Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստաս Նամինի թատրոնի ռեկվիզիտը մոխրացել է

10.19.2017

Մոսկվայի, Ստաս Նամինի ղեկավարությամբ գործող Երաժշտության և դրամայի թատրոնի պահեստում, հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած հրդեհը ոչնչացրել է հաստատության ռեկվիզիտը: Այդ մասին «rbc.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հրդեհը բռնկվել է երեք հարկանի շենքի նկուղային հարկում և ընդգրկել է 400 քառակուսի մետր մակերես:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 94 հրշեջ և 27 միավոր տեխնիկա: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Թատրոնի մամլո ծառայությունը հայտնել է, որ հրդեհի պատճառներն անհայտ են, իսկ թատրոնի կրած վնասները՝ մեծ:

Ասենք, որ, ըստ քաղաքային Արտակարգ իրավիճակների ծառայության կանխավարկածի, հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ հաստատության էլեկտրահաղորդման լարերի համակարգը, որը շահագործվում է արդեն 60 տարի:

Թատրոնը հոկտեմբերի երկրորդ կեսի համար հայտարարված ներկայացումների մի մասը չեղյալ է համարել, իսկ մի քանի ներկայացում էլ կցուցադրի այլ բեմահարթակներում:

Ստաս Նամինի կողմից 1999թ.-ին Մոսկվայում հիմնադրված թատրոնը հայտնի է իր նորարական բեմադրություններով: Խաղացանկը հիմնականում կազմված է երաժշտական ներկայացումներից: Պատրաստվում և ցուցադրվում են նաև տարբեր թեմաներով պերֆորմենսներ: Այս թատրոնի աշխատանքներում հաճախ են ներգրավվում նաև օտարերկրյա հայտնի ռեժիսորներ, թատերական կոլեկտիվներ և դերասաններ:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ստաս Նամինի թատրոնը վնասներ է կրում հաստատության հրդեհվելու հետևանքով:

Այդպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել երեք տարի առաջ՝ 2014թ.-ի հունվարին: Այդ պատահարից հետո ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր Մոսկվայի թատրոնների շենքերում հակահրդեհային կանոնների պահպանման ուղղությամբ ստուգումներ իրականացնելու և «Սև ցուցակ» կազմելու իր մտադրության մասին: Սակայն թե ինչ քայլեր են ձեռնարկվել այդ հայտարարությունից հետո, ռուսական լրատվամիջոցները չեն տեղեկացնում:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 785 անգամ