Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ո՞րն է ավելի կարևոր՝ տեքստը, թե՞ պատկերը

03.30.2018


Սանկտ-Պետերբուրգի Սերգեյ Կուրեխինի անվան ժամանակակից արվեստի կենտրոնում «Թատրոն post»-ը կրկին անդրադարձել է «Ես մասնակիորեն ազատ եմ» պիեսին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

Ռուսաստանի թատերական բարձրագույն՝ «Ոսկե դիմակ» ազգային մրցանակի դափնեկիր Վսեվոլոդ Լիսովսկու այս ներկայացումը նախ և առաջ յուրահատուկ է այն բանով, որ հեղինակը, ինչպես իր նախորդ թատերական նախագծերում, այստեղ նույնպես ուսումնասիրում է թատրոնի սահմանները և թատերայնության բնույթը: Այսինքն, զբաղվում է արվեստի մարդաբանությամբ:

Պիեսի հեղինակը բելոռուս դրամատուրգ Պավել Պրյաժկոն է: Նրա այս ստեղծագործությունը կազմված է 535 լուսանկարներից և նրանց համար արված 13 ստորագրություններից:

Այս անսովոր պիեսը դեռևս 2012թ.-ին «Թատրոն post»-ում արդեն մեկ անգամ բեմադրել էր ռուսաստանցի մեկ այլ հայտնի փորձարար ռեժիսոր՝ Դմիտրի Վոլկոստրելովը, որի արդյունքում այդ երկրում առաջին անգամ հռչակվեց նոնսփեքտակուլյար (Ոչ դիտարժան) թատրոնի մասին:

Վսեվոլոդ Լիսովսկին իր բեմադրությունը այնպես է կառուցել, որ ներկայացման լիիրավ մասնակիցներ են համարվում ոչ միայն «Թատրոն post»-ի դերասանները, այլև հանդիսատեսները:

Ըստ ռեժիսորի այս նոր նախագծում ներկայացման բոլոր մասնակիցները պետք է քննարկեն նախ և առաջ այն թեման, թե ո՞րն է ավելի կարևոր տեքստը, թե՞ պատկերը և այս հակադրության մեջ իրենք հակված են դեպի պատկերին առաջնություն տալու մտքին: Երկրորդ՝ կշարունակվի ջնջվել հանդիսատեսի և դերասանի միջև եղած սահմանը, որը բեմադրիչը կատարում է հատուկ մշակված մեխանիզմով և հանդիսատեսի առավելագույն ներգրավմամբ: Երրորդ, ինչպես որ ընդունված է, ներկայացումը բարդից կընթանա դեպի ավելի պարզը:

«Դանդաղ շարժվում ենք դեպի մեր երազանքը»,- իր ներկայացման մասին ասել է ռեժիսորը:
    Դիտվել է 872 անգամ