Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանրահայտ բալետի ձևավորումը կատարվել է ըստ Մինաս Ավետիսյանի էսքիզների

07.23.2018

Հուլիսի 24֊ին Ռուսաստանի Մեծ թատրոնի Պատմական բեմում հանդես կգա Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի խումբը։ Հայ արտիստները այստեղ կներկայացնեն Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ։ Այդ մասին տղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս ցուցադրությունը նվիրված է հայ մեծ կոմպոզիտորի 115֊ամյակին։

Ներկայացման մեջ օգտագործված են հայ մեկ այլ հանճարի, մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի էսքիզների հիման վրա վերականգնված դեկորացիաները և հագուստները։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը կհնչեցնի Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը՝ Կոնստանտին Օրբելյանի և դիրիժոր Աթանես Արաքելյանի ղեկավարությամբ։

Վերջին անգամ Ռուսաստանի Մեծ թատրոնում Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը բեմադրվել է 1961թ․֊ին։

Նշենք որ, ընդհանրապես, Ռուսաստանում «Գայանե» բալետն առաջին անգամ բեմադրել է երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Պերմ տեղափոխված Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը՝ 1942թ․֊ին։

Երևանում այս բալետի առաջին բեմելը տեղի է ունեցել 1974թ․֊ին։
    Դիտվել է 944 անգամ