Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բանտախցում իր մահապատժին սպասող մատնիչը

04.04.2018

Մոսկվայի ռուսական երիտասարդական թատրոնն այսօր իր հանդիսատեսին կներկայացնի Մաքսիմ Գորկու համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Կարամորա» ներկայացումը: Բեմադրությունը նվիրված է գրողի ծննդյան 150-ամյակին: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռուսաստանցի հասարակ ժողովուրդը Կարամորա է անվանում արտաքնապես սարդի նման մոծակին: Այդ անունով հեղափոխական ընդհատակի ընկերները կանչում են ներկայացման հերոս Պյոտր Կարազինին, որը հին կուսակցական է, ապստամբության կազմակերպիչ:

Սակայն նրա շրջապատում որևէ մեկի մտքով չի անցնում, որ Կարամորան դավաճան է:

Գորկին այս հերոսի համար նախատիպ է ընտրել Ազեֆ անունով հայտնի բանսարկու-մատնիչին, որը գլխավորելիս է եղել սոցիալիստ հեղափոխական կուսակցության ահաբեկչական մարտական կազմակերպություններից մեկը, և, միաժամանակ, իր այդ կազմակերպության գործունեության մասին զեկուցումներ ներկայացրել ցարական ժանդարմերիային:

Բացահայտված և նեղ բանտախցում իր մահապատժին սպասող մատնիչը փնտրում է այն հարցի պատասխանը, թե ինչն է իրեն ստիպել լինել հեղափոխության հերոս և, միաժամանակ, ոստիկանական գործակալ:

Բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին մի առիթով ասել է. «Մարդը ոչ այն բանի հանրագումարն է, ինչին հավատում է, ինչով բավարարվում է և ոչ էլ սեփական համոզմունքների հանրագումարը: Մարդն իր արարքների հանրագումարն է»:

Ներկայացումը հանդիսատեսի մեջ հենց այդ հարցը բարձրացնելու խնդիրն է տեսնում: «Ով եմ ես: Այդ հարցը այսօր ավելի մեծ սրությամբ է դրված մեզնից յուրաքանչյուրի առջև»,- պրեմիերայից առաջ ասել է ներկայացման ռեժիսոր Ալեքսանդր Խուխլինը:
    Դիտվել է 856 անգամ