Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դա չէր կարող հանդուրժելի փաստ համարվել

03.24.2018

Ռուսաստանի Մեծ թատրոնում «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության շրջանակներում Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնը ներկայացրել է Մեչիսլավ Վայնբերգի «Ուղևորուհին» օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»:

Մինչև վերջին ժամանակներս Վայնբերգի արվեստը հիմնականում հիշատակվել է մասնագիտական, բայց ոչ հանդիսատեսների լայն շրջանակներում: Բայց այսօր արդեն այդ յուրահատուկ կոմպոզիտորի ստեղծագործությունները մեկը մյուսի ետևից կատարվում են համերգային ու թատերական ամենատարբեր հարթակներում: Դա ցույց է տալիս, որ այսօր ընթանում է հանիրավի մոռացված այդ կոմպոզիտորի ստեղծագործությունների վերարժևորման բավականին լուրջ գործընթաց, որոնց մեջ առաջնային տեղերից մեկը պատկանում է «Ուղևորուհին» օպերային:

Այդ ստեղծագործության գաղափարը Վայնբերգին հուշել է Դմիտրի Շոստակովիչը՝ որպես գրական հիմք ունենալով լեհ գրող Զոֆյա Պոսմիշի՝ Օսվենցիմի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի մասին գիրքը:

1960թ.-ին, երբ Վայնբերգը այդ գրական հենքի վրա ստեղծած պարտիտուրը ցույց տվեց Շոստակովիչին, ապա դրան ծանոթանալուց հետո մեծ կոմպոզիտորը նրա աշխատանքը անվանեց «Գլուխգործոց»:

Ավելի քան կես դար պահանջվեց, որպեսզի «Ուղևորուհին» հասնի ռուսական բեմ:

Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնը այդ օպերան անհայտությունից դուրս քաշեց 2016թ.-ին: Հավաքվեց ինտերնացիոնալ ստեղծագործական խումբ: Իսկ մեկ տարի անց, արդեն, այն ներկայացվեց Մոսկվայի Նոր օպերա թատրոնում:
Օպերայի գործողությունները ծավալվում են 20-րդ դարի 60-ական թվականներին: Տրանսատլանտյան շքեղ նավով դիվանագետ Վալտերը և նրա կինը՝ Լիզան Գերմանիայից մեկնում են Բրազիլիա՝ ամուսնու նոր աշխատանքի վայր: Եվ հանկարծ նավի տախտակամածին կինը նկատում է իր հին ծանոթին Մարթային, որի մասին Լիզան ամուսնուն երբևէ ոչինչ չէր պատմել:

Պատերազմի ժամանակ Լիզան հսկիչ էր եղել Օսվենցիմի ճամբարում և դա ոչ մի կերպ չէր կարող հանդուրժելի փաստ համարվել նրա դիվանագետ ամուսնու համար...

«Մեչիսլավ Վայնբերգը շատ բաներով կանխորոշեց երաժշտական արվեստի զարգացման ապագա ճանապարհը», - նշել է հայտնի մշակութաբան Միխայիլ Շվիդկոյը:

Այս ներկայացումը «Ոսկե դիմակ» մրցանկի է հավակնում «Լավագույն օպերա», «Լավագույն դիրիժորական աշխատանք», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն կնոջ դերակատարում» անվնակարգերում:

Մեչիսլավ Վայնբերգը (1919-1996թթ.) համարվում է 20-րդ դարի խոշոր կոմպոզիտորներից մեկը: Նա 26 սիմֆոնիայի, 7 օերայի, 8 կոնցերտների, բազմաթիվ կամերային ստեղծագոծություների հեղինակ է: Նա նաև երաժշտություն է գրել թատերական ներկայացումների, կինոֆիլմերի ու մուլտֆիլմերի համար:

«Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության հաղթանակի հավակնորդ ներկայացումների ցուցադրության գործընթացը Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնակել է ընթացիկ տարվա փետրվարին և կշարւնկվի մինչև մայիս: Փառատոնի եզրափակումը և հանդիսավոր մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 15-ին՝ Ռուսաստանի Մեծ թատրոնում:
    Դիտվել է 979 անգամ