Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ե. Սիմոնովա. «Իմ թեման ... սիրո կորստի բացարձակ ողբերգությունն է»

12.15.2017


Այսօր, դեկտեմբերի 15-ին, Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնում կկայանա Յուն Ֆոսսեի «Սյուզանա» պիեսի պրեմիերան: Ռեժիսոր Ալեքսանդր Օգարևի ընթերցմամբ հանդիսատեսը կծանոթանա 19-րդ դարի նորվեգական գրականության և համաշխարհային դրամատուրգիայի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Հենրիկ Իբսենի կնոջ կյանքի պատմությանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «sdart.ru»-ին:

Պիեսում գրողի կինը՝ Սյուզանան, ներկայացված է 3 հասակներով: Յուրաքանչյուր հասակում նրա մեջ գերակայում են տարբեր բնավորության գծեր, որոնք բավականին բարդ և ոչ միանշանակ մարդու հետ ապրելու ընթացքում, ի վերջո, ֆոկուսավորվում և առավել ամբողջանում են հերոսուհու 3-րդ հասակում: Այն մարմնավորում է գրականության երկու հանճարների ՝ Տոլստոյի և Դոստոևսկու կանանց կերպարները նախկինում թատերական հարթակ բարձրացրած արտիստուհի՝ Եվգենիա Սիմոնովան:

«Մենք այդ կնոջը հանդիպում ենք կորստի պահին, երբ այն ամենը, որը նրան այդքան ցավ է պատճառել, այլևս չկա: Եվ այն, որ դա այլևս չկա, վերածվում է շատ ավելի ուժեղ ցավի, քան այն ցավը, երբ նա տառապում էր»,- նշում է դերասանուհին: Բայց և այնպես մեծ սիրո ու նվիրվածության զգացումը, նաև հանճարեղ ամուսնու կյանքի ուղեկիցը լինելու գիտակցությունը, Սյուզանայի ներաշխարհի գերակայությունն է, իսկ ամուսնուն իր կողքին զգալու բնազդն արթուն պահելը նրա անհրաժեշտություններից թերևս ամենագլխավորն է: Սա է հիմա կնոջ մեծ սիրո դիմաց պահանջվող վճարը:

«Ժամանկին Փիթեր Բրուքին հարցրել են, ինչն է առավել շատ նա գնահատում դերասանի մեջ: Ես կարծում էի, որ նա կպատասխանի՝ տեմպերամենտը, վարակիչությունը, ինտելեկտը, պոռթկունությունը: Իսկ նա պատասխանել է. լրիվ բացվածությունը և աշխատելու ունակությունը տարբեր ռեժիսորների հետ»:

Դերասանուհին նշել է, որ իրենից պահանջվում է խաղալ թեման: Ռեժիսորը գծում է ճեպանկարը, «...ես պետք է այն յուրացնեմ, աշխատեմ այն դարձնել օրգանական: Ինձ համար միշտ կարևոր է, որ թեման ինձ հարազատ լինի: Իմ թեման այս ներկայացման մեջ սիրո կորստի բացարձակ ողբերգությունն է»:
    Դիտվել է 1083 անգամ