Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խաղի մեջ մտնել ցանկացողներին բաժանվում են ականջակալներ

12.18.2017

Անսովոր ներկայացման ականատես ու մասնակից են դարձել Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի «Նովոսիբիրսկ գլավնի» («Նովոսիբիրսկ գլխավոր») երկաթուղային կայարանի ընդարձակ սպասասրահի ուղևորները: Այստեղ«Ծննդյան տոների» թատերական փառատոնի շրջանակներում ցուցադրվել է Բերթոլդ Բրեխթի «Փախստականների զրույցներ » ներկայացումը, որը ռուսական թատերական «Ոսկե դիմակ-2017» մրցույթի հաղթողի հավակնորդի իր կարգավիճակով ցուցադրվել է նաև երկրի տարբեր բնակավայրերում: Այդ մասին իր պաշտոնական ֆեյսբոքյան էջում տեղեկացնում է Նովոսիբիրսկի երիտասարդական ակադեմիական «Գլոբուս» թատրոնը:

Պետերբուրգյան այս բեմադրության վերնագիրը չվացուցակներ ընթերցող հաղորդավարուհին առօրյա ու սովորական միատոն ձայնով չի կարդում կայարանի սպասասրահի բարձր կամարների ներքո: Սա արդեն անսովորի հետ հանդիպելու առաջին լուրջ հայտանիշն է իրենց գնացքներին սպասող ուղևորների համար:

Անշուշտ անսովոր ներկայացման հանդիսատես դառնալու հնարավորությունից բոլոր ուղևորները չէ, որ օգտվում են: Շատերը, և հատկապես դասական ներկայացումների կողմնակիցները, հայտարարված մեկնարկից քիչ անց իրենց դուրս են տեսնում առաջարկվող բեմախաղից: Բայց իրենց գնացքին սպասող ուղևորներից շատերը հաճույքով են արձագանքում և մասնակցելու պատրաստակամություն ցուցաբերում:

«Ոչ մեկը չի պատրաստվում ուշադրություն գրավել ինչ-որ էֆեկտով կամ այլ բանով, ինչպես սովորական թատրոնում: Այստեղ գլխավորն այն է, թե դու ինչպիսի սրությամբ ես ընդունում այն, ինչը այս պահին կատարվում է քո շուրջը»,- մեկնաբանում է թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Կրիկլիվին:

Այս անսովոր ներկայացման մեջ մտնելու ազդանշանը տալիս է փոքրիկ կարմիր դրոշը ձեռքին սրահում շրջող դերասանը: Առաջին 20 րոպեների ընթացքում ներկայացման գլխավոր հերոսը տեսադաշտից դուրս է: Ներկայացման մեջ է դիտարկվում սրահում գտնվող ամեն ինչ ու ամեն ոք, նաև ուղևորները, տոմսարկղերի աշխատակիցները, բոլորը:

Խաղի մեջ մտնել ցանկացողներին բաժանվում են ականջակալներ: Նրանց հասանելի են դառնում երկխոսությունները: Տպավորությունն այնպիսին է, որ դու ականջ ես դնում, կամ դիտում վավերագրական ֆիլմ: Ով մասնակից չէ խաղին, նրան մնում է միայն ենթադրություններ անելը:

Ներկայացումը տևում է մոտ երկու ժամ: Դերասանները առանց ընդմիջման երկխոսում են: Երբեմն միմյանց հետ, երբեմն՝ հանդիսատեսի: Խաղի մեջ ներքաշվողներից ոմանք միանում են հիացմունքով, մյուսները բարկանում են:

«Փախստականների զրույցներ»-ը Բրեխթը գրել է 1942թ.-ին, 2-րդ համաշխարհային պատերազմի ամենածանր շրջանում: Այն հրատապ է նաև այսօր՝ զինված հակամարտություններ, կենցաղային դժվարություններ, երեխաների հիմնախնդիրներ դպրոցներում ...

Պատուհանից դուրս բնապատկերը փոխվում է: Սակայն ժամանակի գնացքի մեջ մարդը կարծես անփոփոխ է մնում: Մենք, պարզապես, տեխափոխվում ենք՝ մի կայարանից մյուսը:
    Դիտվել է 827 անգամ