Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինժեներական կառուցվածքները, արտադրամասի սարքավորումները և կաքավող պարողները

06.09.2018


Շաբաթավերջի երկու օրերին, հունիսի 9-ին և 10-ին Ռուսաստանի Նիժեգորոդի մարզի Վիկսե քաղաքում կկայանա թվով 8-րդ «Արթ-Օվրագ» թատերական փառատոնը, որի գլխավոր թեման ունի «Օգտակար արվեստ» վերնագիրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Թատերական փառատոնի հետաքրքիր անակընկալներից մեկն այն է, որ ցուցատրվելիք «Կրքեր ըստ Մարտենի» ներկայացման մեջ հեղինակները որպես բեմական ձևավորման դեկորացիա ընտրել են մետաղաձուլական հսկայական մարտենյան վառարանով արտադրամասը:

Փառատոնի կազմակերպիչները խոսելով ներկայացման համար այսպիսի տարօրինակ դեկորացիա ընտրելու գաղափարի մասին, նշել են, որ «Կրքեր ըստ Մարտենի» ներկայացումը նվիրված է Ռուսաստանում գոյություն ունեցող մարտենյան արտադրամասերից մեկի փակմանը:

«Մենք ցանկանում ենք հանդիսավոր ձևով ճանապարհել ոչ թե պարզապես արտադրությունը, այլ արդյունաբերական դարաշրջանի ողջ փուլը: Մենք կարծում ենք, որ շատ հետաքրքիր կլինի միավորել իր ծանր արտադրությամբ և մասշտաբային ինժեներական լուծումներով հսկայական մարտենյան արտադրամասը՝ ոչ պակաս հսկայական ստեղծագործական նախագծի հետ, որտեղ արվեստի տարբեր ոլորտները կհամագործակցեն մեկը մյուսի հետ: Ընդ որում, դեկորացիա է հանդիսանում հենց արտադրամասը՝ իր մարտենյան վառարանով»,- ասել է միջոցառման կազմակերպիչներին սատարող հոգաբարձուական հիմնադրամի նախագահ Իրինա Սեդիխը:

Ըստ նրա, նախատեսվում է, որ հանդիսատեսները կշարժվեն արտադրամասի տարածքում, իսկ այնտեղ գտնվող սարքավորումները կկիրառվեն ներկայացման ընթացքում, մեխանիզմները կկենդանան իրենց համար նոր դերերի մեջ:

Սեդիխի ասելով ներկայացման մեջ զբաղված պարողների շարժումներն ինչ-որ ձևով կկրկնեն այս արտադրամասում երբեմնի աշխատող մարդկանց և մեխանիզմների շարժումները: Նա ընդգծել է, որ անսովոր ներկայացումը յուրահատուկ եղանակով համադրում է արտադրամասի ծանր ինժեներական կառուցվածքները, կաքավող պարողներին և այնտեղ եղած սարքավորումները, որոնք մեկ տարածության մեջ կներկայանան շատ գրավիչ և հետաքրքիր:

Ներկայացումը, որը բեմադրել է ռուսական ազգային բարձրագույն թատերական «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր, ռեժիսոր Աննա Աբալիխինան, կցուցադրվի ընդամենը 3 անգամ:: Թատրոնի վերածված արտադրամասում ամեն անգամ ներկա կլինի 200-ից ոչ ավելի հանդիսատես:

Կազմակերպիչները որոշել են այս ներկայացումը տեսագրել բոլոր նրանց համար, ում բախտ չի վիճակվի գտնվել իրական ցուցադրությանը, բայց կցանկանան այն դիտել այդ ձևաչափով:

    Դիտվել է 711 անգամ