային և վիզուալ թատրոն:

«Մանկական թատրոնը Ֆրանսիայում արագ զարգանում է: Մենք հարմար գտանք մեզանում արձանագրվող այդ միտումների մասին կիսվել մեր փոքրիկ հանդիսատեսների հետ»,- ասել է փառատոնի արթ-տնօրեն Մարինա Ռայկինան: Նա նաև հույս է հայտնել, որ ֆրանսիացիների ելույթները դիտելու կգան նաև նրանց ռուսաստանցի գործընկերները: Ըստ նրա Ֆրանսիայում պետությունը չի օգնում փոքր կոլեկտիվներին: Նրանք յուրացնում են փոքր տարածություններ, ներկայացումներն անում են փողոցներում և հասնում հսկայական արդյունքների:

Հետաքրքիր է, որ շատ ներկայացումների մեջ, որոնցում տեքստը նվազագույն մաս է կազմում, ներգրավվել են նաև ռուսաստանցի արտիստներ, որոնք իրենց հերոսներին ներկայացնելու են ռուսերենով:

«Այսօրվա աշխարհում, - ասել է ֆրանսիացի ռեժիսոր Էմանուել Դեմարսի-Մոտան,- քաղաքական փոխհարաբերությունները ծայրահեղ բարդ են, սակայն դա չի դիպչում արվեստին և հիանալի է, որ գոյություն ունեն փառատոններ, որոնք միավորում են հանդիսատեսներին և մշակույթները:

«Գավրոշ» փառատոնի շրջանակներում, որը կեզրափակվի հոկտեմբերի 1-ին, ֆրանսիացի արտիստները հանդես են կգան նաև բարեգործական ներկայացումներով, ելույթ կունենան մանկական բուժհաստատություններում, կանցկացնեն վարպետաց դասեր և այլն:
    Դիտվել է 1014 անգամ